Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳՅՈՒՄՐՎԱ ՕՐԸ ՏԱՔ ԷՐ ՈՒ ԱՆԿԵՂԾ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
18:07, երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2015 թ.
ԳՅՈՒՄՐՎԱ ՕՐԸ ՏԱՔ ԷՐ ՈՒ ԱՆԿԵՂԾ

Մանր ու միջին տրամաչափի, չկայացած կամ կիսակայացած երգիչների, լրագրողների, շոուբիզնեսի, նաև որոշ չկայացած քաղաքական գործիչների (իմա պատգամավորների) ներանձնական վիրավորվածությունը և քստմնելի նախանձը քաղաքի օրվա վերաբերյալ վերջիններիս օգտին չի խոսում: Չի խոսում մի պարզ պատճառով, որ ցանկացած մեկը, ով իրեն համարում է մեր քաղաքի նախանձախնդիրը և տերը՝ չէր սպասելու հրավերի, ոչ էլ հատուկ աթոռի՝ որի վրա գրված կլիներ «պարոն այսինչ այսինչյան» ...:

Համերգի մասնակիցները ի տարբերություն այլ մշակութային միջոցառումների հիմնականում ծնունդով Գյումրեցիներ էին, որը հրաշալի էր:

Համլետ Գևորգյանի, Մրոյի սրտառուչ ու անմիջական ելույթները դժվար թե լավ վարձատրվելու արդյունք էին, իսկ ժամանակին նույն հարգարժան Գագիկ Մկոյանի ստավկաների մասին բոլորը գիտեին: Մկրտիչ Մանուկյանը, ում անձամբ ճանաչում եմ և ով մասշտաբային համերգներ կազմակերպելու փորձ չունի, իրեն չպետք է իրավունք վերապահեր օգտագործելու «անճաշակ ու սխալ կազմակերպված» բառերը, ավելին եթե ինքը իրեն համարում է պրոֆեսիոնալ և քաղաքի նվիրյալ և եթե միջոցառման ժամանակ կար ձայնի և հնչողության հետ կապված տեխնիկական թերացում, թող ինքը մոտենար և ինչով կարող էր այդ պահին օգտակար լիներ:

Քննադատելը հեշտ է, բայց երբ գործը հասնում է ծրագիրը իրականացնելուն՝ արժող չարժող, արհեստավարժ և ոչ արհեստավարժ սկսում են մեն մի թեմայից՝ փողից...:

Ամոթ է Aravot.am-ին, ով իրեն իրավունք է վերապահում հաշվել Մաշա Մնջոյանի, կամ մյուս երգիչ երգչուհիների աշխատած գումարները: Ո՞վ է խնդրել Մկրտիչ Մանուկյանին ստանձնելու համերգի մասնակիցների ֆինանսական մենեջերի դերը համերգից հետո:

Կարևորը՝ օրը իր ամբողջության մեջ արդար էր, ջերմ ու անմիջական. ավելին՝ քաղաքը հավուր պատշաճի պատվեց այնպիսի երախտավորների, ինչպիսիք են՝ դաշնության խորհրդի անդամ, Արկտիկայի ուսումնասիրություններով հայտնի Արթուր Չիլինգարովը, հայ ռազմական դիվանագետ, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիմնադիր-պետ Հայկ Քոթանջյանը, Գյումրեցիներին շատ հարազատ վաստակավոր բժիշկ Ֆելիքս Գրիգորյանը, տաղանդավոր քանդակագործ Զավեն Կոշտոյանը:

Չեմ կարծում թե Լևոն Մութաֆյանը և իր գիրքը այնքան արժի, որ 150 հոգիանոց թատրոնի կոլեկտիվը վիրավորվի սույն գրքի շնորհանդեսին չմասնակցելու համար: Ցանկության դեպքում հրավերքը էական չի, կարևորը ժողովրդականություն վայելելը կամ չվայելելն է: Ցավոք Լևոն Մութաֆյանը Գյումրիում սեր ու հարգանք վայելողի համարում այնքան էլ չունի և եթե Տիգրան Վիրաբյանը գտնում է, որ «թատրոնական միջավայրում» պետք է մեծարել Լևոն Մութաֆյանին, թող մեծարի:

Ինչևէ aravot.am-ի միջոցով (Ասեմ՝ Նունե Արևշատյանը վատ արջի ծառայություն է մատուցում) քաղաքին պատիվ չբերող բամբասանքների հեղինակներին մեծահոգաբար առաջարկում եմ մինչև հոխորտալը ուսումնասիրեն կամ գոնե գիտակներից հարցնեն, թե ի՞նչ է ժողովրդական, քաղաքային միջոցառումը. դա որևէ ձևաչափի չենթարկվող, ինքնաբուխ, ոչ ակադեմիական երևույթ է և որի ընթացքը թելադրում է ինքը ժողովուրդը և գնահատականն էլ տալիս է ժողովուրդը:

Իսկ ժողովրդի տրամադրությունը այդ օրը գերազանց էր:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4666 | 0 | 0
Facebook