Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկրաբանական թանգարանում մեկնարկել են ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները

Սեփ.լրատու
Մամուլի խոսնակ`
Սեփ.լրատու
16:49, ուրբաթ, 10 ապրիլի, 2015 թ.
Երկրաբանական թանգարանում մեկնարկել են ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները

Ապրիլի 9-ին ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում կազմակերպվել էր «Կորած անցյալի հավերժ վկաներ…» խորագրով հուշ-ցերեկույթ:

Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը բացման իր խոսքում խիստ կարևորեց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում նմանատիպ միջոցառման կազմակերպումը և շնորհակալություն հայտնեց հետաքրքրություն ցուցաբերելու և ներկա գտնվելու համար:

Միջոցառման 1-ին մասը նվիրված էր ցեղասպանության ականատես հայտնի երկրաբան Տիգրան Ջրբաշյանի կյանքին և գործունեությանը, որը ներկայացրեցին Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը և թանգարանի աշխատակիցները:

«Հայ ընտանիքի կորած անցյալի վկայություններ» թեման ներկայացրեց թանգարանի տնօրենը: Տիկին Գրիգորյանն անդրադարձավ ցեղասպանության ականատես Դիլդիլյան և Մարսուբյան ընտանիքներին, նրանց թողած պատմական ժառանգությանը:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին Արեւմտյան Հայաստանում բռնաճնշումների ենթարկված հայ երկրաբանների և բժիշկների անձնական իրերը: ժամանակավոր ցուցահանդես կարելի է այցելել բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 11-ից 16-ը: Մուտքն ազատ է:

Այստեղ կարելի է մեկ ամիս շարունակ տեսնել անձնական իրեր, փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պատկանել են Տիգրան Ջրբաշյանին, Դիլդիլյան և Մարսուբյան ընտանիքներին:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Հայ բժշկության թանգարանի հիմնադիր Հարություն Մինասյանը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված են ցեղասպանության ժամանակ սպանված մոտ 30 հայ բժիշկների լուսանկարները եւ անձնական իրերն ու գործիքները, ինչպես նաեւ ցեղասպանությանը վերաբերվող գրքեր՝ թվով 150, եւ Արեւմտյան Հայաստանից բերված մասունքներ, իրեր, գործիքներ եւ հայ բժիշկներին վերաբերվող այլ իրեր:

Ցուցադրված էր նաեւ Հարություն Մինասյանի գիրքը՝ «Օսմանյան կայսրությունում եւ հանրապետական Թուրքիայում ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ», որտեղ ներկայացված են մոտ 500 բժիշկների կենսագրությունները, լուսանկարները եւ նրանց դերը բժշկության զարգացման մեջ:

Միջոցառումը ուղեկցվում էր «ArtVocal անսամբլի» անզուգական ելույթով` Առնո Բարխուդարյանի ղեկավարությամբ: Քառաձայն երգչախումբը հանդես եկավ Կոմիտասի, Թաթուլ Ալթունյանի և Կարո Չալիկյանի ստեղծագործություններով և մշակումներով, որոնց թվում էին «Անձինք նուիրեալք» , «Նռան ծառը» , «Սարերի հովին մեռնեմ» երգերը:
    
     Երկրաբանական թանգարանի տնօրինություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4028 | 0 | 0
Facebook