Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Նոր, բացառիկ նախագիծ՝ սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաների համար. (Լուսանկարներ)

00:17, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Նոր, բացառիկ նախագիծ՝ սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաների համար. (Լուսանկարներ)


    
     «Մշակութային կազմակերպություն-դպրոց» -ը բացառիկ նախագիծ է: Մասնակիցները Սյունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի՝ 47 սահմանապահ համայնքներից են: 49 հիմնական դպրոցների՝ ավելի քան 2700 աշակերտ, եզակի այս ծրագրի շնորհիվ, երկու օր շարունակ շրջեց Երևանյան թանգարաններով ու պատկերասրահներով: Դրանց թվում էր Կոմիտասի անվան նորաբաց թանգարանը, Պատմության թանգարանն ու Ազգային պատկերասրահը: Մասնակցությունը՝ Թաթուլ Ալթունյանի երգի ու պարի անսամբլի համերգին, ծրագրի ամենաերաժշտական հատվածն էր:

«Միջոցառումն իրականացվում է պետական ծրագրով և անցկացվում է Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ընտրվել է որպես իրականացնող կազմակերպություն: Հաշվի է առնվել փորձը, մարդկային ռեսուրսներն ու հնարավորությունները: Միջոցառման նպատակը սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների գիտաճանաչողական այցի ապահովումն է մայրաքաղաքի մշակութային օջախներ», - մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը:

Ծրագրի սահմանամերձ մասնակիցներից շատերի համար սա ոչ միայն առաջին այցելությունն էր երևանյան մշակութային կենտրոններ, այլև առաջին ճանապարհորդությունը Երևանում:

Սրտի թրթիռով ու հուզված՝ մայրաքաղաքն ուսումնասիրող մեր հյուրերին հարց հղեցինք՝ տեսարժան վայրերից արդյոք ո՞րն ամենաշատը կցանկանային տեսնել: Պատասխանը հնչեց գրեթե միաբերան՝ Ծիծեռնակաբերդը: Մի քիչ տարբեր էր 11-ամյա Գառնիկի ցանկությունը՝ Այգեհովիտից Երեւան եկել էր Եռաբլուրը տեսնելու երազանքով:

Երեխաներն ու նրանց ուղեկցող ուսուցիչները վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպեցին մայիսի 22-ին: Ոչ միայն հարցեր հղեցին վարչապետին, այլև երախտիքի խոսքեր՝ նախագիծն իրականացնողներին ու կազմակերպիչներին:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը վստահեցնում է, որ նախագիծը շարունակական է լինելու: Նա համոզված է, որ՝ ժամանակակից կրթական համակարգը և դրանից բխող կրթական ծրագրերի ու չափորոշիչների բովանդակային արդյունավետությունը կարող է ավելի բարձր լինել: Դրա համար անհրաժեշտ է տեսական գիտելիքների մատուցումը համատեղել գործնական ու առարկայական գիտելիքների հետ, կարևորել՝ երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակության անհրաժեշտությունը՝ ապագա քաղաքացու ձևավորման հարցում:

Ծրագիրը Երեւանում անցկացվել է մայիսի 21-ից-22-ը:
    
    
     Հեղինակ՝ Լուսինե Մարկոսյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5712 | 0 | 0
Facebook