Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բջջայինով դիմորդներին քննությունից կհեռացնեն

18:23, շաբաթ, 26 մայիսի, 2012 թ.
Բջջայինով դիմորդներին քննությունից կհեռացնեն

Հունիսի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորված 40 քննակենտրոններում կմեկնարկեն պետական ավարտական եւ միասնական քննությունները, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 16845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում ձեւավորված 8 քննակենտրոններում՝ հայտագրված 1260 դիմորդ:

Կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանի փոխանցմամբ, քննակենտրոնները «զինվելու» են ինչպես ամեն տարի: «Յուրաքանչյուր քննակենտրոնի յուրաքանչյուր քննասենյակում տեղադրված կլինեն տեսախցիկներ, որոնք քննասենյակներից մոնիտորներին կփոխանցեն այն պատկերը, որը տիրում է քննասենյակներում, եւ որոնց միջոցով ծնողները, դիտորդները եւ ցանկացած ոք կկարողանան հետեւել քննության ողջ ընթացքին: Բացի այն, որ քննասենյակում տիրող իրավիճակը տեսախցիկների միջոցով կփոխանցվի մոնիտորին՝ այդ կերպ ուղիղ կապ ստեղծելով քննասենյակի ու ծնողի միջեւ, նաեւ կտեսագրվի քննության ամբողջ ընթացքը, որպեսզի հետագայում, եթե խնդիրներ առաջանան կամ հարցեր լինեն, տեսագրության միջոցով կարողանան վեր հանել այն պատկերը, որը առկա է եղել քննասենյակում»:

Հարցին, թե քննակենտրոններում տեղադրվելու են խլացուցիչներ, թե` ոչ, Գ. Մանուկյանը պատասխանել է. «Երբ խլացուցիչների հետ կապված հարցադրում է լինում, միշտ փորձում եմ շրջանցել այդ թեման, քանի որ ներքին անհամաձայնություն ունեմ այդ իրողության հետ. շատ կնախընտեինք, որպեսզի երեւէ անհրաժեշտություն չզգացվեր դիմելու այդ սարքի «ծառայություններին», լիահույս եմ, որ մոր ապագայում փոխադարձ վստահությունն այն աստիճան բարձր կլինի մեր հասարակությունում, որ խլացուցիչները կբացակայնեն քննակենտորններից: Չէի ցանկանա, որ նոր կյանք մտնող մեր երկրի թեկուզ եւ մեկ քաղաքացի իր առաջին կյանքի քննությունը փորձի հանձնել շրջանցելով օրենքը, կարգը, կյանքի առաջին պատասխանատու քննությունը փորձի հանձնել ոչ թե ապավինելով սեփական ուժերին, կարողություններին, գիտելիքներին, այլ ապավինի խաբեությանը: Դիմորդը եւ նրան քննակենտրոն ուղեկցող ծնողը շատ լավ գիտեն, որ արգելվում է քննության ներկայանալ բջջային հեռախոսով, սակայն քննություն հանձնողների գրեթե կեսից ավելին քննասենյակ են մտնում բջջային հեռախոսներով, փորձում են թաքցնել դրանք՝ հույս ունենալով այն որպես «հուշարար» օգտագործել: Այդ իսկ պատճառով քննության կազմակերպիչները դիմում են այդ ծայրահեղ քայլին՝ քննակենտրոններում տեղադրելով խլացուցիչներ: Քանի որ խոսք գնաց այդ մասին շեշտեմ, որ եթե դիմորդի մոտ հայտնաբերվի հեռախոս նրան անմիջապես կհեռացնեն քննությունից: Այս օրերին ԳԹԿ վերապատրաստումների բաժինը դասընթացներ է կազմակերպում քննական գործընթացում ներգրավված անձանց հետ (նրանք ոչ միայն ԳԹԿ աշխատակիցներ են, այլ ուսուցիչներ, ՀԿ ներկայացուցիչներ) եւ նրանց հստակ հրահանգվել է. դիմորդի մոտ հեռախոսի առկայության դեպքում նրան անմիջապես հեռացնել քննությունից:

Գայանե Մանուկյանի ներկայցմամբ, Երեւանում դիմորդներների թիվը 5981 է (2010թ.՝ 6161 է եղել)։ Երեւանում կձեւավորվի 14 քննական կենտրոն։

Արագածոտնի մարզից 727 դիմորդ կա (2010թ.՝ 730). այս մարզում կձեւավորվի 2 քննակենտրոն։

Արարատի մարզում դիմում-հայտ է ներկայացրել 1238 դիմորդ (2010թ.՝ 1119). այստեղ կձեւավորվի 3 քննական կենտրոն։

Արմավիրում 1267 դիմորդ է հայտ ներկայացրել (2010թ.՝1330). կձեւավորվի 3 քննակենտրոն։

Գեղարքունիքում դիմում-հայտ է ներկայացրել 1216 դիմորդ (2010թ.՝ 1248). կձեւավորվի 3 քննակենտրոն։

Լոռու մարզից 1437 դիմորդ կա. (2010թ.՝ 1430). կձեւավորվի 3 քննակենտրոն։

Կոտայքի մարզում 1310 դիմորդ է հայտ ներկայացրել (2010թ.՝ 1293). 3 քննակենտրոն կձեւավորվի այստեղ։

Շիրակ մարզում դիմորդների թիվը 1540 է (2010թ 1522). կձեւավորվի 3 քննակենտրոն։

Սյունիքի մարզում քննության դիմում-հայտ է ներկայացրել 937 դիմորդ (2010թ՝ 838). Այս մարզում ձեւավորվի 3 քննակենտրոն՝ 2-ը Գորիսում, 1-ը՝ Կապանում։

Վայոց ձորից քննություն կհանձնի 408 դիմորդ (2010թ.՝ 381). 1 քննակենտրոն կձեւավորվի։

Տավուշի մարզում 784 դիմորդ է դիմում-հայտ ներկայացրել (2010թ.՝ 728). այստեղ կձեւավորվի 2 քննակենտրոն։

Դիմորդների թվի կտրուկ աճ է արձանագրվել Արցախի Հանրապետությունում։ Այստեղ 2010թ.-ին դիմորդների թիվը եղել է 876, իսկ այս տարի դիմում-հայտ է ներկայացրել 1260 դիմորդ։ Արցախի հանրապետությունում կձեւավորվի 8 քննական կենտրոն։

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
     http://www.aravot.am/2012/05/25/74329/
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6650 | 0 | 0
Facebook