Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լևոն Խեչոյան / պատմվածքներ

05:23, շաբաթ, 17 հունվարի, 2015 թ.
Լևոն Խեչոյան / պատմվածքներ


     Լեւոն Խեչոյանի երկրային կյանքն ընդհատվեց անցյալ տարի' 2014 թվականի հունվարի 8-ին: ծնվել է 1955թ. Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։
     1983թ. ավարտել է Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

1987թ.-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռեւս դպրոցական տարիներից։

1988թ.-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.՝ «Խնկի ծառեր» վերնագրով։

Լեւոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն։ 1994թ.-ից սկսած պարբերաբար տպագրվում է Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում։ 1998թ. տպագրվել է «Լիտերատուրնայա Ուկրաինայում» ։ Տպագրության է պատրաստվում նաեւ «Խնկի ծառեր» -ը՝ ուկրաիներեն լեզվով։

1995թ. լույս տեսավ «Արշակ արքա», «Դրաստամատ ներքինի» պատմավեպերը։ Այս վեպը նաեւ թարգմանված է ռուսերեն։ Լեւոն Խեչոյանի գործերն այժմ թարգմանվում են անգլերեն եւ այլ լեզուներով։

«Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակի։

Շուտով լույս կտեսնի նրա կողմից մշակված Հայ ժողղովրդական հեքիաթների «Տան պահապան ոգին» ժողովածուն։

ՍԵՎ ԳԻՐՔ ԾԱՆՐ ԲԶԵԶ

Արգելեցին զենքով եկեղեցի մտնել։ Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին եւ մենք զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք։ Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը։ Մեծ քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ։ Մենք մտնում ու դուրս էինք գալիս, վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների եւ տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց՝ իրար ետեւից ընկնող գյուղերի միջով։ Մեր հարձակման հաջողությունը սրընթաց զարկի մեջ էր։ Շտաբն ու գեներալներն արգելեցին ժուռնալիստներին մեր ետեւից խորանալ։ Նրանց դժգոհությունը հաշվի չառնելով՝ դրեցին մեքենաները ու ետ ուղարկեցին։ Վերցված գերիներին եւ վիրավորներին խումբ-խումբ թիկունք էինք ուղարկում։

Քնում էինք քնապարկերի մեջ՝ թացին, չորին, ցրտին ու տաքին, քնում ու արթնանում էինք, դեռ լույսը չծագած տանկերը առաջներս գցած, հողի դողը ոտքներիս տակ, մետաղե ատամնանիվների ճռնչոցը ականջներիս մեջ, մտանք տափաստան։ Դեմ դիմացի գյուղը վերցնելը դժվար չէր, բայց չէինք ցանկանում տղաներին կորցնել։ Դադար առանք ու օձերի՝ կապտակարմրագույն ՝ էլեկտրակայծերի նման դուրս նետած երկթեւ լեզուները արհամարհելով, քնեցինք դեղին դդումների դաշտում։ Լուսածագին քարտեզը ծնկներին գեներալներն ու հրամանատարները ճշտեցին գյուղի դիրքը ու մենք չորս կողմից տապալված հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների ու քթներիս առած ինչ-որ բուրմունքների միջով, շղթայակազմ շարքերից ընկնող տղաներին թողած կրնկակոխ եկող սանիտարական մեքենաներին, բամբակի դաշտերով էլ անցանք ու հողի դողը ոտքներիս տակ, մտանք գյուղ։ Մեկը կանչեց, ես թիկունքից ձայն լսեցի, շրջվեցի, ոչ ոք չկար։ Հետո նրանց աղջիկը, որ զինորական շորերով, նստած «Շիլկայի» վրա մեր տանկերն էլ ոչնչացնում, նրան յուրայինները լքել էին՝ հանձնվեց հուսախաբ։ Ծոցագրպանից օրագիրը վերցրինք, որտեղ արեւի մասին տողեր կային, շուն գեներալների, հաց չմատակարարող պահեստապետերի ու իր գործիքով մեր խփած տանկերի քանակի մասին։ Կանաչ տերեւներով նախշազարդ բաճկոնի թեւի կոճակը արձակեց, թեզանիքը բարձրացրեց վերեւ, արմունկի ներսի ծալի թափանցիկ կապույտ երակի բուժասեղից առաջացած վերքը պարզեց մեզ, ասաց. «Միայն թե ներարկեք նոր... ես չեմ վախենում» ։ Մենք նրա շուրջը, ամենքս տարբեր տեղեր էինք նստել, մեկը խնձոր էր ուտում, խնձորը պայթում էր նրա բերանի մեջ՝ խնձորի ծառը մոտիկ էր։ Ես գիտեի՝ նրանց աղջիկն ինչ է ուզում, իմ թեւի վրա էլ, մաշկիս տակ, կուտ ընկած, դեռ չլավացած սպին գունավոր քնի մեջ նվվում էր։ Մենք բոլորս էլ գիտեինք՝ ինչ է ուզում նա, գիտեինք նաեւ ապակիացած աչքերի ոչինչ չտեսնելու գաղտնիքը ու նրա շուրջը, ուռած ոտքներիս ու ողնաշարներիս սլաքող ցավը զսպելով՝ ծխում էինք։ Մեկն եկավ՝ մյուս ջոկատներից էր, ասաց. «Լավ էլ ուրախանում եք, նստել ինչի՞ն եք սպասում, տարեք, միաժամանակ երեք անցքն էլ փակեք, մի դրա երակներին նայեք, տարեք այդ գործն արեք, դրա նմանները այդպիսի բաներ շատ են սիրում» ։ Նրանց աղջիկը թեւը պարզել էր, ես տեսնում էի թափանցիկ կապույտ երակը, լսում էի բերաններում պայթող խնձորի ու նռան ճայթոցը։ Թիկունքից էլի ձայն լսեցի, շրջվեցի ոչ ոք չկար ու չհասկացա, թե ինչին էի կարոտել ու այլեւս չէի ուզում լսել մյուս ջոկատից եկած հրամանատարին, հրազենով վիրավորված, հրազենով վիրավորված Կամոն փսխում էր, գնացի նրան հույս տալու։ Հետո կրկին մեր ոտքերի տակ դողաց հողը, մենք անծայրածիր, դեղին տափաստանի մեջ իրարից հեռու, ցրված ու ձայնի տաք ելեւէջով իրար որոնելով ու իրար տեղ չիմանալով, բարակ փոշին մետաղե թրթուրների տակ ծեծելով՝ գնացինք առաջ, մտանք Արաքսի հովիտ՝ մեր երազների ափը, ու մեր տանկերը եռացնում էին ջուրը։ Ծակող, թանձր տաքությամբ արեւը կանգնել էր երկնքի կենտրոնում ու այրում էր մեր գլուխները, ես այդ ժամանակ արդեն երկորդ անգամ լսել էի թիկունքից եկող ձայնը ու գիտեի, որ ստվերի մեջ թաքնվել է պետք, դեղին տափաստանի մեջ սեւ չկար, ամեն մի ստվերի երկարություն հալվում էր երկնքի կենտրոնում կանգնած արեւի առատ ու տաք լույսի մեջ, փոքրիկ, մոխրագույն, խանձված բլրակները եռում էին իրենց տեղերում, հենց եռացող բլրակների մեջ էլ մյուս ջոկատի տղաներից մեկին չէին կարողանում գտնել։ Տափաստանի պարզ, շատ հեռուները նկատվող՝ փռված հարթության վրա, ոչ մի տեղ չէր երեւում։ Բոլոր ջոկատները իրար կանչող ռադիոկապերի, հեռադիտակների, հռնդոցների ու ճռնչոցների մեջ որոնում էին Սերոբին ու չէին կարողանում գտնել։ Օդը ոռնում էր։ Չէինք խոսում ու ծխում էինք, մեր բոլորի քթանցքները խցկվել էին փոշով, բերաններիս շնչառությունը տաք էր ու նիկոտինով հագեցած։ Մեզ գյուղը ցույց տվեցին։ Ռադիոկապով հրաման տվողներն ու գեներալներն ասացին. «Այն գյուղը վերցրեք ու բազա դրեք» ։ Հողը դողաց մեր ոտքերի տակ, մենք դարձյալ գնացինք՝ մետաղների, գալարաթափ լարերի, հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, ու տարաբնույթ բուրմունքների միջով, եւ նրանք մեր մոտենալը տեսել էին, ու գյուղում բնակիչ չկար։

Մեր հրամանատարն ասաց. «Ստուգեք տները մեկ առ մեկ, թաքնվածներ մնացած չլինեն» ։ Նրանց շները պատառոտում էին մեզ, ամեն կողպեքը կախած փակ դռան ետեւը նրանք իրենց գամփռներին էին դրել, որոնք ներս մտնելուն պես՝ հափռում էին մեր տղաներին, իսկ մենք ինչքան հասցնում, գնդակահարում էինք նրանց օդի մեջ, դեպի մեր կոկորդը թռիչքի պահին։ Հետո երեկոյան, մեր ցրված ջոկատը, ամենքը մի տեղից՝ թփերի, ծառերի, տների թիկունքից, ստվերների ու մութի միջից գալիս էին՝ տափաստանի փոշին թարթիչներին ու մորուքներին։ Գալիս էին գյուղի չորս կողմից՝ էշով, էն մեկը՝ ձիով, հովտի խաղողի ողկույզներով, թզով, խնձորով, նռով ավարով՝ անծայրածիր դեղին անապատի չորս ծայրերից՝ իրար ձայն տալով էին գալիս, որ մոլորվածները չկորչեն։ Երբ հավաքվեցինք մի տեղ ու բերաններիս մածուկված փոշին էինք թքում, նկատեցինք, որ բոլորիս տափաշշերն էլ դատարկ են։ Միանգամից վտանգն զգացինք, մեզանից ոչ մեկը գյուղում աղբյուր չէր նկատել։ Մեր ծարավը սաստկանում էր, գյուղը տակն ու վրա էինք անում՝ ջուր չկար։ Տղաները գնացին ու տափաստանի խանձված, եռացող բլրակների ետեւից անհամ, անջուր ծարավ չհագեցնող ձմերուկներ բերեցին, եւ դարձյալ բոլորով մռայլ էինք։ Մենք գիշերատեղի դարձած կանաչ ու մուգ կանաչ պատշգամբով տունն էինք կարգավորում, պարսերով եկած երկարակնճիթ մոծակները մեզ ուտում էին, իսկ ամբողջ գյուղով մեկ ցրված տղաները դարձյալ չէին կարողանում ջուր գտնել, ու շատերս տրտնջում էինք եւ դժգոհում։ Հարեւան գյուղի իրենց բազայից մեկն եկավ՝ Սերոբին էր որոնում։ Մեր հրամանատարին ասաց. «Սերոբին այդպես էլ չգտանք, Սերոբին չե՞ք տեսել։ Անընդհատ աջ թեւից էր գալիս» ։ Մենք ուզում էինք, որ նա գնա, թողնի ու գնա։ Ջրոտ տանձ տվեցինք, ճաքճքված շուրթերին փոշի կար, կիսակծեց՝ տանձի վրա որդ խաղաց, չնկատեց կրկին կծեց։ Ուզում էինք, որ նա գնա, ասաց. «Ես էի բերել նրան, առաջին անգամ ինձ հետ եկավ։ Կինն էլ երկու ամսից երեխա է ունենալու» ։ Քնատ աչքերը փակվում էին։ «Դե լավ, գնամ, որ տեսնեք, իմաց տվեք» ։ Ուզում էինք, որ նա գնա։ Հետո Գեղամը եկավ, ասաց. «Այս գյուղում ջուր չի էլ լինի, տափաստանում աղբյուր որտեղի՞ց լինի, ես ջրհոր եմ գտել» ։ Հրամանատարը չէր ցանկանում, որ այդ ջրից խմեք, համառորեն մերժում էր, նա գիտեր որ ջրհորները ամենահարմարն են թունավորելու համար։ Ասաց. «Համբերեք, կարող է թիկունքից ջուր են հասցնում, կապով կպարզենք» ։ Շարժական ռադիոկայանը միացրինք, մեկը դարձյալ Սերոբին էր որոնում։ Կապավորին գոռացինք. «Անջատիր, ապուշ, կյանքումդ երբըէ միացրե՞լ ես, անհրաժեշտության պահին միշտ էլ փորլուծ ես ունեցել, անջատիր...» ։ Կապավորն ասաց. «Գիշերայինով դուրս գամ, գիշերային գիծը միշտ էլ ազատ են թողնում, յոթանասունինը ազատ կլինի» ։ Գիշերային ալիքի ուժեղացող ու թուլացող խշշոցների մեջ մեկը միապաղաղ ձայնով, դարձյալ Սերոբին էր որոնում։ Ես այդ ժամանակ, կրկին թիկունքից ձայն լսեցի, շրջվեցի՝ ոչ ոք չկար ։ Տղաները կապավորին գոռում էին. «Անջատիր, անջատիր...» ։ Ծարավը սաստկանում էր, մենք ջուր էինք ուզում, եւ հրամանատարը տեղի տվեց, միայն թե եռացրած ջրի առաջին բաժակը ինքը խմեց, ու մենք թախծոտ սիրում էինք նրան։ Էլի յոթ օր անցավ, ու մոծակները մեր մարմնի վրա ջրակալ վերքեր էին բացել, իսկ գիշերային դիրքերից վերադարձած տղաները ցերեկը ճանճերն ու պղտոր եւ թթվահամ ջրից սաստիկ ծնոտային ատամնացավերը չէին թողնում քնեն, ու շատերի բորբոքված աչքերի մեջ մազանոթներ էին պայթել եւ արյան նիշ էր իջել անքնությունից, փոշուց ու տափաստանի անսահմանությունից։ Մի քանի օր էլ անցավ, եւ գյուղի չորս ծայրերից դուրս եկան ու մեր բնակատեղը լցվեցին մանր ու խոշոր, գույնզգույն, ռմբակոծություններից վիրավոր ու փրկված, տարացեղ պատկանելության կատուների խմբեր ու շների ոհմակներ։ Նրանք քաղցից մլավում, կաղկանձում եւ ոսկորի համար իրար կոկորդ էին ծամում։ Մեր ձեռքից, մեր թափոնից ու խոհարարի թասերից պատառներ էին թռցնում։ Ցերեկները նրանք ուտում էին մեր հացը, մութն իջնելուն պես հեռանում էին, նստում իրենց բաց դռների առաջ, վերքերն էին լիզում ու կատաղի հաչում մեր վրա, կամ իրենց պսպղուն աչքերի բոցը երկնքին տված՝ լուսնահաչ էին տալիս։ Մենք նյարդայնանում էինք, մեր ջղերը չէին դիմանում։ Գիշերը գյուղում պարեկություն անողներիս եւ բազայի շուրջը պահակակետերի կանգնածներիս համար խախտվում էր բնական լռությունը, որի մեջ մենք միշտ էլ որսացել էինք նրանց հետախույզի ծածուկ տեղաշարժերը։ Լուսածրային կրակոց-ազդանշանով մեր ընկերներին օգնության դուրս թռչելու պահին, մութի մեջ մեր ոտնատակերից կակղամորթ, պստիկ ու մեծ, փափուկ մարմինների արձակած մլավոցն ու կաղկանձը, ցավից սրընթաց, պատեպատ, տեղից տեղ նետվելու աղմուկն ու թշնամու ոտնաձայները շփոթում էինք, չէինք կարողանում տարորոշել։ Գիշերվա հետ հարավից ու հյուսիսից փչող քամին, ծեծում, շրխկացնում ու ճռռացնում էր հարյուրավոր տների բաց ու փակ դռներն ու լուսամուտները, ինչքան էլ մենք գիտեինք, որ հիմա թիկունքում շրխկալու է դուռն ու լուսամուտը, այնուամենայնիվ վեր էինք թռչում, ձայնը կրկնակի էր դառնում, որովհետեւ մի անգամ էլ մեր ներսում էր պայթում, ու գիշերը, փշրված ապակու նման, թափվում էր մեր մտքերի տակ, որի վրայով բոբիկ ներբաններով քայլելու պես պիտի գնայինք, լավ գիտակցելով, որ մութի մեջ, մեր շուրջը դաշույնի շեղբն էր պտտվում։ Նռան ծառն էլ էր մեզ նյարդայնացնում, գիշերվա լռության մեջ հանկարծ պայթում էր նուռը ու ճայթոցով ճղում թանձր, հարահոս մութը։ Մենք գիտեինք, որ շներին ու կատուներին չի կարելի սատկեցնել, դա արդեն արել էինք, երբ առաջին օրը գյուղ էինք մտել, տները խուզարկելու ժամանակ դեպի մեր կոկորդները ոստնող գամփռներին գնդակահարել էինք ու, գյուղում տարածված, անտանելի նեխահոտը մեղմելու համար, նրանց լեշերի վրա մեր զինվորական մեքենաների սոլյարկան էինք շաղ տալիս։

Քսաներորդ օրը, երբ բոլորս ոջլոտել էինք ու արեւածագի հետ պատի երկայնքով նստած՝ բութ մատի եղունգի վրա շապիկներիս ոջիլներն էինք ջարդում, նա էլի եկավ, հարեւան գյուղի բազայից, որ շուրթերը ճաքճքված էին ու Սերովբերին էր որոնում, ասաց. «Սերոբին այդպես էլ չգտանք, Սերոբին չե՞ք տեսել, կինն էլ երկու ամսից երեխա է ունենալու։ Առաջին անգամն էլ ինձ հետ էր եկել» ։ Մենք ուզում էինք որ նա գնա, թողնի ու գնա, ապուր տվեցինք, հացը թաթախելով էր ուտում, քնատ աջքերը փակվում էին. «Դե ես գնամ, որ տեսնեք, իմաց արեք» ։ Մենք ուզում էինք, որ նա գնա։ Այդ օրը, այգիների ու տափաստանի իրենց թաքստոցներից գյուղի ամայի փողոցները պայտերի տակ դմդմացնելով, փախուստի պահին լքված, սմբակները ջարդոդված ու մազաթափ ավանակներ, ջորիներ, պառաված ձիեր եկան։ Նրանք ծարավից խելակորույս, մեր ջրի ամանների շուրջը սմբակներով հողն էին տնքոցով փորում ու ստվերների միջից գտած ամեն մի խոնավ բան ծամելով, աչքերի թացությունը խմող, կապտաթեւ ճանճերի պարսից հալածված՝ մեզ էին նայում ու վրնջում։ Մենք հեծնում էինք ու նրանց դողդոջյուն մեջքների վրա հարմար կեցվածք ընդունած, կրծքներս ուռեցրած՝ լուսանկարվում։

Տղաներից Շահենը ու էլի մի քանի հոգի, եկան պահակակետից ու ասացին. «Մեր գիշերատեղի դիմացի տունը պիտի հրկիզենք» ։ Հրամանատարն ասաց. «Չէ, այդպիսի բան անել պետք չէ։ Չանեք եւ՝ վերջ» Շահենը տեղի չէր տալիս. «Պետք չէ, բայց այդպես էլ դիքի կանգնել հնարավոր չէ։ Կտուրը կղմինդրից է, հենց դրանք մի թեթեւ տեղաշարժ են կատարում, կամ թեւ են թափ տալիս, ոնց որ այնտեղ մարդ ման գա։

Ամբողջ գիշեր էդ է, ուղիղ մեր բազայի դիմաց. էդ տունը չպիտի մնա, կմիամտվենք ու մի օր թշնամին կբարձրանա կտուր» ։ Ես ու Կարոն միասին էինք դիրքի կանգնում ու կանանց կարոտի մասին էինք խոսում։ Ասացի. «Ներսումս մեկը կա, ես նրան չեմ տեսել, բայց նրա հետ մի օր կգնամ կիսավեր տաճարը, արյան ավազանի մոտ» ։ Ասաց. «Նա քո զո՞հը կդառնա» ։ «Ոչ», ասացի, «Ոչ, նա ոչ մի փորձության չի դիմանա ու ինձ կմատնի» ։ Իսկ գիշերվա միջով սրընթաց չղջիկներ էին անցնում, ասաց. «Թուլություն է, երակները լցնելու.. թե չէ դեռ չեղածը դու ինչի՞ց ես իմանում, որ պատահելու է...» ։

Հեռու մի տեղից աղմուկ էր լսվում, գնացինք ու, շունչներս պահած, տարբեր կողմերից մտանք երկհարկանի տան բանջարանոցը. սոված գամփռը հորթին էր խեղդում։ Երբ ետ էինք գալիս, փշատենու սաստկացած բուրմունքը էր գալիս, ասացի. «Թիկունքիցս չորս անգամ ձայն եմ լսել» ։ Լսում էինք, հետո առաջինը ինքը խոսեց. «Դա լարվածությունից է, էն մեծ գյուղը, որ մտանք, այնտեղ մտնողը ինչ ձայն ասես որ չի լսի։ Այդպիսի բան հնարավոր չէ, քո ուղեղն է հնարել... տագնապի պահերին ուղեղը սիրում է բաներ հորինել...» ։ Հանկարծ մութը կարմրեց՝ հրկիզել էին մեր գիշերատեղի դիմացի տունը, ու կղմինդրե տանիքից հարյուրավոր աղավնիներ օդ բարձրացան, գիշերվա ու կարմիր մութի մեջ նրանց թեւաբանությունն էր պայթում։ Մենք վազում էինք այնտեղ, ես թիկունքից դարձյալ ձայն լսեցի ու կանգնել, չէի ուզում գնալ։

Հետո կենտրոնից հրամանատարների ու գեներալների հրամանը եկավ՝ գերեզմանոց չպղծել։ Բայց նրանց ձայնի վրա, մեր ալիքի մեջ, մեկը միապաղաղ ձայնով, դարձյալ Սերովբերին էր որոնում։ Հաջորդ օրը, նրանք՝ կենտրոն ժամանած ֆրանսուհի լրագրողին առած եկան, ու մենք բոլորս դուրս թափվեցինք։ Սպիտակ վերնաշապիկներով, ակնոցներով դեպուտատների ու նրա խոսքերը, նրա ասածները մեզ պետք չէին, հափշտակված նայում էինք նրա ճերմակ ատամնաշարին, խոնավ շուրթերին, տաք մատներին, ուսերին թափված բարակ մազերին, նուրբ ու ճկուն մեջքի ալիքվելուն, կարմիր, համարյա թափանցիկ շրջազգեստի տակ երեվացող ստինքներին։ Նրա զրնգուն ծիծաղը, թանձր շոգի մեջ թափվում էր մեր գլխին։ Ասաց. «Թուզ տվեք» ։ Տղաները թուզ բերեցին։ Ասաց. «Նուռ տվեք», տղաները նուռ քաղեցին։ Ասաց. «Խնձոր տվեք», տղաները հափշտակված խնձոր բերեցին։ Ասաց. «Խաղող տվեք», տղաները վազերը ճռաքաղ արին։ Շիրակը ձեռքերը երկինք պարզեց, հետո գլուխը բռնեց ու նրան ասաց. «Վայ, մամա ջան, Տեր Աստված, թզի տերեւ ուզիր, թզի տերեւ ցանկացիր...», ու դեռ չէինք ծիծաղել, դեռ չհռհռած՝ հասկացանք, թե մարտերը ինչ թափով, ինչ երկար, ինչ ուժեղ ու ինչ դաժան էին եղել։ Ծիծաղի ու հռհռոցի ալիքը եկել ու բացվել էր մեր անքուն անձրեւն ու քամին տեսած, գիշերները ավտոդողի խարույկից մրոտված, արեւով եփված դեմքներիս վրա, ու այդ պահին էլ բոլորս տեսանք, թե ինչպես անցյալ տարի, հեռու լեռներում թշնամու գնդակից ընկած մեր ջոկատի Անդրեի ստվերը եկավ, տվեց ու մեր միջով անցավ։

Հրամանատարը տխուր էր, երբ մենակ մնացինք, դուրս եկանք քայլելու, տափաստանային խորը, անդունդը ընկած գիշերվա մեջ, մենք մեր ոտքի ձայնն ու մեր խոսքի արձագանքն էինք լսում։ Հեռու, անաստղ երկինքը, մեզ համար ջրհորի վրա իջած կափարիչի փակվածության նման էր, ու մենք դրանից նեղվում էինք, ու մեր խոսակցությունը կիսատ, կիսաբեռ ու անհասկանալի էր դառնում, ճերմակում էր գիշերը, գյուղում ինչ-որ տեղից կանչեց դեռ թաքնված աքաղաղը՝ որ մքեղեն ստվերներն ու լույսի հակակշիռ ուժերը վերադառնան իրենց տեղը։ Մենք եկանք ու միացրինք ռադիոկայանը, շտաբից սնունդ պահանջելու համար։ Ու մեկը դարձյալ միապաղաղ ձայնով Սերովբեին էր որոնում։ Հաց ու ծխախոտ չուզած՝ շտապով անջատեցինք կայանը ու նստեցինք սեղանի առաջ, արդեն բոլորը քնել էին, մեր դեմը տան բազմաթիվ կանաչ ու մուգ կանաչ, մեր հոգու հետ չհամադրվող դռներն էին, որոնցից ներս մութ էր ։ Մենք գինի էինք խմում։ Հրամանատարի աչքերը թախծոտ ու անքուն էին, գիշերը ջրհորի նման մութ էր ու խորը, ասաց. «Մենք հասանք երազների հովիտ, դու ինչ ես կարծում, արդեն հասե՞լ ենք» ։ Կրկին մեր խոսակցությունը չէր ստացվում, ու մենք գինին էինք ավելացնում։ Ես դարձյալ թիկունքից ձայն լսեցի։ Գյուղում ինչ-որ տեղից կանչեց դեռ թաքնված աքաղաղը։ Լուսանում էր, արդեն չորրորդ օրն էր՝ մենք հրկիզել էինք, մեր դիմացի կղմինդրե տունը, իսկ աղավնիները չորս օր է երկնքից կախված, առանց վայրեջքի, շրջապտույտ ու շրջապտույտ պտտվում էին նրա վրա։
     ________
    

ՇԱԲԱԹ, ԿԻՐԱԿԻ


     Հարութը գիտեր` այլմոլորակայինը ինչի է եկել, ուզում էր, որ խոսակցությունը նրա հետ կայանար, երբ երկուսով միայնակ կմնային:
     Հարութը ցանկանում էր, որևէ պատրվակ բռնելով, տղաներին, բուժքրոջը կարճ ժամանակով սենյակից ինչ-որ տեղ ուղարկել:
     Այլմոլորակայինն էլ, կարծես, դիտավորյալ էր այդ պահն ընտրել, որ նրանք էլ ներկա գտնվեին:
     Տղաները նրա հետ զրուցում էին` թշշացող հանքային սառը ջուր խմելով: Հարութը նկատեց` վեց-յոթ հոգու ադամախնձորները քրտնած բկների միջով միանգամից բարձրացան-իջան:
     Այլմոլորակայինը դատարկած բաժակը շրջեց պլաստիկ շշի վրա: Հայտնեց, որ երկնքից` հեռավոր մոլորակից է եկել, որտեղ Հարութին շատ լավ են վերաբերվում: Ասաց, որ ժամանել է միայն մի հարց ճշտելու` Հարութը ցանկանու՞մ է արդյոք հետագայում դարձյալ ապրել երկրագնդի վրա:
     Հարութը տղաների, բուժքրոջ ներկայությամբ հենց այդ հարցին էր ամաչում պատասխան տալ, որովհետև նրանց առաջնորդելիս շատ անգամ էր հաստատուն ասել, որ չպետք է երերուն լինել` մոլորակը, հողը, երկիրը, որտեղ ապրում են, շատ է փխրուն, որ իրենք նրա առաջադիմության, կեցության համար են պայքարում:
     Հարութը, այլմոլորակայինի հետ միայնակ մնալու համար, կողմնակի բաներից խոսելով` ժամանակ էր ձգում. գուցե հոգնած տղաները թարմանալու կամ որևէ ուրիշ պատճառով սենյակից դուրս գային:
     Ասաց, որ ամեն մի դարաշրջան արատավոր է եղել` հիվանդագին մտածողության դրսևորումներով ամայացրել, ժողովրդաթափ է արել հողագունդը, դրանից է բխում անցած ժամանակների կործանարար ազդեցությունը հետագա կյանքերի վրա: Ողջ աշխարհը խորքում` հորինվածքի մեջ, չարություն, անկում է:
     , - ասաց այլմոլորակայինը: Ասաց, որ այդպիսին է այն վայրը, որտեղ ապրում են մարդիկ` ժողովուրդը ժողովրդին ոչնչացնելու բնազդով:
     Սակայն նա դեռ վաղուց գիտեր, որ այլմոլորակայինը հենց այդ հարցը տալու համար է ժամանել:
    
     Երբ Հարութին մոմլաթե անջրանցիկ թիկնոցի մեջ դրած` (բժիշկն էլ հետները) չորս կողմից բռնել, արծաթափայլ լճի ափով էին վազեցնում, որ հասցնեին սանիտարական ուղղաթիռին, Հարութը հանկարծ գլաքարերի վրայով վազող տղաների հաստ ներբանների համաչափ դոփյունը առնելու հետ միաժամանակ, վախեցած գորտի, թե սպիտակ սագի ջրերը ճողփացնելը լսելու հետ միաժամանակ, տիեզերածավալ երկնքի` կապույտ-ճերմակ ամպերով, ջրերի վրա արտացոլվելը նկատելու հետ միաժամանակ, պոմպակայանի ամբողջ ցանկապատի ալնվերջանալի երկայնքով ծաղկած դդումի դեղին ծաղիկներով խիտ ծածկված լինելը տեսնելու հետ միաժամանակ` առաջին անգամ այլմոլորակայինին տեսավ. փոխնիփոխ, վազքից ուժասպառ տղաներին էր օգնում: Կողմնորոշող, ճիշտ խորհուրդներ էր տալիս` բացված անցքից անդադար դատարկվող լյարդի գործունեությունը պահպանելու և կարճ նոպաներից զարկվող Հարութին ուշաթափությունից ետ բերելու համար:
    
     Ուղղաթիռում էլ Հարութի կողքին էր, սենյակում էլ ասաց, որ վախենալ պետք չէ, նրա հետ ոչինչ էլ չի պատահի, մինչև ծերություն կապրի:
     Բայց միաժամանակ ցանկանում էր, որ Հարութը նաև տրված հարցին կոնկրետ պատասխաներ, որովհետև ինքը դրա համար էր ժամանել:
     Ոչ թղթախաղի սեղանի շուրջ գիշեր կարճող տղաներն էին քնում, ոչ էլ բուժքույրն էր որևէ պակաս բանի պատճառով սենյակից բացակայում, կարծես, դիտավորյալ բոլորն էլ ականջներն իրենց կողմն էին պահել, սպասում էին Հարութի հրաժարվելուն:
     Հարութն ստիպված էր նրանց ներկայությամբ այլմոլորակայինին ասել, որ ոչ` չէր ցանկանա մյուս անգամ երկրագնդի բնակիչ լինել: Սկզբից մի, հետո մյուս աչքից արցունք գլորվեց: Այլմոլորակայինը մատների տաք թմբիկներով մաքրեց նրա թաց այտը:
    
     Մինչ այդ, անընդհատ մի հոգի էր, բայց գնալու պահին կարծես նրա միջից մեկն ընկավ, դարձան երկուսը: Ասաց, որ օգնականն է, որպեսզի գիշերը անցանկալի միջադեպեր չպատահեն, ապահովության համար կմնա Հարութի հետ:
     Օգնականը ծնկին դրած թղթապանակի թերթերին գրառումներ էր կատարում: Միաժամանակ շատ էին խոսում: Հարութը չէր խաղաղվում: Գիշերն անքնությունից չտանջվելու համար` օգնականը թուղթ, գրիչ տվեց, որ ում ցանկանա` նամակ գրի: Ասաց, որ դրանից հանկարծ չվախենա, շատերին է թուղթ-գրիչը հոռետեսության հասցնում, սակայն Հարութի հետ ոչինչ էլ չի պատահի, համարյա մինչև միջին տարիքը կապրի:
     Հարութը զարմացավ` ինչու՞, էն էլ համարյայով, այդ ի՞նչ տարիք է որ: Ավագ այլմոլորակայինը մինչև խոր ծերություն է խոստացել: Ասաց, որ թյուրիմացություն է, այստեղ սխալմունք կա, գուցե խոսակցություններ են եղել, որին օգնականը չի մասնակցել, այդ պատճառով էլ շփոթի մեջ է ընկած, լավ չգիտի ճշմարտությունը: Ինքը հենց հիմա կամենում է այլմոլորակայինի հետ հանդիպել:
     Օգնականը բացատրեց, որ նա արդեն ճանապարհին է, այնքան էլ ճիշտ չէ` տագնապի մեջ գցել, տեղ չհասած ետ կանչել: Հազար ու մի բան կարող է մտքով անցնել, սպասել է պետք` առավոտյան գա, Հարութն ինչքան ուզում է հարցեր կտա, կխոսի նրա հետ, կշտկեն տհաճություն պատճառող խնդիրները:
     Հարութը գիտեր` միևնույն է, գիշերը կողքից կողք տրորվելով է անցկացնելու, միայն բացվող օրվա լույսին վստահելով կարող է քնել: Օգնականի` նամակ գրելով գիշեր կարճելու առաջարկությունը վատ միտք չէր:
     Անկյունի սեղանին թղթախաղով զբաղված տղաներն ընդհատեցին պրեֆերանսը, ետ ընկան աթոռներին, ծագած վեճը լրիվ ուրիշ բանի պատճառով էր, սկզբում սպիտակ խալաթի խորը կտրվածքից նշմարվող կանգուն ստինքներով բուժքրոջ, հետո էլ ահազանգով տագնապած սենյակ հասած բժշկի հետ էին Հարութի պատճառով անընդհատ անհասկանալի լեզվով շատ բարձրաձայն վիճում:
     Հարութին խանգարում էին, որ կենտրոնանա նամակի վրա: Ցանկանում էր անվանական նկատողություն անել, զարմանալի բան էր, կորցրեց որևէ մեկի դեմքը պատկերացնելու կամ բառերով արտահայտվելու ունակությունը: Նրանց հիշելու համար ինչքան էլ դեմքերն օժտում էր իրեն հայտնի` արևահար, քամուց դաբաղված` սև նշաններով` ձգտելով այդպիսի հատկանիշներով տեղը բերել տղաներին, միևնույն է, ոչ մեկին չպատկերացրեց: Մտքում չէր կարողանում ճանաչել անգամ, ամենավերջում տեսած դեմքը, նույնիսկ` բժշկին, որ հենց նոր սենյակ էր մտել, դաստակը բռնել` անհանգստացած զարկերակն էր որոնում:
     Ոչ մեկի վրա դեմք չկար:
     Օգնականը միջամտեց, ասաց, որ Հարութը իզուր ժամանակ և ջանքեր է վատնում` շուրջը եղածներին հիշելու կամ նրանց խոսակցությունը հասկանալ փորձելու համար, ավելի խելամիտ կլիներ` քանի լույսը չի բացվել, ավարտեր նամակը:
     Հարութն առաջին տողը կարդաց, հասկացավ, որ կնոջը չէ` վարորդի աղջկան` իրենից տարիքով փոքր Նորային է գրում...
    
     Այստեղ համատարած ձյուն է: Մեր շրջանակաձև ակոսով օղակած դիրքերից և խորը ձյան միջից հղի կնոջ մերկ փորի նման դուրս է ցցվել վերցված քաղաքը:
     Այստեղ հարցերը, պատասխանները նույնն են, անգամ` դեմքերը, թռչունների չուն, բնության բոլոր անցքերով անցնող օդի հոսելը, փողոցներով քշվող ցելոֆանե սև տոպրակները, թափառող սևազգեստ որբևայրի կանայք, ամեն բան, մեկը մյուսի կրկնակն է, ողջ գրաված քաղաքը արձագանքի նման կրկընվում է ինքն իր պատկերով ևս մի քանի անգամ...
     Հետո շատ խորը ձյուն եկավ, անշշուկ լռություն է ամենուր... Օգնիր ինձ, ասա` ի՞նչ է մեր սերը. ես գիտեմ` ասես դեռ կանաչ այն ցորենի դաշտը լինի, որտեղ մի անգամ մեջքիդ տակ տափակեցրած հասկի ցողունների վրա մերկ կանգնած, խոշորացած աչքերդ լիալուսնին հառած, իմ հաջորդ տիրելուն սպասելով` շնչասպառ էիր լինում, ասես` երկնքում թռչող գորգի վրա լինեիր:
     Մենք պետք է խոսենք, որովհետև երբեմն այս գավառական քաղաքի երեք-չորս բարձրահարկերն էլ...
    
     Հարութը հանկարծ դռան սաստկացող թակոց լսեց: Անտանելի աղմուկի պատճառով դադարեցրեց գրելը: Ուզում էր հասկանալ` այդ ինչ բան էր` ո՛չ ժամանակ առ ժամանակ քաղաքի տակ արթնացող երկրաշարժը, ո՛չ էլ անձրևաջրերի հետ խոնավ լեռներից պարբերաբար գլորվող քարերն էին ունակ այդ ուժով երերացնել իր մահճակալը, կարծես` դաշտային խորդուբորդ ճանապարհով մեքենան հատակը քարերին քսելով գնար:
     Աստիճանաբար գլխի ընկավ, որ ոտքի եղունգների տակից մինչև մազերի ծայրը, ամեն մի բջջի մեջ սիրտն է այդպես կանգնում, հետո նորից մեկեն սկսում շրմփալով դմփդմփալ...
     Սակայն օգնականը, որ այդ ամբողջ ժամանակ կողքին էր նստած, Հարութին ասաց, որ նա միայնակ չէ, հուսադրեց` չվախենալ, շարունակել նամակը, նրան վերապահված է երիտասարդությունը, ոչինչ էլ չի պատահի:
     Հարութը բնական պահանջը թեթևացնելու համար միզեց բուժքրոջ վերմակի տակ մտցրած տափակ գիշերանոթի մեջ:
     Զարմացավ (): Ինչպե՞ս թե` երիտասարդությունը, անընդհատ կարճացնում է: Էլ չլռեց, խոսում էր, բուժքույրը օգնականի թիկունքից Հարութին սաստելու համար մատը շուրթերին դրեց, որ զայրույթով չխոսի:
     Հարութը ոչ մի բան չէր նկատում: Լռեց միայն, երբ սառնարանն աշխատեցնելու համար ռելեն շրխկաց: Սակայն քիչ անց, նույն տոնով, օգնականից պահանջեց, որ անմիջապես այլմոլորակայինին կանչի:
     Օգնականը բացատրեց, որ արդեն ուշ է, այդ ժամին այլմոլորակայինը չի աշխատում, այնքան էլ ճիշտ չի լինի ժամանակից դուրս նրան անհանգստացնելը: Ցավոք, վաղն էլ կիրակի է, պարզ չէ` այցելություններ կկատարի՞, թե՞ կգերադասի հանգստանալ: Եթե վերադառնա, թող Հարութը հանգամանորեն խոսի իրեն հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ, ինքը չի կարծում, թե ուշ կլինի:
     Հարութը հունից ավելի ելավ, երբ արտահայտությունը լսեց, ուրեմն նա դեռ կիրակնօրյա հանգիստն էլ պիտի վայելի, երբ իր նկատմամբ ճակատագրական անարդարություն է կատարվում և երբ որ այնտեղ` հեռավոր մոլորակի վրա էլ իր հանդեպ այդքան գութ ունեին, գնահատում և ուշադիր էին:
     Օգնականն ասաց, որ ինքը հավատում է` Հարութը բոլոր անորոշությունները վաղը կպարզի նրա հետ, խորհուրդ տվեց` նամակը շարունակել, որովհետև ուր որ է լուսանալու է, պետք չէ ասելիքը կիսատ թողնել, գրելով էլ կխաղաղեցնի զայրույթը:
     Օգնականը ոչ մեկին չխնդրեց, գնաց-եկավ, սառնարանից ջուր բերեց: Մի ձեռքով, ծորացող կաթիլները վրան բերնեբերան լցված, թաց շիշը բռնած, մյուս ձեռքով` Հարութի ծոծրակի տակից գլուխը բարձրացրած, բուժքրոջ հետ խոսելով` խմեցնում էր: Հարութը, սառցի բյուրեղները մեջը, հինգ-վեց լիտրանոց քրտնաթոր պլաստիկ շշից հո չէր խմում, հո չէր խմում, խմում-խմում էր, ջուրը չէր վերջանում:
     , - մտքում ասածը ուղեղի մեջ լսեց Հարութը:
     Մինչև նորից գրելուն անցնելը` երեքով շատ էին խոսում: Հետո շարունակեց նամակը:
    
     ...Արծաթ գիշեր... քարայծեր` ետառաջ գնալ-գալով, նրանց հարվածները... վերցված քաղաքը` ջրծաղիկի նման նրա վրա բացված բոլոր անցքերը, ձյունախառն փոթորիկը անցնում է նրանց միջով... Ձորերը` հոսող կապտավուն մշուշը, նրա մեջ դժվար է նշմարվում որևէ բան...:
    
     Ընդհատեց գրելը` կարևոր մի շունչ խուլ հեռվում էր: Ինչքան երկար էր նրա մասին Նորային գրում, այնքան ավելի անբնական էր թվում նկարագրածը...
     Հարութը չկարողացավ շարունակել` առաստաղից կախված մերկ լամպի կարմրավուն լույսը ճերմակ փայլատակումներով ծածկվեց, դիմացի պատին դդումի անհամար, պայծառ դեղին ծաղիկներ տեսավ:
     :
     Սակայն մի քանի ակնթարթ չէր անցել` դարձյալ մթնեց:
     Հարութին թվաց, որ եղանակին հետևելու համար, հավանաբար, բուժքո՞ւյրը, թե՞ տղաներից որևէ մեկը շերտավարագույրն է բացել-փակել: Եթե լուսացած չլիներ, օգնականը իրենից չէր վերցնի նամակը և հայելու դիմաց հագուստը կոկելով` չէր պատրաստվի գնալուն:
     Հարութը գիտեր, որ արդեն լուսացել է, սկսեց այլմոլորակայինին սպասել` թեկուզ կիրակի է, սակայն վստահ է` ուր որ է կգա, հանգստյան օր չի վերցնի, անհնար է, որ լքի, որովհետև հեռավոր խոշոր մոլորակի վրա հատուկ նշանակություն էին տալիս իր անձին և առանձնակի վերաբերմունք, խիղճ ունեին իր կյանքի նկատմամբ:
     Որովհետև տիեզերքի մեջ` երկինք-գետնի արանքում, նկատել էին Հարութին ընկած` ինչպես ավազահատիկի չափ փոքրիկ մի կետի, առանց օգնության չէին թողել:
     Սակայն Հարութին զարմացնում էր` սենյակի դարձյալ սաստիկ մութ լինելը, միաժամանակ, դիմացի պատի դդումի բազում թանձր դեղին ծաղիկներով ծածկված տեսնելը:
     Պահանջեց, որ բացեն պատուհանի շերտավարագույրը: Դարձյալ հրե գունդը ներս ընկավ, դեղձանիկագույն անհամար լուսեղեն պղպջակներ լողացին աչք ծակող կայծկլտոցով:
     Հարութը փայլատակող ճենապակե սպիտակ լույսի մեջ այլմոլորակայինին նկատեց. մահճակալին` ոտքերի տակ էր նստած, նա մատը տարավ շուրթերին, հասկացրեց, որ խոսել պետք չէ:
     Հարութը, միաժամանակ, զգում էր, որ նաև մութ է, որովհետև դեմքին ոտք ու թևերով մի բան դիպավ, մտածեց, որ կարող էր միայն թանձր խավարի միջով թռչող խոշոր` արագիլի չափ, գիշերաթիթեռի հպում լիներ:
     Շրջվեց դեպի պատը: Լռություն իջավ:
     Արդեն տասնհինգ րոպե էր` Հարութը լքված, կողքի վրա դարձած, ընկած էր խոշոր լեռան տակ, ոչ ոք չկար. տասնհինգ րոպեում մարմինը ցամաքել, մինչև վերջին կաթիլն արտահոսել էր, չորս կողմը լճակ էր գոյացել:
     Ամենուր լռություն էր իջել` թե՛ լեռան ստորոտին, թե՛ գագաթին, թե՛ նրանից էլ վեր. նույն լռությունն էր:
     _________________
    
    

ԱՅԳԻՆ


    
     Ելենն աշխատելու ժամանակ ցանկապատի տակ թումբ նկա­տեց։ Երկաթե ատամներով փոցխը դրեց, գնաց կողքին կանգնեց՝ թմբի բարձրությունը փորին հասավ։
    
     Նա իր դեմ՝ նորածագ պայծառ լույսի և թանձր ստվերների մեջ, ավելի ուշ տեսավ՝ արևածաղկի հատիկների մեծության, հողի երե­սին շաղ եկող, սև պեծկլտացող մեջքերով մրջյուններին, որոնք գետնի տակից զարկող ջրի նման դուրս էին թափվում Ելենը չշարժվեց, նայում էր, թե ինչպես են նրանք թմբի բարձունքից իջնելուց հետո որոշակի կարգ պաշտպանելով միավորվում՝ անանձրև կարծր հողի վրա բացած հունով հոսում այգու խորքերը։ Նա այդպես որոշ ժամա­նակ կանգնած մնաց, հետո գնաց նրանց ետևից։ Չհասած խնձորենիներիև՝ ուշադրություն դարձրեց արձագանքին, որն ուղեկցում էր իր բոլոր քայլերին դեռ այն պահից, երբ երկաթե ատամներով փոց­խը դրեց, գնաց, թմբի կողքին կանգնեց։ Ելենն առավոտյան լռության մեջ, միաժամանակ, կրծող հազարավոր մրջյուններից ելնող ձայնի արձագաևքն էր լսել։ Նա մի ծառից բռևեց, մտածեց, որ նրանք շատ են վերև-ներքևում Քաղաքապետարանի երկու աշխատակից իրենց ձեռքով երկաթե դարպասի դռան սողնակը բացելով՝ ներս էին մտել, բարևելով եկան։ Տանը, երբ Ելենը գույքահարկը վճարեց, նկատեց, որ անդորրագիրը լրացնող տղայի մի ձեռքը հաշմված է: Այնուհետև դարպասի դուռը կրկին իրենք բացել-փակելով՝ գնացին։
    
     Սաղարթախիտ ծառն ամբողջովին տերևազուրկ էր։ Ելենը տար­բեր կողմերից եկող ստորգետնյա անցուղիներ տեսավ։ Մերկ ճյու­ղերի ոստերին գնդված՝ դեղնակարմիր խեժ էր բոցկլտում: Նա նկատեց, որ մրջյունները երթուգալով, քանոնի ճշգրտությամբ ու­ղիղ, արմատից միևչև գագաթը ածելու պես կտրել եև ծառի կեղևը։ Նրանց շարասյունը բացվածքի միջով շարժվելիս կարգապահության էր ենթարկվում՝ մի եզրով կեռ ծնոտների մեջ տերևաթերթեր բռնածներն էին գալիս, մյուսով՝ բեռներն արդեն մրջնանոց հասցրածները վերադառնում։ Ելենը ծառի կողքին կանգնեց, որը՝ փորը սեղմած, չորս կողմը ձկնկիթ շաղ տված կապտավուն ձկան նման, խոտերի մեջ կիսակարմիր խնձոր էր թափել, նրանց վրա կնճիթավոր ճպուռներ, կանաչաթև ճանճեր էին շրջում։ Մտածեց, որ տարվա այդ ամսին խնձորները թթու են լինում։ «Տեսնես մրջյունների ինչին է պետք՝ ծառն այդպես դատարկելը», – մտքում ասաց Ելենը։
    
     Զարմանում էր՝ նրանք իր այգում առանց իրեն հաշվի առնելու՝ անտարբեր, արագ անցնում էին կողքով։
    
     Ելենը հանկարծ սկսեց բահով խոնավության և արմտիքի հոտ ունեցող մրջնանո­ցը քանդել։ Երբ կանգնեց, նկատեց, որ մրջյունների մնացած մասը հեռանում է այգու խորքերը՝ դեսուդեն փախչելով ներծծվում ամենուր։
    
     Բահը գցեց տանից լսվող հեռախոսազանգն ընկալելուց հետո։ Լսափողը վերցնելու պահին գլխի ընկավ, որ զանգը շատ երկար է հնչել: Հակոբի մոր հետ խոսեց։ Նա հարցնում էր՝ արդյոք Ելենն էլի լուր չունի Հակոբից։ Կամ՝ արդյոք հեռախոսով որևէ բան պարզել հնարավոր չէ։
    
     Ելենն ասաց, որ կամ զանգերն են անպատասխան մնում, կամ էլ լավագույն դեպքում, եթե այնտեղ լսափողը վերցնում էլ են` ինչ-որ բան հասկանալն անհնար է։
    
     Նա մայրուղով անցնող խոշոր բեռնատարի շարժիչի հռնդյունից սթափվեց, մտածեց, որ մի քիչ էլ նստած մնար՝ կքներ, բայց դրսում արդեն մութ էր, գլխի ընկավ, որ բազմոցին լավ էլ երկար քնած էր եղել։
    
     Ելենը հեռախոսը ծնկներին դրեց, հեռուստահաղորդում դիտելով՝ մի քանի ընկերուհիների հետ շատ խոսեց։ Վերջում նրանք Հակոբի վերաբերյալ համարյա նույն հարցերը տվեցին։ Ելենը մեխանիկորեն անգիր արած միանման նախադասություններով պատասխանեց։
    
     Նա առավոտյան այգի գնաց։ Տեսավ՝ մրջյունները դարձյալ դուրս են գալիս գետնի տակից, իրար պոչի շարվելով՝ հոծ մարմին դառնում, արևի տակ շողշողալով՝ հո­սում են դեպի ծառերը։
    
     Ելենը գազօջախին եռացող թեյնիկն արագ քայլքով տարավ՝ քլթքլթացող ամբողջ ջուրը դատարկեց մրջնանոցի անցքից ներս։ Տպավորված էր միանգամից ամենուր տի­րող լռությունից։ Նա աղմուկն ավելի ուշ՝ թեյնիկի կափարիչը խոտերի մեջ ընկնելու հետ լսեց, մտածեց, որ կարող է՝ հենց կափարիչի խոտերի մեջ գլորվելն էր։
    
     Տեսավ, թե ինչպես են մրջյունները ուրիշ անցքերից դուրս թափվում։ Սի քանիսը տեղ չհասցրած տերևաթերթերն են դեռ բռնած՝ բնազդով իրենց հետ դեսուդեն փախցնում։
    
     Ելենը դատարկ թեյնիկը գցեց՝ լցնելուց ետադարձ գոլորշին ձեռքն այրել էր։ Նա հասցրեց նկատել իր ստվերը, որը կեսով ցանկապատին էր թռել, մյուս կեսով ցատկել էր ավտոտնակի պատին։ Կրկին լսեց նույն աղմուկը, որը քիչ առաջ թեյնիկի կափարիչը խոտերի մեջ գլորվելուն էր նմանեցրել։ Այգու կեռնեխը խխունջ որոնելով՝ շրջում էր թփերի տակ։
    
     Նա ձեռքի երեսին այրվածքի համար քսուք քսեց։ Բազկաթոռի մեջ ոտքերը տակը ծալած՝ ծխախոտ ծխելով սուրճ խմեց։ «Ո՛չ կեռնեխն էր, ո՛չ էլ խոտերի մեջ գլորված թեյնիկի կափարիչը՝ պարանի վրայի լվացքին զարկող քամին է աղմկում», – գլխի ընկավ Ելենը։ Նա սպիտակ ակացիաների կողքով անցավ, մի շուրթը կոնքին դրած՝ պլաստիկե թասի մեջ հավաքեց սպիտակեղենը։
    
     Քնելուց առաջ լազերային նվագարկիչի ձայնը մինչև վերջ բարձրացրած՝ մի շատ լավ օպերա լսեց։
    
     Ելենը բազկաթոռի մեջ գիշերվա երեքին-չորսին արթնացավ, լսեց, թե ինչպես է ցեմենտի գործարանից՝ ամայի դաշտերի ու մանր բլուրների միջով երկաթգծերին զարկ­վելով, հեռանում հարյուր հազարավոր տոննանոց ծանր գնացքը, ամառային չոր հո­ղը դողէրոցքով և լուսադեմի նոսր օդն ալիքվելով արձագանքում էին նրա հռնդոցին։
    
     Անկողին տեղափոխվելու ճանապարհին խոհանոցում ջուր խմեց, այդ ընթացքում վերջնականապես արթնացավ, հասկացավ, որ ոչ թե գնացքը՝ իրականում փոթորկոտ քամին է անցնում քաղաքամերձ կարմիր լճի վրայով։
    
     Նա միջքաղաքային կոդ հավաքեց՝ Հակոբի հետ կապվելու համար, համաչափ ազդանշաններ գնացին, սակայն այնտեղ լսափողը չվերցրին։
    
     Ելենն անկողնում երկար գիտակցում էր, որ չի կարողանում քնել։ Առավոտյան, մայրուղուն զուգահեռ, ջրատարի խանդակ փորող բուլդոզերի շերեփով քարերի վրա թխկթխկացնելուց արթնացավ։ Նա ծխելով ու սուրճի բաժակը ձեռքին՝ գնաց այգի։ Մրջյունները, թելի վրա շարված ուլունքների նման, ուղղագիծ ձգվել էին ծառից մինչև թումբը։ Նրանք, ծնոտների մեջ բարձր բռնած, տերևաշերտեր էին տանում, արևի տակ փայւատակամ էին սև օբսիդիանե կողերը։ Ելենը մտքի մեջ ասաց. «Ինչի են դատարկում այգին», – զարմանում էր՝ («Ինչու՞ են եկել») ։
    
     Նա հայելու դեմ մազերը սանրելու հետ՝ մտքով կրակ անցկացրեց, միաժամանակ, հրկիզման մասին մտածեց։ Բայց լավ չէր հիշում, թե տանը բենզին ունեին, սակայն սպիտակ նավթ ունենալը՝ հաստատ գիտեր։
    
     Ելենը փողոցում առանձին-առանձին մի քանի ծանոթների հանդիպեց, զրուցեցին։ Նրանցից մեկը մինչև լուսաֆորը ուղեկցեց։ Հարցնում էր, թե հո փոստ չի գնում, որ առավոտյան ինքն արդեն եղել է։ Հայտնեց, որ իմացել է՝ գիշերը տարբեր տեղերից չորս-հինգ հեռագրեր են ստացվել՝ գուցե այնտեղից էլ լինի։ Ելենը մտածեց, որ Հակոբից հեռագիր ստանալը քիչ հավանական է, ասաց շատ ուրիշ գործեր ունի, բայց հենց հարմար պահ գտավ, փոստ էլ կմտնի։ Մինչև ավտոբուսի կանգառը ծանոթը կողքով էր քայլում։
    
     Անասնաբուժական դեղատունը թունաքիմիկատների խանութի հետ նկարչական դպրոցի կողքին՝ չորս քարերի վրա դրված «Ուրալ» մեքենայից հանված թափքում էր գտնվում: Ելենը խանութին և ծառին կից, մի քառակուսի մետրանոց, մետաղե ցանցով ցանկապատի մեջ պառկած՝ քնկոտ նոխազին նկատեց։
    
     - Սա ի՞նչ է անում այստեղ, – հետաքրքրվեց նա։
    
     Անասնաբուժական դեղատան և թունաքիմիկատների խանութի տերը պատասխանեց, որ գյուղերից բերվող այծերին հղիացնելու համար է պահվում։
    
     - Հասկանալի է, – ասաց Ելենը:
    
     - Այծերին արտասահմանյան սպերմայով արհեստական բեղմնավորելը գյուղացու վրա թանկ է նստում: Հիմա այծի պանիրն ու այծ պահելը մոդա է դարձել։
    
     Ելենը զարմանում էր, թե ինչ պարտադիր էր՝ անասնաբուժական դեղատան տիրոջ այդքան մանրամասնորեն գյուղացու դժվարությունների, այծերին թանկ կամ էժան սպերմայով բեղմնավորելու և մոդայիկ պանրի մասին իրեն պատմելը:
    
     Այդպես նրանք մի որոշ ժամանակ խոսում էին։ Նոխազը երբեմն-երբեմն աչքերն էր բացում, հոնի հատիկների նման կարմիր վառվող բիբերով չորս կողմը դիտում։ Ելենը միայն այդ ժամանակ նկատեց՝ մետաղալարե ցանկապատին կարկատանի պես կպցրած, կանաչ գուաշով գրված ստվարաթղթե ցուցանակը, որ հայտարարում էր՝ «Չմոտենալ՝ խփող է» ։
    
     Նա նախազգուշացումը կարդալուց հետո տեսավ նոխազի ոչ սովորական՝ համաչափ ետ շրջված սլացիկ պոզերը։
    
     Այնուհետև, աշխատակցուհին, որ ելենի ծանոթն Էր, գյուղատնտեսը դուրս եկավ։
    
     Հասմիկն ասաց, որ ոչ թումբ քանդելը, ոչ Էլ եռացրած ջուրն Է օգնում։
    
     Անասնաբուժական դեղատան և թունաքիմիկատների խանութի տերը գնաց ներս։ Ելենը ցանկապատի ցանցից բռնեց։
    
     Հասմիկն ասաց.– Նրանց մանրությանը նայելով՝ երբեմն մեզ թվում Է, թե բույնը մոտերքում Է։ Այնինչ՝ նրանց հասնել ոչ միշտ Է հնարավոր... Ելենը ներսից տղամարդու և կնոջ խոսակցության ձայներ լսեց, երբ կենտրոնացավ, Հասմիկը բացատրեց, որ ավագ աղջկան սակավամտության պատճառով դպրոց չի տվել՝ առավոտից իրիկուն հեռուստացույցի ալիքներն Է ետ-առաջ տալիս։ Աղջկան ամեն օր աշխատանքի բերելը խանութի տիրոջ հետ կոնֆլիկտի պատճառ Է։
    
     Այնուհետև Հասմիկն ասաց՝ իրականում նրանց բույնը գտնել գրեթե չի հաջող­վում, հատկապես, երբ այն կարող Է բետոնե կառույցի հիմքերի տակ կամ տասը մետր խորության վրա լինել, երբեմն` նույնիսկ հողաշերտեր կտրելով, գրունտային ջրերին են հասնում։ Թեյնիկով եռացրած ջուր լցնելը կամ բահով թումբ քանդելը ծի­ծաղելի Է անգամ։ Ելենը չընդհատեց։ Հասմիկը պարզաբանեց, որ նման դեպքերում միայն նրանց մի չնչին մասն Է ոչնչացվում, իսկ այդ ընթացքում, մյուս ստվար զանվածը հարյուր, հարյուր հիսուն մետր հեռու Է. «Ձեր տան կողքի մայրուղու տակով անցել՝ հարևանի այգու ունեցվածքը բերելու Է գնացել» ։ Հասմիկը բացատրեց՝ ծառից ծառ, այգուց այգի ինչ բարդ կառույցներով ստորգետնյա անցուղիներ են ձգում, որոնք կարելի Է իսկական լաբիրինթոսի հետ համեմատել։
    
     Նա ներսում խանութի տիրոջը վճարեց թունաքիմիկատների համար։ Այդ ժամանակ էլ տեսավ փոքրիկ գլխով, կոճակի պես շրջանաձև դեմքով երեխային։
    
     Ելենը դրսում կանգնած մնաց մետաղե ցանցով ցանկապատի մոտ՝ բաց դռնով նայում Էր կիսամութ դեղատան ներսը՝ այն հավանակաև տեղին, որտեղ դեռ նստած կլիներ սակավամիտ երեխան՝ բութ մատը ****ով:
    
     Նա շուկայից մի երկու կիլոգրամ լոլիկ գնեց, վաճառողուհու հետ երկար խոսեցին:
    
     Ելենը երբ աղցան Էր պատրաստում, միջանցքում հեռախոսը զնգում էր։ Նա գնում էր, որ լսափողը վերցնի, սակայն արդեն գիտեր, որ այնտեղից է։ Ելենը ճիշտ էր գուշակել՝ նրանք էլ էին հաստատում, որ այդպես է։ Ինչքան էլ նա ցանկանում էր՝ իր տված հարցերին կոնկրետ պատասխան ստանալ, իզուր էր, չնայած որ այդ ամենը Հակոբի հետ էր կապված։ Պարզապես այնտեղին հասկանալն անհնար էր։
    
     Այդ ընթացքում Հասմիկը եկավ, թակեց մետաղե դարպասները։ Ելենը դուրս եկավ, Հասմիկը ցատկեց թափքից, երկուսով բացեցին ճռնչացող դռները, նա սանձից բռնած՝ ձիուն քաշեց ներս, ֆուրգոնը մտավ, Ելենը դարպասները տեղը դրեց, գնաց ետևից։ Հասմիկը արձակել՝ տնքտնքացող ձիուն արածելու համար տանում էր այգու խորքը, դնչկալի մի կողմից թացած սանձի կաշեփոկով կապում էր ծառից։ վերադարձավ, գնաց ֆուրգոնի ետևը, կիսաշրջազգեստը հանեց։ Ելենը եկավ, արմունկով հենվեց անիվին։ Հասմիկը կռացավ՝ բանվորական տաբատը հագնելու: Ելենը նկատեց դեռահասի հետույքը։ Հասմիկը ուղղվեց, մազափունջը դեմքից ետ գցեց: Տպավորվել էր կարմիր, առաձգական վարտիքից դուրս մնացած ազդրերի փայլատակած ճերմակը։ Ելենին քսվելով աևցավ, ֆուրգոնի հակառակ կողմից անվաճաղերը ոստնելով՝ մագլցեց վեր։ Երկու հարյուրական լիտրանոց տակառների մեջ պահեց ծորակին միացրած ռետինե փողրակը։ Ելենը նստեց բետոնե ելուստին։ Հասմիկը ֆուրգոնի փայտե նստատեղի տակից ցելոֆանե տոպրակը հանեց։ Սպիտակ դեղափոշին հավասար բաժնեմասերով տակառների մեջ էր դատարկում՝ անասնաբուժական դեղերի վատ առևտրից գանգատվելով, միաժամանակ, թունաքիմիկատը լուծելու համար, հարիսա եփող խոհարարի նման՝ փայտով փայլատակող ջուրը տակառների մեջ անընդհատ կլոր Էր պտտեցնում:
    
     Ելենը հարցրեց.– Ինչի՝ են այգին դատարկում, ի՞ևչ են ուզում։
    
     Հասմիկը ութ հարյուր լիտր նեոցեդոլով թունավորած ջուրը մրջնանոցի անցքից ներս հոսեցրեց։ Անցավ մյուս մետաղե տակառի ետևը, ռետինե փողրակը կախեց մեջը, ասաց, որ նրանք Էլ կենսատարածք են ցանկանում ունենալ։ Ապրելու տեղի համար են եկել։ Նա ցամաքած փողրակի ծայրը բերանը դնելուց առաջ լավ սրբեց ափի մեջ ու մի քանի անգամ քաշեց։ Ելենն ասաց, որ զգույշ մնա։ Հասմիկը շտկվեց, մեջքով դարձավ նրա կողմը, թքեց խոտերի մեջ, հավատացրեց, որ դեռ երբեք այդպիսի բան չի պատահել, որ անգամ մի կաթիլ ջուր կուլ տա։ Պարզաբանեց, որ ռետինը տհաճ համ ունի, փողրակն Է լեղի։
    
     Այնուհետև Ելենին ասում Էր, որ մրջյունները մարդու չափ հին են, ով գիտի՝ երկրագնդի ո՞ր կետից են սկսել շարժվել, անհաշվելի դարերի ընթացքում հարյուր հազարավոր կիլոմետրեր են կտրել, ով զիտե՝ քանի օվկիանոսներ են լողացել, քանի անապատներով են անցել, քանի սերունդներ են կորցրել ճանապարհներին, որ հասնեն այստեղ։
    
     Ելենն ուզում Էր ինչ-որ բան ասել, սակայն չէր կարողանում ընդհատել՝ մեկ տակառների, մեկ էլ ֆուրգոնի ետևն էր անցնում։ Այդ ընթացքում հեռվում մի քանի անգամ ձիու փայծաղը ղռղռաց։
    
     Հասմիկը ելենին թմբի մոտ կանչեց, մրջյունը բրնձահատիկի չափ սպիտակ թրթուրը բերանին փախչում էր։ Ասաց, որ հասցրել են, եթե իրենք չմիջամտեին՝ մի քանի օրից նոր մրջյուն կծնվեր, մի ուրիշ ընտանիք կստեղծվեր, երկրորդ, երրորդ մրջնանոցները կբուսնեին այգում։ Այն ժամանակ ավելի դժվար էր լինելու առաջն առնելը։
    
     Այգու խորքից վրնջաց ձին։ Հասմիկը գնաց այնտեղ ու նրա սանձափոկի մեջ խճճված ոտքն արձակեց։ Երբ նա վերադարձավ, Ելենն արդեն հիշել էր՝ ինչ էր ուզում ասել մրջյունների մասին։
    
     - Եթե եկել են, ըստ երևույթին նրանց համար ոչ մի օրենք գոյություն չունի, – ասաց նա։ – Բայց որտե՞ղ էին նրանք, երբ իրենցից էլ առաջ այստեղ առաջացավ ջուրը և հողը։ Փոշեհատիկ էին, երբ հորիզոնում աճում էր մեծ լեռը։ Ընդհանրապես չկային, երբ կառուցվում էր իրենց առանձնատունը։ Ուր էին, երբ Հակոբի հետ մշակեցին հողը։ Աներևակայելի հեռուներում էին, երբ այգու վրայով առաջին անգամ անցան տան էլեկտրալարերը։ Որտեղ էին, երբ այստեղ սկսվեց կյանքը։
    
     Ելենն իր դիմաց մրջյուններ տեսավ, որոնք գետնի տակից բոլոր անցքերով դուրս էին նետվում։ Փախչում էին՝ սպիտակ բոժոժները բերաններն առած։ Վերջից ելնողները թրթուրներն էին փախցնում, սակայն նրանք կամ բեռի ծանրությունից, կամ թունաքիմիկատի ազդեցությունից կորցրել էին հավասարակշռությունը, հանկարծ իրենք իրենց առանցքի շուրջն էին դարձդարձիկ պտտվում։ Ելենն սկսեց նայել, թե ինչպես են մրջյուններն ընկնում, ինչպես են դուրս ելնողներն անընդհատ նվազում, հետո միանգամից դադարեց
     _________________
    
    

Դատախազի թաղումը


    

Գնացին, եկան, ասին. «Հիմա դուրս կբերեն»:

Ձմռան օր էր, բայց ձյուն չկար, տաք արև էր ու բոլոր հավաքվածները մրսում էին: Առանձին խմբով կանգնած պաշտոնյաները ասում էին, որ դատախազը լավ մարդ էր: Միջակներն էլ, գողերն էլ էին ասում:

Պաշտոնյաները միանման գլխարկներ էին դրել ու միանշանակ դժգոհում էին, որ միտինգներում արդեն բացարձակ իրենց գող են անվանում: Ասին. «Անգրագետների այդ խումբը ժողովրդին կործանում է տանում»: Բժիշկն ասաց. «Ժողովուրդը իմաստուն է»: Գլխարկներն ասին. «Ղեկավարության չեն հնազանդվում, դա իմաստություն է»: Բժիշկն ասաց. «Արթնացում է, լույս»: Գլխարկները բժշկին կծու պատասխանեցին: Մեկն ասաց. «Չեմ հասկանում, ինչո՞ւ են ուշանում, դուրս չեն բերում»: Նայեցին ժամացույցներին, ասին. «Իսկապես որ, ուշանում են»: Տաք արև էր, բայց դրսում կանգնածները մրսում էին: Գլխարկները բժշկին ասացին. «Մուսուլմանները մի գիշերում մեզ կուտեն»: «Ազգային արժանապատվությունը կորցնել պետք չէ», - ասաց բժիշկը:

Նվագախումբը հնչեցրեց փողային գործիքները, բերում էին դատախազին: Խումբ-խումբ հավաքվածները միացան, թափոր կազմեցին: Դատախազի հետևից գնում էր դատախազի սգավոր, ողբացող ընտանիքը, հետո քաղաքի երեք քարտուղարները, մնացածները` խառնիխուռն: Փողային երաժշտությունը հնչում էր, թափորը սգվոր էր, տաք արև էր, քայլողները մրսում էին: Թափորի մի ծայրը հասել էր հաջորդ փողոցի հատմանը, փողային երաժշտությունը լռեց, շենքերի բակից շուրջառով, խաչը ձեռքին դուրս եկավ քահանան, անցավ թափորագլուխ, խոնարհվեց դատախազի սգվոր ընտանիքին ու սկսեց բամբ ձայնով հոգեհանգիստ երգել: Քարտուղարները իրար ականջի խոսեցին, գլխարկներն ասին. «Էս ի՞նչ մեյմունություն է, տեղը շփոթել է մորուքավոր էծը»: Գոռացին. «Տո, քելեխ ուտող բոշա, գնա քեզ շրջապատ ճարի»: Դատախազի լացակումած կինը, թաշկինակը սեղմած քիթ ու բերնին, շուռ եկավ, ասաց. «Հանգուցյալի կամքն էր, հանգուցյալը այդպես է կամեցել, ներող եղեք»: Քարտուղարները իրար ականջի խոսեցին: Թափորը փսփսաց: Գլխարկներն ասին. «Դատախազը մեզ խաբել է, կենդանի ժամանակ կուսակցական էր, պարզվում է` մեռնելուց հետո հավատացյալ է, ո՞վ էր սպասում»: Մի քանիսը ասին. «Դրանից սպասելի էր»: Թափորը մտնում էր հաջորդ փողոցը, դատախազի փոխակերպությունից հիասթափվածները ձեռները թափ տվեցին ու անջատվեցին երթից, շարեշար կանգնած զինվորները նրանց ասին. «Իրավունք չունեք դուրս գալու, պարետային ժամ է»: «Ինչպե՞ս թէ», - զարմացան նրանք: Զինվորներն ասին. «Այդպես է հրամայված»: Սպիտակավուն ներկված ուղղաթիռները գայլաձկների նման կտրեցին երկինքը, քաղաքի բարձրահարկ շենքերի ապակիները զրնգացին-զնգզնգացին, հողն էլ դողաց, այլևս իրար լսել հնարավոր չէր: Քամին ամայի փողոցն ի վեր թերթերի կտորտանքներ, գունդուկծիկ քշեց, տարավ: Հետո նորից լսվեց քահանայի բամբ, հոգեհանգիստ երգող ձայնը, հիասթափվածները ետ եկան, երթը գնաց, շարժվեցինք առաջ: Պարզորոշ նկատում էինք, որ երեք քարտուղարները դժգոհ են: Նրանց իրար ականջի խոսացածը փոխեփոխ մեզ էլ հասավ: ՈՒզում էին սգո հանդեսից դուրս գալ ու գնալ. հանգուցյսլ դատախազի հավատուրացությունը վիրավորել էր նրանց:

Թափորի դագաղը տանող առաջամասը կանգնել էր ու աղմուկ էր: Նրանց դեմընդառաջ կանգնած զինվորները ասում էին, որ աջ կողմի փողոցը չի կարելի մտնել, անթույլատրելի է և վերջ, պիտի գնալ ձախի փողոցով: Երթը շարունակվեց զուգահեռ փողոցով: Երեք քարտուղարներ անջատվեցին թափորից, ուզում էին մոտակա շենքերի բակով դուրս գալ: Շրեշար կանգնած զինվորները ասին. «Իրավունք չունեք դուրս գալու, պարետային ժամ է»: Նրանք բացատրեցին, որ իրենք քաղաքի երեք քարտուղարներն են: Զինվորներն ասին. «Մենք ենթարկվում ենք քաղաքի պարետին»: Թափորը դարձյալ կանգնել էր ու աղմկում էր: Հողը դողաց, բարձրահարկ շենքերի ապակիները զնգացին, զրնգացին, սպիտակավուն ուղղաթիռները կտրեցին երկինքը, քամին տրորեց, փռփռացրեց շենքից շենք լվացքապարանների վրա կախված հագուստները, այլևս իրար լսել հնարավոր չէր: Հետո լսվեց քահանայի հոգեհանգիստ երգող ձայնը: Քահանան երգում էր, զինվորների թիկունքում վնգում էին տանկերի մոտորները: Քարտուղարները նրանց ասին. «Կանչեք քաղաքի պարետին», - ու իրենք միացան թափորին: Երթը շարունակվեց, հուսահատվել էինք: Քարտուղարներին շարքի մեջ մտցնելը մեզ ավելի ըմբոստացրեց հանգուցյալ դատախազի դեմ: Գլխարկներն ասին. «Այ, քեզ բան, պարզվում է` անպայման պիտի մասնակցենք թաղմանը ու շարքից դուրս չենք կարող գալ, ասում են, մահակներով ուղիղ գլխին են խփում»: Քարտուղարներին մոտեցան սպան ու մի քանի զինվորներ: Մենք դարձյալ կանգնել էինք: Սպան հարցրեց. «Էս ի՞նչ շուն է»: Ժողովուրդն ասավ. «Հանգուցյալի տանից դուրս ենք եկել, շունը, քարտուղարների պոչից կպած, գալիս է»: Ասին. «Երևի քարտուղարների շունն է»: Սպան ասավ. «Քարտուղարը շնով թաղում կգնա՞, կասկածելի շուն է, պոչը կտրած է, կտրած չէ, չես էլ հասկանում»: Առաջին, երկրորդ, երրորդ քարտուղարները ասին. «Մերը չէ»: Բոլորս միանշանակ զարմացանք. «Իրոք որ, էս ի՞նչ շուն էր»: Սպան քարտուղարներին ասաց. «Ինձ կանչել ե±ք, ես տեղամասային պարետն եմ»: Նրանք ասին. «Մենք քաղաքի պարետին ենք կանչել, մենք ուզում ենք գնալ»: «Իրավունք չունեք, պարետային ժամ է: Եվ հետո, այս տեղամասի, այս փողոցի համար ես եմ պատասխանատու»: Գլխարկների խմբից դուրս եկավ թոշակառու, երբեմնի մի կուսկոմ, սպային ասաց. «Այդ շանը ես ճանաչում եմ»: Մենք թեթևացած շունչ քաշեցինք: Սպան ասաց. «Դատախազի դեմքին վերքեր կան»: Նրան բացատրեցինք, որ դատախազին ինֆարկտը զուգարանում, կանգնած տեղն է խփել, ընկնելուց դեմքը խփել է ջրատար խողովակին: Սպան դարձյալ շանը նայեց: Թոշակառու կուսկոմն ասաց. «Մեր տան պատուհանից շատ անգամ եմ տեսել: Դատախազը, որ տասին, տասն անց կեսին գործի էր գնում, շունը նրան կրնկակոխ հետևում էր»: Սպան հայացքը շնից չէր կտրում, մենք անհանգստացած էինք, ասաց. «Աչքերը ոնց որ թռչնի կապտավուն աչքեր լինեն»: Մեզանից մեկն ասաց. «Մեր առասպելների մեջ, թեկուզ հարալեզները վերցնենք, թռչնակերպ են եղել, օդով, ցամաքով հասել են` վերակենդանացնելու կորցրածը»:

Սպան բոլորիս նայեց, բոլորիս հարցրեց` ի՞նչ:

Մեկը հայերեն ասաց. «Դուք դրան ինչ եք բացատրում` ***ի նման կոտրտվելով, մի աչքերի տակը տեսեք… Նա չի տեսել մեր երեխաներից և ոչ մեկի ծնունդը…»: Գլխարկներից մեկը ծաղրանքով, մի քիչ էլ հեգնանքով ասաց. «Ոգի է»: Մեկը գոռաց. «Ճիշտ է, ինչո՞ւ չեք զարմանում, բա մինչև հիմա ինչո՞ւ շանը չէիք նկատում: Որովհետև ուշադիր որ նայում ես, մեկ-մեկ ձուլվում է ասֆալտին»: Սպայի հրամանով զինվորները շանը դրեցին վանդակի մեջ: Գայլաձկների նման ուղղաթիռները կտրեցին երկինքը: Բարձրահասակ շենքերի ապակիները զրնգացին-զնգզնգացին, հողն էլ դողաց, այլևս իրար լսել հնարավոր չէր: Քամին կամֆորայի ու էլի ինչ-որ դեղի բուրմունքը պոկեց դագաղից ու պտտեցրեց թափորի վրա: Հետո նորից լսվեց քահանայի բամբ, հոգեհանգիստ երգող ձայնը: Դագաղը տանում էին, երեք քարտուղարները հետևում էին, զինվորները վանդակի մեջ տանում էին կապտավուն աչքերով, փոշոտ, փոքր շանը, թափորը գնում էր: Առջևից գնացողներին զինվորները ասացին. «Չի կարելի Խաղաղության փողոցով մինչև վերջ գնալ»: Մտանք Ազատության փողոցը ու շուկայի հրապարակով բարձրանում էինք դեպի գերեզմանատուն:

Վերին գյուղերից` մեկը կնոջ հետ, շուկայի առևտուրը վերջացրած, պարկը շալակին, ուզում էր զինվորների շարքն անցնել: Սպան ու զինվորները անզիջում էին: Հարցրեց. «Բա ու՞ր գնանք»: Սպան ասաց. «Չգիտեմ»: Կնոջ հետ միացան մեր թափորին: Ահագին տարածություն անցան մեր հետ, հետո գյուղացին հարցրեց. «Ու՞ր եք գնում»: Ասինք. «Քաղաքի դատախազին ենք թաղում»: Ասաց. «Չէ, երևի չգամ ձեր հետ, գնամ, երեխեքին հաց հասցնեմ»: Նրանք երթից դուրս եկան, գնացին դեպի զինվորների շարքը: Քահանան երգում էր, դատախազին տանում էին, մենք գնում էինք Ազատության փողոցով: Առջևից գնացողներին կանգնեցրին, ասացին. «Այլևս չի կարելի առաջ գնալ, ետ դարձեք, մյուս փողոցով գնացեք»: Ասինք. «Քաղաքի դատախազին պիտի թաղենք»: Ասին. «Պարետային ժամ է»: Դագաղը փոխանցեցին ետ ու ետինները դարձան առաջին, առաջինները` ետին: Խաղաղության լայնատարած, լայնահուն փողոցի գազոնի մեջ, մեծ վահանակի վրա Քաղբյուրոյի անդամների խոշորադիր լուսանկարներն էին կախված, անցանք նրանց առաջով և մտանք հարևան փողոցը: Զինվորները կանգնեցրին, ասացին. «Չի կարելի, պարետային ժամ է»: Կանգնել, մնացել էինք: Զինվորները ասում էին. «Ետ դարձեք»: Մենք վրդովված, շփոթված էինք. «Ինչպես թե, ետ դառնանք, ախր քաղաքի մեջ շրջապտույտ ենք տալիս»: Զինվորները ասացին. «Մենք չգիտենք»: Քահանան բամբ ձայնով գոռաց. «Գնացեք դեպի եկեղեցի, եկեղեցին փրկություն է, այնտեղ կթաղենք դատախազին»: Աղմուկ բարձրացավ, վիճում-դժգոհում էինք: Հողը դողաց, զնգզնգացին-զրնգացին շենքերի ապակիները, սպիտակավուն ուղղաթիռները կտրեցին երկինքը, այլևս իրար լսել հնարավոր չէր, քամու պաղ ալիքը խփեց բոլորիս… Հետո քահանան գնաց` առաջնորդ, գնացինք քահանայի հետևից: Եկեղեցի տանող փողոցը փակ էր, մեզ չէին թողնում, մեզ ասում էին. «Պարետային ժամ է»: Քարտուղարները, գլխարկները դժգոհում էին քահանայից: Նրան դեմհանդիման ասացին, որ բոլոր դարերում էլ հոգևորակնները ջուր պղտորողներ են եղել: Ասացին. «Պիտի նորից գնալ դեպի գերեզմանոց»: Զինվորները դարձյալ մեզ փողոցից փողոց էին քշում, դարձյալ անցնում էինք նույն տեղերով` Խաղաղության, Ազատության, Բարեկամության փողոցներով, Քաղբյուրոյի լուսանկարների մոտով: Հանկարծ մեկը գոռաց. «Դիմանկարներից մեկը չկա, հարկավոր է տեղամասային պարետին իմաց տալ»: Նրան չպատասխանեցինք, բայց հայացքով տեսնում էինք բացակա դիմանկարի տեղը: Ասավ. «Իսկ ինչո՞ւ չեք հավատում, դիմանկարը կարող է գողացել են»: Հոգնել էինք, դագաղը այլևս ուսած չէինք կարողանում տանել: Կափարիչը փակել էինք ու կողքանց` ձեռներիցս կախ էինք տանում: Կանգնեցինք, ասին. «Երրորդ կին քարտուղարը հոգնել է, բարձրակրունկ կոշիկները հարում էին ոտքերը»: Դատաղազի կինն ու մի քանի կանայք ևս հոգնել էին: Ասին. «Քարերը պաղ են, թող դագաղին նստեն»: Կորած դիմանկարը նկատողը ոչ մեկիս հանգիստ չէր տալիս, ասաց. «Չլինի դավադրություն է, բա էդ տարօրինակ շունը մեր հետ ի՞նչ գործ ուներ»: Նրան չպատասխանեցին: Ասավ. «Բա ինչու էր պարետը շան պոչի վրա զարմացած, այս փաստը ձեզ ոչինչ չի՞ հուշում»: Թափորին զինվորները ստիպում, շտապեցնում էին, որ քայլեն: Ասում, բացատրում էին, որ այդքան շատ մարդկանց մի տեղում կուտակվել չի թույլատրվում: Թափորը չէր առաջանում, դեմընդառաջ կանգնած զինվորներն առանց թմբկահարի չէին թույլատրում շարժվել: Փողային գործիքների թմբկահարը նստել էր ու չէր բարձրանում: Ասում էր, որ հոգնել է, էլ չի կարող քարշ տալ թմբուկը: Նրան հորդորում, համոզում էինք, որ բարձրանա, գնանք, կօգնենք: Ասինք. «Թե չէ բոլորիս կպահեն»: Ասաց. «Չէ, սա իմ պատն է, միակը ամբողջ քաղաքում, որ դիմացավ, կանգուն է մնացել, ես այս պատից չեմ հեռանա: Դուք շան աչքերին լավ նայեցի՞ք: Ես լավ եմ ճանաչում դատախազի հայացքը: Տեսա՞ք, թե ինչպես է նա մեզ ներկայացել»: Դատախազի` սև, նոսր բեղերով կինն էլ լացակումած հաստատեց: Ասաց. «Ես շուտ էի նկատել, բայց դա ասելու բան էր, որ ասեի»: Թմբկահարն ասաց. «Ես վերջնականապես հասկացա, ինչքան էլ քայլենք, ուր էլ գնանք, տեղ չենք հասնի: Շրջապտույտ է, կրկին գալու ենք միևնույն տեղը»: Թերահավատները ծաղրում էին, որովհետև փողոցի մեջտեղում նա հենվել էր ինչ-որ երևակայական պատի: Թմբկահարն ասաց. «Այս ամենի պատճառն այն է, որ մեր միջից հեռացել է հավատի կապտավուն աչքերով թռչունը»: Ծիծաղողները ծիծաղեցին: Մի քանի ուժեղ տղաներ մեզ հետ գալ չցանկացող թմբկահարին թևերի վրա վերցրին, ու դուրս եկանք երթի: Թմբակահարը գոռում, աղաղակում էր մեզ լքած թռչնի մասին: ՈՒժեղ տղաները նրան ցած չէին դնում: Նրան տանում էինք մեր հետ: Փողոցն ի վար ծորում, հոսում էր թաց մարդաբոյ մառախուղը, դագաղը տանողներն այլևս չէին երևում, հետո մեզ ու զինվորներին էլ ծածկեց: Ետիններս դագաղը տանողներից չէինք ուզում ետ մնալ, բայց նրանց չէինք տեսնում, մեզանից մի քանի քայլ առաջ գնացողների թիկունքները ուղենիշ վերցրած` գնում էինք նրանց կրնկակաոխ: Դժգոհում, զարմանում էինք մառախուղի վրահասությունից, չնայած բոլորս էլ գիտեինք, որ տարվա այդ եղանակին քաղաքի փողոցները միշտ էլ լցվում են սարերից իջած մառախուղով: Մենք գնում էինք ու ոչ մի արգելքի չէինք հանդիպում, ոչ էլ թափորին էինք գտնում: Մեր խումբը զգում էր, որ մոլորվել է, բայց ազատությունը մեզ հրապուրել էր ու գնում էինք` առջևինների թիկունքները ուղենիշ վերցրած: Սկզբում լռությունից վախեցանք, հետո թե` այսպես ո՞ւր կհասնենք, չնայած բոլորս էլ մեր քաղաքին լավ էինք ծանոթ: Հեռվից մետաղի ձայն լսվեց, զինվորները գոտիներից կախ սաղավարտներին էին հարվածում: Ասին. «Մեզ են կանչում»: Որոշեցինք չգնալ: Մեկն ասաց. «Իսկ այսպես ո՞ւր ենք գնալու, լավ է գնանք նրանց միանանք: Դուք թմբկահարին հավատո՞ւմ եք»: Հետո նա կծկվեց ու հետ տվեց: Նրան չէինք ցավակցում, բայց գիտեինք, որ մեր մեջի վախկոտը նա է: Վախկոտը թաշկինակով քիթ ու բերանը, աչքերի արցունքները մաքրեց, ասաց. «Ինձ չեք լսում, բայց լավ իմացեք, ահավոր սխալ եք թույլ տալիս, թմբկահարները, որպես կանոն, միշտ էլ հավասարակշռությունը կորցրած մարդիկ են լինում»: Մենք առաջանում էինք ու նրան չէինք հավատում, նա փսխել էր ու մենք հաստատապես գիտեինք, որ դա վախից էր: Բայց քանի գնում էինք, սաղավարտների թակոցները սատկանում էին, ու դարձյալ միացանք թափորին:

Սգո հանդեսի մասնակիցները հոգնել էին, շուտ-շուտ սպիտակավուն թաշկինակներով ճակատների քրտինքն էին սրբում, ու նրանց շնչառությունը ընդհատ-ընդհատ էր: Նյարդայնացած գլխարկները ասացին. «Մենք պիտի գնանք, գործ ունենք, կալանակյացներ խոմ չե՞նք…»: Ապակիները զրնգացին-զնգզնգացին, հողն էլ դողաց, այլևս իրար լսել հնարավոր չէր, քամին ասֆալտի պաղ փոշին դեմքեդեմք, աչքեաչք լցրեց… Գլխարկները շփոթված ետ եկան, մտան թափորի մեջ, ասին. «Պրծում չկա»: Թերթի լուսանկարիչը կքակզեց, նստեց ասֆալտին, գոռաց. «Էլ չեմ կարող, ականջներս, ուղեղս պայթում են, կտրեք դրանց ձայնը, ուղղաթիռներին ասեք` էլ չանցնեն, խնդրեք սպային…»: Տեղից ցատկեց, թռավ դեպի շենքերի բակը, բախվեց զինվորների շարքին, ընկավ, բարձրացավ, զինվորներին գոռաց. «Սպային ասեք, ես իր մերը…, ասեք ուղղաթիռները էլ բաց չթողնի, ասեք մի անգամ էլ անցնեն, ես կպայթեմ…»: Քարտուղարները նրան կարգի հրավիրեցին: Լռության մեջ բժիշկը հայտարարության պես բոլորիս ասաց. «Ինչո՞ւ եք բոլորդ անպայման ուզում սովորական ճանապարհով գնալ գերեզմանոց, հարկավոր է շրջանցել զինվորներին: Տեսնո՞ւմ եք այն փողոցը, որ Մասիսներն են երևում, հարկավոր է գնալ դեպի Մասիսները»: Ետ էինք դարձել, առաջինները դարձել էին վերջին, վերջինները` առաջին: Անցանք Խաղաղության, Ազատության փողոցներով, Քաղբյուրոյի մեծադիր լուսանկարների կողքով, անցանք շուկայի հրապարակով: Դարձյալ հանդիպեցինք պարկը շալակին կնոջ հետ գյուղացուն, որ ցանկանում էր զինվորների շարքը անցնել: Նրան ասում էին, որ պարետային ժամ է, իրավունք չունի: Նա կնոջ հետ միացավ մեր թափորին: Ահագին տարածություն եկավ մեր հետ, հետո հարցրեց. «Ո՞ւր եք գնում»: Ասինք. «Քաղաքի դատախազին, Մասիսները երևացող փողոցով, տանում ենք թաղելու»: Ասաց. «Չէ, երևի չգամ ձեր հետ, գնամ, երեխեքին հաց տանեմ»: Կնոջ հետ դուրս եկան, գնացին դեպի զինվորների շարքը: Բոլորս հոգնել էինք, դագաղը տանողներն ամեն առիթով դնում էին ցած ու վրան նստում, պատճառաբանելով, որ երրորդի կոշիկները հարում են կրունկները: Չնայած բոլորս էլ գիտեինք, որ իսկական պատճառը երրորդի ցցված փորն է: Երրորդը ակնառու հղի էր: Բժիշկը հորդորում էր, որ գնանք: Հոգնածները քայլեցին, մենք բոլորս գնում էինք, հետո զինվորները կանգնեցին մեր դեմ, նրանց թիկունքում տանկերի մոտորներն էին վնգում, ասին. «Ետ դարձեք, իրավունք չունեք այդ ուղղությամբ գնալու, պարետային ժամ է»: Դագաղը փոխեփոխ փոխանցեցին: Ետիններս դարձանք առաջին, առաջինները` ետին: Գլխարկները բժշկին ասին. «Քեզ շատ ես երևակայում, բոլ է խաբեք ժողովրդին»: Գոռացին. «Գնացեք դեպի գերեզմանոց սովորական ճանապարհով, այլ ճանապարհ չկա: Գերեզմանի ճանապարհը մեկն է, վերջապես դուք բոլորդ ե՞րբ պիտի հասկանաք»: Հնչեց փողային երաժշտություն, սպիտակավուն ներկված, գայլաձկան նման ուղղաթիռները կտրեցին երկինքը, քաղաքի բարձրահարկ շենքերի ապակիները զրնգացին-զնգզնգացին, հողն էլ դողաց, այլևս իրար լսել հնարավոր չէր, հետո վերահաս լռության մեջ թռչնի թևաբախություն լսվեց, մենք թռչնին չէինք տեսնում, նա հեռվում, ինչ-որ տեղ էր, բայց թևաբախության ձայնից զգում էինք, որ նրա հսկայածավալ թևերը ոչ թե օդն էին կտրում, այլ բախվում էին վանդակի ճաղերին:
     _____________________________
    
    

Նարինջը


    

Մենք կրակի մոտ էինք նստել, մարդիկ ու առնետներ էին գնում գալիս: Մարդիկ ցեխոտ, պատառոտված հագուստներով էին, սավանների ու կարպետների մեջ փաթաթած մեռելներ էին տանում: Մենք` Սարգիսը, տղայի հայրն ու ես, արդեն երեք օր է` փոխնեփոխ, լինգով երկաթբետոնե սալերին էինք խփում, և սպասում մեզ օգնության դուրս եկած վերամբարձիչներին: Արդեն երրորդ օրն էր` աքլորն ու տղան անընդմեջ բղավում էին, որ իրենց սալերի տակից հանենք:

Կրակի կարմիր բոցը լուսավորում էր հեռվում ընկած կոշիկը, որը թավալվում` դիրքը փոխում էր մեր գնալգալուց: Մենք, փոխնեփոխ հանգստանալով, լինգով, ոտքով, խփում, թփթփացնում էինք սալերին` համոզելու համար տղային, որ մեզ ամբողջ քաղաքն է օգնության հասել, մի քիչ էլ դիմանա: Տղան մեզ չէր հավատում, տղան հորը գոռաց. «Բա ինչո՞ւ իմ վրայի ծանրությունը չի թեթևանում, քանի գնում` շունչս կտրվում է»: Կրակի բոցի կարմիրը վրան կոշիկը դարձյալ դիրքը փոխել, բարձրացել էր ամանեղենի վրա` մտել շերեփի մեջ: Հայրն ասաց. «Դիմանալ է պետք, շնչահեղձությունը գլխիցդ հանիր, դու երկաթի նման առողջություն ունես, պարզապես դա անհամբերությունից է»: Տղան երկար չխոսեց, Սարգիսը, ավերակների վրա ընկնել ելնելով, հասավ հորը: Բոցի կարմիր գույնր վրան կոշիկը դարձյալ դիրքը փոխել, կանգնել էր ուղիղ իմ դիմաց, երեքօրյա անընդմեջ աշխատանքից ու անքնությունից ողնաշարիս մեջ շամփրում էր ցավը: Սարգիսն ու հայրը գոռացին. «Խոսիր, ինչո՞ւ չես խոսում»: Հայրը ձեռքի լինգը գցեց, շտապով նորից վերցրեց, ասաց. «Խոսիր, տղա, ինչո՞ւ ես լռում»: Տղան գոռաց. «Մթից վախենում եմ, ինչ-որ բան է շարժվում, վրաս հող է թափվում»: Մենք արդեն երեքով էինք ավերակների վրա, ուրախացել էինք, ասինք»: Խոսել է պետք, մեզ հետ խոսիր, ինչ­որ մեկն այդտեղ ինչ գործ ունի»: Հարակից եկեղեցու փլատակների տակից աքլորը կրկին կանչեց: Տղան ասաց. «Քաղաքը չկա… ձեզ ո՞վ է օգնելու: Զգում եմ` նա այստեղ է, նայում է աչքերիս, պտտվում է շուրջս»: «Դու հիմար ես, – ասաց հայրը, – ինչպես թե չկա քաղաքը, այդ ինչեր ես մտցրել գլուխդ, չե՞ս լսում, որ մեր շենքի բոլոր բնակիչները աշխատում են»: Մենք լինգով ու երկաթե ձողերով խփում ու աղմկում էինք: «Եվ ով պիտի պտտվի քո շուրջը, մութ է, ու քո երևակայությունը որևէ բան է ստեղծում: Դու գիտե՞ս, որ հիմա մեր քաղաքը դրախտավայր է, չգիտես: Աստվածներն ու հրեշտակները իջել են երկրի վրա` պարում, թռչկոտում են: Մարդկանց այլևս տներ պետք չեն, մենք ապրելու ենք երկնքում ու երկրի վրա, մեր շուրջը բազմագույն շատրվաններ են գցում: Ափսոս, որ այդ օրը դպրոց չէիր գնացել, մնացել էիր տանը: Հրեշտակները քեզ համար շատ են ցավում: Եվ ամենահաճելին, գիտե՞ս, մարդկանց թիկունքին սկսել են թևեր աճել: Քեզ դիմանալ է պետք, ուժերդ հավաքիր ու դիմացիր, այդտեղից որ դուրս եկար, ամեն ինչ ինքդ քո աչքով կտեսնես…»:

Ուրվագծերի ու մթան միջից դուրս եկած մարդը մոտեցավ կրակին, ասաց. «Հետաքրքիր բան եք մտածել, նվագել, էն էլ էս օրերին, ո՞ւմ մտքով կանցներ: Արդեն երրորդ օրն է, չէ, վախենամ` ուսուցչի տղան էլ չդիմանա, էս շենքից պրծնող եղե՞լ է: Ասում են` դագաղներ են բերել, գնամ…»: Հետո ետ եկավ, շշուկով ասաց. «Ինչ-որ բանից պիտի սկսել ապրելը, չգիտե՞ք, գեղեցկուհի Մարիամի դիակը գտե՞լ են»: Ասաց. «Լավ կլինի` ձյունը չկտրվի, ասում են` երկրաշարժից հետո համաճարակ է սկսվում, գնամ տեսնեմ` բերածները ինչ չափերի են»: Ասինք. «Մարիամին գտել են եկեղեցու փլատակներից` աքլորի ձայնը չի կտրվում»: Ասաց. «Հաստատ լսե՞լ եք: Թե չէ էս օրերին ամեն մարդու ներսից մի որևէ կանչ կլսվի»: Ասաց. «Դե, որ վստահ եք, թող կանչի, կանչի կենա, երևի մատաղացու էր, զոհ…»: Նա գնաց, ձյան թացությունը ուսերին, կիլոմետրերով ձգվող խավարի մեջ ու բոցի կարմիր գույնը վրան կոշիկը եկավ փալասների մեջ, բարձրացավ կրծկալի վրա, ու ես նրան չտեսնելու էի տալիս: Հայրը տղային գոռաց. «Չէ, դու մի ասա, լսո՞ւմ ես նվագի ձայնը, պարզապես ուզում եմ իմանալ, լսո՞ւմ ես, թե՞ ոչ»: Սարգիսն ավերակների մեջ շուռ եկած կիսաքանդ դաշնամուրն էր եռանդով տնկտնկացնում: Ասաց. «Լսում եմ, բա ինչո՞ւ հրեշտակները միայն նվագում են ու ձեզ չեն օգնում, շունչս արդեն կտրվում է»: Հայրն ասաց. «Նրանց թաթիկները նուրբ են, թևերը նոր են աճել, կվնասվեն»: Ասաց. «Ձեր չորորդ «Բ» դասարանը երկնքում է, մի տեսնես` ոնց են երամներով թռչկոտում»: Կարմիրը վրան պտտվող կոշիկը դարձյալ դիրքը փոխել էր, մտել կողին ընկած մանկական սայլակի մեջ, մենք դեմ հանդիման էինք, ու ողնաշարիս ցավը շամփրում էր մինչև ծոծրակս: Տղան ասաց. «Հայրիկ, առնետը ծոծրակիս է նայում…»: «Սուտ է, տղա, դու մթան մեջ այդպիսի բան չես կարող տեսնել, պարզապես շփոթում ես, քո կողքին նստածը փոքրիկ հրեշտակ է: Նա իմացել է, որ դու այտեղ միայնակ ես ու վախկոտի մեկն ես, նստել է ու աչքերիդ է նայում, որ չվախենաս…»:

Ավերակների, կիսաքանդ շենքերի, մթան ու պաղ դեղնավուն ցեխերի միջից կարմրած, բորբոքված աչքերով տղամարդիկ ու պատանիներ էին գալիս կրակի մոտ, մեզանից իմանալու` հարևան ավերակներից հանե՞լ են գեղեցկուհի Մարիամի դիակը: Հետո նրանցից այն մեկը, որ շրջված` սրթսրթալով միզում էր մթան մեջ, հարցրեց. «Էսքան ժամանակ այստեղ եք նստած, նրա օծանելիքի բուրմունքը չե՞ք առել…»: Կոշիկը դարձյալ դիրքը փոխել, մտել էր ֆիրմայի փայլփլուն պիտակը դեռ վրան գիշերանոցի մեջ, ես ուզում էի բարձրանալ ու գցել կրակը: Սարգիսն ասաց. «Գործ չունես, նա մեզ բոլորովին էլ չի խանգարում…»: Ասի. «Նրա ներկայությամբ առարկաները չեմ ճանաչում…»: Հարակից փլվածքների տակից լսվում էր աքլորի խուլ կանչը: Տղան գոռաց. «Նարինջ եմ գտել: Սալերի արան-քից թափվող հողի հետ նարինջ ընկավ, բուրում է, հայրիկ»: Մենք ուրախացել էինք, հայրն ասաց. «Տեսար, որ ասում էի կողքիդ նստածը հրեշտակ է: Այդ նա քեզ համար բերեց: Չէ՞ որ դու ասում էիր, որ անչափ ծարավ ես: Հիմա լսիր, տղա, ատամով մի փոքր ծակիր ու հյութը խմիր, հարկավոր է քիչ-քիչ, որ հետո մի քանի օր էլ ունենաս… չդնես, լսո՞ւմ ես, միշտ պահիր ափիդ մեջ: Միամիտ տղա, դու չգիտես` հրեշտակը քեզ համար ինչ նվեր է բերել»:

Կրակի բոցի կարմիրը վրան կոշիկը դարձյալ դիրքափոխվեց, գնաց ճղված բարձերից թափված փետուրների վրա, հետո թավալգլոր հասավ գրքերին և ուղիղ ներբանով կանգնեց հակաբեղմնավորման ապահովիչների ցրիվ տարածքի վրա ու երեսով ուղիղ մեր դիմաց: Ես չէի ուզում նրան նայել, Սարգիսն ասաց. «Հոգնել ես, նրա հետ գործ չունես, փորձիր աչքերդ մի քիչ փակել»: Փակ կոպերիս տակ զգում էի, որ նա հիմա շարժվում է մեկ ուրիշ տեղ, տեղիցս ցատկեցի, Սարգիսն ասաց. «Այդպիսի բան չանես, այնպիսի հոտ կարձակի, որ հետո էլ դրանից պրծում չենք ունենա»:

Տղան ասաց. «Ոտքերս սառել են, չեն շարժվում, հոգնել եմ, քնել եմ ուզում…»: Ասինք` չքնես: Հայրն ասաց. «Քնելը սխալ է, պիտի փորձես շարժվել, փորձիր մեջքիդ շրջվել: Պիտի փորձես մատներով մի քիչ փորել ու շրջվել, դա այնքան էլ դժվար չէ»: Ասաց. «Որ դուրս գաս, քեզ էլ թևեր կաճեն ու ձեր դասարանի տղաների նման կթռչես երկնքում: Հիշո՞ւմ ես, ուզում էիր եկեղեցու զանգակատան վրայով թռչել…»: Ասաց. «Ես երբեք էլ չեմ ուզեցել զանգակատան վրայով թռչել: Ինձ հանեք, շունչս կտրվում է, հանեք ինձ..» ¦: Հայրն ասաց. «Զանգակատան չէ, բայց դու հո լավ հիշում ես, որ ուզում էիր մեր ձորի ու կորնգանի դաշտերի վրայով թռչել»: Տղան ասաց. «Ես խեղդվում եմ, մայրիկին կանչեք, հանեք ինձ»: Մենք ամբողջ թափով խփում էինք լինգը սալերին: Ձեռներիս բշտիկները պայթել էին, ու լինգը այրում էր, լաթերով փաթաթեցինք ու էլի ու էլի խփում էինք պատերին, քարերին, աքլորը կանչում էր փլատակների տակից: Հայրն ասաց. «Լսո՞ւմ ես գործիքների ձայնը, ամբողջ քաղաքն է աշխատում… Մայրիկն ու քույրիկն էլ թևեր ունեն, թռչում են, ուր որ է կգան: Մի քիչ էլ համբերիր ու կպրծնես, շատ քիչ է մնացել»: Տղան ասաց. «Ես փորձեցի հրեշտակին, նա իմ նարինջը ամբողջովին կերավ: Լսում էի, թե ինչպես էր քստքստացնում: Նա փոքրիկ հրեշտակ չէ, նրանից բորբոսի հոտ է գալիս…»: Հայրը ծխախոտ վառեց. «Իզուր, տղա, – ասաց, – դու պիտի չփորձեիր»: «Նրանք շատ են», – ասաց տղան, – բոլոր անցքերից հոսելով գալիս են, նստել ու նայում են աչքերիս»: Հայրն ասաց. «Դու կամքից ուժեղ ես, դու դիմացիր, հիշո՞ւմ ես` գարնան մի տոթ օր մուտքում հանդիպել էիր գեղեցկուհի Մարիամին ու շրջազգեստն էիր բարձրացրել: Դու խիզախ ես, ամբողջ քաղաքում դա միայն քեզ է հաջողվել` տեսնել գեղեցկուհի Մարիամի սպիտակ հետույքը: Դրա համար քեզ գոտիով պատժեցի ու չէիր լացում: Հիմա քեզ ի՞նչ է պատահել: Ասենք` առնետ է, թող առնետ լինի: Դու նրանց հաղթիր, նրանք սպասում են, դու էլ սպասիր… հասկանո՞ւմ ես, շատ կարևոր է` նրանք չզգան, որ դու հոգնել ես: Նրանք քո ապրելու ցանկությունից կվախենան, երկար չեն սպասի, նրանք էլ հոգնել գիտեն… Առնետն ի՞նչ է, որ չես կարողանում խաբել: Հողը որ պաղավ, կթողնեն, կգնան… Համ էլ ո՞վ է քո գլուխը մտցրել, թե առնետները մահացածների աչքերին են մոտենում… Ինչո՞ւ չես մտածում, որ նրանք էլ միայնակ են, վախեցած` եկել են քեզ մոտ… թե չէ վախկոտի տրամաբանությամբ ինչեր ասես, որ չի կարելի հնարել… Փորձիր շարժել ձեռներդ, ոտներդ, մարմինդ, թեկուզ շատ քիչ, թող տեսնեն, որ քո մեջ ուժ կա, դրանից հետո կմիզեն ու կթողնեն, կգնան: Ես գիտեմ` այդպես է առնետի սովորությունը…»:

Տղան չէր խոսում: Լինգով խփում, թփթփացնում, դաշնամուրն էինք տնկտնկացնում, նա այլևս չէր խոսում, մենք երկար սպասեցինք, հայրը լինգը գցեց, ասաց. «Գնամ օղի բերեմ»: Ասինք. «Խանութներին չմոտենաս, զինվորները հսկում են` կկրակեն»: Ասաց. «Ոչինչ»: Չէի կարողանում քունս զսպել, հետո թևաբախության ձայն լսվեց, փլատակների տակից դուրս էր եկել վառ, կարմիր կատարով աքլորը ու թռչում էր մեր ու քաղաքի վրայով, նա հեռանում էր մեզանից…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9443 | 0 | 0
Facebook