Մի՞թե հրաշք չէ,
Շնորհ Աստծո,
Ի վերուստ ընծա.
Մտքով ետ գնալ դեպի մանկություն,
Ծանոթ վայրերում, ծանոթ անձանց հետ
Բռնոցի խաղալ, սարերը ելնել`
Ծաղիկ փնջելու, քաղելու ուրց, դաղձ:
Մի՞թե հրաշք չէ,
Շնորհ Աստծո,
Ի վերուստ ընծա.
Պատանի դառնալ` ծիլ տված բեղով,
Սիրած էակի տեսքից նվաղել,
Երբ պատահաբար դեմ առ դեմ ելնեք
Դպրոցի ճամփին:
Մնջվել, մնալ, հայացքը թեքել,
Գլուխը հակել,
Բան է, թե ժպտաց, աշխարհով լինել:
Մի՞թե հրաշք չէ,
Շնորհ Աստծո,
Ի վերուստ ընծա.
Թիկնած օթոցին`
Մտքով սլանալ օտար եզերքներ,
Լինել երկրի տարբեր ծագերում,
Տեսնել հովիտներ, լեռնագագաթներ,
Ամբոխ մարդկային` հազարալեզու:
Եվ կամ կորուսյալ քո հայրենիքի
Փառաց օրերը մտքով ետ բերել,
Արքաներին քո` հագած ծիրանի,
Բերդապարիսպը հսկող զինվորին`
Հաղթ բազուկներով,
Մագաղաթ ծաղկող իմաստունի հետ,
Դպիր-գրիչի նստել զրույցի,
Ակունքին հասնել,
Նախնուն` Հայկ անվամբ,
Արամ արորդուն` Թորգոմա զարմից:
Մի՞թե հրաշք չէ,
Շնորհ Աստծո,
Ի վերուստ ընծա.
Կյանքը արարել`
Ըստ քո ճաշակի, պատկերացումի`
Անթերի, անեղծ,
Ինչպես օրոք էր առաջին մարդու,
Անդրանիկ զույգի,
Ինչպես կերտել էր ի սկզբանե
Տերը երկնային;
Մի՞թե հրաշք չէ,
Շնորհ Աստծո,
Ի վերուստ ընծա.
Կրել Սուրբ հոգին, աշխարհը քո մեջ,
Լինել մանրակերտն Ամենակալի:
- Հարկավ, հրաշք է,
Շնորհ է, անշուշտ,
Ի վերուստ ընծա:
Ոչ մի տարակույս: