Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ինչո՞ւ են հաշմանդամ աղջիկներին ավելի շատ տանում մանկատուն, քան տղաներին

«ԷԽՈ» ՀԿ լրատու
Մամուլի խոսնակ`
«ԷԽՈ» ՀԿ լրատու
16:33, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2012 թ.
Ինչո՞ւ են հաշմանդամ աղջիկներին ավելի շատ տանում մանկատուն, քան տղաներին

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) հրապարակել է «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցը, որը հիշատակված խնդիրների հետազոտության իմաստով առաջին մեծամասշտաբ ուսումնասիրությունն է : Հետազոտության արդյունքները փաստում են, որ խնդիրներն ավելի լուրջ են, քան մենք պատկերացնում ենք: Հայաստանում վկայագրված հաշմանդամություն ունեցող երեխաները կազմում են երեխաների ընդհանուր թվի շուրջ մեկ տոկոսը ( 8.000 երեխա): Սակայն հավանական է, որ Հայաստանում կարող են լինել հաշմանդամություն ունեցող մոտ 12.000 երեխաներ, որոնց հաշմանդամությունը վկայագրված չէ տարբեր պատճառներով: Մասնագետները պարզել են, որ հարցմանը մասնակցած հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր ութ երեխայից մեկը ապրում է մանկատներում կամ հատուկ դպրոցներում: Եվ հետաքրքիրն այն է, որ ավելի շատ հաշմանդամ աղջիկներին են տանում մանկատուն, քան տղաներին: Ավելին` տղա երեխաներին ընտանիքի անդամներն այցելում են ավելի շատ, ու նրանք տուն են գնում ավելի հաճախ, քան աղջիկները: Որքան շատ պատասխանատու պետական ատյանները բարձրաձայնում են այն մասին, որ հասարակությանը ինտեգրվելու խնդիրը չի անտեսվում, և նմանատիպ հաստատություններում խնամվող երեխաները նման խնդրի հետ չեն առնչվում, հիշյալ հետազոտությունը պարզ ցույց է տալիս, որ դա այնքան էլ այդպես չէ, քանզի մանկատունը մինչ օրս էլ ամենափակ կառույցներից մեկը կարելի է համարել: Ըստ վերոնշյալ զեկույցի`մանկատներում խնամվող հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր չորս երեխայից մեկը (23 տոկոս) մանկատան տարածքից երբեք դուրս չի գալիս կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով: Մանկատներում բնակվող հաշմանդամ երեխաների մեծ մասը կրթություն չի ստանում: Յուրաքանչյուր քսան երեխայից միայն մեկն է, որ հաճախում է հանրակրթական դպրոց (5 տոկոս), իսկ հինգը`հատուկ դպրոցներ (23 տոկոս): Դպրոց հիմնականում չեն հաճախում մտավոր հաշմանդամություն ու հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները: Ծնողների 48 տոկոսը նշել է, որ երեխան չի կարող սովորել դպրոցում` արդարացնելով երեխայի կրթության իրավունքի ոտնահարումը, 34 տոկոսը նշել է, որ երեխայի առողջական խնդիրները թույլ չեն տալիս, իսկ 19 տոկոսը որպես պատճառ մատնանշել է այն հանգամանքը, որ դպրոցը չունի համապատասխան պայմաններ: Հետազոտությունից պարզվել է, որ հաստատություններում խնամվող երեխաները ավելի հաճախ են հիվանդանում` ունենալով թերզարգացում, ուղեղի աճի հապաղում, զարգացման ուշացումներ և հուզական կապվածության խանգարումներ: Ինչպես նաև նման հաստատություններում մեծ են չարաշահման, շահագործման և երեխաների իրավունքների ոտնահարման վտանգները: Հետևաբար ամենախոցելի խումբը այն հաշմանդամ երեխաներն են, ովքեր ապրում են մանկատներում:


     Սիրելի' ընթերցողներ, ըստ ձեզ, ինչո՞ւ են հաշմանդամ աղջիկներին ծնողները ավելի շատ տանում մանկատուն, քան տղաներին: «ԷԽՈ» ՀԿ թիմը կարևորում է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու առաջարկը ուշադրությանը արժանի հարցերի շուրջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8085 | 1 | 0
Facebook