Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտելիքի օրվան ընդառաջ....

Սեփ.լրատու
Մամուլի խոսնակ`
Սեփ.լրատու
16:12, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Գիտելիքի օրվան ընդառաջ....

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի, «World Vision Վարդենիսի Տարածքային Զարգացման Ծրագիր միջազգային բարեգործական կազմակերպության» ղեկավար Զորիկ Կարապետյանի համատեղ ջանքերի շնորհիվ գիտելիքի օրվան ընդառաջ կազմակերպվեցին գիտաճանաչողական այցեր Գեղարքունիքի մարզի երեխաների համար:

Այցելությունները նպատակ ունեին կարևորել մարզերի երեխաների ոչ ֆորմալ կրթության իրավունքն ու ներգրավվածությունը թանգարանային միջավայրում, ինչպես նաև երիտասարդների և դպրոցականների մեջ բնության պահպանության և այն ապագա սերունդներին փոխանցելու միտքը սերմանելն էր:

Թանգարանը ամառային արձակուրդի ամիսներին հասցրեց հյուրընկալել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Արփունք, Ավազան, Սոթք, Կարճաղբյուր, Շատջրեք, Շատվան, Ճամբարակ, Գավառ, Ծովակ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Գեղամասար, Ակունք, Արեգունի և այլ գյուղերի Ադրբեջանից գաղթած ծնողազուրկ, անապահով ընտանիքների թվով 70 երեխայի:

Այցելությունների ընթացքում թանգարանում ներկայացվում էր Հայաստանի հարուստ ու բազմազան օգտակար հանածոները, երբեմնի և այժմյան հարուստ կենսաբազմազանությունը, հանքավայրերը, բարձրացվում նրանց արդյունավետ, խնայողաբար օգտագործման հարցերը, կարևորվում շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը:

«Քարերի զարմանահրաշ աշխարհը», «Փղերը Հայկական լեռնաշխարհում», «Ինչ են պատմում հրաբուխները...» ` ահա այն գիտելիքները, որոնք փոխանցեց Երկրաբանական թանգարանը իր փոքրիկ այցելուներին:

Էքսկուրսիաներն անցնում էին անչափ հետաքրքիր և բազմաբովանդակ: Դրանք ավելի պատկերավոր ու լիարժեք դարձնելու համար երեխաների համար ցուցադրվում էին ուսուցողական ֆիլմեր՝ Սևան ազգային պարկի, բնության երկրաբանական հուշարձանների մասին, լինում էին բուռն քննարկումներ ստացած գիտելիքների և տպավորությունների վերաբերյալ:

Երեխաները մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ լսում էին «Լիճք», «Սևան» հանքային ջրերի, Մարտունի, Զոլաքար, Ծովինար բնակավայրերի տորֆի հանքավայրերի և նրանց բուժիչ հատկությունների, Գեղարքունիքի մարզի երկրաբանական ծագման հուշարձանների մասին:

Կարևորելով Սևան ազգային պարկի և նրա պահպանական գոտու լանդշաֆտների, բնական և մշակութային ժառանգության առանձնահատկությունները՝ խոսվեց նաև Սևանա լճի կարևորության ու պահպանության մասին՝ որպես Հարավային Կովկասի խոշորագույն բարձրադիր քաղցրահամ լիճ:

Հաստատված բարեկամության և փոխադարձ համագործակցության շրջանակներում հաջորդ այցելությունը կլինի Երկրաբանական թանգարանի կողմից՝ շրջիկ ցուցադրություններով, բնության գրկում բնության երկրաբանական հուշարձաններին ծանոթացնելով, գործնական աշխատանքներով, ամփոփիչ խաղերով և այլն:

Ուսումնաճանաչողական այս էքսկուրսիաների հովանավորն էր World Vision միջազգային բարեգործական կազմակերպությունը:
    
     Երկրաբանական թանգարանի տնօրինություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3326 | 0 | 0
Facebook