Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայկական Հետքերը Ռումինական Ֆոկշան Եվ Ռոման Քաղաքներում

15:26, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2015 թ.
Հայկական Հետքերը Ռումինական Ֆոկշան Եվ Ռոման Քաղաքներում

Անին ու Անիի Մայր տաճարը ռումինահայ համայնքում սկսվում է Բուխարեստի հայոց Մայր եկեղեցուց և Դանուբ գետի ընթացքով շարունակվում մինչև Մոլդովայի և Ուկրաինայի սահմանները: Ռումինիայի հայոց թեմի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին Սփյուռքի հայկական եկեղեցիների շարքում ոչ միայն ամենամեծերից ու գեղեցիկներից է, այլև առանձնակի մի խորհուրդ ունի, որում խտացած ցոլանում են ռումինահայության ազգային-եկեղեցական ողջ ըմբռնումները: Այս եկեղեցին կառուցած ռումինացի ճարտարապետը եկել է Հայաստան և տեսել
     Ս. Էջմիածինն ու Անին և եկեղեցին այնպես է նախագծել և իրականացրել նրա կառուցումը, որ այն դրսից լիովին նման է Ս. Էջմիածնի Մայր տաճարին, իսկ ներսից՝ Անիի կաթողիկե Մայր եկեղեցուն: Անիի ու Ս. Էջմիածնի այս համաձուլվածքն է, որ ավելի քան վեց հարյուր տարի հային հայ պահեց Դանուբի հեռավոր այս ափերին: Ռումինահայ գաղութն, այսօր թվով անհամեմատ նվազած և մայրենի լեզուն ու նրա անիական խոսվածքը գրեթե կորցրած, բայց շարունակում է պահել իր ազգային ինքնությունը: Անհրաժեշտ է նշել, որ ռումինահայ գաղթավայրերի շարքում Բուխարեստը համեմատաբար նոր է և չի հիշվում անիական բնակավայրերի թվում: Ավելին, նա նաև չկա ռումինական, մոլդովական ու հայկական մատենագրությունում հայկական անվանվող յոթ քաղաքներիՙ Սուչավա, Յաշ, Բոտոշան, Ռոման, Գալաց, Հոտին և Վասլույ շարքում: Այս յոթ քաղաքներից բացի, էլի մի շարք քաղաքներ կան, որտեղ 17-19-րդ դարերում հայկական համայնքներ են եղել: Մենք նախորդ մեր հայկական հետքերը Ռումինիայում հոդվածի մեջ անդրադարձանք Բոտոշան եւ Յաշ քաղաքներին և անշուշտ հայ համայնքի ծագմանը այնտեղ և հարուստ ժառանգությանը: Այս անգամ հայկական հետքերը Ռումինիայում մեզ բերեցին Ֆոկշան: Այս փոքր քաղաքը մինչև 18-րդ դարի վերջերը սահմանակից է եղել Մոլդովական իշխանությանը ու Ռումինական պետությանը: Քաղաքով անցնող Միլքով գետը Ֆոկշանը բաժանել է երկու մասի: Մեկ մասից մյուսն անցնելու համար հարկավոր է եղել անձնագիր, ինչպես նաև երեկոյան ժամերին դադարեցվել է գետի վրայի կամրջով մի կողմից մյուսը անցնելը: Այս պատճառով երեկոյան ժամերգության գնացող հայերը չեն կարողացել ժամերգությունից հետո անցնել կամրջով և հասնել իրենց տները, որի համար կա՛մ պետք է երեկոյան ժամերգության չգնային և կա՛մ էլ գնալուց հետո տանը չգիշերեին: Հնարավոր այս երկու տարբերակների փոխարեն տեղի հայերն ընտրել են երրորդ տարբերակըէ՝ գետի մյուս ափին կառուցել երկրորդ եկեղեցին, որպեսզի առանց անձնագրային կարգը խախտելու կարողանան մասնակցել երեկոյան ժամերգությանը: 1830 թ. այստեղով անցած Մինաս Բժշկյանն իր Ուղեգրությունում գրում է, որ այդ ժամանակ քաղաքում 60 տուն հայ է ապրել, սակայն մի ժամանակ նրանք ավելի շատ են եղել: Գետի երկու ափերին ժամանակին տարածվել է հայկական թաղը: Միլքով գետի այստեղով անցնող հունը հիմա չորացել է, մեծ մասը մնացել է ասֆալտի ու տարբեր շինությունների տակ, սակայն գետի երբեմնի հունի երկու կողմերում արևի տակ փայլող երկու գմբեթներով ու խաչերով վեր են բարձրանում հայկական երկու եկեղեցիները, որոնցից առաջինըՙ Ս. Գևորգը կառուցվել է 1710-1715 թթ., իսկ երկրորդը՝ նվիրված Տիրամոր Վերափոխմանը՝ 1780-ական թվականներին: Ռումինիայում ևս, ըստ ընդունված կարգի, հայկական յուրաքանչյուր եկեղեցի ունի կից հովվատուն և տեղի ծխական խորհրդի սենյակը: Ֆոկշանի նվազած, բայց տակավին շարունակվող ծխական համայնքի խորհուրդը գտնվում է Տիրամոր Վերափոխմանը նվիրված եկեղեցու կողքին՝ ժամանակին գործած հայկական դպրոցի արական մասնաշենքում, իսկ դիմացն աղջիկների մասնաշենքն է: Եկեղեցու բակը մտնելով, արդեն փոխադրվում ես 18-19-րդ դարերը և տապանաքարերը քեզ են փոխանցում մի ժամանակ այստեղ եղած հայկական կյանքի արդեն լռած, բայց և չմարած արձագանքները:
     ՌՈՄԱՆ - Ֆոկշանից ճանապարհը տանում է Ռոման քաղաքը, որի հայ համայնքի և եկեղեցու մասին դեռեւս 1551 թ. ներքո Մինաս Թոխատեցին գրում էր. «Քաղաք մի կայր Ուռոմանի, Ինքն փոքրիկ, բարով ի լի, Շատ հայ ազգի կայր ի յայն տեղի, Խիստ տոլվաթվորք եւ անուանի»: Հին եկեղեցու տեղում 1609 թ. կառուցվում է նոր եկեղեցի, իսկ այժմյան եկեղեցին էլ իրենում ներառելով նախորդի ձևերը, կառուցվել է 1864 թ.: Եկեղեցուն կից վեր է բարձրանում հայկական դպրոցի եռահարկ շենքը, կառուցված 19-րդ դարի եվրոպական դասական ճարտարապետության ոճով: Քայլելով այս դպրոցի պատերի երկայնքով, այն զգացողությունն ես ունենում, թե քայլում ես երբեմնի Աստաֆյան՝ այժմյան Աբովյան փողոցով, ուր դեռևս պահպանվել են հին Երեւանի՝ այս ոճով կառուցված շենքերից մի քանիսը: Ինչպես ռումինական մի շարք քաղաքներում, այնպես էլ Ռոմանում, տեղի հայկական համայնքի մարման պատճառով եկեղեցին նախորդ տասնամյակում որոշակի ժամանակով ի պահ է տրվել Ռումին Ուղղափառ եկեղեցուն: Պետք է նշենք և գնահատենք, որ Ռումին եկեղեցու քահանան, ով սպասավորում է մեր եկեղեցում գավիթում հավաքել և եկեղեցու որմերի մեջ ագուցել շրջակայքի հին հայկական տապանաքարերը փրկելով դրանք այսօրվա քաղաքաշինության եւ ժամանակի մաշիչ ընթացքի ստույգ կորստից: Շատ ցավալի է, որ այսօր շատ քիչ հայեր են ապրում Ռումինիայում: Նրանք դարերով կերտել են այս երկրում մեր պատմությունը և վերջին տասնամյակներին մարդկային լռության միջից այստեղ քարերն են հայաբարբառ աղաղակում, երբ մեր աչքերը հանդիպում են նրանց հայկական արձանագրություններին:
    
    

Սիրով՝ Տ. Հեթում քահանա Թարվերդյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6014 | 0 | 0
Facebook