Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արման Նշանյան, Շաքե Թուխմանյան. Հայկական բեմում, կինոյում ու նաև Հոլիվուդում

Հովհաննիս Յան
11:19, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Արման Նշանյան, Շաքե Թուխմանյան. Հայկական բեմում, կինոյում ու նաև Հոլիվուդում

Ապրելով օվկիանոսից այն կողմ` նրանք կարողացան չհեռանալ արմատներից ու բարքերից, չաղավաղեցին հայերենն օտարամուտ բառերով, և, ավելին, ամերիկայն հասարակության մեջ մեծացող որդուն դաստիարակեցին հայեցի ու հայապաշտ: Շաքե Թուխմանյան-Նշանյան – Ժան Պիեր Նշանյան ամուսինները դեռևս ութսունականներին տեղափոխվեցին միացյալ նահանգներ, որտեղ ստեղծելով Վարդան Աճեմյանի անվան թատրոնը` հնարավորություն տվեցին ամերիկահայությանը վայելել հայ թատերարվեստի հաճույքը, բայց և չբավարարվելով այդքանով` մուտք գործեցին ամերիկյան կինոարվեստ` նույն հարթակում խաղալով հոլիվուդյան հայտնիների հետ: Ինչպես ասում են` ի՞նչ լավ ծնող և ուսուցիչ, եթե որդիդ, աշակերտդ չի գերազանցում քեզ: Նրանց թե լավ ծնող, թե լավ ուսուցիչ լինել հաջողվեց` որդին` Արման Նշանյանը մուտք գործեց շատերի համար բաղձալի Հոլիվուդ, եվրոպական օպերաների բեմերից լսվեց ու գնահատվեց նրա ձայնը: Իսկ արվեստի խոստումնալից ուղին դեռ շարունակվում է:

Վերջին տարիներին դժվար է այլևս հասկանալ` այս ընտանիքը Հայաստանում, թե միացյալ նահանգներում է ապրում, բայց մի բան պարզ է. Երկու երկրների հանդիսատեսն էլ հնարավորություն ունի ներկա լինելու թե նրանց ներկայացումներին, թե դիտելու նրանց մասնակությամբ ֆիլմերը: Ու միաժամանակ միևնույն տեղում հանդիպել բոլորին` անհնար է: Թերևս դա էր պատճառը, որ մոր և որդու հետ հարցազրույցը նմանվեց կամրջի. Արման Նշանյանը ԱՄՆ-ից, իսկ Շաքե Թուխմանյանը Հայաստանից պատմում են իրենց ընտանեկան երջանկության, ծնող-որդի հարաբերությունների և այն բանի մասին, որ մի օր ամենքս վերածնվելու ենք` լրացնելու մեր բացթողումները և վերադարձնելու պարտքերն այս կյանքին:


    

-Արվեստագետները հաճախ բազմասեր են լինում, ամենուր մուսաներ են փնտրում, և արդյունքում հաճախ ոտնահարվում է ընտանիք հասկացությունը: Բայց խոսքը Նշանյանների ընտանքին չի վերաբերում: Ո՞ւմ և ինչի՞ շնորհիվ է Նշանյանների օրինակելի ընտանիքը մշտապես պահպանել սերն ու հավատարմությունը:

Շաքե- Մեր ընտանիքը պահպանվել է, քանի որ մենք իսկապես արժեքավորում ենք ընտանիք ասված երևույթը, մինչդեռ այսօր շատերն այլևս չեն գիտակցում գաղափարի նշանակությունն ու կարևորությունը: Ազատությունը բերել է շատ ազատություն: Կան վաղուց եկած բարքեր, որոնց պետք է հավատարիմ լինել: Մեր կյանքն էլ հեշտ չի եղել, բայց կարողացել ենք մեր մեջ ուժ գտնել ու դժվարությունները հաղթահարելով պահպանել մեր միասնությունը: Իսկ մուսաներ մենք գտել ենք մեր դերերի մեջ: Ամեն նոր դեր նոր սեր է, նոր հետաքրքրություն, նոր մուսա:

Արման – Եթե մենք այսօր միասին ենք, վայելում ենք ընտանեկան ջերմությունը, ապա դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք մորս, այդ գործում ամենամեծ դերը նրանն է եղել:

- Տիկին Շաքե, երիտասարդ, նորաստեղծ ընտանիքը հիմնական բնակություն հաստատեց օվկիանոսից այն կողմ: Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք, կամ գուցե հարազատներից հեռու գտնվելով ավելի ամո՞ւր կապվեցին ընտանեկան կապերը:

Շաքե- Դժվարություններն իհարկե շատ էին: Ես արտասահմանյան երկրներում մինչ այդ շատ էի եղել և թերևս պատկերացնում էի` ինչ է մեզ սպասվում, բայց չէի գիտակցում, որ պետական թատրոնի բացակայությունը կարող էր այդքան ընկճել մեզ: Մոտ չորս տարի թատրոնում չստեղծագործելը շատ բարդ էր ինձ համար: Այդ տարիներին միայն մանկահասակ Արմանին խնամելն էր մեղմում իմ բեմից կտրված լինելը: Ժանի հետ անդադար մտածում էինք` ինչպես լցնել մեր առօրյան: Եվ այդ էր պատճառը, որ ստեղծեցինք Վարդան Աճեմյանի անվան թատերախումբը: Այդպիսով մենք կարողացանք հագեցնել մեր արվեստի քաղցը:

- Նահանգների ձեր բնակարանը մի փոքրիկ թատերաբեմ էր, ուր փորձեր էին լինում, հայտնի մարդիկ էին հյուրընկալվում: Ինչպե՞ս էիք կարողանում բոհեմն ու կենցաղը չխառնել միմյանց:

Արման – Մեր կյանքում այդ երկուսը երբեք չեն դադարել կողք կողքի լինել, այդպես շարունակվում է և այսօր: Մեր կյանքը մի երկար ու հետաքրքիր բեմադրություն է: Երբ ընտանիքում չորս հոգի արվեստի ուղին է բռնել, շատ դժվար է այլ կերպ ապրել:

Շաքե- Երբեք արվեստագետ կինը չպետք է մոռանա իր կին լինելու մասին: Այն, ինչ ունես բեմում` ծափահարություններ, գովասանքի խոսքեր, ծաղիկներ, հոդվածներ, դեռ բավական չէ լիարժեք կին լինելու համար: Նախևառաջ պետք է կարողանալ լինել սիրելի կին, հոգատար մայր: Բոհմական կյանքով տարվող կանանցից շատերը մի օր հասկանում են, որ պակասել են դերերը, իրենք այլևս այնքան պահանջված չեն, որքան երիտասարդ տարիներին, իսկ տարիներն անցել են, չկա ընտանիք, չկան երեխաներ, կա միայնություն: Իսկ դա մեզ հարկավոր չէ:

- Ինչպե՞ս էր փոքրիկ Արմանը դիմանում արվեստով ողողված տան պայմաներին: Չէ՞ որ երեխաները շուտ են հոգնում, ձանձրանում, խաղալ են ուզում...

Արման- Մեր տանը տեղի ունեցող անցուդարձն ինձ շատ էր հետաքրքրում... փորձեր, դերասանների այցեր, դեկոր, ներկայացման օր, թատրոն: Բայց ինձ համար ամենահետաքրքիրը հատկապես փորձերի ժամերն էին: Ես անկողնուց փախչում էի ու գաղտնի նայում, այնպես, որ հաջորդ առավոտ չէի կարողանում արթնանալ որպեսզի դասի գնամ: Այդ ժամանակներից շատ հետաքրքիր հուշեր են մնացել: Միշտ հիշում եմ, թե ինչպես էր դերասաններից մեկը ցանկանում ծեծել ինձ, քանի որ բոլորի դերերն անգիր գիտեի և չէի թողնում փորձեին, շատ արագ հուշում էի:

Շաքե- Մենք ներկայացումների փորձերն անում էինք տանը, ավտոտնակում: Արմանը սովորություն ուներ նստել սենյակի անկյունում ու սպունգի պես կլանել ամեն բառն ու դերը: Նա մանկուց սնվեց արվեստով: Բայց երբեմն նաև դժգոհում էր, քանի որ չէինք կարողանում բավարար ժամանակ հատկացնել իրեն: Ես նույնիսկ պահել եմ նրա դպրոցական շարադրությունը, որում բողոքում էր, թե մայրն ու հայրը զբաղված են թատերական ներկայացումներով և քիչ ժամանակ են հատկացնում իրեն: Բայց ես այն բացառիկ մայրերից եմ, որոնք փորձում են ոչնչից չզրկել երեխաներին: Նա հաճախել է թե լողի, թե բասկետբոլի, թե հոկեյի պարապմունքների: Ամեն հնարավոր առիթ օգտագործում էի իր հետ լինելու, զբաղվելու համար, նույնիսկ ինձ համար հեծանիվ եմ գնել, որպեսզի իր հետ քշեմ:

-Արման, մանկությունը թռչունի պես է, այսօր հաց ու ջուր ես տալիս` կարծելով, թե նա վաղն առավոտյան էլ կթակի պատուհանիդ ապակին, բայց հանկարծ նկատում ես որ վաղուց աշուն է, հեռացել է` թողնելով իր մասին բարի հուշեր: Ե՞րբ նկատեցիք, որ մանկությունն արդեն անցյալում է:

Արման – Իսկ մանկությունն անցյալո՞ւմ է:

-Տիկին Շաքե, Ձեզ շատ մայրեր կարող են նախանձել, կարողացել եք հիանալի որդի դաստիարակել: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել:

Շաքե- Կարևորելով հայեցի դաստիարակությունը` ուշադրություն չդարձնելով ֆինանսական խնդիրներին` Արմանին յոթ տարի հայկական վարժարան ենք ուղարկել: Ես այդ տարիներին դեռ վարժ չէի տիրապետում անգլերենին և կարող էի իր հետ այդ լեզվով հաղորդակցվելով ամրապնդել իմ լեզվի իմացությունը, սակայն նախընտրեցի շարունակել խոսել հայերեն, միևնույն է` ես ի վերջո սովորելու էի, իսկ երեխաս կարող էր կտրվել արմատներից: Մշտապես տանը հայերեն ենք խոսել: Միշտ փորձել եմ սիրով և ուշադրությամբ պարուրել նրան: Ընկերություն եմ արել հետը թե մանկության տարիներին, թե հիմա: Նա գիտե, որ ամեն հարցում կարող է ինձ վստահել: Որոշ հարցերում նա ինձ հետ է կիսվում` իմանալով, որ կնախատեմ, բայց և կհասկանամ: Ես էլ որոշ չափով բուդդիստների պես հավատում եմ ռեինկարնացիային ու կարծում եմ, որ ամեն փոքրիկ մարդուկի մեջ մի քանի կյանք ապրած անհատականություն է ապրում և երեխայի հետ խոսելու, բացատրելու դեպքում նա ամեն բան կհասկանա:

- Երգչուհի տատիկ, ռեժիսոր հայր, դերասանուհի մայր: Արման, երբևէ չե՞ք մտածել այլ մասնագիտություն ձեռք բերելու մասին, թե՞ չեք սիրում հակառակվել ընտանեկան ավանդույթներին:

Արման- Երբեք չեմ մտածել երգիչ կամ դերասան լինելու մասին: ԸՆդհակառակը, կար մի շրջան, երբ ես սկսեցի չսիրել այդ մասնագիտությունները` տեսնելով ծնողներիս չարչարանքները: Որոշել էի հեռու մնալ բեմից: Բայց ճակատագիրն իր գործն արեց և անիծեց ոչ միայն մեկ, այլ երկու ճյուղով: Ծնողներս երբեք չեն ստիպել որևէ ճանապարհ ընտրել, նույնիսկ որոշ դեպքերում խանգարել են թատերարվեստ մուտք գործել, միշտ թույլ են տվել ինքնուրույն որոշումներ կայացնել: Միայն տատիկս` օպերային երգչուհի Աննա Նշանյանը երբեմն նույնիսկ գումար էր առաջարկում, որ իր հետ երգեմ որևէ միջոցառման ժամանակ: Իսկ հակառակվել ինձ մոտ միշտ էլ շատ լավ է ստացվել. Բայց... ի վերջո... Մայրս էլ պատճառ հանդիսացավ, որ ես ընդունվեմ իմ առաջին թատերական ինստիտուտը` ասելով` կարելի է մեկ անգամ փորձել: Փաստորեն նա իր մեղքի բաժինն այնուամենայնիվ ունի:

- Ձեր առաջին դերը հիշո՞ւմ եք:

-Վեց կամ յոթ տարեկան էի երբ խաղացի իմ առաջին` մուրացկանի դերը: Հորս բեմադրած ներկայացումն էր, որից հետո նրան ասացի, որ չեմ ցանկանում մուրացական լինել:

-Տիկին Շաքե, երբ դեռ նոր էր Ձեր որդին լույս աշխարհ եկել, կարո՞ղ էիք պատկերացնել, որ մի օր համաշխարհային կինոարվեստը և օպերային բեմն Արման Նշանյան անուն են ունենալու:

Շաքե- Յուրաքանչյուր մայր երեխա ունենալով ձգտում է, որ իր զավակը հասնի կատարելության` թե անձնական կյանքում, թե մասնագիտության մեջ: Ես չեմ թաքցնի, որ երազում եմ Արմանին տեսնել հոլիվուդյան կինոարվեստի բարձունքներում: Եվ կարծում եմ, որ եթե մարդը որևէ բան սրտանց ցանկանում է, ապա այն իրականանում է: Համոզված եմ, որ եթե մարդն ամեն գիշեր երազի ինչ-որ բանի մասին, երևակայի, պատկերացնի, անպայման ցանկությունը կիրականանա:

- Ի՞նչ չեք կարողացել Դուք և Ձեր ամուսինը սովորեցնել Արմանին:

Շաքե- Համբերություն ունենալ: Երբեք չենք մերժել և ոչ մի հարցում: Հիմա փորձում են լրացնել բացթողումը: Քանի երիտասարդ ես` կարող ես ինքդ քեզ փոխել, աշխարհին փոխելն ավելի բարդ է:

-Արման, երեխաները միշտ ինչ-որ բան ցանկանում են փոխել իրենց դաստիարակած ծնողների մեջ: Ի՞նչ Դուք կցանկանայիք փոխել Ձեր ծնողների մեջ:

Արման- Ոչինչ չէի փոխի: Եթե փոխեի, նույնիսկ աննշան, նրանք կլինեին բոլորովին ուրիշ մարդիկ:

Շաքե- Վերջերս ես հաճախ եմ մտածում այդ մասին, սովորաբար ծնողներն են ուզում, որ երեխան արժանի զավակ լինի իրենց համար, բայց արդյոք միշտ են ծնողներն արժանի իրենց երեխաներին: Նույնիսկ եթե Արմանը ոչինչ չասի, բայց ես նկատեմ, որ ինչ-որ բան այն չէ, կփոխվեմ: Ես քայլում եմ կյանքին համընթաց, ինչը կարծում եմ, օրինակ ամուսնուս համար դժվար է, նա ավելի պահպանողական է, չի սիրում, երբ որևէ բան տեղաշարժվում է, ամեն բան պետք է նախկինի պես լինի, անփոփոխ:

- Արման, Դուք ամուսնացած չեք, չնայած` շատ աղջկներ են երազում Ձեր կողքին լինելու մասին: Ո՞ւմ եք փնտրում: Իդեալնե՞ր եք ստեղծել, թե՞ պարզապես սրտի թելադրանքին եք սպասում:

Արման- Ինձ համար կինը, երեխան, ընտանիքը սրբություն են: Նախքան ընտանիք կազմելը պետք է լուրջ պատրաստվել: Դեռ չեմ կարող կրել այդ սրբության ծանրությունը, քանի որ ուզում եմ շարունակել ապրել իմ "ջահելական" կյանքով: միայն սեփական էգոն բավարարելու համար չարժե երեխա լույս աշխարհ բերել: Արդյո՞ք ճիշտ է գիշերը ցանկալի կնոջ հետ անցկացնելն ու միայն առավոտյան տուն վերադառնալը: Ես դա ճիշտ չեմ համարում: Կինոյի ու թատրոնի լուրջ դերասանը չպետք է թույլ տա, որ հոգու դանակը կորցնի սրությունը: Մի բան, որ հաճախ պատահում է ցավի, դժբախտության, կռվի, սիրո, երջանկության կամ որևէ այլ պատճառով: Չեմ ուզում ուրիշին ստիպել ապրել իմ կյանքով: Իսկ եթե ամուսնանամ արվեստագետի հետ, ու նա իր առաջվա կյանքով ապրի՞...մենք չենք կարող համատեղ երջանիկ կյանք ունենալ: Ուրեմն այս պահին ես մենակ կլինեմ, ու, երբ կհասունանա ժամանակը, տիեզերքը կծանոթացնի ինձ իմ կյանքի ընկերուհու հետ:

- Տիկին Շաքե, ի՞նչ որակներ եք ցանկանում տեսնել Ձեր որդու ընտրյալի մեջ, Դո՞ւք էլ շատ հայ մայրերի բնորոշ որդեսիրությամբ կարծում եք, թե նա կատարյալ է և ոչ ամեն աղջիկ կարող է լինել նրա կողքին:

Շաքե- Երբ որդիս դեռ փոքրիկ տղա էր, նրան հայեցի դաստիարակելու խնդիր ունեի, միշտ ասում էի, որ պետք է անպայման հայ աղջկա հետ կապի իր կյանքը, բայց այժմ ես այլ բան եմ ցանկանում, ուզում եմ` նա հանդիպի այն մարդուն, ում կողքին իրեն իսկապես երջանիկ կզգա: Հնարավոր է` քո երկրորդ կեսը Չինաստանում կամ Հնդկաստանում է, իսկ դու փնտրում ես հայերի մեջ ու այդպես էլ չես գտնում: Արմանի հետ իսկապես դժվար է, բայց խելացի կինը կկարողանա կշեռքի երկու նժարին դնելով նրա առավելություններն ու թերությունները, իսկ թերություններ մենք բոլորս ունենք, գնահատել Արմանի տեսակը:

- Ճակատագրական հանդիպումներ լինո՞ւմ են: Դուք ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ:

Շաքե- Եթե հավատանք ռեինկարնացիային, ապա այս կյանքում պարտքեր ունենք վերադարձնելու: Եթե ամուսնանանում ես, ընտանիք կազմում, ապա էներգիաների փոխանակումն անհրաժեշտություն է: Կողակցին փոխելով կարող ես շատ ավելի վատ անձնավորության հանդիպել: Պետք է կերտել ճակատագիրը, հղկել: Մենք եկել ենք դպրոց և պետք է սովորենք: Ես չեմ ընդունում այն միտքը, որ մեկ անգամ ենք ապրում, ուրեմն պետք է վայելենք կյանքը: Ոչինչ պատահական չէ: Իմ ու Ժանի միասնությունը սկսվեց Սունդուկյան թատրոնից, որտեղ ես աշխատում էի կից ստուդիան ավարտելուց հետո, իսկ Ժանին որպես լավագույն ուսանող բերեց ինքը` Վարդան Աճեմյանը: Հետագայում մենք լուսանկարների միջոցով իմացանք, որ իմ մայրն ու Ժանի հայրը ծանոթներ են եղել, միևնույն խմբով եղել են Եգիպտոսում: Մի՞թե հենց դա չէ ճակատագիրը:

- Տիկին Շաքե, "Նանեն" հանդես է կանանց համար և միշտ պատրաստ է լսել ու փոխանցել Ձեզ պես կանացի, հաջողակ կանանց խորհուրդները: Ո՞րն է Ձեր կանացիության, արվեստում և Ձեր տղամարդու աչքում կատարյալ լինելու գաղտնիքը:

Շաքե- Նախ` թեև բոլորս էլ անհրաժեշտության դեպքում տղամարդուն հարիր գործեր ենք անում, ես և ծանրություն եմ բարձրացնում, և մուրճ եմ բանեցնում, բայց պարտավոր ենք ներքուստ թե արտաքուստ պահել մեր կանացիությունը: Երկրորդ` կարևոր է առաջնությունը տալ տղամարդուն: Նրանց պետք է թույլ տալ հասկանալ, որ մենք ունենք իրենց պաշտպանության, հոգածության կարիքը: Ես Ժանին ընտրել եմ իհարկե առաջին հերթին սիրելով, բայց նաև կարևորելով այն փաստը, որ նրա կողքին լինելով` ես ամուր մեջք կունենամ: Եվ ես չեմ սխալվել:

-Արման հայաստանցի հանդիսատեսն ընտելացավ Ձեզ բեմում և էկրանին տեսնելուն, բայց այժմ լռում եք` գտնվելով միացյալ նահանգներում, ե՞րբ և ի՞նչ նորություններով եք վերադառնալու:

Արման- Աշխատում եմ, նկարահանվում եմ երկու ամերիկյան գեղարվեստական ֆիլմում: Երբ ավարտվեն նկարահանման աշխատանքները, և դադարեն առաջարկները, կվերադառնամ տուն:

՞րն է օրը սկսելու լավագույն տարբերակը:

Արման- Մեդիտացին:

Շաքե- Հանապազօրյա աղոթքը:

- Իսկ ե՞րբ եք քնելուց առաջ այն հաջողված համարում:

Արման-Երբ հոգնած եմ լինում:

Շաքե- Երբ օրը հագեցած է լինում տարբեր իրադարձություններով, փորձում եմ հասկանալ իմ բացթողումները, որպեսզի կարողանամ շտկել և չկրկնել սխալներս և օրն ավարտում եմ կրկին աղոթքով:

- Երբ լռում եք, ինչի՞ մասին եք խոսում:

Արման- Անկեղծության:

Շաքե- Երբ լռում եմ, փորձում եմ չմտածել, բայց... չի ստացվում: Խոսում եմ անցյալիս մասին, ապագայիս, որը փորձում եմ չծրագրել: Ես սիրում եմ լռությունը:

- Ի՞նչ է կատարվում վարագույրի երկու կողմերում, երբ այն իջնում է:

Շաքե- Հանդիսատեսն ավելի անկեղծ կարող է պատմել կատարվածի մասին, իսկ թե ինչ է կատարվում ետնաբեմում` դատարկություն է տիրում: Երբ հոգեպես տրվում ես կերպարիդ, դատարկվում ես, տխրում ես, քանի որ նվիրվել ես ամբողջ հոգով, էությամբ:

Արման- Ներկայացումն է սկսվում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14028 | 0 | 0
Facebook