Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԾՆՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՓՈՐՁԵՑ ՓՈԽԵԼ ՄՈՆԻՏՈՐԻ ԱԼԻՔՆԵՐԸ

17:31, ուրբաթ, 01 հունիսի, 2012 թ.
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԾՆՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՓՈՐՁԵՑ ՓՈԽԵԼ ՄՈՆԻՏՈՐԻ ԱԼԻՔՆԵՐԸ
    
    

Թիվ 189 ավագ դպրոցում այսօր՝ ավարտական ու միասնական քննությունների առաջին օրը, կենսաբանություն առարկայից քննություն պետք է հանձներ 320 դիմորդ։ Ի դեպ, դպրոցի տնօրինությունը հոգացել էր քննությունների կազմակերպման հետ կապված ամեն մի մանրուք։ Նույնիկ փողոցներում, մայթերի վրա ուղեսլաքներ էին ամրացրել, որոնք ցույց էին տալիս դպրոց տանող ճանապարհը, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ տեխնիկական պատճառով դիմորդներից որևէ մեկն ուշանա քննությունից։ Բոլոր քննասենյակներում տեղադրված էին տեսագրող սարքերը, մոնիտորները միացված էին։

Այս քննակենտրոնում քննություն հանձնելու համար գրանցված էր 320 դիմորդ, նրանցից քննությանը չէր ներկայացել 14-ը։

Սահմանված ժամին թեստերը բացվեցին ու քննությունը մեկնարկեց։

Ինչպես և նախորդ տարիներին էր, հիմա ևս քննակենտրոնների նախասրահներում տեղադրված մոնիտորների օգնությամբ քննության ընթացքին կարող էին հետևել դիմորդների ծնողները։ Սակայն... այս քննակենտրոնում քննության կազմակերպիչների հիմնական մտահոգությունն այսօր դարձավ այն, որ քննության ընթացքին հետևող ծնողներն աղմկում էին՝ խանգարելով քննության ընթացքը։ Բանը հասավ նրան, որ ծնողներից մեկը փորձեց փոխել մոնիտորի ալիքները՝ արդյունքում անջատելով սարքը։

Ի դեպ, պետք է նշել, որ դիմորդների մեծամասնությունը քննության էր եկել ընտանիքի բազմաթիվ անդամների ուղեկցությամբ։ Քննակենտրոնում քննությանը հետևողների բավական մեծ բազմություն էր հավաքվել, ովքեր հիմնականում ուզում էին միաժամանակ ու տևական ժամանակով հետևել քննության ընթացքին, ինչը բնականբար հնարավոր չէր։ Ծնողների խոսքով՝ մոնիտորների թիվը պետք է ավելացնել։ Նրանց կարծիքով այս քննակենտրոնում տեղադրված 8 մոնիտորները քիչ էին քննության ընթացքին հետևելու համար։

Կրքերը մի քիչ հանդարտվեցին քննության մեկնարկից մեկ ժամ հետո միայն, երբ քննությունն ավարտած առաջին դիմորդները սկսեցին դուրս գալ քննասենյակներից, ու հավաքվածներին ներկայացնել, թե ինչ բարդության էին թեստերը, ինչպիսին էր քննության ընթացքը և այլն։

Դիմորդների խոսքով՝ թեստերը դպրոցական նյութի շրջանակում էին, խճճված հարցեր չկային, շատ բարդ չէին։

Ի դեպ, այս դպրոցում քննությունների ընթացքին հետևում էին նաև ՀՀ կառավարությանը կից Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) խորհրդի անդամները, ովքեր փաստեցին, որ թիվ 189 ավագ դպրոցի տնօրինությունը շատ լավ է կազմակերպել քննությունը, ինչի համար կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեցին, ապա նաև ընդգծեցին, որ թիվ 189 դպրոցը կլինի այս տարվա հիմնական քննակենտրոններից մեկը։

Հիշեցնենք, որ այս տարի դիմորդների թիվը 18105 է։ Նրանք քննություն կհանձնեն Հայաստանում բոլոր մարզերում, ինչպես նաև Արցախում ձևավորված 40 քննակենտրոններում։ Ամենաշատ դիմում հայտ՝ 11792, ներկայացվել է հայոց լեզու և հայ գրականությունից առակայից քննություն հանձնելու համար,

Այսօր դիմորդները քննություն էին հանձնում կենսաբանություն, աշխարհագրություն և ընդհանուր պատմություն առարկաներից։ Կենսաբանություն առարկայից քննություն հանձնելու համար այս տարի հայտ է ներկայացրել 1938, աշխարհագրությունից՝ 392, ընդհանուր պատմությունից՝ 397 դիմորդ։

Տեղեկացնենք նաև, որ քննությունների ավարտից մեկ ժամ հետո Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ www.atc.am և www.gtk.am կայքում կտեղադրվեն թեստերի տարբերակները՝ իրենց ճիշտ պատասխաններով։

ԱՅՍՕՐ, 15:09

http://www.aysor.am/am/news/2012/06/01/exams1/


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8621 | 0 | 0
Facebook