Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էլֆիք Զոհրաբյան /Գիտնականը, դերասանն ու դրամատուրգը

14:01, չորեքշաբթի, 13 մայիսի, 2015 թ.
Էլֆիք Զոհրաբյան /Գիտնականը, դերասանն ու դրամատուրգը
    

Էլֆիք Զոհրաբյան /Գիտնականը, դերասանն ու դրամատուրգը

06.05.2015 14: 23

    
Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ և արտիստ ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ծնվել է 1979 թ.-ի դեկտեմբերի 26-ին Վանաձորում։
1993-1995 թթ. սովորել և ավարտել է Վանաձորի դրամատիկական ստուդիան: 1995 թ.-ից աշխատում է նաև Հովհ. Աբելյանի անվ. պետական թատրոնում։ Որպես առաջատար արտիստ` խաղում է մի շարք գլխավոր և հիմնական դերեր: Արժանացել է երիտասարդական թատերական փառատոնի մրցանակին (2006 թ.), իսկ որպես ասմունքող` միջմարզային փառատոնի դափնեկրի կոչման (2003 թ.) ։
Սովորել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը։
2001-2003 թթ. ծառայել է Հայաստանի ազգային բանակում` որպես ավագ սերժանտ։
2003թ.-ից մինչ այսօր, որպես անգլերենի, ապա «Դրամայի տեսության», «Գեղարվեստական խոսք» և «Արտասահմանյան գրականության պատմություն» առարկաների դասախոս, աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում։
2005 թ.-ին ընտրվել է որպես ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի երիտասարդական թևի նախագահ։
2008 թ.-ին մասնակցել է «Վիլյամ Սարոյան. համաշխարհային գրականություն և ազգային ինքնություն» միջազգային գիտաժողովին` հանդես գալով «Վ. Սարոյանի կարճ պիեսները. «սարոյանականը» զեկուցմամբ։ 2009-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում, իսկ 2010 թ.-ին Շուշիում բեմադրվեց Է. Զոհրաբյանի «Ա՜խ, այդ Վհուկը» հեքիաթ-ներկայացումը, իսկ Գորիսի թատերական ինստիտուտում` նրա «Սոխակը» հեքիաթ-պիեսը։
2009 թ.-ին նա նշանակվել է Հայաստանի թատերական գործիչների Լոռու մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար։ Նրա նախաձեռնությամբ վերաբացվեց Վանաձորի 40-ամյա պատմություն ունեցող դրամատիկական ստուդիան, որը ղեկավարում է նա: 2011 թ.-ին «թատերարվեստին մատուցած ծառայությունների համար» արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միավորման բարձր պարգևին` ոսկե մեդալի: 2012 թ.-ին պետական պատվերով տպագրվեց Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» հինգ պիեսների գիրքը Էլֆիք Զոհրաբյանի թարգմանությամբ, ծանոթագրություններով և գրականագիտական հոդվածներով։ (Թարգմանության համար արժանացել է «Մաշտոց» կրթամշակութային հանդեսի պատվոգրին) ։
2012 թ.-ին Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնը բեմադրեց նրա` նոր մեկնաբանությամբ գրված «Բժիշկ Այբոլիտ» պիեսը (ըստ Կ. Չուկովսկու համանուն հեքիաթի), որտեղ նրան տրվեց գլխավոր դերը։
2013 թ.-ին պետական աջակցությամբ տպագրվեց նրա «Հոգեվիճակ 13» պատմվածքների և սատիրաների անդրանիկ գիրքը։
2013 թ.-ին Վանաձորի Ուսումնական թատրոնը բեմադրեց Է. Զոհրաբյանի «Մկստանի պատմությունը» հեքիաթ-պիեսը։ Գորիսի պետական թատրոնը բեմադրեց նրա «Ախ, այդ Վհուկը» հեքիաթ-պիեսը:
Է. Զոհրաբյանը նկարահանվել է մի քանի գեղարվեստական ֆիլմերում:
2014 թ.-ին «Հոգեվիճակ 13» գիրքն արժանացավ մրցանակի՝ ճանաչվելով լավագույնը «2013 թվականին «Արվեստի և մշակույթի ոլորտում երիտասարդ ստեղծագործողներին տրվող ամենամյա մրցույթի» «Գրականություն» անվանակարգում։
2014-ին նրա «Կատուների թագավորությունը» պիեսը բեմադրվեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում։
2015-ին Էլֆիք Զոհրաբյանը դարձավ բանասիրական գիտությունների թեկնածու (թեման՝ «Վիլյամ Սարոյանի փոքր թատերախաղերը»): Գրական մի քանի մրցույթներում ևս արժանացել է մրցանակների:
______________________________

    
ԿՐԿԻՆ ՀԱՐՍՏԱՑԱՎ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՂԲԱՐԿՂԸ, ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ
(ՈՉ ԴԵԴԵԿՏԻՎ ՍԱՏԻՐԱ)

    
Դարը ցնցող լուր ունեմ հայտնելու, պաշտելի՛ օրիորդ Չամուռյան, թեև խոսքը մարմնական սիրո մասին չէ։ Ազնվորեն ասե՛ք` ու՞մ մտքով կանցներ, որ Ձե՛ր մեջ էր ամբողջանալու 21-րդ դարասկզբի թե՛ գրական, թե՛ գրականգիտական մտքի համապատկերը։ Խոնարհվում եմ ինտերնետային Ձեր գրական արտադրամասի ռոբոտների առջև, ովքեր «Դզո՜ւմ ա, թո՛ւյն ա, վե՜րջն ա, բո՛ց ա» գիտական բոցաշունչ բառերով հիմնադրեցին հոգեսեռավարակների նոր դպրոցը և վերջապես ստեղծեցին համաշխարհային գրականություն։ Իսկ ամենակարևորը. Ձեր գրական արտադրամասից դուրս ընթերցողներ են հայտնաբերվել։ Ուրախությունից ուզում եմ հռոմեական օրգիաներ կազմակերպել։
Մետրոյի վարորդից մինչև նախագահի քարտուղարուհու անձնական հավաքարարը հիացմունքից համրացել են Ձեր անկետադիր բանաստեղծություններով, որոնք նորույթ են աշխարհում և նման են առանց նշանների փողոցի. ով որտեղ ցանկանում է, կանգնում է, միզում, գարեջուր խմում և հիանում սեփական զորությամբ։ Կետադրություններին չտիրապետելը կարողացաք ծառայեցնել Ձեր օգտին։ Կրկին պատիվ ունեք մայր Թերեզայի կողքին տեղ գրավելու Ձեզ ձոներգված երկրորդ կենացից հետո, քանի որ գրական հայերենը համարում եք 16-րդ դարի զգեստ, իսկ 21-րդ դարի մերկության մեջ եք գտնում Ձեր հմայքը, որքան էլ որ, ավա՜ղ, Ձեր գրական ստինքները մեծ չեն։ Գաղտնի ցնծության մեջ ենք, որ Ձեր գրական արտադրամասի ողջ բանվորագյուղացիական էլիտան անտեղյակ է Բորխեսից ու Կաֆկայից, այլապես նրանք նույն մոլեռանդությամբ չէին հիանա Ձեզնով` Բորխեսին նմանակողների նորաձևությամբ։ Օրիո՛րդ Չամուռյան, որքա՜ն դժբախտ է Տերյանը, որ ծնվել է Ձեզնից առաջ, այլապես նա էլ «է» օժանդակ բայը կփոխարիներ «ա» -ով` սնվելով քաղցր իրականությունից։ Չէ՞ որ արվեստը կյանք է, կյանքն` անարվեստ։ Հմայված ենք նաև Ձեր նախահարձակությամբ և դյութիչ ջնջողականությամբ։ Հոգնել ենք մեր գրողների ֆրանսիական բարեկրթությունից և բարձր կուլտուրայից ու կարիք ունենք մի աղմկարարի։ Հաճախ չեք ամուսնանում, որպեսզի Ձեր կույս երազանքը` ցնցուղի տակ սեր անելու, չփշրվի միասեր մի ապուշի պատճառով։ Հավատացե՛ք, որ մարդկության համընդհանուր երազանքն է, որ դուք սեքս անեք։ Արե՛ք, խնդրում եմ, և Ձեր հոգեկան տառապանքներն այլևս չեն լցվի Ձեզ հետ շփվողների ամենօրյա ճաշի մեջ, ինչպես ութ թեյագդալ աղը մեկ ափսե թանապուրի մեջ։ Դեռ չծնված` ինն ամսվա մեջ Դուք պարապ չնստեցիք, այլ կազմեցիք վարպետության դասերի ծրագիր վեպ գրելու մասին, որն անվճար հաղորդում եք դարերին. «Մանրամասն ուսումնասիրել արտաքնոցը, աղիքային հիվանդությունները, սեռական-ինցեստային կյանքը, ուղեղի հետ կապված խանգարումները, գողական մտածելակերպը, ընթերցողների մեջ առաջացնել անոմալիաներ, օգտագործել համակարգչային հոգեդարձված լեզու, ասելու բան չունենալը ներկայացնել որպես ասելիքի գերառատություն, իսկ երիտասարդ գրականագետներին ուսուցանել «Պնակալիզություն» առարկան և պահանջել դրա տեխնիկայի վարպետ տիրապետումը» ։
Օրիո՛րդ Չամուռյան, Ձեր հեռուստաելույթներից հետո ոչ ոք այլևս չի ուզում ընթերցել ժամանակակից գրականություն, քանի որ Դուք ոտքից գլուխ պոեզիա եք...
Մեր մտքից չեն հեռանում Ձեր երկնահամբույր խորհուրդները նաև թատերագրության մասին. չէ՞ որ հանճարեղ գրականգետ եք` ի տարբերություն մյուսների. Դուք կարդացել եք երեք պիես սկզբից ու մեջտեղից և ավելի վստահ եք խոսում դրանց մասին, քան իրենք` հեղինակները։ Ձեր թատերագրական սկզբունքներն անգամ Թենըսի Ուիլյամսը չուներ. հեղինակություն բարձրացնող գռեհկաբանություն, կիսատ բռնաբարված լեզու, բեմը գիշերային ակումբի զուգարան պատկերացնող, հումորի առկայությունն անլրջության համարում, խորիմաստ պրիմիտիվիզմ, իրադրության չիմացություն, գործողության քարացում, անհոգեգիծ բնավորության պատկերում, լատինաամերիկյան ֆոկուսներ։ Գրականության պատմությունն ի՜նչ խոնարհումով հղի բառեր է գտնելու Ձեր մասին գրելիս։
Շնորհակալություն ասելուց առաջ նշեմ, որ պատմության կենդանի կրողն եք և պատվով եք պահում 1937-ականների ոգին. չէ՞ որ մարդուն սեփական կարծիք ունենալու համար չհալածելը Ձեզ համար ամոթից ամոթ է... Ուրախությունից շրթունքս ճաքել է, որ Ձեզ համարում եք բոլոր դարերինը` ժամանակի հայելուն դիտելով փակ վարագույրի ետևից։ Հավանաբար այդպես ավելի լավ է երևում ամեն ինչ։
Եվ վերջապես գանք բուն խնդրին. մեր սիրելի՛ օրիորդ Չամուռյան, ցնծացե՜ք, որովհետև այս լուրը, որ պետք է հայտնեմ, դարձել է պատմական փաստ։ Ձեր գործերը մինչև վերջ ընթերցողներ են հայտնաբերվել և անմիջապես տարվել հոգեկան բուժզննության։ Սկզբում գրողների միությունը եռաձայն առաջարկեց այդ մարդկանց զմռսել և հանձնել պատմության թանգարան, սակայն հարկային տեսչությունը հուշեց, որ դրանով հայ գրողները կզրկվեն իրենց ընթերցողներից։ Առավել քան համոզված ենք, որ ՀՀ նախագահի պետական ու սեփական բոլոր մրցանակներին կարժանան այդ տասներկուսը։ Ամերիկայի կառավարության, Անգլիայի ողորմած թագուհու, Աֆրիկայի հայ մեծահարուստների, բազմակնությունն ընդունող քաղաքացիների, ցեղասպանագետների և հատկապես ՄԱԿ-ի ապագա հանգուցյալ քարտուղարի հետմահու օժանդակությամբ հիշյալ ընթերցողներին կտրվի շա՜տ մեծ գումար (չափը գաղտնի է) ։ Նրանք կգրանցվեն նաև Կարմիր գրքում։ Նրանց կտրվեն ազգային հերոսի կոչումներ։ Եվ համոզված ենք, որ մայրերն իրենց երեխաներին ամեն առավոտ և գիշերվա ժամը երեքն անց քառասունյոթ արտասանել կտան այն մարդկանց ցուցակը, որ կարդացել են այսուհետև «բոլոր ժամանակների օրիորդ Չամուռյանի» և նրա դպրոցի շարունակողների կաթոգին ստեղծագործությունները. Ափինյան Աշխարհաբեկ, Բոլորչյան Մարինե, Չանթոյան Համիկ, Յալանչյան Կարեն, Բորխեսյան Գնունիք, Ղազինյան Վասիլ, Դունամալյան Վերգինե, Սարգսյան Արարատ, Խոջոյան Մակվալա, Գրիգորյան Ղազար և Սանթոյան Թաթուլ։
Հուսանք, որ այս տասներկու ընթերցողներն օրինակ կծառայեն խելքը պատերազմներին տրված աշխարհին։
2009 թ., դեկտ. 15։
2012 թ., ապրիլի 15։

    
    
ՊԱՐՈԴԻԱ ԱՐԴԻ ԶԻԼ ՊՈԵԶԻԱՅԻ
(ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ԷՔՍՊՐՈՄՏ)
Բացի՛ր բուռդ, ասելիքս դնեմ մեջը։
Հագի՛ր կիսաշրջազգեստդ, հոգնեցի գիշերային սպիտակ պոեզիայից։
Բայց սպասի՛ր։
Թույլ տուր այնպիսի տաղեր գրեմ, որ բոլորն ասեն՝ «Վե՜րջն ա պոեզիայի» ...
Կարո՞ղ եմ ես էլ հիմա ստեղծել մի տաղ,
Որ նմանվի արդի Պոեզիային՝ անթոլոգիաներում էլ գանձարկղված,
Որ խելոք Ընթերցողը ոչինչ չըմբռնի այդ գերիմաստուն տաղերգությունից։
Արդ, դու էլ ականջ դիր, գրականագե՛տ ճոճաքայլող,
Զի քո կենացն էլ է ըմպվելու (ոչ թե խմվելու) անշուշտ,
Զի դու էլ ես տկարամտության կրակին քո յուղը լցնում։
Ճշմարի՛տ Պոետ, սուտ չվիրավորվե՛ս,
Չէ՞ որ ձոնս ունի մասնավոր թիրախ՝ ապագայաստեղծ (79%) ։
Դե սկսեմ ես՝ ձեզ նմանակող գրչակս՝ դարից վեց կիլոմետր ետ մնացող...
Նայի՜ր դուրս մեկ-մեկ։ Ձմեռն իջել է ինքնաթիռից։
Երկրորդ պսիխոսոմատիկ կանգառում դու այս անգամ չփնթփնթացիր։
Կյանքը դառնում է մարիխուանա։ Հրաշալի՜ է։
Գլոբալիզացիայի տակ ընկար, հայացքդ ջարդվեց։
Չկետադրե՛ս տաղերդ, որ ինքնատիպ երևաս։
Ձեռքերիդ միշտ ազատություն տուր, բլա-բլա։ (Ի՜նչ գտա) ։
Հերոսներդ բնավորություն չունեն, քավ լիցի, երիտգրականագետի միտքը դա կծածկի...
Ֆոլկներացած քո գիրը կա՞պ ունի արդյոք ճգնաժամի հետ։
Ո՞վ է ասում, որ քաղքենիական մոդա է Բորխեսացումը, ո՛չ, ո՛չ, բարեկա՛մ։
Այդպես ասողի բերանը ջարդի՛ր բազմակերպորեն... (Ձևերը գիտե՛ս) ։
Էքզիստենցիալիզմը հայտնաբերվեց Հայաստանում, ուռռա՜։
Ո՜վ երիտգրականագետ,
Քո դիֆերամբները թիրախին կպան հոդվածաբար։
Պնակալիզությունը սիրահարվեց քո ձոների ճաղատ հերոսին,
Ով վարպետ է, ավա՜ղ, Վարպետների մեջ...
Փակի՜ր դուռը, Պոետ է գալիս տաղտուկ զուլալությամբ,
Բացի՜ր դուռը, Ֆալլոսի քրմերն են գալիս... (Գալիս են ու անց կենում, լացի՛ր սիրտ),
Բայց միևնույնն է, ծնկե՛ք, ծնկե՛ք, ժամանում են տիեզերական վեհակալները հինգ ու կես, ովքեր ստանձնում են Ժամանակի դերը,
Ովքեր Աստծուն անգամ բավարար են գնահատում (դե փա՛ռք Տիրոջը, լիկվիդ չեն գցում) ...
«Չդզե՛ց» կամ «վե՜րջն ա» բառերը նոր եզրեր են գրականագիտական, դարից ետ ես մնում, դոկտո՛ր։
Թվարկի՜ր Նոբելյան մրցանակակիրների «անհայտ» անուններ, որ ասեն՝ «դու էլ ես դրան արժանի, դարի՛ մեծագույն» ։
Մատրիցա։ Հինգշաբթի Ջինը կանգ կառնի ժամացույցիս սլաքի և պարանոիդ լայնույթում։ Happy end!
«Գողական» մտածելակերպդ ինչու՞ քեզ լքեց,
Քեզ մտավորական զգացի՞ր, երկսեռ մուսայիդ չհավատա՛ս։
Տարեդարձվող աշխարհին տիրադավ չանես...
...Տեսա և քեզ պարելիս։
Քո տձև մարմնով կաքավեցիր հրաշալի այնպես, ինչպես բանաստեղծություն ես գրում կամ դրա մասին... Գեղեցիկ մարմինն են ցույց տալիս պարով, բայց ոչի՛նչ, որպեսզի մտնեմ ձեր շարքերը տիեզերական, պետք է ծափ զարկեմ ամեն պարողի։
Կին-կարուսել. ժամատախտակին գրվեցին վեկտորներ,
Անձրևալեզու քաղաքում երաշտ չփնտրե՛ք,
Միևնույնն է, պատվաստողներ կլինեն...
Այսպես ո՞վ չի գրի 365 տաղ օրվա մեջ,
Եթե ինձ պես չմոռանան գարեջուրը, ափիոնը, քո կոնքերի պարը և սեռական սխրագործություններիս մասին մանրամասներ մատուցելը՝ որպես օրվա ճշմարիտ դեմք և նրբակիրթ մտավորական։
Ինչու՞ պոկեցիր մութի թևը, սիրելի՛ս։
Այժմ խմի՛ր մի գավաթ ժարգոն և համտեսի՛ր «Թայֆա» թթուն։
Թույլ տուր ինձ, որպես դարիդ անցողիկ անանցություն, ավարտեմ Պուլիտցերյան մրցանակի արժանի այս տաղս՝ թողնելով վերջնախոսքերս Բաղրամյան փողոցում
- Թո՛ղ հիացմունքիս գավաթը բարձրացնեմ,
Ի՞նչ փույթ, թե նոր թշնամիներ ձեռք կբերի իմ անձը չնչին,
Թող ձոն ասեմ ձեր վսեմ հանդուժողականության ու հրաբորբ սիրո մասին։ Ձեր բառարանից վաղուց ջնջել եք գզվռտուք բառը և փոխարինել, թող ամենուր օրինակ վերցնեն, «խաղաղասիրություն» բառով։
Արվեստագետդ հաճախ է ուշաթափվում, Նաիրի՛,
Քանի որ ներսիդ ջերմությունը միմյանց հանդեպ 61 աստիճան է։
Աղաչում եմ՝ թուլացրու դոզան հրայրքիդ և 30 աստիճան ուղարկի՛ր դրկիցներիդ։
Կեցցե գեղագիտությունդ դարակազմիկ՝ ինցեստով լի...
Կեցցե՜ն «գեղագիտության» պաշտպաները նաև։
2009-ի դեմքը սահող հայելու մե՞ջ...
Վե՜րջ։ Հայելին կոտրվեց, իսկ ճիճուներով գաթան թխվեց։
Եթե երիտգրականագետն է դա քեզ հյուրասիրում,
ուրեմն ճաշակի՛ր դա որպես մեղր...
Տանջե՛ք սատիրիկ իմ հոգին նողկալի,
Որ չկախվեմ հանց խեղկատակ Լիրի
Ձեր հանճարեղ անտարբերությունից...
Առ անտարբերությունը։
Առայժմ այսքանը, քու՛յր իմ։
Ասելիքս ամուր պահի՛ր քո քսակում և ոչ մեկին չտաս...
2009 թ., մայիս։

    
ԳՐՈՂԸ ՁԵԶ ՏԱՆԻ, ՀԱՐԳԵԼԻՆԵ՛ՐՍ
(Խնդրում ենք աղմուկ չսարքել)

    
Սատիրան չի նվիրվում Բեռնարդ Շոյին, Բ. Ջոնսոնին կամ Հ. Լ. Մենքենին, այլ միայն Հակոբ Պարոնյանին

    
Ա՜խ, գլոբալիզացիայի տակ ընկած մեր քաղաք, ճգնաժամն էն գլխից գլխիդ տված քաղաք, ի՜նչ գլուխ են դրել վրադ։ Այս ի՞նչ բերեցիր մեր գլխին, պարո՛ն Քաղաքագլուխ։ Ինչպե՞ս այս պատմությունը կոծկենք։
Հայաստանի X քաղաքում, որտեղ Մարդ լինելու չափանիշ չկար, որտեղ մարդկանց դժբախտության վրա ծիծաղելը դեռ չէր համարվում բարձրագույն հումոր, որտեղ բարևի առևտուրն անբառ սակագներ չուներ, որոշվեց տարվա լավագույն արվեստագետին դրամական պարգև շնորհել։ Իսկ ինչպե՞ս ընտրել ամենալավին համատարած լավագույնների մեջ... Իմ տեսած ամենաահարկու սարսափ ֆիլմն ավելի մեղմ տեսարաններ ուներ, քան միմյանց ժխտող, ապա հաց կիսող հանձնաժողովն արվեստագետներին ընտրելիս։ Ռեստորանում հանձնաժողովի վրա պարտքով վերցրած ու ծախսած իմ գումարը եռապատիկ էր՝ ակնկալվող պարգևի հետ համեմատած...
Մշակույթի բաժնի ղեկավարը, ով միշտ ասում է, թե «մեր երկրում երեք մեծ արվեստագետ կա, աշխարհում ո՞վ է մնացածիդ ճանաչում» (յուրաքանչյուրս մեզ էինք պատկերացնում այդ երեքի մեջ), սկսեց. «Արգո՛ մտավորականներ, ձեր տասից միայն հինգը պիտի ստանան պարգևները։ Քաղաքապետը կգա փոքր-ինչ ուշ, քանի որ մասնակցում է իր հարսիկի խորտկարանի բացմանը։ Ծափահարենք, թող ուրախության օջախներ շատ բացվեն» ։ Նկարիչներից պարգևի են առաջադրված մեր փառապանծ վարպետը՝ «Մալյարը» ։ Մյուսն ավելի երիտասարդ նկարիչ է, ով, ավա՜ղ, այդքան պարսավագրեր գրելուց հետո չդարձավ նկարիչների միության նախագահ։ Ոչի՜նչ, կյանքը դեռ շարունակվում է... Մյուս մեծ տաղանդները թատերարվեստի ներկայացուցիչներ են, - մշտադժգոհ դեմքին ժպիտ խաղացնելով՝ շարունակեց ղեկավարը, - առաջինը մեր ժողովրդական արտիստն է, ում ամսական եկամուտը, զարմանալի է, բայց իմից բարձր է, իսկ մյուսը՝ երեսնամյա չքնաղ դերասանուհի օրիորդ Պակասյանը, ով կնոջ հայհոյանքը համարում է օրհնանք։ Մյուս երկուսը մեր գրականության դեմքերը՝ վիպասանը, մեր հայտնի խմբագիրը, ում գրականության մեռել հերոսներն ավելի կենդանի են, քան շատ կենդանի մարդիկ։ Իսկ մյուսը մեր բանասիրական գիտությունների գագաթն է՝ պարոն Պնակալեզովը, ում ամեն ինչ ներելի է..., - ծիծաղեց մշակույթի բաժնի ղեկավարը՝ ակնարկելով, որ «միասեռ գիտելիքներով չփորձես խեղճացնել ինձ. ամեն ինչ գիտենք «վերջին դեպքերի» մասին», - ներկայացնեմ մեր ծանրաքաշ, մեծ պարողներին. պարոն Կոնդյանին՝ պարարվեստի դպրոցի տիրակալին, ով վաթսունամյակի օրը ստացավ համալսարանի առաջին դիպլոմը։ Մյուսը մեր հոլանի պարուհին է...
Փռթկոցներս զսպեցինք և հաճույք զգացինք, որ մենք գիտենք այդ բառի իմաստը, նա՝ ոչ։
- Մյուս երկուսը մեր լրատվամիջոցների կարկառուն դեմքերից են, թեև խոսքս միշտ մոնտաժում են։ Հեռուստալրագրողուհի՝ տիկին Քսքսյան և մեր բարի լրագրողուհին։ Ով ինչ խնդրում է, նա չի մերժում։ Ընտրե՛ք մի-մի արվեստագետ։ Հանձնաժողովը դժվարացավ։ Ինձ վրա վերցրեցի այդ տասը րոպեանոց գործը։ Դուք ազնիվ ու մեծահոգի եք, որ ինքներդ կտաք պարգևի արժան անունը։
- Շնորհակալություն, - վրդովվեց տիկին Քսքսյանը, - բայց ինքներդ պիտի որոշեիք...
- Տեսնու՞մ եք՝ քանի լրատվամիջոց կա այստեղ, - պատասխանեց ղեկավարը, - ժողովուրդը պետք է տեսնի ձեր ինքնագնահատման կուլտուրան։
- Այո՛, - ասաց ծեր նկարիչը, - ինքներս կընտրենք։
- Վարպե՛տ, դուք էլ սկսեք։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր մեկիդ պետք է տրվի դրամական պարգևը, - ասաց ղեկավարը։
- Հա՜..., այո՛, - անակնկալի եկավ «Մալյարը», - ես չէ, որ պիտի ներկայացնեմ ընկերոջս վարպետությունը։ Մարդ չկա, որ չճանաչի ամենատաղանդավոր նկարիչ Բարխուդար Արհեստագործյանին։ Միշտ իրեն, ներեցե՛ք, իրեն ասում եմ, որ գույները չես զգում ու ճիշտ չես օգտագործում։ Թե չէ ամեն ինչ պրաֆեսիոնալ, ըը..., պրոֆեսիոնալ է։
- Համամիտ եմ, - նշեց մշակույթի բաժնի ղեկավարը, - մեր կրտսեր նկարիչը գույնը չի զգում, բայց պրոֆեսիոնալիզմ ունի։
- Ես գետինը կմտնեմ, որ վարպետ «Մալյարի» ներկայությամբ համաձայնեմ այդ խոշոր մրցանակին։
- «Վայ ցավդ տանեմ, ասա՛, է՜, - մտքում ասաց «Մալյարը», - հարյուր հազար պարտքս կտամ, հիսունով ներկերս կառնեմ, մնացածով էլ լավ սեղան կգցեմ, որ կնիկս մեզ էլ չասի՝ սոված շներ» ։
- Ես գոնե մեկ-մեկ նկար եմ վաճառում, - շարունակեց կրտսերը, - եկեք վարպետին ուրախացնենք. էսօր կա՝ վաղը՝ չկա։
- Չէ՛, - իրեն ուտելով՝ ժպտաց «Մալյարը», - ես առաջարկում եմ՝ քեզ տան. երեխաներիդ հագին կարգին շոր չկա։ Քեզ տվել ես բնորդուհիներիդ...
- Դե լավ է, որ բնորդներին չի տրվել, - փորձեց կատակել մշակույթի ղեկավարը՝ նայելով ժողովրդական արտիստին։
- Վարպե՛տ ջան, ի՞նչ անեմ, որ քեզ մոտ բնորդուհիներ չեն գալիս, նկարելիս ձեռքիդ դողը չի կտրում։ Համաձայնվիր. և՛ դու ուրախ կլինես, որ պարգևն ստանաս, և՛ մեզ հանգիստ կթողնես։
- Իմ... վարպետությունն իմ պարգևն է, - ասաց «Մալյարը», - իսկ ի՞նչ օգուտ, որ բնորդուհիները քեզ մոտ են գալիս. անձնական օգտագործման համար երեք կնիկ ես փոխել, իսկ ես իսկի մեկին չեմ կարողանում բավարարել։
Ծիծաղ պայթեց։
- Չնայած մեր «Մալյարն» ինձ վատություններ է արել, բայց իմ ամբողջ ձայնը տալիս եմ նրան։ Ասում են՝ լավություն արա...
- Պա՜հ, որ առաջին կնկադ երկրորդ տղային ինստիտուտ ընդունել եմ տվել կես գնով, գոհ չե՞ս։
- Գոհ կլինեի, եթե էն կեսն էլ գրպանդ չխցկեիր։ Բա արվեստանոցդ ու՞մ փողերով առար, - վրա տվեց կրտսերը, - հետո չե՞ս հիշում՝ ոնց էիր գնորդներիս փախցնում Վերնիսաժում, ա՛յ պալատական նկարիչ։
- Լա՛վ, խնդրում եմ վերջ տվեք։ Պարգևը տալիս ենք վարպետին։
- Մի րոպե։ Տեսե՜ք, թե էս մալյար անողը՝ ում ինչ է ասում, - բորբոքվեց վարպետ «Մալյարը» ։
- Անհարմա՛ր է, վեճի եք վերածում այս գեղեցիկ տոնը։ Եկեք ծափահարենք վարպետին՝ պարգևի արժանանալու համար։
- Անգամ ընտանիքում են վեճեր լինում, - ասաց ղեկավարը և մտքում ավելացրեց, - հիմա խոսքը տալիս ենք մեր ժողովրդական արտիստին։
- Քանի որ ուղիղ եթեր է, - սկսեց դերասանը, - հայ թատրոնի դերասանների կողմից շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքապետերին, ովքեր հաճախ թատրոն են այցելում՝ երեք տարին մեկ մեզ արժանացնելով իրենց տեսնելու պատվին։
Բոլորը բազմանշանակ իրար նայեցին։
«Բոլոր տիտղոսներն ունես, հիմա՛ փորացավդ ի՞նչ է», - մտածեց երիտասարդ դերասանուհի Պակասյանը։
- Խնդրում եմ՝ հայտնեք, թե ձեզնից ու՞մ պետք է տրվի պարգևը։
Տիրեց լռություն։ Ժողովրդականը Պակասյանին էր նայում աղերսագին սպառնալիքով, դերասանուհին էլ առաջին ջութակի աննահանջ դիրք էր բռնել։
- Կարծում էի, որ երիտասարդ դերասանուհին ի՛նքը կասի, - խոժոռված խոսեց տարեց արտիստը։
- Երևի նախօրոք որոշված է, չէ՞, - ասաց դերասանուհին։
- Դե այսօրվա սերունդը փայլում է նրբանկատությամբ։ Ժողովրդական դերասանը դիմացը նստած՝ դերասանուհին չի հասկանում, որ ի՛նչ պետք է ասի, - բացատրեց արտիստը։
Դերասանուհին աչքերը չռեց և թվաց՝ պատրաստվում է վայրի կատվի պես հարձակվել ավագ խաղընկերոջ վրա։
- Ինձ էլ թվում է, թե շատ ավագներ մնացել են հին ու մեր ճանապարհը փակելու փոխարեն թող դժոխք գնան, - տնավարի խոսվածքով պատասխանեց դերասանուհին։
- Ամո՛թ քեզ, Պակասյա՛ն։ Ես միջնորդեմ, որ քեզ անգրագետ-անգրագետ թատրոն ընդունեն, հիմա մեր մահն ես ուզո՞ւմ։
- Ես էլ ձեզ համար ընտիր գինի ու շոկոլադ առա։ Եթե ձեր սիրուհին չդարձա, տաղանդս պակասե՞ց, - ձայնը բարձրացրեց Պակասյանը։
- Վերջ տվե՜ք, խնդրում եմ, - ասաց մշակույթի բաժնի ղեկավարը, - ՝ հանրապետությունը մեզ է հետևում։

- Ո՛չ, մի՛ ընդհատեք։ Թող տեսնեն` ինչ ինքնասիրահարված գիսաստղերի սերունդ է գալիս։ Հայերեն խոսել չգիտես, քեզ դերասանուհի ես համարու՞մ...

- Հայոցի դասատու չեմ, - պատասխանեց դերասանուհին ու մտքում ասաց. «Շշեցի՛» ։

- Զուգվել-զարդարվելով դատարկությունդ չի լցվում։ Բեմից երևում է՝ քանի գիրք ես մի կերպ կարդացել։

- Էս ո՞ր դարն է, որ գիրք կարդամ, - տաքացավ դերասանուհին։

- Եվ քեզ քանի՞ անգամ եմ հյուրախաղերից վերադառնալիս տաքսիով տուն տարել։

- Մի հատ խոշոր պլանով նկարեք, հա՞, սրան։ Եթե ասեմ, թե ինչ ճանապարհով ես կոչումներդ ստացել, ազգով մեկ խայտառակ կլինես, - հրկիզյալի պես վրա տվեց Պակասյանը, - ո՞վ է տեսել արվեստագետն ինքը գնա ու կոչում պահանջի։ Կոչում տվողներին ո՞վ է սիրաշահել ռեստորաններում, սեռական խառը ճանապարհներով, սուտ ինքնակենսագրություններ ներկայացնելով։ Վարձու թատերագետիկդ էլ քո մասին երկու գիրք է գրել։ Էն նշանավոր, հանգուցյալ թատերագիտուհին քեզ դերասան չէր համարում։ Ասում էր՝ բոլոր դերերն իրար նման ես խաղում։ Իսկ դու գրքիդ մեջ գրել ես տվել, իբր նա ասել է, որ 21-րդ դարասկզբի միակ մեծությունը դու ես։ Էլ չեմ ասում, որ բեմում միայն տիտղոսակիր ես խաղում...

Մշակույթի բաժնի ղեկավարը ցանկանում էր ընդհատել վեճը, բայց նորություններ իմանալու տենչը հաղթեց։

Ժողովրդական արտիստի ձեռքերն սկսեցին դողդողալ ու Զևսի բարկությամբ բաց թողեց ինքատիրապետման սանձերը.

- Քո այդ կենցաղային ձայնով լվացքատանը հավաքարար պետք է աշխատեիր։ Հիշու՞մ ես, որ մայրդ հորդ ծեծում էր, դուրս գցում, լացակումած էիր գալիս փորձերին։ Ես եկա ձեր տուն, ասի՝ մի ամսով գնում ենք հյուրախաղերի ու տարա մեր տուն։ Դու պետք է վիրավորվեիր, որ քեզ մատով չկպա։

Պակասյանը կատաղությամբ փղձկաց։

- Ինչու՞ եք պապանձվել։ Ո՞նց կարող է քսանմեկ դեր խաղացած մարդը ժողովրդական ստանալ։ Պետությունն ինչու՞ է քեզ ժողովրդականի թոշակ տալիս՝ ոչինչ անելու համար։ Աշխատավարձից աշխատավարձ ժամանելը չի նշանակում, որ վաստակ ունես։

- Դրանք քո՛ խոսքերը չեն, - մարած բարկությամբ միջամտեց ժողովրդականը, - դերիդ տեքստի իմաստը չես հասկանում։ Ամեն երրորդ հայուհու, ում երեսին պեծ կա, դրիսիրովկա անենք, քեզից լավ կխաղա...

- Եթե շարունակեք, դուրս կհրավիրեմ, ձեզ չի սազում, - գոչեց մշակույթի բաժնի տիրակալը։

- Քեզ թատրոնից երկու անգամ վռնդել են, ամոթից պետք է փողոց դուրս չգայիր, - շարունակեց Պակասյանը, - իմ տարիքում ո՞վ էիր… Ութ անգամ ներկայացվել եմ մրցանակի, երեք անգամ ստացել եմ, չորրորդի համար էլ ասացին, որ հիմա ուրիշին տալու հերթն է։ Ինձնից ամեն օր ինքնագիր են վերցնում, նկարվում ու ասում՝ ամենասիրունն ես։

- Լա՛վ, ձեր հարցը թողնենք վերջում, հիմա անցնենք գրողներին։

- Ձեզնից ոչ մեկը չսպասի, որ մենք կկռվենք, - ժպիտով սկսեցի ես, - ե՞րբ եք տեսել, որ հայ գրողներն իրար բզկտեն։ Առաջարկում եմ պարգևը տալ պարոն Պնակալեզովին։ Նա թեկնածուական է պաշտպանել. խեղճ մարդն անգլերեն մի բառ չգիտե, ասել են՝ մինիմում հանձնիր, սա էլ ահագին պարտք է արել, դրանց բերանը փակել։ Սովորող մարդկանց ճանապարհը փակում ենք, չսովորողներին՝ մեծ պաշտոններ տալիս…

Հաջիբազյա՜ն, - շշուկով սաստեց Պնակալեզյանը, - քեզ վստահել չի լինում։ Ո՛չ, - բարձրաձայն շարունակեց գրականագետը, - ի՞նչ գիտնական, որ միջազգային լեզու չգիտե։ Եկեք այս թեման փակենք, թե չէ իմ գործընկերը, որին բոլորդ գիտեք, մայրենի լեզվով փիլիսոփայության քննություն է հանձնել, թեկնածու դարձել, բայց չգիտե՝ ինչ է նորպոզիվիտիզմը (թեև ինձ էլ լավ թափ տային, - մտքումս ասացի ես, - գլխումս բան չէին գտնի) ։ Հիմա նրա գերանը թողած՝ իմ չոփից եք բռնել։ Ես էլ - առաջարկում եմ տալ իմ անգին գրչեղբորը՝ պարոն Հաջիբազյանին, որպեսզի իր թերթում տպագրվածների հոնորարը տա..., - Պնակալեզյանն ընդհատեց խոսքը, քանի որ աղմուկով ներս մտավ Քաղաքագլուխը՝ չավարտելով հեռախոսազրույցը։

- Ներողություն եմ խնդրում, - ասաց նա, - կարևոր հանդիպում ունեի Անգլիայի դեսպանի հետ։ Շարունակե՛ք։

- Պնակալեզովի մակարդակի գրականագետ չկա, - սկսեցի խոսքս, - այնքան խորն է գրում, որ բան չես հասկանում։ Հետո մի հանճարեղ գիծ ունի. միայն ընկերների գրվածքներն է փառաբանում։ Վաղն էլ կդարձնենք գրողների նախագահ։ Միշտ խորհուրդ է տալիս վեպում հումոր չօգտագործել՝ դա համարելով անլրջություն։ Ասում է՝ եթե նույնիսկ Եվրոպայում վաղուց գրվել է ինչ-որ բան, դու այստեղ գրի ու քեզ նորարար կսարքենք։ Նրան լսեցի ու մրցանակ ստացա վեպերիս համար։

- Ո՞վ կարող էր քեզ պես գրել Էդիպի կոմպլեքսով ընտանիքների, մեռելների, հոգեկան ախտերի, սեռական վարակների, հեշտոցով լի գրգռիչ տեսարանների, արյան ու ցնորամիտ երևույթների մասին, մեր Թոմ Վուլֆ, - իբրև մեծարում՝ նկատեց Պնակալեզյանը։

- Մի խոսքով Պնակալեզովն արժանի է մրցանակի, - շարունակեց գրողը, - որովհետև ամբողջ կյանքը սրա, նրա մասին է գրել-մրել, որ ամբիոնում գործ տան։ Տվեցին։ Մի լավ գիծ էլ ունի, Դոկտորից է սովորել. իրենից հետո եկող գրականագետներին տանել չի կարողանում։ Բոլորը գիտեն Պնակալեզովի թեկնածուականի ցավալի պատմությունը և ուսանողների նվերները չմերժելու քրեական գործի մասին… Բուհի բթամիտ պատահականություններին պատժելու ձև է փող վերցնելը։ Առաջարկում եմ մրցանակը տալ նրան, բայց մի պայմանով. թող մի քիչ գիտական գրի։

- Շնորհակալ եմ ինձ պարգև տալու համար, - շտապեց Պնակալեզյանը։

- Չենք տալիս, առաջարկում ենք, - ընդհատեցի ես՝ իրոք անհանգստանալով, որ լուրջ է ընդունել «մեծահոգությունս» ։Պնակալեզովը ինը րոպե 41 վայրկյան խոսեց հայրենիքին մատուցած իր անխորտակ ծառայությունների մասին, շնորհակալություն հայտնեց կառավարությանը, ժողովրդին, հանրապետության նախագահին, վարչապետի թիկնապահներին, սփյուռքի ու ֆինանսների նախարարներին, գլխավոր դատախազի վարորդին, բոլոր հյուպատոսներին, Լիբանանի սկաուտական խմբին և Կշեռքի համաստեղության տակ ծնված չամուսնացած կանանց։

- Պնակալեզո՛վ, դու քեզ արժանի՞ ես համարում այդ պարգևը ստանալուն։

- Հաջիբազյա՜ն, - կյանքից զրկվողի վախով շարունակեց Պնակալեզովը, - եթե քեզ պես խախտվածի մասին չգրեի, քեզ գրական բուտաֆորիայի տեղ էլ չէին դնի։

- Միայն վերջին նախադասություններից կարելի է բնութագիրդ տալ։ Ես քո թերություններն առավելություն ցույց տամ, որ ինձ բուտաֆորիա ասե՞ս։ Հանճարեղ գործը գրականագետի «օգնության» կարիքը չունի...

- Հիմա էլ դու՞ք, - ասացին այս ու այն կողմից։

- Հաջիբազյա՜ն, - վրա տվեց Պնակալեզովը, - շնորհիվ քո չորս վեպերի՝ ազգային գրականության աղբարկղը հարստացավ։ Քո թերթում սուր հրապարակախոսություն չես տպում, դողում ես չինովնիկներից։ Թերթիդ միակ լավ բանն այն է, որ մարզերից մարդ չկա։ Հետո «Notebook-ն» ու գարեջուրը ցուցադրաբար ձեռքդ վերցնում, ցինիկ ժպիտը դեմքիդ խփում ու գրական շրջանակներում խոսում ես Իվ Բոնֆուանի, Խառուկի Մուռակամի կամ Պոուլ Ցելանի մասին, որ ասեն «էս ու՜մ հետ ենք շփվում» ։ Հերիք է թաքցնենք, որ բնավորություն չկա քո վեպերում։ Գրքերդ կարդալուց հետո մարդ ուզում է ութերորդ հարկից իրեն գցի։ Գիտենք ընթերցողին սիրաշահելու քո լպրծուն ձևերի մասին։ Ով քեզ նման է գրում, նրան ես տպում։

- Տեսախցիկներն անջատե՛ք, - ուշքի եկավ մշակույթի բաժնի առաջնորդը։

- Չենք կարող. ուղիղ եթեր է, ու հետաքրքիր է, թող խոսեն, - ասացին հեռուստաօպերատորները։

- Թող տեսնի ապագա սերունդը մեր ժամանակի քողարկված դեմքը։

- Պնակալեզո՛վ, վե՛րջ տվեք, գոնե քաղաքապետից ամաչեք, - բռնկվեց մշակույթի բաժնի ղեկավարը, - ո՞վ չգիտե, որ այսօր մեծ գրող չկա... Սիրելի՛ պարողներ, խնդրում եմ բարեկրթությամբ ասեք ձեզնից մեկի անունը։

- Ցավ եմ ապրում, որ 21-րդ դարասկզբի մեր մեծագույն արվեստագետները մի փոքր տաքացան, - սկսեց պարոն Կոնդյանը, - մեր պարի ասպարեզում նման վեճեր գրեթե չեն լինում։ Մենք խելոք բոլորի առաջ պար ենք գալիս, տուն գնում։

- Դե վատն այն է, որ ամեն պարողի ծափ են տալիս, - շպրտեց տիկին Քսքսյանը։

- Այսօր շատ կանայք սեռական բավարարվածության խիստ կարիք ունեն, բայց դա մեր պարի հետ կապ չունի, - հանգիստ և խրատական տոնով շարունակեց Կոնդյանը։

- Ու՞մ բոստանն եք որձաքար գցում, - աստիճանաբար բռնկվեց Քսքսյանը, - չե՞ք զգում, որ արվեստում տղամարդիկ պակասել են...

- Մեզնից ոչ մեկն էլ արժանի չէ մրցանակի, - ասաց ինքնակերության բարդույթը թաքցնող Պարուհին։

- Աղջի՛կ ջան, քո անունից խոսիր, - քաղցր-մեղցր ասաց Կոնդյանը, - ճիշտ է, քեզ համար դեռ շուտ է, ո՞վ է տեսել քառասուն տարեկան պարուհուն պարգևատրեն։ Ուրախությունից պիտի պիռուետներ անես, որ ինձ հետ պարգևի ես ներկայացված։ Ու մեռա ասելով՝ հիսունամյակս, վաթսունամյակս նշեք։

- Դուք ի՞նչ բողոք ունեք, պարո՛ն Կոնդյան, - խոսեց Քաղաքագլուխը, - ձեզ երկու սենյականոց բնակարան տվեցինք, էլի չպրծա՞նք։

- Ինչո՞ւ պիտի մեր մյուս լեգենդին, Աստված հոգին լուսավորի, երեք սենյականոց տայիք, ինձ երկու։

- Պահո՜, - մեջ ընկավ տիկին Քսքսյանը, - էս ու՞մ հետ են համեմատվում։ Ո՜նց է չափը խախտվել։ Եթե այսօր վառ անհատականություն չկա ձեր մեջ, ուրեմն մի ճկուն թռվռացող պիտի դասականի հետ ոտք մեկնի՞։

- Քսքսյա՜ն, - fortissimo բղավեց Կոնդյանը՝ շատ կարևոր բան ասելու ցանկությունից այրվելով, - գիտեմ՝ ո՛ւմ համար ես աշխատում... - Ո՛չ կեցվածք ունեք, ո՛չ՝ գիտելիք։ Երկու շարժում եք անում անհոգի-անհոգի, ու ձեզ թվում է՝ Չորրորդ համաշխարհայինն եք կանխել։

- Վա՜յ, էս ի՜նչ օրի հասար, Կոնդյա՛ն, որ երրորդ կարգի ինչ-որ դեղին լրագրողուհի քեզ ասի…

- Պարո՛ն Կոնդյան, որ ձեզ էլ այդքան փող տային, դուք ձեր ազգը հաստատ կուրանայիք, - զսպվածությամբ ասաց պարուհին՝ ավելի գռգռելով Կոնդյանին, - մոռացա՞ք, որ մինչև վերջերս չգիտեիք՝ ինչ բան է բաթման տանդյու դըմի պլիյեն։

Մշակույթի բաժնի ղեկավարը կանգնեց, որ վերջ դնի խոսակցություններին, երբ Քաղաքագլուխը ձեռքով նշան արեց՝ սպասի՛ր...

- Վա՜յ, խե՛ղճ Կոնդյան, - չլսելու տալով ճշմարտությունը՝ շարունակեց ծերունազարդ պարողը, - քառասուն տարի ...պարողների սերունդներ տաս, վերջում էլ ասեն՝ ի՞նչ ես արել։

- Դե մի անուն տվեք ձեր սաներից, - աննորմալ հանգստությամբ ասաց պարուհին, - որ ցնցել է իր հզոր անհատականությամբ։ Ինձ չհաշվեք. ես ինքնկրթությամբ եմ հասել բարձունքներին։

- Վա՜յ, Կոնդյա՛ն, ի՞նչ օրի ես հասել, որ քո անհաջող սանուհին, քո ճանաչած ամենաորձ լրագրողուհին մեծ վաստակդ փոշի դարձնեն, - Կոնդյանի շրթունքներն դողացին, - լա՞վ օրից է, որ մեր սաները հեռանում են երկրից։ Ո՞նց եք պատասխան տալու սերունդներին... Էլ ի՞նչ պիտի անենք, որ գնահատեք։ Մի կյանք ենք ապրում, էն էլ չորս կողմից գզգզում եք։ Որ մշակույթի ղեկավարը մանկապարտեզի տնտեսվար եղած լինի, դու հաշիվդ վերցրու։ Ու անընդհատ պաշտոն է խաղում էս ղանձիլը։ Մշակույթն ու՜մ են հանձնել։

- Ես պատիվ եմ պահանջում, - «գողականի» ինտոնացիայով գոռաց մշակույթի բաժնի ղեկավարը։

- Դու ի՞նչ գիտես՝ պատիվն ինչ ա, - անտարբեր ասաց Կոնդյանը։

- Դե որ ասում եմ՝ էսօր արվեստագետ չունենք, նեղանում եք... Պարգևը հանձնում ենք պարուհուն, - ասաց մշակույթի բաժնի տիրակալը։

- Ես քառասուն տարի կյանքս ձեզ տամ, որ դուք..., - վայնասուն բարձրացրեց Կոնդյանը, նայեց Քաղաքագլխի անվրդով դեմքին ու դուրս եկավ։

Մշակույթի բաժնի առաջնորդը ծիծաղեց՝ իբր իր պետքը չէր, սակայն ծխախոտը հակառակ ծայրով դրեց բերանը, վառեց։

- Ինչքան կտուրը թռած, սեռական պրոբլեմներ ունեցող, հոգեբանական ապտակ ստացած, ընտանեկան դժոխքից փախած, ճնշված մարդ կա, արվեստի ասպարեզում է հայտնվել։ Հաղորդման թեմա է, - ասաց Քսքսյանը։

- Տիկի՛ն, ի՞նչ իրավունք ունեք հրապարակավ նման եզրակացություն հայտնելու, - ասաց լրագրողուհին։

- Աղջի՛կ ջան, հասկանում եմ քո տրագիկոմիկ ենթատեքստերը... Ինչ աչքս բացել եմ, ազգիդ մտավորականներն իրար ուտում են։ Չարենցին ի՞նչ էին անում... Արվեստը սփոփանք է հիվանդ ստեղծագործողի համար։

- Բոլորին ջնջում եք, բա ձեզ կողքից նայե՞լ եք, վատ լուրերի՛ որսորդներ, - արտահայտվելու առիթը բաց չթողեց «Մալյարը» ։

- Հարգել չգիտեք արվեստագետներին, տիկի՛ն Քսքսյան, - դրության տերը դարձավ լրագրողուհին, - ամենաքիչ օժտվածն էլ մեզնից բարձր է։

- Աղջի՛կ, քո ճոռոմ հայերենով քար ես գցում մեր պարզ լեզվի վրա նորելուկ գրողների պես, ովքեր կոմպյուտերային մեռած կամ փողոցային լեզվով են գրում ու ոչ մի հյութեղ դարձվածք չեն օգտագործում՝ փորձելով գերեզմանաքար դնել մեր համուհոտով լեզվի վրա։

- Տիկի՛ն Քսքսյան, - խոսեցի ես, - եթե ըմբոստանում եք, ինչու՞ եք կարդում։

- Կարևորը՝ անցողիկ երևույթներ եք, - շպրտեց Քսքսյանը։

- Վե՛րջ տվեք, - զայրույթը զսպելով՝ ասաց մշակույթի բաժնի ղեկավարը, - ձեզնից չէի սպասի, լրագրողնե՛ր։ Պարո՛ն Քաղաքապետ, խնդրում եմ, դուք կայացնեք որոշումը։

- Պարգևն ինձ չի տա պարոն քաղաքապետը, - մրթմրթաց լրագրողուհին, - որովհետև բրյոշուր եմ կազմել ինչպես նրա և նախարարների որդիների սանձարձակությունների մասին։

- Գիտենք անճաշակ հովանավորիդ, - ժպտաց Քսքսյանը։

- Բոլորդ էլ զրկվում եք էդ հիսուն հազար դրամից, - հանդիսավոր հայտնեց Քաղաքագլուխը։

- Հիսուն հազա՞՜ր, - ապշեցին բոլորը։

Տիրեց լռություն։ Հասկացան. Քաղաքագլխի դատական գործը ոչ միայն չի փակվել, այլև տղան երկու մարդ է խփել... Հիմա անգամ տասը դրամը պետք է թանկ լինի հոգատար հայրիկի համար... Խորհում էի՝ եթե Նոբելյան մրցանակս շուտ տային, Քաղաքագլխի երեսին կասեի կարծիքս իր դատական գործի, որդու՝ զինվորական պարտադիր պարտքը չմարելու մասին։ Ու թող շքամուտքի մոտ քառասունվեց անգամ կրակեին գլխիս...

- Հարգելինե՛րս, - սկսեց Քաղաքագլուխը, - 21-րդ դարի համաշխարհային մշակույթի վերելքն սկսվելու է ձե՛ր շնորհիվ։ Ձեզ պես արվեստագետները միշտ կազմում են մտավորականության ինսունմեկ տոկոսը։ Դուք սիրո խորհրդանիշներն եք մեր իրականության մեջ՝ կիրթ, բարի, հայրենիքի մրջյունին պաշտող։ Ձեզ նման գնահատել իմացող անհատականությունների շնորհիվ է, որ Նարեկացուն, Մինասին կամ Փափազյանին այսօր գիտի ողջ աշխարհը։ Մեր հայտնի նկարիչներից մեկին ասացի՝ հարսիկս շականագակագույն կահույքի հետ համընկնող նկար ա ուզում, գնաց, կանաչ նկար բերեց անտաղանդը… Մեր դերասաններին ասացի՝ ծիծաղելու թատրոն բեմադրեք, գանք լիցքավորվենք, ներեցե՛ք, լիցքաթափվենք, սրանք էլ ոչ ավել, ոչ պակաս, վերցնում, Անտուան Չեխով են դնում ու պարծենում, որ վաստակավորներն են խաղում։ Ոտքս կոտրվեր, չգնայի։ Եթե վաստակավորներն էդպե՜ս են ձանձրացնում, իսկ ժողովրդականներն ի՞նչ կանեն... Հետո էլ իմացանք, որ բացի հավաքարարից բոլորին մրցանակ են տվել...

- Բայց մենք էլ ենք այդ ներկայացման մեջ եղել, պարո՛ն քաղաքապետ, - նկատեց ժողովրդական արտիստը։

- Դու՞ք։ Հա՜, հիշեցի... Դե միայն Ձեր ու այս գեղեցկուհու շնորհիվ էր ներկայացումը դիտվում, - պատասխանեց Քաղաքագլուխը։

- Ես ա՛յդ ներկայացման մեջ բարեբախտաբար չկայի, - ժպիտով ասաց դերասանուհին։

- ...Դե Ձեր ոգին ամեն տեղ ա, - կատակեց Քաղաքագլուխը և շարունակեց, -Հաջիբազյան, կներե՛ս, խոսքը քեզ չի վերաբերում, բայց 21-րդ դարում մի Թումանյան ցույց տվեք։ Հասկացա. կրկնել պետք չի, բայց ինչու՞ նրա մասին անգամ վարորդս է լսել, բայց ձեր գրածը մերը չի դառնում։ Հիացած եմ նոր գրողներով. ում գիրքը բացում եմ, կա՛մ թարմ մեռելներ ու գեյ կլուբներ են թափվում, կա՛մ *****գրաֆիկ հաճելի տեսարաններ։ Ես էլ, դուստրս էլ իրարից թաքուն ենք կարդում։ Գիտեք` հանրապետության մասշտաբով ի՜նչ անկեղծ մարդ եմ, ուստի, ասեմ, որ երբեմն արտաքնոցում եմ ընթերցում։

Քաղաքագլուխն ի՞նչ իմանար, որ իր խոսքը պետք է Youtube-ի հիթերից դառնա…

-Ո՞վ է ասում, որ պարողները մեր հոգին հանում են փող ուզելով, - շարունակեց նա, - մարդիկ գյուղական փառատոնում հաղթում են. դա առիթ չէ՞ Մոսկվայի բալետի հետ համեմատվելու։ Ձեզ պես համեստ արվեստագետներին պետք է եգիպտական դեսպակներով ման տան։ Ձեր ամեն փառատոնային հաղթանակից հետո մշակույթի բաժնի ղեկավարի դուռը փոխում ենք... Ձեզնից ոչ մեկն, իհարկե, երբեմն չի գալիս խափանելու մյուսի կոչման կամ պարգևի հարցը։ Հանդուրժողակնության էս հիանալի մթնոլորտով նպաստում եք երկրի հոգևոր զարգացմանը։ Էս տարի պարգև չի լինի, որովհետև դուք ավելիին եք արժանի՝ նյութական միջոցներով անարտահայտելի։ Հիմա բոլորդ ազատ եք, բացի տիկին Քսքսյանից...


    
    
    

 * * *

ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ
     (Ռադիոպիես)

  ԵՐԵԽԱՆԵՐԻ Սուրբ Ծննդյան երեկոն ռադիոյով հաղորդվում է Ափից Ափ: Նվագախումբը նվագում է «Ղողանջե՛ք զանգերը», ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են ամբողջ ձայնով: Երգն ավարտվում է: ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափահարում են ու աղաղակում:

  ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
     (Սիրալիրությամբ)
     Հրաշալի էր, երեխանե՛ր: Դե, ի՞նչ, զվարճանում ենք, չէ՞:

ԵՐԵԽԱՆԵՐ
     (Բացականչելով)
     Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
     Տիկնա՛յք և պարոնա՛յք, եթե միայն կարողանայիք տեսնել այս երեխաների երջանիկ դեմքերը, ձեր սրտերը կջերմանային: Նրանք եկել են Նյու Յորքի ամեն անկյունից ողջունելու իրենց հին ընկեր Ձմեռ պապին այս հանդեսում: Երբ վերջին անգամ խոսեցինք Ձմեռ պապի հետ, նա Մոնրեալի կողմերում էր իր սահնակով ու հյուսիսային եղջերուներով: Բայց շուտով այստեղ կլինի: Նորից կանչե՞նք՝ «Ձմեռ պապի», երեխանե՛ր:

 ԵՐԵԽԱՆԵՐ
     (Բացականչելով)
     Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
     Շատ լավ: Կանչում ենք՝ «Ձը՛-մե՛ռ պա՛-պի՛»: Կանչո՜ւմ ենք՝ «Ձը՛-մե՛ռ-պա՛-պի՛»: Նե՛րս եկ, Ձմեռ պապ: Որտե՞ղ ես հիմա:
     (Հեռվից՝ ձյան միջից, լսվում է զանգերի ձայն):
     ՁԱՅՆ
     Ող-ջու՜յն: Ող-ջու՜յն: Ձմեռ պա՜պն է: Ես հենց Նյու Յորքի մոտերքում եմ: Ես կարողանում եմ տեսնել լույսերը: Շատ շուտով ձեզ հետ կլինեմ: Չհեռանա՜ք: Ինձ սպասե՜ք:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
     Սպասե՞նք, երեխանե՛ր: Սպասե՞նք Ձմեռ պապին:

ԵՐԵԽԱՆԵՐ
     (Բացականչելով)
     Այոոոո՜:

 ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
     Օ՜հ, տիկնա՛յք և պարոնա՛յք, սա երեխաների ամենամեծ հանդեսն է, որ դուք երբևէ տեսել եք: Այս բեմի ամբողջ անկյունն զբաղեցրել է երբևէ աճած ամենաբարձր տոնածառը՝ ծանրաբեռնված ամենահրաշալի ընծաներով ամբողջ աշխարհի փոքրիկ, խելոք տղաների ու աղջիկների համար: Շատ շուտով Ձմեռ պապն ինքն այստեղ մեզ հետ կլինի, բայց քանի դեռ սպասում ենք, մի ուրիշ երգ չերգե՞նք, երեխանե՛ր:

  ԵՐԵԽԱՆԵՐ
     (Բացականչելով)
     Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
     Շատ լավ: «Լուռ գիշերը»:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են «Լուռ գիշերը»):

(Մինչ նրանք երգում են, սկիզբ է առնում այս խոսակցությունը: Մի ԵՐԻՏԱՍԱՐԴ և մի ԴՌՆԱՊԱՆ):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Ներողություն: Էս ի՞նչ է:

ԴՌՆԱՊԱՆ
     Ներեցե՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Դե ասե՛ք: Ասե՛ք: Էստեղ մոտերքում ի՞նչ է կատարվում:

ԴՌՆԱՊԱՆ
     Գիտեք՝ սա Սուրբ Ծննդյան հանդես է երեխաների համար: Ես ստիպված եմ խնդրել ձեզ, որ հեռանաք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Լավ: Կհեռանամ, բայց... ինչպիսի՞ երեխաների համար:

ԴՌՆԱՊԱՆ
     Աղքատ երեխաների:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Երգողները նրա՞նք են:

ԴՌՆԱՊԱՆ
     Ես վստահ եմ, որ երգողները երեխաներն են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Եղավ, ուրեմն հրաշալի է: Մարդ չի կարող ավելի լավ բան անել, քան փորձել երեխաներին երջանկացնել:

ԴՌՆԱՊԱՆ
     Այո՛, սը՛ր, սակայն ստիպված եմ ձեզ խնդրել...

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Նրանք երջանիկ են, չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ
     Ներեցե՞ք:

 ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Չարժե ամբողջ ժամանակ ներողություն խնդրել: Ասում եմ՝ երեխաները..., նրանք էլի... երջանիկ են, չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ
     Որքանով որ ես կարող եմ ասել՝ այո՛, սը՛ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Ինչի՞ց իմացաք:

ԴՌՆԱՊԱՆ
     Ներեցե՛ք, սը՛ր... Ես ստիպված եմ խնդրել ձեզ...

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Էդ ո՞նց իմացաք, որ երեխաները երջանիկ են:

ԴՌՆԱՊԱՆ
     Նրանք տխուր չեն երևում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Դուք երջանի՞կ եք:

ԴՌՆԱՊԱՆ
     Առանց վախենալու, որ սուտ ասած կլինեմ, կարծում եմ՝ կարող եմ ասել՝ երջանիկ եմ, իսկ հիմա, բարի եղեք, սա երեխաների Սուրբ Ծննդյան երեկոն է: Սա մեծահասակների համար չէ:
     ¨
     ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Ես մեծահասակ չեմ: Նկատի ունենալով, որ երբեք չեմ եղել երեխաների Սուրբ Ծննդյան հանդեսում, ներկա կգտնվեմ էս մեկին:

ԴՌՆԱՊԱՆ
     Խնդրում եմ, սը՛ր..., սա աղքատ երեխաների համար է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Ես աղքատ եմ: Բայց սրա համար փող ունեմ, վերցրե՛ք: Սա ավելացրեք երեխաների համար նախատեսված դրամագլխին:

ԴՌՆԱՊԱՆ
     (Ապշած)
     Սա հարյուր դոլարանոց թղթադրամ է, սը՛ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Ծախսե՛ք երեխաների համար: Ասեք, որ դա ուղարկել է... Անանուն մեկը:

ԴՌՆԱՊԱՆ
     Այո՛, սը՛ր: Շնորհակալություն, սը՛ր: Համոզված եմ, որ սա բազմաթիվ երեխաների երջանիկ կդարձնի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Իմ ուզածն էլ հենց դա է:

ԴՌՆԱՊԱՆ
     Շնորհակալություն, սը՛ր: Շնորհակալություն: Կբարեհաճեի՞ք ավելի մոտ գնալ: Վստահ եմ՝ այդպես միանգամայն լավ կլինի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Չէ՛, չէ՛: Ինձ վերջին շարքն էլ հարմար է:

ԴՌՆԱՊԱՆ
     Շատ լավ, սը՛ր: Ես փողը կտանեմ կոմիտե:

(ԵՐԵԽԱՆԵՐՆ ավարտում են «Լուռ գիշեր» երգը):

  ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
     Հրաշալի՜ էր, երեխանե՛ր:
     (Դրամատիկական դադար):
     Պատրաստ, երեխանե՛ր:
     (Գոչելով)
     Պահե՛ք ձեր շունչը: Ձմեռ պապն այստեղ է: Նա բեմում կհայտնվի ճիշտ մեկ վայրկյան հետո:
     (ԵՐԵԽԱՆԵՐԸ ճչում են, բացականչում և ծափահարում):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     (Ժխորի միջից)
     Ա՛յ թե երեխաները երջանիկ կլինեն: Ձմեռ պապը նրանց բոլորին կերջանկացնի:

(ՁՄԵՌ ՊԱՊԸ ժամանում է: ԵՐԵԽԱՆԵՐՆ ավելի բարձր են աղաղակում, քան երբևէ):

ՁՄԵՌ ՊԱՊ
     Շնորհավոր Սուրբ Ծնունդ, երեխանե՜ր: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

ԵՐԵԽԱՆԵՐ
     Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ, Ձմեռ պապի:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Այսպե՜ս, այսպե՜ս, երջանիկ դեմքերով ի՜նչ հրաշալի խումբ է. նման բան չեմ տեսել: Դուք բոլորդ էլ խելո՞ք տղաներ ու աղջիկներ եք:

ԵՐԵԽԱՆԵՐ
     (Բացականչելով)
     Այոոոո՜:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Ուրեմն հրաշալի է:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
     (Շշնջալով)
     Տիկնա՛յք և պարոնա՛յք, երեխաները պատրաստվում են մեկ առ մեկ բեմ գալ և խոսել Ձմեռ պապի հետ: Առաջինը մի փոքրիկ աղջիկ է:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Հապա տեսեք, թե ո՜վ է այստեղ: Անունդ ի՞նչ է, պստի՛կ աղջիկ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
     Մերի ՄըքԳերի:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Մերի ՄըքԳերի: Քանի՞ տարեկան ես:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
     Յոթ ու կես:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Որտե՞ղ ես ապրում:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
     Հարուր քսվեց... Չէ՛: Հարուր վաթսուներկու Իսթ հարուր քսվեց:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Իսկ դու ի՞նչ ես ցանկանում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

(ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ տատամսում է)
     Հը՞:
     ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
     Ես ուզում եմ... ըը...

ՁՄԵՌ ՊԱՊ
     Վա՜հ, վա՛հ, մի՞թե վախենում ես Ձմեռ պապից: Ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
     Մոռացա:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Տիկնիկ ուզու՞մ ես:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
     Ես տուն եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Խաղալիք - տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
     Խաղալիք - տուն չէ: Ես իսկական տուն եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ
     (Ծիծաղելով)
     Տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
     Մի մեծ սենյակ՝ լիքը խաղալիքներով: Մի ուրիշ սենյակ էլ՝ լիքը...

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
     Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ձմեռ պապն առաջին մանկանը տվեց Սուրբ Ծննդյան իր նվերը՝ կապույտ թըղթով մի մեծ փաթեթ, իսկ այժմ երկրորդ երեխան է գալիս բեմ: Այս մեկը պատանյակ է՝ աշխարհի չափ մեծ ժպիտով: Եվ չտեսնված շիկակարմիր մազերով:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Այսպե՜ս, այսպե՜ս. տեսեք, թե ո՜վ է այստեղ: Ի՞նչ է քո անունը:

ՏՂԱ
     Մելվին Աթեյ:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Ի՞նչ-ի՞նչ:

ՏՂԱ
     Մելվին Աթեյ:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Քանի՞ տարեկան ես, Մե՛րվին:

ՏՂԱ
     Ոչ թե Մերվին, այլ Մելվին: Մ-ե-լ-վ-ի-ն:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Շատ լավ, Մե՛լվին: Դու քանի՞ տարեկան ես:

ՏՂԱ
     Տասը:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Տաս ու կե՞ս:

ՏՂԱ
     Չէ՛: Ուղղակի տասը:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Տասը և երկու ամսական, կամ վեց, կամ չորս ամսական կամ ինչքա՞ն:

ՏՂԱ
     Չէ՜: Հենց տասը: Ծննդյանս օրը դեկտեմբերի 24-ն է: Էսօր:

  (ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափողջունում են)

 ՁՄԵՌ ՊԱՊ
     Այսպե՜ս, այսպե՜ս, դե մի՞թե դա հրաշալի չէ: Երկու տոն միանգամից: Տարեդարձը և Սուրբ Ծնունդը՝ մեկտեղ:

ՏՂԱ
     Այո՛, սը՛ր:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Իսկ որտե՞ղ ես ապրում, Մերվի՛ն:

ՏՂԱ
     Մելվի՜ն, Ձմեռ պապի:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Ի՞նչ...

ՏՂԱ
     Մելվի՜ն: Մելվի՜ն:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Այո՛, Մելվի՛ն: Իսկ որտե՞ղ ես ապրում:

ՏՂԱ
     Երկուսի երեսունյոթ, Իսթ հարյուր քառասունհինգերորդ փողոց:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Իսկ դու՞ ինչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:

ՏՂԱ
     Մի գրամեքենա, հեծանիվ, ֆուտբոլի գնդակ ու մի մուշտակ մայրիկիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Էլ ի՞նչ:

ՏՂԱ
     Ու մի նոր կոստյում հայրիկիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Էլ ի՞նչ:

ՏՂԱ
     Եվ երկու իսկական լավ զգեստներ քույրիկներիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Էլ ի՞նչ:

ՏՂԱ
     Դե..., մի հեծանիվ էլ իմ ընկեր Հարրիի համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Էլ ի՞նչ:

ՏՂԱ
     Դե...

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
     Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ձմեռ պապը տղային հանձնեց Սուրբ Ծննդյան իր փաթեթը, իսկ այժմ համար երեք երեխան է գալիս բեմ: Գեղեցիկ սևամորթ մի աղջնակ:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Այսպե՜ս, այսպե՜ս, հապա նայեք, թե ո՜վ է գալիս Ձմեռ պապի ձեռքը սեղմելու: Եվ ի՞նչ է քո անունը, փոքրի՛կ աղջիկ:

ԱՂՋԻԿ
     Ալիս Լեոնորա Ուիլյամս:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Իսկ քանի՞ տարեկան ես, Ալի՛ս:

ԱՂՋԻԿ
     Ութ եմ՝ իննի մեջ:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Իսկ դու՛ ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

ԱՂՋԻԿ
     Ըը՜...

ՁՄԵՌ ՊԱՊ
     Դե՞...

ԱՂՋԻԿ
     ...Մի զույգ չմուշկ, հեծանիվ ու մի կարմիր համազգեստ:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ
     Ըը՜...

ՁՄԵՌ ՊԱՊ
     Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ
     Մի կարմիր համազգեստ, ...ըը՜...

ՁՄԵՌ ՊԱՊ
     Մի ուրի՞շ կարմիր համազգեստ էլ:

ԱՂՋԻԿ
     Չէ՛, էդ մեկը:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ
     Մի զույգ չմուշկ:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
     Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ձմեռ պապը փոքրիկ աղջկան հանձնեց Սուրբ Ծննդյան իր ընծան, իսկ այժմ մի ուրիշ մանուկ էլ է բեմ գալիս: Այս մեկը փոքրիկ տղա է:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Այսպե՜ս, այսպե՜ս, հապա նայեք՝ ով է այստեղ: Իսկ ի՞նչ է քո՛ անունը, փոքրի՛կ:

ՏՂԱ
     Ջո:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Ջո ի՞նչ:

ՏՂԱ
     Ջո Բեննեվընթ: Տասնմեկ ու կես եմ: Ապրում եմ...

ՁՄԵՌ ՊԱՊ
     Օ՜հ, այո՛: Լա՛վ, դու ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:

ՋՈ
     Հեծանիվ:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Էլ ի՞նչ:

ՋՈ
     Բա որտե՞ղ է:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Ի՞նչ, Ջո՛:

ՋՈ
     Ասում եմ՝ որտե՞ղ է հեծանիվը:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Ահա քո նվերը, Ջո՛: Իսկ հիմա՝ տեսեք, թե ով է բարձրանում սանդուղքներով:

ՋՈ
     Ի՞նչ կա էս փաթեթում: Ախր ես հեծանիվ եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Իսկ ի՞նչ է քո անունը, պստի՛կ աղջիկ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     (Հեռվից՝ բարձր ու զայրացած)
     Մի րոպե, Ձմեռ պապ: էս ի՞նչ է կատարվում էստեղ:

ՁՄԵՌ ՊԱՊ
     Հը՞, ի՞նչ է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     (Ավելի մոտիկից)
     Ամեն մեկին՝ հերթով, Ձմեռ պապ: Նրանք չեն ստանում իրենց ուզածը: Ջոն հեծանիվ է ուզում:

ՁԱՅՆԵՐ
     Ո՞վ է այս մարդը: Խմա՞ծ է: Ի՞նչ է պատահել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Ջոյին տվեք իր հեծանիվը: Ալիսին տվեք իր կարմիր համազգեստը և չմուշկները: Մի րոպե՛, երեխանե՛ր: Մի րոպե՛, Ձմեռ պապ: Բան ունեմ ասելու:

ՈՍՏԻԿԱՆ
     (Իջնելով շարքերի միջով)
     Տեղիցդ չշարժվե՛ս, երիտասա՛րդ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Լսե՛ք, պարո՛ն ոստիկան: Նա չի տալիս նրանց ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
     Շատ լավ, շատ լավ, ի՛նձ հետևիր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Մի րոպե: Որտե՞ղ է Ջոն:
     (Բղավելով)
     Ջո Բեննե՜վընթ: Ե՛ս կճարեմ քո հեծանիվը: Ես հեծանիվը ձեր տուն ուղարկել կտամ:

ՈՍՏԻԿԱՆ
     Հիմա գնացի՛նք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Դու ինչպե՞ս կարող ես նրանց հարցնել, թե ովքեր են իրենք, որտեղ են ապրում, քանի տարեկան են, ինչի կարիք ունեն, իսկ հետո նրանց ճանապարհել այդ ողորմելի փաթեթներով, որոնց մեջ իսկի բան էլ չկա: Ու՞ր է Ալիսը: Ես քեզ համար չմուշկներ ու կարմիր համազգեստ կգտնեմ, կբերե՜մ:

ՈՍՏԻԿԱՆ
     Գնացի՛նք, գնացի՛նք:
     (Նրանց ուրվագծերը հետզհետե աղոտանում են պարեկատուն շարժվելիս):
     Ի՞նչ է պատահել, ա՛յ տղա:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Չե՞ք հասկանում, որ պարտավոր են տալ նրանց ուզած բաները:

ՈՍՏԻԿԱՆ
     Ինչի՞ մասին ես խոսում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Ջո Բեննեվընթը հեծանիվ է ուզում: Նա պետք է հեծանիվ ունենա:

ՈՍՏԻԿԱՆ
     Ի՞նչ տարբերություն: Հեծանի՞վ, թե՞ մի ուրիշ բան:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Դա պետք է լինի էն, ինչ նրանք են ուզում, անկախ նրանից, թե դա ինչ է:

ՈՍՏԻԿԱՆ
     Դու պետք է գետինը մտնեիր Սուրբ Ծննդյան երեկոն այդպես փչացնելու համար, մանավանդ որ դա աղքատ, անապահով մանուկների համար էր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Նրանք գործ չունեն նման ձևով հանդես անելու հետ: Նրանք չեն գիտակցում, բայց երեխաներին ծաղրուծանակի են ենթարկում: Ջոյի համար կարևոր է իր հեծանիվը ստանալ, եթե վստահ է, որ ինքը հեծանիվ է ուզում կամ ունի դրա կարիքը, որպեսզի երջանիկ լինի:

ՈՍՏԻԿԱՆ
     Շատ լավ, դե մի հեծանի՛վ գնիր նրա համար: Ո՞վ ես դու՝ Ձմեռ պա՞պ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Չէ՛, Ձմեռ պապ չեմ, բայց ես կարող եմ Ջոյի համար ինչ-որ տեղից մի հեծանիվ ճարել:

ՈՍՏԻԿԱՆ
     Դու հարբա՞ծ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Ո՛չ, հարբած չեմ: Սուրբ Ծննդյան տոնն է, և անկասկած բավականին խմիչք ունեմ կատարս տաքացնելու համար: Բայց ես հարբած չեմ: Էդ ամբողջ հանդիսատեսից առնվազն մեկ երեխա պետք է ստանա իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
     Ի՞նչ ես ուզում անել. երեխայի համար հեծանի՞վ ձեռք բերել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Հա՛, բա ոնց: Նա էլ ուրիշ բան չի խնդրել: Ասել է՝ մի հեծանիվ: Տուն ուզող փոքրիկ մի աղջիկ կար: Իսկական տուն: Բան չունեմ ասելու. ես չէի կարող նրա համար տուն ձեռք բերել, բայց կարող եմ Ջոյի համար հեծանիվ ճարել: Էդ մանչուկներից գոնե մեկը պետք է ստանա իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
     Լավ, լավ: Հասկացա:
     (ՎԱՐՈՐԴԻՆ)
     Կանգնեցրու՛ ավտոխցիկը, հա՞, Բի՛լլ:
     (Պարեկը կանգ է առնում)

ԲԻԼԼ
     Ի՞նչ է պատահել:

ՈՍՏԻԿԱՆ
     Նա ցանկանում է այդ աղքատ երեխաներից մեկի համար գնել այն, ինչ երեխան ուզում է: Հենց այն, ինչ ուզում է: Չես կարող դրա համար նրան մեղադրել: Ես մտադիր եմ նրան բաց թողնել:

ԲԻԼԼ
     Լավ, Մա՛ք: Ինձ համար մեկ է: Հե՜յ, ախպե՛րս, երեխեն ի՞նչ է ուզում որ...

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Նրա ամբողջ ուզածը մի հեծանիվ է, ընդամենը դա: Ուրիշ ոչինչ:

ԲԻԼԼ
     Ի՞նչ արժե հեծանիվը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Հոգ չէ, թե ինչ արժե: Ես նրա համար կճարեմ իր ուզած հեծանիվը:

ՈՍՏԻԿԱՆ
     Ի՞նչ է, հարու՞ստ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Չէ՛, հարուստ չեմ, բայց ավելին ունեմ, քան պետք է: Նրա՛նք են աղքատ: Դուք չեք կարող նրանց բոլորին տալ էն, ինչ ուզում են, մինչդեռ դու կարող ես նրանցից գոնե մեկին տալ էն, ինչ ուզում է:

ՈՍՏԻԿԱՆ
     Լա՛վ, առաջ գնանք: Կարծում ես՝ կկարողանա՞ս գտնել երեխային:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Ես կգտնեմ նրան: Անունը Ջո Բեննեվընթ է:

ՈՍՏԻԿԱՆ
     Բեննե՞վընթ: Դա այն երկու տղաներից մեկի անունը չէ՞, ում երեք, թե չորս տարի առաջ խոշոր կողոպուտի համար նստեցրել են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Հա՛, կարծեմ դա է:

ՈՍՏԻԿԱՆ
     Երևի նրա եղբորը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Երևի:

ՈՍՏԻԿԱՆ
     Ի՞նչ էր նրա անունը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Նիք:

ՈՍՏԻԿԱՆ
     Ճի՛շտ է: Նիք Բեննեվընթ: Հա՛, կարծում եմ, որ նրա պես երեխան պետք է ստանա իր ուզածը... Լա՛վ, դու կարող ես նրա համար մի հեծանիվ ճարել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     Շնորհակալություն:
     (Դադար):
     Շատ շնորհակալ եմ:
     (Ցած է իջնում):

ՈՍՏԻԿԱՆ
     Չարժե:
     (Դադար):
     Նիք...

ԲԻԼԼ
     Նի՞ք ասացիք:

ՈՍՏԻԿԱՆ
     Հա՛, Նիք Բեննեվընթ: Դե, գնացի՛նք:

  (Պարեկը քշում, հեռանում է: Լսվում է երթևեկության ձայնը. ավտոմոբիլներ, տրամվայներ, մետրոյի գնացքներ և այլն: Հետո՝ փողոցի մեծաքանակ մարդկանց խուլ աղմուկը):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
     (Ընդդեմ քաղաքի աղմուկի)
     Մի րոպե, Ձմեռ պապ: Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ: Եվ դուք էլ լսեք, երեխանե՛ր:
     (Երաժշտություն):

 Փորձե՛ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, տուն սրտաբեկ մի՛ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Կարիքավոր մարդիկ շատ կան. փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք՝ դըպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք՝ տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզելու համար. սարսափելի շատ - գոնե՝ ամեն Սուրբ Ծնունդին, - բայց վատ մի՛ զգացեք դրա համար, որովհետև դուք ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ դու, Ձմեռ պապ, քեզ հիմարի տեղ մի՛ դիր, հա՞: Նրանց շարունակ մի՛ հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի՛ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած ամեն ինչը, իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք ունեցիր էդ գլխիդ մեջ, էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ արդեն ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ են, նույնիսկ եթե իրոք կարիք ունեն թե՛ իսկական տների, թե՛ զգեստների, թե՛ ուտելիքի և թե՛ բոլոր մյուս բաների: Փորձի՛ր քաջալերել նրանց, հաճույք զգալ էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն աշխատեցրու՛ ուղեղդ: Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի՛ր նրանց հասկացնել, թե որքան արդեն ունեն: Քեզ մի՛ պահիր հասարակ մարդ արարածի պես. նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի՛ր ուղեղդ շարժել, էլի: Հարցն իրերը չեն, որ նրանք ուզում են կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել: Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ՝ ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու պետք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու ես պարտավոր նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն «ինչ-որ բաներ» տալ: «Ինչ-որ բաները» կարելի է գնել, բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել, չեն կարող գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ՝ սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել: Հիմա դառնամ ձեզ, երեխանե՛ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր հոգու լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք՝ ես սիրում եմ ձեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Չկա ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օր, քան ցանկացած սովորական օր, երբ հիշում ես, որ տալը, այո՛, ավելի լավ է, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է՝ հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք: Սպասե՛ք, երեխանե՛ր: Արդեն գիտեք, որ մեզ պես դուք էլ եք մեծանալու և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տա և ստանա ու գուցե մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել լավ բաներ, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը մեծ անելիք ունի՝ ավելի շատ, քան ինքը՝ Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե՛ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք պետք է գիտակցեք դրա մասին էս պահից:

  Բնագրից թարգմանեց ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10211 | 0 | 0
Facebook