Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` արդեն մանկապարտեզում

13:16, երեքշաբթի, 22 հունվարի, 2013 թ.
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` արդեն մանկապարտեզում

Տեղյա՞կ եք, որ սերիալներն արդեն մանկապարտեզ են ներխուժում` դառնալով տուն-տունիկի «սցենար», իսկ երեխաները մարմնավորում են սերիալների հերոսներին:

Այսօր ես այդ մասին իմացա հինգ տարեկան աղջկանիցս` շատ պատահական:


    

Նրան մանկապարտեզից վերցրել էի, տուն էինք գնում, երբ սովորականի պես հարցուփորձ արեցի, թե ի՞նչ են սովորել մանկապարտեզում, ինչո՞վ են զբաղվել և այլն: Հանկարծ ասաց. «Մամ, գիտե՞ս, էսօր նոր խաղ ենք խաղացել` դժվար ապրուստ…»:


    

Մի պահ սառեցի, ականջներիս չէի հավատում: Ախր, մեր տանն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ սերիալ նայող չկա, ավելին` հայկական ներկայիս հեռուստասերիալների դեմ մեր ընտանիքի վերաբերմունքը ծայրահեղ բացասական է:


     Եվ որպեսզի աղջիկս չզգա անհանգստությունս և շարունակի պատմել, մի կերպ փորձեցի ձայնիս հանգիստ տոն հաղորդել ու հետաքրքրվել «խաղի» մանրամասներից:

«Տուն-տունիկի նման խաղ ա, մամ: Ես Սյուզին էի, Մարինկան` Էլենը, Լևոնը` Գոռը…»:

«Հետո՞, բա ի՞նչ էիք անում խաղի ընթացքում», -հարցրի:

«Դե, դուրս էինք գալիս ման գալու, կռվում էինք, իրար սպանում էինք, ինքնաթիռից ընկնում էինք ցած…», -պատկերավոր պատմեց աղջիկս:


    

Ամենաահավորն այն է, որ մի քանի ամիս առաջ աղջկաս մանկապարտեզի պետական խումբը փոխեցի` տեղափոխելով նրան մասնավոր խումբ, որն արժե ամսական 55 000 դրամ: Տեղափոխման պատճառն այն էր, որ պետական խմբում 40-ից ավելի երեխաներ կային, և դաստիարակչուհին հազիվ հասցնում էր երեխաների` հատկապես կապը կտրածների կապերը քաշել, որ իրար չսպանեն: Մտածելով, որ այդ պայմաններում դժվար թե երեխան որևէ բան սովորեր, որոշեցի այդ կլորիկ գումարը զոհաբերել: Բայց արի ու տես, որ հարցը դրանով էլ չլուծվեց…


    

Ժողովուրդ, հիմա ես ի՞նչ ինքնաթիռ գտնեմ, որ ինձ ցած նետեմ….


    

Մեկ էլ, հա…. էսօր պիտի նայեմ, տեսնեմ էդ Սյուզին ո՞վ է, ի՞նչ կերպար է, որ աղջիկս «մարմնավորել էր» դրան:


    

Անի Գասպարյանի բլոգից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6893 | 2 | 0
Facebook