Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ մեքենաներ են վարում մեր պատգամավորները

11:12, երկուշաբթի, 21 հունվարի, 2013 թ.
Ի՞նչ մեքենաներ են վարում մեր պատգամավորները
     Ասում են` ուրիշի ունեցվածքը հաշվելը լավ բան չէ: Համաձայն եմ, հատկապես, եթե դա արվում է չարամտորեն` հարևանաբարեկամական տարբերակով` սուրճի սեղանի շուրջ բամբասելու անկեղծ ցանկությամբ: Սակայն, մեր ՙհարազատ՚ պատգամավորները նախ մեզ համար «ուրիշ» չեն, հետո էլ, նրանցից ոմանք այնքան փող ու հարստություն ունեն, որ եթե փորձենք էլ հաշվել, դժվար մինչև նախագահական ընտրություններ վերջացնենք:
    
    

Սկսենք գլխավորից` ԱԺ նախագահի մեքենայից. ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, ով ԱԺ- ում զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը, ԿԸՀ-ում շարժական որևէ գույք չի հայտարարագրել: Սակայն Հովիկ Աբրահամյանին սպասարկում է ներկայացուցչական դասի շքեղ BMW 7-Series սեդանը` ԱԺ ամենաառաջին և պատվավոր պետհամարանիշով` 001 oo 01: Թե ինչ միջոցներով է ձեռքբերված այս թանկարժեք ու շքեղ ծառայողական ավտոմեքենան, որի գինը կարող է հասնել մինչև 200.000 դոլարի, արդյոք Աբրահամյանն ինքն է իր գրպանից վճարել մեքենայի համար, թե պետբյուջեն է իր ճեղքված մասից մի 150.000 դոլարի չափով դուրս թողել, դժվար է ասել: Կարևորը` մեր ԱԺ նախագահը ՙոտքով՚չի մնացել:


     Դժվար է Հովիկ Աբրահամյանից հետո ըստ կարևորության կամ հարստության դասակարգել առանց այն էլ մեկը մյուսից հատընտիր և կարկառուն մեր պատգամավորներին, բայց, ճակատագրի բերումով, ԱԺ նախագահին զուտ անվանական կարգով հաջորդում է…. այո, Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը…. ուղղակի բազմազավակ հայր և բազմաբիզնես գործարար Սամվել Ալեքսանյանը:


     Լրագրողների սիրելի գործարար-պատգամավորը հայտարարագրված ունեցվածք բաժնում` որպես փոխադրամիջոց, նշել է 4 ավտոմեքենա` երկու Mercedes` S500 և S600 մոդելի, մեկ հատ «Նիվա», հավանաբար` սպիտակ, և մեկ հատ էլ Range Rover Sport Supercharged, ենթադրում եմ` սև գույնի, որոնցից, ինչպես հետագայում պարզվեց, պատգամավորն իրականում այնքան էլ տեղյակ չէր, հատկապես նրանից, որ նա «Նիվա» ունի:


     Իրականում Ալեքսանյանի հայտնի ճոխ ու թանկարժեք ավտոպարկից այս 4 մեքենաները շատ համեստ ու գրեթե անհայտ մասնաբաժին են կազմում, քանզի ընտանեկան պետհամարանիշներով Bentley-ներն ու Rolls-Royce-երը հաստատ ավելի հայտնի են հանրությանը, քան վերոնշյալ մեքենաները:


     Թե ինչ արժողությամբ ու թվականի արտադրության Bentley-ներ, թանկարժեք BMW-ներ ու Mercedes-ներ են վարում պատգամավորի ընտանիքի անդամներն ու հարազատները, դա, միգուցե, մեր էլիտար պատգամավորին այնքան էլ չի վերաբերում, իսկ ահա 60 TT 006 համարանիշով Rolls-Royce Ghost շքեղ սեդանը հաստատ պարոն Ալեքսանյանի հետ սերտ կապ ունի, քանի որ վերջին շրջանում հենց այս մեքենայով է առավել հաճախ շրջում հայտնի գործարար-օրենսդիրը: Սակայն, ինչպես Ալեքսանյանին պատկանող այս Rolls-Royce-ը` Ghost-ը, այնպես էլ «նրա ավագ եղբայրը»` Phantom-ը, ԿԸՀ-ում հայտարարգրված չեն:


     Բայց Ալեքսանյանն այս ամենը հերքում է. մի անգամ ինձ հետ զրույցում նա ուղղակի փորձում էր համոզել, որ վերոնշյալ երկու Rolls-Royce-ներն էլ իրենը չեն, մայրիկինն են, և վարում է մայրիկի վարորդը, ինքն էլ կարող է մեկ-մեկ նստի հետևի շարքում, թե չէ ինքն ուր, Rolls-Royce-ն ուր, իրեն որտեղից էդքան փող, որ նման թանկարժեք մեքենա վարի: Այնուհետև ավելացրեց, որ ինքը ընդամենը մի ավտոմեքենա ունի, այն է`«քառակուսի»` նկատի ունենալով Mercedes-ի G-Class մոդելի ամենագնացը, որին հայերն իր «քառակուսի» տեսքի համար «յաշիկ» են անվանում:


     Հայտարարագրված չէ նաև ՀՀԿ-ական մեկ այլ հայտնի պատգամավորի` Մհեր Սեդրակյանի, նույն ինքը` Թոխմախի Մհերի նույնատիպ Rolls-Royce Ghost-ը` համարանիշով, որի արժեքն, ի դեպ, այս տարվա տվյալներով, կազմում է միջինը 400.000 դոլար, իսկ վերը նշված Phantom-ինը` ավելի շատ` 500, 000 $ և ավելի: Սեդրակյանը, սակայն, ոչ միայն իր այս Rolls-ը չի հայտարարագրել, այլ, ընդհանրապես, որևէ շարժական և թանկարժեք գույքի անուն չկա նշված նրա բաժնում: Ճիշտ է, պատգամավորն անձամբ Mercedes-ով է գնում ԱԺ` աշխատանքի, ընդ որում` նրա ՙանվանական՚` 01 xx 005 համարների փոխարեն մեքենայի վրա փակցված է 051 օօ 01 պետհամարանիշ, որն օրենքով իրեն չի հասնում, իսկ ահա 013 oo 11 ԱԺ ծառայողական պետհամարանիշով Rolls-Royce Ghost-ը առավել հաճախ ծառայում է Սեդրակյանի որդուն:


     Եթե վերը թվարկածները հայտարարագրել կամ թաքցրել են իրենց ցամաքային փոխադրամիջոցները, ապա ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը, միանգամայն անթաքույց հայտարարագրել է երկու օդային փոխադրամիջոց` Զենեյր CH-701STOL մակնիշի երկու ինքնաթիռ, որոնք ձեռքբերելուց հետո, սակայն, պատգամավորը դրանք նվիրաբերել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Բայց, իհարկե, Արսենյանի հայտարարագրում միայն ՙերկնային՚ փոխադրամիջոցներ չեն, որ նշված են: Նրա ամենօրյա տրանսպորտային կարիքները` ըստ հայտարարագրի, բավարարում են Lexus LS 600HL-ը, Range Rover Sport Supercharged-ը և Toyota Land Cruiser Prado-ն` 01 UU 111 համարանիշով: Սակայն, պատգամավորին, որպես անձնական ծառայողական մեքենա, սպասարկում է Lexus-ը` ԱԺ-ի 011 օօ 11 ծառայողական համարանիշով:

Էլ ի՞նչ ԲՀԿ առանց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Ըստ հայտարարագրածի` Գագիկ Ծառուկյանն ունի 7 ավտոմեքենա` BMW X5. Toyota Land Cruiser Prado, Jeep Wrangler, Rolls-Royce Phantom, Nissan Patrol, Rolls-Royce Phantom Coupe, Range Rover Sport HSE: Այս մեքենաներից ամենաթանկարժեքները երկու Rolls-Royce-ներն են, որոնց ընհանուր արժեքը կարող է գերազանցել նույնիսկ 1.000.000 դոլարը: Սակայն, ենթադրելի ու բնական է, որ Ծառուկյանի ավտոպարկը այս ՙհամեստ՚ ավտոշարասյունով չի սահամանափակվում: Շատերն են տեսել ԲՀԿ առաջնորդին գերթանկարժեք սպորտային Mercedes SLR McLaren-ով, որը պատգամավորն ինքն է անձամբ վարում: Իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Ծառուկյանը հատուկ պատվերով ձեռք է բերել B6 աստիճանի զրահապատ Mercedes S-600 մոդելի ներկայացուցչական սեդան:


     ՀՀԿ-ական մեկ այլ հայտնի պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ևս, Արսենյանի նման, համեմատաբար ավելի անկեղծ է գտնվել` ԿԸՀ-ում բացահայտ հայտարարագրելով իր ավտոտնակի երկու ամենաթանկարժեք ավտոմեքենաները` անգլիական արտադրության Bentley Continental Flying Spur շքեղ սեդանն ու Range Rover Sport Supercharged ոչ պակաս շքեղ ամենագնացը: Չնայած այս երկու բրիտանական «գեղեցկուհիների» առկայությանը, որոնցից մեկը` Bentley-ն, հիմնականում վարում է Այվազյանի որդին, հենց իրեն` պատգամավորին, սպասարկում է նաև պետական միջոցներով տրամադրված ծառայողական Toyota Camry բիզնես-դասի սեդանը` 021 օօ 01 պատգամավորական պետհամարանիշով:
    
     Բայց Այվազյանի ավտոպարկից պատգամավորական համարանիշ, այն էլ` oo 01-ով, միայն Camry-ն չէ, որ ունի. պատգամավորի որդուն կարելի է հաճախակի տեսնել նաև Toyota-ի մեկ այլ մոդելի` հսկա ամենագնաց Land Cruiser 200-ի ղեկին` 087 օօ 01 ծառայողական պետհամարանիշով:
    
    
     mardik.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
15347 | 11 | 0
Facebook