Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԵՐԼՈՒՍԻՆ

00:18, շաբաթ, 12 հուլիսի, 2014 թ.
    
    

Հուլիսի 12-ին Գրինվիչի ժամանակով 11: 25 (Երևանի ժամանակով 15: 25) մեր միակ բնական արբանյակը` Լուսինը, առավելագույնս կմոտենա Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում: Սակայն այն կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում:

Այս դիրքում, որ կոչվում է պերիգեոս (երկրամերձ կետ կամ մերձերկիր) Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը կկազմի 361, 863 կմ: Հիշեցնենք, որ Երկիր-Լուսին միջին հեռավորությունն է 384 400 կմ: «Գերլուսնի» ժամանակ Լուսինը, Երկիրը և Արեգակը մի գծի վրա են հայտնվում, և Երկիրը հայտնվում է երկնային այդ երկու մարմինների միջև: Լուսնի չափերը սովորականից 16%-ով ավելի մեծ են, իսկ պայծառությունը` սովորականից 30%-ով ավելի:

Համարվում է, որ «գերլուսինը» կարող է բնական աղետների պատճառ հանդիսանալ, սակայն գիտականորեն որևէ էական ազդեցություն չի հայտնաբերված: Այնուամենայնիվ, Լուսնի ազդեցությունը Երկրի վրա բավական զգալի է, մասնավորապես նրանով են պայմանավորված Երկրի ջրային զանգվածի` օվկիանոսների ու ծովերի, մակարդակի բարձրացումն ու իջեցումը (մակընթացությունները և տեղատվությունները): Իսկ «գերլուսնի» ժամանակ օվկիանոսների մակարդակը սովորականի համեմատ ևս մի քանի սանտիմետրով փոխվում է:
     Հաջորդ գերլուսինը կդիտվի 2014թ. օգոստոսի 10-ին և սեպտեմբերի 9-ին:


    

Հայկական աստղագիտական ընկերություն


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3776 | 0 | 0
Facebook