Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չբռնե՞նք ու իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկենք

Lawyer
Հեղինակ`
Lawyer
19:20, շաբաթ, 12 հունվարի, 2013 թ.
Չբռնե՞նք ու իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկենք

Ֆիզիկական անձանցից բացի այլ սուբյեկտների քրեական պատասխանատվության ենթարկելու միտքը մարդկության մոտ ծագել է շատ վաղուց: Հին Հունաստանում, օրինակ, դատարանները քննում էին գործեր տարբեր առարկաներից առաջացած մահվան դեպքերի վերաբերյալ: Այդպիսի առարկաների թվում էին ընկնող քարերը, փայտե տախտակները և այլն: Դատարանի կողմից որոշումն ընդունվելուց հետո այդ առարկաները դեն էին նետվում պոլիսի տարածքից դուրս: Անգլիայում ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսերը գործում էր դրույթ, համաձայն որի այն իրը, որը մահ էր պատճառել, բռնագանձվում էր հօգուտ միապետի: Եվրոպական ֆեոդալական իրավունքը նախատեսում էր քրեական պատասխանատվության սուբյեկտների գրեթե անսահմանափակ շրջանակ, որն իր մեջ ընդգրկում էր անգամ կենդանիներին և անշունչ առարկաները: Այդ իսկ պատճառով իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը գործնականում որևէ խնդիր չէր առաջացնում: Նոր ժամանակներում ռոմանա-գերմանական իրավական համակարգի երկրներում հստակ ամրագրվեց ֆրանսիական բուրժուական հեղափոխության արդյունքում հռչակված անձնական պատասխանատվության սկզբունքը` չնայած Ֆրանսիան մասամբ պահպանեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը: Դրան հակառակ ընդհանուր իրավական համակարգի երկրներում հարցի վերաբերյալ նախնական բացասական վերաբերմունքը կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց աստիճանաբար փոխվեց: Անգլիայում կորպորացիաների քրեական պատասխանատվությունը տարածվեց 19-րդ դարում, իսկ ԱՄՆ-ում 1909 թվականից սկսած, երբ Գերագույն դատարանը իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը ճանաչեց սահմանադրական: Այսպիսով իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը մինչև վերջերս բնութագրական էր առավելապես անգլո-սաքսոնական իրավական համակարգի երկրներին: Այնուամենայնիվ ավելի ու ավելի շատ երկրներ են վերջին տարիներին իրենց օրենսդրության մեջ ամրագրում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը: Չնայած դրան հարցը վիճահարույց է և գործնականում խնդիրների տեղիք է տալիս:

Կորպորատիվ քրեական պատասխանատվությունը ավելի հաճախ է ստանում միջազգային հանրության հավանությունը: Մասնավորապես 1978 թվականին Եվրամիության երկրներում հանցավորության խնդիրներով եվրոպական հանձնաժողովը խրախուսեց եվրոպական երկրների օրենսդիրներին ճանաչել իրավաբանական անձանց որպես քրեական պատասխանատվության սուբյեկտ բնապահպանական հանցագործությունների համար:

ՌԴ-ում հարցը ներկայումս բուռն քննարկումների տեղիք է տալիս: Ներկա պահին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը ամրագրված է Ավստրալիայի, Անգլիայի, Բելգիայի, Դանիայի, Իսրայելի, Կանադայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, ԱՄՆի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի և այլ երկրների օրենսդրության մեջ:

Քննարկվելիք հարցի վիճահարույց կողմը հիմնականում կապված է իրավաբանական անձի արաքի սուբյեկտիվ կողմի հետ: Ինչպես գիտենք հանցագործության պարտադիր տարրերից մեկը մեղքն է, որի տակ ՀՀ Քրեական օրենսդրությունը հասկանում է սուբյեկտի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ: Մինչդեռ իրավաբանական անձը հանդիսանալով զուտ իրավական ֆիկցիա բնական է, որ զուրկ է հոգեկան աշխարհից, և հետևաբար իրավաբանական անձանց նկատմամբ մեղքի գործածությունը հնարավոր չէ: Այդ պատճառով այն երկրներում, որտեղ օրենքը թույլատրում է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը, ընդունված է համարել, որ վեջիններիս մեղքն արտացոլվում է դրանց ղեկավարների կամ ներկայացուցիչների մեղավոր վարքում: Անգլիայում այս դրույթը ստացել է «իդենտիֆիկացիայի սկզբունք» անվանումը: Բացի այս իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը ֆիզիկական անձանց հանցավոր գործողությունների հետևանքով ծագում է այն ժամանակ, երբ այդ գործողությունները ուղղված են եղել ի շահ իրավաբանական անձի կամ ի կատարումն դրա գործառույթների: Այս դրույթը գրեթե նույնությամբ ամրագրված է Ֆրանսիայի քրեական օրենսգրքում. «Իրավաբանական անձինք ենթակա են քրեական պատասխանատվության իրենց մարմինների կամ ներկայացուցիչների` իրենց օգտին կատարված հանցավոր գործողությունների համար»: Այնուամենայնիվ իրավաբանական անձի և նրա ղեկավարների/ներկայացուցիչների միջև կայուն կապը բացակայում է, և իրավաբանական անձինք ենթակա են քրեական պատասխանատվության անկախ ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելու հանգամանքից: Այսպես համաձայն Նիդերլանդների քրեական օրենսգրքի եթե քրեական իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձի կողմից, ապա հարուցված քրեական գործի շրջանակներում քրեական պատժատեսակների կիրառումը հնարավոր է իրավաբանական անձի կամ նրանց նկատմամբ, ովքեր քրեական իրավախախտում կատարելու ցուցում են տվել, կամ էլ միաժամանակ երկուսի նկատմամբ: Երկրներ Էլ կան, որոնք գնացել են միջանկյալ ուղով և ընտրել իրավաբանական անձանց այսպես կոչված քվազիքրեական պատասխանատվությունը: Սրա էությունը կայանում է նրանում, որ իրավաբանական անձինք հանցագործության սուբյեկտ որպես այդպիսին չեն ճանաչվում, սակայն նրանց նկատմամբ կիրառվում են քրեաիրավական որոշ պատժատեսակներ /Ավստրիա, Իսպանիա, Լատվիա, Մեքսիկա, Ալբանիա/, ինչը, սակայն, իմ կարծիքով խնդրի զուտ ձևական լուծում է: Տարբեր են մոտեցումները նաև իրավաբանական անձանց տեսակների հարցում, որոնք ենթակա են քրեական պատասխանատվության: Այսպես Ֆրանսիայի, Բելգիայի, Դանիայի, Իսլանդիայի օրենսդրությամբ այդ շրջանակը ոչ միայն չի սահմանափակվում առևտրային կազմակերպություններով, այլև իր մեջ ընդգրկում է հանրային իրավունքի իրավաբանական անձանց` այդ թվում իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին: Բացառություն է կազմում միայն պետությունը:

Դրան հակառակ ԿԴՀ-ի, Նորվեգիայի, Լիտվայի քրեական օրենսդրությունը իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը թույլատրում է միայն առևտրային կազմակերպությունների և մասնավոր իրավունքի մի քանի այլ տեսակի իրավաբանական անձանց շրջանակներում: Պատժատեսակների հարցում ևս մոտեցումը միատեսակ չէ: Ելնելով իրավաբանական անձանց բնույթից դրանց նկատմամբ կիրառելի չեն հիմնական քրեական պատժատեսակները /ազատազրկում, ուղղիչ աշխատանքներ/: Իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող հիմնական պատժատեսակը տուգանքն է, սակայն գոյություն ունեն նաև այլ` իմ կարծիքով առավել արդյունավետ պատժատեսակներ`հատուկ բռնագրավում/ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա/, գործունեության սահմանափակում/Ֆրանսիա, Իսպանիա, Բելգիա, Լիտվա/, գործունեության ժամանակավոր դադար/Իսպանիա/, իրավաբանական անձի լուծարում/Բելգիա, Ֆրանսիա/ և այլն:

Փորձենք ընդհանրացնել վերը շարադրվածը և գալ եզրահանգման: Նախ հաշվի առնելով իրավաբանական անձանց միջոցով կամ ի շահ նրանց կատարվող հանցագործությունների /բնապահպանական հանցագործություններ, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության ֆինանսավորում, փողերի լվացում/ թվի անընդհատ աճը պետք է համաձայնվել, որ համակարգը նորմալ չի գործում և չի իրականացնում իր առջև դրված խնդիրները, ուստի ժամանակն է փոփոխությունների: Ճիշտ է, հարցը վիճահարույց է և ոչ կատարյալ, բայց պետք է նկատի ունենալ, որ իրավաբանությունը ճշգրիտ գիտություն չէ, և վերջինիս խորթ չեն նորամուծությունները: Չնայած ավանդապաշտ քրեագետները գտնում են, որ իրավաբանական անձանց կարելի է պատասխանատվության ենթարկել վարչական և քաղաքացիական իրավունքի շրջանակներում, այս տեսակետը, սակայն, այնքան էլ համոզիչ չի թվում, քանզի անընդունելի է քրեական իրավունքի առարկա հանդիսացող հասարակական հարաբերությունները պաշտպանել վարչական կամ քաղաքացիաիրավական նորմերով, որոնք ամբողջությամբ չեն արտացոլում իրավաբանական անձանց կատարած հանցագործությունների հանրային վտանգավորությունը: Ինչ վերաբերում է քրեագետների այն կարծիքին, որ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը հակասում է քրեական իրավունքի անկյունաքարային անձնական պատասխանատվության սկզբունքին, ապա պետք է հասկանալ, որ այն ոչ միայն չի բացառում վերոնշյալ սկզբունքը, այլև գալիս է փոխլրացնելու դրան: Պարզապես իրավաբանական անձանց ճանաչումը որպես քրեական իրավունքի սուբյեկտ ենթադրում է քրեական օրենսդրության արմատական փոփոխություններ. իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը կամ պետք է կարգավորվի առանձին օրենքներով, կամ էլ քրեական օրենսգրքի և ընդհանուր, և հատուկ մասերում պետք է նախատեսվեն առանձին գլուխներ: Անհրաժեշտ է հաշվի առնել մի կարևոր հանգամնաք ևս. մենք կարող ենք հազար գործադիր տնօրենի ենթարկել քրեական պատասխանատվության, ասենք, ահաբեկչության ֆինանսավորման, փողերի լվացման կամ ջրերն աղտոտելու համար, սակայն պետք է հասկանալ, որ դրանով վիճակը չի փոխվի. կազմակերպությունը, ի շահ որի գործել է տնօրենը, մի նոր տնօրեն կգտնի և կշարունակի իր հանցավոր գործունեությունը: Սա մի շրջան է, որից դուրս պրծնելու մեկ ելք կա միայն. իրավաբանական անձանց հարկավոր է ճանաչել հանցագործության սուբյեկտ` մեղքի հարցում առաջնորդվելով Անգլիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի փորձով, սահմանել միջազգային պրակտիկայում իրենց արդարացրած պատժատեսակներ. սա է հանցավորության դեմ պայքարի արդյունավետ ուղին, ճշմարիտ միջոցը կանխելու և հատուցելու հասարակությանը հասցված, հասցվող և հասցվելիք ահռելի վնասները…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6225 | 0 | 0
Facebook