Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անառակ որդու վերադարձը

14:41, չորեքշաբթի, 18 մարտի, 2015 թ.
Անառակ որդու վերադարձը

Գերագույն պարզությանն ու ճշմարտությանը հասնելու համար մարդկությունն անցնում է բարդությունների ու կեղծիքի շղթայով:


    

Իրականը, արդարը, ճշմարիտը տեսնելու համար աչքերը չեն, որ պիտի բացվեն:

Անառակ որդու վերադարձը

Տևական ուսումնասիրությունների ընթացքում / տակավին ոչ արդյունքում/, ես եկա պարկեշտությանն ու ճշմարտության բարոյականության ուղին բռնեցի:

Ես գիտակցական իմ ողջ անցած ուղու ընթացքում տրվել եմ մեկ հարցի. «Որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում»: Ինձ միշտ գերել է իմ ծագումնաբանությունը, իմ էությունը, իմ տեսակը, գենը, երակներումս շռայլորեն հոսող արյունս ու այս ամենի ճանապարհին ես չեմ խնայել և թող չխնայեմ ավյունս ու կյանքս՝ քանզի ճշմարտությունը պահանջատեր է:

Ես միշտ վստահ եմ եղել, որ մարդն աստվածային ծագման էակ է, դա թերևս ապացուցելու կարիք չունի և թե ասենք, խոսենք չարի մասին՝ պիտի նշենք, որ մարդը չի կարող ծնունդ լինել չարի, քանզի չորացած և փտած մի ծառ է չարը:

Հետևապես, այն չարը, որը բույն է դնում տկար, անինքնաճանաչ, հետևապես, անինքնասեր մարդու սրտում՝ դա չարի դավադրությունն ու հոգեորսություն է:

Եվ, քանի որ ես մնում եմ գերված իմ տեսակով, հավատալով ազգերի աստվածներից ծագման տեսությանը, ապա ստորև կխոսեմ ազգիս, նրա վիճակի և նրա հետագայի մասին:

Այսպես: Աստվածներն են, որ հանդիսանում են ազգերի հայրերը: Ամեն ազգ ունի իր հայրը՝ արարիչը, ծնողը: Դրա մասին անուղղակի ասված է նաև Թոռայում՝ հին կտակարանում: Ինչո՞ւ եմ մեջբերում կատարում այդ գրքի գաղափարներից, քանզի գենետիկորեն ճշմարտության կրողի համար այդ պարզ է առանց մեջբերումների:

Եվ, քանի որ, ամեն ազգ ունի իր ծնող Է-ն, ապա չի կարող լինել այնպես, որ լինի հզորություն, հարգանք, պատիվ, կորով ու ավյուն առանց ծնողական օրհնությունը վայելելու: Եվ եթե դու անձդ «ազատում ես» Ծնողից, ապա դու զրկվում ես զավակ լինելու մեծագույն պատվից: Իսկ այն զավակը, որը չգիտե հարգել սեփական ծնողին նա ծնող դառնալուց դառնություն միայն պիտի ճաշակի:

Յահվան/ Եհովա/ ասում է. «Ես եմ ձեր հայրը, որին պիտի պաշտեք դուք / Իսրայելը/ և չպիտի ճանաչեք այլ աստվածների / այսպիսով ցուցանելով այլ ազգերի աստվածների գոյությունը/: Եվ եթե պաշտեք այլ աստվածների, ապա անիծված պիտի լինեք բյուրապես/ հակառակ դեպքում խոստանալով տիրապետություն այլ ազգերի հանդեպ/»

.......... Հայկական իրականություն………..

Բյուրավոր դարեր, երբ հայն ինքնաճանաչ էր, հաղորդ սեփական տեսակին, գենին, իր կյանքի ու գոյության իմաստին՝ հաճախ տիրապետող էր այն ժամանակվա աշխարհին, միշտ հզորների հետ նույն տաղավարի վրա: Կիրթ, իմաստուն, աշխարհաճանաչ՝ ուսուցիչ բոլոր ազգերի համար / Հայն է եղել առաջին ուսուցիչը, որից սովորել են այլ ազգերը/: Եթե աշխարհում կա մեկը, որն իրավամբ արարչի խոսքի կրողն ու փոխանցողն է դա Հայ մարդն է՝ Արմենը՝ Աստծո մարդը՝ Առաջինը՝ Անդրանիկը: Եվ ով, եթե ոչ Արմենը պիտի ճանաչի աստծուն, քանզի նա է արարվածը աստծո ձեռամբ:

... Հային կեղեքել են, հարստահարել, նախանձել, անիծել... ԻՆՉՈ՞Ւ…

Քանզի միշտ նախանձում, վատն են ցանկանում և գործադրում առավելի, արդարի, բարու, վեհի, մեծի նկատմամբ:

Իսկ ինչո՞ւ տեղի ունեցավ այդ ամենը: Քանզի հայը տկարացավ նախ հոգով, ապա մարմնով: Քանզի առողջ հոգին լքեց հայի մարմինը՝ տկարացնելով այն: Քանզի օծյալ ազգը դավադրաբար լքեց իր ծնողին, քանզի նա զրկվեց ծնողական օրհնությունից... Հայը դարձավ անառակ որդի: Աստվածային ծագումն ուրանալով՝ վայր դնելով իր «սուրն ու վահանը» մերկ կանգնեց հողմերի սառնամանիքին դիմադիր: Եվ հողմը սառեցրեց խարույկից թռած բոցը:

Ինչո՞ւ հայը կոտորվեց, ցեղասպանվեց, իջեցվեց ցածրագույն մակարդակի, գահընկեց եղավ: Կարծում եմ պարզ է…

Եվ թող ազատի մեզ չարից,

Եթե ծնողական անեծքն ենք «վայելում» նրա,

Եվ թող փրկի մեզ հայրը մեր՝

Քանզի որդին ենք մենք նրա,

Եվ թող ների մեզ հայրն Արա արարիչ,

Քանզի մենք չենք հասկանում,

Թե ինչ ենք անում,

Ու թող չտանի մեզ ի փորձություն,

Եվ թող ների մեզ մեր պարտքերը,

Ինչպես եվ մենք մեր պարտապաններին,

Եվ թող պահպանի մեզ հայրը մեր Արա

Քանզի որդին ենք մենք նրա:

Հայի սուրը կտրուկ է, թեպետ բթացած, բայց չժանգոտած, շանթ մի մոլեգին, Արաից տրված: Վահանն ամրակուռ, քան ժեռ մի հսկա, որն ամեն պահի, ճմարիտ հայի ձեռքում ահեղ մի զենք է, մի ահեղ պատվար:

Հայը հզոր է գենետիկորեն: Հայն արի է, Ար-մեն, այն է՝ աստվածամարդ:

Գիտակցենք այս, լինենք մեր թշվառության լուծողը, վեր կանգնենք ամեն աղտեղությունից՝ առաջնորդվելով Ճշմարիտ Լույսով:

Դառնանք ցեղ մի հզոր, Փա՛ռք տանք մայր Անահիտին, Վահագնին հզոր, Միհրին դատավոր, Տիրին լուսավոր, և հորն արարիչ՝ Փա՜ռք հորն՝ Արաին:

Եղիցի լույս և կլինի լույս:

Աղբյուրը` Հ. Խաչատրյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5053 | 0 | 0
Facebook