Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է:
18:21, կիրակի, 20 հունվարի, 2013 թ.
Բանաստեղծուհի, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Կապուտիկյանի պոեզիային բնորոշ են ազգային նկարագրի շեշտվածությունն ու քաղաքացիական խիզախությունը: Սիլվա Կապուտիկյանը 1941 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1950 թ-ին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները: Վաղ տարիքից տպագրել է բանաստեղծություններ «Կանչ» թերթում: 1944 թ-ին հրատարակել է «Երկու զրույց», 1945 թ-ին՝ «Օրերի հետ» բանաստեղծությունների ժողովածուները: Նրա պոեզիայի գլխավոր թեմաներն են հայրենիքը և սերը: «Զանգվի ափին» (1947 թ.), «Այս իմ երկիրն է» (1949 թ.), «Իմ հարազատները» (1951 թ.), «Սրտաբաց զրույց» (1955 թ.), «Բարի երթ» (1957 թ.), «Դեպի խորքը լեռան» (1972 թ.) ժողովածուներում, «Մտորումներ ճանապարհի կեսին» (1961 թ.) պոեմում անդրադարձել է հայ ժողովրդի սխրանքներով ու ողբերգություններով լի ճակատագրին, մտորել նրա ներկայի ու գալիքի մասին: Կապուտիկյանի և՜ պոեզիայում, և՜ հրապարակախոսական գործերում Հայաստանը հայ ժողովրդի հարատևող գոյության խորհրդանշանն է. Կապուտիկյանը հավատում էր հայ ժողովրդի հավերժությանը, նրա ներքին մեծ ուժին, ոգորումներին ու մաքառումներին: Հայաստան աշխարհը նա սիրել է ոչ «հանդարտ սիրով», այլ «ցավոտ ու ցավախառն, մե՜րթ խռովելով, մե՜րթ հաշտվելով». Կապուտիկյանի սիրո քնարերգությունը, ծնվելով անձնական տառապանքից, ընդհանրանալով հասել է համամարդկային զգացմունքի մարմնավորման: Անկեղծությամբ շնչող նրա սիրային բանաստեղծություններում սիրո բերկրանքն ու տագնապն են, կարոտի կանչն ու հուսահատությունը, տառապանքն ու վիշտը («Հայնեական երգեր», 1966 թ., «Երգ երգոց», 1970 թ., «Լիլիթ», 1981 թ., «Ձմեռ է գալիս», 1983 թ.): Կապուտիկյանը խորապես մտահոգվել է Սփյուռքի ճակատագրով, հայապահպանության խնդրով: 1962–63 թթ-ին և 1973 թ-ին այցելել է սփյուռքահայ գաղթավայրեր, գրել «Քարավանները դեռ քայլում են» (1964 թ.), «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976 թ.), «Քարավանները հեռանում են» (1999 թ.), «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» (2002 թ.) ուղեգրությունները, որտեղ անդրադարձել է սփյուռքահայի հոգսերով ու փորձություններով լի ճակատագրին: Նա հայությանն ուծացումից փրկելու միակ երաշխիքը համարել է Հայաստանը: Կապուտիկյանի ուղեգրությունները մեծապես նպաստել են սփյուռքահայության միասնությանը, ներքին հոգևոր կապերի պահպանմանն ու զարգացմանը: Կապուտիկյանին մշտապես հուզել են ժամանակաշրջանի հրատապ ու կարևոր հարցերը: Հրապարակախոսական երկերում արտացոլել է արցախահայության ազատագրական պայքարը, հայ ժողովրդի ինքնորոշման ու անկախության խնդիրները («Իմ ժամանակը: Հրապարակագրություն և ուղեգրություն», 1979 թ., «Էջեր փակ գզրոցներից», 1997 թ., «Վերջին զանգը», 2006 թ.): Կապուտիկյանը հրատարակել է նաև մանկական բանաստեղծություններ, որոնք ամփոփել է «Փոքրի՜կ Արա, ակա՜նջ արա» (1950 թ.), «Մեր Լալիկը, սիրունիկը» (1952 թ.), «Տանը, բակում, փողոցում» (1953 թ.), «Մի տարով էլ մեծացանք» (1958 թ.), «Ծաղկանոց» (1984 թ.), «Երկու քույրիկ, երկու ուլիկ» (1988 թ.) և այլ ժողովածուներում: Գրել է նաև դրամաներ՝ «Կռո՜ւնկ, ուստի կուգաս» (1961 թ.), «Եվ դո՞ւ, Բրուտո՜ս» (1976 թ.), թարգմանել ռուս բանաստեղծների ստեղծագործություններից: Նրա գործերից թարգմանել են բազմաթիվ լեզուներով: Կապուտիկյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց, 2009 թ-ին բացվել է նրա տուն-թանգարանը: |
Հավանել
1
Չհավանել
0
7046 | 0 | 1 | 0