Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԽԱԼԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԿՅԱՆՔԸ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
08:42, երեքշաբթի, 24 մարտի, 2015 թ.
ՍԽԱԼԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԿՅԱՆՔԸ /պատմվածք/

Ներսեսն շտապում էր րոպե առաջ տուն հասնել: Ոչ մի լուրջ գործ: Աշխատանքը վերջացել էր, ու տուն էր գնում: Թե ինչն էր այդպես ձգողը, ինքն էլ կարգին չգիտեր, մանավանդ նախկին կյանքից փշրանքներ էին մնացել: Նրա փոխարեն ուրիշներն իրենց խմիչքի կտային, կանանց ետքից կվազեին ու կամաց-կամաց ցավին խաբելով՝ կազատվեին, կպրծներ կգնար: Ներսեսը՝ չէ, կսկիծը սիրտն էր գցել ու կամովին տրվել նրան:

Մեկ տարի շարունակ նույնն է անում. գործից գնում է՝ ոտքի վրա մի բան ուտելով մեկնվում մահճակալին: Հետո սկսվում են վեճն ու կռիվը, բացատրությունները, հաշտության բացատրությունները, գգվանքն ու արցունքները: Հազար ու մի տարբերակով նույնը կրկնվում է ամեն օր՝ միայնակ, առանձնության մեջ: Էդ մեկը, չէ՝ չեղավ: Ներսեսը երբեք միայնակ չի լինում: Երեխաներն ամեն պահ նրա հետ են, նրա կողքին, նրանից անբաժան: Սիրում է, գուրգուրում, անուշ-անուշ զրուցում հետները, տանում զբոսանքի, բարեկամների տուն: Կնոջը՝ ամենևին: Կնոջն օտարել է՝ ընդմիշտ և չի ների, եթե մինչևիսկ ծնրադիր մոտը գա: Նրան այդպես էլ պետք է, անարգանքի սյունն է նրա տեղը: Կինը՝ նա հանգցրեց տան կրակը, նրա պատճառով անգամ ամռան կիզիչ շոգին քարաշեն պատերի ներսում ու Ներսեսի հոգում ցուրտ է: Այդքանից հետո ների՞: Զավակների սիրու՝ գուցե, բայց մոռանալ՝ երբեք:

Կնոջն ի՞նչ. զավակները հետը, ծնողները, քույրը՝ կողքին, ոչ լվացք, ոչ ճաշ եփել, ոչ ամուսնու «հա» ու «չէ»: Իր քեֆին՝ ուզի լվացք կանի, չէ՝ կմիացնի հեռուստացույցն ու քրոջ հետ թիկն կտա բազմոցին: Տանջվողը, երեխաների կարոտից հալումաշ եղողը Ներսեսն է, ինչ եղավ, նրան եղավ:

Ողջ տարին ջանում էր փշրված ափսեի կտորտանքները կպցնել, կանխել լինելիքը - անօգուտ: Կինն այդ որոշումը վաղուց էր կայացրել, դեռևս ամուսնանալուց առաջ: Այո, այո, նախքան հարսնանալը նա գիտեր, որ կբաժանվի: Ինչի՞ն էր պետք Ներսեսը: Զավա՞կ էր ուզում, որպեսզի ծերության օրոք մենակ չմնա, վրան լացող, ձեռքերի վրա գերեզման տանող լինի, խնդրեմ, ունեցավ, ըստ որում մեկի տեղ երկուսը՝ տղա, աղջիկ: Հանրության բերանն էլ ծեփվեց. Չեն ասի՝ ապօրինի են: Օրինական հորից, օրինական ամուսնությունի՞ց են ծնվել, վերջ՝ կարևորը դա է: Մի բան էլ կխղճան, ամեն քայլափոխի կընդառաջեն, կասեն՝ հորից որբ են, մեղք են: Էլյան, հո, հիմա՞ր չէր, որ այլոց նման բռներ ու պատահական մեկից սերունդ ունենար, հետո ընկներ կրակը: Հիմա ալիմենտ է ստանում, դեռ մի տասնհինգ տարի էլ խնայգրքույկի վրա հաշիվը կավելանա: Աշխատավարձի հետ շատ ավելի է կազմում, քան Ներսեսինը: Էշ Ներսես: Տակը հարյուր ռուբլի է մնում, դե թող փորձի նորից տունուտեղ դնել, տեսնեմ առնող կլինի՞: Այդ մի կողմն էլ է ապահովված, ճի՞շտ է: Մնում է տան հարցը: Ներսեսն առայժմ բնակարանից դուրս չի գալիս, համառում է, սակայն՝ ոչինչ: Էլյան նրան այն օրը կգցի, որ որ քթից ծուխ ելնի, շները ձեռքից հաց չառնեն: Չի ազատի՞: Նրան Էլյա են ասում, նա այնպիսի մոր ծնունդ չէ, որ կրակոցը ճակատին չառնի: Դեռ ամուսնության առաջին գիշերը՝ Ներսեսի գրկում տապակվելիս էր հաշվարկել:

Ներսեսն ո՞վ էր, որ Էլյան նրա հետ ապրեր - հետամնաց, ավանդապահ: Իր արևին Մոսկվայում էր սովորել, թեկնածուական պաշտպանել, իբր, լավ էլ մասնագետ է: Սու՛տ: Էլյայի համոզմունքն է՝ լավ մասնագետը նա է, ով փող է վերցնում, ում տալիս են, չոր ռոճիկի վրա նստած չէ: Դրա նպատակնե՜րը: Ուզում էր ընտանիքի ղեկը ձեռքում պահել: Երեխաներին անուն դրեց՝ Անդրանիկ, Անի: Չէ մի՝ պոզեր: Անդրանիկը՝ միայն ու միայն Անդրեյ, Անին՝ Անկա: Նույնը սովորեցրեց բարեկամներին: Ամեն բան՝ կամաց-կամաց, ամեն ինչ՝ ժամանակին: Հասցրեց փող էլ կուտակել, բա ո՞նց, նեղ օրեր էին գալու: Ինչպե՞ս: Շատ հասարակ, միայն թե Ներսեսն ուղտի ականջում քնած էր: Սկզբում աշխատավարձը բանկը գցեց՝ դաշնամուրի անվան տակ: Իսկ երբ հազարը կլորեց, մեջտեղ եկավ երաժշտական դպրոցի կաշառքի հարցը: Գառ Ներսես: Ընդվզեց, թե՝ պիղծ արարքի չեմ գնա, իմ զավակին նման ճանապարհով երաժշտական կրթություն պետք չէ: Միամիտ, Էլյան էլ թողեց, որ բանը դրան հասնի: Այնպես հիմքից էր բռնել գործը, որ ահա մեկ տարի խելքդ գլուխդ չի գալիս: Էլ կգա՞ որ: Աշունդ ամառից շուտ եկավ: Դպրոց, Այբ, Բեն, Գիմ, «Առավոտ լուսո» ու «Սասնա ծռեր», հայրեններ ու «Քելեր, ցոլեր» ... Արմատներիդ հե՞տ էիր կապել կամենում, հիշողության ճշմարիտ հայելի՞ էիր որոշել տալ ձեռքները: Խակ ես, խա՛կ, բա այդպես մտածողը Էլյայի՞ն կառներ: Դե գնա, շփոթը վայելիր: Հիմա ո՞վ է կանգնած զավակներիդ թիկունքին - դու՞, անուններն ի՞նչ են - Անդրանի՞կ, Անի՞:

Ներսեսի կապույտ «Զապը» մեքենաների հոսքի մեջ ընկած՝ մղվում էր առաջ, դեպի նպատակակետը՝ տուն, և սովոր ձիու պես գիտեր ճանապարհի բոլոր մանրամասները: Քիչ անց մայթին մերձ դիտահոր կա՝ առանց կափարիչի - զգույշ, միայն կենտրոնով: Ոլորանի մոտ աննկատ, ծառերի սաղարթով քողարկված երթևեկի նշանն է՝ իսկական դարան - ուշադիր, սովորաբար ավտոտեսչության աշխատակիցներ են լինում: Շուկայից հետո վայրէջք է սկսվում - չմոռանաս արագությունը փոխել, թե չէ ալիք-ալիք սառած ասֆալտն այնպես կթափահարի, ասես՝ սղոցի վրա: Ու այդպես՝ յուրաքանչյուր պահ:

Դա նրա ամենօրյա ճանապարհն էր: Տասնյակ անգամ կրկնվածն այնքան պինդ էր դաջվել ուղեղում, որ շարժումներն ավտոմատացել էին, և մեքենա վարելն այլևս առանձնակի ուշադրություն, կենտրոնացում չէր պահանջում: Հարկավոր պահին ձեռքերն անսխալ իրենց գործն էին անում, ոտքերը՝ իրենցը, ու նա տրվում էր խոհերին:

Վեց տարվա հառիկ-հատիկ հավաքածից Ներսեսին միայն մեքենան էր մնացել: Կարող էր տան եղածը վերագնահատել տալ, դատական գույքացուցակում ավելացնել ռուբլիների արժողությամբ իրերը, օժիտի անվան տակ չգրանցվածները, սակայն չուզեց մանրանալ, հավասարվել կնոջը: Իսկ Էլյան... Հողագունդը նրա նմանը չի ծնել: Էլյայի նման մեկ էլ Էլյան է: Ներսեսից թաքուն մարդ էր բերել տուն, ցուցակագրել էին կայքն այն հաշվով, որ երեք հազարը չանցնի, կշեռքի թաթերը հավասար լինեն. մի նժարին մեքենան՝ Ներսեսին, մյուսում տան իրերը՝ իրեն: Դա դեռ ոչինչ: Ցուցակում ավելացրել էր նաև խնայբանկում ամուսնու անվամբ երեք հարյուր ռուբլին, հատուկ նշել հաշվի համարը՝ մոռանալով, սակայն, իր գրքույկի երկու հազարը: Անազնիվ Էլյա... Քո ո՞ր լավ արարքը մտաբերի Ներսեսը:

Շաբաթ-կիրակիի անվան տակ երեխաներին տարավ հոր տուն, հետո թե՝ հիվանդացել, հազում են, լավ կլինի մեկ-երկու շաբաթ մանկապարտեզ չտանեն: Ամեն մանրուք հաշվի էր առել: Հարսանիքի պիտի գնային. Ներսեսի եղբոր աղջիկն էր ամուսնացողը: Էլյան, ի զարանս նրա, այդ օրերին արտակարգ սիրալիր էր, զիջող, անկողնում՝ համարձակ, տրամադրող: Փոքրիկները չկային, և մեկ սենյականոցը սիրո որջ էր դարձել: Ներսեսն այդ օրերին գրեթե երջանիկ էր, համոզված, թե կնոջ մշտական սառնությունը պատճառներ ունի. երեխաների ներկայությունը, առտնին գործերը, որ նրանց բացակայության հետ պակասել էին, մղվել ետին պլան: Ի՞նչ իմանաս: Սիրո վայելքներին, սակայն, ինչպես անսպասելի տաքերի պատճառով ձմռանը բողբոջած ծառերին, երկար կյանք չէր վիճակված: Հարսանիքից մեկ օր առաջ Էլյան փոխվեց, մթնեց: Կռվի առիթ էր փնտրում: Ներսեսն առաջարկեց երեխաներին տուն բերել. մտադիր էր հարսանիքի տանել: Էլյան պայթեց.

-Մի տես քեզ տեղ կլինի, նոր...

Ներսեը բացատրեց, որ կարևորը նստելը, ուտել-խմելը չէ, որ իրենց ընտանիքում առաջին անգամ է թոռ-երեխա ամուսնանում, և վաղամեռիկ ծնողների բացակայությունը բազմանդամ տոհմի ճիչ-աղմուկով պիտի լցնել՝ այդ կերպ վրեժ լուծելով ճակատագրից: Ոչինչ չոգնեց: Էլյան մտավ կեղևի մեջ, սսկվեց: Օրն այդպես էլ անցավ, և Ներսեսը քնելուց առաջ հաշտվելու փորձ արեց: Էլյան կոպտորեն մերժելով՝ ելավ անկողնուց, բազմոցին առանձին տեղ գցեց: Ներսեսը դառնացած՝ երկար շուռումուռ գալուց հետո քնեց՝ առավոտյան հաշտվելու հույսը փայփայելով:

Հասանքավորները տասներկուսին էին հավաքվելու, սակայն եղբայրը խնդրել էր օգնելու համար շուտ գալ: Սափրվելուց, տաբատը մանրակրկիտ խոզանակելուց, կոշիկները փայլեցնելուց հետո ուշադրություն հրավիրելու մտադրանքով աղմուկով բացեց պահարանը, թաշկինակ ընտրեց: Էլյան անկողնուց ելնելու նշան ցույց չէր տալիս: Ներսեսն արդուկեց վերնաշապիկը, հայելու առաջ կապեց փողկապն ու դարձավ կնոջը.

-Մտադիր չե՞ս ելնել:

Էլյան ձայն չհանեց:

-Չե՞ս գալու:

-Ոչ, -գլուխը պատի կողմը շրջեց նա:

-Ինչու՞, -սևացավ Ներսեսը:

-Գլուխս ցավում է:

-Կգա՛ս, -մռնչաց ու, կնոջ ուսերից բռնելով, դեմքը թեքեց իր կողմը:

-Թող ինձ, -ձանձրույթով արձագանքեց կինը:

-Մնա, օձ, -Ներսեսն իրեն գցեց դուրս և չտեսավ, թե ետքից կինն ինչպես ֆշշաց ու, քանդելով կծիկը, իջավ անկողնուց:

Այդ գիշեր և դրանից հետո Էլյան տուն չեկավ: Մեկ շաբաթ անց ծանուցագրից տեղեկացավ, որ կինը ապահարզանի դիմում է տվել: Դատարանում նրան ծանոթացրին գործի մանրամասներին, կնոջ հայցը դեմը դրին: Ի՜նչ հանցանք ասես չէր վերագրվում Ներսեսին: Պարզվում էր՝ ամեն օր դաժանաբար ծեծել է կնոջը, երեխաներին, նրանց օրվա հացի կարոտ պահել: Հետո, երբ դատի ժամանակ ատենակալներից մեկը հարցրեց, թե այդ դեպքում ինչու՞ ոչ մի անգամ ոստիկանություն, դատաբժշկի չի դիմել, Էլյան վայրկյան իսկ չհապաղելով, բացատրեց, որ իր նախկին ամուսինը /կնոջ խոսքերն են/ մասնագիտությամբ բժիշկ է և գիտի առանց հետքեր թողնելու ծեծի նրբությունները: Ստեց առանց ամաչելու, գետինը մտնելու: Կարողացավ:

Ներսեսին առավել զարմացնողը կնոջ հաշվենկատությունն էր, գիծ, որը մինչ այդ սքողել էր: Բաժանվելու համար պատճառ, արդարացում էր պետք. հանրույթ, հարևան-բարեկամներ գոյություն ունեին: Ամուսնուն հարբեցողության, սիրուհի պահելու մեջ չէր կարող մեղադրել. ոչ ոք չէր հավատա: Եվ ահա գտել էր ելքը: Ի՞նչ կա որ, հնարավոր է: Խե՜ղճ աղջիկ, օր չի քաշել սադիստի ձեռքին, իրենք էլ կարծել են հանգիստ, խաղաղաբարո մարդ է: Ճիշտ են ասում՝ փախիր մարմանդ գետից: Ահա, այդպես էր մտածել, հաշվարկել Էլյան: Կանվանարկի ամուսնուն բոլորի, նաև բարեկամների, զավակների աչքում: Մեծանալու են, չէ՞, մի օր պիտի հաշիվ տա: Դե թող Ներսեսը հակառակն ապացուցի: Ո՞վ կհավատա, թե երեխաների սիրուց գժվում է, ընկերական շրջապատից հանուն նրանց է իրեն զրկել: Վատ մարդ է եղել, -կասեն, -դրա համար մտերիմ չի ունեցել: Այլոց փոխարեն նման եզրահանգումներ կատարողը Էլյան էր՝ նա, ով ժամանակին Ներսեսին մեղադրում էր երեխաներին շատ սիրելու մեջ՝ համոզված, թե դա թերություն է: Ի՞նչ աներ Ներսեսը, թաքցնե՞ր սերը, չհամբուրե՞ր, երբ փամփլիկ հետույքները աչքով էին ընկնում, ծոցը չառնե՞ր, երբ հրեշտակի նման անմեղ՝ թևքերը բացած գիրկն էին վազում, հետները թավալ չտա՞ր հատակին, քթները չսրբե՞ր: Ի՞նչ սև կապեր Ներսեսը: Միայն գոռա՞ր, սաստե՞ր, ծեծե՞ր: Էլյան այդպիսի՞ տղամարդ, հայր, ամուսին էր ուզում:

Աչքերն այդ օրերին լիովին բացվեցին: Նոր-նոր ըմբռնում էր, թե կնոջ սիրտն ինչու տան վրա տաք չէր: Ամեն ինչ՝ զոռով, դժկամությամբ: Կինը նա էր, ուստի և առաջինը պիտի անհանգստանար տուն-տեղ դնելու, փալաս-փուլուս առնելու մասին, բայց ձեռքը չէր գնում, օր դատող, օր ուտողներից էր: Սկզբում մտածում էր, թե հանրակացարանային կյանքի սովոր աղջիկ է, կբացվի, երեխա ունենալուց հետո սիրտը կջերմանա: Ամենևին: Ներսեսն ապշում էր. իրենք էլ տուն էին, չէ՞, իրենց դուռը ևս բացող էր լինում, և հարկադրված՝ գդալ-պատառաքղից սկսած, մինչև սառնարանն ու բազմոցը մեկիկ-մեկիկ առավ: Գոնե ոգևորվեր, մի չոփ հետը բերեր:

Առաջին ամիսներին աշխատավարձն ամբողջությամբ նրան էր տալիս. բան դուրս չեկավ: Եթե նույնիսկ խանութում ազատ խնձոր վաճառեին, միևնույն է, չէր առնի, միայն շուկայից՝ թեկուզ տասն անգամ թանկ: Փո՞ղ կդիմանար: Ստացածները մեկ-երկու շաբաթում քոռուփուչ էր անում: Կոճակն ի՞նչ է, չէր կարող կարել: Բա եփած կերակուրնե՜րը. յուղն առանձին էր կանգնում, ջուրն ու կարտոֆիլը՝ առանձին:

Ներսեսը չէր հաշտվում եղածի հետ. խոհանոցում կինը ճաշ էր եփում, միջամտում էր, երեխային բարուրել էր պետք, ինքն էր ցուցում տալիս ու այդպես՝ ամեն ինչում: Ուրիշ մեկը կընդուներ իր անգիտությունն ու նրա ձեռքի տակ շնորհալի տանտիրուհի կդառնար: Իսկ Էլյան՝ բավական էր մի դիտողություն, խորհուրդ, նեղսրտում էր, շաբաթներով քիթը կախում: Երբ մի անգամ զգուշորեն փողի մասին հարցում արեց, սոսկալի վիրավորվեց, սկսեց ցուցադրաբար հաշիվ ներկայացնել: Նրա համոզմաբ՝ Ներսեսը տղամարդ չէր, քիթն իրեն չվերաբերող գործերի մեջ էր խոթում: «Քո ի՞նչ բանն է, ինչ կեփեմ, ինչ կանեմ, ամանները երբ լվացի, երեխայի տակաշորը երբ փոխեցի», -ասում էր: Ներսեսը մի շրջան փորձեց անտարբեր մնալ. ինչ կերպ կամենում է, թող վարվի, բայց… գործից գալիս էր՝ ճաշ չկա, հաց չի առել, երեխան էր աղիողորմ հեկեկում, հյուրեր եղած ժամանակ ինքն էր գետինը մտնում: Ու վերստին և հերթ էր կանգնում կարտոֆիլի ու մնացյալի համար, և բարուրը քանդում ու փոքրիկի կարմրած հետույքը լվանում, և ճաշ եփում ու կնոջից թաքուն՝ պահարանի, հեռուստացույցի փոշին մաքրում: Մեկ, երկու երեք… Էլյայի աչքին դարձավ գծուծ, չկամ, գեղջուկ, իսկ ինքը… Կարդացածը Юность-ից ու դետեկտիվ գրքերից, հետաքրքրասիրությունը խաչբառից այն կողմ չէր անցնում: Անգամ մտավոր ընդունակությունն էր սահմանափակ, սակայն փորձիր բան ասել… Պարզապես այնքան խելոք էր, որ կարողանում էր լռել և անտեղյակ անձանց աչքին խորհրդավոր երևալ:

Այդ լռությունն ու սուսիկ-փուսիկությունն էլ Ներսեսի կյանքը խորտակեցին: Ամուսնացավ՝ գրեթե առանց ճանաչելու: Վրիպեց, և դրանում մաս ունեին ընկերները: «Դրանից լավը չես գտնի, -ասում էին, - ման եկած չէ, աչքը տանը, երեխաներին կլինի»: Ի՜նչ իմանային, որ մնջության տակ դև է թաքնված: Բարեկամներն էլ իրենց հերթին. «Տարիքդ անցնում է, շուտ արա, տուն-տեղ դիր»: Վստահում էին՝ կարծելով աշխարհ տեսած, մոսկվաներում ապրած Ներսեսն անսխալական է: Ինքը ևս՝ այդ տարիներին շատ ինքնավստահ էր, չափազանց համարձակ: Մինչդեռ փորձառու լինելով հանդերձ, կանանց չէր ճանաչում: Ավելի ճիշտ, գիտեր, բայց նրան գրեթե անծանոթ էին նույն հարկի տակ կենալու, անընդհատ իրար հետ լինելու դժվարությունները: Կանայք միայն նրա համար են, որպեսզի հաճոյախոսես հետները, սիրես, սիրվես, իսկ մնացածը հեշտ է, ինքնին կլինի, -մտածում էր: Մանավանդ ինքը խաչ է քաշում անցյալի վրա, ամբողջությամբ տրվում ընտանիքին, սեփական բույնը հարդարելուն և նման կողակից է ընտրում՝ պարկեշտ, հասարակ ընտանիքից: էլ չհարցրեց՝ այդ ինչպե՞ս է, որ երեսուներկու տարեկան օրիորդը դեռ ոչ մի հրապուրանք չի ունեցել՝ այն էլ մեր օրերում: Մի՞թե շրջապատում սիրելու արժանի տղամարդ չի գտնվել: Գուցե անկարո՞ղ է եղել գեղեցկությունն զգալ և կամ՝ բնավորությամբ այն աստիճան չոր է, որ բոլորը խուսափե՞լ են:

Իրականում նա այդ հարցերն իրեն տվելէր, միայն թե բոլոր ինչուների նույնքան հավանական պատասխաններն օտարվեցին ու մնաց մեկը՝ ամոթխած է, վեհերոտ: Եվ Ներսեսը, ով կարող էր տասն անգամ ավելի գեղեցիկ կին փնտրել, հեռանկատ ամուսնությամբ հարթել հետագա ուղին, դոկտորական պաշտպանել ու պրոֆեսորի պաշտոն ապահովել, ընտրեց Էլյային: Էլ չգիտեր, որ լուրջ խաղի մեջ է մտնում, ու զուգընկերը մեծ դերասան է, որ մարդիկ ունակ են տարիներով, եթե պետք է՝ նաև ողջ կյանքում ներկայանալ այլ կերպ, քան կան, թաքցնել, քողարկել էությունը և ապրել կեղևված, միշտ խեցու մեջ:

Մինչևիսկ փոքրիկների հարցում չափած-ձևած էր: Ներսեսն այդպես էլ չտեսավ, որ զավակներին սրտանց համբուրի: Ամեն բան՝ կարգուկանոնով, ըստ գրքերի, չոր ու ցամաք: Սառը ջուր չխմես, սենյակում չվազես, այս՝ այսպես արա, այն՝ միայն այնպես: Դուք երեխաներ չեք, ձեր անուններն Անդրանիկ, Անի չէ: Դուք Էլյան եք՝ սուսիկ-փուսիկ, չարկամ, քարսիրտ, անհոգի, անխղճմտանք, անզգացմունք, անագորույն, ան… Եթե քնելու ժամին աշխարհի լավագույն ֆիլմը ցույց տան, ձեզ չի կարելի, марш դեպի անկողին: Չփորձեք ծպտուն հանել: Արցունքները՝ միայն ներս, խորքերը, առաջին հերթին՝ կարգը, կարգը: Սովորեք սարդի պես ապրել՝ սառը, լպրծուն: Լռության մեջ ցանց հյուսեք՝ սպասելով զոհին: Նա կգա, անպայման կգա, և ազատում չի լինի, այդուհետ կնճիթներդ խրեք մարմինն ու ծծեք հյութերը՝ ըստ ցանկության:

Այդ ամենով հանդերձ, Էլյային կորցնելու միտքը խելագարեցնում էր Ներսեսին: Ըստ էության, կյանքն ուղղում էր նրա սխալը, սակայն հաշվի չէր առել մի բան՝ մայրության հասնող սերը հանդեպ զավակները: Որքան էլ տարօրինակ, բայց այդպես էր. նա որդուն ու դստերն զգում էր բոլոր նյարդերով, բջիջներով: Իր կեսն էին, իր շարունակությունը, Ներսեսն էին՝ մանկացած: Մի հանգամանք ևս կար. որբ էր մեծացել, վաղ տարիքում զրկվել ծնողներից և գիտեր՝ ինչ ասել է անծնող մարդ: Կար նաև երրորդ պատճառը, որն անգամ իրեն չէր խոստովանում. մոսկվաներում, կանանց շրջանում միշտ հաջողակ, մերժում չստացած Ներսեսին դեմ էին արել պատին: Գտնվել էր մեկը, ով նրան ոչ միայն չէր սիրում, չէր համակրում, այլև ատում էր, և այն էլ ո՞վ՝ սեփական կինը - իրոք, ջախջախիչ հարված:

Սկզբնական շրջանում չէր հավատում, թե բանը բաժանության կհասնի: Կարծում էր, հերթական քայլ է՝ ճզմելու, ճնշելու, փալաս դարձնելու, տան ղեկը ձեռքն առնելու վերջնանպատակ հետապնդող: Ու փոխանակ բախտից շնորհակալ լինի զսպող, անդամալուծող թոկից ազատելու համար, բռնեց հարյուր տոկոսանոց սխալ, հետագա կյանքն առավել խճճող ուղի: Քրոջը, եղբայրներին, հեռու-մոտիկ բարեկամներին, ընկերներին ճամփեց Էլյայի ու նրա ծնողների մոտ: Բանագնացները մեկը մյուսին էին հաջորդում, սակայն կինը երկու ոտքը մի կոշիկի մեջ հաստատուն էր դրել: Ծնողներն իրենց հերթին կարճմիտ՝ անվերապահորեն հավատալով դստեր պատմածներին՝ նրա կողմն էին բռնել: «Դժոխքի վերակացու է Ներսեսը, և տանջարանից իրենց հրեշտակին հանելու մի ելք կա՝ բաժանությունը», -որոշել էին: Իսկ թե հետագայում ի՞նչ է սպասվում երեխաներին, դստերը, տասներորդական հարց էր, ուշադրության անարժան: Ճանաչողները, իհարկե, չէին հավատում Էլյայի մոգոնածին: Զարմացնողը Ներսեսի վարքն էր՝ իջնում էր, հա իջնում, մեկը մյուսի ետևից զիջումներ անում՝ փրկելու ի՞նչը: Զավակների՞ն: Կյանքի փորձն ասում էր, որ դա չէ ճանապարհը, խնդրել-պաղատելով, բացատրելով բան դուրս չի գա: Ամենաշատը՝ Էլյան կվերադառնա՝ երկու-երեք ամիս անց վերստին հեռանալու համար, այս անգամ՝ վերջնական: Նման պարագայում թուլությունն անթույլատրելի է: Խոտորնակին խոտորնակ, և դիմացինը կզգա, որ արժեք է կորցնում:

Ժամանակ շահելու նպատակով Ներսեսն այն ժամանակ այցի գնաց անգամ դատավորին: Վերջինիս պրակտիկայում, երևի, նման բան չէր եղել, զարմացավ: Ներսեսը բացատրեց գործի էությունը՝ ազնվորեն, առանց մանրուք թաքցնելու, հետո խնդրեց երեք ամիս ժամանակ տալ: Նույնը պնդեց նաև դատի ընթացքում: Ընդառաջեցին: Ակնհայտ էր, հիմար չէ, սիրահարված՝ նույնպես, կարողանում է երևույթը տակից-վրայից տեսնել, գիտի կնոջ բնավորության բոլոր հոռի գծերը, բայց թե՝ կամովին ուզում է շարունակել նախկին կյանքը:

Էլյան տանը մնացած քրոջ հետ էր եկել՝ չսպառած կրքից ու չարությունից մաղձոտ աղջիկ: Մեկ տարի շարունակ Ներսեսենց հետ ապրեց՝ մշտական ներկայությամբ լիուլի խանգարելով զույգին, թույլ չտալով մտերմանալ: Խոհանոցում էր քնում: Երբ երեխան ծնվեց, տեսավ՝ դժվար է, օգնության կարիք ունեն, լացուկոծը խանգարում է, լքեց ու գնաց տուն վարձելու: Հետո կարողացավ սուտ-փուտ ժպտալ տնօրենին, դարձյալ ինչ-որ մեկին ու կանացի խոստումներով երկու-երեք տարի անց մեկ սենյակ կորզել, և Էլյան ոտքի հենարան ունեցավ:

Անդավաճան «Զապը» անսպասելիորեն կորցրեց արագությունը: Ներսեսը, չհասկանալով ինչն ինչոց է, ետքից եկող մեքենաների հորձանքին չխանգարելու համար ղեկն աջ թեքեց: Եվս մի քանի մետր, և «Զապը» կանգ առավ: Նա շարժիչը վերստին գործի գցելու մի քանի փորձ արեց. բենզինը վերջացել էր: Նման դեպք էլի էր եղել: Երեխաների, կնոջ հետ գնում էին Էլյայենց տուն: Դեկտեմբերի վերջն էր՝ ցուրտ: «Զապարոժեցն» այդ տարի էին գնել, և Ներսեսը նոր-նոր էր վարժվում մեքենա վարելուն: Հիմա լիներ, չէր հանդգնի այդքան ճանապարհ կտրել: Աշտարակից սկսած՝ գնալը դժվարացավ: Ասֆալտը սառցակալել էր, դիմացից փչող քամին ծեփում էր հողմապակին, ցնցում մեքենան: Մաքրող ձողիկները տենդագին դեսուդեն էին զարկվում, բայց դա բավական չէր, և Ներսեսը շուտ-շուտ լաթը ձեռքն էր առնելով՝ ներսից-դրսից մաքրում էր դիմապակին: Դիմացից մեքենա չէր գալիս, ինչը, սակայն, նրան ոչինչ չէր հուշում: Գուցեև անորոշ վտանգ զգում էր, բայց Էլյայի լռությունը, այն միտքը, որ կասի՝ վախեցավ, թույլ չէր տալիս կեսճամփից դառնալ:

Սպիտակի լեռնացքից իջնելիս շարժիչը, ինչպես այս անգամ, լռեց: Ազատ ընթացքի դրված «Զապորոժեցը» սկսեց սեփական ծանրության տակ արագություն հավաքել: Ներսեսը կտրուկ արգելակեց: Մեքենան սառցի վրա պտտվելով՝ գլուխը կիսով չափ դեպի ետ, կանգնեց ձորապռնկին: Երկյուղած իջավ: Կես մետրի չափ տարածություն էր բաժանում սոսկալի բարձունքից: Չլինեին եզրի ձնակույտերը, անկասկած կգահավիժեին: Վախենում էր շարժիչը վերստին գործարկել. հանկարծ ու փրկարար սառցակույտերը տեղի տան՝ չդիմանալով ճնշմանը: Կես ժամի չափ մեքենայի սպասեց, ապա, հուսահատվելով, փորձեց միայնակ հրել: Ուժը չպատեց: Էլյան այդպես էլ տաք սրահից չելավ: Տղամարդու գործ է, միայնակ գլուխ բեր, -ասում էր հայացքը: Անգամ մտքով չանցավ վերարկուն առաջարկել դրսում սպասող Ներսեսին: Չլինեին երեխաները, կհրեր մեքենան ու Էլյայով հանդերձ ձորը կնետեր. այդչափ անտարբեր, գրգռող էր հետնամասում ընկողմանած կինը: Վերջապես Սպիտակի կողմից ավտոբուս հայտնվեց: Մեքենան փնչոցով հասավ Ներսեսին, շարունակեց ընթացքը, սակայն տագնապն ու կոկորդում հայտնված հայհոյանքն իզուր էին: Փորձառու վարորդը վերելքը հաղթահարելուց հետո կանգնեց: Ավտոբուսից թափված տղամարդիկ արագորեն ուղղեցին մեքենան: Նրանց՝ «ի՞նչ է պատահել» հարցին ուսերի թափահարումով պատասխանեց: Վարորդը հաղթ մարմինը «Զապը» խցկելուց հետո պտտեց բանալին, սակայն երբ աչքն առավ ցուցիչին, շարժիչը երկրորդ անգամ գործի գցելու մտքից հրաժարվելով՝ դարձավ Նեսեսին՝ հայացքում նախատինք.

-Այսպիսի եղանակի միայն կյանքից ձեռք քաշածը «Զապորոժեցով» ճամփա կելնի:

-Ի՞նչ եք առաջարկում, -չոր նկատեց Էլյան:

-Լավ կլինի ետ դառնաք, -խոսքը դարձյալ Ներսեսին ուղղեց վարորդը:

-Խնդրում եմ ձեր կարծիքը մեր վզին չփաթափեք: Դուք չպիտի որոշեք մեր գնալ-չգնալը:

Վարորդը շրջվեց, նայեց Էլյային, Անդրանիկին ու Անիին, հետո՝

-Երեխաներն են մեղք, -մնացածը, հավանաբար Ներսեսին խնայելով, մտքում ասաց:

Ապա նա ավտոբուսից մի դույլ բենզին քաշելով՝ իր ձեռքով լցրեց «Զապի» բաքը: Անհամբեր մեկն ազդանշան տվեց: Վարորդն ուղղվելով՝ առանց ցտեսություն ասելու գնաց: Արդեն մեքենայում հողմի հետ Ներսեսին հասավ նրա ձայնը.

-Սառույցի վրա ոչ մի դեպքում չարգելակես, գցիր երկրորդ ու հանգիստ գնա:

Այդ օրը մեկ անգամ ևս համոզվեց, որ կինն իրեն չի սիրում:

Բաժանությունից հետո Ներսեսը նույն ճանապարհն անցնում էր միայնակ: Էլյան, պատճառ բռնելով բնակարանը, աղջկան տարավ հոր տուն: Ներսեսը երկու-երեք ամիսը մեկ գնում էր նրան տեսնելու: Սկզբում Անին ջերմորեն էր ընդունում. կարոտագին ընկնում էր հոր վզով, և երկուսն էլ հուզմունքից, ուրախությունից, վշտից հեկեկում էին՝ առանց կողմնակի աչքից արտասուքը թաքցնելու: Հետո գործը բարդացավ: Ծնողները, քույրը, ինքը՝ Էլյան սկսեցին երեխային վախեցնել, հազար ու վատ միտք լցնել գլուխը, տնօրենի, ուսմասվարի հետ վիճեցին, ժողկրթբաժին մտան՝ առանց իրենց գիտության հոր ու դստեր տեսակցությունն արգելելու պահանջով: Գնալով Անին փոխվեց: Վերջին այցի ժամանակ այդպես էլ մոտ չեկավ, նվերը՝ ոսկեծամ տիկնիկ, չվերցրեց: Ներսեսի սիրտը ճմլվեց: Աղջիկը շարունակաբար աչքը դարպասին էր գցում: Սարսափ կար հայացքում. վախենում էր տատը, մեկնումեկը գա ու նկատի հոր հետ զրուցելիս: Հայերեն խոսելը, հո, լրիվ մոռացել էր: Ներսեսը չկամեցավ տանջել երեխային և, պատուհաններից հետևող ուսուցիչների, աստիճանահարթակում խմբված աշակերտների հայացքի ներքո, փղձուկը հազիվ զսպելով, նստեց մեքենան և վերադարձավ Երևան:

Մնաց Անդրանիկը: Շաբաթը մեկ գնում էր մանկապարտեզ: Այնպիսի ժամ էր ընտրում, որ Էլյային չհանդիպի, ու տղայից մասամբ նաև դստեր կարոտն էր առնում: Որդու հետ կապված մի միջադեպ ևս հիմնովին ցնցել էր նրան: Նույնն էր, թե բաց վերքին աղ ցանեին: Դուրս էին եկել բակ և մեկուսի անկյուն գտած՝ զրուցում էին: Հետո Անդրանիկն առաջարկեց հեռախոս-հեռախոս խաղալ: Ձեռքը դրեց ականջին ու՝

-Ալլո, հայրիկ:

-Լսում եմ, -ակամա խաղի մեջ մտավ Ներսեսը:

-Ո՞նց ես:

-Լավ եմ, Անդրանիկս: Երբ քեզ հետ եմ, ամեն ինչ առաջվա պես է, -իրենից ու փոքրիկից ամաչելով՝ անկեղծացավ:

-Սովա՞ծ ես, հայրիկ:

-Չէ, հոգիս: Ինչու՞ ես այդպես կարծում:

-Բա քեզ ո՞վ է ճաշ եփում:

-Ինքս: Չգիտե՞ս, որ հայրիկը համով-համով բաներ գիտի պատրաստել: Չե՞ս կարոտել հորդ ճաշերին:

-Քո շորերն ո՞վ է լվանում, -հարցն անարձագանք մնաց:

Ներսեսի կոկորդը սեղմվեց. ուրեմն՝ երեխային այս մտքերն էլի են հուզել: Շատ անգամ է միայնակ հարց տվել իրեն՝ չստանալով պատասխանը:

-Հայրիկ, ինչու՞ չես պատասխանում, նեղացա՞ր, -անհանգստացավ տղան:

-Ամենևին: Խոսենք, խոսենք: Ես ինչպե՞ս կարող եմ քեզնից նեղանալ, ի՞նչ իրավունք ունեմ:

-Հայրիկ, ես քեզ ամեն օր հիշում եմ:

-Դե, ես գիտեմ, որ դու լավ ձագուկ ես:

-Մաման ու тетя Նելլին չեն թողնում քեզ մոտ գամ:

-Ոչինչ, հետո կգաս, երբ արդեն մեծ կլինես ու կկարողանաս ճիշտը սխալից ջոկել: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի: Իսկ Նելլի մորքուրը չի՞ ամուսնանում:

-Մաման ասում է՝ բա որ էլի խուլիգանի հանդիպի:

-Խուլիգանն ո՞վ է, -իբր, չի ըմբռնում, թե ակնարկն ում է ուղղված, զարմացավ հայրը:

-Դու, - քրքջաց Անդրանիկը, -չգիտեի՞ր:

-Մի հավատա դրանց, -դառնացած՝ ուրիշ պատասխան չգտավ:

-Տու, տու, տու..-անսպասելիորեն ձեռքն ականջից հեռացնելով՝ փոքրիկը տագնպած շուրջը նայեց. նրա հետ ակներևաբար բան կատարվեց:

-Մաման տուն եկավ: Հեռախոսն անջատեցի, որ չիմանա քեզ հետ եմ խոսում:

Ներսեսը շվարեց, ասես կացնով իջնեին գլխին: Ի՜նչ աստիճան է վախեցրել զավակներին: Խե՜ղճ տղա, պարծենկոտ արտահայտությունը դեմքից չէր անցնում. կարողացավ խուսափել պատժից, հիմարացրեց մորը:

Ներսեսը բեռնախցիկից դույլը հանել, փորձում էր մեքենա կանգնեցնել: Մարդատարները հաշվի մեջ չէին: Եթե ուզեր էլ, չէին կանգնի: Հենց աչքը բազմագույն հորձանքի մեջ բեռնատար էր տեսնում, բարձրացնում էր ձեռքը՝ ջանալով իր վրա հրավիրել խցիկում նստածի ուշադրությունը: Արդեն քչից-շատից տիրապետում էր վարորդների անխոս «լեզվին» և գիտեր՝ բենզինի համար պետք է ցուցամատն ու բութը մի չափի բերել: Լավություն անելու, ճամփին խափան մեքենա տեսնելիս պարտադիր կանգնելու երանելի ժամանակներն անցել էին ու հիմա, թե արգելակեին, ուրեմն՝ բենզին կար վաճառելու: Հինգ-տասը րոպեի չափ սպասում էր, սակայն համապատասխան ավտո չէր գալիս:

Մռայլ օր էր, ոչ այն է անձրև էր գալիս, ոչ այն է՝ չէ: Շարժում, քամի չկար, և խոնավ օդն ու ծուխը շաղախուն՝ բռնել էին մայրուղին: Փռշտալով, ետքից մուր կապած հսկա «Կամազ» էր մոտենում: Կողքից ընթացողները նրա համեմատ փխրուն տեսք ունեին: Բեռնատարը հռնդյունով կանգնեց: Ներսեսն առանց ժամանակ կորցնելու ցատկեց կանգնակին: Վարորդը մեքենայի հակապատկերն էր՝ նիհար-միհար, հիսուն կիլո հազիվ լիներ:

-Մի քանի լիտր բենզին է պետք:

Խցիկում գտնվողը լայն ժպտաց.

-Բենզակայանը աչքիդ առաջ է:

Ներսեսը մտաբերեց. իրոք, հարյուր մետր ներքև ճանապարհը ճյուղ էր տալիս, մտնում լցակայան: Հիմա նա վատ էր զգում, որ հսկա «Կամազը» կանգնեցրեց:

-Կներեք, մտքիցս թռել էր:

-Ուզու՞մ ես տամ, բայց շարժիչդ շարքից կհանի:

-Չէ, շնորհակալություն:

-Նստիր, գոնե տեղ հասցնեմ:

Խցիկը լայն էր, հարմարավետ:

-Դռները փակե՞լ ես, -հիշեցրեց վարորդը:

-Էդ մեկը, հա, չեմ մոռացել, -Ներսեսը ժպտաց:

Որքա՜ն քիչ բան է պետք մարդուն խաղաղ, գոհ ապրելու համար: Ուրիշ մեկը լիներ, կկոպտեր, «բենզակայանը քթիդ տակ է», -կասեր, մինչդեռ սա անգամ գողությունից է ուզում ապահովագրել:

Լցակայանի մոտ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով՝ իջավ: Երկու ռուբլի տվեց աշխատողին՝ ինչքան ուզում է, թող լցնի: Շտապում էր: Ստամոքսը դեռ գործի տեղն էր սկսել զգացնել տալ, իսկ այժմ պարզապես կտրատվում էր: Առավոտյան ընդամենը երկու թերխաշ ձու էր կերել: Թերևս, նորից հավ խաշի՝ ստամոքսի հետ հաշիվները մաքրելու ամենադյուրին եղանակը: Վաղու՜ց տաք ճաշի երես չէր տեսել, գիտեր, որ այդ կերպ չի կարելի, սակայն ձեռքը ոչնչի չէր գնում: Տանն էլ՝ ցուրտ, անհրապույր:

Սենյակի մի անկյունն իրենն էր, մնացածը՝ Էլյայինը: Ապահարզանից հետո նա իր բաժինը չտարավ: Փոխարենը դատական կատարածուի հրավիրեց և նրա ներկայությամբ քրոջ ու ընկերուհու հետ գույքը կուտակեց մի անկյունում: Կարող էր ավելի փոքր տարածք զբաղեցնել, սակայն դիտմամբ այնպես ամեն բան խառնեց, որ Ներսեսն իրեն միշտ վատ զգա, նեղսրտի: Նախ՝ սպասքապահարանը թիկունքով կանգնեցրեց սենյակի կենտրոնում, կողքին՝ դաշնամուրը: Բազմոցին դարսեց ողջ անկողինը, վրան սեղանը՝ ոտքերը դեպի վեր: Գրքերի ու զգեստապահարանները տեղ գրավեցին անկյունին հարող մասում՝ դարձյալ թիկունքով: Նյարդերի վրա ազդող տեսարան էր: Ապա պոկեց վարագույրները, կախիչները, էժանագին լուսամփոփը, որ նախկին տանտերերն էին թողել: Տարածքը բարիկադավորելուց հետո սենյակ քարշ տվեց նաև խոհանոցի, միջանցքի գույքը, մինչևիսկ աղբամանն ու դույլը, օճառի կտորն ու ձեթի շիշը: Բացարձակապես ոչ մի չոփ չթողեց:

Ներսեսն սկզբում ձայն չէր հանում, սակայն վերջում, երբ տեսավ կինը չափն անցնում է, կատարածուին խնդեց միջամտել:

-Խոհանոցի գույքը թողեք տեղում մնա, -Էլյային դիմեց վերջինս:

-Ոչ, իմ իրերն են, ինչ ուզեմ, այն էլ կանեմ, -կոպտեց նա:

-Այո, ձերն են, բայց սենյակ տանելու ի՞նչ կարիք կա:

-Հը՜մ, դուք չգիտեք, թե սա ինչ տիպն է. կմիացնի սառնարանը, կօգտվի սեղանից, աթոռներից:

Ներսեսը նրա փոխարեն ամաչում էր: Իրեն ոչինչ պետք չէր, սակայն կնոջ վարմունքն ափերից հանում էր, զայրացնում: Չէր կամենում օտար մարդկանց ներկայությամբ վեճի բռնվել, բայց լռելն առավել դժվար էր:

-Ծալովի մահճակալը մի վերցրու: Ես պետք է վրան քնեմ, -ասաց:

Իրականությունը ևս դա էր, հո հատակին, թերթերի վրա չէ՞ր քնելու: Էլյան չարձագանքեց:

-Նելլի, ասա թող չվերցնի, -նա դարձավ քրոջը:

-Այստեղ ողորմություն չեն բաժանում, -ֆշշաց Նելլին:

Ներսեսը բռնկվեց:

-Եթե բանը դրան հասավ, մահճակալն իմն է: Գույքացուցակում ինչ նշված չէ, վերցնելու իրավունք չունեք: Այդպես չէ՞, -կատարածուին օգնության կանչեց Ներսեսը:

-Այո, -հաստատեց վերջինս:

-Տեսնու՞մ ես, -խոսքն ընկերուհուն ուղղեց Էլյան, -որ ասում եմ мелочный մարդ է, չես հավատում, աչքովդ տեսա՞ր: Տասը ռուբլիանոց լեժանկայի համար է կռիվ տալիս:

-Հարցը փողը չէ: Եթե այդքան ազնիվ էիր, ինչու՞ բոլորը գրել չտվիր, թե՞, կարծում ես, գլխի չեմ:

-Ամեն բան գրված է:

-Քո երկու հազարը նույնպե՞ս: Բա որ ես էլ քեզ պես վարվեի՞: Կարո՞ղ էի դատի ժամանակ ամեն ինչ ասել: Դու, հո, գիտե՞ս, -վերջում քրոջն ուղղեց խոսքը:

Նելլին քմծիծաղ տվեց, և Ներսեսը գլխի ընկավ, որ Էլյան նման զարգացում նկատի առնելով՝ բաժանվելուց շատ առաջ խնայբանկից փողը հանել է: Նա մեկ անգամ ևս իրեն անճարակ, միայնակ զգաց: Ուզում էր որևէ խիստ բան ասել, վիրավորել, սակայն ավելորդ հուզմունքը խանգարում էր: Իսկ էլյան դրության տեր զգալով՝ բացվել էր.

-Սա որ կարգին տղամարդ լիներ, -կնոջն ու երկու երեխային փողոց չէր գցի, -բացատրում էր:

-Քեզ ո՞վ է դուրս գցել: Եկ ապրիր, որքան սիրտդ ուզում է:

-Սենյակն ազատիր, գամ:

-Ես գնալու ուրիշ տեղ չունեմ: Մինչև նոր բնակարան ստանալն այստեղ եմ մնալու: Եվ հետո՝ ես քեզ պատժել եմ: Դու զավակներիս զրկեցիր հոր հետ ապրելու ուրախությունից:

-Նրանց անունն այլևս չտաս: Ես երեխաների հետ փողոցում կքնեմ, դու մնա, հանկարծ չմրսես, -ասաց, վերից վար արհամարհանքով չափեց:

Ներսեսի ծնոտը զայրույթից, վիրավորանքից սկսեց ցնցվել: Կամքի լարումով զսպեց դողը. թող չիմանան:

-Դատարանը գտել է, որ մեկ սենյակը բաժանման ենթակա չէ, և երկուսս էլ հավասար իրավունքով պետք է օգտվենք: Մնացածը քո գործն է: Չես կամենում, մի ապրիր:

-Քեզ հե՞տ. շան հետ կմնամ, քեզ հետ՝ երբեք:

-Լավ կանես, բայց սենյակը պահեստ մի դարձրու, իրավունք չունես:

-Գոնե ասպետ եղիր, -մեջ ընկավ Նելլին:

Ներսեսն անզորությունից քիչ էր մնում պայթի: Ուրեմն՝ ինքն այդքան ների, զիջի, իսկ սրանք դեռ դժգոհ են: Սեղանի կեղտոտ ջնջոցն ու տասը կոպեկանոց օճառամանը վերցրին, եկել ասպետությունից են խոսում:

-Արժանապտվություն ունեցողն առաջին հերթին եղբայրներիս նվիրած ոսկյա շղթան ու մատանին կվերադարձներ: Նրանք իրենց հարսին էին նվիրել, իսկ դու նրանց համար հիմա ոչինչ ես: Ի՞նչ խղճով ես կրելու:

-Подумаешь. Կարծես ադամանդից է, հիմա էլ երեսով է տալիս:

-Ավելիին արժանի չէիր, -ասաց, խոսքն ուղղեց Էլյայի ընկերուհուն: -Եթե դատարան դիմեի, նվերների արժեքի կեսն իմ օգտին կորոշեին: Հիմա ինքներդ եզրակացրեք՝ մեզնից ով է գծուծը, -այլևս գոհ էր իրենից: Գոնե ինչ-որ բան ասաց: Թող ընկերուհին ճանաչի, իսկ ինքն ու քույրը ճաքեն:

Բենզինն անզգույշ շարժումից ճողփաց, թափվեց տաբատի փողքին: Ուշքի գալով՝ Ներսեսը դույլը դրեց մայթին: Վերջերս գնած դարչնագույն շալվարը կարգին ավերվել էր: Հարկ կլինի դիմել քրոջ օգնությանը, գուցե կարողանա բծերը հեռացնել: Այդպես է՝ տհաճ հուշերից ոչ օգուտ կա, ոչ ազատում: Կարողանար միանգամից մոռանալ, նոր կյանք սկսել, սակայն սատանի ձին հեծած Էլյան կթողնե՞ր: Նա նույնպես վրիպել էր ու հիմա չգիտեր՝ ինչ շարունակություն ընտրի: Քայլը կատարել էր՝ հույսը դնելով Ներսեսի բարության վրա: Համոզված էր, թե դատից հետո կազատի բնակարանը, գլուխն առնելով կկորչի, թե դաստիարակությունը, բարոյական չափանիշները թույլ չեն տա հակառակ կերպ վարվել, կվախենա հասարակական կարծիքից, բայց նա խնդրին ուրիշ լուծում առաջարկեց: Էլյան փրփրեց, վարկաբեկելու մտադրանքով այցեց Ներսեսի տնօրենին, ասաց, որ նախկին ամուսինն իրեն ու երկու երեխային փողոց է գցել՝ պահանջելով պարսավանքի ենթարկել: Չբավարարվելով դրանով՝ հավելեց, որ նա կաշառակեր է, հիվանդներ է ընդունում տանը, իբրև բժիշկ անգետ է և մութ անցյալ ունի: Սակայն այնքան կարճմիտ էր, որ գլխի չընկավ, թե ինչ տպավորություն թողեց: Ըստ էության, խայտառակելու փոխարեն իրեն նսեմացրեց: Նրա մեկնելուց հետո տնօրենը կանչելով ՝ տեղյակ պահեց Էլյայի այցի մասին՝ վերջում ցավ հայտնելով, որ նման կին է բաժին ընկել: Հիշյալ այցից միակ օգուտն այն եղավ, որ աշխատավայրում խոստացան առաջին իսկ հնարավորության դեպքում Ներսեսին բնակարան տալ: Մինչդեռ Էլյան չգոհանալով՝ կրկին դատարան դիմեց: Հայցը մերժեցին, միաժամանակ զգուշացնելով, որ եթե վեց ամիս չապրի այն տանը, որտեղ գրանցված է, կզրկվի բնակարանից օգտվելու իրավունքից: Դրանից հետո նա շաբաթը մեկ-երկու անգամ տասը-քսան րոպեով պարտադիր մտնում էր տուն: Եթե Ներսեսն այնտեղ էր լինում, ցուցադրաբար անցնում էր իր անկյունը, շուռումուռ տալիս աման-չամանը, մտնում խոհանոց, լողասենյակ, աղմուկով բացում-փակում դռները, գնում:

Ներսեսի վրա ազդող ուրիշ մեթոդներ ևս ուներ: Կարող էր, օրինակ, բացել ցնցուղը և այդպես էլ առանց անջատելու գնալ, միջանցքից կոշիկները վերցնել, տանել դնել Ներսեսի անկողնուն, աղբի դույլը նետել պատահաբար սեղանին մնացած կարագամանը: Քանի՜ անգամ հանել տարել էր ապահովիչները, որպեսզի նա խավարի մեջ մնա, նյարդերը տեղի տան ու վեճի մեջ մտնի, գուցեև չդիմանա, ապտակի: Այ, նոր գործ կբացվի: Վազ կտա դատական բժշկի մոտ, կդիմի օրենքի օգնությանը և, որտե՞ղ ես, Սիբիր, ընդունիր Ներսես անունով հանցագործին:

Ներսեսը, սակայն, հասկանում էր ու, թեկուզ դժվարությմաբ, զսպում իրեն: Ջղերի վրա բոլորից շատ ազդողն Էլյայի վերարկուն էր: Հավանաբար գեստապոյականները, չեկիստները պատժի հարցում այդչափ հնարամիտ չէին: Դիտմամբ, ի տես ամեն մտնողի, առաջին հերթին՝ Ներսեսի, սենյակի պատին մեխ էր խփել, վերարկուն կախել դրանից: Կոճկած հագուստը՝ արձակ թևքերով, Էլյան էր, նրա ստվերը, կրկնօրինակը, որ ամեն պահ հետևում էր՝ օձային սառնությամբ շշնջալով՝ ես այստեղ եմ, ինձնից ազատում չունես: Չունե՛ս:

Վերարկուի հետապնդումից փրկվելու, վրդով հոգին խաղաղեցնելու մի միջոց, սպեղանի կար՝ Անդրանիկի փոքր տարիքի շապիկն ու Անիի ձմեռային մաշված գլխարկը. հանում էր բարձի տակից, ժամերով նայում, շոշափում, համբուրում, դեմ անում այտին: Ճիշտ է, կարոտը չէր հագենում, բայց գոնե մոռանում էր վերարկու-խրտվիլակի՝ Էլյայի ներկայությունն ու տարվում հուշերով: Իրերը ճամպրուկից էր հանել, թաքուն: Պառկած կարդում էր, երբ կինը տուն մտնելով բացեց զգեստապահարանը, ճամպրուկները և սովորականի պես սկսեց խառնշտել. հետը տանելու շորեր էր ընտրում: Գողունի նրան հետևող Ներսեսի աչքով ընկավ Անիի գլխարկը, որն Էլյան ձեռքը վերցնելով ի միջի այլոց նայեց, ապա, հավանաբար մաշվածությունը նկատի ունենալով, նորից դրեց տեղը: Կնոջ հեռանալուց հետո Ներսեսը գլխարկին տիրելու անզուսպ պահանջ զգաց: Մաշված ճամպրուկը բանալի չուներ: Գլխարկից բացի վերցրեց նաև Անդրանիկի շապիկը: Զգեստապահարանում էլի հագուստ կար, սակայն Էլյան դռները կողպում էր, և Ներսեսը բավարարվեց համեստ ձեռքբերումով: Եղածը մեծ բան չէր, բայց ավարը նրա համար ավելի մեծ արժեք ուներ, քան ամենախոշոր գողոնը՝ իսկական գողի համար:

Բենզին լցնելուց հետո Ներսեսը գործարկեց շարժիչը. ամեն բան կարգին էր: Սկսել էր անձրև գալ: Աշնանային կարճ օրը տեղի էր տվել մթին: Ջրափոսերից անդրադարձող լույսերն առնում էին աչքերին, դժվարացնում վարելը: Ականջին էր հասնում դրսից եկող միալար աղմուկը, որը երբեմն-երբեմն ընդմիջվում էր հռնդյունով, ազդանշանային ձայներով: Մայրուղուց թեքվելով՝ մտավ մեկ այլ փողոց: Եթե հարցնեին, թե կարճ ճանապարհը թողած՝ ինչու է երկարն ընտրում, կարդարանար, իբր, այդպես ավելի անվտանգ է, մարդիկ, մեքենաներ սակավ են հանդիպում: Սակայն դա ճշմարիտ պատասխան չէր լինի: Իրականում հույս ուներ տեսնել տղային, կնոջը: Էլյայի քրոջ տունն այդ փողոցի վրա էր, պատահաբար հանդիպելու հավանականությունը՝ մեծ: Հեռվից հեռու կամենում էր հաղորդակից լինել կնոջ կյանքին՝ ինչո՞վ է ապրում, ինչպե՞ս է քայլում, ու՞մ հետ է զրուցում: Խանդում էր՝ սոսկալի, ծնկները թուլանում էին, երբ մտածում էր, որ նա կարող է վերստին ամուսնանալ, և ուրիշ մեկը կգրկի նրան, կհամբուրի այն շրթունքները, որոնք իրենն էին, կշոյի այն վարսերը, որոնց մեջ իր ռունգներն էին թաղվել, ձեռք կտա ստինքներին, որոնցից Անին, Անդրանիկն էին կաթ ****: Շատ անգամ էր ծառերի ստվերում թաքնված՝ աչքերը գամել նրանց պատուհանի լույսերին, մեքենայով աննկատ հետամտել մանկապարտեզից տուն դարձող մորը, զգուշորեն հարցուփորձ արել, զրույցի ներքաշել որդուն, ընդհանուր ծանոթներին: Կասկածելի ոչինչ չհայտնաբերելու դեպքում հանդարտված տուն էր դարձել՝ հիվանդագին արարքներին բացատրություն, արդարացում փնտրելով:

Մանկապարեզին հասնելով՝ Ներսեսը դանդաղեցրեց ընթացքը: Ուշ ժամ էր, և երկրորդ հարկում, ուր ննջասենյակներն էին, լույս չէր վառվում: Բակում ուշացած մի ծնող փոքրիկի առաջ ծնկած՝ ջանում էր երեխայի մազերը գլխարկի տակ առնել: Աստիճանահարթակին երևաց սպիտակ խալաթ հագած խոհարարուհին՝ ձեռքին աման: Տաղավարի չոր անկյունում կծկված շունը վազքով հասավ նրան, քսմսվեց ոտքերին: Խոհարարուհին ուշադրության չարժանացնելով կենդանուն՝ անշտապ քայլերով իջավ նկուղ՝ ետքից գոցելով դուռը: Շունը հիասթափված վերադառնալով իր անկյունը՝ անտարբեր, թախծալի հայացքը հառեց դռանը: «Շուն, կարոտի իմ եղբայր, դառնաթախիծ իմ ընկեր», -շշնջաց Ներսեսը: Հետո նորից՝ «Շուն, կարոտի իմ եղբայր, դառնաթախիծ իմ ընկեր»: Դողէրոցքի մեջ՝ դարձյալ ու դարձյալ կրկնեց Չարենցի տողերը: Ֆիզիկական հաճույք էր ստանում: Բառերը ցավից պայթող քունքերը շոյող մայրական ձեռք էին, բաց վերքին դրած սպեղանի, ջղերի թրթիռը մեղմող, մարմինը թմրեցնող հաշիշ: «Հողագնդի վրա ապրող ամեն արարած իր վիշտն ունի և...»: Նա չհասցրեց ավարտել միտքը. աջակողմյան մայթով Էլյան ու Անդրանիկն էին քայլում: Կնոջ ձեռքին հաց կար, զամբյուղում՝ մածնի, թթվասերի մի քանի շիշ: Վերարկուն նոր էր՝ մորթե օձիքով: Մյուս ձեռքին բացած անձրևանոցն էր:

-Անդրանի՜կս, -մրմնջաց Ներսեսը:

Քներ, արթնանար՝ երազ լիներ այս ամենը, կարդացած, չմոռացվող գիրք, իսկ իր բաժին կյանքը շարունակվեր նախկինի պես: Ինչպես անցյալում՝ կանգնեցներ մեքենան, իջներ մայթ և, թևերը պարզած, ժպտերես ձայն տար դիմացից եկող կնոջն ու որդուն: Անդրանիկը թողներ մոր ձեռքը, բազկատարած վազեր ընդառաջ, ապա համբուրվեին՝ տաք-տաք, հետո Էլյայի ձեռքից վերցներ գնումներն ու դիմեին իրենց փոքրիկ, հավատարիմ, անդավաճան «Զապի» կողմը: Իսկ տանն անհամբեր սպասելիս լիներ Անին՝ դպրոցական զգեստով, սեղանին այսուայնկողմ՝ գրքեր, տետրեր, գրիչ... Սրտերի ջերմությունից, հարազատների մերձությունից տաք լիներ տունը, քաղցր՝ համատեղ կիսած պատառ հացը: Իսկ հիմա՝ զավակն ու կինը հազարապատիկ հարազատ, սակայն անմատչելի...

Ներսեսն ընթացքի հետ իջեցնելով ապակին և ողջ մարմնով թեքվելով՝ ձայնեց.

-Անդրանի՜կ:

Մայր ու տղա շրջվեցին: Որդին բնազդական շարժումով ձգվեց հոր կողմը, Էլյան սթափված՝ ինչ-որ բան ասաց՝ միաժամանակ արագացնելով քայլերը: Անդրանիկը ոտքը կախ գցեց: Էլյան հետ դարձավ և անձրևանոց բռնած ձեռքով կոպտորեն քաշեց տղայի դաստակից: Եթե երրորդ ձեռք ունենար, կոլորեր ականջը: Ժպիտը սառեց փոքրիկի դեմքին, և նա հնազանդ հետևեց ծնողին: Ներսեսը տեսավ նաև զայրույթից, ատելությունից մթագնած կնոջ դեմքը: Չարության պատճառը մեքենայում անձրևից պատսպարված ամուսինն էր, հորը մոռանալ չկարողացող զավակը, վերարկուին ընկած մի քանի կաթիլը, ծանրամած օրը, ծրագրերը խառնած կյանքը, մարդիկ, ձեռքի՝ պատիվ չբերող մածնաշշերը:

Փողոցի անկյունադարձին հասնելով՝ նրանք թեքվեցին: Ուշքի գալով՝ Ներսեսը միացրեց շարժիչը և արագություն հավաքեց՝ հասնելու նրանց: Առջևում կանգառն էր: Չորս ակի վրա ճկռած, ճապաղած մի ավտոբուս փորձում էր շարժվել տեղից: Բաց դռներից երևում էին ներս խցկվել ջանացող ուղևորների թիկունքները: Փողոցի ծայրից հեռահար լույսերը գցած բարձր արագությամբ մեքենա էր գալիս, հավանաբար՝ «Ժիգուլի»: Ավտոբուսը փակել էր ճանապարհի կեսը, և վթարից խուսափելու համար Ներսեսը վճռեց արագության տակ շրջանցել նրան: Մոտեցող մարդատարի հզոր լուսարձակները, ջրափոսերում բեկված լույսերն առպահ լրիվ կուրացրին, թվաց, բանուկ հատվածը հերիք չի անի անցնելու, և դեմից եկողն ահա, ահա կզարկի իրեն:

Լուսահեղեղը սրընթաց անցավ, ապա՝ դեմ-դիմաց ինչ-որ բան սևին տվեց. մարդ էր փողոցն անցնում: Շփոթահար՝ նա ղեկը կտրուկ աջ պտտեց: Նույն պահին տեսավ մոտեցող հսկա ծառաբունը, որը վայրկյան անց մեծանալով՝ ծածկեց տեսադաշտը:

Ուժգին հարվածից մեքենան ցնցվեց, հոգեվարքի մեջ թպրտաց՝ զարկվելով ասֆալտին: Ակնթարթորեն շարժիչն անջատվեց, և լույսերը հանգան: Փշրվող ապակու խշրտուքին, մետաղի զնգոցին, ճռինչին հաջորդեց լռությունը, որն արճճի պես լցվեց, ծանրացավ ականջներում: Ներսեսը սրտխառնուք և թուլություն զգաց: Ինչ-որ սոսկալի վատ բան էր կատարվել: Չլինի՞ մեռնում է: Նման զգացողություն մարդ միայն թունդ հարբած ժամանակ է ունենում: Պառկում ես անկողնուն, և շուրջդ ամեն, ամեն բան պտտվում է՝ դու մահճակալը, առաստաղը, պատերը, սենյակը...

Ընդարմությունը, թմբիրը հետզհետե տիրում էին նրան, և Մեծ քնից առաջ Ներսեսը տեսնում էր օդում անկշռելիության մեջ լողացող, հուշիկ հեռացող Ներսեսին: Իսկ ներքևում ժխոր էր, ճիչ-աղմուկ, ջախջախված մեքենայի շուրջ խմբվածները փորձում էին դուրս քաշել ղեկի և նստարանի միջև ճզմված նրա մարմինը:


     «Խարիսխ» ժողովածուի «Միայնակ զինվոր» շարքից

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7855 | 0 | 0
Facebook