Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ջեկ Լոնդոն, Ոսկե կիրճը/թարգմ.Հ.Զարյան/

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
18:28, երկուշաբթի, 18 օգոստոսի, 2014 թ.

Դա կիրճի կանաչ սիրտն էր։ Լեռների անառիկ խմբի նոսրանալուց մեղմացել էր պատկերի խստությունը և կազմվել աչքից հեռու մի փոքրիկ անկյուն, որը ծայրից ծայր շնչում էր մեղմությամբ, քաղցրությամբ ու լռությամբ։ Այստեղ ամեն ինչ խաղաղ էր։ Նույնիսկ փոքրիկ առվակը կարծես ուզում էր զսպել իր անխոնջ վազքը և ավելի մեղմիկ կարկաչել։ Մինչև ծնկները առվում թաղված կարմիր եղջերուն ճյուղավոր կոտոշները դեմ էր արել ջրին և աչքերը կիսախուփ ննջում էր։

Թարմ, սառը կանաչով ծածկված մարգագետինը առվակի ափից ձգվում էր մինչև գորշ ժայռերի տակ։ Առվակի մյուս ափը թեքությամբ բարձրանում էր վեր ու դեմ առնում ժայռոտ պատին։ Այդ թեքությունը նույնպես ծածկված էր փարթամ խոտով, որի վրա ամենուրեք խայտաբղետում էին նարնջագույն, մուգ կարմիր, ոսկեգույն ծաղկե գորգերը։ Հոսանքով դեպի ներքև կիրճը խորանում էր ժայռերի մեջ, ու նրանից այն կողմ էլ ոչինչ չէր երևում։ Ժայռերը թեքվել էին իրար վրա և կիրճը վերջանում էր վայրի խաղողի, լիանաների ու խիտ թփերի կանաչ շերտով ծածկված մամռապատ քարաբեկորների քաոսում։ Կիրճից այն կողմ վեր էին ձգվում սարերը, բլրաշարքերը, տարածվում էին եղևնիներով ծածկված նրանց լայնարձակ ստորոտները։ Իսկ հորիզոնում, որտեղ Սիերրայի հավերժական ձյունը վեհորեն փայլում էր արևի տակ, երկնքում վազող ամպերի նման վեր էին խոյացել ձյունաճերմակ գագաթները։

Փոշու հատիկ անգամ չկար այդ կիրճում։ Ծաղիկներն ու թփերը կուսական էին, մաքուր։ Մատղաշ խոտը փայլում էր ինչպես թավիշ։ Առվակի ափին բուսած վիրջինյան երեք բարդիների ճյուղերից պոկվում էր ձյունաճերմակ, բամբականման աղվամազը և անշարժ օդում հանդարտ ճախրելով իջնում ցած։ Վայրի խաղողով ծածկված սարալանջի վրա, մանսանետի՝ փորձից իմաստնացած տերևները, գալիք ամռան երաշտը նախազգալով, արդեն ոլորվել էին զսպանակաձև ու գարնան բույրը դեռ տարածում էին իրենց շուրջը։ Բաց մարգագետիններում, որտեղ նույնիսկ մանսանետի երկար ստվերը չէր հասնում, ճոճվում էին շուշանները՝ մարջանաթև թիթեռնիկների նման, որ կարծես կանգ են առել հանկարծակի, բայց պատրաստ են ամեն րոպե թափահարել դողահար թևերն ու նորից թռչել։ Այս ու այնտեղ անտառի խեղկատակ գետնամորին, որ դեռևս չէր հասցրել բաց֊կանաչ ցողունը տորոնի֊կարմիր գույնի փոխել, շնչում էր ծանր ողկույզներում հավաքված իր բոլոր մոմե զանգիկների բույրը։ Այդ զանգիկները դեղնասպիտակ էին, ինչպես հովտաշուշանը և քաղցրաբույր, ինչպես գարունն ինքը։

Նույնիսկ թեթև զեփյուռ չկար կիրճում։ Շրջապատի բուրմունքը նիրհուն էր, թնդահամ։ Եթե օդը ծանր ու խոնավ լիներ, այդ թնդահամությունը քաղցր֊մեցր կթվար։ Բայց այնքան թափանցիկ էր և այնքան չոր, որ կարծես արևի ճառագայթներով ջերմացած աստղերի սառը փայլն ու ծաղիկների անուշ բուրմունքը իրար էին խառնվել և հալվել օդի մեջ։

Միայնակ մի թիթեռնիկ երբեմն ճախրում էր, պտտվում, թռչկոտելով լույսից֊ստվեր։ Ամենուրեք լսվում էր լեռնային մեղուների թանձր, քնաբեր բզզոցը. և այդ բարեհոգի փափկամոլները նույնիսկ կերուխումի իրարանցման մեջ աշխատում էին կոպիտ չվարվել։ Կիրճի խորքում հանդարտ խոխոջող առվակն էր միայն, որ երբեմն խանգարում էր անդորրը հազիվ լսելի իր ճողփյունով։ Առվակի խոխոջը նման էր քնկոտ շշուկի. մեկ խլանում էր խորասուզվելով քնի մեջ, մեկ արթնանալով՝ կրկին քչքչում։

Այստեղ ամեն ինչ եթերային էր թվում։ Արևի ճառագայթներն ու թիթեռնիկները ճախրում էին ծառերի շուրջը. ճախրում էին և ձայները՝ մեղուների բզզոցն ու առվակի խոխոջը։ Եվ այդ գույների ու ձայների ճախրումը միախառնվելով, դառնում էր ինչ֊որ երերուն, անշոշափելի մի բան... Կիրճի ոգին էր դա։ Անշարժության ոգին։ Անշարժության, բայց ո՛չ մահի, այլ կյանքի համաչափ զարկերակի հարվածների ոգին։ Լռության, բայց ո՛չ կատարյալ խաղաղության, շարժման, բայց ո՛չ գործողության. խաղաղ դադարի ոգին էր այդ՝ լցված կյանքի ուժով, բայց հեռու՝ կատաղի պայքարից և դաժան աշխատանքից։ Կիրճի ոգին, դա խաղաղության, լռության ոգին էր, որ քնկոտ հոսում էր ինքնագոհության և հանգստության մեջ, ու ոչ մի հեռավոր ռազմի կանչ չէր վրդովում նրա անդորրը։

Կարմիր ծանրակոտոշ եղջերուն, մինչև ծնկները սառնորակ, ստվերաշատ առվակի մեջ թաղված, ենթարկվելով կիրճի անհաղթահարելի ուժին, նիրհում էր։ Նույնիսկ ճանճերը չէին խանգարում նրան, և նա կանգնել էր երանությունից թմրած։ Երբեմն֊երբեմն նրա ականջները շարժվում էին, որսալով կենդանացող առվակի շշուկը, բայց նրանք շարժվում էին ծուլորեն. եղջերուն գիտեր, որ այդ ընդամենն առվակն էր արթնանում և փնթփնթում ինքն իր վրա, թե ինչու է քնով ընկել։

Բայց ահա եղջերուի ականջները լարի պես ձգվեցին՝ ուշադիր ու ագահորեն որսալով ձայները։ Նրա նուրբ ռունգերը դողացին, գլուխը թեքելով, եղջերուն նայեց կիրճի խորքը։ Նա հայացքով չէր կարող թափանցել կանաչ պատի այն կողմը, բայց ականջին մարդու ձայն հասավ՝ հավասար, միապաղաղ։ Հետո եղջերուն որսաց մի ուրիշ կտրուկ ձայն. կարծես մետաղով հարվածեցին քարին։ Նա փնչացրեց ու նետվելով առաջ, մի ոստյունով ցատկեց մարգագետնի վրա, ուր նրա կճղակներն անմիջապես խրվեցին մատղաշ կանաչի թավիշում։ Նա ձգվեց, նորից հոտոտեց օդը։ Հետո անլսելի առաջ գնաց, երբեմն֊երբեմն կանգ առնելով և ականջ դնելով, մինչև որ անձայն տեսիլքի նման անհետացավ կիրճի խորքում։

Լսվեց մեխած կոշիկների դոփյուն, և մարդու ձայնը հնչեց ավելի բարձր. մարդն ինչ֊որ սաղմոսանման բան էր երգում։ Ձայնը մոտենում էր, երգը լսվում էր ավելի պարզ, և արդեն կարելի էր ջոկել բառերը.

Շո՜ւրջդ նայիր. բարեբերՔանի՜ լեռ է ձգվում վեր։Չարից հեռու կլինես, Մեղքիդ բեռը թե գցեսՃամփիդ կողքի փոսը խո՜ր։Միևնույն է.Աստծո հյո՜ւրն ես դու մի օր։

Երգին ձայնակցում էին ճռթճռթոցն ու խշխշոցը, և կիրճի ոգին, ծանրակոտոշ եղջերուի հետքերով չքվեց հեռու։ Մարդը մի կողմ տարավ կանաչ վարագույրը, նայեց առվակին, մարգագետնին, զառիթափ սարալանջին։ Նա, ինչպես երևում է, շտապողներից չէր։ Սկզբում զննեց իրեն երևացող ընդհանուր պատկերը, հետո ուշադրությունը կենտրոնացրեց մանրուքներին, կարծես առաջին տպավորությունն ստուգելու համար։ Եվ դրանից հետո միայն՝ հանդիսավոր ու պերճախոս կերպով արտահայտեց իր հիացմունքը։

— Հրա՜շք դժոխային։ Այ քեզ դրա՜խտ։ Նայիր ու հիացի՛ր։ Եվ անտառ, և ջո՛ւր, և խո՛տ։ Իսկական դրա՜խտ։ Ոսկի որոնողի տեղ է, որ կա։ Թարմ խոտը դեղ է հոգնած աչքերին։ Միայն թե անգործների հանգստյան տուն չէ սա։ Այս խորհրդավոր մարգագետինը՝ գործնական, աշխատասեր էշերի համար է, սատանան տանի։

Նրա հողագույն դեմքն արտահայտում էր աշխուժություն և կենսուրախ չարաճճիություն։ Յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր թաքնված զգացմունք երևում էր այդ շարժուն դեմքի վրա։ Մտքերը պարզ խաղում էին նա դեմքին, ինչպես ծածանքը լճի հարթության վրա։ Նոսր և չսանրված մազերը երեսի նման կեղտամոխրագույն էին։ Նրան հասանելիք գույների բոլոր երանգները բնությունը կարծես տվել էր կապո՜ւյտ֊կապույտ աչքերին։ Դրանք չտեսնված կապույտ էին, ուրախ, ծիծաղկոտ միամտություն և ինչ֊որ մանկական զարմանք կար այդ աչքերում։ Բայց այս բոլորի հետ մեկտեղ նրա աչքերն արտահայտում էին նաև ինքնավստահություն և ամուր կամք, որ առաջացել էր ինքնուսուցման և կյանքի մեծ փորձում։

Մարդը, դուրս գալով վայրի խաղողի և լիանաների թփերի միջից, իր քլունգը, բահը, ոսկի լվանալու թասը գցեց կանաչի վրա։ Նա հագին ուներ լայն, արևից խունացած կապույտ անդրավարտիք ու սև սատինե բլուզ, ոտքերին՝ կոպիտ մեխերով երկարաճիտ կոշիկներ։ Լայնեզր գլխարկի կեղտոտ ու անձև տեսքն արդեն ասում էր այն մասին, որ մարդը դաժան կռիվ է մղել անձրևի, քամու, արևի և խարույկների ծխի հետ։ Մարդն աչքերը չորս արած զմայլվում էր իր առջև բացվող խորհրդավոր, սքանչելի պատկերով և ագահորեն, ողջ կրծքով ներս էր ծծում կիրճ֊պարտեզի քաղցր, տաք շունչը։ Նրա ծիծաղկոտ աչքերը կկոցվեցին, վերածվելով երկու կապույտ ճեղքերի, դեմքի վրա ուրախ կնճիռներ խաղացին։ Հետո նա լայն ժպտաց և ուժգին բացականչեց.

— Ոստոստուն բոժոժիկնե՜ր, ուրախ խտուտիկնե՜ր։ Այ քեզ բուրմո՜ւնք։ Օծանելիքի գործարանը ի՞նչ է սրա դիմաց։ Չէ, այնտեղ այսպիսի բուրմունքներ չկան։

Ըստ երևույթին նա հակում ուներ դեպի մենախոսությունները։ Յուրաքանչյուր միտքն ու զգացմունքը արտահայտվում էր շարժուն, չարաճճի դեմքի վրա, իսկ լեզուն, աշխատելով ետ չմնալ, բարձրաձայն էր դուրս տալիս բոլոր մտքերը։

Մարդն առվակի ափին կռացավ և սկսեց ագահորեն ջուր խմել։

— Ինչ ջուր է՜, — բացականչեց նա։ Հետո բարձրացրեց գլուխը, ու բերանը սրբելով, զննեց առվակի մյուս ափի բլուրը։ Այդ բլուրը գրավեց նրա ուշադրությունը։ Դեռ փորի վրա պառկած, նա երկար զննում էր բլրալանջը։ Դա փորձված մարդու հայացք էր, որ լանջով վեր սահեց, դեմ առավ կիրճի ատամնավոր պատին և նորից ցած իջավ առվակի վրա։ Հետո մարդը ոտքի ելավ, երկրորդ անգամ դիտեց բլուրը։

— Կարծես թե լավ է, — եզրակացրեց նա, գետնից հավաքելով քլունգը, բահն ու թասը։

Ոտքերը հեշտությամբ, քարից քար փոխելով, նա վարար տեղից քիչ ցած, անցավ առվի մյուս ափը։ Հենց ափի մոտի թեքությունից էլ մի լրիվ բահ հող վերցրեց ու լցրեց թասի մեջ։ Հետո պպզեց, ձեռքերում պահած թասը ընկղմեց առվի մեջ և ճարպիկ ոլորուն թափահարումներով սկսեց լվանալ թասի միջի հողը։ Ավելի թեթև կտորները բարձրանում էին ջրի երեսը, և նա, թասը զգուշորեն թեքելով, դրանք թափում էր դուրս։ Երբեմն, գործն արագացնելու համար, նա թասը դնում էր գետնին, ձեռքերով ջոկում միջի խոշոր գետաքարն ու խիճը։

Թասն արագորեն դատարկվում էր։ Վերջապես հատակին մնաց միայն մանրախիճի փոքրիկ հատիկներ և հողի բարակ շերտ։ Հիմա մարդն ավելի դանդաղ և ուշադիր էր լվանում, որովհետև պահանջվում էր ավելի մանրազնին ու խնամքով աշխատանք։ Մարդն ավելի զգուշորեն ու փորձառու հայացքով էր զննում թասի հատակի նստվածքը։ Վերջապես, բացի ջրից, աչքի համար անտեսանելի ոչինչ չմնաց։ Մարդն արագ, ոլորապտույտ շարժումով դուրս թափեց ջուրը, և հատակին երևաց ավազի մի սև շերտ, որը վրձնախազի պես բարակ էր։ Մարդը երկար նայում էր։ Վրձնախազի կենտրոնում կայծկլտաց ոսկու մի փոքրիկ հատիկ։ Մարդը թասի մեջ մի քիչ ջուր լցրեց և թափահարելով այն, նորից սկսեց լվանալ ավազը։ Դարձյալ մի ոսկի հատիկ կայծկլտաց ի հատուցումն նրա չարչարանքի։

Դրանից հետո մարդը ոսկու ավազը լվանում էր սովորականից շատ ավելի մեծ ջանասիրությամբ։ Նա սև ավազը փոքրիկ բաժիններով թասի ծռված մասից դուրս թափելիս, ամեն անգամ ուշադիր հետևում էր, որ ոչ մի, թեկուզ ամենափոքրիկ ոսկե հատիկ աչքից չվրիպի։ Կրքոտությամբ հետևելով յուրաքանչյուր ոսկե կայծին, աշխատում էր այնպես անել, որ ջրի հետ միայն ավազը թափվի առվի մեջ։ Շուտով՝ գնդասեղի ծայրից ոչ մեծ, մի նոր ոսկե փայլք երևաց թասի պռունկին, և նա անմիջապես հրեց այն դեպի կենտրոնը։ Նորից մի փայլք հայտնաբերվեց այդ եղանակով. հետո երրո՛րդը, չորրո՛րդը։ Ինչպե՜ս էին մտահոգում նրան այդ փայլքերը։ Ինչպես հովիվը — գառներին, նա վրա էր հավաքում իր ոսկե հատիկները, հետևելով, որ ոչ մեկը դուրս չմնա հոտից։ Վերջապես թասի հատակին ոսկու հատիկներից բացի, ոչինչ չմնաց։ Մարդը համրեց դրանք և այդքան քրտնաջան աշխատանքից հետո, վճռական շարժումով թափեց առվակի մեջ։

Սակայն, երբ նա ոտքի էր կանգնել, ագահության կրակն արդեն փայլում էր կապույտ աչքերում։

— Յոթ, — մրթմրթաց նա, հաշվելով հատիկները, որոնց պատճառով այնքան համառորեն աշխատել էր, կարծես միայն նրա համար, որ նույնպիսի անհոգությամբ բաժանվեր դրանցից։— Յո՜թ, — շեշտելով կրկնեց նա, կարծես ցանկանում էր թիվը տպավորել մտքի մեջ։

Մարդը երկար, անշարժ կանգնել, նայում էր բլրալանջին։ Հիմա նրա աչքերում բոցկլտում էր ագահ, տագնապալից հետաքրքրությունը։ Նա ամբողջովին դողում էր ուրախալի հուզմունքից, նրա շարժումների մեջ ինչ֊որ զգուշավորություն էր հայտնվել, այն գիշատիչ գազանի նման, որ ընկել է հետքի վրա։

Հետո նա առվակի ափով մի քանի քայլ ցած իջավ ու նորից թասի մեջ հող լցրեց։

Մարդը նորից սկսեց քրտնաջանորեն լվանալ թասի միջի հողն ու կրքոտ հետևել ոսկե հատիկներին, իսկ դրանք հաշվելուց հետո, առանց ափսոսանքի թափեց առվակը։

— Հի՛նգ, — մրթմրթաց նա։ Եվ կրկնեց, — հինգ։

Չդիմանալով գայթակղությանը, նա մի անգամ էլ հայացք գցեց թեքության վրա, հոսանքով իջավ ցած ու լցրեց թասը։ Ոսկե հատիկները գնալով պակասում էին։ «Չորս, երեք, երկու, երկու, մեկ», — աշխատում էր տպավորել թվերը հիշողության մեջ, քանի դեռ առվակով ցած էր իջնում։ Երբ իր չարչարանքից հետո լոկ մի ոսկե հատիկ մնաց, նա ընդհատեց լվացումը, խարույկ պատրաստեց, թասը պահեց բոցի վրա, մինչև որ այն կապտասև գույն ստացավ։ Թասը քննադատորեն շուռումուռ տալուց հետո, մարդը գլխով հավանություն տվեց. այդ մուգ ֆոնի վրա ոչ մի, նույնիսկ ամենափոքրիկ ոսկե փայլք նրա աչքից չէր վրիպի։

Ավելի ցած իջնելով, մարդը նորից թասի մեջ հող լցրեց։ Միայն մեկ ոսկե փայլք մնաց հատակին։ Երրորդ փորձարկմանը բոլորովին ոսկի չհայտնաբերվեց։ Մարդը չհանգստացավ. իրարից մեկ ֆուտ հեռավորության վրա ևս երեք փորձարկում կատարեց։ Այստեղ էլ ոսկի չկար, բայց մարդը չհուսալքվեց, ընդհակառակը, նա իր հայտնագործությունից, ըստ երևույթին, գոհ էր։ Յուրաքանչյուր անարդյունք լվացումից հետո նրա հուզմունքն աճում էր։ Վերջապես նա հասակով մեկ ձգվեց և ուրախությամբ բացականչեց.

— Եթե ես չեմ գտել իմ ուզածը, թող աստված խակ խնձորներ թափի գլխիս։

Մարդը վերադարձավ իր առաջին փորձարկումների տեղը և հիմա, առվակով վեր բարձրանալով, վերսկսեց լվացումը։ Սկզբում նրա ոսկե հատիկները շարունակ աճում էին. աճում էին զարմանալի արագ։ «Տասնչորս, տասնութ, քսանմեկ, քսանվեց», — մտքում հաշվում էր նա։

Առվակի վարար մասում թասի մեջ մնաց ամենահարուստ ավարը. երեսունհինգ ոսկե փայլք։

Արևն արդեն զենիթում էր. իսկ մարդը դեռևս շարունակում էր աշխատել։ Նա առվի ափով շարժվում էր դեպի վերև ու թաս֊թասի հետևից ավազ էր լվանում. բայց նրա չարչարանքների արդյունքը սկսեց նկատելի կերպով նվազել։

— Տես, ո՜նց է թաքնվում, — սաստիկ հուզված բացականչեց նա, երբ մի ամբողջ բահ հողի մեջ, լոկ մի հատ ոսկե փայլք գտավ։

Երբ վերջին մի քանի թասերում ոսկու ոչ մի հատիկ չհայտնաբերեց, մարդը ոտքի ելավ ու գոհ հայացքով զննեց բլուրը։

— Հը՛, տիկին Երակ, — ձայն տվեց նա այնպիսի տոնով, կարծես դիմում էր բլրի խորքերում թաքնված ինչ֊որ անտեսանելի էակի։— Հը՛, տիկին Երակ։ Ես գալիս եմ։ Գալիս եմ ձեզ մոտ։ Եվ հանգիստ եղեք, կհասնեմ ձեզ։ Լսո՞ւմ եք ինձ, տիկին։ Թող գետնի տակն անցնեմ, եթե չհասնեմ ձեզ։

Մարդը շրջվեց, նայեց վեր՝ անամպ երկնքի լազուրում փայլող արևին, որ ուղիղ նրա գլխավերևումն էր։ Հետո, նա իր շարք֊շարք փորած փոսերի կողքով սկսեց ցած իջնել կիրճով, առվակի վարար տեղից անցավ մյուս ափն ու անհետացավ կանաչ թփերի մեջ։ Բայց նրա ուրախ երգի հեռացող ձայնը դեռ շարունակում էր իշխել շրջակայքում, թույլ չտալով, որ վերականգնվի կիրճի լռությունն ու հանգստի ոգին։

Շուտով նորից երևաց մարդը, նա իր ծանր կոշիկներով ուժեղ հարվածում էր քարերին։ Կանաչ պատնեշը խոտորվեց. նա կարծես վերջին ուժերը լարած, ինչ֊որ բանի դիմագրելով, տատանվում էր այս ու այն կողմ։ Հնչեց մետաղի ու քարի հարվածների զրնգոցը, թփերը խշխշացին, մարդու ձայնը դարձավ ավելի կտրուկ, հրամայական։ Ծանր շնչելով, ինչ֊որ խոշորամարմին կենդանի էր քայլում։ Հետո տերևների ամպեր թափվեցին, և քիչ անց թփերի միջից դուրս եկավ մի ձի։ Նրա մեջքին բեռ կար, որից լիանաների ու վայրի խաղողի ճյուղեր էին կախվել։ Կենդանին զարմացած նայեց մարգագետնին, հետո գլուխն իջեցրեց, սկսեց ախորժակով կրծել խոտը։ Առաջինի հետևից հայտնվեց երկրորդ ձին։ Մամռակալած քարերի վրա նա մի անգամ սայթաքեց, բայց հենց որ սմբակները թաղվեցին մարգագետնի հյուրընկալ կանաչում, վերականգնեց հավասարակշռությունը։ Չնայած այս ձին առանց ձիավորի էր, մեջքին ուներ երկարատև օգտագործելուց գունաթափված և մաշված մեքսիկական երկսապատ թամբ։

Ամենից վերջում մոտեցավ մարդը։ Նա հանգիստ տեղ ընտրելուց հետո թամբն ու բեռը գցեց գետնին, ձիերին արձակեց ազատության մեջ արածելու։ Հետո քանդեց բեռը, հանեց ուտելիքը, թավան, սրճամանը, տաշեղ ու չորացած խոտ հավաքեց և խարույկ սարքեց։

— Օխա՜յ, — բացականչեց նա, — ինչ էլ տան կխժռեմ. թեկուզ երկաթե խարտուկ ու ժանգոտ մեխեր էլ մատուցեին, դարձյալ շնորհակալության կասեի տիրուհուն, դեռ երկրորդ բաժնից էլ չէի հրաժարվի։

Նա ուղղվեց. գրպաններում լուցկի էր փնտրում։ Հայացքն ընկավ առվի մյուս ափին բլրի թեքությանը։ Մատներն արդեն բռնել էին լուցկու տուփը, բայց իսկույն թուլացան և նա ձեռքը հանեց գրպանից։ Մարդը տատանվում էր. նայեց խարույկի մոտ թափած ամաններին, բայց նորից հայացքը սահեց թեքության վրա։

— Մի անգամ էլ փորեմ, — վերջապես վճռեց նա՝ ուղղվելով դեպի առվակը։— Դրանից օգուտ չկա, գիտեմ, — արդարանում էր նա։— Բայց թե ուտելը կարելի է հետաձգել, մեծ վնաս չենք կրի։

Մարդն առաջին փոսերի շարքից մի քանի ֆուտ հեռացավ, սկսեց երկրորդ շարքը փորել։ Արևը թեքվում էր արևմուտք, ստվերները երկարում էին, բայց նա շարունակում էր աշխատել։ Նա սկսեց երրորդ շարքը փորել։ Բարձրանալով բլուրն ի վեր, նա լանջի վրա փորեց իրար հորիզոնական փոսերի շարքեր։ Յուրաքանչյուր շարքի մեջտեղի մասը ոսկով հարուստ էր, մինչդեռ ծայրերի փոսերում ոսկի չկար։ Եվ մարդը թեքությամբ որքան բարձրանում էր վեր, այնքան շարքերը համաչափ կերպով կարճանում էին այնպես, որ թեքությունից էլ բարձր, ինչ֊որ տեղ, վերջին շարքը պետք է վերածվեր կետի, աստիճանաբար ստացվեր շուռ տված V տառը հիշեցնող մի պատկեր. գնալով իրար մոտեցող փորվածքների եզրերի գծերը ցույց էին տալիս ոսկեբեր ավազի սահմանը։

Մարդու նպատակակետն էլ հենց այդ V֊ի գագաթն էր։ Նրա հայացքը մի քանի անգամ սահեց թեքությամբ վեր. մարդը ձգտում էր որոշել այն կետը, ուր պետք է թաքնված լիներ ոսկեբեր ավազը։ Իր գլխավերևում, բլրալանջին, ինչ֊որ տեղ թաքնված հենց այդ կետին էլ նա հասցեագրում էր իր խոսքերը, անվանելով դրան «տիկին Երակ» ։

— Ապա համեցեք ինձ մոտ, տիկին Երակ։ Սիրալիր եղեք, քնքուշ, իջեք ինձ մոտ։

— Լա՛վ, — վճռական հայտարարեց նա քիչ հետո։— Լա՛վ, տիկին Երակ, երևում է, ես ինքս պիտի ձեզ մոտ բարձրանամ և տեղում ձեր ջարդը տամ։ Ինչ արած, այդպես էլ կանեմ։ Այդպես էլ կանեմ, — սպառնալից ավելացրեց վերջում։

Ամեն անգամ մարդը հողով լի թասը տանում էր առվում լվանում. ինչքան թեքության վերին մասերից էր նա հող վերցնում, այնքան հարստանում էին փորձարկումների արդյունքը, այնպես որ, վերջում նա սկսեց ոսկին հավաքել թիթեղի կտորով, որն անփույթ խոթել էր անդրավարտիքի հետևի գրպանը։ Մարդն այնպես էր կլանված իր աշխատանքով, որ չէր նկատել դանդաղ իջնող մթնշաղը և սթափվեց միայն այն ժամանակ, երբ ոչ մի ճիգով այլևս չէր կարողանում ոսկու փայլք նշմարել թասի հատակին։

Նա կտրուկ ոտքի ելավ։ Շինծու սարսափ և զարմանք կար նրա դեմքին, և ատամների արանքից հատ֊հատ արտասանեց.

— Սատանան այնպես է տարել խելքս, որ ուտելս էլ եմ մոռացել։

Նա խավարում սայթաքելով, թռավ առվակի մյուս ափը ու վառեց իր ուշացած խարույկը։ Ընթրիքը կազմված էր ապխտած կրծքի մսից, բլիթներից և տաքացրած բակլայից։ Նա տեղավորվեց մարմրող ածուխների կողքին և գիշերվա շշուկներին ականջ դրած՝ ծխամորճ էր ծխում, իսկ թավուտի միջից ժպտում էր լուսնյակը։ Հետո ոտքերից հանեց ծանր կոշիկներն ու վերմակը քաշեց մինչև ծնոտը։ Լուսնի թափանցիկ շողերի տակ նրա դեմքը գունատ էր մահացածի դեմքի պես։ Բայց այդ մահացածը հանկարծ կենդանացավ ու հենվելով արմունկներին, նայեց առվակի այն կողմը՝ բլրալանջին.

— Բարի գիշե՛ր, տիկին Երակ, — քնկոտ բղավեց նա։— Բարի գիշեր։

Գորշ նախալուսաբացն էլ անցավ, իսկ մարդը դեռ քնած էր։ Արևի առաջին թեք ճառագայթն ընկավ նրա կոպերին, մարդը վեր թռավ տեղից, բացեց աչքերն ու երկար նայեց շուրջը։ Նա վերհիշեց երեկվա դեպքերը, ընկալեց ներկա պահն ու ոտքի կանգնեց։ Հագնվելը հեշտ էր. կոշիկները քաշեց ոտքերին ու վերջ։ Նայեց հանգած խարույկին, հետո՝ բլուրին. տատանվում էր, բայց հաղթահարելով գայթակղությունը, խարույկը վառեց։

— Մի՛ շտապիր, Բիլլ, միշ շտապիր, — համոզում էր նա իրեն, — ինչո՞ւ առանց մտածելու գործ բռնել։ Զուր քրտնելուց օգուտ չկա։ Տիկին Երակը կսպասի։ Նա ոչ մի տեղ չի փախչի մինչև դու կնախաճաշես։ Իսկ հիմա չէր խանգարի մի փոքր թարմացնեինք մեր ճաշացանկը։ Գործի անցի՛ր։

Առվակի ափին մարդը մի դալար շիվ կտրեց, գրպանից հանեց բարակ թոկի կտորն ու բավականին ճմռթված արհեստական ճանճը։

— Վաղ առավոտ է, գուցե կտցի՞, — մրթմրթաց նա, կարթը գցելով առվակի մեջ։ Իսկ մի րոպե հետո ուրախ բացականչեց.

— Ի՞նչ էի ասում ձեզ, հը՞։ Ի՞նչ էի ասում։

Նրա մոտ կոճ չկար, իսկ զուր ժամանակ կորցնել չարժեր, և նա արագ ու ճարպկորեն՝ ձեռքից ձեռք անցկացնելով կարթաթելը, ջրից դուրս քաշեց արևի տակ փայլփլող տասը դյույմանոց մի կարմրախայտ։ Երեք կարմրախայտեր՝ իրար հաջորդելով, ապահովեցին նրա նախաճաշը։

Երբ մարդը մոտեցավ առվակի անցման տեղին, որ գնար իր բլրալանջը, մի անսպասելի միտք ցնցեց նրան, ու նա կանգ առավ։

— Երևակայիր, չէր խանգարի առվակով մի քիչ ցած իջնել, նայել ինչ կա, ինչ չկա, — մրթմրթաց նա։— Ինչ գիտես, թե մի սրիկայի մեկը չի թափառում մոտերքում։— Եվ շարունակեց մրթմրթալ։— Չէ՛, չէ՛, իսկապես որ, պետք է գնալ, նայել։— Մարդը քարերի վրայով անցավ առվի մյուս ափը ու երբ ոտք դրեց բլրի վրա, նրա ողջ հեռատեսությունը ցնդեց գլխից, և նա կրկին գործի անցավ։

Նա մեջքն ուղղեց միայն այն ժամանակ, երբ արդեն մթնում էր։ Ձեռքով շփեց կոտրատվող գոտկատեղն ու փնչաց.

— Հիմա՞ ինչ կասես։ Ինչ ուզում ես արա՛, բայց նորից ուտելդ մոռացար։ Չէ՛, խելքի արի, թե չէ կնմանվես այն հիմարին, որ լուսաբացից֊լուսաբաց ծոմ է պահում։

— Աշխարհում ամենից անիծված բանը այդ երակներն են, ամեն բան կմոռանաս, — եզրակացրեց մարդը գիշերը, երբ մտնում էր վերմակի տակ։ Բայց չնայած դրան, այս անգամ էլ չմոռացավ հրաժեշտի ողջույնով դիմել բլրալանջին.

— Բարի գիշեր, տիկին Երակ։ Բարի գիշե՜ր։

Արևի դուրս գալու հետ միաժամանակ արթնանալով, մարդն արագ նախաճաշեց և անմիջապես գործի անցավ։ Նա դողում էր ինչպես տենդահար. թասի մեջ ընկնող ավարը գնալով հարստանում էր, և մարդն ավելի էր հուզվում, այտերը վառվում էին, բայց ո՛չ արևից, ներսի տաքությունն էր բորբոքում նրան։ Նա ոչ հոգնածություն էր զգում, ոչ էլ նկատում էր, թե ինչպես է թռչում ժամանակը։ Թասի մեջ հող լցնելով, նա վազում էր ցած, լվանում այն առվակի ջրով, հետո դիվահարի պես ծանր շնչելով, սայթաքելով, հայհոյանքներ տեղալով, կրկին վազում էր վեր ու նորից լցնում թասը։

Նա հիմա առվակից մոտ հարյուր յարդ վերև էր փորում, և շուռ տված V֊ն սկսել էր բավականին ընդգծված ձև ընդունել։ Ոսկեբեր սեպի կողերը քիչ֊քիչ իրար էին մոտենում, և մարդը մտքով պատկերացնում էր, թե որ կետում նրանք կհատվեն։ Այնտեղ էր նրա նպատակը՝ V֊ի գագաթը, և նա լվանում էր թաս֊թասի հետևից, աշխատելով հասնել նրան՝ իր ուզած կետին։

— Մոտ երկու յարդ մանսանետի թփից վերև ու մեկ յարդ դեպի աջ, — վերջապես որոշեց նա։

Հետո գայթակղվեց։

— Ավելի հեշտ է, քան սեփական քիթդ գտնելը, — արտասանեց նա՝ թողնելով քրտնաջան լվացումը. թեքությամբ բարձրացավ դեպի նպատակակետը։ Այնտեղ նա թասը հողով լցրեց և իջավ առվակի մոտ։ Թասում ոչ մի հատիկ ոսկի չկար։ Մարդը փորում էր ու փորում՝ մեկ խորը, մեկ մակերևույթին մոտ, լվանում էր թաս֊թասի հետևից, բայց ամենաչնչին ոսկե փայլք անգամ չստացավ իր չարչարանքների դիմաց։ Նա կատաղեց, գայթակղության համար անխնա հայհոյեց իրեն, հետո թեքությունով իջավ ցած և սկսեց փորձարկումները հերթական շարքից։

— Դանդաղ, բայց հաստատ գործ բռնիր, Բիլլ։ Դանդաղ, բայց հաստատ, — երգում էր նա քթի տակ։— Երջանկությունը մի անգամից վայելելը քո բանը չէ։ Ժամանակն է, որ դա հասկանաս։ Խելքի արի, Բիլլ, խելքի արի։ Դանդաղ, բայց հաստատ. ահա՛ քո հաղթելու գրավականը ամեն տեսակ խաղի մեջ։ Այդպես բռնիր գործդ ու մինչև վերջ պինդ կաց։

Որքան բլուրը հատող փոսաշարքերը կարճանում էին, ցույց տալով, որ V֊ի կողերը ձգտում են մի կետի, այնքան փոսերի խորությունն աճում էր։ Ոսկու հետքը իջնում էր բլրի խորքերը։ Այժմ, միայն երեսուն դյույմ խորության վրա էին ոսկե փայլքեր հանդիպում։ Մակերեսից քսանհինգ դյույմ, ինչպես երեսունհինգ դյույմ խորությունից վերցրած հողը ոսկի չէր բերում։ Իսկ V֊ի հիմքում՝ առվի ափին, մարդը ոսկե փայլքեր գտավ, ուղղակի խոտի արմատների մոտ։ Բայց ինչքան թեքությամբ վեր էր բարձրանում, ոսկին այնքան խորանում էր հողի մեջ։ Այնքան էլ հեշտ չէր երեք դյույմ խորությամբ փոս փորել մեկ թաս հող լվանալու համար, իսկ V֊ի գագաթին հասնելու համար ջանացողն ստիպված էր դեռ շատ այդպիսի փոսեր փորել։

— Ով գիտի, ինչքան խորն է գնացել, — թմրած գոտկատեղը շփելով՝ մի պահ դադար առավ մարդն ու հոգոց քաշեց։

Նրա մեջքը կոտրատվում էր, մկանները թմրել էին, բայց անհամբերությունից դողալով, նա քլունգն ու բահը ձեռքին բարձրացնում էր վեր ու փշրում գորշ, փխրուն հողը։ Նրա առջևում փռված էր հոտավետ ծաղիկներով պատված թավշե տարածությունը։ Իսկ հետևում հողն ավերվել էր, ամայացել. կարծես հարթ բլրալանջի մակերևույթը տակնուվրա էին արել։ Խխունջի պես դանդաղ առաջ շարժվելով, իր հետևից տգեղ հետքեր թողնելով, մարդը քանդում, փչացնում էր գեղեցիկ հարթությունը։

Ոսկին ավելի ու ավելի էր խորանում հողի մեջ, բայց մարդու չարչարանքները ավելի մեծ արդյունքի էին հասնում։ Քսան ցենտ, երեսուն ցենտ, հիսո՛ւն, վաթսո՛ւն ցենտ. այդքան արդյունք տվեցին ոսկի որոնողի վերջին լվացումները։ Իսկ օրվա վերջում նա ռեկորդ սահմանեց. մի փորձարկումից ստացավ ամբողջ մեկ դոլարի ոսկու ավազ։

— Սիրտս վկայում է, որ ինչ֊որ թափառաշրջիկի մեկը թրև է գալիս այս կողմերում և ուզում է ինձ վնաս տալ, — քնկոտ մրթմրթաց նա՝ գիշերը վերմակը քաշելով մինչև ծնոտը։ Եվ հանկարծ վեր թռավ ու նստեց։— Բի՛լլ, — ասաց նա կտրուկ։— Լսիր ինձ, Բիլլ։ Լսո՞ւմ ես, թե չէ։ Չէր խանգարի, եթե վաղն առավոտյան աչք ածեիր շրջակայքդ, տեսնեիր ինչ կա, ինչ չկա։ Հասկացա՞ր։ Վաղն առավոտյան. տե՜ս, չմոռանաս։— Հետո հորանջեց, նայեց բլրի կողմն ու ձայն տվեց։— Բարի գիշեր, տիկին Երակ։

Առավոտյան մարդն արևածագից էլ վաղ արթնացավ։ Երբ առաջին շողը սահեց նրա վրայով, նա արդեն նախաճաշել, վերջացրել էր և բարձրանում էր ժայռն ի վեր։ Փքված ժայռակտորները ոտքերի համար հենարան դարձնելով, նա բարձրացավ սարի գագաթը ու նայեց չորս կողմը։ Նրա շուրջը շունչ կենդանի չկար։ Չորս կողմում, ինչքան կտրում էր աչքը, խումբ֊խումբ ձգվում էին լեռները։ Մարդու հայացքը թռչում էր սարից սար, չափում նրանց միջև ընկած տարածությունները. արևելյան կողմում գլխավոր լեռնաշղթան էր՝ Սիերրայի ձյունաճերմակ գագաթները, որ կարծես խրվել էին երկնքի լազուրի մեջ։ Եվ այդ լեռների օվկիանոսի հիմնական հունին միախառնվում էին հարավի և հյուսիսի իրար հյուսված լեռնաշարքերը։ Դեպի արևմուտք լեռների ալիքները խումբ֊խմբի հետև ցածրանալով, մեղմանում էին ու միաձուլվում նախալեռների կլորահարթ բլուրներին, իսկ սրանք էլ իրենց հերթին կարծես հալչում էին հոսելով դեպի անտեսանելի, անծայրածիր հարթությունը։ Այդ վեհասքանչ տարածություններում, պատառոտված բլրալանջից բացի, ոչինչ չէր հիշեցնում մարդու, կամ նրա ձեռքի գործերի մասին։ Մարդը նայում էր երկար և ուշադիր։ Նրան թվաց, որ հազիվ նկատելի ծխի քուլա է տեսնում ինչ֊որ մի տեղ, կիրճի խորքում։ Նա նորից նայեց այդ կողմը, և նորից որոշեց, որ դա ժայռոտ ծերպերում կապույտին տվող մառախուղի կտոր է։

— Հե՜յ դուք, տիկին Երակ, — դեպի անդունդը թեքվելով, բղավեց նա։— Մի դուրս եկեք այդտեղից, տեսնենք: Ես ձեզ մոտ եմ գալիս, տիկին Երակ։ Գալիս եմ։

Ծանր կոշիկները նրան դանդաղաշարժ, բռի տեսք էին տալիս, բայց նա՝ վայրի այծյամի պես ճարպկորեն թռչկոտելով, գլխապտույտ բարձրությունից իջնում էր ցած։ Անդունդի ամենածայրին քարը սլլաց ոտքի տակից, բայց դա նրան չվախեցրեց։ Մարդը կարծես գիտեր աղետի պահն ու հասցրեց ամենաանհույս հենարանն օգտագործել, որպեսզի՝ մի ակնթարթ միայն հենվելով նրա վրա, ոտքն ավելի ամուր տեղ դնի։ Այնտեղ, ուր թեքությունը համարյա ուղղահայաց էր և մի ակնթարթ էլ հնարավոր չէր հենվել, նա այդտեղ էլ իրեն չկորցրեց, ոտքը ճակատագրական վայրկյանի մի չնչին պահ միայն հենելով դավաճան ցցվածքին, ցատկեց հեռու։ Իսկ այնտեղ, ուր նույնիսկ վայրկյանի այդ չնչին պահն էլ չէր օգնի, մարդը մարմինն առաջ նետելով, կառչում էր ժայռի ցցվածքներից, քարերի ճեղքվածքներից կամ մերկացած արմատներով կասկածելի թփերից։ Եվ ահա, նա մոլեգին ճիչով, ուղղահայաց ժայռից թռավ փափուկ փլվածքի վրա, իր հետ տանելով հողի ու խճաքարի թափվող տարափը։

Այդ առավոտյան, առաջին թասը երկու դոլարից ավելի ոսկու ավազ բերեց։ Մարդն այդ փորձարկումը կատարել էր V֊ի հենց կենտրոնից, իսկ դեպի աջ և ձախ ոսկու քանակն արագ նվազում էր։ Փոսերի շարքերը գնալով կարճանում էին. դեպի իրար մոտեցող մասերի միջև մնում էր ընդամենը մի քանի յարդ։ Մի քանի յարդ վերև էլ ընկած էր երկու կողերի հատման տեղը։ Բայց ոսկու հետքը ավելի ու ավելի էր խորանում գետնի մեջ։ Կեսօրից հետո մարդը միայն հինգ ֆուտ խորությունից վերցրած հողից էր ոսկի հանում։

Այսինքն, հիմա ոսկու հետքը ոչ թե ոսկու հետք էր, այլ պարզապես իսկական ոսկեբեր հողաշերտ, և մարդը որոշեց, երբ հասնի երակին, կվերադառնա նախկին տեղն ու կաշխատի մակերևույթի վրա։ Սակայն փորձարկումների շարունակ աճող հարստությունը նրան տագնապի մեջ էր գցում։ Երեկոյան կողմ յուրաքանչյուր լվացումը տալիս էր արդեն երեք֊չորս դոլարի ոսկու ավազ։ Մարդն, իրեն կորցրած, ծոծրակը քորելով, նայեց մանսանետի թփին, որ աճել էր թեքությունից քիչ վերև, մոտավորապես այնտեղ, ուր պետք է գտնվեր շուռ տված V֊ի գագաթը։ Նա, իմաստունի պես գլուխը թափահարելով, արտասանեց.

— Երկուսից մեկը, Բիլլ, երկուսից մեկը։ Կամ տիկին Երակը կորցրել է իր ողջ ոսկին, կամ նա այնքան հարուստ է, սատանան տանի, որ դու, երևակայիր, ուժ չես ունենա այդ ամբողջը քեզ հետ տանելու։ Այ, դա արդեն իսկական դժբախտություն կլինի... Հը՛։ Ի՞նչ կասես, — նման հաճելի երկընտրանքի մասին մտածելուց՝ փնչացրեց նա։

Մարդը դեռ առվի ափին էր, երբ մութը վրա տվեց. կապույտ աչքերը լարված պայքարում էին իջնող խավարի դեմ. նա լվանում էր վերջին թասը, որի մեջ ամենաքիչը հինգ դոլարի ոսկու ավազ կլիներ։

— Ափսոս լապտեր չունեմ, մի քիչ էլ կաշխատեի, — մենախոսեց նա։

Այդ գիշեր մարդու քունը չէր տանում։ Նա շուռումուռ էր գալիս, փակում աչքերը, հույսով, որ քունը կհաղթի, բայց ագահ անհամբերությունից բորբոքվել էր արյունը, և նայելով մթության մեջ, նա հոգնած մրթմրթաց քթի տակ.

— Շո՛ւտ բացվեր լույսը։

Հազիվ էին գունաթափվել աստղերը, մարդն արդեն ոտքի վրա էր։ Լուսաբացի մթնշաղում արագ նախաճաշելուց հետո նա թեքությամբ բարձրացավ վերև, դեպի «տիկին Երակի» խորհրդավոր ապաստանը։

Այդ առավոտյան ոսկու շիթն այնքան էր նեղացել, որ փորած փոսերի առաջին շարքում միայն երեք փոսի տեղ կար. մարդն արդեն չորրորդ օրն էր քայլ առ քայլ հետապնդում ոսկուն և լրիվ մոտեցել էր նրա ակունքին։

— Հանգի՛ստ, Բիլլ, հանգի՛ստ, — խրատում էր նա իրեն, բահը խրելով այն տեղն, ուր շուռ տված V֊ի կողերը վերջապես միացան իրար։

— Համենայն դեպս, ձեռքս ընկաք, տիկին Երակ։ Հաստատ, ձեռքս ընկաք։ Հիմա է՛լ ձեռքիցս չեք պրծնի, — ավելի ու ավելի խորը փորելով, կրկնեց նա մի քանի անգամ։

Չորս ֆուտ, հինգ ֆուտ, վեց ֆուտ. փորելը գնալով դժվարանում էր։ Բահն ինչ֊որ կարծր հանքաշերտի կպչելով, զնգաց։ Մարդը զննեց փոսի հատակը։

— Կվարց է, — փոսի միջի հողը դուրս թափելուց հետո եզրափակեց նա։ Անմիջապես հարձակվեց փխրուն կվարցի վրա, սկսեց քլունգով կոտրատել հանքաքարի կտորները։

Նա բահը խրեց քայքայված մասսայի մեջ։ Ինչ֊որ դեղնին տվող բան շողշողաց։ Մարդը պպզեց, և ինչպես ֆերմերը կմաքրեր նոր հանած կարտոֆիլը հողակոշտերից, սկսեց մաքրել կվարցի կտորը։

— Խայտառակ եղար, Սարդանապա՜լ, — գոչեց նա։— Այստեղ ամբողջը կտոր֊կտոր ոսկի է։ Կտո՜ր֊կտոր։

Նրա ձեռքում բռնած կվարցի հետ կտոր֊կտոր մաքուր ոսկի կար։ Նա գցեց այն թասի մեջ, սկսեց զննել մյուս կտորը։ Այստեղ միայն մի քանի կետերում էին դեղին փայլքերը, բայց նա մատներով փշրեց փխրուն կվարցը, մինչև որ ափերի վրա շողշողաց ոսկին։ Մարդը կտոր կտորի հետևից մաքրում էր և գցում դրանք թասի մեջ։ Փոսի խորքում ահագին հարստության կար թաքնված։ Կվարցն արդեն այնքան էր քայքայվել, որ ոսկին ավելի շատ էր։ Հանդիպում էին կտորներ, որոնց մեջ բոլորովին այլ հանքատեսակ չէր լինում, միայն մաքուր, բնական ոսկի։

Երբ քլունգը խրվեց երակի ուղիղ կենտրոնում, շուռ եկած հողը, թանկարժեք քարերի կույտի պես շողշողաց դեղնագույն կայծերով։ Այդ կայծերի խաղից շլացել էր մարդը, նա գլուխը դանղաղ թեքում էր այս ու այն կողմ։

— Դե հիմա խոսեք ձեր Ոսկեբեր հողաշերտերի մասին, — արհամարհանքով փնչացրեց նա։— Հը՜մ, այս երակի առաջ, դրանք իսկի երեսուն ցենտ էլ չարժեն։ Այ, թե որտեղ է մաքուր ոսկին։ Սատանան տանի, այսօրվանից ես այս կիրճը կանվանեմ «Ոսկե կիրճ» ։

Մարդը պպզած, շարունակում էր ջոկել բնածին ոսկու կտորներն ու գցել դրանք թասը։ Եվ հանկարծ նա աղետ նախազգաց։ Նրան թվաց, որ ինչ֊որ ստվեր ընկավ իր վրա։ Բայց ստվեր չկար։ Սիրտը կանգ առավ կրծքի տակ, կոկորդը սեղմվեց։ Սիրտն իր միջից դուրս մղեց դանդաղ սառչող արյունը։ Նա զգաց, թե ինչպես է քրտնակալած բլուզը սառը ծեփի պես կպել մարմնից։

Մարդը ետ չնայեց, տեղից վեր չթռավ։ Նա չէր շարժվում բոլորովին։ Նա աշխատում էր ըմբռնել իր զգացած նախազգուշացման պատճառը, պարզել խորհրդավոր ուժի աղբյուրը, որ նրան վտանգ էր ազդարարում։ Բայց որտեղի՞ց էր այդ վտանգը. նա տենչում էր բռնել այդ անտեսանելի էակին, որ դժբախտություն էր սպառնում։ Թշնամական ուժի հոսանքը երբեմն այնպիսի անշոշափելի ճանապարհներով է ազդում մեզ վրա, որ մեր զգացումներն ի վիճակի չեն լինում ըմբռնել դրանք, բայց կանխազգում են։ Մարդը աղոտ զգում էր այդ հոսանքը, բայց չգիտեր, թե որտեղից է մոտենում։ Տագնապալից, ճնշող զգացում էր պատել մարդուն։ Կարծես հանկարծակի ծածկեցին արևը։ Խավար իջավ նրա հոգուն, կարծես մահվան շունչը ճախրում էր գլխավերևում։

Մարմնի յուրաքանչյուր նյարդը, յուրաքանչյուր մկանը հրամայում էին նրան՝ վեր թռչել, երես առ երես դիմավորել անտեսանելի վտանգին, բայց կամքը խեղդում էր բնազդական վախը, ու մարդը մնում էր պպզած, ոսկու բնածին կտորը ձեռքին։ Նա չէր համարձակվում շուռ գալ, բայց հիմա արդեն հաստատ գիտեր, որ ինչ֊որ մեկը կանգնած է իր հետևում, փոսի եզրին։ Մարդն այնպիսի տեսք ընդունեց, իբրև թե կլանված է ոսկու կտորով։ Նա այդ կտորն ամեն կողմից զննում էր, շուռումուռ տալիս, մաքրում նրա վրայի հողը... Եվ այդ ամբողջ ժամանակամիջոցում նա գիտեր, որ ինչ֊որ մեկը հետևում կանգնած, իր ուսի վրայից, ոսկուն է նայում։

Շարունակելով ձևացնել, թե իբր իրեն շատ է հետաքրքրում ոսկու կտորը, մարդը լարված ականջ էր դնում, մինչև որ մեջքին զգաց ինչ֊որ մեկի որոշակի շնչառությունը։ Նրա հայացքն սկսեց գետնի վրա զենք որոնել ու դեմ առավ միայն հողից դուրս ցցված ոսկու կտորներին, որոնք հիմա, աղետի պահին, այնքան անօգուտ էին։ Գուցե քլունգը օգտագործեր, բայց ոչ, ո՛չ հիմա։ Մարդը գիտակցեց, որ լիովին դատապարտված է։ Նա յոթ ֆուտ խորությամբ փոսի հատակում էր, գլուխը հազիվ հասներ փոսի եզրին։ Նա թակարդի մեջ էր։

Մարդը շարունակում էր պպզած մնալ։ Նա դեռևս կարողանում էր տիրապետել իրեն, մտքում պրպտում էր փրկության բոլոր միջոցներն ու ավելի պարզ ըմբռնում, որ ինքն անզոր է։ Նա շարունակեց ոսկու կտորների վրայից մաքրել հողը և գցել դրանք թասի մեջ։ Նրան այլ բան չէր մնում անելու։ Եվ, այնուամենայնիվ, գիտակցում էր, որ վաղ թե ուշ պետք է վեր կենա ու երես առ երես նայի նրան, ով շնչում էր իր հետևում կանգնած։ Վայրկյաններն անցնում էին և նա հասկանում էր, որ մոտենում է այն պահը, երբ ստիպված պետք է լինի կանգնել, կամ... Եվ հենց միայն այդ մտքից՝ քրտնակալած, իր գանձի վրա կծկված՝ ընդունի մահը։

Եվ, այնուամենայնիվ, շարունակում էր պպզած մնալ ու ոսկու կտորների վրայի հողը մաքրելով, մտածում էր, թե ինչ անի։ Կարելի էր հանկարծակի վեր կենալ, մի կերպ դուրս պրծնել փոսի միջից ու երես առ երես, հարթության վրա հանդիպել նրան, ով իրեն սպառնում էր։ Կամ գուցե, բարձրանար՝ դանդաղ, անբռնազբոսիկ ու իբրև թե անակնկալ կերպով հայտնաբերեր թշնամուն, որն այնտեղ էր, իր թիկունքում։ Մարմնի յուրաքանչյուր մկանը բաց կռիվ էր տենչում. բնազդն էլ նրան այդ էր թելադրում՝ վեր կենալ մի թռիչքով, դուրս նետվել փոսից։ Բայց գիտակցությունը, իրեն հատուկ խորամանկությամբ, թույլ չէր տալիս շտապել, անզգույշ հանդիպում ունենալ այն էակի հետ, որին նա չէր տեսնում։ Եվ մինչ մարդը որոնումների մեջ էր, նրա ականջի տակ հնչեց խլացնող մի թնդյուն։ Նույն պահին նա սոսկալի հարված զգաց մեջքի ձախ կողմում, որտեղից կրակն ալիքներով տարածվեց ողջ մարմնով մեկ։ Նա ուզեցավ վեր թռչել, բայց չհասցրեց նույնիսկ ուղղվել, փլվեց գետնին։ Հետո մարմինը կրակից բռնկված տերևի նման կծկվեց, ծնկները դեմ առան նեղ փոսի պատին, և նա կրծքով խոնարհվեց ոսկով լի թասի վրա, երեսը թաղելով հողի, հանքաքարի կտորների մեջ։ Ոտքերը մի քանի անգամ ջղաձգվեցին, մարմնով մեկ սարսուռ անցավ։ Հետո թոքերը լայնացան և խոր հոգոց արձակելով՝ դանդաղ, շատ դանդաղ բաց թողեցին օդը։ Մարմինը նույնպես աստիճանաբար տափակեց գետնին։

Փոսի վերևում, ատրճանակը ձեռքին կանգնել էր անծանոթը։ Նա երկար, ուշադիր զննում էր փոսում փռված անկենդան մարմինը, հետո պպզեց, նայեց ցած, ատրճանակը դրեց ծնկան վրա։ Ձեռքը տանելով գրպանը, նա մուգ թղթի մի կտոր հանեց, մի պտղունց ծխախոտ ու գլանակ փաթաթեց. կարճ, հաստ, շագանակագույն գլանակ՝ երկու ծայրերը ոլորած։ Ոչ մի վայրկյան աչքը չհեռացնելով փոսի հատակին պառկած մարմնից, նա հաճույքով ծխեց։ Նա ծխում էր առանց շտապելու, ու երբ գլանակը հանգավ, նորից վառեց այն։ Եվ այդ ամբողջ ընթացքում նա աչքը չէր կտրում դիակից։

Վերջապես գցեց ծխախոտի մնացորդը, կանգնեց ու մոտեցավ փոսի եզրին։ Ատրճանակն աջ ձեռքում բռնած, նա երկու ձեռքերով հենվեց հողին, ոտքերն իջացրեց փոսի մեջ ու ձեռքերին հենված կախվեց։ Հետո բաց թողեց ձեռքերն ու ցած թռավ։

Հենց նույն վայրկյանին ոսկի որոնողի թևն ամուր գրկեց նրա կոճերից և թափով ցած քաշեց։ Թռչելու պահին անծանոթն ատրճանակը պահել էր գլխավերևում, և հենց որ որոնողի մատները բռնեցին նրա ոտքերից, նա վայրկենապես ատրճանակի փողն ուղղեց ներքև. նա դեռ հողին չէր հասել, որ քաշեց ձգանը։ Նեղ տարածության մեջ կրակոցը խլացուցիչ հնչեց։ Թանձր ծխի մեջ ոչինչ հնարավոր չէր տարբերել։ Երբ անծանոթը մեջքով զարկվեց փոսի հատակին, ոսկի որոնողը կատվի պես ցատկեց նրա վրա ու ճնշեց նրան իր ծանրությամբ։ Նույն ակնթարթին հակառակորդը թևն իջեցնելով, նորից կրակեց, բայց ոսկի որոնողը արմունկով խփեց նրա ձեռքին։ Ատրճանակի փողը շեղվեց վերև ու գնդակը խրվեց հողի մեջ։

Հաջորդ պահին անծանոթն զգաց, որ ոսկի որոնողի մատները սեղմվեցին իր դաստակին։ Հիմա կռվում էին ատրճանակի համար, յուրաքանչյուրն աշխատում էր փողն ուղղել հակառակորդի վրա։ Երբ ծուխը մի փոքր ցրվեց, մեջքի վրա պառկած անծանոթն սկսեց որոշ բան տարբերել։ Բայց այդ պահին ոսկի որոնողը կուրացրեց նրան, մի բուռ հող շփելով նրա աչքերին։ Անծանոթն անսպասելիորեն վայր գցեց ատրճանակը։ Մի պահ անց, անտանելի դղրդյունով, խավարն իջավ նրա գլխին ու ամեն բան կլանեց։

Իսկ ոսկի որոնողը կրակում էր նորից ու նորից, մինչև որ ատրճանակում ոչ մի գնդակ չմնաց։ Հետո դիակը մի կողմ հրեց և ծանր շնչելով ընկավ նրա ոտքերին։

Նա շնչում էր դժվարությամբ, ծանր հևում ու հեծկլտում։

— Քոսո՛տ շուն, — հազիվ արտասանեց նա։— Թաքուն եկավ իմ հետքերով, սպասեց, մինչև ամբողջ սև գործը վերջացնեմ, իսկ հետո, տե՛ս, մեջքիս վրա ծակ բացեց։

Ուժասպառությունից և կատաղությունից նա քիչ էր մնում լաց լինի։ Հետո նայեց մահացածի դեմքին, որն այնպես էր շաղախված մանրախիճով ու հողով, որ հնարավոր չէր տարբերել դիմագծերը։

— Չէ, ծնված օրիցս չեմ տեսել այս ռեխը, — լավ զննելուց հետո եզրակացրեց ոսկի որոնողը։— Սովորական սրիկայի մեկն է, որոնցից շատ կան այս տեղերում, անիծված լինի սա։ Եվ, ախար, մեջքի՛ս է կրակում, մեջքի՛ս։

Նա քանդեց բլուզի կոճակները և շոշափեց կուրծքն ու ձախ կողը։

— Ծակել անցել է, առանձին բան չկա, — հանդիսավորությամբ բացականչեց նա։— Երևի նշան է բռնել ուր որ պետք է, բայց ձգանը քաշելիս ձեռքը շարժել է ապուշը։ Դե, ես նրան ցույց տվի։

— Դեռ կցավի, — մրթմրթաց նա։— Կարկատան դնեմ այս ծակին ու փասափուսաս քաշեմ այստեղից։

Նա դժվարաթյամբ դուրս եկավ փոսից, բրլից իջավ դեպի իր ճամբարը։ Քիչ անց վերադարձավ բեռնավորված ձիու սանձը ձեռքին։ Վերքի վրայի արյունոտ լաթը դուրս էր ցրվել բլուզի բացված մասից։ Ձախ ձեռքը նա դժվարությամբ էր շարժում, բայց շարունակում էր նրանով աշխատել։ Նա դիակը կռնատակերից թոկով կապոտեց, դուրս քաշեց փոսից, հետո սկսեց հավաքել ոսկին։ Նա աշխատում էր համառորեն, ժամ առ ժամ, երբեմն֊երբեմն դադար առնելով, որպեսզի շփեր թմրած ուսն ու բացականչեր.

— Մեջքի՛ս է կրակում։ Քոսո՛տ շուն։ Մեջքի՛ս է կրակում։

Երբ բնածին ոսկու կտորները բոլորը ջոկեց, մաքրեց և փաթաթեց ադյալի մեջ, նա մտքում հաշվեց իր հարստության քանակը։

— Չորս հարյուր ֆունտ, սատանան տանի ինձ։ Դե, ասենք, մի երկու հարյուրը թող լինի կվարց ու հող. երկու հարյուր ֆունտ էլ մաքուր ոսկի է մնում։ Բի՛լլ, սթափվիր։ Երկու հարյո՛ւր ֆունտ ոսկի։ Քառասո՛ւն հազար դոլար։ Եվ այդ բոլորը քոնն է... Բոլորը քո՛նն է։

Նա հիացած քորեց ծոծրակը. հանկարծ մատները քսվեցին ինչ֊որ անսովոր կոշտ բանի։ Նա զգուշորեն շոշափեց ծոծրակի վերևի մասը. դա քերծվածք էր, որ առաջացել էր երկրորդ անգամ կրակելուց։

Նա բարկացած մոտեցավ մահացածին։

— Հը՞։ Էլի կանե՞ս, կանե՞ս, — կռվարար տոնով ասաց նա։— Էլի կանե՞ս, հը՞։ Լա՛վ։ Ես քեզ ոնց որ պետքն էր, ցույց տվի, հիմա միայն մնում է քեզ կարգին թաղել։ Կարծեմ դու ինձ համար այդ բանը չէիր անի։

Նա մահացածին քարշ տվեց փոսի մոտ և հրեց ներքև։ Դիակը խուլ փլվեց փոսի հատակին՝ երեսով դեպի վեր։ Մարդը կռացավ ու նայեց մահացածին։

— Իսկ դու, դեռ մեջքիս կրակեցիր, — ասաց նա հանդիմանանքով։

Բահն ու քլունգը գործի դնելով, նա հող լցրեց փոսի մեջ։ Հետո ոսկին բարձեց ձիուն։ Բեռը շատ ծանր էր. իջնելով դեպի հանգստատեղը, նա բեռի մի մասը տեղափոխեց մյուս ձիու վրա։ Բայց դարձյալ ստիպված էր իր ճամփորդական սարքուկարգի մի մասը դեն գցել. բահը, քլունգը, թասը, ուտելիքի մի մասը և այլ մանր֊մունր բաներ։

Արևը զենիթում էր, երբ մարդը լիանաների ու վայրի խաղողի կենդանի պատնեշի միջով քշեց ձիերին։ Դժվարությամբ մագլցելով հսկայական քարաբեկորների վրայով, ձիերը մի քանի անգամ ծառս եղան և կույր֊կույր անցան թփերի խիտ հյուսվածքի միջով։ Հեծկան ձին մի անգամ ծանրությամր փլվեց գետնին. մարդը նրա վրայից բեռն իջեցնելով օգնեց, որ ոտքի կանգնի։ Երբ կենդանին նորից շարունակեց ճամփան, մարդը շուռ եկավ, կանաչ ճյուղերի ցանցի միջից մի վերջին հայացք գցեց բլրի թեքության վրա։

— Քոսո՛տ շուն, — ասաց նա ու հեռացավ։

Մացառուտը խշխշում էր, ճրթճրթում։ Թփերի ծայրերը թեթևակի տարուբերվում էին, նշելով թավուտի միջով անցնող ձիերի ճանապարհը։ Երբեմն լսվում էին սմբակների ու քարերի հարվածի ձայներ, երբեմն կոպիտ գոռոց կամ հայհոյանք։ Հետո հնչեց մարդու երգի ձայնը.

Շո՜ւրջդ նայիր. բարեբերՔանի՜ լեռ է ձգվում վեր։Չարից հեռու կլինես, Մեղքիդ բեռը թե գցեսՃամփիդ կողքի փոսը խո՜ր։Միևնույն է.Աստծո հյո՜ւրն ես դու մի օր։

Երգը գնալով ավելի մեղմ էր հնչում, և լռության հետ մեկտեղ, կիրճի ոգին նորից իշխեց շրջապատի վրա։ Կրկին ալարկոտ քչքչաց առվակը։ Լսվեց լեռնային մեղուների քնաբեր բզզոցը։ Բարդու ձյունաճերմակ աղվամազը հանդարտ սավառնեց անուշաբույր օդում։ Թիթեռնիկները, թռչկոտելով, պտտվեցին ծառերի շուրջը, արևի խաղաղ փայլքը տարածվեց կիրճում։ Միայն մարգագետնի սմբակների հետքերն ու բլրալանջի վրայի խորը փորվածքները մնացին որպես հիշատակ՝ անհանգիստ կյանքի մասին, որ խանգարել էր կիրճի խաղաղ քունը և հեռացել։

1905

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
16951 | 0 | 0
Facebook