Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

15-ամյա հանդբոլիստի սպանության համար մեղադրվողը պնդում է փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի կողմից ծեծի ենթարկվելու փաստը

11:21, հինգշաբթի, 25 հունիսի, 2015 թ.
15-ամյա հանդբոլիստի սպանության համար մեղադրվողը պնդում է փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի կողմից ծեծի ենթարկվելու փաստը

Վանաձորում ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարին մասնակցող երևանցի Դավիթ Հովակիմյանի դանակահարության և սպանության համար մեղադրվող Կարեն Կունգուրցևի՝ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) տված հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ Քր. օր.-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ բռնության գործադրմամբ:

ՀՔԾ-ում Կունգուրցևը ցուցմունք է տվել այն մասին, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներն սպանություն կատարելու կասկածանքով իրեն ձեռնաղթաներով բերման են ենթարկել Տարոնի ոստիկանության բաժին, որտեղ Լոռու մարզային վարչության նախկին պետ, ներկայիս փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը և քննչական բաժնի պետի տեղակալ Արման Գալստյանը առանձին աշխատասենյակում ծեծի են ենթարկել իրեն, բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին և ստիպել ընդունել մեղքը: Երբ ինքը հրաժարվել է ու հայտնել, որ կատարված հանցագործության հետ որևէ առնչություն չունի, Անուբաղ Համբարյանն ստիպել է ստորագրել դատարկ ձևաթղթերի տակ, սակայն դրանից ինքը ևս հրաժարվել է: Այնուհետև դատավարական կարգի խախտմամբ իրեն ձեռնաշղթաներով ճանաչման են ներկայացրել, որի ժամանակ ձեռնաշղթաները տեսնելով՝ գործով վկան մատնացույց է արել հենց իրեն: Դրանից հետո Կունգուրցևը ձերբակալվել է և կալանավորվել: Իր ցուցմունքում վերջինս նշել է նաև, որ, ըստ Վանաձորում տարածված խոսակցությունների, հանցագործություն կատարողները Լոռու մարզի ԱԱԾ աշխատակից Արտակ Բաղդասարյանի որդիներն են, սակայն նրանց քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով հանցանքի կատարումը մեղսագրում են իրեն:

Քրգործի այս մասով ՀՔԾ-ն կարճման որոշում է կայացրել՝ հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքերով՝ պատճառաբանելով, թե գործով հնարավոր չի եղել ապացուցել Համբարյանի և Գալստյանի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները: Մինչդեռ Կունգուրցևը դատարանում էլ շարունակեց պնդել նրանց կողմից հանցագործության կատարման փաստը:

«Նախկին վարչության պետ Անուբաղ Համբարյանը, քննչականի պետի տեղակալ Արման Գալստյանը, Արա Կարապետյանը, Թաթուլ անունով էլի ինչ-որ մեկն էլ ա եղել, շատ մարդիկ. ինձ ստիպել են, որ ես դատարակ թղթերի տակ ստորագրեմ, ծեծել են: Թուղթը դրել ա դեմս, ասել ա՝ ստորագրի, չեմ ստորագրել, խփել ա, ասել ա՝ ստորագրի, չեմ սոտրագրել, էլի խփել ա: Ուզեցել են սարքեն, որ ստորագրեմ թղթի տակ, չեմ ստորագրել: Ավելի լավ էր ինձ սպանեին ընդեղ, քան թե չիմանալով ինչ թղթի տակ եմ ստորագրում, ստորագրեի: Ու ի՞նչն ա շահը իրանց եղել, ո՞վ կարա ասի: Ես հանցագործ չեմ, էդ երեխային ես ոչ դանակով խփել եմ, ոչ կռվին ներկա եմ եղել, ոչ էլ ես կոնկրետ տեսել եմ՝ ով ա խփել», -դատարանում ասաց Կարեն Կունգուրցևը:

Վերը նշված գործի նախաքննության ընթացքում ՀՔԾ-ում ձեռք բերված ապացույցներով հարուցվել և առանձին վարույթում առանձնացվել է մեկ այլ քրգործ՝ Քր. օր.-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, համաձայն որի՝ դեպքից հետո ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի պաշտոնատար անձը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, բաժին հրավիրված երկու վկաներին նախապես ցույց է տվել կասկածյալ Կարեն Կունգուրցևի լուսանկարը և պահանջել, որ ընթերակաների ներկայությամբ լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ մատնացույց անեն նրան ու հայտարարեն, որ Դավիթ Հովակիմյանին դանակով հարվածողը հենց նա է եղել: Գործով վկաներ՝ Գևորգ Ավագյանն ու Աշոտ Կռոյանը, ՀՔԾ-ում տված ցուցմունքներով հաստատել են, որ մարզիչի պահանջով և մտածելով, որ իրենց ընկերոջն սպանած անձն ազատության մեջ է մնալու, ոստիկաններին հայտնել են, որ թեև իրենք ականատես չեն եղել դեպքին, սակայն պատրաստ են քննիչի մոտ ցուցմունք տալ՝ իբր տեսել են դանակահարելու պահը: Ապա ոստիկանի ուղղորդմամբ՝ քննիչի մոտ հարցաքննվելիս և ճանաչման քննչական գործողության ժամանակ Կունգուրցևին են նկարագրել ու մատնացույց արել՝ որպես հանցագործի: Գործի այս մասով էլ ՀՔԾ-ն որոշում է կայացրել կասեցնել վարույթը՝ որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառաբանությամբ՝ չնայած ամբողջովին հիմնավորվել է ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակցի կողմից վկաներին ուղղորդելու հանգամանքը:


    

Ադրինե Թորոսյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2474 | 0 | 0
Facebook
COMMENT.am