ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐԹԸ /պատմվածք/
Շարժվելու ժամն էր: Եթե մի քիչ էլ սպասեր, ուղևորները վրա կտային: Ավտոբուսը լեցուն էր, նստատեղերի միջև ընկած տարածքում ևս մարդիկ կային, որը` կանգնած, որը` կռթնած թիկնակին, կախված բռնաձողից, նստած կործած դույլի, արկղի կամ թե կաթսայի վրա, որոնցով առավոտները միրգ, ձու, կաթնեղեն եւ էլի ինչ իմանաս ինչ էին բերում շուկա ու հիմա ետ պիտի տանեին` հաջորդ օրը նույնը կրկնելու համար: Առաջնականգառին էր մոտեցել մեկ ժամ շուտ: Գնալու տեղ չուներ, բացի դա` տարիների ընթացքում սովորույթ էր դարձել. կանգնում էր, շարժիչը բզբզում, թուլացած պնդօղակ-բան էր լինում` ձգում, յուղը չափում... Հին, ժամկետն անց ավտո էր` վրան չկար թերությո՞ւն: Համ էլ` մարդկանց հետ էր գործը, ինչո՞ւ արևի, ձյան, անձրևի տակ մնային, ի վերջո, իր ապրուստը նրանց միջոցով էր դատում: Վերջին ուղերթն էր: Պետք է հասներ Գառնի ու ետ դառնար, գնալ-գալը` մեկուկես ժամ: Թե ճամփան էր ծանոթ, թե միջակա գյուղերի կանգառները, թե նստածների մեծ մասն ու թե հայտնի` օրվա մոտավոր վաստակը, եթե ճամփին ավտոտեսուչ չկանգնեցներ կամ «Լազը» փչանար և ստիպված` ժողովրդին իջեցներ: Շարժիչը գործի էր գցել, երբ կողահայելու մեջ նշմարեց մոտեցող մարդկանց: - Չգնա՛ս, - առաջին հասածը ձեռնափով զարկեց ետևի դռանը: Վարորդը մատը տարավ սեղմակին, կարծեց ուշացած ուղևորներ են, թեև հագուկապը, հասցրեց նկատել, ավտոբուս նստողների չէր: - Սեղմվեք, տեղ տվեք մտնեն, - ձայնեց ետնամասում խմբվածներին և ոտքն արգելակին` սպասեց: Բարձրանալու փոխարեն նրանք առաջացան, ապա մեկը, շրջանցելով մեքենան, բացեց խցիկի դուռը: - Անջատի՛ր: - Ի՞նչ կա, - ակամա ենթարկվեց կարգադրությանը: - Հրես կիմանաս, - մարդը ձգվեց, որպեսզի հասնի բանալուն: - Ձեռդ, - վարորդը թևքով փակեց ճամփան: Սա կախվելով ղեկից` փորձեց ելնել վերև: - Դե հերի՛ք եղավ, - վարորդը հրելով նրան` կտրուկ ձգեց դուռը: Հավանաբար ներքևից դժվար էր, որովհետև մարդը, չդիմանալով ճնշմանը, տեղի տվեց: - Սեթո, ովքե՞ր են, - հարցրին խցիկին մերձ կանգնածները: - Շա՜տ գիտեմ, - Սեդրակը դուրս հանեց գլուխը: - Ի՞նչ ես ուզում: - Ցա՛ծ իջիր, - մարդը քաշեց բռնակից: - Գիշերվա երազ է, - հետո տեսավ` շատ է քաշքշում, վերևից թեթևակի խփեց մատներին: - Թո՛ղ, արա, կպոկես: Երկրորդը, որ նույնպես մոտեցել էր, ընկերոջը մի կողմ տարավ. - Սողո, հանգիստ: - Թող իջնի, - Սողոմոն կոչվածը, այդուհանդերձ, ենթարկվեց: - Քեզ չեն ասե՞լ, - ներքևից վերև տիրաբար հարցնողը փողկապով էր, թխադեմ, աչքերի տակ` տոպրակներ: - Ո՞վ, ի՞նչ...- հակադարձեց, սակայն ուշադրությունը շեղվեց, երբ հայելու մեջ տեսավ ետևի դռնից մտնողին: Նրա կողմից վտանգ, թվում էր, առայժմ չկա: Մարդը, եթե մինչևիսկ կամենար, չէր կարող առաջանալ, այնքան խիտ էր պատվարը: Սրահում հայտնվածն սկզբում իսկապես էլ նման մտադրություն չուներ, որովհետև սկսեց ինչ-որ բան բացատրել խիտ կանգնածներին: Սեդրակը տեղից ելավ. - Արանք բացեք, տեսնեմ ուզածն ի՞նչ է: - Ասում է` մարշրուտկեքով գնացեք... - Ոչ ոք չիջնի, - նա վճռական սեղմեց դռները փակող կոճակը: - Մեկնումեկդ պինդ հրեք: Հացավանցի ուսանողը մեջքով հենվեց դռանը: Փեղկերը ճնշման տակ շրխկոցով վրա եկան: Մարդը, իհարկե, մնաց ներսում: Նա զայրագնած բղավեց, թե ինչ` ժխորում լսելի չեղավ: Խցիկի դուռն ամբողջ ընթացքում ծեծում էին: Սեդրակը գրգռված` ցած նայեց. - Ու՞մ մասին էիք հարցնում, ո՞վ պիտի բան ասեր: - Խուլ ե՞ս, - բանալին հանել փորձողը հարցին կարևորություն չտվեց, - թե՞ չես հասկանում: - Թողնո՞ւմ եք, որ... - Տնօրինությունից քեզ չեն ասե՞լ, որ այսօրվանից էլ չքշես, - փողկապավորի պահվածքը պարտադրում էր իրեն պատասխանել: - Այսինքն... - Գիծը գնված է: Ամսի մեկից ուրիշինն է: - Չհասկացա... - Այս գծում երթուղային է աշխատելու: - Քանի՞սը, - հարցնողը սրահի պատուհանից գլուխը հանած ուղևոր էր: - Երեք մեքենա` դա սկզբնական փուլում, քսան րոպեն մեկ կշարժվեն, - հետևեց պատասխանը: - Ուրիշները ևս, կողմ հրելով ապակինները, կախվեցին լուսամուտներից. - Ու գինը ինչքա՞ն կլինի: - Սրան որքա՞ն եք վճարում: - Նայած ով` որտեղ է իջնում, - հապաղումով արձագանքեցին: - Խոսքը վերջին կանգառի մասին է` Գառնի գնացողների: - Երկու հարյուր հիսուն դրամ, - պատասխանեց զրույցի մեջ ներքաշվածը: - Այդքան էլ տաքսուն կտաք: - Փոխարենը նստած կգնաք` մարդավարի: Սա վիճա՞կ է: Սեդրակը շրջվեց: Ուղևորասրահի մարդը ճամփա էր բացում: - Քո տունն ակոռի, կամաց, ոտս տրորում ես, - դժգոհեց տարեց ողջաբերդցին, ով միշտ կաթ-մածուն էր քաղաք բերում: - Քա, բանկեքս ջարդեց: Մարդը պատասխանի չարժանացրեց. նրա նպատակակետը խցիկն էր` վարորդին հասնելը: - Որ փակեցիր, կարծում ես պրծա՞ր: - Ինչի՞ց: - Քեզ ապուշի տեղ մի դիր: - Տխմարն ինքդ ես, - Սեդրակը բռնկվեց: - Տավարի մեկը... - Դռները, երիտասարդ, բաց` մարդիկ իջնեն, - վերստին դրսից լսվեց փողկապավորի հորդորը, ապա նա նշանացի կարգի հրավիրեց ներսում գտնվողին: Գծի տերն է կամ թե չէ` քաղաքապետարանի, նախարարության ներկայացուցիչը, - մտածեց Սեդրակը, իսկ բարձրաձայն նետեց. - Սա պետական ավտոբուս է: - Չասինք` մասնավոր է: - Թուղթ ունե՞ք, պաշտոնական գրություն, - գիծը, աշխատանքը կորցնելու հետ չէր հաշտվում Սեդրակը: - Կա, ամեն բան օրենքով է, հանգիստ մնա: - Հանգի՞ստ թողիք...- նա ձեռքը սեղմակին տարավ: - Ժողովուրդ, ով ուզում է` իջնի: - Չիջնեք, հոր գինը հետո կդնեն վրան: Խաբում են...- առարկեց գեղադիրցի Շուշանը` նույնպես իր մշտական ուղևորներից. սա լավաշի գործով էր շուկա գալիս: - «Գազելներն» անցումի բերանն սպասում են, երեքն էլ` նոր, մրցույթով անցած, - սրահի մարդն իջավ, ետքից` մի քանիսը: - Մյուսներդ... Մարդ չմնա: - Պահ, դու չես որոշողը: Սեթո, քշի, օրը պրծավ, - գեղադիրցի կինը հաստատապես վճռել էր թիկունք կանգնել վարորդին: - Կա՞ ուրիշ ցանկացող, շարժվում եմ... Առպահ երկբայելուց հետո վերջին դռնից ևս հինգ-վեցն իջան: - Գնացինք, - Սեդրակը գործարկեց շարժիչը: - Դռները փակեցի: Երկու երիտասարդ նույնպես հասցրին ընթացքում ցատկել: - Չփոշմանես, - ուղևորասրահի մարդը, որ իջել էր, մատը թափ տվեց, - քթիցդ եմ բերելու: Շարժիչը հռնդաց: Մյուսները, ծխախեղդ չլինելու համար, ընկրկեցին, և «Լազը» ծանրորեն պոկվելով տեղից` խառնվեց պողոտայի հոսքին: Ուղևորասրահում, պարզ է, խոսակցությունն ինչի շուրջ էր: - Էնքան գնան-գան` հոգիները դուրս գա... - Մրցույթով... Չէ մի` փողը տվել, գիծն առել են... - Թե էդ ջահելներն ինչո՞ւ իջան... - Երկու հարյուր հիսուն... Հավատալս չի գալիս... Կամ էլ բոլորից նույն գումարը կառնեն, կուզես Ողջաբերդում իջիր, կուզես` Հացավանում... - Դաչեքի ժողովուրդը, հո, հացը կերավ, - երբ Ջրվեժի ամառանոցների մոտ ավտոբուսը կանգառեց, կեսլուրջ-կեսկատակ նկատեցին: - Չեն էլ թողնի մոտ գնաք: Մարդ իջավ: «Լազը» փնչոցով հաղթահարել սկսեց անտառպուրակի զառիվերը: Հաջորդը Ողջաբերդն էր: Սրընթաց «Մերսեդես» անցավ, քիչ անց` ճերմակ «Գազել»: Թվաց` ղեկին ավտոբուս բարձրացածն է: Մինչ կանցներ ելիվերի շարունակությունը կազմող ոլորանն ու կմոտենար Չարենցի կամարին, վազանց կատարած մեքենաները մտան գյուղ: Անորոշ տագնապ համակեց Սեդրակին: Լսել էր, որ շատ գծեր այսօր-վաղը աճուրդի են հանելու: Հավաքակայանը ծանր օրեր էր ապրում. պարտքի մեջ խրված ձգձգում էր հոգեվարքը` ի վիճակի չլինելով որակյալ սպասարկում ապահովել: Միկրոավտոբուսի կարգի ավտոներն օր-օրի շատանում էին, աշխատելը` գնալով դառնում դժվար: Բայց թե Սեդրակը Գառնիի գծի համար վտանգ առայժմ չէր զգում. տնօրենն ասել էր` այդ ու էլի մի քանիսը` օդակայան, Էջմիածին, կպահենք, քանի որ ապագայում գնացող-եկողը շատ է լինելու, պետությունը, հույսը զբոսաշրջության լավանալու վրա դրած, ձեռքից չի կամենում բաց թողնել: Ողջաբերդին հաջորդեց Գեղադիրը, այնուհետ` Հացավանը: Մնաց տասնհինգ-քսանի չափ մարդ` բոլորը գառնեցի: Դրանց էլ կիջեցնի տաճարին մերձ կանգառում ու ետ կդառնա: Գուցե թե` տնօրենը գնացած չլինի. կպարզի` ինչն ինչոց է: Գառնիի խնձորուտների մոտ հանդիպեց պոչ-պոչի դարձող «Մերսեդեսին» ու «Գազելին»: Նրանք էին` ավելի շատվոր: Ուղևորները ևս ճանաչելով` վերստին աշխուժացան: Ավտոբուս բարձրացածն այս անգամ ոչ թե մատ թափ տվեց, այլ բռունցք: Կանանցից ոմանք, ի պատասխան, չանչեցին: - Զգույշ կլինես, - շատերն էին խորհուրդ տալը պարտք համարում: - Ի՞նչ իմանաս` ովքեր են: - Պահ, դրանցից պիտի վախենա՞մ, - վճռական արձագանքեց: - Թող փորձեն: - Արտաշատի կողմով գնա, - հորդորեց Մացոն. սա կրպակ ուներ տաճարի մոտ ու երբեմն-երբեմն գալիս էր քաղաք` ծխախոտ, ծամոն, էլի ուրիշ մանր-մունր բաներ առնելու: - Ճամփադ կերկարի, սակայն անվտանգ է: - Բանի վրա ես, - Սեդրակը պատրաստվեց շրջադարձի: - Անհոգ գնացեք... Քաղաք եկող, կարծես, չկար: Սովորաբար ուշ աշնանն այդպես էր. դարձի ճամփան, մինչև Ջրվեժի ամառանոց, մենակ էր կտրում, եթե պատահական ուղևորներ չհանդիպեին կամ գյուղի օտար լեզվի ուսուցչուհին ժողովի-բանի պատճառով չմնար վերջին ավտոբուսի հույսին. նա Երևանից էր ու շաբաթվա չորս-հինգ օրը գնում-գալիս էր: Դպրոցին չհասած` ականջը սուլոց որսաց, մինչ կկանգներ, հևիհև մոտեցավ ուսուցչուհին: - Սեթո, բարև՜, - աստիճանահարթակից բղավողը պահակն էր: - Գործերը լա՞վ են: - Բոլորի նման, - Սեդրակը բութ մատը կախեց: - Դու քո մասին ասա, Սահակ ապեր: - Էլի ինձ պես` ոնց գիտեիր, - նա կամեցավ հումոր անել: - Մեր դասատուին քեզ եմ վստահում, տես, հա՜... - Կարգին մարդ է, - ուսուցչուհու տեղավորվելուց հետո խոսք բացեց: - Ինչո՞ւ հեռու նստեցիր: Թե՞ տեղ չկա: - Մեկ չէ՞, - նա տեղափոխվեց առաջին շարք` դռան մոտ: - Էլի՞ ժողով էր: Էսօր ի՞նչ հարց էիք քննում: - Ծնողներին էի աշակերտության հետ կանչել. հանդեսի ենք պատրաստվում: - Ինչքա՞ն ես ստանում չարչարանքիդ դիմաց, - հարցախույզը շարունակեց Սեդրակը: - Երեսունհինգ հազար: - Էդ, հո, գնալ-գալուդ ծախսը հազիվ հանի: - Ճանապարհի համար գյուղապետարանն է վճարում` առանձին: - Դա որքա՞ն է: - Տասը հազար: - Միասին անում է հարյուր դոլար: Գոնե աշակերտ պահո՞ւմ ես: - Չէ: Դասերից հետո երբեմն մեկ-երկուսը մնում են, սակայն անվճար է. փող կա՞ ձեռքերին, որ տան: - Բարտերով աշխատիր, - Սեդրակը ծիծաղեց, - խնձոր, պոպոք... Ապրանքի դիմաց` գիտելիք: - Լավ էլ տեղյակ ես, - աղջիկը պայուսակից ընկույզ հանեց: - Վերցրու, ծնողներից մեկն էր բերել: Ինչ արեցի, վրան չկարողացա. ձեռիցս խլեց, լցրեց մեջը: - Քեզ պահի, ձեռքերս զբաղված են: - Նվիրում եմ, - ուսուցչուհին բուռը պարզած` սպասեց: -Առաջին նվերդ է, կպահեմ, - Սեդրակն ընկույզը թաքցրեց նստարանի կողագրպանում: - Սեթո, այսօր մի տեսակ ես, բան չի՞ եղել: - Չէ, - ասաց ու նույն պահին նկատեց ասֆալտի լայնքով կանգնած «Գազելը», «Մերսեդեսը» տեղ էր զբաղեցրել ճամփեզրին: Ստիպում են կանգնել. մտքներին կեղտոտ բան կա, - կռահեց Սեդրակը: Ձախ կողմում ձորակ էր, մնում էր աջը: Զառիթափը ասֆալտից բաժանող խանդակը լի էր վերևից թափված քար-ավազով: Նա ճամփի այդ հատվածը լավ գիտեր: Հետաքրքրության համար մինչևիսկ մի քանի անգամ կանգնել էր, ուշադիր դիտել: Ժամանակին լանջը կտրել էին, և պարզորոշ նկատելի էր գլաքարի, կավի, ավազի նստվածքը: Շերտերն անառարկելի ապացույց էին, որ տարածքը, ով գիտե քանի միլիոն, միլիարդ տարի առաջ, օվկիանոսի հատակ է եղել: Չեմ կանգնի, - վճռեց Սեդրակը, - ծանր ավտո է, շուռ չի գա, միայն թե լայնքը հերիք անի: - Քեզ պինդ պահի, - ասաց ու արիաբար քշեց: «Մերսեդեսից» մարդիկ թափվեցին, մեկը վազեց դեպի «Գազելը»: Հասնելով միկրոավտոբուսին` Սեդրակը ղեկը կտրուկ աջ թեքեց, այնուհետ, որպեսզի քթով չզարկվի զառիկողին, նույն արագությամբ ուղղեց: Միայն մի տեղ ավազի նստելու պատճառով «Լազը» երերաց: Դա բավական էր, որպեսզի աջակողմյան հայելին թեթևակի դիպչելով գահավանդի ելուստին, շյուղի փափկությամբ ծալվի, իսկ ետնամասն առավ «Գազելի» կոտոշին ու, մի մեծ փերթ ճանկռելով, պոկեց: Հարվածից միկրոավտոբուսը դեմքով շրջվեց դեպի քաղաք: Հայհոյանքներին, ազդանշանային անընդմեջ կանչերին, ետքից շպրտվող քարերին կարևորություն չտալով` Սեդրակը մեքենան հանեց ճանապարհի բանուկ մաս և գազ տվեց: Հետապնդումից չէր վախենում: Թույլ չի տա առաջ ընկնեն, իսկ ետևից, ոչինչ, թող գան: Թե չկարողացավ քաղաքում պոկվել, կքշի Արեշ` իրենց թաղ կամ` ուղիղ հավաքակայան: Թող մոտենան... Ուսուցչուհին լռում էր: Սեդրակը հայելու մեջ բռնեց նրա ոչ այն է` սփրթնած, ոչ այն է` դժգոհ հայացքը: - Հը՞... - Դու ասա, - հնչերանգը կատարվածի պարզաբանում էր պահանջում: - Գիծը մրցույթով շահել են, իրենք պիտի աշխատեցնեն: - Ես մեկին ճանաչեցի` պատգամավոր է: - Հա՞, - Սեդրակը գլխի էր, ում մասին է խոսքը: - Պարզ է` չեն թողնի: - Ինձ են փորձում: - Օրենքն իրենց կողմն է: - Ես հլա որ գործի մեջ եմ, ղեկավարությունից բան չեն ասել: - Աշխատիր լեզու գտնել, թե չէ` գիտես, ոստիկանության ձեռքը կգցեն: - Ինչպե՞ս... - Թող մեքենան քեզ տան` դու քշիր: - Այսքանից հետո` էլ ուշ է... - Իսկ դու համառիր, - ապա հավելեց, - քեզնից աչքաբա՞ց. բոլորին ճանաչում ես, հետները լեզու գտած... Սեդրակը չարձագանքեց: Գեղադիրում նախիրը լանջն ի վար գյուղ էր մտնում: Հասցրեց անցնել: Գծատերերը, եթե հետապնդելու միտք ունենան էլ, ստիպված առժամանակ կկանգնեն: Ահագին կշահի: -Պատգամավորը քեռուս շենքում է ապրում: Մոտիկ են, կասեմ` կխոսի. ընտրությունների ժամանակ վստահված անձերից էր: - Պետք չէ: - Մի տաքացիր: Դեռ չգիտես` մեքենան ինչքան է վնասվել: Տվիր ջնջխեցիր, քոնը` իր հերթին... - «Լազին» դժվար բան եղած լինի: Համ էլ ողջ տեղ չի մնացել: - Բոլոր դեպքերում... Ամառանոցի կանգառում, ինչպես սովորաբար, տուն դարձողներ կային: Սեդրակը դաստակները խաչելով` հասկացրեց, որ չի կարող արգելակել: - Ու՞ր տանեմ, - երբ Ջրվեժն անցան, հարցրեց: - Ապահովության համար քեզ հետ մինչև վերջ կգամ: Մարդ ես` մեկ էլ տեսար, երևացին: Հետո ինձ տուն կուղեկցես, հա՞: - Սիրով: - Ասա` մեծ սիրով, - աղջիկը զվարթուն ժպտաց: - Շատ մեծ սիրով, - բացվեց Սեդրակը: - Եվ ոչ միայն այսօր: - Դու չարաճճի աշակերտ ես, իսկը` երեխա: - Grand enfent, mademoiselle Sona. - Parles-tu fransais, monsieur Sedrak? 1. Ֆրանս. - Մեծ երեխա, օրիորդ Սոնա: 2. ֆրանս. - Դու ֆրանսերե՞ն ես խոսում, պարոն Սեդրակ: |