Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թափոնների կառավարման լիցենզավորման հիմնախնդիրները Հայաստանում

Lawyer
Հեղինակ`
Lawyer
02:39, երկուշաբթի, 07 հունվարի, 2013 թ.
Թափոնների կառավարման լիցենզավորման հիմնախնդիրները Հայաստանում

Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար գրեթե ոչ պիտանի նյութերն են (որոշ թափոններ պիտանի են երկրորդական օգտագործման համար): Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադրական) թափոնները մթերքի կամ արտադրանքի մնացորդներն են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Արդյունաբերական թափոններ են նաև արդյունահանվող օգտակար հանածոների դատարկ ապարները, ինչպես նաև անտառահատման մնացորդները: Հայաստանի Հանրապետությունը ներկայումս վավերացրել է մի շարք միջազգային ակտեր, դրանց հիման վրա ընդունվել են բազմաթիվ օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, որոնք տալիս են թափոնների, վտանգավոր թափոնների հասկացությունը, սահմանում դրանց վնասազերծման, պահման, վերամշակման, փոխադրման, թաղման, տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը: «Լիցենզավորման մասին» մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելը ենթակա է լիցենզավորման, որն Օրենքի համաձայն իրականացնում է ՀՀ կառավարությունը բարդ ընթացակարգով` փորձաքննական եզրակացության հիման վրա:
     Սակայն ՀՀ օրենսդրությունը չի անդրադարձել թափոնների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների, թափոնների հետ կապված գործունեության իրականացմանը ներկայացվող անվտանգության և սանիտարահիգիենիկ պահանջների հարցերին, և դրանք չի համարել լիցենզիա տրամադրելու համար անհրաժեշտ նախապայման: Եվ չնայած ամրագրված է, որ լիցենզավորված անձինք իրավունք ունեն լիցենզիայով նախատեսված գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում, պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները, այնուամենայնիվ դա չարաշահումների տեղիք կարող է տալ, քանզի համապատասխան նորմերն ու կանոները չարաշահելու դեպքում անձը կարող է պարզապես ենթարկվել վարչական պատասխանատվության ու շարունակել շրջակա միջավայրի համար վտանգավոր իր գործունեությունը:

Բացի այդ ճիշտ կլիներ կառավարության որոշմամբ նախատեսել թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանության, փոխադրման և տեղադրման լիցենզիացի տրամադրումը մերժելու կոնկրետ հիմքեր:
     Սակայն միայն լիցենզիա տրամադրելը բավարար չէ, քանի որ լիցեզիան պետք է դիտարկել ոչ միայն որպես թափոնների օգտագործման թույլտվություն, այլ նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման երաշխիք: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լիցենզիան տրամադրելուց հետո պետական նորմավորում իրականացնել թափոնների գործածության ոլորտում:
     Առաջարկում ենք նաև սահմանել հսկողության այսպես կոչված հասարակական եղանակ: Գործունեության նկատմամբ հասարակական հսկողությունը օրենքով ամրագրված գործունեություն է, որն իրականացվում է շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ՀԿ-ների և այլ ոչ առևտրային միավորումների և քաղաքացիների կողմից: Այն ենթադրում է էկոլոգիական ինսպեկտորների ինստիտուտ, որոնք օժտված են լայն իրավունքներով գործունեության նկատմամբ հսկողության ոլորտում:
     Առաջընթաց քայլ կարելի է համարել ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից արտադրության և սպառման թափոնների տեղադրման և վնասազերծման անվտանգ պայմանների ուղեցույցի մշակումը, որն արդեն իսկ արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը: Վերը նշված վերլուծություններից կարելի է հանգել այն եզրակացության, որ չնայած մեր օրենսդրի ջանքերին վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման ոլորտը ամբողջությամբ իրավական կարգավորման չի ենթարկվել, կան շատ բացեր: Մասնավորապես անհրաժեշտ է սահմանել ավելի խիստ պահանջներ լիցենզիա տրամադրելու համար, նախատեսել մեխանիզմներ, որպեսզի լիցենզիան լինի ոչ միայն զուտ թափոնների օգտագործման թույլտվություն, այլև շրջակա միջավայրի և մարդկանց անվտանգության ապահովման երաշխիք:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6558 | 0 | 0
Facebook