Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՐՏԵ՞Ղ Է ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
12:31, հինգշաբթի, 18 հունիսի, 2015 թ.
ՈՐՏԵ՞Ղ Է ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Լավ է, որ դուք իրար հետ լավ եք, մնում է Աղվան Գառնիկիչին էլ Տարոնի տեղը դնեք և ...ուժաիրավական բարեփոխումները վարած ու ցանած կունենաք.

Բայց տարվա հերոսը Հունան Պողոսյանն է՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը, ով Ավետիսյանների ողբերգության ժամանակ ուժայինների քաղաքական խուլիգանության կարևոր դերակատարը դարձավ, մեզ՝ գյումրեցիներիս համոզելով, իբր թե . «... ոստիկանական ուժերը ինտենսիվ աշխատանք են տանում, ...որ գերխնդիրը Պերմյակովին գտնելն է, որ գործը հայկական իրավազորության տակ է լինելու, թե Պերմյակովը մենակ չի եղել» . մենք էլ հավատացինք: Բարդ, շատ բարդ մեխանիզմ է. ԱԱԾ-ն լռում էր, դատախազությունն ու քննչական կոմիտեն ևս. Բաղրամյան 26-ը հրահանգել էր լռել... իսկ Հունան Պողոսյանը հերթական անգամ հերոսանում էր...մեզ էլ պետք էր հավատալ, միամտորեն զիջեինք մեր դիրքերն ու մեր քաղաքի պատիվը: Նույն օրն էլ՝ հունվարի 12-ի երեկոյան թիվ 2-րդ ոստիկանը թողեց Գյումրին և այլևս չվերադարձավ: Բայց կարծեմ թե, իր մեդալների հավաքածուն հարստացավ ևս մեկով: Ոստիկանության օրվա տոնակատարությանը խեղճը հազիվ էր դիմանում մեդալների ծանրությանը, որոնք հաստատ և վաղուց գերազանցել են Լեոնիդ Իլյիչ Բրեժնեվի մեդալոմանիային: Սակայն այդ մասին թող պարգևատրողները մտածեն ու մեկ մեկ էլ մեդալակիրների ցուցակը թարմացնեն:

Հիմա կարևորի մասին

Սույն թվականի ապրիլ-հունիս ամիսներին Շիրակի Մարզում գրանցվել են սպանություններ. որոնց վերաբերյալ թռուցիկ հայտարարություններից բացի որևէ լուր չկա:

Ոստիկանական ոչ մի պաշտոնական կայքում որևէ ճշգրիտ վիճակագրություն կամ տեղեկատվություն չես կարող գտնել:

Մհեր Մկրտչյան փողոցի 34/Ա շենքի իրենց բնակարանում ապրիլի 18-ին սպանվել են Քնարիկ և Ալվարդ Շահումյանները: Մոր և դստեր սպանությունից երկու ամիս անց դեռևս մեղադրյալ չկա:

2015թ-ի մայիսի 8-ին ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հարություն Հրայրի Համբարյանը գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

Ամիս ու կես անց մեղադրյալ չկա:

Որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա վերջին ամսվա երեք սպանվածների (թեկուզ ինքնասպանություն կամ հանկարծամահություն) զինծառայողի ՝ ում կախված էին գտել Մուշ թաղամասի կիսակառույցներում, ավտոմեքենայում սպանված առաքիչի (լուրեր են պտտվում ինքնասպանության մասին, բայց սպանության գործիք ատրճանակը գտնվել է մեքենայի ետնամասում, դեպքը գրանցվել է Մուշ թաղամասում), նորից Մուշ թաղամասում գործող կոշիկի վերանորոգման կրպակի աշխատողի մահը (հայտարարվեց որպես անհայտ կորած, հետագայում տարածվեցին խոսակցություններ, իբր երեք օր հետո գտնվել է դիակը, որակումը՝ որպես հանկարծամահություն):

Հունիսի 15-ին Սև Բերդ ամրոցի տարածքում գրանցվեց ռուս զինծառայողի սպանություն:

Մեր հարցադրումները ամենևին էլ աղերս չունեն ինչպես սիրում են ասել իրավապահ մարմինները, խոչընդոտել նրանց մասնագիտական գործողություններին, կամ խանգարել բացահայտումների գործընթացին: Տեղեկատվության ազատությունը՝ եթե այն չի պարունակում ազգային անվտանգության տարրեր, հասանելի պիտի լինի բոլորի համար:

Ապրիլի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը համեստորեն արձանագրեց. «...հանցագործությունների բացահայտման ցուցանիշների բարելավում է նկատվում շատ փոքրիկ, շուրջ մեկ տոկոսով» . կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր պատասխանատուի այս ինքնախոստովանական ցուցմունքը փաստորեն հուշում է ղեկավարությանը, որ առայժմ Հունան Պողոսյանի համար լավագույն տարբերակը կադրերի տրամադրության տակ ծվարելն է: Ես ինձ թույլ չէի տա այսպիսի մտքեր արտահայտել, եթե մայիսի 19-ին Վլադիմիր Գասպարյանի աշխատանքային այցի ժամանակ Հունան Պողոսյանը գոնե ուղեկցեր նրան: Ըստ ոստիկանապետի հայտարարության, ինքն անձամբ եկել էր Գյումրի հետևելու օպերատիվ իրավիճակին և յուրաքանչյուր ամիս ինքն է զբաղվելու Շիրակի Մարզի խնդիրներով. «... սպանությունները կոնկրետ գործեր են, չբացահայտվողներից չեն» . ասում է թիվ մեկ ոստիկանը:

Ի վերջո որտե՞ղ է Հունան Պողոսյանը.

Չկանխարգելված և չբացահայտված հանցագործությունների քանակը մեզ թույլ է տալիս ասելու, որ Հունան Պողոսյանը իր տեղում չէ:

Երևի թե պատճառն հենց դա է, որ ոստիկանապետը այլևս չի վստահում Հունան Պողոսյանին և նրան վերապահված գործառույթներով զբաղվում է անձամբ ինքը: Իրական պատճառը կճշտենք Վլադիմիր Գասպարյանի հերթական այցի ժամանակ:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Աշխարհի խելոքները շատ են վստահել Տիբեթին. փոքր Տիբեթի լամաները խիստ ճակատագրական են համարում տղամարդու ծննդյան օրվանից հաշված հաջորդ քառասուն օրերը: Ուշադիր եղեք, դուք դեռ քսանմեկ օր վտանգի տակ եք:

Վտանգավոր են նաև ծննդյան օրվա ստացած անակընկալ նվերները:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4228 | 0 | 0
Facebook