Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ատոմից աստված հասարակությունը

20:20, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Ատոմից աստված հասարակությունը

Աստվածները տիեզերածին էներգիան են, որից սկիզբ է առնում համայն տիեզերքը և ամեն ինչ նրանում` սկսած բարու և չարի միասնություն - հակադրությունից:
     Սակայն մինչ այս մասին խոսելը, սկսենք մի պարզագույն տարրից` ատոմից:
     Եթե ուսումնասիրելու լինենք ատոմը, ապա մեզ շատ բան պարզ կդառնա, շատ աստվածաբանական հարցերի պատասխաններ կարող է տալ մեկ փոքրիկ մասնիկ, որն իր բնույթով տիեզերքի մանրապատկերն է:
     Ստորև կխոսեմ սրա մասին մանրակրկիտ և կնշեմ՝ ինչու եմ այդպես կարծում:
     Ատոմը էլեկտրականապես չեզոք նյութի մասնիկ է, որը կազմված է դրական լիցք ունեցող միջուկից և բացասական էլեկտրոնային ամպից։ Քիմիական տարրի նվազագույն մասնիկն է. հանդիսանում է նրա քիմիական հատկությունների կրողը։ Էլեկտրոնային ամպը միջուկի շուրջ պահվում է էլեկտրամագնիսական ուժերի հաշվին։ Տարբեր տեսակի և թվով ատոմները, կապվելով միջատոմային կապերով, կազմում են մոլեկուլ։
     Եվ այսպես, ինչպես ատոմը, որն էլեկտրականապես չեզոք նյութի մասնիկ է, այնպես էլ մարդն ըստ իս «չեզոք հումք» է/ իսկ մի պահ պատկերացնենք, թե տիեզերքում ինչպիսի «հումքային բազա» կա/, որի թրծումից է կախված, թե վերջնարդյունքում ինչ կստացվի: Ինչպես ատոմը, այնպես էլ մարդը ունի դրական լիցք, այսինքն, մանրամասնելով միտքս, նշեմ, որ ես հակված եմ այն տեսակետին, որ ըստ էության մարդը սկզբնապես՝ ի ծնե հակված է բարության, սակայն, կախված իրեն շրջապատող բացասական «էլեկտրոնային ամպի» ուժգնությունից, կարող է «կորցնել» իր սկզբնական հատկությունները՝ միջուկում եղած դրական լիցքերը, սակայն այս պարագայում ևս միջուկի դրական լիցքը չի կորչում, այն անցում է կատարում դեպի «սառեցում»: Սակայն կարծիք չստեղծելու համար, թե, իբր բացասական «էլեկտրոնային ամպը» վերին ոլորտն է, պիտի նշեմ նաև, որ ոլորտները շերտ-շերտ հաջորդում են միմյանց, ինչպես սև և սպիտակ գծերը հետիոտնային անցումի վրա, ասյտեղ ամեն ինչ կապված է Իդեայի մակարդակի հետ: Եվ ինչպես ատոմն է հանդիսանում քիմիական տարրի նվազագույն մասնիկը, այնպես էլ մարդուն պետք է համարել տիեզերական զանգվածի նվազագույն բաղկացուցիչը և Տիեզերքի հատկությունների կրողը: Ինչպես էլեկտրոնային ամպն է պահվում ատոմի միջուկի շուրջը էլեկտրամագնիսական ուժերի/ լիցքերի/ հաշվին, այնպես էլ մարդն իր էներգետիկ դաշտի շնորհիվ վանում կամ ձգում է տարբեր դաշտերի տարբեր լիցքեր: Այստեղ հատկապես ուշադրություն պետք է դարձնել մարդու մտքերի վրա, քանզի միտքն էներգիայի տրանզիտացիայի միջոց / եղանակ/ է: Եվ, քանի որ համայն տիեզերական միջավայրը հանդիսանում է մեկ «մտածող» զանգված, ապա այս հիմքից ելնելով էլ պիտի հասկանալ, թե ինչու է տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ դասավորվում գոյության ընթացքը: Եվ ինչպես միևնույն հատկանիշները կրող ատոմներն են ձևավորում մոլեկուլ, այնպես էլ մարդիկ ունենալով միանման գեներ՝ էթնիկական՝ արյունակցական, հոգեբանական, մշակութային, կենցաղավարական և այլ նմանություններ, ձևավորում են իրենց «մոլեկուլյար հասարակությունը»:
     «Մոլեկուլյար հասարակությունը» գիտակցական հաջորդ ոլորտ անցնելու, այլ «մոլեկուլյար հասարակություններից» տարբերվելու համար իր մեջ միշտ ունենում է յուրահատուկ «ատոմներ» , որոնք էլ ապահովում են բոլոր «ատոմների» առանձին վերցրած և ընդհանուր առմամբ «մոլեկուլյար հասարակության» աճն ու առաջընթացը: Հենց այս «ատոմների» ուսերին է ընկած Իդեայի ապահովման, առաջընթացի և զարգացման հիմնական բեռը, որն էլ հիմնական հատկանշական առավելությունն ու բնորոշ գիծն է ի տարբերություն «չեզոք մասնիկների»: Եթե չլինի Իդեան, ապա «ատոմներն» ու «մոլեկուլյար հասարակությունը» դատապարտված են «չեզոքացման»:
     Ինչ վերաբերվում է «ատոմների» թվերին այս կամ այն «մոլեկուլյար հասարակությունում» , ապա ես հակված չեմ առանձնակի կարևորություն տալու քանակին, քանզի, ըստ էության, կարևոր է դրանց տեսակը՝ որակական հատկանիշը, այն է՝ Իդեան կրելու, համապատասխանելու և զարգացնելու կարողությունը: Սակայն ամենակարևորը Իդեան զարգացնելու կարողությունն է, քանզի, եթե «ատոմը» ինքն իր մեջ ունենա Իդեան, սակայն չզարգացնի, «չկիսի» այն այլ «ատոմների» հետ, ապա այդպիսի «ատոմները» նախ հանդես են գալիս որպես «բացասական մասնիկներ» , քանզի Իդեան վեր չհանելը, «մոլեկուլյար հասարակության» սեփականությունը չդարձնելն ինքնին համարվում է բացասական երևույթ, քանզի այն հատկանիշները, որոնք տրվում են «ատոմին» դրանք չեն տրվում հենց այնպես, այլ բնատուր շնորհներ են, որոնք հղկելու և կատարելագործելու միջոցով պիտի դարձնել «մոլեկուլյար հասարակության» սեփականությունը և ապահովել նրա առաջընթացը նախքան «չեզոք մասնիկ» դառնալը: «Չեզոք մասնիկ» դառնալն ինքնին չի ենթադրում իդեազուրկ դառնալ, քանզի այդ «մասնիկի» էությունը կայանում է հենց Իդեայի մեջ, պարզապես, չեզոքանալը ենթադրում է, որ այդ «մասնիկի» ետևից փակվում են նախորդ ոլորտի դռները՝ բացելով մեկ այլ ոլորտինը: Այս ոլորտը ես կանվանեմ «իդեալականացում»: Այս մասին կխոսեմ հաջորդիվ, իսկ այժմ անդրադառնամ ատոմի մեկ այլ հատկանիշների խմբի:

Ատոմի միջուկը և մարդու նախասկիզբը

Ինչպես ատոմի միջուկն է կազմված դրական լիցքով պրոտոններից և չեզոք նեյտրոններից, այնպես էլ մարդն է իր մեջ կրում դրական նախասկիզբը, որը կարելի է անվանել «հակում» կամ «տաղանդ» որևէ բան անելու համար և չեզոք նեյտրոններ, այն է՝ աշխատասիրություն կամ դրա բացակայություն: Եթե ատոմի դեպքում պրոտոնների քանակի միջուկում համապատասխանությունը էլեկտրոնների քանակին ատոմը դարձնում է էլեկտրականապես չեզոք, ապա մարդու դեպքում նախասկզբի համապատասխան աշխատասիրության դեպքում մարդուն կարող է դարձնել անհրաժեշտ ֆիգուր, Էյդոսի կրող, հասարակության առաջնորդ։ Սակայն այստեղ պետք է հիշել բացասական էլեկտրոնային ամպը, որի ազդեցությամբ կարող է եղած նախածին հատկանիշները գործադրվել, ոչ միայն ի բարին, այլև ճիշտ հակառակը: Եվ վայ այն «մոլեկուլյար հասարակությանը» , որտեղ նման «ատոմներն» են գերակշռում: Այն պարագայում, երբ առկա նախասկիզբը չի կիրառվում իր նշանակությամբ, այլ գործադրվում է ի չարս ամենի, ապա այստեղ Իդեայի կրող չենք կարող համարել «ատոմին» , այն հանգեցնում է քաոսի:

Ատոմի միջուկի և մարդու նախասկզբի կառուցվածքը

Ինչպես ատոմի միջուկի շառավիղն է մոտ 100, 000 անգամ փոքր ատոմի շառավղից, այնպես էլ մարդու նախասկիզբն է փոքր մարդու չափերից, սակայն այստեղ ևս միջուկի և նախասկզբի չափերը առանձնակի նշանակություն չունեն և կարևորն այն է, թե ինչ դերակատարություն ունեն դրանք մարդու և ատոմի, իսկ ընդհանուր առմամբ «մոլեկուլյար հասարակության» համար: Իսկ նշանակությունը նրանում է, որ առանց միջուկի և նախասկզբի այն անիմաստ գոյ է, որը «ոչնչի պիտանի չէ»: Պատկերացնենք մի գրիչ, որը չունի միջուկ, կարող է արդյո՞ք այն կիրառվել ի համապատասխան իր նշանակության: Ո՛չ: Իսկ, եթե որևէ գործողության, որևէ արարի համար նախատեսված «դերակատար» չի կատարում իրեն վերապահված դերը, ապա այն անպետք է:

«Մոլեկուլյար հասարակությունից» դեպի իդեալականացում

Ինչպես մոլեկուլի մեջ, այնպես էլ հասարակությունում ատոմն ու մարդը զարգանալով, Իդեան իրենց մեջ կրելով, զարգացնում և ապահովում են հասարակության առաջընթացը: Մարդկությունը տիեզերական համակարգում հանդես է գալիս որպես մեկ «ատոմ»: Սակայն այդ «ատոմն» օժտված է այնպիսի հատկանիշներով, որից կախված է ոչ միայն հասարակության այլև ամբողջ տիեզերական համակարգի առողջ զարգացումը: Ես իմ նախորդ մտքերում արդեն նշել եմ, որ տիեզերական համակարգը միասնական մի օրգանիզմ է, որտեղ կան բազում օրգաններ, որոնք անհարաժեշտ են և ապահովում են օրգանիզմի ճիշտ և բնականոն կեցությունը:
     Այդ օրգանիզմի ճիշտ զարգացումն ապահովելու գլխավոր նախապայմանը միտքն է: Եթե նախասկիզբը՝ միտքը ճիշտ ուղղությամբ չի զարգանում «ատոմի» մեջ, ապա այն հանգեցնում է քաոսի: Քաոսը մտքի ուղիղ հակառակ համեմատականն է:
     Մարդը բաղկացած է երկու կարևորագույն բաղկացուցիչ մասերից՝ իդեայից և մատրիայից: Տիեզերական միասնության մեջ կարևոր է թե՛ մեկը և թե՛ մյուսը, սակայն ի տարբերություն մարդու մատերիական հատվածի Իդեան անհամեմատ կարևոր է: Իդեայի միջոցով զարգացնելով և ապահովելով հասարակության՝ «մոլեկուլյար հասարակության» առաջընթացը, մարդն ավարտում է իր գոյության տվյալ փուլը չեզոքանալով և անցում է կատարում հաջորդ՝ իդեալականացման փուլ: Չեզոքացումից հետո այլևս մարդն իրավունք չունի ներազդելու նախկին փուլում դեպքերի զարգացման ընթացքին: Քանզի նրա համար սկսվում է մի նոր փուլ, որտեղ նա ստանձնում է այլ դերակատարություն:
     Այստեղ անչափ մեծ նշանակություն ունի նախկին փուլում գրանցած ձեռքբերումներն ու թույլ տրված բացթողումները: Քանզի Իդեան կատարյալն է, մարդը գնում է դեպի այն՝ ճշմարտությունը, և, հետևաբար, չի կարող հասնել նրան առանց որոշակի փուլեր անցնելու և որոշակի ձեռքբերումներ արձանագրելու: Իդեալականացման ոլորտը կարելի է անվանել յուրատեսակ «քավարան» , որտեղ առկա է մի հոծ իդեալականացման ոլորտի հասարակություն: Այստեղ ֆիլտրացվում է նախասկիզբը, որից հետո ձեռք են բերվում «նոր գիտելիքներ» և մարդու իդեալիստական հատվածն անցում է կատարում դեպի բուն Իդեան: Իդեան ունի իր հասարակությունը, որն է աստվածների բազմությունը: Աստվածների հասարակությունը հանդիսանում է հասարակությունների «գլուխը»:
     Սակայն ինչպես ամեն կենդանի օրգանիզմում Տիեզերքում ևս առկա է շրջապտույտ:
     Բաց է մնում միայն մեկ հարց. «Ո՞րն է Իդեայի նախասկիզբը, Իդեան չի կարող լինել ինքնածին»:

Աղբյուրը` Հ. Խաչատրյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5979 | 0 | 0
Facebook