Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼՈԳԱՆՔ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
12:37, չորեքշաբթի, 13 մայիսի, 2015 թ.
ԼՈԳԱՆՔ /պատմվածք/

Վռամն ինքն էլ չհասակացավ, թե ինչ կատարվեց. ձեռքերն ինքնաբերաբար երկարեցին սեղանին դրված դույլի կողմն, ու վայրկյան անց կաթնապուրը կործված էր Գվոյի գլխին: Ճաշի ցայտերը ճերմակ ներկեցին մոտերքում եղող հիվանդների հագուստները, հատակը, բացօթյա պատշգամբ տանող դռների ապակիները: Աղմուկի վրա բուֆետապանուհին գլուխը հանելով նեղլիկ պատուհանից և պահի տակ ասելիք չգտնելով՝ սառեց մնաց: Լռության մեջ լսելի էր Գվոյի շորերից սեղանին, հատակին չռացող կաթնովի ձայնը:

Գրեթե բոլորը խոսքները մեկ արած՝ աթոռները հրելով ոտքի ելան: Իսկ Գվոն… Գվոն և կար, և չկար: Շերտավոր հանդերձում ամփոփված հիվանդկախ մարմինը՝ սպիտակ, ցցուն երակներով ճանոսկրերը, երկարուկ ձեռքերը՝ ծխախոտից դեղնած մատներով, ներս ընկած կուրծքը, բրդյա դարչնագույն սվիտրը, որը գլխավոր բժիշկն այդպես էլ չկարողացավ հանել տալ, հողաթափերը, մի խոսքով՝ ամեն ինչ տեղում էր, միայն թե աչքերի, քիթ-ականջի, բերան-ծնոտի փոխարեն օդում տարուբերվողը հիմա անդեմ դույլ էր՝ կանաչ ներկը տեղ-տեղ թափած, կողին՝ բաժանմունքի համարը, տակի հատվածում բավական նեղ, իսկը նրա գլխի չափով, որ պինդ հագել, դուրս չէր գալիս: Ողջը, իհարկե, շատ կարճ տևեց, բայց Վռամին այն մի կյանք արժեցավ, հավերժության պես բան թվաց: Մարմնով, ուղեղի գալարներով մժղուկներ էին վազում: Գվո, տերդ մեռնի, քո մտածելն էլ նո՞ր բռնեց: Հանիր զահրումարը, աչքերդ բացվեն, որ մտքինդ կարդանք: Թե կրակես պիտի, կրակիր: Ձեռքդ աթոռի՞ց ինչու չես թողնում, քոռեքո՞ռ ես գլխովս տալու: Տո, դե մի բան արա… Ի՞նչ եղավ, խեղդվե՞ց, շա՞տ էր տաք, կաթված-բա՞ն դիպավ, սի՞րտը կանգնեց: Գվո, դու գող-ավազակի հետ հաց կերած, անտերուդուս ապրած մարդ, թոքիդ մեկը բանտում փչացրած, ես՝ հասարակ կովարած, հետս ի՞նչ ունեիր կիսելու: Էս հինգ հարկանի հիվանդանոցում հարյուր հոգու մեջ ուրիշ մարդ չկար, Գեղամին ու ի՞նձ պիտի ծաղրի առարկա շինեիր: Քու մեր… Ես իմ ուզածն արի, հիմի որ՝ ինձնից գոհ եմ: Ժաժ արի, շա՛ն ծնունդ, թե՞ էնքան պիտի ձգես, մինչև ասածս փոշմանեմ, մեղա գամ…

Գվոյի ձեռքերը վերջապես կտվելով աթոռից՝ գտան դույլի բերանն ու, ինչպես խաղաղ ճանապարհորդությունից տուն դարձածն է գլխարկը հանում, ճաշամանը դրեցին սեղանին: Մտերիմները քայլ-երկու առաջ եկան, մյուսներն ընկրկեցին: Թույլ շարժումից գլխին բլրաձև գնդած բրինձը փլվեց, ցրիվ եկավ սեղանին: Կաթի ցամքը դեմքն ի վար իջնելով՝ լցվում էր ծոցը, կաթկթում շորերին: Լսելի դարձավ, թե խոհանոցի սալօջախին դրած ձվերը եփ եկող ջրի պակասից ինչպես են նեղված զարկվում մեկմեկու:

Գվոն շուրջ նայեց: Աղասին առաջինը խզեց լռությունը.

-Սատկացնե՞մ, -ու ոչնչացնող հայացք գցեց Վռամին, որ թևերը կախ տնկվել մնացել էր կենտրոնում:

Նրա փոքրիկ մարմինը, արևաթուրծ, քթամասում գրեթե սև մաշկը, ճաղատացող գլուխը՝ թեթևակի կլեպահան ականջաբլթակների ետևից ցցված գունաթափ մազերով, տիրոջ օգտին չէին խոսում: Քիչ թե շատ համարձակություն ունեցող ամեն մարդ, վստահ, որ դիմացինը խեղճուկրակի մեկն է, և պատասխան հարված չի ստանա, առիթի դեպքում կբամփեր գլխին, ուր մնաց хороший-ների հետ ընկերություն անող, կյանքի քառասունհինգ տարին «հարիֆ», իսկ հիվանդանոցում գտնվելու վերջին ամիսն իբրև Գվոյի խաղըննկեր «дураки» -ի սեղանի մոտ նստող Աղասը՝ Վռամի համեմատ հսկա:

-Սրբի՛չ, -կարգադրեց Գվոն:

Վռամը վերջին շրջանում՝ ինչ հիվանդանոց ընկավ, չուզենալով հանդերձ այնքան էր լսել բռնավորների, գողերի կյանքից, որ ակամայից զգուշացավ. չլինի՞ մտքին խեղդել կա: Ցամքոցը փաթաթում են չսիրած մարդու վզին, երկու կողմից ձգում: Եկ ու պարզիր, ում ձեռքի գործն է: Կամ որ իմացար, ի՞նչ:

Աղասը Բաղդոյի ուսի սրբիչը, որ նա սիրունության համար առավոտները միշտ գցում էր վզով ու այդպես ճաշարան գալիս, առանց թույլտվության մեկնեց Գվոյին: Վերջինս անշտապ մանրակրկիտ չորացրեց դեմքը, մազերը, պարանոցը, թափ տվեց հագուստին լղոզված բրնձի հատիկները, կռանալով մաքրեց հողաթափերը, ապա սրբիչն ընթացքից շպրտեց տղաներին: Բաղդոն ճարպկորեն որսաց օդում: Ոչ ոք չհամարձակվեց ծպտուն հանել, բայց երբ նա ձեռքը գրպանը տանելով՝ լխկած ծխատուփի հետ մի բուռ բրնձի խյուս դուրս բերեց, ոմանց դեմքին գաղտուկ ժպիտ թրթռաց:

Աղասը պատրաստակամորեն ծխախոտ հրամացրեց:

-Չեմ ուզում:

-Сволвчьи. Էս ի՞նչ արել, -միջանցքից լսվեց հավաքարարուհու գոռոցը: Сейчас пойду կլխավորին ասեմ: Ցեր պան ի՞նչ հիվանդանոց: Տուկ պիտի տրսերում արուն տկելով ման կայիկ, чтобы все в морду кирпич бросали, -ռուսերենի անցավ Վալյան: -Այ էտ լավ լիներ: Տուկ ամոտյ չի կա, ցեր ընկեր ночью скончался, а вы…

-Շուխուր մի դի դիր, բժիշկները կլսեն, -սաստեց Գվոն:

-Տող լսեն, -ձայնը ցածրացրեց Վալյան: -Կոռամ, որ լսեն: Պա ես մեգկ չե՞մ: Կևորկ, ես չէ, տու ասա:

-Հրես կսրբեն:

Նա գլխով արեց: Տղաներն աշխուժացան:

-Ցեր պոյ տաղեմ, подօждите, совок принесу, պալաս տամ:

Նա մտավ զուգարան՝ ետքից երկուսը: Մինչ այդ մյուսները սեղանները դեսուդեն քաշելով՝ տեղ բացեցին:

-Տողեկ, ավելի լավ չի խանկարել, տուկ ո՞ր օրվա կորց անող, -արագությամբ սեղանի, հատակի աղտեղանքը մաքրելով՝ արդեն հանդարտ շարունակեց Վալյան, ապա դարձավ Գվոյին:

-Կևորկ, профессор կեզ կլիզմա նշանակել, два раза: Այսօր կու операция, знаешь:

-Գիտեմ, Ես հիմա բաղնիքում թրջվեմ ու գամ: Աղաս, խազյայկայից փոխնորդ ուզիր: Մնացածդ՝ պալատները, -անառարկելի պարտադրեց:

-Ագասի, կու պող ինձ պետկ չէ: Կլիզմա անել մեր աշխատանկ: Իմ սիրտ պոլորիդ ամար ցավի, պայց տուկ ցեզ շատ վատ պախեկ:

-Հա, Վալյա ջան, հա: Քո ասածն է, ցավդ տանեմ: Դու ազիզ կնիկ ես, -նրա սիրտն առնելու նպատակով հաճոյախոսեց Աղասը: -Գիտես, չէ՞, Գվոն ինչ տղա է:

-Ի՜, дармоед: Իմ ցավ տանող կա, տու կեզ համար ищи: Ագչի Լուսո, էս ո՞վ արել, -հարցը բուֆետապանուհուն ուղղեց հավաքարարուհին:

Սա գլխով Վռամին ցույց տվեց:

-Տու՞, - զարմացավ, -ավատալ չի կալիս: Տու խելոկ, безвредный человек: Տեն, տեն, մակուր տեղ չի կա, -ու պատշգամբ տանող դռանը կռթնած Վռամին մի կողմ հրեց: -Ինչու՞ մնացել, որ врач իմանա, տուրս կրի, կնաս կու էրեխեն վարակես: Տուկ էստեխ իրար միս ուտել, պոխանակ արոխչանալ: Не дай бог մի պան պատայեց, էրեխեկ մնան վիզեր ցուր:

Ներսուդուրս անող հիվանդները դեռ երկար լսում էին ճաշասրահի հատակը պլպլացնող Վալյայի կես հայերեն-կես ռուսերեն մենախոսությունը, ապա այն ևս դադարեց, և լռություն իջավ: Եթե չլիներ ժամանակ առ ժամանակ բացվող-փակվող դռների աղմուկը, կարելի էր կարծել բաժանմունքը դատարկ է: Համայցից առաջ միշտ այդպես էր. բոլորը սսկվում, կարգի էին բերում անկողինները, սուրճի հատիկ, մեխակ գցում բերանները, որպեսզի բժիշկները ծխախոտ-բանի հոտ չառնեն, և, ականջները ոտնաձայնի, սպասում էին:

Բուժանձնակազմի շրջայցն այդ օրը սովորականից կարճ տևեց: Պրոֆեսորն ընդհանրապես չեկավ. վիրահատության էր պատրաստվում: Բժիշկներն էլ ձևի համար էին մտնում-ելնում պալատները:

Երբ կես ժամ անց Վռամը պատշգամբ ելավ, միջանցքում աշխուժություն էր, գնում-գալիս էին բուժքույրերը, ռենտգեն կաբինետի առաջ խմբվածներ կային, տնտեսուհին կեղտոտ սպիտակեղենի կապուկներով օղակված՝ վերելակն էր կանչում, բաց էին վիրահատարան տանող մետաղյա դռները, իսկ Վալյայի քսած մաստիկայի փոխարեն վերստին տիրապետողը բուժհիմնարկներին հատուկ դեղահոտն էր՝ անդուր, ճնշող:

Հիվանդները պատշգամբում խմբված՝ ծխում, զրուցում էին: Վռամին նկատելով՝ մի քանիսը լռեցին, իսկ Աղասը, Բաղդոն, Վարուժը, Հարոն, մյուսները, որը բացահայտ ատելությամբ ոտնիգլուխ չափելուց հետո, որն արհամարհաբար չտեսնելու տալով՝ շարունակեցին դեսուդենից խոսել: Վռամը վատ, լքված զգաց: Տղաների կողմից սառնություն նկատել էր դեռևս պալատում, թեև այնտեղ, չհաշված Մնացը, ով ոչ ձուկ էր, ոչ միս, Գվոյի շքախմբից ոչ ոք չկար: Բոլորը մի տեսակ զգուշանում էին, վախենում հետը նախադասություն փոխանակել, երբեմն միայն աչքի պոչով նայում էին, սակայն այնքան խղճալի, ասես կառափնարան ճամփելիս լինեին: Պատճառը, թերևս, գիտեր, այդուհանդերձ, նման կտրուկ փոփոխություն չէր ակնկալում: Ամեն բան պարզ դարձավ, երբ Նշանը մատնացույց արեց հիվանդանոցի բակում քիթ քթի կանգնած երկու «Վոլգան»:

Գվոյի մոտ հաճախ էին քաղաքից մարդիկ գալիս: Չնայած մեքենաների մուտքը հիվանդանոցի տարածք արգելված էր, նրանք կարողանում էին պահակի հետ լեզու գտնել: Շաբաթ-կիրակի այցերն ավելի շատ էին: Գալիս էին, առնում Գվոյին, էլի մի քանիսին ու կորչում ծառերի տակ: Նրանցից հետո Գվոյի տրամադրությունը սովորաբար բարձրացած էր լինում: Ուռել է, - նման պահերի իրար մեջ խոսում էին գողականների շարժուձևից գլուխ հանողները:

Սկզբնական շրջանում Վռամի համար բոլորը պարզապես հիվանդներ էին, նույն ճակատագրի մարդիկ: Ինչ իմանար, որ ամեն հիվանդանոց, հիվանդություն չգրած օրենքներ ունի:

…Երեսունյոթ ու երկու աստիճան ջերմությունը երկու ամիս չէր անցնում, ախորժակից ընկել էր: Գյուղի տեղամասային բժշկուհին, տեսնելով դեղերը չեն օգնում, տարավ շրջկենտրոն: Ռենտգեն արեցին, ձախ թոքի վրա երկու փակ խոռոչ գտան, ու հաջորդ օրը «Շտապ օգնության» մեքենան նրան բերեց հիվանդանոց: Շենքը քաղաքից դուրս, կանաչուտ տեղ էր: Առաջին օրերին նույնիսկ կարգին գլխի չէր, ինչ հիվանդանոց է: Տուբերկուլյոզ բառը չէր հասկանում, իսկ տեղամասային բժշկուհին ճամփելիս ասել էր, թե բուժումը երկու-երեք շաբաթ հազիվ տևի: Իր համար շրջում էր, յուղալի ճաշերն ուտում, դեղորայք կուլ տալիս, գնում ստուգումների: Ծանոթությունը հիվանդների հետ բարև-բարի լույսից այն կողմ չէր անցնում: Պալատից անունով միայն երկուսին գիտեր: Երրորդը ծանր հիվանդ էր: Նրա հետ այդպես էլ չհասցրեց խոսք փոխանակել, որովհետև հաջորդ օրը տարան այլ՝ առանձին պալատ, տնից էլ մեկին կանչեցին խնամելու:

Բոլորովին պատահաբար ականջին ընկավ թոքախտ բառը. ծառուղով անցնելիս կանանցից լսեց: Ծնկները թուլացան, մի տեսակ եղավ՝ ոչ ամեն օրվա նման: Սկսեց զգուշորեն հարցուփորձել: Գրեթե բոլորը նույն պատասխանն էին տալիս՝ թոքախտ, թոքախտ, թոքախտ: Սահմռկած՝որոշեց մյուսներից հեռու մնալ, մեկուսացավ. հանկարծ ու վարակվի: Համոզված էր, որ իրենը սովորական թոքաբորբ է կամ նման մի բան: Խոռոչ բառն էլ չէր հուշում, որովհետև երբ դեռ շրջկենտրոնում ռենտգենոլոգին հարցրեց, թե ինչ է каверна-ն, ու նա հայերենն ասաց, ամաչեց երկրորդ հարցը տալ: Պատի, քարի խոռոչ, խորշ լսել էր, բայց թոքի՝ երբեք: Ու մի առավոտ էլ՝ զարհուրելի բառը լսելուց երեք-չորս օր անց, կողքի պալատից Պատոյի հարցին, թե մոտն ինչ են հայտնաբերել, պատասխանեց.

-Թոքերս մաքուր են: Ռենտգենը բան ցույց չի տվել:

-Բա ինչու՞ ջերմությունդ չի անցնում, -այն ժամանակ քմծիծաղ տվեց Մնացը:

-Ի՞նչ իմանամ: Երևի ուժեղ մրսած եմ, -նեղն ընկնելով՝ հիմնավորեց:

Եվ՝ սկսվեց:

-Քեզ մի քանի օրից դուրս կգրեն: Միայն զգույշ՝ չվարակվես, -խորհուրդ տվեց Պատոն:

-Հա՞, -միամտվեց Վռամը, հետո չկամեցավ անտեղյակի դերում մնալ, -երեկ դրա համար բակ չիջա:

-Բա ինչ: Ես քեզ՝ կենդանի օրինակ: Ողջ-առողջ եկել եմ՝ ինքս իմ ոտով, ընդամենը պիտի ստուգեին, բայց խրատ տվող չեղավ, վարակվեցի, -Պատվականի մտքինն անմիջապես ըմբռնեց Մնացը: -Արդեն յոթ ամիս է անտերանոցում վեր եմ ընկած:

-Հիմա դու վարակիչ ե՞ս, -ներսից փշաքաղվեց Վռամը, ով, չգիտես ինչ տրամաբանությամբ, դեռ էն գլխից որոշել էր, թե իրենցն ուրիշ բաժանմունք է, ու բոլորն իր պես սովորական թոքային հիվանդ են:

-Մինչև երկու մետրի վրա՝ չէ, դրանից մոտ չի կարելի:

-Բա դու՞, -հարցրեց Պատոյին:

-Ես չորս շքանշան ունեմ. իմի սահմանը մեկ մետր է:

-Ի՞նչ նշան: Ես ուրիշ բան եմ հարցնում, -ավելի խրվեց Վռամը:

Հռհռոց բարձրացավ:

-Լագերում եմ ստացել, -հետո պարզաբանեց: -Բանտում հիվանդացա. թոքերիս մեջ չորս աչագ էին գտել:

-Աչագը ո՞րն է, -պարզամտեց Վռամը:

-Սարում օջախ արած չկա՞ս: Այ՝ դա: Բացիլները չորս տեղ բույն էին դրել:

-Իսկ կավերնան ի՞նչ է, -իր հիվանդությունն ախտորոշել կամեցավ Վռամը: -Անուններ էլ չեն դնում՝ օջախ, խոռոչ, քարանձավ…

_Չլինի՞ կավերնա ունես, -գլխի ընկավ Մնացը: -Դա, հո…

-Կավերնան հեչ բան է, քսան օրում կբուժեն, -Մնացին կանխեց Պատոն: -Մարդկանց թոքերի ճիճուն են հանում, ուր մնաց…

-Բայց հո չեք հնարու՜մ, -զրուցակիցների խոսքում թեթևակի ծաղր որսաց Վռամը:

-Չես հավատում, վաղը բժշկիդ հարցրու: Տոպրակով ճիճու՝ աչքովս եմ տեսել: Մենակ թե դա առանց կտրելու հնարավոր չէ:

-Իսկ քեզ ո՞նց, առանց բուժելու դուրս գրեցի՞ն, - Վռամի ուշադրությունը շեղելու, թե հետաքրքրասիրությունը բավարարելու համար խոսքը փոխեց Մնացը:

-Էդ որ պատմում եմ, երեք տարի առաջ էր: Բուժելը բուժում են՝ այստեղից հազար անգամ լավ: Կրկնվեց, էլի անտերը, -ընդամենը մի պահ անկեղծ վիշտ նկարվեց դեմքին, ձայնում:

-Թոքախտը հիմա բուժելի է՞, -զարմացավ Վռամը:

-Չէ հա. մեկ որ ընկար, էլ պը՜րծ, հա կհիվադանաս: Ինձ տես, քես խղճա: Օրումեջ մեկ լիտր սոկ են թոքերիցս քաշում: էն էլ իմն ընդամենը պլևրիտ է: Գիտե՞ս ինչ ասեղով, -Մնացը ցույց տվեց դաստակը, -այ, էսքան: Որ մոտեցնում է, կասես, հրես, մյուս կողմից դուրս կգա:

-Քո ասածը օդ փչելուն չի հասնի: էնքան են հուպ տալիս, փորդ դառնում է դհոլ: Բա գիտես ինչու՞ եմ կլորվել, -վիլվետից խալաթը բացեց Պատոն, -լրիվ օդ է: Էսօր նորից են տալու. առաջինից տասն օր է անցել:

-Լցնում են, որպես ի՞նչ, -թերահավատորեն նկատեց Վռամը:

-Չի հավատում: Բան եմ ասում, երբ քեզ կտան, խոսքս հիշիր, -հետո ուշքի եկավ: -Այսինքն՝ քո բախտը բերել է: Մենակ թե, էլի եմ ասում, վարակ չվերցնես: Իսկականից. օդը ներքևից հուպ են տալիս, թոքերդ սեղմում իրար, հետն էլ կավերնան: Մատդ հեչ կտրած կա՞ս, -չնկատելով, թե Վռամն ինչպես գունատվեց, խոսքն առաջ տարավ Պատոն:

-Հա, - ինքնաբերաբար պատասխանեց, իսկ մտքում կավերնա բառն էր:

-Կտրվածքն իրար սեղմած, մոտեցրած է շուտ լավանում, թե՞ հեռու-հեռու: Մեր հիվանդությունը նույնն է, բայց թոքերում:

-Երևի, -խեղճացավ Վռամը:

Հետո նրանք գնացին, իսկ Վռամը փշաքաղ՝ մնաց խոհերի հետ:

…Գյուղում անասուն մորթելիս պարտադիր ստուգում էին թոքերը: Եթե գույնը դուր չէր գալիս, վրան, ներսում թարախային բշտիկներ, անցք, կրային կոշտուկներ հանդիպեին, դեն էին շպրտում, հողամասի հեռավոր անկյունում թաղում, որպեսզի շները, կատուները բերան չառնեն: Չլինի՞ իրենը նույնից է: Կոճակներով լիներ, կամ թե ցեպ, մի հարմարանք ունենար մադուս կուրծքը, բացեիր, տեսնիր ինչն ինչոց է, հետո էլի սիրուն փակեիր:

Մեռյալ ժամին մի փոքր քնեց, բայց դա ոչ թե քուն էր, այլ մղձավանջ: Հսկա, մետրանոց ասեղներով ճերմակ խալաթավորների մե խումբ անվերջ ու անվերջ մեջքից ջուր էին քաշում: Հանում, դատարկում էին հատակի անքանակ տաշտերի, դույլերի մեջ, շարունակում: Կեսքուն-կեսարթուն գլխի էր, որ ողջը երազ է: Շրջվում էր մյուս կողին, փորձում արթնանալ, սակայն պրծում չուներ. տեսարանը վերստին կրկնվում էր: Մի տարբերակ էլ կար, որում տղայի հեծանվի դողերը փչելու գործիքով պորտից օդ էին մղում ներսը: Փորը տռզել, դարձել էր աշնանացանը մտած անկշտում կովի ստամոքս: Իբր, դա քիչ է, տեղամասային բժշկուհին երբեմն-երբեմն մոտենալով՝ մատներով պինդ-պինդ շոշափում էր, գլխով շարունակեու նշան անում:

Մինչ այդ Պատոն ու Մնացը հարկին հասցրել էին տեղյակ պահել առավոտվա խոսակցությունը, ու երբ ընթրիքին Վռամը գդալ-պատառաքաղն առած գնաց խոհանոց՝ վերստին լվանալու, ետքից քչփչոց լսեց: Կասկած ընկավ սիրտը, բայց աշխատեց կարևորություն չտալ: Ինձ հետ կապ չունի, -որոշեց:

-Թեյի բաժակը մոռացար, -երբ ետ եկավ, հուշեց մեկը:

Շփոթված՝ բաժակը ևս ողողեց: Հուզմունքից հաց-կարագը կուլ չէր գնում:

-Լավ կլինի քո ամանեղենն ունենաս՝ սեփականը. սրանց հազար տեսակ մարդու ձեռք է դիպել:

Չպատասխանեց:

-Բարեկամ-բան չունե՞ս, ասա, թող բերեն:

Նրանք թատերախաղն այնքան վարպետորեն էին առաջ տանում, որ Վռամը հավատաց՝ կարծելով ի սրտե է ասվում:

-Կինս տասն օր հետո գալու է: Կասեմ բերի:

-Մինչև եկող շաբաթ հո չե՞ս սպասելու: Բժիշկներից մեկին փող տուր, քաղաքից կառնի:

Ոմանց դեմքին վատ սքողած ժպիտ նշմարեց. հեգնում էին: Թիրախ չդառնալու համար վճռեց լռել՝ գլուխը հակելով թեյի բաժակին: Ըմպում էր՝ ջանալով գավաթի պռնկին շրթունքներով հնարավորինս քիչ դիպչել: Այդ կերպ թեև անաղմուկ դժվար էր, փոխարենը չկար զզվանքի զգացողություն:

-Էդ դու ոչ մի անգամ հիվանդանոցում չես եղե՞լ, որ տնից գդալ, դանակ, բաժակ չես բերել:

Վռամն առաջին անգամ չար նայեց հարց տվողին. կողքի պալատից էր:

-Հիվանդացած չկամ:

-Էս էլ սարում անձրևի տակ է մնացել: Սովորական մրսածություն է, կանցնի, -հովանավորողի սրտմոտությամբ բացատրություն տվեց Պատոն:

-Հիվանդ մարդու հոգու հետ չեն խաղա, -դիտողություն արեց անկյունում միայնակ նստած չորուկ դեմքով անձնավորությունը, որ մինչ այդ լուռ էր:

-Պահ, կարծես կերանք, -նեղսրտեցին այսուայն կողմից:

-Ընկերով մահը հարսանիք է, հա՞, -դառնությամբ ավատելով՝ նա գնաց պալատ:

-Դրանը համ էլ ցիռոզ է:

-Ո՞նց էլ հետը մնում ես, Բաղդո: Չարությունը դեմքից թափվում է, -արհամարհանքով դեմքը ծամածռեց Վարուժը:

-Էգուց-էլօր սատկելու է: Լավ մարդ որ լիներ, մոտը կգնային, կգային:

-Ցիռոզին բուժում չկա, թոքերը թոշնում, թափվում են:

Այդ ու հաջորդ օրերին մեկը մյուսից վախենալու էլի որքա՜ն պատմություն լսեց Վռամը: Հիվանդները հիմնականում ճիշտ էին, միայն թե գիտեին ամեն բան չափից դուրս սրված, թանձր գույներով ներկայացնել:

-Բժիշկների խորհուրդները, նշանակումները կատարելու դեպքում տուբերկուլյոզը հարյուր տոկոսով բուժելի հիվանդություն է, -հաջորդ առավոտ բուժքրոջ սենյակում հանդիպեոլվ Վռամին՝ ասաց ցիրոզ ունեցողը, այնուհետ առաջարկեց իրենց սենյակ գնալ: -Քիչ անց արյուն են ներարկելու, մի ժամ կտևի: Արի զրուցենք:

Նման բան առաջին անգամ էր տեսնում: Բուժքույրը մետաղյա չռած ոտքերով ձողեր բերեց, թափանցիկ խողովակներ ու մի բավական մեծ սրվակ արյուն, որը Վռամը սկզբում դեղ կարծեց: Տեղակայելուց հետո փողրակի ծայրն ամրացնելով արմնկածալին ամրացված ասեղին՝ նա զգուշորեն կարգավորեց արյան հոսքը:

-Ամեն ինչ կարգին է, -լարված աշխատանքից հետո հևալով՝ ավելի շուտ իրեն հանգստացնելու նկատառումով ասաց: -Ինչքան դանդաղ հոսի այնքան լավ, -այնուհետ դարձավ հիվանդին: -Հը՛, լա՞վ ես զգում, Գեղամ:

-Գերազանց: Դուք կարող եք գնալ, ես կհետևեմ:

-Փոփոխություն չե՞ս զգում:

-Ամենևին:

-Այդպես էլ պետք է լինի: Ես շուտ-շուտ կգամ: Աչքներդ վրան պահեք: Դուք էլ…-խոսքն ուղղեց Վռամին, -ձեր անունը մոռացա:

-Վռամ:

--Շուտ պրծնելու համար հանկարծ չարագացնեք:

Վռամն ու Գեղամն այդպես ծանոթացան:

-Ինչի՞ն հետևեմ, -բուժքրոջ գնալուց հետո հարցրեց:

-Առաձնապես բան չկա: Կաթիլքը կարող է հանկարծակի ուժեղանալ, կտրվել, մեկ էլ, ասում են, օդ չպիտի մտնի խողովակ: Եթե սրտին հասավ, իբր, տեղնուտեղը կմեռնի:

Վռամն անհանգիստ՝ տեղից ելավ:

-Անհոգ ման, ամեն ինչ հերմետիկ է: ֆիզիկայի օրենքով ևս, ինչքան հասկանում եմ, չպետք է անցնի: Այնքան դանդաղ է հոսում, որ տասն անգամ կհասցնենք ասեղը դուրս քաշել Դու նստիր, նստիր: Էդ բոլորը հիվանդների երևակայության արդյունքն է, ականջ մի դիր:

Վռամը մտաբերեց նախորդ օրվա խոսակցությունը: Գեղամի հայացքին չհանդիպեու համար սկսեց հետևել արյան հոսքին: Իբրև զրուցակից, նա բանի պետք չէր: Ամենաշատը կարող էր հարցեր տալ, իսկ սովորաբար լսողի դերում էր: Ավելի մեծ տառապանք, քան խոսելը, չգիտեր: Ողջ կյանքում նախանձով, զարմանքով էր հետևել նրանց, ովքեր չեղած տեղից պատմություն էին շինում: Եթե առիթից առիթ հարկադրված պատմում էլ էր, կցկտուր, համառոտած, երբեմն նաև՝ բառերը կուլ տալով: Մանրուք ասածը նրան չէր վերաբերում. համոզված էր, թե մանրամասնությունները ոչ ոքի հետաքրքիր չեն, եթե ինքը գիտի, մյուսների համար նմանապես ձանձրալի է: Բնականաբար, նոր միջավայրում բնավորության այդ գիծը պետք է առավել ընդգծվեր:

Խոսողը միայն Գեղամն էր:

-Քոնը, համոզված եմ, սրան չի հասնի, -նա գլխով ցուցեց սարքը: -Եթե շատ հյուծված լինեիր, գուցե կաթիլային նշանակեին: Չէ, տեսքիդ նայողը չի էլ ասի, թե հիվանդ ես: Ջերմություն լինու՞մ է:

-Երեսունյոթ ու երկու, երեք: Յոթ ու հինգից չի անցել:

-Վաղու՞ց է:

-Երկու ամսից ավելի:

-Բժշկի շուտ պետք է դիմած լինեիր: Բայց, ոչինչ, էլի լավ ես պրծել: Սկզբում դեղորայքային բուժում կանեն: Կսկսեն ամենասովորականից՝ տուբազիտ, պասկ, ստրեպտոմիցին: Թե չօգնեց, ավելի ուժեղները կան: Դեղեր ընդունու՞մ ես, ալերգիա հո չի՞ տալիս:

-Բոլորը խմում եմ:

-Կարևոր է, թե որ փուլում են հայտնաբերել ախտահարությունը: Պատահում է, բանը բանից անցած է լինում, և դեղերը դառնում են անզոր. հիվանդությունը խեղճանալու փոխարեն սրվում է: Էդ դեպքում դժվար է, բայց բուժման տարատեսակ միջոցներ կան. էլ ստամոքսի ու թոքերի միջակա տարածք օդ մղել, էլ պունկցիա՝ ախտահեեղուկի հեռացում, դեղ շնչել: Հատուկ սարքեր կան. դեղորայքը հզոր ճնշման տակ փոշիացնում է, որը և շնչելիս, անցնելով թոքերը՝ անմիջականորեն ազդում է վերքի վրա, եթե, իհարկե, վերջինս բաց է: Փակ խոռոչին, օրինակ, չի օգնում:

Վռամը սփրթնեց, շնչելը մեկից դժվարացավ: Խոսքով տարված՝ Գեղամը չնկատեց:

-Կավերնայի երկու տեսակ կա՝ բաց, փակ: Բացը նրանով է վատ, որ վարակիչ է, փոխարենը դեղորայքային բուժումը կարող է լավ արդյունք տալ, իսկ փակը…-դռան բացվելը նկատելով՝ նա դադար տվեց:

-Հը, ինչպե՞ս է, -գլուխը բացվածքից ներս խցկեց բուժքույրը, -չի՞ արագացել: Մնաց մեկը սրսկելու, դա էլ անեմ…

-Լավ կին է, -նկատեց Գեղամը: -Չձանձրացրի՞:

-Չէ, -տնքաց Վռամը:

-Ու՞ր հասա:

-Կավերնայի մասին էիր ասում՝ փակի:

-Դրանց վրա դեղը համարյա չի ազդում: Ի՜նչ հետաքրքիր բան է բնությունը. օրգանիզմը պաշտպանական շերտ, գոտի է ստեղծում, կրակալում վերքի չորս բոլորը, որպեսզի վարակը տարածում չստանա, և հիվանդության հարուցիչները մնում են ներսում: Մարդ կարող է այդ կերպ տասնյակ տարիներով ապրել՝ առանց գիտենալու, որ հիվանդ է: Բայց թե՝ գործող հրաբուխ է, պահը եկավ, անսպասելի կժայթքի, ու արյունը, խոռոչում եղածը կլցվեն շնչուղիները: Եթե ժամանակին օգնության չհասնեն, կարող է և մահանալ: Այդպես, իհարկե, հազվադեպ է պատահում: Վախեցրի՞, -նոր նկատելով Վռամի դեմքի դժգունությունը, ժպտաց Գեղամը:

-Ես վարակի… Երեխաները…-կմկմաց Վռամը:

-Չեմ կարծում: Վարակելն այդչափ հեշտ չէ: Նախ՝ տևական շփում է պետք և հետո՝ Կոխի բացիլ ցանկացած մարդու մարմնում կա, իսկ օդում հազարների, միլիոնների է հասնում: Դպրոցներում որ պատվաստ են անում, գիտես ի՞նչ է. մարմինը վարժեցնում են հարուցիչին, փաստացի վարակում են, որպեսզի պաշտպանական հատկություն ձեռք բերի: Եթե մարդը շատ է հյուծված, վատ պայմաններում է ապրում, սնունդը բավարար չէ, շարունակական հուզումների մեջ է, նյարդերն են թույլ, կարող է հիվանդանալ, նույնիսկ թեթև մրսելիս, հարբուխից հետո: Գողերի և պոետների հիվանդություն են սրան ասում:

-Իսկ օպերացիա… ու՞մ են անում:

-Վիրահատությունը վերջին միջոցն է: Հեռացնում են թոքի հիվանդ հատվածը, պատահում է՝ ամբողջ աջ կամ ձախ կեսը:

-Ու նա շարունակում է ապրե՞լ, -ապշեց Վռամը:

-Մարդու ամենահետաքրքիր մարմնամասերից է թոքը: Նախ՝ ցավ չի զգում…

-Էդ ո՞նց: Շնչելիս ես մեկ-մեկ ծակոց եմ առնում:

-Պլևրան է՝ թոքին շրջապատող թաղանթը, որը հասարակ բորբոքման դեպքում անգամ կարող է քսվելով կողին, ցավ պատճառել, իսկ թոքը՝ չէ, բայց նա էլ աճելու, մեծանալու հատկություն ունի. ժամանակի ընթացքում գալիս, լցնում է հեռացված հատվածի տեղը:

-Իսկ ճիճունե՞րը: Էն օրն էին խոսում: Դա ի՞նչ է, -իր անտեղյակությունից ամաչեց Վռամը:

-Թոքային հիվանդություն է, տուբերկուլյոզի հետ ամենևին կապ չունի: Ի միջի այլոց, կարող են ախտահարվել ոչ միայն թոքերը, այլև աղիները, ոսկորները, երիկամները…

-Դու էդքանը, Գեղամ… Բժի՞շկ ես, -առաջին անգամ զրուցակցին անունով դիմեց Վռամը:

-Այստեղ երկար մնացողը բժիշկ էլ կդառնա. տասնվեցերորդ ամիսն է կլորվում, անում է համարյա տարի ու կես:

Վռամն ուզում էր որևէ սրտագրավ խոսք ասել, բայց չէր գտնում: Մի բան արած լինելու համար՝ բացեց պատուհանը:

-Ընտանիք, երեխաներ, ի՞նչ ունես:

-Չորսն են՝ երեք տղա, մի աղջիկ, իսկ դու՞:

-Դուրս գրվելուց հետո անպայման առողջարան գնա, -պատասխան հարցը չլսելու տվեց Գեղամը: -Ներքևի դարակում բամբակ պիտի լինի: Մի փոքր տուր, խնդրում եմ:

Վռամը բացեց պահարանը: Ներսում փայլը կորցրած երեք-չորս կիտրոնից, երկու կապ բինտից ու բամբակից զատ բան չկար: Վերևի դարակը բռնել էին գրոտած թղթեր, թերթեր, ամսագրեր:

-Մարդ, գնացող-եկող կա՞, -հարցրեց, հետո տեղնուտեղը փոշմանեց. եթե իրեն տված լինեին, կամաչեր, կնեղվեր ճշմարտությունն ասել:

-Կինս երեխայի հետ տնից գնացել է: Տասն ամիս երեսները չեմ տեսել: Մեկ-մեկ քույրս է Թիֆլիսից գալիս՝ Արաքսը, հիմնարկից են եկել, բայց դե… Ամեն ինչ շուտով կավարտվի՝ էս արյունը, սրսկումները… Էլ ուշ է:

-Թող օպերացիա անեն, -փորձեց ելք առաջարկել Վռամը:

-Թոքը՝ հեչ, լյարդի ցիրոզի համեմատ խաղուպար է: Կրկնակի վիրահատել են, չի օգնում:

Նա թեթևակի ետ տարավ վերմակը: Աջակողմում վիրակապեր կային, որտեղից ռետինե մի բարակ խողովակ դուրս գալով՝ կորչում էր ծածկոցի ծալքերի տակ:

-Անջատիր, խնդրում եմ, պրծնելու վրա է: -Սա էլ տեղը ամրացրու, իսկ ինքը մաքրեց ուլունքի նման դուրս տված արյունը, ապա բամբակը հպած պահեց վրան: -Բոլոր քույրերը չէ, որ շուտ են երակ մտնում: Մեկը կա, ջահել էլ աղջիկ է՝ քույրականը նոր ավարտած: Ասում եմ՝ հոգիս, մաշկի տակ է գնում: Սա թե՝ լավ կլինի, չշարժվես, ուրեմն՝ ես չգիտե՞մ վեննան ո՞րն է: էնքան էլ կոպիտ… Մաշկի տակ դեղը փուչիկ կանգնեց, նոր վայ-վույ է անում: Կապտուկը մինչև հիմա չի անցնում, կլինի մեկ ամիս…

Վռամն սկզբից ևեթ նկատել էր արմնկածալի լերդած արյուն հիշեցնող սևությունը՝ թանաքի փայլով: Ուզում էր հարցնել պատճառը, բայց հարմար չէր գտնում, ու հիմա մոտենալով՝ մոտիկից նայեց: Դաստակը երակի ուղղությամբ առողջ տեղ չուներ, հազիվ նշմարելի մուգ կետերն ասեղի հետքերն էին:

-Վեցերորդ անգամ են ներարկում: Պատահել է, այսօրվա նման պառկել եմ, տրվել խոհերին: Ներշնչանքը երբեմն այնքան ուժգին է եղել, որ ենթարկվել եմ, թվացել է, արյան ամեն կաթիլի հետ փոխվում եմ. բնավորությանս մեջ այլ գծեր են ի հայտ գալիս, մտածումներս դառնում ուրիշ: Այս անգամվանը, -ինձ ու ինձ որոշում եմ, -երիտասարդի արյուն է՝ ուսանողի: Քսանը հազիվ է բոլորել: Աչքերս փակում եմ ու գծագրում՝ փողոց, ծաղկի կրպակ, զբոսայգի... Ահա նա՝ քիթը, աչքերը, ծնոտը... Ու հետզհետե ձև է առնում արտաքինը: Մի քիչ ինձ է նման, մի քիչ ծանոթներիցս որևէ մեկին, կոնկրետ դեմք չունի, ո՞վ է՝ չգիտեմ, ճշտելու կարիք նույնպես չունեմ: Ապա... սկսում եմ գործողության մեջ դնել: Ի՞նչ է անելու դասերից հետո, ու՞ր է գնալու: Ժամադրությա՞ն: Դե, բարեկամս, շարժվիր: Ծաղիկ գնելու դրա՞մ - ունես: «Հինգ ճերմակաթերթ վարդ, խնդրում եմ»: Ծաղկավաճառը հմայված, փոքր ինչ նախանձով է նայում ջահել, ձիգ, ժամադրավայր ունեցող երիտասարդին: Իսկ նա իմ հրահանգով քայլում է: Աշխարհը և՛ կա և՛ չկա: Խաչմերուկ է հայտնվում: Տղան դառնում է անհամբեր. նկատել է մայթն ի վար եկող օրիորդին: Ի վերջո վառվում է կանաչ լույսը: Նրանք միասին են... Հիվանդանոցի իմ այս մահճակալից տեսնում, լսում եմ ամեն ինչ, հուշում հետագա քայլերը, հարթում հնարավոր խոչընդոտները, որ իրական աշխարհում կարող են հանդիպել նրանց ճանապարհին:

Տեսակցության, զրույցի, սիրախաղի տասնյակ ու տասնյակ տարբերակներ կան: Այսօր մեկն է հավաստի թվում, վաղը մյուսը: Ու՞ր գնան՝ կինո՞, սրճարա՞ն, զբոսայգի՞: Երկուսի համար էլ միևնույն է, միայն թե միասին լինեն: Այժմ որքան էլ երկարի ավտոների հոսքը, չեն ձանձրանա: Ընտրում եմ որևէ տարբերակ և շարունակում դիտել կինոժապավենը, որի և՛ սցենարիստը, և՛ ռեժիսորն ու օպերատորը ես եմ, միայն ու միայն ես: Տղան արիաբար բռնում է աղջկա ձեռքը: Այլևս չի ամաչում շարջապատից. պարտավոր է, չէ՞, օգնել՝ անցնելու փողոցը: Հետո... աչքին այլևս բան չի երևում: Խաչմերուկ չկա, լուսացույցը մշուշի մեջ է: Ի՜նչ երջանկություն... Արևը, տները, զբոսայգին, մարդիկ... Կյանքը, որ լքում է ինձ, որ շարունակվելու է, երբ ես չեմ լինի...

Գեղամը մոռացել էր Վռամին ու մնացել մենակ, մեն-մենակ՝ մոտեցող մահվան դեմ: Օր օրի սպառվող ուժերն անզոր էին որևէ բան փոխել, շտկել: Կորցրածը ետ բերել այլևս անհնար էր, ու նրան բաժին տառապանքն էր մնացել: Մնացել էր ցավը, որ կրեր պիտի, մինչև փակվեին աչքերը, որոնք նունիսկ հրաժեշտի պահին չպիտի տեսնեին աշխարհի լավ ու վատից դեռևս գլուխ չհանող զավակին, կնոջը, ով լքեց ամենանեղ պահին: Լքեց: Լքեց...

-Կլիներ տասն օր տնից լուր չունեի: Կարոտը կոկորդիցս բռնած խեղդում էր: Տղաներից մարդ կա, շորերը չի հանձնել. քաղաք, տուն գնալու համար բժիշկներից թաքուն պահում են: Խնդրեցի մի քանի ժամով տալ: Վաղօրոք զանգեցի, ասի տեղյակ պահեմ: Ուրախանալու փոխարեն զայրացավ, չուզեց տուն գնամ: Երեխային կվարակես, -ասաց: Առաջարկեցի այգում հանդիպել, մի կերպ համոզեցի: Աստված իմ, ի՜նչ ժամեր ապրեցի: Գուցեև ինքը ճիշտ էր. հիվանդ-հիվանդ քաղաք գնալու, մարդկանց հետ շփվելու, յոթ տարեկան զավակիս ձեռք տալու, համբուրելու բարոյական իրավունք չունեի, բայց դա սոսկ պատրվակ էր: Նա մինչ այդ էր որոշում կայացրել: Գոնե մի անգամ ժպտար, ինձ չէ՝ առողջ օրերի Գեղամին գոնե գթար, նրան, ով իր տղայի հայրն է... Դա դեռ ոչինչ: Մեկնելիս երեսիս շպրտեց, թե ես ոչնչի պետք չեմ, թե զուր եմ տանջվում, և գրածներս ոչ ոք չի տպի, չի ընթերցի, որովհետև մարդիկ կուշտ են տառապանքից ու տխուր բաներ ունկնդրելու ուժ, ցանկություն չունեն: Ամենևին չունեն:

Նրա հեռանալուց հետո մտա սրճարան և երկու շիշ գինի խմեցի՝ պորտվեյն: Հետս փող չէի վերցրել. ընդամենը երեք ռուբլի կար: Հիվանդ, անուժ մարդ և՝ պորտվեյն: Ձյուների միջով հասա այգու նստարանին: Ուշ ժամ էր, և այնտեղ ոչ ոք չկար: Գլխապտույտ էի զգում, սրտխառնուք: Մի ցանկություն ունեի. երկարել նստարանին, դեմքս հպել ձյուներին և մեռնել, մեռնել... Հետո սթափվեցի: Իրավունք չունես, -ասում էր հեռվում մնացած մանկահասակ զավակս: Համամիտ չենք, -արձագանքում էին զրկանքի գիշերների արդյունք տրցակներով ձեռագիր թղթերս: Այլ ընդվզող չկար, մարմինս ու հոգիս զենքերը վայր էին դրել: Մի կերպ ոտքի ելա... Նույն պահին, հիշում եմ, հազս բռնեց, ու երբ թքեցի, ձյունը կարմրեց...

-Լյարդն այդ գիշեր մրսեցրեց, մինչև հիմա տանջում է: Գտել էին ձյուների մեջ: Գոնե լավ է, կարողացել էր հիվանդանոցի անունը տալ: Տուբերկուլյոզն էլ սրվեց, թե չէ, բան չկար, մի ամիս հետո դուրս էր գրվելու: Նորից նոր սկսեցին...-միջամտողը բուժքույրն էր, ում ներս մտնելը ոչ Վռամն էր նկատել, ոչ Գեղամը:

Զրույցը դրանով էլ ավարտվեց:

Հարկի հիվանդները դարձյալ մեկ-երկու օր ծաղրեցին Վռամին, հետո տեսնելով նրա՝ անհայտ աղբյորներից ամբարած գիտելիքների պաշարը և համոզվելով, որ խոսքի նետերը դիմացինին այլևս խոր ցավ, իսկ իրենց հաճույք չեն պատճառում, սկսեցին հոգին ծվատելու նոր միջոց մտմտալ:

Գվոյին այդ օրերին տեղափոխեցին կողքի պալատը: Վռամն իմացավ նաև, որ իրենցը վիրաբուժական բաժանմունք է: Իհարկե, կային նաև այլ՝ համեմատաբար թեթև հիվանդներ՝ մի մասն ուրիշ բաժիններում տեղ չլինելու պատճառով, ոմանք՝ ծանոթի հսկողության տակ գտնվելու համար բերված, սակայն գերակշիռ մասը վիրահատության ենթակա էր, ըստ այնմ՝ համեմատաբար չար, թոքախտի դեմ տևական անարդյունք պայքարից, նրա ահասարսուռ ընկերակցությունից հոգնած, հուսախաբ:

Գվոյին մինչ այդ էլ էր տեսել, դեմ-դիմաց ելել էին: Չէր կարողացել աչքերի մեջ նայել, հայացքը փախցրել էր՝ սպասելով մինչև անցնի կամ թե կռանալով գուլպաներն էր ուղղել, իբր, ծռվել են, փոթ ընկել: Շփոթեցնողը, ինչպես որոշեց Վռամը, հայացքն էր՝ թափանցող, համարձակ: Կոպերն առանց թարթելու, անքթիթ նայել գիտեր: Ուրիշ զենք, մյուս հիվանդների նկատմամբ այլ առավելություն, թվում էր, չունի: Գուցե իսկապես չուներ, բայց երբ Վռամն իմացավ ով լինելը, երբ պատմեցին, թե ինչպես է կնոջն սպանելու նպատակով բանտից փախել, երբ մյուսների երկյուղը, նրան ծառայելու, ամեն ցանկություն կատարելու պատրաստակամությունը տեսավ, լսեց, թե ինչպես է կարգադրություններ անում, միայն գողին հատուկ շարժուպահվածքը մասամբ տարբերելով՝ ակնածեց, համակվեց նույնպիսի ակնածալիղ վախով, կորցրեց հոգու կորովը՝ դառնալով վերջինիս չհայտագրված հպատակը: Եղավ պահ, նախանձեց Գվոյի մոտիկներին՝ նրանց, ովքեր կողքին լինելու համարձակություն ունեին, հաղորդակից էին նրա խոհերին, գաղտնիքներին էին հասու:

Հարկի մարդկանց չառնչվելու համար ազատ ժամանակը գրեթե միշտ բակում էր անցկացնում՝ ուսումնասիրելով հիվանդներին: Մեծամասնությունը խեղճուկրակ, արտաքնապես ոչնչով աչքի չընկնող անձինք էին, մանավանդ կանայք, աղջիկները: Գորշ խալաթների մեջ նրանք այնքան անգրավ էին, որ մի քանիսի՝ շուրթերը ներկելն ու մազերը դիք-դիք սանրելը Վռամի աչքին լրբության պես բան էր երևում՝ կյանքից չկտրված, չօտարված, կանացի լինել-ներկայանալու զուր ջանք, ավելորդություն: Միայն մեկը՝ շիկավուն ծամերով, մոխրագույն աչքերով, իսկական գեղուհի՝ համատարած տաղտուկում առանձնանում էր՝ ազնվական դեմքով, մարմնի կանոնավորությամբ, շարժմունքով, անգամ տխրությամբ: Չէ՞ր նկատում, թե՞ չնկատելու էր տալիս իրեն ուղղված հայացքները: Վերացած գնում-գալիս էր ծառուղով, անմատչելի՝ մինչևիսկ կանանց: Այտերին թեթևակի կարմրություն կար: Չլիներ բամբակից խալաթը, հազարից մեկի մտքով չէր անցնի, թե հիվանդ է: «Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով», -ամեն անգամ նրան տեսնելիս հիացած շշնջում էր Գեղամը: Այնքան էր կրկնել, որ Վռամը ևս անգիր արեց: «Կապույտ աղջիկ՝ ակաթի ու կաթի պես հոգեթով…»: Նույնիսկ հասակակից աղջիկները, որ նման դեպքերում նախանձից իրենց ուտում են, անքեն էին ընդունում օրիորդի գոյությունը. բախտակի՜ց էր:

Վռամը վերստին բաժանմունքի թիրախը դարձավ կնոջ այցից հետո: Հիվանդատես եկողներն անխտիր հետներն առատ ուտելիք էին բերում, քանի որ կազդուրիչ սնունդը բուժման նախապայմաններից էր: Թե հարազատներն ինչ գնով, ինչ ճանապարհով էին հայթայթում ողջը, հետաքրքիր չէր, որ մեծ մասը՝ ճաշի, մրգերի հնանում, նեխում, աղբանոցի բաժին էր դառնում՝ նույնպես, միայն թե պարտքը կատարած լինեն, խիղճը հանդարտեցրած:

Դեղձիկն էլ էր բերել, սակայն… Երկու հավ էր մորթել, գնդով կարագ դրել, մեղր, պանիր, լավաշ, ձու՝ ամեն ինչից բոլ-բոլ: Ավտոբուսով շաբաթ օրն ուշ ժամի եկել էր և, ճար, ճամփա չիմանալով, գնացել քրոջ դստեր տուն՝ գիշերելու: Սիրով ընդունել էին, հարցրել գալու պատճառը: Ամաչել էր ամուսնու հիվանդության անունը տալ, ասել էր՝ դպրոցները շուտով բացվելու են, եկել եմ շորից, գրքից, ռետինից-բանից առնելու: Դրանց երեխաները գնացել-եկել, աչքները գցել են կապոցին, սա էլ՝ ամոթին գերի գեղջկուհի, բացել է, թե՝ ձեզ համար եմ բերել: Նրանք անուշ-անուշ կարագն ու մեղրն են ճաշակել, Դեղձիկը՝ իրեն:

Առավոտյան քրոջ աղջիկը կամեցել է հետը պտտվել խանութները: Մի կերպ հնարել է, թե ամուսնու բարեկամներից եսիմ ում պիտի տեսնի ու այդ կերպ գլուխն ազատել: Հետո շուկայի տեղն է գտել, մի ճաշարան, խնդրել-պաղատելով, հիվանդության գաղտնիքն օտարին վստահելով՝ տասնհինգ ռուբլու դիմաց երեք հավ առել՝ տոմատով, սոխով սարքած:

Դեսից-դենից մի երկու ժամ խոսեցին, հետո Դեղձիկը գնաց: Ճաշի էլ ժամն էր: Ամբողջը տարավ վերև, բացեց, որպեսզի ընկերովի ուտեն: Հաճախ էր նրանց բերածից թեև չուզելով, ամաչելով, բայց օգտվել: Հազիվ առիթ էր՝ պարտքը վերադարձնելու, հնարավորություն՝ ուրիշի հաշվին կերածն ի վերջո կուլ տալու, որ քանի՜ օր բկին դեմ առել, ներս չէր գնում: Թեթև ամոթի զգացում ուներ. քչփչոցը հուշում էր, որ բոլորի աչքն իրենց սեղանին է:

Դեռ կտրատելու պահին հոտ ընկավ քիթը: Սկզբում այն հազիվ էր ընկալվում. սոխն ու լոլիկի մածուկը թույլ չէին տալիս, բայց հետո շատացավ: Տենդի մեջ շարունակեց մասերի բաժանել:

-Կերեք, -ավարտելով՝ առանց սեղանակիցների աչքերին նայելու, անվստահ ասաց ու, որպեսզի տպավորություն չլինի, թե կծծիությունից բերանը չի բացվում, հավելեց: -Դե սկսեք, ճռները…-և ազդրամիսը դեմ արեց Նշանին, ով անուն հանած որկրամոլ էր:

-Ոնց որ թե հոտ եմ առնում, -հազիվ բերան տված՝ ետ քաշվեց Հայրոն:

-Բանի վրա ես, -նեղսրտեց Նշանը, որ, ըստ երևույթին, վաղուց էր գլխի, սակայն ափսոսանքից կարևորություն չէր տալիս:

-Ճիշտ եմ ասում, -Հայրոն վերստին կռացավ մսի վրա, ապա մի պատառ վերցնելով՝ դեմ արեց հարևան սեղանին նստած Մնացին, -հլա դու տես:

Վռամը նրա նկատմամբ թշնամանք զգաց. Շատ էլ քո ասածն է, ու՞ր ես աղմուկ դնում, չգիտե՞ս, հիմա կթափվեն գլխներիս: Եվ, իրոք, շատերը պարտք համարեցին հոտոտել ուտեստը:

-Երևի ճամփին է կպել, -խեղճացավ Վռամը:

-Ավտոբուսո՞վ էր եկել: Քանի՞ ժամվա ճամփա է:

-Երեք:

-Կկպնի, բա ինչ, -գլուխը տմբտմբացրեց Պատոն:

-Հարամ եք անում, -ձեռքի կիսակեր կրծքամիսը սեղանին շպրտեց Նշանը:

-Թե դու էլ հրաժարվեցիր, հաստատ ուտելու բան չէ, -նկատեց Աղասը, ով Գվոյի պես պատիվ չէր համարել նրանց սեղանին մոտենալը, բայց Վռամին ծաղրելու առիթ գտնելով՝ եռանդուն ոտքի ելավ: -Թողեք տեսնեմ:

Մտքին ակնհայտորեն բան կար:

-Արա, էս չեն մաքրել: Վռամ, ձեր գյուղում հավը բմբուլով են ուտու՞մ, -ու չսպասելով պատասխանի՝ մատնացույց արեց թևերի մնացած փետրարմատները: -Տեսե՛ք:

Խեղճ Վռամ. չգիտեր ինչ անի, ասի: Մի պահ մտքով անցավ խոստովանել ճշմարտությունը, բայց միտքը վանեց. չէին հավատա:

-Երևի շտապել է, -կարողացավ շշնջալ, իսկ մտքում կնոջ հետ էր կռվում, հայհոյում Աղասուն, հիվանդությունը և հիվանդանոց ստեղծողին, ճաշարանի վարիչին, ով իմանալով հանդերձ, այդքան անմարդկային էր վարվել:

-Կարոտից աչքերին բմբու՞լ կերևար:

-Դե խելոք մնա, հա՜, -Պատոյին վրա քշեց Վռամը:

Նրա զայրույթին, սակայն ոչ ոք ուշադրություն չդարձրեց:

-Մի բարձ դուրս կգար, եթե մաքրեին: Արա, քանի՞ հավ էր, -շողոմ ժպիտը դեմքին շարունակեց Աղասը:

Վռամն անօգնական շուրջը նայեց: Գոնե Գեղամը լիներ. կսաստեր կապը կտրածներին: Բայց վերջին երկու օրը նա այնքան անուժ էր, որ ճաշը պալատում էին մատուցում:

-Տար թափի՛ր, նեխահոտն ընկել է, -չոր կարգադրեց Գվոն:

Վռամը կանգնեց:

-Մի շաբաթ էլ որ պահես, լավ կուտվի…

-Արջի սովորություն է, մինչև չհոտեցնեն, չեն ուտում…

-Հանկարծ սառնարանը չկոխես…

-Գնա ետևից, ի՞նչ գիտի, խալադիլնիկը որն է…

Ծիծաղի նոր ալիք պոռթկաց, երբ հայտնվեց Վալյան. տեսել էր դույլը նետած մսեղիքը:

-Ինչու՞ տապել, ապսոս չի՞: Իրենկ տանկ-տանկ արնել, տուկ տապել, паразиты настоящие: Չե՞կ կարոգ ասել՝ կիչ պեր:

-Վռամն է, էլի: Ամեն օր կինը գյուղից մի ոչխար առած գալիս է:

-Գեգամի պես մարդ մերնում, ты зубы чешишь, -չգիտես ում հասցեին նետեց Վալյան:

Վռամը պալատից լսում էր ողջն ու լաց չլինելու համար կծոտում սրբիչը: Ապրած քառասուներեք տարին ավելի անցավ էր անցել, քան հիվանդանոցի տասնհինգ օրը: Հիասթափվել էր բոլորից, շատ ավելի՝ իրենից: Այնքան էր ազդվել, որ երեսը չբռնեց գոնե պալատի հիվանդներին միրգ հյուրասիրել: Ափսեում ծիրան, վաղահաս դեղձ, սալոր տարավ Գեղամին, Վալյային, բուժքրոջը բաժին հանեց, մի քանիսն էլ գրպանից թաքուն հանելով՝ զբոսանքի ժամանակ ինքը կերավ:

Անցավ երեք օր: Երբ սովորականի պես միայն վերջին պահին՝ նախքան քնելը բաժանմունք եկավ, հարկում իրարանցում էր: Հիվանդները խմբված խոսում էին, Գեղամի անունը տալիս, և Վռամը գլխի ընկավ… Ծաղրուծանակի նյութ չդառնալու համար ոչնչով չարտահայտեց հուզումը, մինչդեռ ներսում այրվում էր, դառնությունից այպանում իրեն, սեփական ծանծաղամտությունն աչքը կոխում, անճարակությունը երեսով տալիս:

Այդպես կես ժամի չափ նստեց, մինչև բուժքույրն ու Վալյան խնդրեցին օգնել՝ Գեղամին տանելու դիարան: Նրանք հետները պատգարակ էին բերել: Առաջինը Նշանը ելավ, ետքից՝ Վռամը:

Մահիճը պատուհանի տակ էր՝ աջակողմյան անկյունում: Զարհուրելի լքվածություն կար սենյակում, անկենդան լռություն, որ սավանի տակ ձգված մարմնից, երկարուկ քթից, դեղնավուն կոպերից բարձացել, բռնել էր պալատը, դիակնացրել օդը: Մահվան շունչ կար անգամ կիսաբաց պատուհանից հասնող գորտերի կռկռոցում, ծղրիդի երգում: Ծիրաններից ընդամենը մեկի կեսն էր կերել Գեղամը:

-Не представляете какой был человек-воспитанний, честный, մակուր: Ուրիշներ ուտեն, պատույանից տապեն ներկև, ինկ՝ չէ: Ապսոս, շատ ապսոս, -Վալյան սրբեց արտասուքները: -Ես ու Սեդա держим носилку, Նշան, տուկ տրեկ:

Նրանք բժշկական պատգարակը հենեցին մահճակալի եզրին: Նշանի ու Վռամի անօգնական հայացքներն իրար առան:

-Մի վախեցեկ, ի՞նչ կա: Տե ցանր, одеало տակից մտցրեկ, так легче:

-Անբախտ մարդ էր. էսօրվա օրը կողքին մարդ չունի: Ժիրայր Միխայլովիչն ասում է՝ Սեդա, ու՞մ զանգենք, ասում եմ՝ չգիտեմ: Քրոջ հասցեն գոնե լիներ:

-Կին ունի, տգա: Պոխեր ուտեն, Գեգամի տուն ապրեն, բայց նեխ օր գա, պագչել: Разве так можно, պոխարեն ցերկերի վրա պախել: Է՜, что делаешь, все под богом ходим:

Դին պատգարակ տեղափոխելով՝ Վռամն ու Նշանը փոխարինեցին կանանց: Սեդան գնաց դուռը բացելու, Վալյան հետը բերած մաքուր սավանով ոտնիգլուխ ծրարեց Գեղամին: Թափորն անցավ միջանցքում, աստիճաններին, խուփ դռների ետևում սսկված հիվանդների վհատ, վախլուկ հայացքների միջով՝ ուղղություն վերցնելով դեպի դիարան, որ հեռու էր՝ բակի ծայրին: Սարսափախառը թախիծ էր համակել ներկաներին, մտովի յուրաքանչյուրն իրեն տեսնում էր պատգարակին մեկնված՝ սանդուղքներով վերջին անգամ իջվարելիս և գոհություն, որ ինքը չէ աշխարհից հեռացողը:

Ասֆալտած ճեմուղու երկու կողմում ծիրանի ծառեր էին, զգալի էր հնձած առվույտի հոտը: Մի դոդոշ մտամոլոր կանգնեց կեսճամփին, լռվեց մնաց: Վռամը, որ առջևից էր ընթանում վարանով լոք տվեց անցավ: Օդը երբեմնակի թրատում էին չղջիկները, թվում էր՝ հրես, հրես, կզարկվեն մարդկանց, լուսասյուներին, կխճճվեն սաղարթում: Ճանապարհը, ասես, ավարտ չուներ, ծանրությունը քաշում ու քաշում էր ներքև, վախեցնող էր շավիղից երկու քայլ այն կողմ սկսվող թանձր խավարը, երկդիմի՝ տերևների սվսվոցը, խողովակից հոսող ջրի քչփչոցը, ծղրիդների միալար ձայնարկը:

Հետո ականջներին աղմուկ հասավ, Բաղդոյի, Աղասու ձայները լսվեցին. վիրահատությունից առաջ խումբը պատիվ էր տալիս Գվոյին: Կյանքը կար, շարունակվում էր, աշխարհում ոչինչ չէր պակասել, աշխարհը Գեղամի կարիքը, պակասը չէր զգում, ինչպես շատերինը չէր զգացել, ինչպես բոլորինը չէր զգալու, չի զգա: Դարձյալ այգաբաց է լինելու, արեգակը վերստին արևելքից դուրս կգա՝ Հատիս լեռան թիկունքից, նույն ժամին կսուլի մոտերքով անցնող գնացքը, հաստլիկ դռնապանը ծառերի տակից կհավաքի դատարկ շշերը, ասեղները կծակծկեն հիվանդերի լղպոր նստուկները, իսկ Գեղամը չի լինի: Չի՛ լինի:

Գիշերը խառնակ երազ տեսավ: Նախիրը Գոմերա սարն էր հանել. ծնկահար խոտ, ծաղիկներ՝ ցողը վրան: Ինքը լեռան լանջին գերեզմանափոս էր փորում, կողքին Գեղամի թղթերն էին, հիվանդանոցի հագուստը, երկու սմքած կիտրոն: Երբ գուբը պարանոցին էր հասել, կապոցը վերցնելու համար ձեռքը երկարեց, սակայն հանկարծաբար փաթաթանը կտրվեց, թղթերը ցրիվ եկան, ու մի քամի ելավ, սոսկալի պտտահողմ: Պոչը գետնին էր, գլուխը՝ երկնքում, ամպերի մեջ: Թերթերը բերանն առել վազում էր, ծեփում կովերի կողերին, զարնվում դնչներին, լռվում կոտոշների աղեղում: Լանջը ևս ուրիշ էր - ծաղիկ ու խոտ չկար, քար էր ու քար, ավազ էր ու խոտի ոչ մի ծիլ, կովերն էլ առաջվա նախշուն, հլու կենդանիները չէին, այլ բազմագլուխ քաջքեր, որ վրա ընկել, խժռում էին թղթերը, հիվանդանոցային հանդերձը, սավանները, ծածկոցները, բամբակյա ներքնակները, գունաթափ վարագույրները, մահճակալն էին քաշքշում, և աչքերը նրանց Պատոյին էին հիշեցնում, Աղասուն, Բաղդոյին, Գվոյին, մնացյալին…

-Վռամ, տնաշե՛ն, ջերմաչափը դիր թևիդ տակ, հետո էլի կքնես, Վռա՜մ…

Ճակատագրական օրն այդպես բացվեց: Ուշացումով գնաց ճաշարան, անտրամադիր թեյ լցրեց, Լուսոյից իր բաժին կարագը, ջեմն ու ձուն ստանալով՝ աչք ածեց սեղաններին՝ գտնելու կաթնովի դույլը: Տավարի ցավ Գվոն, թե ինչ մտավ գլուխը, ինչու թեթևացրեց իր ծանր տեղը… Ոչ դես, ոչ դեն՝ վերցնելով կաթնապուրի դույլը, դրեց Վռամի սեղանին.

-Ընկերոջդ քելեխը բա չես նշելու՞, -և բացեց ատամնաշարը:

Հանկարծահաս զայրույթից կորցնելով իրեն՝ զսպանակվելով ոստնեց, ու վայրկյան հետո ճաշամանը կործված էր Գվոյի գլխին:

***

Վռամը ներքին հուզումը ծխախեղդ անելու պահանջ զգաց: Հավաքվածների մեջ միակ քիչ թե շատ վստահելին Նշանն էր, թեև տուփը երկարելու կերպից, խուսափուկ լռությունից նկատելի էր, որ անգամ նա տրամադիր չէ ընկերակցել, թիկունք կանգնել Վռամին, եթե բան պատահի: Պատշգամբը հյուսիս էր նայում, և մյուսները, ըստ որևույթին, դեռևս անտեղյակ էին «Վոլգաների» գալստյան մասին: Համենայնդեպս, Վռամն առայժմ տագնապելու պատճառ չուներ: Ներքևում՝ շենքի անկյունադարձի մոտ քաղաքային հագուստ-կապուստով մի կին էր կանգնած, տարիքը հավանաբար՝ քառասուն. խմբվածների խոսակցության թեման նա էր: Փորձում էին որոշել, թե ում է սպասում, իսկ մտքներում, երևի, մարմնի չափ ու ձևերն էին, մանավանդ՝ դիք կուրծքը:

Կինը երբեմն-երբեմն գողունի պատշգամբի կողմն էր նայում, ասես իրեն հարկավոր անձնավորությանը որոնելիս լիներ, բայց նեղվելով տղամարդկանց շատությունից, նրանց անպարկեշտ մտքերը կարդալով՝ հայացքը փախցնում էր: Շուտով նրան բոլորը մոռացան, երբ միջանցքում երևաց շարժական պատգարակ-սայլակը՝ վրան Գվոն: Հիվանդները մեկմեկու հրմշտելով՝ ներս լցվեցին: Անհարմար զգալով մենակությունից՝ Վռամը միացավ նրանց: Գվոն պառկած դիրքում կռթնել էր արմունկներին, որպեսզի կարողանա բան տեսնել: Նկատելի էր, թե ծանրությունը պահելու համար ինչպես են լարվել պարանոցի մկանները: Առավել հետաքրքրականը, այնուամնեայնիվ, ոչ թե նա էր, այլ ոտքից գլուխ ճերմակ հագած բուժակը: Վռամը որոշեց, որ օրվա հացի կարոտ մնալու պարագայում անգամ չի համաձայնի այդ աշխատանքը կատարել: Խայտառակություն է վարտիքով մարդկանց աչքին հայտնվելը, -մտքում ամոթանք տվեց, -տավարածությունը հազար անգամ պատվաբեր է:

Յուրաքանչյուրը պարտքն էր համարում խրախուսել, մաղթանքի խոսք ասել Գվոյին: Նա թեթևակի շփոթված էր, թեև ջանում էր ցույց չտալ: Ընթացքում հասցրեց մոտ կանչել Հարոյին և ականջին բան փսփսաց: Վռամին թվաց, խոսքն իր մասին է: Աստիճանահարթակի մոտ երկու անծանոթ տղամարդ ձեռքսեղմումով ողջունեցին նրան: Հետները հիվանդանոցային հագուստով մեկն էլ կար՝ առաջին հարկից: Ընկերներին տեսնելով՝ Գվոն պայծառացավ:

-Ձեզ ո՞վ է վերև թողել, հետ գնացեք, -քաղաքացիական զգեստով մարդ նկատելով՝ բռնկվեց վիրահատարանից ելնող պրոֆեսորը: -Что за безобразия, բազարի են վերածել, չսպասելով կարգադրության արդյունքին՝ մտավ բժիշկների սենյակը:

-Չի կարելի, իջեք, իջեք, -հորդորեց բուժակը, ում մասին խոսում էին, թե ամեն վիրահատությունից երեսուն ռուբլի ունի:

-Մենք ցածն ենք, Պախանն էլ է հետներս: Ի՞նչ է պետք, -նախանձելի հանդարտությամբ, ասես դիտողությունն իրենց չի վերաբերում, Գվոյին դիմեց մեկը:

Սայլակն արդեն մտել էր վիրահատարանի նախասրահ, բուժակին օգնելու համար մոտեցավ նաև բուժքույրը:

-Տղերքի հետ լուր կտամ, -վերջին հրահանգը տվեց Գվոն:

Անծանոթները հայացքով չափեցին միջանցքում խմբված հիվանդներին: Աղասը, Հարոն, Բաղդոն պատրաստակամ առաջացան:

-Բուժող բժիշկը դուք եք, Ժիրայր Սուրենիչ, ինքներդ էլ ասեք, -վերստին լսվեց պրոֆեսորի ձայնը: Քիչ անց նա ելավ միջանցք: Բժիշկը ավագ քույրը վարանքոտ հետևեցին: -Չգիտեմ, ես օպերացիայի եմ: Մեկը պիտի ասի՞ վերջապես: Վարդգես Արմենակովիչն ի՞նչ եղավ:

-Ներսում ձեզ են սպասում, -ասաց վիրահատարանի բուժքույրը՝ ճանապարհ տալով, որպեսզի պրոֆեսորն անցնի, ապա շատ գործնական ետքից ծածկեց դռները:

-Ի՞նչ եք խմբվել, -դժգոհեց Ժիրայր Սուրենիչը, հետո մոռացավ հիվանդներին: -Լաուրա Խաչիկովնա, ի՞նչ անենք, ես չեմ կարող:

-Գուցե Վալյայի՞ն ասենք, -ավագ քույրը բացեց բուֆետի դուռը: -Լուսո, հավաքարարն ի՞նչ բանի է, բայց նույն պահին միջանցքի ծայրից առնելով դույլերի ձայնը՝ ասաց: -Հրեն, ինքն է: Մեկնումեկդ, ո՞վ կկանչի:

Հետաքրքրասիրությունից, գաղտնիքը րոպե առաջ իմանալու ցանկությունից մղված՝ մի քանիսն աճապարեցին Վալյայի ետևից:

-Գեղամի քույրն է եկել, -երբ Ժիրայր Սուրենիչը բժիշկների սենյակ մտավ, տեղեկացրեց ավագ քույրը:

-Ներքևում կանգնա՞ծն էր, - նմանություն գտավ Վռամը:

-Մի ժամ կլինի խնդրում է վերև բարձրանալ: Թիֆլիսից եմ եկել, -ասում է:

- Несчастная женщина, արտեն գիտի՞:

-Որտեղի՞ց: Պերեդաչիով, բանով… Գիշերվա գնացքով է եկել խեղճը:

-Կորանամ ես, կորանամ, -աչքերը լցրեց Վալյան: -Ինչ չէինք տեսյել, տեսյանկ: Что нам теперь делать:

Վռամը, էլի մի քանիսը մղվեցին պատշգամբ. կինն այնտեղ չէր:

***

Գեղամի քույրը երկար մնաց դրսում՝ անտեղյակ եղբոր հետ կատարվածին: Այդպես էլ ոչ ոք չստանձնեց ծանր լուրը հայտնելու հոգսը: Սկզբում ասացին, թե կաթիլայինի տակ է, հենց ավարտվի, կթողնեն, հետո՝ արյուն ներարկեցին, ռենտգեն կաբինետ տարան, ապա, իրենց արածից ամաչելով, մնացյալը թողին պահակի երևակայությանը: Սա էլ բրոնխոսկոպիայի պատմությունը հորինեց. ապարանյան խոսվածքով կնոջն ու կողքի ունկնդիրներին նեղ մասնագիտական դասախոսություն կարդալով՝ երկար-երկար բացատրեց, թե ճապոնական հատուկ սարքը՝ զոնդ, ինչպես են մտցնում բրոնխների մեջ և ծայրին առկա լույսի ներքո մանրակրկիտ ստուգում թոքերը:

Կեսօրին ամբողջ բուժհաստատությունը գիտեր, խղճում էր կնոջը: Բժիշկները նյարդային վիճակի մեջ էին: Գնալով ավելի ու ավելի դժվար էր դառնում թե ճշմարտությունն ասելը, թե եղբոր բացակայությունը հիմնավորելը: Բուժքույրերը, հիվանդները ելումուտ էին անում՝ աչքի պոչով զննելով նրան, թաքուն հոգոցներ հանելով: Կինը խուսափուկ հայացքներից ինչ-որ բան գլխի էր, կասկածամտորեն հետևում էր անցնող-դարձողին, սրան-նրան դիմելով իր հերթին փորձում իսկությունը կորզել, սակայն զուր: Մի պահ նույնիսկ հաշտվելով եղբորը չտեսնելու մտքին՝ խնդրեց գոնե ուտելիքը հանել վերև: Պահակը կտրուկ հրաժարվեց: Բրոնխոսկոպիայից հետո լրիվ մեկ օր ուտել չի կարելի, -ստերից խեղդվելով՝ իրենից դուրս հորինեց:

Այդպես անցավ, հավանաբար, երեք ժամ: Գվոյի վիրահատությունն ավարտվեց: Նրան տարան մեկուսարան, , իսկ պրոֆեսորն իմանալով, որ քրոջը դեռ եղբոր մահվան մասին չի տեղեկացվել, զայրացած վիրավորելով բաժնի վարիչին և զգեստափոխվելով՝ գնաց:

Ոտքի վրա երկար մնալու հետևանքով հոգնած՝ կինը մի ստվերոտ անկյունում հանգստանում էր: Պրոֆեսորի պահվածքի, արտաքինի մեջ բարձր պաշտոնյա տեսնելով՝ ոտքի ելավ, սակայն մինչ կմոտենար, վերջինս հասցրեց մեքենա նստելով ճողոպրել: Կես ժամ անց հայտնի դարձավ, որ բաժնի վարիչը Վալյայի հետ Գեղամի թղթերի մեջ գտել է նրանց տան ու դարձյալ մի քանի հեռախոսահամար: Ընկալուչին մոտեցել է երեխան: Վաղապես մտածված խոսքերի հարկը, բնականաբար, չի զգացվել, և շփոթահար բժիշկը խոսափողը դեմ արել Վալյային, սա էլ իր հերթին այլայլվելով՝ անկապ նախադասություն թոթովելուց հետո փողը դրել է լծակին: Մնացյալ համարներն են փորձել: Մեկը, ի վերջո, գործավայրինն է եղել, ու բաժնի վարիչը, հավաքելով իրեն, հայտնել է լուրը՝ բացատրելով ստեղծված կացությունը: Լսափողի մյուս ծայրում խոստացել են տեր կանգնել դիակին, իրենց վրա վերցնել թաղման ծախսերը, եթե քույրը, չկամենա, ի զորու չլինի Թիֆլիս տանել:

Ապա մեռյալ ժամ եկավ, անցուդարձը պակասեց: Տաղտուկը ցրելու նպատակով կինը սկսեց շրջել բակում, ուսումնասիրել հիվանդանոցը, ծառուղին բռնած գնաց, դեմ առավ դիարանին: Պատուհաններից հետևող հիվանդները, բուժաշխատողները սարսռացին: Շինարարությունից մնացած տուֆաքարի կիտուկի մոտ նա նստեց, գլուխն առավ ափերի մեջ: Մեկուսի անկյուն էր դրա՞ համար, թե անհայտ ուժ նրան այդտեղ տարավ: Քաղաքաբնակի նրա արտաքինն առավել էր ընդգծում պահի անհարիրությունը: Վռամի համար, համենայնդեպս, նմանները միշտ տառապանքից հեռու կանգնած, անհոգ կեցող մարդու, երջանիկ կյանքի խորհրդանիշ էին եղել: Անտրամաբանական էր նրա ներկայությունը, տեղին՝ անհարիր:

Առժամանակ անց կինը ոտքի ելավ, անտերունչ հայցքով չափեց շրջապատը և, կողմնակի աչք չհայտնաբերելով, անճարպիկ բարձրացավ քարերին, նայեց ներս: Վռամն այն աստիճան էր լարված հետևում ողջին, այնքան էր կենտրոնացել, որ, չնայած հսկայական տարածությանը, տեսավ, թե կինն ինչպես ամբողջ մարմնով հանկարծ ջղաձգվեց և, չվստահելով աչքերին, փորձեց ծռել արգելաճաղերը, որպեսզի հասնի ընդարձակ սրահի կետրոնում մեկնված դիակին, որը եղբայրն էր՝ իր միակ, ապաբախտ եղբայրը: Հետո նրա մարմինը թուլացավ, կախվեց մետաղյա ձողերին կառչած դաստակներից:

Վռամը խելքը թռցրածի պես բացելով հիվանդասենյակի դուռն ու առանց որևէ մեկին խոսք ասելու՝ սուրաց դուրս: Անկյունադարձի մոտ ոտքը սահեց, քիչ մնաց շրմփա ողորկ հատակին: Աստիճաններն իջավ ցատկերով: Տես, հա, ցնցումից կավերնադ կարող է բացվել, ու արյունը կշատրվանի, կողողի շորերդ, սանդուղքները, -իրար էր խառնվել զգուշավոր Ես-ը: Միայն թե հասնեմ, միայն թե ուշակորույս չընկնի քարերին, -ամեն ցատկի հետ կրկնում էր Մարդը: Ծառուղու վրա շրջանցեց կաղին տվող պահակին: Ետ նայելով տեսավ, որ ետքից ուրիշներն էլ էին գալիս, լուսամուտներից կախվել էին հիվանդները:

Կինը գլուխը ձեռքերին հենած՝ շարունակում էր մնալ նույն դիրքով:

-Արաքսի…

Նա շրջվեց, բացակա հայացքն ուղղեց Վռամին, հետո, երևի, գիտակցությանը հասավ, որ իրեն ճանաչողներ կան, պաշտպան ունի, փղձկաց, իսկ ծնկները ծալվեցին: Վռամը երկու ոստյունով թռավ, բռնեց նրա փլվող մարմինը: Գիտակցությունը, որ դժբախտության պահին մեկին պետք եկավ, նեցուկ դարձավ, ուժ էր տալիս: Երբ Վալյան, պահակը, Նշանը, մյուսները հասան, նա կնոջն իջեցրել էր քարերի թափուկից, հասցրել մոտակա նստարանին: Վալյան հեռատեսորեն հետը ջուր էր վերցրել: Արաքսն ագահորեն ըմպեց, ետ ընկավ նստարանին:

-Ախր, երազ էի տեսել: Մամուռ պատերով կամրջին կանգնել, նայում էի ջրին: Մեն-մենակ էի: Քաղաքը չկար, աղմուկ չկար, Քուռն էլ իմ գիտցած Քուռը չէր. աշունքվա ջուր՝ մաքուր-մաքուր, խիճն ու ձուկը, արևը միջին: Հոգիս էլ խաղաղ, զուլալ էր էն օդի, ջրի պես: Հետո մի գոռոց ընկավ ականջս, մի գոռոց… Նայում եմ չորսբոլորս՝ նույն ջուրն է, նույն օդը, էլի ձուկը կամրջի տակ մամուռ է կտցում, արև ու ուռի խաղում են միջին: Բայց ձենը գալիս էր ու քանի գնաց, ուժգնացավ, հետն էլ քամի սկսվեց: Գլուխս բարձրացրի, տեսնեմ մի սև, վարար ջուր էդ զուլալ գետը տակն առած՝ մոտենում է: Եկավ, զարկեց կամրջին, տակով մի կերպ անցավ: Ձուկ, արև, մամուռ, խիճ ու գետաքար մնացին տակը, մթնեցին, սևացան: Աղմուկն էլ կտրվեց, ու թանձր լռություն իջավ, որ գետից էր: Ասես տակով անցնողն արդեն ջուր չէր, այլ կապարի պես բան: Անտեր կամուրջն էլ գնում-գալիս է, օրորվում: Ուզեցի ճոճքը կանգնեցնեմ, չկարողացա. ոտ ու ձեռս կապ էր ընկել: Մոլոր նայում էի, մեկ էլ կամրջից կախ երկու ձեռք երևաց՝ դժգույն, երակները կուլ գնացած. Գեղամինն էր: Մարմինը չկար, ջրի մեջ էր, կամրջի տակ: Մի կերպ թանձրուկ օդի միջով առաջացա, որ օգնեմ, ուժս չպատեց, չհասցրի: Հորձանքը պոկեց, կոխեց կամրջի տակ: Մյուս երեսը գնացի, ասի դուրս գալիս բռնեմ, բայց էն էր ու էն՝ չերևաց: Սև ջուրը տարավ եղբորս…

Վռամը մտաբերեց իր երազը. այնտեղ ևս պայծառ օրը մեկից մթնեց, քամի ելավ, քշեց Գեղամի թղթերը: Մենակ լիներ, կպատմեր, կհարցներ օրը, բայց հոգու խռովքն անցել էր. նա վերստին նույն անվստահ, քչախոս, իր արարքները նախօրոք կողքից տեսնող, ամեն խոսքն ի վնաս իրեն ծանրութեթև անող, երրորդ անձի ներկայությունից կաշկանդվող Վռամն էր: Իսկ շուրջն արդեն քսան-երեսունի չափ մարդ կար՝ ճերմակ, գորշ խալաթավորների մեծ կիտուկ:

Վալյան, ավագ բուժքույրը Արաքսի սիրտն առնելու համար դադարի պահերին գովում էին Գեղամին, ախուվախ անում, դեպքեր մտաբերում նրա հիվանդանոցային կյանքից: Քույրը ցրիվ լսում էր, իսկ մտքում, երևի, իր հուշերում ապրող եղբայրն էր, իր գիտցած Գեղամը: Ուրիշ պարգայում նա իրեն այլ կերպ կպահեր: Շարժմունքից, ամեն բանից երևում էր, որ դաստիարակված, զուսպ կին է, բայց հիմա ակնհայտորեն կորցրել էր գլուխը՝ չգիտակցելով շրջապատը:

-Չորս տարեկան երեխա էր՝ սպիտակ-սպիտակ, ձեռքերը, թշերը՝ փափլիկ: Հորքուրս բուրդ էր փռել սադուղքներին: Ճիպոտը տվեց Գեղամի ձեռքը, պահակ կարգեց, իսկ ինձ հետը շուկա տարավ: Տասը-տասնհինգ ընտանիք մի բակում էինք ապրում: Ոտքներս հլա դարպասից ներս չէինք դրել, Սոֆին դեմի բալկոնից ճղճղոցը կապեց. «Գողը դուք եք: Քիչ է Լոռու ձորիցը եկաք, Թիֆլիս տեսաք, տնավորվեցիք, խալխի քրտինքը տակներդ դրել ուտում եք, ամեն օր բազար գնում, հիմա ուրիշին եք շառով տալիս: Չլինի՞ իմ ախպերն է կամչատկաներում փտում, իմ հարսն է դուրս ընկածը, որ երկու մատղաշ էրեխուն թողած՝ գրողիծոցվեց Յալթա՝ ծովափներում քարշ գալու»:

Խեղճ հորքուրս լալկվել-մնացել էր: Սա մեր ամբողջ կենսագրությունը, մեր ցավն ու մեր գաղտնիքը, ոնց որ հիմա ես, մինչև արևերես չհանեց, չդինջացավ: Դուք չգիտեք, թե թիֆլիսահայ կանայք ո՜նց են կռվում: Հորքուրս էլ Սոֆիին անիծեց, դիփուն հարևաններին, որ մեր հորը սուտ-մուտ վկայությամբ բռնել էին տվել՝ աղքատի նախանձություն, մորս կսկծից հիվանդացրել: Նա Սիբիրում անգերեզման մնաց, խեղճ մերս Յալթայում մեռավ՝ տնից-տեղից հեռու, ու մեր վիզը մնաց ծուռ, հորքուրիս հույսին:

Կռվեցին, իրար միս կերան, մի ամիս ետնուց հաշտվեցին: Պարզվեց, բոլորը Գեղամի պատճառով է: Սոֆի չեղածը պարապությունից ախպորս խոսեցնելիս է եղել, թե՝ էս ի՞նչ ես շինում աստիճաններին, արևի տակ, գնա էրեխանց հետ խաղ արա: Սա էլ տարել-բերել է ու՝ խաբում, ճամփում ես, որ ետևիցս բուրդը տանե՞ս: Վի, քրքրվես դու, -ասել է Սոֆին, -էդ ո՞վ է քո բերանը լեզու դնողը: Գեղամն էլ միամիտ, անչար տղա, հորքուրի անունն է տվել:

Էն գլխից տարօրիակություններ ուներ: Հարյուր ասի՝ Թիֆլիսից մի թող գնա, մեր բնավորությանը, սովորություններին մոտ աղջիկ ուզենք: Լսե՞ց որ. Լորետի խոշոր աչքերին էր գերվել: Սիրվելուց զատ բան չգիտեր: Դեռ ուսանող ժամանակվանից օյիններ էր խաղում գլխին: Ինձ ծաղիկ չի առնում, -բողոքում էր: Չգիտեմ, նկատե՞լ եք. ծառ ու ծաղկի հանդեպ քնքուշ սեր ուներ, թեև ծաղիկ ծախողներին, նվեր առնողներին աչքով աչք չուներ: Ծաղիկը, -ասում էր, -հողում է սիրուն, բնության մեջ: Բույսն էլ մարդու պես ցավ է առնում, երբ պոկում են, հետը կոպիտ վարվում: Եթե գեղեցկությունն է առուծախի առարկա, ձև դարձել, գլուխդ առ փախիր, -էլի Գեղամիս խոսքերն են: Իրենը քիչ է, կենդանու, խոտի, տերևի, օտարի ցավն էլ էր առել ուսերին: Գիշերը ցերեկ շինած գրում էր ու գրում: Թե ու՞մ համար, գնահատո՞ղն ով է: Ախպորս թղթերը, հագուստներն ու՞ր են, -իրականություն վերադարձավ նա: -Բա մենակ ի՞նչ եմ անելու:

-Շորեր, ամեն պան մնում է, не бойся: Տուխտեր էլ ինց մոտ են, -նրա ուսերը գրկեց Վալյան: -Ի՞նչ անես: Ընկերներ տող գան, золотые ребята, Գեգամին տանեկ տուն: Главврач ասել է автомашину дадут: Не так ли, Жирайр Суренич:

-Անշուշտ, անշուշտ, -հաստատեց բժիշկը: -Մենք ևս կօգնենք, եթե կարիք զգացվի:

-Վախենում եմ դուռը չբացի, ներս չառնի ախպորս, -արտասուքները ցայտեցին քրոջ աչքերից: -Բախտից հեռու չես փախչի. Հորս տեղն այդպես էլ չիմացվեց, մերս նույն հիվանդությունից Յալթայում մեռավ, հիմի էլ Գեղամը: Իմ խեղճ, տանջված հորքուր, նոր եմ վիճակդ հասկանում:

-Իրավունք չունի, -բորբոքվեց Նշանը: -Զագսով բաժանվա՞ծ են:

-Որտեղի՞ց, թողե­՞ց լավանա, նոր…

-Տեր չի կանգնի… Դատարան կա, հարևան-բարեկամ: Բա որ վաղը, մյուս օրը տղան մեծացա՞վ:

-Ի՜յ, այնպես դաստիարակի, որ… Բոլ-բոլ մանդարին, կարալյոկ էի բերել: Կեսից շատը թողեցի տանը, ասի՝ երեխա է, թող ուտի, մնացածը բերի Գեղամին: Ետ գնալիս մուտքի մոտ աչքս ընկավ զիբիլնոցին: Տեսնեմ՝ աղբի հետ խառը մանդարին, նարինջ… Ինչ թողել էի: Պատկերացնու՞մ եք՝ ինձնից հետո վերցրել է եղած-չեղածը, լցրել աղբատնակը: Վարակվելուց էր վախեցել: Սուս-փուս դարձա, արցունքն աչքերիս գնացի կայարան: Էդ էլ հարազատը:

Նույն հարցերի շուրջ նույն ոգով խոսակցությունը երկար շարունակվեց, մինչև գործընկերների գալը: Նրանք մի քանի մեքենայով էին եկել, հետները կին կար:

-Գեղամի կինն է, -շշունջ անցավ հավաքվածների միջով:

Կլիներ, հավանաբար, քառասուն տարեկան: Զուսպ դիմագծեր ուներ, համենայնդեպս՝ ապրածն ու մտածածը դեմքին կարդալ հնարավոր չէր, ինչպես մազերի գույնը, որ ոչ այն է կապույտ էր, ոչ՝ կանաչ: Նրան տեսնելով՝ քույրը փափկեց, ամեն բան մոռացած՝ ընկավ վզով ու սկսեց անզուսպ հեկեկալ: Սրտաշարժ տեսարան էր:

Ընթացքում Վալյան Գեղամի հագուստները, թղթերը՝ ինչ ուներ, բերեց: Մոտեցավ նաև «Շտապ օգնության» մեքենան, որը դեռ առավոտից գլխավոր բժիշկն էր հրավիրել: Վռամը գործընկերներից երկուսի հետ հագցրեց Գեղամին, պատգարակ դրած՝ հանեց դուրս: Տեղավորվելուց հետո վարորդը հարցրեց հասցեն՝ առաջարկելով մեկնումեկին նստել մեքենան՝ դիակի կողքին: Վռամն ինքնաբերաբար մղվեց առաջ:

-Դու՞ ուր ես գնում, -ցածրաձայն նկատողություն արեց բժիշկը:

Վերջապես ընկերներից երեքը որոշեցին միասին նստել, սակայն պարզվեց, մեքենայում ընդամենը երկուսի համար տեղ կա: Մեկն իջավ, իսկ մյուսը տեղավորվեց վարորդի կողքին, և թափորը շարժվեց՝ անավարտ ողբերգության շարունակությունը թողնելով հավաքվածների, նաև, ընթերցող իմ ու քո երևակայությանը:

***

Դեպքերի նման ընթացքը մոռացնել էր տվել Վռամի առավոտվա արարքը: Եթե նույնիսկ հիշում էին, ոչ նախկին սրությամբ, ավելին, շատերի հայացքում նա հիմա իր հանդեպ համակրանք էր նկատում, և նույն ոգով շարունակելու դեպքում հերոսի պատվանդանը հեռու չէր: Ինքն էլ էր իր աչքին բարձրացել: Հոգու կորովը մարմնի մանրությանն այլևս առաջնային նշանակություն չէր տալիս: Անհայտ ուժի նկատմամբ ունեցած վախը, հատուցման ժամի անխուսափելիության մասին միտքը ևս մթագնել էր: Բացի դա, սրտի խորքում գլուխն անցավ, առանց բարդությունների ազատելու հույս ուներ. փաստերը, ներքին ձայնը նույնպես հուշում էին, որ Գվոյի մեջ վերջին պահին խոսել է Մարդը, որ նրա նմանները կարող են նաև մեծահոգի լինել, ընդունել իրենց անիրավացիությունը, եթե չախկալները կողքից չկաղկանձեն: Բոլոր դեպքերում առայժմ վտանգ չէր սպառնում: Մինչև Գվոն կարողանար ինքնուրույն ման գալ, առնվազն ամիս կանցներ:

Այդ խոհերով էլ պալատ վերադարձավ, մեկնվեց մահճակալին, բայց քնել չհաջողվեց. Օրը նոր անակնկալներ էր պատրաստել:

Բաժնի վարիչի, բուժող բժշկի գնալուց կես ժամ անց բաժանմունքը նոր-նոր խաղաղվել էր, երբ միջանցքից աղմուկ, ոտքեր թփթփոց եկավ: Վռամի դուռը բացելն ու բուժակի սուրալով անցնելը մեկ եղավ: Օդի տատանումից ծափեցին պլակատները, Նոր տարուց մնացած պատի թերթը: Միջանցքի հեռուստացույցը բզբզող մի քանի հիվանդ անակնկալի գալով՝ ընկրկեցին: Բուժակը թափով հրեց բժիշկների սենյակի դուռը. փակ էր: Այլայլված՝ նա ուղղություն վերցրեց բուժքրոջ կողմը:

-Սոկրատ Առաքելովիչն ու՞ր է, շու՜տ, իսկ ինքը ետ վազեց վերականգնողական՝ Գվոյի մոտ:

-Հիմա խաղը կսկսվի, երևի ուրիշ հարկ գնաց, -կարծիք հայտնեց հեռուստացույցը միացնողներից մեկը:

-Այստեղ եմ, ի՞նչ կա, -դուռը բացեց հերթապահ բժիշկը:

-Բոքսի հիվանդը…-բուժքույրը չհասցրեց ավարտել:

Եկե՜ք, -լսվեց բուժակի գոռոցը:

Բժիշկը ճանկեց թոք-սիրտ լսելու գործիքն ու, վիզը գցելով, վազեց: Հիվանդները, ինչպես հարձակման ենթարկված փեթակի մեղուներ, թափվեցին դուրս: Մի քանի համարձ ակ կիսաբացեց մեկուսապալատի դուռը: Վռամը մոտ չգնաց. անհարմար էր զգում:

Երեք րոպե անց հայտնի դարձավ, որ Գվոն մահացել է: Եռացող կաթսան լցված սառը ջուրն ինչպե՞ս է վերջ տալիս բլթբլթոցին, լուրից հետո այդպես հանդարտվեց, ցրիվ եկավ մարդկանց կծիկը՝ ճանապարհ տալով բուժքրոջը, ով առաջինը ելավ: Նույն օրվա մեջ երկրորդ անգամ մահվան սառը շնչից, սեփական ճակատագրի սարսափից կծկվեց հիվանդների սիրտը, նրանք վերստին իրենց հանրույթից, ընտանիքից մեկուսացած, օտարված տեսան, յուրաքանչյուրն առանձին սրդողեց՝ մտորելով, որ երրորդն ինքը կարող է լինել, թեև այդ կերպ դատելու, հուսալքության պատճառ չկար, քանզի թե Գեղամի, թե Գվոյի մահը, ըստ էության, կապ չուներ տուբերկուլյոզի հետ: Գեղամը լյարդի ցիրոզից մեռավ, իսկ Գվոն թաքցրել, բժիշկներին չէր ասել, որ ընկնավորության նոպաներ է ունենում, այլապես վերջին միջոցին չէին դիմի: Վիրահատությունը բարեհաջող էր անցել, մեկ-երկու ամսից նրան դուրս էին գրելու ու, թեկուզև մեկ թոքով, նա քսան-երեսուն տարի կապրեր, իհարկե, չափավոր կյանք վարելու դեպքում: Իսկ հիմա…

Ամեն բան անսպասելի էր եղել՝ ընթանալով գերարագ: Կաթիլային սրսկմանը հետևող բուժակը նկատել էր, թե ինչպես են պրկվել հիվանդի մկաններն ու լարվել հայացքը: Գվոն երկարել է ձեռքերը, ասես հենարան է փնտրելիս եղել՝ կանխելու անկումը: Ջղաձգության պահին փայտացող մատները պոկել տարել են մարմինը սնուցող ռետինե խողովակները: Ամուր սեղմած ատամների արանքից ֆշշոցով դուրս է եկել օդը, իսկ շրթունքները փրփրակալաել են: Բուժակը մկրատի օգնությամբ ճգնել է բացել բերանը, որպեսզի կուլ գնացող լեզուն ետ բերի և, ի վիճակի չլինելով, վազել է դուրս՝ հերթապահ բժշկի ետքից: Սպիտակ խալաթավորներին շրջանի մեջ առած հիվանդները ենթադրություններ էին անում՝ եթե…, եթե…, եթե…, փորձում գտնել մեղավորին, կասկածի տակ առնում բուժող բժշկի՝ Վարդգես Արմենակովիչի, նույնիսկ բուժակի ու հերթապահի՝ Սոկրատ Առաքելովիչի անմեղությունը. մեկը հիվանդության պատմության մեջ խորամուխ չէր եղել, մյուսն անալիզների արդյունքից գլխի չէր ընկել, որ նոպա է սպասվում, երրորդն անճարակ էր գտնվել, չորրորդն ուշ էր օգնության հասել… Շշուկով ու բարձրաձայն հնչած ենթադրություններից Վռամի ուղեղում մեխվեց մեկը.

-Նոպային սովորաբար նախորդում է ուժգին հուզմունքը:

Էլ չսպասեց բժշկի «բան-ման հո չէ՞ր եղել երեկ իրիկունը, այսօր» հարցին, ետ-ետ գնաց, սկզբում՝ աննկատ, ներսից իրեն, դրսից՝ ուրիշին խաբելով, հետո նշանացի հայացքներ նշմարելով՝ շրջվեց, արագացրեց քայլերը: Հեռուստացույցի մոտ, որ միացած էր մնացել, կանգ առավ, իբր, ֆուտբոլը հետաքրքրեց, բայց թե թիկունքից նայողները, գիտեր, չհավատացին, ինքը՝ առավել: Էկրանին էլ, հո, պատկերի փոխարեն նույն հաճախականությամբ փոխվող գծեր էին. այդպես քամհարի թևքերն են հերթագայում գործի ժամանակ: Փոխարենը ձայնը հստակ էր, սակայն այն ևս կորավ սուլոցի, ընդհանուր խժդժոցի մեջ: Գո՞լ: Ո՞վ: Ու՞մ: Պահի տակ անհետաքրքիր, անկարևոր էր ամեն բան: Այնքա՜ն տխուր, խղճալի էր աշխատող հեռուստացույցը՝ անտերունչ ու անօգ՝ առանց դիտողի, խնամածու ձեռքի:

Ընթրիքին, որը ֆուտբոլի պատճառով ուժ տվեցին, զրույցի նյութը շարունակ Գվոն էր: Վռամը շատ շուտ զգաց, որ մթնոլորտն ուրիշ է: Ավելի ստույգ՝ նույնն էր, ինչ առավոտյան՝ քամահրանք, թունալից հայացքներ: «Շայկան» այնպես էր նայում, կարծես իսկապես ինքն էր սպանել Գվոյին, Աղասն ու Բաղդոն՝ մանավանդ: Բացահայտ կռվի առիթ էին փնտրում:

-Ոնց էլ հացը կուլ է գնում…

-Պիտի հինգերորդ հարկից գցած լիներ…

-Ոչխարի պես պլշտորած նայում է…

-Մեկ է, ծառից կկախեն…

Օդում անհասցե կրակում էին, թեև թիրախը հայտնի էր: Վռամը, քանի դեռ կոնկրետ իր անունը չէին տվել, լռում էր՝ չկամենալով երկրորդ անգամ փորձանքի մեջ ընկնել, խղճի խայթը՝ իր հերթին, բայց երբ Աղասն ու Բաղդոն չափն անցան, չհամբերեց.

-Գվոն ձեզնից մի քանի գլուխ բարձր էր:

Մեքենայի ազդանշանը չթողեց պատասխան խոսքը սաղմնավորվի: Աղասը ելավ պատշգամբ:

-Եկել են, -ոտքի ելավ նաև Բաղդոն:

Ազդականչը դարձյալ հնչեց, այս անգամ՝ տագնապալից, չարագուշակ. այդպես սահմռկեցուցիչ ձայն մեկ էլ հրշեջ ավտոներն ունեն:

-Մի քանի գլուխ բարձրը հիմա կտեսնես, -ետ գալով՝ ահ տվեց Աղասն ու ընթրիքը կիսատ՝ գնաց:

Ոհմակի մնացյալ անդամները հետևեցին նրան:

-Որ բժշկին ասե՞ս, -խմբի արարքից ճնշված՝ հորդորեց մի նորեկ հիվանդ:

Վռամը չարձագանքեց: Վախի զգացողություն գրեթե չուներ, ընդհակառակ, անվտանգության մասին հոգալը գնալով դառնում էր անկարևոր, ինչն ավելի շուտ ոչ թե սրտոտ լինելու, արիության նշան էր, այլ տարօրինակ վարքագծի արդյունք: Բարդութավոր մյուս անձանց նման մտածողության յուրօրինակ եղանակ ուներ. պահի տակ անգիտակցաբար օտարում էր կողմնակի բոլոր խոհերը՝ միտքը սևեռելով մեկի վրա: Ինչ-ինչ պատճառով ուղեղում ծնվե՞ց կնոջ դավաճանության մասին գաղափարը, ուրեմն՝ վերջ. երկրորդվում, տասներորդվում, մոռացվում, դեն է գցվում հակառակն ապացուցող ամեն փաստ կամ՝ դիտվում հարկավոր անկյունից: Կասկածի սաղմն արագ ծիլ է տալիս, բարեբեր հողում աճում, հասակ առնում՝ ստվերելով մյուսներին, թեև մեկ այլ պարագայում նա նույն անձնավորությանը այլ բնութագիր, նույն երևույթին ուրիշ մեկնություն կարող է տալ, նայած թե ուղեղն առաջինը որ գաղափարից կկառչի, որն է դատողության ձեռնտու, հարկավոր հունը, որը փորողը, անշուշտ զգացմունքն է՝ պահի գերակշիռ զգացմունքը: Ահա թե ինչու նման մարդիկ ժամանակ առ ժամանակ անճանչելիորեն փոխված են ներկայանում. մեկ տեսնում ես՝ շատ քաջ են, շատ արի, մեկ էլ՝ ամենավախկոտի պես են պահում: Նրանց հատուկ են և չպատճառաբանված առատաձեռնությունը և սոսկալի գծուծությունը: Մի դեպքում անասելի պահպանողական են, մեկ այլ դեպքում՝ խիստ առաջադեմ, ամեանազնավաբարո արարքից հետո ընդունակ ստորության: Նրանք իրենց թե սիրո, թե ատելության մեջ ավարտուն են, սակայն միայն տվյալ պահին: Բանն այն է, որ մտասևեռումը լարում, ուղեղի գերշխատանք է պահանջում, ինչից հոգնում են, և վրա է հասնում տեղատվությունը: Ջլատվելով՝ կամ ընկնում են ընդարմության մեջ՝ դառնալով անտարբեր և կամ՝ կառչում մեկ այլ խոհից ու դարձյալ այրվում, եփ գալիս: Նրանց մասին խոսելիս, նրանց բնութագրելիս հաճախ գործածվում է նաև դյուրաբորբոք և անհավասարակշիռ եզրերը, որովհետև խելագարության և ուղեղի մթագնում տանող մտասևեռման վտանգավորությունը գիտակցող բնազդը լարման որոշ, բայց անպայման խիստ բարձր աստիճանում ինչ-ինչ գրգիռների շնորհիվ կանգնեցնում է զգացմունքների հորդյունը՝ հորձանքն այլ հուն մղելով /անկարող լինելու դեպքում այն հաճախ ցավալի ավարտ է ունենում/: Անսովորը, ծայրահեղը մտասևեռվելու ընդունակ անձանց, բարդութավորվածների մեջ է, տաղանդներն ու հանճարները նրանց շարքերում են, հայրենիքի նվիրյալները, մոլի կրոնավորները՝ նմանապես:

Իշխողն այս անգամ մեղքի զգացումն էր, որից ազատվել էր պետք: Իր, ի՛ր պատճառով Գվոն փորձանքի եկավ: Թե չհուզվեր, ապրումներ չունենար, ճակատագրական, անուժ պահին նոպան վրա չէր տա, մեկ-երկու րոպեում անշնչացնի: Չկարողացավ զսպել, չդիմացավ կատակին, թեկուզև՝ բիրտ, հանգուցյալին անարգող: Չգիտե՞ր, որ երկու-երեք ժամ անց խեղճը կիսավեր թոքով դանակի տակ է մտնելու: Ներսում, իհարկե, կայծ էր տալիս և առողջ, սթափ միտքը: Առավել պարսավելին Գվոյի արարքն էր, -արդարանում էր նա, -ոչ թե քո, այլ Գեղամի փոխարեն վիրավորվեցիր դու, բացի դա, եթե կանխատեսեիր դեպքերի հետագա զարգացումը… Ու Գվոն կարճ ընթացքում դարձավ սրտամոտ անձնավորություն, մտերիմ, ում հետ սակայն չհասցրեց ծանոթանալ, չհասցրեց գաղտնիք վստահել: Հանգուցյալին մեղադրել չէր կարող. նա այլևս չկար, իսկ չմեղադրել, նշանակում էր խղճին առնել իրենը չեղող բեռ, մեծ բեռ:

Տվայտալից, երկփեղկ, խառնակ զգացումների ժամերը հաջորդեցին միմյանց, և երբ եկավ Գվոյին դիարան տանելու պահը, Վռամը դարձյալ առաջինն էր: Հետո հիվանդները նրան տեսան Վալյայի հետ խոսելիս. ինչ-որ բան էր համոզում, բացատրում: Գիշերը պալատ չեկավ, ցերեկը՝ ևս: Դեմը շաբաթ-կիրակի էր, ու կարծիք եղավ, թե թույլտվություն ստանալով՝ գյուղ է գնացել: Հերթապահ բժշկից, բուժքրոջից, սակայն, թաքցրին բացակայությունը, թեև կուզեին ճշտել կասկածները: Նա չեկավ նաև կիրակի օրը: Սկսեցին հազար ու մի ենթադրություն անել, Գվոյի՝ քաղաքում ապրող ընկերների անունը տալ, ինքասպանության վարկածն առաջ մղվեց: Երեկոյան բոլորը գիտեին Վռամի անհետանալու մասին: Չճանաչողները խնդրում էին արտաքինը նկարագրել, որտեղացի լինելն էին պարզում: Վարդգես Արմենակովիչը, ով օրվա հերթապահն էր, զանգեց գլխավոր բժշկին, Աղասուն, մյուսներին հարցում արեց: Ոչ ոք տեղյակ չէր: Հետո մտաբերեցին Վալյային: Գլխավորը վարորդին ճամփեց նրա ետևից: Երբ մեքենանա լույսերը վառած վերադարձավ, բոլորն ընդառաջ գնացին:

-Не знаю сейчас где, но придет, обязательно придет, -գլխավոր բժշկի հարցին ի պատասխան, հայտարարեց Վալյան:

-То есть как?

-Попросил узнать адрес Геворка.

-Геворк это… у каторого сестра…

-Нет, тот был Гегам.

-И что захотел?

-Участвовать на похоронах.

-И что? Вы дали адрес?

-Нет.

-А он…

-Сказал, что все равно пойдет. Вес город знает Гво.

-Բա հագու՞ստ, -տարակուսանքով խոսակցությունն ունկնդրող հիվանդներին դարձավ գլխավոր բժիշկը: -Ո՞րդ եք տվել:

Ոչ ոք ձայն չհանեց:

-Վաղը, - խոսքը բաժանմունքների հերթապահ բժիշկներին, բուժքույրերին ուղղեց նա, -մեկ առ մեկ կստուգեք պալատները: Առավոտյան բաժնի վարիչներին ևս կհանձնարարեմ: Այսպես շարունակել այլևս չի լինի: Վերևում եթե իմանան... Իսկ այդ Վռամ կոչեցյալին կհեռացնենք: Նրա նմանները մեզ պետք չեն, -նա մեքենա նստեց, սակայն դարպասին չհասած՝ ետ եկավ: -Եթե հանկարծ գիշերը գա, ինձ զանգ տվեք:

Վռամը եկավ երկուշաբթի: Հիավանդանոցային հագուստով էր, բայց ուշադիր աչքը կնկատեր բամբակյա շորերին ցցված խոտի շյուղերը: Ձեռքին փոքրիկ կապոց կար: Նշանի «ու՞ր էիր» հարցին պատասխանեց.

-Գնացել էի Գեղամի ու Գվոյի թաղմանը:

-Էս շորերո՞վ:

-Խանութից նորն առա, -ու ցույց տվեց ձեռքի կապոցը:

-Բա հասցենե՞րը:

-Գեղամինը գիտեի. Դիակը տանելու եկածները վարորդին ասին:

-Իսկ Գվոյի՞նը:

-Հարցնելով իմացա: Ընդամենը երեք գերեզմանոց ունեն:

Հետո բաժնի վարիչը, բուժող բժիշկն ու պրոֆեսորը նրան տարան գլխավորի մոտ:

Մեկ ժամ անց ետ եկավ:

-Հեռացրի՞ն, -վրա եկան հիվանդները:

-Չէ: Վիրահատություն են առաջարկում, -տրտում պատասխանեց Վռամը:


     «Ծխամած բարդոցներ» շարքից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10761 | 0 | 0
Facebook