Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ժողովրդի համար ի՞նչ տարբերություն` նախագահակա՞ն է երկիրը, թե՞ պառլամենտական…»

Hayq-news
Մամուլի խոսնակ`
Hayq-news
02:39, հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2015 թ.
«Ժողովրդի համար ի՞նչ տարբերություն` նախագահակա՞ն է երկիրը, թե՞ պառլամենտական…»
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հարցազրույց «Հանուն Հայրենիքի» շարժման եւ «ՀԱՅՔ» արարչապետական երկրի համակարգող խորհրդի անդամ Արմեն Նալբանդյանի հետ
    
     http://www.asparez.am/news-hy/armen_nalbandyan-hy/
    
    

-Պարոն Նալբանդյան, ինչպե՞ս եք վերաբերվում սահմանադրական փոփոխությունների նախագծին:

-Շատ բացասական, քանզի ՀՀ նոր սահմանադրության նախագիծը ոչ միայն լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, այլեւ ազգային արժեհամակարգի եւ ինքնության խարխլման առումներով:
    

-Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով են իշխանությունները նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների գործըթնաց:

-Ըստ էության, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը պայմանավորվում է նրանով, որ երկրի հիմնական օրենքը չի համապատասխանում հասարակական կյանքի պայմանների փոփոխությանը, կամ հակառակը՝ հասարակական կյանքի պայմանների փոփոխությունը` երկրի հիմնական օրենքին։ Անկեղծ ասած` ինձ էլ է հետաքրքրում, թե ի՞նչ պատճառով են իշխանությունները նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների գործըթնացը, որից հետո պարզ կլինի նպատակը: Թեեւ…
    

-Ձեր դիտարկմամբ, ինչու՞ են մարդիկ այդքան պասիվ եւ անտարբեր վերաբերմունք ցուցաբերում այդ փոփոխությունների հանդեպ:

-Բնականաբար, անտեղյակությունը: Մեր քաղաքական կառույցները, որքան էլ «զարմանալի» է, հիմնականում անդրադարձան երկրի կառավարման մոդելին։ Ժողովրդի համար ի՞նչ տարբերություն` նախագահակա՞ն է երկիրը, թե՞ պառլամենտական…

Մարդկանց բավարար չափով չի լուսաբանվել այն թաքնված սպառնալիքները, որոնցով այս սահմանադրությամբ վտանգվում է հայ մարդու ինքնության, իր երեխայի դաստիարակության հարցն ու լուծվում է հայկական հողը խալխին հանձնելու խնդիրը։

Կարդում ենք «Երեխաների հետ կապված հիմնահարցերի կարգավորմանն ուղղված նոր սահմանադրության նախագծի` երեխաների իրավունքներին նվիրված 36-րդ հոդվածը: Սեւով սպիտակի վրա գրված է՝ «Երեխան իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը, որը երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան` հաշվի է առնվում նրան վերաբերող հարցերում»:

Սահմանադրության նախագծի ո՞ր հոդվածով, կամ ՀՀ ո՞ր օրենքով է սահմանված, թե երեխայի որ կարծիքն է համապատասխանում նրա որ տարիքին եւ հասունության մակարդակին։

Ստացվում է, որ եթե ծնողն արգելում է իր երեխային դիտել այլասերող բնույթի նյութեր, կամ արգելում է գնալ ստրիպ-ակումբ կամ երեխայի անվտանգության համար այլ արգելող գործողություններ է իրականացնում, ապա խախտվում է երեխայի իրավունքը եւ պետությունը պետք է խրախուսի եւ նպաստի երեխայի այդ կարծիքի լիարժեք արտահայտմանը՝ առանց երեխայի տարիքը հաշվի առնելու:

Բնականաբար, այս հոդվածի ներմուծումը կապված է յուվենալ արդարադատության օրենքի ընդունումն ապահովելու հետ: Երեխան իրավունք ունի կարծիք արտահայտել: Այսինքն` ստացվում է, որ 10, 12 տարեկան երեխան վատ միջավայր ընկնելուց հետո կարող է ասել, կարծիք արտահայտել, որ ինքն այդպես է որոշել, այդպես է կարծում, ու ծնողները պետք է հաշվի՞ առնեն այդ կարծիքը…

Իսկ ժողովուրդը տեղյա՞կ է արդյոք յուվենալ արդարադատության օրենքի մասին, խիստ կասկածելի է: Իսկ այն կարող է առիթ հանդիսանալ երեխաներին ընտանիքից հեռացնելու որոշմանը:

ՀՀ նոր սահմանադրության ընդունմամբ (հոդված 58, կետ 6-րդ) մեր արժեքային անվտանգությունն հարվածի տակ դնելուց բացի, վտանգվելու է նաեւ մեր տարածքային ամբողջականությունը: Այլեւս Հայաստանի հանրապետության հողի (իսկ հողը միայն հողը չէ, նաեւ ընդերքն է, այդ հողի վրա գտնվող ամեն ինչը) սեփականատեր կարող են հանդիսանալ նաեւ մեր պետության քաղաքացի չհանդիսացող անձինք, այսինքն` հողը կարող է օտարվել նաեւ օտարերկրացիներին:

Հիմա ասացեք, այսքանն իմանալուց հետո հայ մարդը կարո՞ղ է անտարբեր լինել սահմանադրական փոփոխությունների նկատմամբ:
    

Վերջում ցանկանում եմ երախտիքի խոսքեր ուղղել «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանին, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանին եւ այն հասարակական ուժերին, որոնց ջանքերի շնորհիվ այս նախագծի վերջնական տարբերակից դուրս մղվեցին մի շարք նմանատիպ սպառնալի հոդվածներ:
    

Հարցազրույցը՝ Անահիտ Սիմոնյանի


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5131 | 0 | 0
Facebook