Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էլիֆ Շաֆակ «Ստամբուլի ընկեցիկը»

Սուսաննա
Հեղինակ`
Սուսաննա
23:57, երկուշաբթի, 10 օգոստոսի, 2015 թ.
Էլիֆ Շաֆակ «Ստամբուլի ընկեցիկը»

Ստամբուլի ընկեցիկը թուրք հանրաճանաչ վիպագիր Էլիֆ Շաֆակի վեցերորդ գիրքն է: Վեպը գրվել է 2006 թվականին և հեղինակին կանգնեցրել դատարանի առաջ, 301-րդ հոդվածի համաձայն՝ թուրք ժողովրդին վիրավորելու համար: Շաֆակն, ինքնապաշտպանության անցնելով, ասել է՝ «Եթե վեպում գողի կերպար կա, ապա դա չի նշանակում, որ գրողն ինքը գող է»: Հետաքրքիր է նաև, որ Թուրքիայում Օհան Փամուկի «Ձյուն» -ից հետո Հայոց ցեղասպանության թեմային համարձակություն է ունեցել անդրադառնալ մի երիտասարդ կին գրող ևս:

Կան գրքեր, որոնք կարծես հայտնվում են ժամանակի պահանջով: Նրանց ներկայությունը անհրաժեշտ է թվում, որովհետև իրենց հետ բերում են նոր գաղափարներ, ստիպում են մտածել նորովի, նայել հարցին օտարի աչքերով: Դրանք գրված չեն ժամանցի համար, այլ ունեն առաքելություն: Այդպիսին է նաև «Ստամբուլի ընկեցիկը» վեպը:

Գիրքը բնագրից անգլերենից թարգմանել և հայ ընթերցողի դատին է հանձնել գրաքննադատ, հրապարակագիր Մարո Մադոյան-Ալաջաջյանը: Թարգմանությունը կատարված է բնագրի ոճին հավատարիմ և միաժամանակ հայերենի հարուստ և գրավիչ բառապաշարով: Իր ամբողջության մեջ վեպն, անշուշտ, այլաբանական է. այլապես այդ սյուժեն, որը հայ և թուրք երկու ընտանիքների փոխշաղկապված կենսագրության պատմությունն է, կլիներ չափազանց պարզունակ մի շարադրանք: Ինչի՞ մասին է վեպը: Այն ցեղասպանության մասին չէ, երկու ընտանիքների պատմություն չէ, այլ այդ երկու ընտանիքների փոխշաղկապված պատմության միջոցով թուրք ժողովրդի պատմությունն է և այդ պատմությունից եկող ժառանգական մեղքի ծանրության և դրանից ազատվելու միջոցի կամ ուղու մասին է: Ինչպես գիտենք, թուրքերը չունեն էպոս, այսինքն` չունեն իրենց պատմության գեղարվեստական մեկնաբանությունը: Այս պատումը փոխաբերական իմաստների, այլաբանական պատկերների և հավաքական կերպարների միջոցով, կարծես, փորձ է անում լրացնել թուրք ժողովրդի բանահյուսության բացերը: Գրքում, իհարկե, կարմիր թելով անցնում է հայկական ցեղասպանության թեման, ավելին` վեպի բովանդակության առանցքը ցեղասպանությունն է, որն արտահայտված է պատվազրկության գաղափարի միջոցով, սակայն հեղինակն այդ ամենը ծառայեցնում է որպես լակմուսի թուղթ` Թուրքիայի էությունը ցույց տալու համար: Գիրքն ազդեցիկ է այլաբանական պատկերներով. պատվազրկության նկարագրության պատկերը խորհրդանշում է Եղեռնը, այդ պահին երկնքում սավառնող ինքնաթիռը՝ Կոդակ փայլատակող ազդագրով` այդ մեծ ողբերգության հանդեպ հանդիսատես ու ականատես անարդար-անտարբեր աշխարհը: «Ստամբուլի ընկեցիկը» վեպը էպիկական ընդգրկում ունի և թուրք ժողովրդի հավաքական ու այլաբանական պատմությունն է և ոչ թե Եղեռնի մասին է կամ երկու` թուրք ու հայ ընտանիքների պատմություն պատվազրկության և դրանից ծնված ընկեցիկի գաղափարը զարգացնելով` Շաֆակը բարձրացնում է սեփական երկրում օտար լինելու, այդ երկրի օրինական ժառանգորդը չլինելու և նաև մեղքի ու մեղքի թողության հնարավորության և կամ անհնարինության հարցը: Նա բարձրացնում է էթնիկ մեղքի խնդիրը և փորձում է լուծում առաջարկել` չափազանց դաժան և համարձակ լուծում, որն է ինքնասպանություն: Ինքնասպանություն սիրելի նախուտեստի՝ աշուրեի, իսկ հայկական խոհանոցում՝ անուշապուրի միջոցով: Պատահական չէ նաև, որ գրքի գլուխներից յուրաքանչյուրը կոչվում է աշուրեի որևէ բաղադրիչի անունով՝ դարչին, վանիլ, նուշ, նռան հատիկներ…, իսկ վերջին գլուխը՝ կալիումի ցիանիդ, որն, ըստ էության թուրմն է:

Վեպի գործողությունները տեղի են ունենում երկու ընտանիքներում: Առաջինը ամերիկահայ Չամաքչյանների ընտանիքն է։ Կրտսեր Չամաքչյանի՝ Արմանուշի մայրը ամուսնուց բաժանվել և ամուսնացել է ազգությամբ թուրք Մուստաֆայի հետ, ով, աններելի հանցանք գործելով քրոջ՝ Զելիհայի հանդեպ, փախչում է Ամերիկա՝ ցանկանալով մոռացության մատնել անցյալը և դատապարտել իրեն հարկադրական ամնեզիայի: Նա Թրադիտոյի տաճարի քարե պատի արանքը մի թուղթ էր խցկել. «Ներիր ինձ, եթե ես գոյություն ունենամ, անցյալը պետք է ջնջվի…» ։ Իսկ անցյալը նրան հիշեցնելու եկավ իր խորթ հայ աղջիկը՝ այսօրվա երտասարդի հավաքական կերպար Արմանուշը: Գիրքը չի կոչվում ոչ թե «Ընկեցիկը», այլ` «Ստամբուլի ընկեցիկը»: Իսկ ուղղակի իմաստով ապօրինի զավակ կարող է ունենալ կինը և ոչ թե քաղաքը: Քաղաքը կարող է ունենալ ընկեցիկ միայն փոխաբերական իմաստով: Փաստորեն, պատվազրկությունից ծնված Ասյան, ով թուրք այսօրվա սերնդի հավաքական կերպարն է, ընկեցիկ է իր երկրում: «Ասյան հասկացավ, որ ինքն այնքան է պատկանում Ստամբուլին, որքան քաղաքում փակցված այն ցուցանակը, որի վրա գրված է «Ճանապարհը կառուցման աշխատանքների մեջ է», կամ «Շենքը վերականգնողական աշխատանքների մեջ է» ։ Ինքն այնքան է պատկանում Ստամբուլին, որքան այն մառախուղը, որը պատում է քաղաքը մռայլ գիշերներին, իսկ արշալույսը բացվելուն պես ցրվում է: » Լևենտ Քազանջը` վեպի թուրք ընտանիքի հայրը, ով նկարագրված է որպես իր հարազատների նկատմամբ անգութ և անսեր մի մարդ, ով տանը բռնակալ է, իսկ դրսում կարողանում է երևալ հուսալի, նրբանկատ և արդարամիտ, ներկայացնում է թուրքի ինքնությունը և թուրքական կառավարության երկերեսանի քաղաքականությունը: Պատահական չէ նաև, որ նա խառնածին զավակ է: Մայրը հայ է` Եղեռնից փրկված մի աղջիկ, ով սակայն հետագայում հրաժարվում է ամուսնուց և թուրք որդուց` Լևենտից, ու մեկնում է ԱՄՆ, որտեղ իր ընտանիքն է ստեղծում` հայի ընտանիք: Գրողը առանձնահատուկ ակնածանքով ու հարգանքով է նկարագրում հայ ընտանիքի բարքերը: Իսկական հայուհու կերպար է Արմանուշը, ով անհագորեն կարդում էր գրքեր, գիտեր իր պատմությունը և համացանցում ուներ սփյուռքահայ ընկերներ, որոնք մշտապես խոսում են հայի էության, հայապահպանության մասին, և հենց ինքն իրեն ավելի շատ հայ զգալու ձգտումն էլ դրդեց Արմանուշին մեկնել Թիֆլիս՝ գտնելու Շուշան մեծ մայրիկի տունը, տեսնելու իրական Թուրքիան, ծանոթանալու թուրքերի առաջարկած ցեղասպանության պատմությանը:

Վեպում Չաքմաքչյանները ազնվական նկարագիր ունեն: Նույնիսկ բնավորության թերություններրը հեղինակը ներկայացրել է որպես առավելություն: Մի պահ թվում է՝ հեղինակը հայ է ու զարմանալի է, թե ինչպես մանկությունից այդ ամենի մեջ չապրած կին գրողը կարող է այդքան դիպուկ նկարագրել հայի կենցաղն ու ապրելակերպը: Մի տեղ, սակայն, թերացել է Շաֆակը. Արմանուշի հորաքույրերը նախատում էին նրան շատ կարդալու համար, հեղինակը մեկնաբանում է ՝ քանի որ 1915 թվին առաջին հերթին հայ մտավորականներից ազատվեցին, հետևաբար նրանք վախենում են, որ իրենց եղբոր տղան շատ խելացի կլինի, կփայլի ու հարվածի տակ կլինի: Այս ամենը մի քիչ ոչ հայկական է հնչում: Չամաքչյանների հակադրությունն է թուրք Քազանջի ընտանիքը, որին Շաֆաքը թեև նկարագրում է սիրով և ջերմությամբ, սակայն ցույց է տալիս, որ հասարակ վարքուբարքի ընտանիք է, սակայն դա չէ էականը, այլ այն, որ այդ ընտանիքի բոլոր տղամարդիկ մահանում են հանկարծակի և երիտասարդ տարիքում, որովհետև անիծված են: Միակ տղամարդը, որ վեպում դեռևս կա` Մուսթաֆան, այդ ընկեցիկի հայրը և միաժամանակ քեռին, այլևս երեխաներ չի ունենում, որովհետև «իր սրտի խորքում համոզված էր, թե ինքն արժանի չէ երեխաներ ունենալու»: Քազանջի ընտանիքի անդամները ծայրաստիճան տարբեր մարդիկ են: Այնտեղ բացառապես կանայք են ապրում, մեկը ֆունդամենտալ մուսուլման է, մյուսը ժամանակակից հայացքների տեր, կարճափեշ, բարձրակրունկ հագնող ու աշխարհի հանդեպ զայրույթը փարատելու համար սեփական ձեռքերով քթին օղ դակած Զելիհան: Նա այս ընտանիքը համեմատում է Թուրքիայի հետ, իսկ այնտեղ ապրողներին՝ Թուրքիայի բնակիչների. այնքան տարբեր դավանանքի, ֆեմինիզմով տառապող կանանց կտրուկ ազատամտությունն ու երկրի նահապետական բարքերը կրող կանանց կերպարներ: Վեպում գրեթե բոլոր հերոսները կանայք են, քանի որ, ըստ հեղինակի, ժառանգության պահպանման գործում կանայք ամենամեծ դերն ունեն: Հեղինակի դիտարկումով՝ անկախ նրանից, թե որքան տարբեր ենք մենք, պետք է կարողանանք միասին ապրել և սիրել իրար՝ ցույց տալով նաև այն մեծ սերը, որը կա այդ ընտանիքում:

Ցեղասպանությանը նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով էլ են բոլոր թուրք հերոսները տարբեր: Կունդերա սրճարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ, հակառակվելով Ասյային, ոչ թե նացիոնալիստ, այլ՝ ուլտրանացիոնալիստ սցենարներ գրողը պնդում է, որ ինքը պատմությունը ուսումնասիրել է.այն ժամանակ պատերազմ է եղել, երկու կողմերից էլ զոհեր եղել են: Մյուս կողմից, թուրք մայր ու աղջիկ փրկում են Շուշանին՝ Արմանուշի մեծ տատիկին, թաքցնում նրան: Հետո էլ մի ուրիշ թուրք Շուշանին վերցնում է որբանոցից, ամուսնանում հետը: Իսկ ոմանք էլ ամերիկահայ աղջկա ընտանիքի տխուր պատմությունը լսեցուց հետո միամտաբար հարցնում են՝ իսկ ովքե՞ր են եղել այդ եղեռնագործները: Ժամանակակից հայի և ժամանակակից թուրքի՝ վեպի երկու հերոսուհիների մտերմությունն ու միմյանց բացահայտումը հուսադրող է: Մարդիկ պատրաստ են միմյանց ձեռք մեկնելու. ընդունում են այն, ինչ փաստարկված է, բայց դա չի խանգարում ապրելուն ու միմյանցով հետաքրքրվելուն: Շաֆակի վեպը քաղաքական չէ, ոչ էլ բարոյախրատական քարոզ, այն գեղարվեստական արժեք ներկայացնող ստեղծագործություն է՝ համոզիչ ու զարգացող կերպարներով, հետաքրքիր կառուցվածքով, տեղ-տեղ ձանձրալի ու երկարաձգված, բայց մեծ մասով հետաքրքիր խոսքով՝ հագեցած պատումի անկեղծությամբ: Հերոսները փորձում են գտնել իրենք իրենց ու այդ ընթացքում հնարավորինս անկեղծ են հեղինակի և ընթերցողի հետ: Սիմվոլիստական հետաքրքիր ու փոխկապակցված վերնագրերով, որոնք այնքան բնութագրական են վեպի կին հերոսուհիների կենցաղի՝ անցյալի կամ ներկայի համար, որոնց բույրերը տանում են դեպի պատմություն ու նոր մշակույթ. բույրեր, որոնք արմատներում են: Վեպում արծարծվում են թեմաներ, որոնք ունեն համամարդկային հնչեղություն. այստեղ անընդհատ ընթանում է ավանդականի ու ժամանակակիցի պայքար. Այս պայքարի խորհրդանիշը՝ Քազաջի ընտանիքի պատմության ազգայնամոլ ուսուցչուհու քույրն ու նրա աղջիկը ծխում էին ծխնելույզի նման։ Ասյան չէր վարանում բալետի դասերին հաճախելու փոխարեն տրվել մարմնական վայելքներին ու խմիչքին: Իսկ Արմանուշը եկել էր իր մեծ մայրիկի տունը գտնելու, որի փոխարեն գտավ միայն նորակառույց ու ճոխ ռեստորան։ Հայերի հիշողությունների այդ տներն են վերածվել խրախճանքի վայրերի… Առանցքային հարցերից է տղամարդու ու կնոջ իրավահավասարության հարցը, թե ինչպես էր Քազաջիների ընտանիքը սպասում արու զավակի ծնունդին, ու ամեն անգամ ևս մի աղջկա ծնվելը իսկական դժբախտություն էր ընտանիքի համար: Եվ թե ինչպես հետագայում՝ հոր մահից հետո, ցանկանալով վերցնել հոր կերպարը, Մուստաֆան պատվազրկեց սեփական քրոջը: Իսկ քույրը բռնակալ, անսիրտ ու երկերեսանի հորից ազատվելու բերկրանքն էր ցանկանում միայն վայեյել, նա փնտրում էր ազատություն, անկախություն և պատվազրկվեց սեփական տան մեջ, սեփական սենյակում… սակայն ընտանիքի անդամներից ոչ ոք չիմացավ այդ մասին… Բազմաթիվ հայուհիների են պատվազրկել եղեռնի ժամանակ, բայց աշխարհը լուռ էր… Խոսելով իր «Ստամբուլի ընկեցիկը» վեպի մասին՝ թուրք գրող էլիֆ Շաֆակը հարցազրույցներից մեկում ասել է, որ Թուրքիան տառապում է հիշողության կորստով. «Ուզում եմ, որ թուրքերը կարողանան հիշել, իսկ հայերը` մոռանալ»: Իսկ գրքում Ասյան ասում է.

«Ցեղասպանությունը շատ ծանր արտահայտություն է: Այն ենթադրում է սիստեմատիկ բնաջնջում, երբ առաջնորդվում են նաև փիլիսոփայության հատուկ տեսությամբ: Անկեղծորեն, ես վստահ չեմ, որ այդ ժամանակ Օսմանյան պետությունը նման էություն ուներ: Սակայն ես ընդունում եմ, որ հայերի հանդեպ անարդարություն է իրականացվել: Ես պատմաբան չեմ, իմ տեղեկությունները սահմանափակ են ու կեղծված, արատավորված, սակայն, ձերն էլ է այդպես: Ինձ ասեք, որպես մի սովորական թուրք՝ ես ի՞նչ կարող եմ անել այսօր, այս ժամանակներում որպեսզի ձեր ցավը թեթևացնեմ: …. Ես դա կարող եմ անել… և ես ներողություն եմ խնդրում բոլոր այն տառապանքների համար, որ իմ նախնիները պատճառել են ձեր նախնիներին»:

Ապագան Ասյայինն է, Արմանուշինը, իմը, իմ եղբորն ու յուրաքանչյուր հայ երիտասարդինը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5772 | 0 | 0
Facebook