Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայերը Եվրոպական աստղագիտական համագումարում

22:01, ուրբաթ, 04 հուլիսի, 2014 թ.

Շվեյցարիայի Ժնև քաղաքում իր աշխատանքներն ավարտեց Եվրոպական աստղագիտական համագումարը, որը պաշտոնապես կոչվում է «Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ» (European Week of Astronomy and Space Science – EWASS) և անցնում էր հունիսի 29-ից մինչև հուլիսի 4-ը: Այն եվրոպական աստղագետների տարվա գլխավոր իրադարձությունն է և անցկացվում է ամեն տարի եվրոպական երկրներից որևէ մեկում: Համագումարին ներկա էր 43 երկրի շուրջ 529 աստղագետ, ներառյալ ճանաչված գիտնականներ, եվրոպական աստղագիտական կառույցների ղեկավարներ և մեծ թվով երիտասարդ աստղագետներ: Եվրոպական համագումարի շրջանակներում անցկացվեց 10 գիտաժողով, 4 հատուկ նստաշրջան և 3 հատուկ խորհրդակցություն, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ` 9 պլենար զեկուցում, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) Գլխավոր ասամբլենան (տարեկան հաշվետվությունը և ղեկավար մարմինների ընտրությունները), Եվրոպական հետազոտական խորհրդի (European Research Council – ERC) նստաշրջանը, Եվրոպական աստղագիտության ASTRONET տասնամյակային ռազմավարական ծրագրի խորհրդակցությունը, այլ վարչական նիստեր, եվրոպական աստղագիտական մրցանակների հանձնումը և այլն:
     Հայաստանից եվրոպական աստղագիտական համագումարին մասնակցեցին Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատակից Արեգ Միքայելյանը և ԲԱ գիտական քարտուղար Ելենա Նիկողոսյանը: Արտասահմանյան հայազգի աստղագետներից ներկա էր Քյոլնի համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատակից Տիգրան Արշակյանը: Տարբեր նստաշրջաններում նրանք ներկայացրեցին զեկուցումներ և ցուցապաստառներ, ինչպես նաև Արեգ Միքայելյանը մասնակցեց ԵԱԸ խորհրդի և ԵԱԸ անդամ աստղագիտական ընկերությունների համատեղ խորհրդակցությանը: Տեղի ունեցան բազմաթիվ քննարկումներ եվրոպական աստղագիտական կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների` մասնավորապես ԵԱԸ պրեզիդենտ Թիերի Կուրվուազիեի, Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) գիտական տնօրեն Ռոբ Իվիսոնի, Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) խորհրդի անդամներ Ֆրանսուազ Ժենովայի և Մարկ Ալենի, աստղադիտակների OPTICON կոնսորցիումի ծրագրի ղեկավար Ջոն Դեյվիսի, Եվրոպական աստղագիտական դպրոցների ծրագրի ղեկավար Միշել Դենեֆելդի և այլոց հետ:
     ԵԱԸ հիմնադրվել է 1990 թ., իր կազմում ունի 25 ազգային աստղագիտական ընկերություն (այդ թվում և ՀԱԸ) և շուրջ 1100 անհատ անդամ, իր գործունեությամբ կոորդինացնում է եվրոպական աստղագիտությունը, տարեկան անցկացնում է համագումարներ, ունի տարեկան մրցանակներ ճանաչված և երիտասարդ աստղագետների համար: Հիշեցնենք, որ 2007 թ. ԵԱԸ համագումարն անցկացվել է Հայաստանում, որը մեր երկրում երբևէ անցկացված ամենախոշոր գիտական իրադարձությունն էր:
     ԵԱԸ հաջորդ համագումարը կանցնի 2015թ. հունիսին Տեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսկ 2016թ.` Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:
    

Հայկական աստղագիտական ընկերություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3628 | 0 | 0
Facebook