Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

17-ամյա կանադահայ աղջկա գյուտը կարող է հեղափոխություն համարվել բժշկության մեջ

19:25, չորեքշաբթի, 11 փետրվարի, 2015 թ.
17-ամյա կանադահայ աղջկա գյուտը կարող է հեղափոխություն համարվել բժշկության մեջ

17-ամյա կանադահայ Աննա Փողհարյանը հայտնվել է այդ երկրի հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Աննան, որ սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկում, կարողացել է դիալիզի նոր ապարատ ստեղծել, որը կարող է համարվել հեղափոխություն առողջապահության ոլորտում:


     Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը` վկայակոչելով «Հորիզոն» -ը, տևական ժամանակ ուսումնասիրելով դիալիզի ապարատների աշխատանքն ու տեխնիկական հագեցվածությունը, Աննան կարողացել է դիալիզի ապարատի նոր նախատիպ ստեղծել:


     Դիալիզի ապարատներն արժեն մոտավորապես 30.000 դոլար: Աննայի ստեղծած սարքավորումն արժե 500 դոլար: Ավելի մատչելի է, հարմարավետ, և մարդիկ այն կարող են գնել և օգտագործել նաև տանը:


     Դիալիզը բժշկական գործընթաց է, որի ընթացքում մաքրվում է հիվանդների արյունը: Դիալիզի հիմնականում ենթարկվում են այն մարդիկ, ովքեր ունեն երիկամի խնդիր: Այդ գործընթացը պետք է կիրառել շաբաթական մի քանի անգամ: Փողհարյանը հայտարարել է, որ նա ցանկանում է իր գյուտով ավելի զարգացնել դիալիզի գործընթացը, որպեսզի այն հիվանդների համար շատ ցավոտ չինի:


     «Դիալիզի գործընթացը բավական մեծ էներգիա է խլում հիվանդներից: Դիալիզից հետո նրանք շատ հոգնած տեսք են ունենում: Այս նոր սարքով հիվանդը անհրաժեշտություն չունի շաբաթական երեք անգամ գալ հիվանդանոց: Շատերը շարժունակության խնդիր ունեն, և տանից հիվանդանոց ճանապարհը կրկնակի բարդ է նրանց համար» , - ասել է Աննան CBS հեռուստաընկերությանը:


     Իր գյուտի ստեղծման համար 17-ամյա Աննան բավական երկար ժամանակ որպես կամավոր աշխատել է տեղի հիվանդանոցներից մեկում, ուսումնասիրել դիալիզի ենթարկվող հիվանդներին: Երբ նա ընդգրկվել է ավագ դպրոցի գիտության վերաբերյալ նախագծում, նախընտրել է աշխատել մի գյուտի ուղղությամբ, որը կարող է փոխել առողջապահական համակարգը և հեշտացնել այդ հիվանդների կյանքը: Այս գյուտը ստեղծելու համար աղջկանից պահանջվել է 300 ժամ:


     Փողհարյանը հույս է հայտնել, որ մի օր իր գյուտը կիրառելի կլինի ամբողջ աշխարհում:


     «Հնդկաստանում և Պակիստանում բնակվող հիվանդների 10 տոկոսը հնարավորություն չունի գնալ հիվանդանոց և այդ բուժումից օգտվել: Դա նրանց համար հասանելի չէ» -ասել է Աննան:


     Այս գյուտի շնորհիվ Աննան շահել է մրցանակ և կրթաթոշակ: Héma-Québec ընկերությունը նրան առաջարկել է ամառային պրակտիկա, որպեսզի իր գյուտն իրականացնի իրական կյանքում:


     «Մարդկությունը կշահի այս սարքավորումից, որը թույլ կտա նվազեցնել բժշկական ծառայության գինը, բժշկական գործընթացները: Ընդհանուր առմամբ, սա հրաշալի նախաձեռնություն է» , -ասել է Héma-Québec ընկերության կիրառական հետազոտությունների տնօրեն Լուի Թիբոն:

Աղբյուրը` www.tert.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4658 | 0 | 0
Facebook