Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ տարիները իմաստավորում են ապրած կյանքը

16:13, կիրակի, 13 հունվարի, 2013 թ.
Երբ տարիները իմաստավորում են ապրած կյանքը

Հարություն Նիկոլի Ստեփանյանը ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 5-ին Օշական գյուղում:Տեղի 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Օշականի գյուղատնտեսական տեխնիկումում, սակայն այն հետագայում փակվում է:Երևանում ավարտել է Այգեպտղաբանջարագինեգործական տեխնիկումը, հետո ընդունվել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտ, սակայն հենց առաջին կուրսում հասկացել է, որ այս ամենն իրենը չէ:Ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ուր նա ուսանել է Հր. Աճառյանին, Գ. Ղափանցյանին, Ա. Տերտերյանին, Մ. Մկրյանին:Նրա համակուսեցիներն են եղել Ս. Կապուտիկյանը, Հովհ. Շիրազը, Հր. Ջինանյանը, Խ. Գյուլնազարյանը:Համալսարանն ավարտելուց հետո նա նշանակվում է Դավիթաշենի, այնուհետև Ներքին Չարբախի, ապա Նուբարաշենի դպրոցների տնօրեն:1945 թվականին նա նշանակվում է հայրենի Օշականի դպրոցի տնօրեն, ուր դժվարալուծելի էր պարտադիր ուսուցումից դուրս մնացած 70 աշակերտների հարցը:
     Երիտասարդ Հարությունը փորձում է դպրոցին վերադարձնել Մաշտոցի անվանումը:Նա հիշում է, որ երբ առաջարկել է այդ հարցը, իր մոտ է եկել մի երիտասարդ կոմունիստ և բղավել նրա վրա, որ դա հակակոմունիստական քայլ է, սակայն նա իրեն հատուկ վարպետությամբ կյանքի է կոչել իր երազանքը:Նրա շնորհիվ այսօր Օշականի միջնակարգ դպրոցը կրում է հայ գրերի արարիչ Մաշտոցի անունը:
     Հարություն Ստեփանյանը գրել է մի շարք բանաստեղծություններ, պոեմներ:Վերջերս լույս ընծայվեց նրա բանաստեղծությունների ժողովածուն, այն կոչվում է "Օշականում սերը չի ծերանում...":

Հարություն Ստեփանյանը 2012 թվականի հոկտեմբերի 15-ին ոլորեց իր 100 ամյակը, որը Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում նշվեց մեծ շուքով:
    
     Օշական
     ("Օշականում սերը չի ծերանում" ժողովածուից)
    
    

Դո′ւ, Օշական, անուշ անուն,
     Դարերից ես դու մեզ նայում,
     Նվիրական քո սուրբ հողում
     Մաշտոցին ես սիրով պահում:
    
     Քո հանճարի անմար լույսը
     Դարձավ ազգիս միակ հույսը,
     Նա մաքառեց, վեր խոյացավ,
     Գոյատևման ուժը դարձավ:
    
     Քո տաք գրկում վեր խոյացավ
     Շքեղ տունը մեր դպրության,
     Այն կդառնա ջահը հույսի`
     Աշխարհասփյուռ ողջ հայության:

    
Լույս խորանիդ մարմար քարը
     Դարձել է մեր հոգում լարը,
     Եվ հնչում է բյուր սրտերից
     Քո հին ու նոր խոսքն ու բառը:
    
     Եռագույնիդ փառքի ճամփով
     Պանդուխտ որդիդ իր տուն կգա,
     Քո դարավոր երազներին
     Ու իղձերին նոր շունչ կտա:
    
     Աղջիկներիդ վարդ շուրթերից
     Սիրակարոտ երգն է հնչում,
     Կարոտակեզ որդիներիդ
     Նա հարազատ տուն է կանչում:
    
     Ի′մ Օշական, միշտ հյուրընկալ
     Դու սրտաբաց գինի ու հաց,
     Երանելի դու սւորբ տաճար,
     Քո գրկի մեջ լույս ու հանճար:
    
     Իմ Օշական, իմ այգեստան,
     Ամատունյաց կանաչ ոստան,
     Հինավուրց հող, կանչող փարոս,
     Դու հին ու նոր իմ Հայաստան:
    
     Հինավուրց հող, իմ այգեստան,
     Ամատունյաց կանաչ ոստան,
     Քո գրկի մեջ` սուրբ տաճարում
     Հայոց գրի փառքն ես պահում:


    
    

"Օշականում սերը չի ծերանում..."
"Օշականում սերը չի ծերանում..."
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5312 | 5 | 0
Facebook