Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ակսել Բակունց /Նամակ ռուսաց թագավորին, Մթնաձոր, Սպիտակ ձին

17:49, ուրբաթ, 13 հունիսի, 2014 թ.
    

Ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին: Լրացավ գրողի ծննդյան 115-րդ ամյակը:

Ակսել Բակունցն ապրեց ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937թթ., որի ընթացքում հասցրեց գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից: Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու նրա մարդիկ: Բակունցի արձակի լեզուն գեղեցիկ է, բանաստեղծական ու գունեղ` ինչպես հայկական գորգերի նուրբ զարդանախշերն ու հայ ճարտարապետության քանդակազարդ խոյակները:
     Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:
     Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-16թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից:
     1917թ., ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր` Էրզրումի ճակատում: Երիտասարդ Ե. Չարենցի նման Ա. Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն` բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը:
     Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը` Ակսել Բակունցը:
     1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն:
     Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում:
     Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով:
     Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:
     Իր հայրենի երկրին, նրա մարդկանց, բնությանը, հող ու ջրին անսահմանորեն նվիրված մարդն ու քաղաքացին, մեծ գրողն ու արվեստագետը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին...

Աղբյուրը` findarmenia.com


    
    

Նամակ ռուսաց թագավորին

Իրիկնապահին՝ Արթին պապիս նստելու տեղը կամարակապ դարբասի նիշն էր, որի ներքևի մասը, գետնից մետրաչափ բարձր, կոկիկ տաշած էր, քարե աթոռի պես սարքած։

Կնստեր իր տեղը, կկռթներ հոնի կարմիր մահակին, գլուխը մի կողմի վրա կթեքեր, և եթե զրույցընկեր չունենար, ինքն իրեն կխոսեր ու քթի տակ կժպտար։ Երբ նա ժպտում էր, նրա կապույտ աչքերը փոքրանում էին, և աչքերի տակ շարվում էին բարակ կնճիռներ։

Դարբասի մոտ իրիկնապահին նստելը պապիս հին սովորությունն էր։ Կովերը արոտից էին տուն գալիս, վարից՝ հոգնած ու դանդաղ քայլերով եզները, պառավ ատամների տակ ծամելով ճամփի եզրից պոկած խոտը։ Ու նստած տեղից պապս մեզնից մեկին մի բան էր պատվիրում.

— Էգուց Ալա եզը վարի չտանեք, — կամ թե— մի տեսեք էն քուռակն ինչի է կաղում։

Հետո պիտի վեր կենար, խոտը հոնի փայտով հավաքեր և մոտեցներ Ալա եզին կամ շոյեր քուռակի հիվանդ ոտքը։

Մութն ընկնելուց ժամի զանգերը ծլնգում էին: Առաջին ծլնգոցին պապս փափախը կհաներ, կխաչակնքեր՝ թեկուզ այդ պահին կանգնած լիներ Ալա եզան մոտ։ Եվ խաչակնքելիս հոնի փայտը ձեռքից բաց չէր թողնում։

Մենք բոլորս էլ գիտեինք, որ խաչակնքելուց հետո ձայն է տալու.

— Նազու աղջիկ, դռները բաց արա…

Նազու աղջիկը տատս էր, ծերությունից մի քիչ կռացած, ականջի մեկը խուլ։ Եվ Նազու աղջիկը դռնակը բաց էր անում, դռնակը ճռռում էր, ինչպես սայլի անիվը սառույցի վրա:

Դռան շեմքին նստելն ուներ և մի ուրիշ նպատակ։ Գյուղի մեջ փողոցը մեր տան առվով էր անցնում։ Ուրիշ գյուղից եկողը մեր տան կողքով պիտի գնար։ Հանդից տուն բարձողները, որը մի խուրձ խոտ շալակին՝ որը՝ լուծի կապերն ուսին ու բեզարած եզներն առաջն արած, որը էշի վրա, ոտները գետնին քսելով, — մի խոսքով, իրիկնապահին ով անցներ փողոցով, պապիս պիտի ասեր «բարի իրիկուն» ։ Պապս էլ նրանց պիտի հարցներ, թե վարը պրծա՞ն կամ թե այսինչ սարի խոտն ինչպե՞ս է։

Մի անծանոթ մարդ եթե անցներ փողոցով, պապս մեզանից մեկնումեկին շտապ կասեր.

— Հենց էր ղարիբ լիներ… Շուտ հասի կանչի, թող մեր տունը գա…

Վազում էինք և մինչև չիմանայինք, թե ո՞ւմ հյուրն է, նրան բաց չէինք թողնում։

— Պապի, էն ղարիբը Իսաջանենց ղոնաղն էր, նրանց տունը գնաց։

Եվ պապս պիտի միտք աներ, թե նորեկը Իսաջանենց որի՞ հյուրն է, ե՞րբ է եղել նրանց տանը, ի՞նչ ծանոթություն կար նրանց միջև։ Եթե կասկածեր, կնոջը պիտի հարցներ.

— Նազու աղջիկ, հերո՞ւ էր, թե մեկել տարին էն որ Իսաջանենց Ադամի տղան սարուշենցի բրուտին կանչեց։

Էն ղարիբը նմանեցնում էր բրուտին։

Տատս եթե խուլ ականջն էր դարձրել նրա կողմը, պիտի գլուխը թեքեր, մի անգամ «հը՞» ասեր և ապա հայտներ իր կարծիքը սարուշենցի բրուտի մասին։

Անասունները տեղավորելուց հետո, եթե ամառվա գիշեր էր, պապս տնքալով բարձրանում էր թախտը, արխալուղի կոճաններն արձակում, և հնձվորի նման գլխին կապում սպիտակ շորը։ Հողի գավաթի մեջ սառած սպասից մի քանի գդալ ուտելուց հետո թիկնում էր բարձին և ննջում։

Առավոտ ծեգին ամենից կանուխ նա էր վեր կենում: Քաղցր քնի մեջ, մանավանդ, երբ լուսաբացին զովը պաղեցնում էր օդը և քունն ավելի անուշ դարձնում, պապս ձայն էր տալիս մեզ.

— Դե, վերեք, հրեն արևը դուրս եկավ հա՜…

Մենք ավելի էինք ներս խցկվում վերմակի տակ ու սկսում սուտ խռմփացնել։ Ու մեկ էլ մի ձեռք վերմակի տակ խտղտացնում էր մեր կրունկները։ Ծլոնգ էինք անում, նստում անկողնում և տրորում մեր քնատ աչքերը։

— Դե հա՜, վերեք… Տղամարդն էլ էդքան քնի՞։ Հրես ձմեռը էնքան արջաքուն տա՜ք…— ասում էր և հոնի փայտի ծայրով դիպչում մեր մարմնի բաց մասերին և ինքն էլ մեզ հետ ծիծաղում։

— Վերեք, ես ձեր ժամանակ կարգին տղամարդ էի։ Հրես ձեր պսակելու վախտը մոտենում ա հա՜, վերե՜ք…

Մենք այն ժամանակ ութ-տասը տարեկան երեխաներ էինք։ Ու պիտի վեր կենայինք, քնաթաթախ աչքերով չջոկեինք, թե ով ում տրեխն է հագնում, պիտի կռվեինք իրար հետ, թե ո՞վ է եզները տանելու, և ո՞վ է գնալու վարի։ Բայց ավելորդ էր մեր խոսքն ու կռիվը, որովհետև պապս արդեն որոշել էր աշխատանքը, իսկ Նազու աղջիկը մեր պաշարի կապոցները կախել էր բակի ցից փայտերից։

Եվ արևածագին սկսվում էր գյուղի ծանր աշխատանքի առօրյան։

Ձմեռն էր լավ։ Աշխատանք քիչ կար, տավարը գոմումն էր, խոտն ու դարմանը՝ մարագում։ Պապս ոչ նստում էր դարբասի քարին և ոչ էլ պառկում բակի թախտի վրա։ Արև օրերին նրա փոխարեն հավերը, սառած գետինը կոխ տալով, մոտենում էին, վիզները երկարում, թռչում ու շարվում թախտի վրա գլուխները ծածկում թևերի տակ։

Պապս քուրսու մոտից չէր հեռանում։ Նա սովորություն չուներ գյուղի հրապարակը գնալու։ Քուրսու մոտ կնստեր, բրդե շալը ուսին կգցեր ու կմտմտար, երբեմն ինքն իրեն կժպտար, բարի և անչար մարդու ժպիտով։

Մանավանդ ձմեռը հյուրն անպակաս էր: Ով էլ լիներ, ինչ գործով էլ գար, մի օրվա փոխարեն պապս նրան պահում էր երկու, երեք օր։ Եթե հեռու գյուղերից իր վաղեմի ծանոթը կամ թուրք «քիրվան» նրան տեսության էր գալիս, մեր տունը դառնում էր հարսանքատուն։ Նստում էին մինչև աքլորականչը, պատմում անցած օրերից, վերհիշում մեռած մարդկանց, վաղուց եղած դեպքեր ու վաղեմի պատմություններ։

Մենք էլ էինք նստում այնքան, մինչև քունը հաղթեր, գլուխներս հենեինք քուրսու թախտին, մինչև տատը բոթեր մեզ, զարթեցներ ու վեր կենայինք, որպեսզի վերմակի տակ մի քիչ էլ լսեինք նրանց զրույցը։

Պապս այնքան էր պատմել իր գլխով անցածը մեզ և հյուրերին, որ հենց խոսքի կծիկը ետ տար թե չէ, մենք պիտի իմանայինք, թե որն է պատմում՝ այն, ինչ եղավ գյուղի ավերակ մատուռում, երբ ջահել ժամանակ պապս ընկերների հետ գրազ էր բռնել, գիշերով գնացել փափախը դնելու մատուռի ներսը, ու մի աղվես դուրս էր թռել, վախից պապս գյուղի ճանապարհը կորցրել և մինչև լույս բոստաններում պտույտ էր տվել, — թե ինչպես սարում գայլերը հարձակվել էին ձիու երամակի վրա, ինքը պահվել էր ձիերի արանքում և մի կերպ ազատվել։

Պատմությունն անելիս պապս միշտ կամ ջահել օրերին էր երանի տալիս, կամ էլ առանձին շեշտով խոսքը վերջացնում.

— Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա…

Աշխարհի չար ու բարուց անտեղյակ, միամիտ երեխաներ էինք։ Մեզ համար ամենից հզորն ու սարսափելին գյուղի գզիրն էր։ Տանուտերը, որը նստում էր հարևան գյուղում, մեր գյուղի գործերը տեսնում էր գզիր Իբիշի ձեռքով։ Մեկ էլ գզիրը տնկվում էր կտուրի վրա կամ կռանում էր երդիկից կանչում.

— Քյոխվից հրաման կա… Տերության խարջը երեք օրում ուզում են։ Չտվողին՝ Սիբիր։

Եթե հրամանը հասարակ էլ լիներ, Իբիշը խոսքը վերջացնում էր սպառնալիքով։ Ոչ մի խնդիր և ոչ մի աղերս չէր կարող փափկացնել նրա սիրտը։

— Ուզում ես թագավորի հողից ինձ քոչեցնեն… Չէ, չէ՛, բե՛ր։ Ես ի՞նչ պատասխան պիտի տամ քյոխվին։ Ուզում ես խալխի մեջ ինձ խայտառակ անի՞։ Բեր, թե չէ Սիբիր, հա՜…

Գզիր Ւբիշը մեզ սարսափելի և հզոր էր թվում, որովհետև պապս, որ մեր աչքում անվախ մարդ էր, գայլ ու գազան տեսած, — նա էլ էր խեղճանում, երբ գզիրը կանչում էր երդիկից կամ թե երբ դարբասի քարին նստած ժամանակ գզիրը մոտենում էր և չոր ու կոշտ հայտնում տանուտերի հրամանը։

— Մեր տան կերած աղ ու հացը քոռացնի աչքերդ, Իբիշ…

Պապս էր ասում այդ խոսքերը, երբ գզիրը հեռանում էր այնքան, որ չլսի ասածը։

Եվ ամեն անգամ, երբ գար ու գնար Իբիշը, պապիս ժպիտը կորչում էր, մոռանում էր մեզ էլ, տունն էլ, եզն ու կովն էլ։ Ամեն մի այցից հետո նա խոր թառանչով ասում էր.

— Ախ, Եգոր, մի էստեղից դուրս գայիր…. Յարաբ աչք ա լինելո՞ւ քեզ տեսնեմ…

Այդ որ ասեր, մենք էլ էինք տխրում, չնայած մեզանից ոչ ոք չէր տեսել մեր քեռի Եգորին, որին տարիներ առաջ աքսորել էին։

Նրա աքսորման մասին հակասական պատմություններ կային, որոնցից ոչ մեկը ճշմարիտ չէր։ Գիտեինք միայն, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է և իբրև թե հրացան է քաշել հրամանատարի վրա։ Մեզ համար մութն էր այդ պատմությունը, չէինք տեսել ո՛չ նրան, ո՛չ էլ գիտեինք այն երկիրը, որտեղ, ինչպես պապս էր ասում, «ամառ-ձմեռ ձյուն է» ։ Իր որդու մասին պապս մեզ հետ չէր խոսում, և եթե ձմռան գիշերներին քուրսու մոտ նստած հյուրերից մեկնումեկը պատահմամբ կամ անզգույշ հարցով հիշեցնում էր նրան այդ մասին, պապս «է՜հ» էր անում, ուսերը թոթվում և մի քիչ լուռ մնալուց հետո, շարունակում զրույցը։

Այդ դեպքը մի ստվեր էր մեր լույս օրերի վրա։ Մեծերը տխրում էին, տատս արտասվում էր, երբ նայում էր սնդուկում պահած որդու գուլպաներին։ Եթե մենք նրան հարցնեինք, թե հեռո՞ւ է քեռին, նա պատասխանի փոխարեն պիտի կռանար, համբուրեր մեզ, միմի բան էլ ձեռքներիս դներ։

Ամիսներով մոռացվում էր այդ պատմությունը։ Վարուցանքի հետևից էինք ընկնում, աշխատում էինք լուսաբացից մինչև իրիկուն և մեզ թվում էր, թե ընտանիքում ոչինչ չի պատահել և մեր տան գլխին չի ծանրացել ոչ մի հոգս։

Սակայն անհայտ աղբյուրներից երբեմն լսվում էին լուրեր, մանավանդ հարևան գյուղերում և այնտեղից էլ այդ լուրերը, որպես շշուկ, հասնում էին պապիս ականջին։ Մերթ ասում էին, որ նրան տեսնող է եղել և ուրիշի անունով ապրում է այսինչ քաղաքում, պապս ձի էր նստում, գնում լուրը ստուգելու և հուսահատ վերադառնում։ Մերթ պատմում էին, թե սահմանն անցել և գնացել է Իրանի հողը, և իբրև թե նամակ է ուղարկում մեզ, բայց նամակը ճանապարհին բռնում են։


    
    

Սոսկալին այդ անհայտությունն էր, որովհետև եթե ստույգ իմացվեր, որ նա այլևս չկա, լաց կլինեին և տարիների հետ կհալվեր մորմոքը։ Սակայն մերոնց վիշտն անթեղած կրակ էր, որ մերթ բոցավառվում էր որպես պայծառ հույս, մերթ դառնում մարմրին տվող տկար կայծ։

Պատահում էր, որ ձմռան գիշերներին մեզնից մեկն ու մեկը հանկարծ զարթնում ու գլուխը հանում էր վերմակի տակից։ Այդ գիշերներին շատ անգամ տեսնում էինք տատիս ու պապիս քուրսու մոտ նստած։ Երբեմն նրանք լուռ ննջում էին։ Տատս հանկարծ սթափվում էր, աչքերը տրորում, մոտեցնում բրնձով լի ամանը և մատով մեկ-մեկ ընտրում բրինձը։ Նրանք իրար հետ խոսում էին ամեն գիշեր համարյա նույն ձևով, նույն հանգով։

— Բա ի՞նչ ասաց։

— Կտեսնեմ… Ասում էր շատ ա դժվար…

— Հը՞ ։

— Դժվա՜ր ա, դժվա՜ր…

— Տվածնիս աչքերն առնի, բա հիմա ի՞նչ է ուզում…

— Ճարներս ինչ, պիտի տանք, .. Տեսնենք մի խաբար կբերի՞։

Ու մենք հասկանում էինք, թե կա մի մարդ, որ եթե մտքում դնի, ստույգ լուր կբերի մեր Եգոր քեռուց։ Ո՞վ էր այդ մարդը, մենք չգիտեինք։ Հայտնի էր, որ երբեմն գզիր Ւբիշը մեր տնից յուղ ու պանիր էր տանում նրա համար։ Սի անգամ էլ երկու ոչխար տարավ ու հենց գոմի շեմքին երդվեց, որ անպատճառ նրան կասի։ Գզիրը ոչխարը քշեց հարևան գյուղը, որտեղ ապրում էր տանուտերը, և որի տանը շատ անգամ լինում էր պրիստավը։

Աշնան մի օր պապս, որ առավոտյան կանուխ ձի էր նստել ու գնացել հարևան գյուղտ, ուրախ-ուրախ ձիուց իջավ, սանձը հանեց ձիու գլխից ու մինչև ձին ներս կմտներ գոմի դռնով, շտապեց մեզ հայտնելու, որ տանուտերից տեղեկացել է, թե քեռիս ողջ է և գտնվում է այսինչ քաղաքում։

— Անունն ինչ էր էն անտերի, .. Տես է՜, հուշ եմ ասել։ Լեզվիս պտկին էր, ամբողջ ճանապարհին ասում էի, որ մտահան չանեմ։

Հարկավոր էր խնդիր ուղարկել ամենաբարձր տեղը՝ հենց իրեն՝ ռուսաց թագավորին, ինչպես ասել էր տանուտերը։ Պապիս պատմածը մեզ թվում էր հեքիաթ։ Եվ մինչդեռ տատս ուրախությունից շփոթվել ու անվերջ աղ էր լցնում ապուրի մեջ ու խառնում, մենք զարմացած նայում էինք մեր կարճլիկ, մազը սպիտակ պապին, որի կապույտ աչքերը պայծառացել և վառվում էին հույսի հրճվանքով։

— Պապի, թագավորը նամակդ որ ստանա, ի՞նչ պիտի անի։

— Կկարդա, հրաման կտա պրիստավին, որ Ադամով Եգորին, որտեղ որ է, սաղ-սալամաթ հասցրեք իրեն հորը։

— Բա ո՞նց է գնալու նամակը։

— Էհ, դուք հլա աշխարհքի որտե՜ղն եք… Փոշտ կա, յասաուլ կա, պրիստավ կա։ Տանելու են թագավորի ձեռքին դնեն։ Քյոխվան ասում էր, որ պիտի լավ թղթի վրա գրել տաս, ղալամն էլ ոսկի պիտի լինի, թե չէ ընդունիլ չեն։

Ու մանկական երևակայությամբ պատկերացնում էինք ոսկե գրիչը, որով փայլուն թղթի վրա գրում են պապիս խնդիրքը, բառերը պսպղին են տալիս, նամակը սարերի վրայով և թռչունի թևով հասնում է ոսկե մի տուն, և թռչունը նամակը դնում է թագավորի թախտին։

Այդ իրիկուն տատս ջոկեց պանրի յուղոտ կտորները, լցրեց մի մորթու մեջ և բերանը կապեց։ Երբ պապս պատվիրեց պոչը ծաղիկ երինջին գիշերը կուշտ խոտ տալ, մենք հասկացանք, որ նա յուղ ու պանրի հետ քաղաք է տանելու և պոչը ծաղիկ երինջին, որը մեր բոլորի սիրելին էր, մեր աչքի լույսը։

Սակայն ոչ ոք չառարկեց։ Առավոտ կանուխ բոլորս ոտքի էինք և մեզնից ամեն մեկն աշխատում էր ավելի շոյել երինջի մեջքը. խոտի մեջ եղած չոր ծաղիկները ջոկել ու տալ նրան։

Պապս ձիու թամբին կապեց յուղն ու պանիրը և երինջին առաջ արավ։ Դարբասից դուրս գալուց, երինջը ետ նայեց դեպի կիսաբաց դուռը ու բառաչեց։ Գոմից նրան ձայն տվեց նրա պառավ մայրը։

Երբ ձին ու երինջը ծածկվեցին բոստանների պատերի հետևը ու միայն երևում էր պապիս փափախը, որ սև կատվի պես վազում էր պատի վրայով, — մենք մի քիչ էլ կանգնեցինք ու ներս մտանք։

Երկու օր հետո պապս վերադարձավ։ Իր խնդիրքը գրել էր տվել Միրզա Դավիթին և տանուտերի օգնությամբ հանձնել փոստը։ Պոչը ծաղիկ երինջն էր գնացել, յուղն ու պանիրն էլ։ Փոխարենը պապս բերել էր թղթի մի փոքրիկ կտոր, որ նրան ավել էին նամակն ընդունելուց հետո։

— Նազու աղջիկ, լավ տեղ դիր, աչքի լույսի պես պահիր։ Պատասխանն էդ թղթովն ա գալու։ Թե որ կորա՜վ…

Եվ փոքրիկ թուղթը, որ շորի մեջ ամուր փաթաթելուց հետո տատս դրեց սնդուկի մեջ, մեզ համար դարձավ և՛ ամենից թանկը, և ահավորը։

Ի՞նչ կար այդ փոքրիկ թղթի մեջ, ո՞ւր է մեր պոչը ծաղիկ երինջը, մորթեցի՞ն, թե՞ բառաչում է ուրիշի գոմում։ Մտածում էինք այնքան, որ հոգնում էինք, քնում ու երազի մեջ տեսնում երինջին, որ խոտի տեղ ախոռում ուտում էր թուղթ…

Մի ձմեռ անցավ, բայց նամակի պատասխանը չեկավ: Ամբողջ գյուղը այդ մասին էր խոսում, և պապս էլ միամիտ պարծանքով պատմում էր, որ ինքը ռուսաց թագավորին նամակ է ուղարկել։ Մեր տունը հյուր եկողներին նա նկարագրում էր, թե ինչպես է Միրզա Դավիթը խնդիրքը դրել։

— Է՛, մենք էլ ասենք ապրում ենք։ Էնպես ղալամ ունի, որ քարին դնի, քարը կճաքի… Ինձ որ տեսավ, երեսիս նայեց, թե Արություն ապեր, ուզո՞ւմ ես ասեմ, ինչի ես եկել ինձ մոտ։ Ասաց, թե դու ուզում ես, որ թագավորին նամակ գրեմ տղիդ համար։ Մնացի զարմացած։ Օրենքի գրքերը բաց արեց կարդաց, կարդաց, մինը դրեց, մյուսը վերկալավ, վերջը գտավ։ Ոսկե ղալամը դրեց թղթի վրա… Մի զարմացք էր որ։ Էդպե՜ս էլ գիր, էդպե՜ս էլ զորություն…

Ունկնդիրն իր հիացմունքն էր հայտնում Միրզա Դավիթից և նրա գրչից, ինքն իր հերթին անում մի պատմություն նրա իմաստությունից և հնարագիտությունից։

— Ասենք թե անունը միրզա է, բայց ադվակադից էլ գիտուն է։

— Պապի, բա պատասխանը ինչո՞ւ չի գալիս…

— Ա՜յ, որդիք, հենց իմանում եք, թե թագավորը ունի չունի էդ հոգսն ունի։ Կռիվ կա, ժողովուրդին կերակրել կա։ Օրը ես հազար ասեմ, դու երկու հազար իմացի, էդքան նամակ ու խնդիրք ա ստանում։ Հալբաթ մի օր էլ մերը ձեռքը կհասնի… Բա էս թուղթն ինչի՞ համար են տվել։ Էդպես էլ վրան գրած է. Արություն Ադամովից նամակ ռուսաց թագավորի վրա։

Եկավ գարունը։ Մի օր էլ գզիր Ւբիշը ձայն տվեց, որ հարևան գյուղում ժողով կա։

— Թազա պրիստավ են դրել, ա՜յ ժողովուրդ, թազա քյոխվա են ընտրելու։ Տունը մի մա՜րդ…

Տանուտերի ընտրությանը պապս չգնաց։ Ալա եզն այդ օրը տնքում էր, նրա պնչերից ծորում էր ժահրոտ լորձունք։ Պապս տաք մոխիր էր կապել եզան ճակատին, շոյում էր նրա մեջքը և փաղաքշական խոսքեր ասում։

Մի քանի օր անց, երբ հիվանդ եզը ոտքի կանգնեց ու ոտքերը զգուշությամբ փոխելով սկսեց լիզել բակի քարերը, — պապս դարձյալ նստել էր իր սովորական տեղը, աչքր հանդից տուն դարձողներին։ Ու մեկ էլ երևաց գզիրը։

— Թազա պրիստավր քեզ էգուց առավոտ կանչել ա։ Վախտով էնտեղ լինես, թե չէ ասում են հերսոտն ա…

— Խեր լինի, Իբիշ… — հարցրեց պապս, տեղից վեր կենալով։

— Հաստատ տեղեկություն չունեմ։ Ինձ էդպես ա հրամայել:

— Ո՞վ:

— Թազա քյոխվան, Մուքելանց Առստամը։

Պապս էլ ոչինչ չհարցրեց։ Իբիշը հեռացավ։ Լավ նշան չէր Առստամի մասնակցությունր։ Նա հին հաշիվ ուներ պապիս հետ։

— Ինչե՞ր էր ասում բայղուշը, — հարցրեց տատս։

— Առստամը կանչել ա, թազա քյոխվան։

— Հը՞, — պապս նորից կրկնեց։

— Պատասխանը եկած չլինի՞, — ասաց տատս։

— Կարող ա։ Վախտն ա. եկած էլ չլինի, հրես որտեղ որ ա կհասնի։ Համա ասեց պրիստավն ա կանչում։ Հը՞, — դարձավ նա մեզ։

Մենք հաստատեցինք, որ Իբիշն այդպես ասաց, և որպեսզի ավելի ստույգ իմանայինք, պապս մեզ ուղարկեց նրա մոտ մի անգամ ևս հարցնելու։ Գզիրը նախ մեզ վրա բարկացավ, թե չենք թողնում, որ հանգիստ հաց ուտի, ապա մեզ հայտնեց, որ պապիս կանչողը պրիստավն է, բայց ինքը հրամանը ստացել է Մուքելանց Առստամից։

— Հենց քու ասածն ա լինելու, Նազու աղջիկ, — ասաց պապս մեզ լսելուց հետո։— Երևի պատասխանը եկել է, կամ թե ո՞վ գիտե, թագավորի կողմից մի հարցմունք պիտի անի։

Քնելուց առաջ պապս ինձ պատվիրեց առավոտը կանուխ վեր կենալ։ Ես նրան պիտի ուղեկցեի և այնտեղ նրա ձին պիտի պահեի, մինչև պապս ներկայանար պրիստավին։

Ուրախությունս անչափ էր։ Ես պիտի տեսնեի հարևան գյուղը, պապիս թարքին նստած պիտի բարձրանայի սարի գագաթը, որ մեր բակից անչափ հեռու էր երևում։ Վերջապես ես պիտի տեսնեի պրիստավին։ Այս մտքի վրա ուրախությունս տեղի էր տալիս ահավոր երկյուղի։

Լուսաբացին մի անգամ ձայն տալուց իսկույն վեր թռա և արագ հագնվեցի։ Բակում պապս հագցնում էր ձիու սանձը։ Քիչ հետո երկուսով նստեցինք ձին ու ճանապարհ ընկանք։

Երբ հեռացանք գյուղից, ամեն ինչ ինձ համար նոր էր և անծանոթ։ Իմ հարցերին վերջ չկար։ Ու դեռ մեկի պատասխանը չստացած, մյուսն էի տալիս, իսկ պապս դողդոջ ձայնով պատասխանում էր, երբեմն կանչում ձիու վրա և սանձը ձգում, երբ ձին ոտքը դիպցնում էր քարին։

— Հրեն է՜։ Էն սպիտակ տունը, կտուրն էլ կարմիր, — ցույց տվավ պապս սարի գագաթից, — պրիստավն էնտեղ է նստում։

— Պապի, որ թագավորը գրած լինի, թե իրավունք եմ տալիս, քեռին քանի՞ օրում կգա։

— Մի աչքը ճպելում։ Թագավորի համար ինչ։ Ուզենա մի օրում հազար ոչխար մորթել կտա։

— Հազար ոչխա՜ր…

Քիչ հետո մենք սպիտակ շենքի մոտ էինք։ Ինչքա՜ն նորություն կար ինձ համար։ Այստեղ փողոցներն ավելի լայն էին, տներն ավելի գեղեցիկ։ Փողոցում շատ ժողովուրդ կար։ Խանութների առաջ մարդիկ խռնվել էին իրար՝ յուղ էին ծախում, կով, բուրդ, մեկը գովում էր իր ապրանքը, մյուսը՝ բարձրաձայն սակարկում գնորդի հետ։ Մի քանի հոգի բարևեցին պապիս։ Այդ ինձ ուրախություն պատճառեց։

— էս հեռու տեղը որտեղի՞ց են իմ պապիս ճանաչում, – մտածեցի ես։

Սպիտակ տան առաջ իջանք, ձին քաշեցինք բակի ստվերը։ Սանդուղքի վրա նստել էին գյուղացիներ՝ հայ, թուրք, ոմանք զրուցում էին իրար հետ, ոմանք պատի ստվերում պառկել էին, գլխատակին աղլուխի մեջ փաթաթած պաշարը։ Պապս մոտեցավ և խառնվեց նրանց։ Մի րոպե ես նրան իմ աչքից կորցրի, սիրտս ահ ընկավ և երբ տեսա սև փափախը, կանչեցի. Պապի՜…

Ժպիտը երեսին մոտեցավ, պատվիրեց, որ ձիուն լավ նայեմ և չթողնեմ, որ մոտենա մյուս ձիերին։

— Քեզի քացի կտան, աչքդ վրան պահիր, — և հուսադրելու համար ասաց.— թե որ պատասխանը եկած լինի, քեզ համար խուրմա եմ առնելու…

Նրա խոսքը կիսատ մնաց, սանդուղքի գլխից մեկը կանչեց.

— Ադամով Արություն:

Ես տեսա, թե ինչպես պապս շտապեց արագ հասնելու սանդուղքին։ Աստիճանների վրա նստած գյուղացիները նրան տեղ տվին անցնի։ Հետո պապիս սև փափախը ծածկվեց դռների հետևը։

Ձիու սանձից պինդ բռնած, ես աչքս չէի հեռացնում փակ դռներից։ Երբեմն դռները բացվում էին, ներս ու դուրս էին անում պսպղան կոճակավոր մարդիկ, աստիճաններին նստած մարդկանցից ոմանք ոտքի էին կանգնում և նրանց խոնարհ գլուխ տալիս։ Իմ աչքին բոլորն էլ պրիստավ էին, ու ես չէի կարողանում ջոկել, թե նրանցից որն է ավելի մեծավորը։

— Պրիստավն էն է՞, — հարցրի ես կողքիս նստած մի գյուղացու, որի գլխին փաթաթած կեղտոտ շորի վրա և երեսին կային արյան չորացած կաթիլներ։

— Էն ուրյադնիկ Վասոն ա. պրիստավն օթախումն ա, — ասաց նա։ Ես հարցրի, թե ուրյադնիկը պրիստավի ի՞նչն է։ Սակայն հետաքրքրությունս ավելի սաստկացավ։ Եթե ուրյադնիկը այդքան շատ ոսկի կոճակներ ուներ, ապա ինչեր կլինի պրիստավի հագին։ Իսկ թագավո*րը:

Ինձ թվաց, թե սպիտակ տան ներսը մեկը գոռգոռում էր և ոտքը խփում գետնին։ Սանդուղքի քարին նստած մարդկանցից ոմանք իջան և կանգնեցին բակում։

Հանկարծ դռները բացվեցին, երևացին մի քանի ձեռքեր, իրար խառնված մարմիններ, անթիվ փայլուն կոճակներ և այդ ամենի մեջ պապիս ալեհեր գլուխը։

Ձեռքերն իջնում էին նրա գլխին։

Ու մինչև ես բարձր կանչեցի, և ձիու սանձից բռնած վազեցի սանդուղքի կողմը, — պապս արդեն թափ էր տալիս փեշերը։ Վերևից մեկը ոտքով շպրտեց նրա սև փափախը։ Դռները նորից փակվեցին։

Մի քանի հոգի սիրտ արին և մոտեցան մեզ։ Սակայն ոչ ոք ծպտուն չհանեց։ Իսկ երբ սանդուղքի վրա երևաց ուրյադնիկր, նրանք իսկույն հեռացան։ Պապս փոշոտ գլխարկը թափ տվեց ու դարձավ ինձ.

— Ձին պահի, բալաս… Պատասխանը չկա։

Բերանից արյուն եկավ։ Ես տեսա նրա ջարդված ատամը։ Արյունը թքի հետ խառնված կաթում էր նրա արխալուղի վրա։

Ձին մոտ քաշեցի։ Մեր գյուղացի մեկը օգնեց ինձ ու պապիս՝ ձին նստելու։

Մենք անխոս ճանապարհ ընկանք։

Պապս գլուխը կախել էր և ձախ ձեռքով բռնել ծնոտը։ Ես պինդ գրկել էի նրան, գլուխս հենել մեջքին։ Լսում էի ընդհատ շնչառությունը։

Նա հեկեկում էր։

Էլ չկարողացա ինձ զսպել և արցունքներս, ամբարտակը պատռած ջրի նման, ժայթքեցին դուրս։ Ես ավելի պինդ փաթաթվեցի նրա մեջքին։

Երեկոյան, երբ պապս, ատամների ցավից տնքալով, հազիվ լսելի պատմում էր, թե ի՞նչ եղավ ներսը, երբ ներկայացավ պրիստավին, երբ Մուքելանց Առստամը պրիստավի ականջին փսփսաց, — պրիստավը փրփրեց, հայհոյեց և ոտքը գետին տալով բղավեց.

— Ես քեզ ցույց կտամ, թե ինչ ասել է թագավորին նամակ ուղարկել։

Պապս իզուր էր փորձել թարգմանի միջոցով հայտնելու, թե ինքը ռուսաց թագավորին նամակ է ուղարկել միայն իր որդու՝ Եգոր Ադամովի մասին։

— Բերանս բաց արի թե չէ, մի անգամ խփեց։ Աչքերս սևացան… էլ միտս չի, թե ինչպես դուրս գցեցին… Առստամը բեղի տակ ծիծաղում էր…

Այն օրից շատ տարիներ են անցել։ Պապս վաղուց է մեռել։ Նրա գերեզմանի հողը նստել է և թեք է ընկել գերեզմանաքարը։

Մինչև վերջին րոպեն միամիտ ծերունին հավատում էր, որ մի օր պատասխանը գալու է։ Երբ հիշում էր այն օրը, դեմքն այլայլվում էր և աղոտանում էր նրա հույսը։ Սակայն հետո նորից հուսադրում էր իրեն էլ, մեզ էլ։

— Նազու աղջիկ, ես մեռնում եմ։ Հուր հավիտյան պարտական մնաս, թե պատասխան ստանալիս չգաս և իմ գերեզմանին իմաց չտաս, — ասել էր նա վերջին լուսաբացին։

Նրանից մի տարի հետո մեռավ և տատս։

— Նազու աղջիկ, ես մեռնում եմ։ Հուր հավիտյան պարքին։ Ու նրա հետ թաղել էին և թղթի այն կտորը, որ իբրև թանկագին ավանդ, պառավը պահում էր սնդուկի մեջ։

Եվ այդպես էլ չիմացվեց, թե ինչ եղավ Եգոր Ադամովը։

…Շատ տարիներ են անցել։ Այդ անցյալը ինձ համար դարձել է հիշողություն, որ հետզհետե ընկղմվում է մոռացության անդունդը։ Միայն երբեմն աչքիս առաջ երևում է իմ Արթին պապի ալեհեր գլուխը, նրա կապույտ աչքերը և խեղճ ժպիտը։ Սակայն հանկարծ ավերվում է այդ պատկերը, նրա ժպիտը դառնում է ցավ, և ծերունու ջարդված ատամից նրա արխալուղի վրա ծորում է արյունը:

1927 — 1930


     Մթնաձոր


    

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։

Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։

Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային։

Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։

Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։

Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսր հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։

Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։
    
     Սպիտակ ձին


    

1
     Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերկեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի գողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.

— Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, — մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։

Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։

Կանգնում էր դռան շեմքին և կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը։

Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի։ Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները, և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից։

Այդ երեկո, երբ Շարմաղ բիբին դուռը քաշեց և ոտքը շեմքին դրեց, հանկարծ ետ քաշվեց մի ահարկու ձայնից, որ անակնկալ որոտաց հենց նրանց կտուրի վրա և խռպոտ աղմուկով խլացրեց զանգերի ծանոթ ղողանջը։

Տանեցիները, որոնք սփռոցի չորս բոլոր նստած լուռ ընթրում էին, արձանացած, զարմացած իրար նայեցին։ Ահ կար նրանց աչքերում։ Նույնիսկ փոքրիկ Երեմը բնազդով զգաց, որ խռպոտ ձայնը բոթ է գուժում։

— Է՜ հե՜ հե՜ յ, — ալիք, ալիք դիզվեց ձայնը, — ժողովուրդ… Թագավորի հրամանով առավոտը կանուխ ձիատերը ձիով քաղա՜ա՜ք, հե՜յ-հե՜յ… Ով չտանի, թագավորի հրամանով տունը, տեղը է՜-հե՜-հե՜յ…

Եվ ձայնը հեռանալով նվազեց, որովհետև գզիրը ուրիշ կտուր բարձրացավ և երեսն ուրիշ թաղի կողմը դարձրեց։

Շարմաղ բիբին չլսեց, թե զանգերն ինչպես լռեցին և ուր կորան նրանց վերջին թավ ելևէջները։ Դուռը դժգոհ վրա դրեց և դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց շան նման։

— Չո՛ռ, բայղուշ, հենց էս սհաթին էր…

Երբ Շարմաղ բիբին եկավ տեղը նստեց, և երեխաները տատի ներկայությունից սիրտ առան, Սիմոնը հառաչելով, կարծես ինքն իրեն, ասաց.

— Էսօր Մինասի տղան էր պատմում… Ասում էի սուտ կլինի, ա՛ռ քեզ…

— Ապի, յանի թագավորն էդքան ձի ինչի՞ ա հավաքում, — Հորը դարձավ անդրանիկ աղջիկը՝ ութ տարեկան Շողերը։

— Եսի՞մ, – ուսերը վեր քաշեց հայրը, կռիվ ա, բալա ջան… Մարդ են ջարդում, ձիեր են կոտորում։ Ժողովուրդ տո՛ւր… Թագավորի հրաման ա։

— Փո՛ւ, փո՛ւ…

Անհայտ էր, թե Երեմը այդ բացականչությամբ իր զարմանքն էր արտահայտում, թե" պաղեցնում էր տաք ապուրը։ Մայրր սկսեց նրան կերակրել և ահը սրտում ամուսնուն հարցրեց.

— Մեր Ցոլակը չափումը կգա՞, — բայց Սիմոնը, որ անակընկալ մտքերի հետ էր, չլսեց նրա հարցը։

Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։ Եվ ասում էին, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին, որ Սիմոնը գնել էր երկու տարի առաջ, փոխարենը տալով իրենց էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։

— Տուն եմ, երեխաների տեր եմ, առանց ձիու հնար չկա, — ասել էր նա և ուրախության ժպիտով առաջին անգամ ձին քաշել աղբյուրը։ Հենց այդ օրն էլ նրան անվանել էին Ցոլակ, այն ձիու անունով, որ եղել էր նրանց տանը՝ Սիմոնի մանկության տարիներին։

— Հակառակի պես հայվանն էլ ջանով ա, — ասաց Սիմոնը և սթափվելով խոր մտքերից, դանդաղությամբ հացի փշուրները փեշից սփռոցի վրա թափելով, — տարվա էս ժամանակ ձին էլ էդքան ջանով լինի՞։ Հալբաթ էսպես պիտի լիներ…

Ասաց ու վեր կացավ, փափախի մորթու միջից ծղոտները մեկ-մեկ դեն գցելով, դուրս եկավ գյուղամեջ, դրացի հարևաններից իմանալու ավելի ստույգ տեղեկություն։

Դարբասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել և ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը, երբեմն մռութով քրքրում խուրձը և փնտրում սուսամբարի տերև։ Սիմոնը տխուր նայեց. Ցոլակի ողորկ մարմինը և մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին։

Նա մի անգամ էլ տեսավ, որ ձին նիհար չի և չար վրդովանքով կանչեց…

— Սատկած, քիչ կեր էլի, տրաքվելու չե՞ս հո… Կանչեց ու խուրձը դրեց գոմի կտրան։ Ձին մեղմ վրնջաց և վիզը մեկնեց դեպի խուրձը։

— Հը՞, բոյը կարճ չի՞, նանի… Չափումը թե չգա, — դարձավ նա մորը, որ հավաբնի մուտքը կալել ու կանգնել էր նրա կողքին:

— Եսի՞մ, այ որդի…

— Ռուսի ղազախը սրա վրա կարո՞ղ է նստի… Չէ, չեն տանի, — հուսադրեց իրեն Սիմոնը և քայլեց փողոցով։

Շարմաղ բիբին նայեց որդու օրորվող մարմնին, մինչև նա հալվեց մթնում և կենդանական խանդաղատանքով ինչ-որ բան մրմնջաց, որ չգիտես աղո՞թք էր, օրհնությո՞ւն, թե աղոտ հույսի ակնկալություն։

2

Մութն էր, երբ Սիմոնը տուն եկավ։ Գոմում կապած ձին լսեց տիրոջ ոտնաձայնը, նորից վրնջաց, Սիմոնը խղճահարվեց, նա ճրագը վառեց, խոտի խուրձը գրկեց և ներս մտավ գոմը։ Ցոլակն ուրախությունից վրնջաց, մի քանի քայլ արեց, փորձեց կապը կտրել, բայց չկարողացավ։ Սիմոնը խուրձը մսուրը դրեց և երբ ձին մռութը կոխեց մեջը, — ձեռքով շոյեց Ցոլակի փափուկ մեջքը։

Ընդարձակ գոմի անկյունում նստել էր պառավ կովը: Երկու այծերը, որոնք բարձրացել էին մսուրի վրա, Սիմոնին տեսնելով ցած թռան և միրուքներն օրորելով մոտ վազեցին։ Սակայն Սիմոնը չմոտեցավ ոչ կովին և ոչ էլ այծերին։ Նա մի պահ կանգնեց, ապա ձիու ոտքերի տակ թափված խոտը ժողովեց և դուռը դրեց։

Երեխաները քնել էին։ Շարմաղ բիբին, աչքերը կկոցելով, դժվարությամբ թելում էր հաստ ասեղը, որպեսզի կարկատի որդու գուլպաները։ Նրանց տան վաղուցվա կարգն էր այդ։ Երբ Սիմոնը քաղաք գնար, մայրն էր հոգում նրա ճանապարհի պատրաստությունը։

Խրճիթի հին դուռը ճռճռաց, պառավը ասեղը թողնելով՝ անհանգիստ հարցրեց.

— Հաստա՞տ ա…

— Բա հո սուտ չի՞ …

— Ի՞նչ են ասում։

— Ասում են բոյը հաշիվ չի, եթե ձին առողջ է, կտանեն…— և դարձավ մորը.— նանի, Ցոլակի էն մեծ տոպրակն ո՞ւր ա, հետս դարման եմ տանելու։

Շարմաղ բիբին վեր կացավ մեծ տոպրակի միջի բուրդը թափելու։

Քնելուց առաջ Սիմոնը մի անգամ էլ գնաց գոմը։ Պառավ կովը այդ անսովոր այցից զարմացած, մինչև վեր կենար ու որոճալով մոտենար գոմի դռան, Սիմոնը ձիու համետն ու չվանները սարքեց, դրեց ախոռի մոտ ու դուրս եկավ։

Դուրսը աստղալույս գիշեր էր։

Գյուղում մեկ-մեկ հանգչում էին կրակները և կրակների հետ լռում էին ձայները։ Ներքևը, գետափի մարգերում, կանչում էր գիշերահավը։ Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը։

Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին։ Հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, երբ հավասար աշխատում էին ինքն ու Ցոլակը։ Իսկ ա՞յժմ… Եվ Սիմոնին թվաց, թե իրենց տնից տանում են ոչ թե մի ձի, այլ իր եղբորը, իր որդուն, այնպես, ինչպես անցյալ ամառ շատ տներից տարան նրանց որդիներին ու եղբայրներին։

Սակայն հոգնությունը հաղթեց, ու ներս մտավ տուն։

— Հակառակի պես անիրավի մեջքը կասես հինայած լինի, — նորից հիշեց Սիմոնը։

3

Լույսը դեռ չէր բացվել, երբ Սիմոնը ճրագը ձեռքին մտավ գոմը, Ցոլակին համետեց ու դուրս քաշեց։ Հարևան բակերում ճրագներ էին շարվում, ճռնչում էին դռները, ինչ-որ ձայներ էին գալիս։

Սիմոնը լսեց իր հարևանի՝ Սաքու տղայի ձայնը։ Նա բարկացած կանչում էր հարսի վրա, թե ինչու ձիու չվանը լույսով չի գտել։

Դռանը կանգնել էին Շարմաղ բիբին, կինը և նրա փեշից բռնած քնաթաթախ Շողերը, որ անսել էր մոր խոսքը և լացով հագել շորերը, որպեսզի տեսնի, թե ինչպես են ճանապարհ գցում Ցոլակին։

Տխուր ժամ էր, երբ Սիմոնը դռնից հանեց ձին։ Կարծես ներսը նա զարդարել էր մի դագաղ, իսկ դուրսը սպասում էին այդ ծանր վայրկյանին, որ աղի արտասվեն։

Ցոլակը գոմից երբ դուրս եկավ, վրնջաց և ականջները խլշեց։ Շարմաղ բիբին ձեռքը կրծքին խփեց և աղիողորմ ասաց.

— Ջա՜ն, — ու սրբեց արցունքը։

Շողերը մոտ վազեց, երեկվա խոտի փշրանքից մի բուռ մոտեցրեց ձիուն։ Ցոլակի տաք ռունգներից մի ջերմ շունչ շոյեց աղջկա սառած ձեռքերը։

Սիմոնն ամրացնում էր ճանապարհի պաշարը, կապում հարդով լի պարկը և միաժամանակ տնեցիներին պատվիրում, որ ցերեկն այծերը հեռու չքշեն, որ եթե արև լիսի՝ հնձած խոտի կիտուկները շրջեն և եթե ջրի հերթն իրենց տան, լոբու մարգերն անպատճառ ջրեն։ Հենց այդ խոսքին Սաքու տղան կանչեց.

— Սիմոն, բա չպրծա՞ր…

— Եկա՛, եկա՛…

Եվ Ցոլակի սանձը քաշեց։ Տանեցիները դանդաղաքայլ հետևեցին մինչև հարևանի դուռը, ասես հուղարկավոր էին մի թանկագին դագաղի, որին ուղի էին գցում մահվան անվերադարձ ճանապարհով։

Շարմաղ բիբին անընդհատ լալիս էր, լաց էր լինում և Շողերը, լալիս էր նրա մայրը։ Փողոցին չհասած, մայրը լսեց Երեմի ձայնը.

— Ապի՜, ապի՛…

Դռան շեմքին կանգնել էր մերկ երեխան ու բարձր-բարձր հեկեկում էր և կանչում հորը։ Բայց ուշ էր։ Սիմոնը Սաքու տղայի հետ արդեն իջնում էր ձորակը, որպեսզի միանա ուրիշ ձիավորների։

Մայրը վերադարձավ, գրկեց տղային ու տուն մտավ։ Շարմաղ բիբին ու Շողերը կանգնեցին այնքան, մինչև ձիավորները դարիվերը բարձրացան և պահվեցին բլուրի հետևը։

Արևը նոր-նոր շողերով ոսկի էր թափում բարձր սարի կատարին, երբ վերջին ձիավորը երևաց դարիվերի գլխին և անհետացավ, ինչպես սև ուրու:

4

Ձիավորները սկզբում լուռ էին, ոմանք առավոտի զովից ընդարմացել ու կարկամել էին։ Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնաղի ողբ են երգում գյուղի կանայք։

Գնում էին մեկ-մեկ, խումբ-խումբ։ Մեկը գրպանից հաց էր հանել, մյուսն ագահությամբ ծծում էր չիբուխը, երրորդը կախ էր արել ոտքերը, աչքը ձիու ականջներին և լուսաբացի նինջով օրորվում էր ձիու հետ։

Բայց երբ սարի հետևից արևը բարձրացավ, կարծես ջերմացավ տխուր ու լուռ ձիավորների սիրտը։ Ամենից առաջ խոսեց դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, որ սարը բարձրանալիս սահել և հասել էր մինչև ձիու գավակը։

Նա ընդհատեց իր տխուր երգը և միամիտ պարզությամբ ասաց.

— Ես աստծու քոռ հավատն անիծեմ… Ի՛մ աչքս էսպես արեց։ Իմ ձին որ քոռ լիներ, ես էս սարի գլխին ի՞նչ ունեի։

Մի քանիսը ծիծաղեցին։ Սաքու տղան մտքում բարկացավ նրա վրա.

— Անդա՛րդ հեյվան…

— Հրեն Հիբանի ձիուն տեսեք, — շարունակեց Իվանը, ուրախ, որ ընդհատեց ծանր լռությունը, — կասես ղազախի ձի լինի։ Հիբան, պրիստավը քեզ էդ ձիով տեսնի, քեզ էլ հետը կտանի…

— Ի՞նչ պակաս կավալեր ա, — ձայն տվավ մեկը։— էն օրը քարուտի առվով էնպես թռավ, որ մնացինք արմացած։

— Մի տեսեք է՜… Տերտերն իրա ձին ժամհարին ա տվել։ Այ, ինչ եմ ասել հալալ ախպերության, — խոսքը փոխեց դարբնի տղան։

— Ա, քիչ յավա-յավա խոսիր, է՜յ… — կանչեց Շուղունց Աքելը, որ գյուղում ավել անունով հայտնի էր որպես «աղվես խեղդող», երիտասարդ ժամանակ ձեռքով աղվեսը խեղդելու համար.— տերտերը հիվանդ տեղով կարո՞ղ ա ձի նստի։

— Դե ասի մնացել ա, որ մեզ համար աղոթք անի, էլի՜, — կծու հեգնեց մի ուրիշը։

Ընդհանուր խոսակցությունից բացի, ծայր առան և մասնակի զրույցներ։ Ոմանք ճանապարհն աննկատ անցնելու համար մի պատմություն սկսեցին, ոմանք էլ խոսում էին պատերազմի և նրա արհավիրքների մասին։

— Մեր Անդրին անցկացած շաբաթը մի նամակ էր ուղարկել Վարշավու կողմերից… Լավ չի գրում, ասում է՝ էս է մի ամիս է ծմակի մեջ, գիշեր-ցերեկ թոփերը տրաքում են: Մինչև անգամ չոլ դուրս գալն ա երկյուղալի…

— Իմ հորեղբայր Սիմոնն էլ ա գրել։ Լազարեթից ա գրում, համա տեղը հայտնի չէ։ Մի տեսակ անուն են ասում… էն օրը տերտերը ինչքան ման եկավ գրքերում, չգտավ։ Ասում ա էդպես քաղաք Ռուսեթու հողումը չկա։

— Նրա ի՞նչն ա որ…

— Ոտիցն ա կպել։ Գրում ա, որ ծանր չի, մի ամսից պիտի դուրս գա։

— Աքել ամի, դու երկիր տեսած մարդ ես, էս կռիվն ինչո՞վ կվերջանա, — դարձավ նրան դարբնի տղան։ Շատերը ծիծաղեցին, որովհետև Շուղունց Աքելը իր ողջ կյանքում իրենց գյուղից գավառակային ավանից այն կողմը չէր եղել։

Ինքը՝ Աքելը, դժգոհ սաստեց.

— Անհամ անհամի տղա…

Քիչ հետո խոսք ընկավ ձիերի պետական գնի մասին։

— Թեկուզ անունը փող, ի՞նչ կառնվի դրանով…

— Երկու բեռ գարի…

— Էդ էլ չես առնի։

— Դե գոնե գինը տային։


    
    

— Տային էլ, որտեղի՞ց ես ձի առնում։ Մեր գյուղից որ էսքան ձի են պահանջել, դու տես ամբողջ գավառից քանիսն են բերելու…

— Այ տղա, էս հո կարգին զորք ենք, — և դարբնի տղան բարձր կանչեց.

— Սլուշա՜՚յ… Ափիցեր Աքել Շուղունցով…

— Ա, հերիք տնազ տաս Աքել ամուն։

— Աքել ամիս նեղանալ չի… Դե, շարքով գնացեք, տեսնեմ ով ա ետ ընկել, — ասաց Իվանը և ձին ճանապարհից հանեց։

— Թամամ հաշիվ… Աբրահամի ձին չկա՝ էն ա բաղարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին…

— Կոստանդը հիմա քնած, ձին էլ ոսկի գարին առաջը… Վեր կկենա, յուղ ու մեղր կուտի, ձին կթամբքի և Կաթնաղբյուր մեզ կհասնի։ Նա հո քո հավասարը չի՞ — ասաց Գիլանց Մուքին։

— Մի հաշիվ չի՞… էս գլխից հենց նրա ձին են տանելու, — ասաց Սիմոնը և տխուր նայեց Ցոլակին, որ ականջները խաղացնելով գնում էր մյուս ձիերի կողքով։

— Ոնց չէ, — առարկեց Ւվանը, — քո Ցոլակը առաջին նոմերը կհանի, նրանը չէ… Թող Շարմաղ հոքիրն ինչքան ասես լաց լինի, — ձայնը տխուր մեղմացրեց Իվանը։

Սիմոնը վրդովվեց։

— Ուրեմն Կոստանդի սպիտակ ձին ու Ցոլակը մի հավասարի են… նա սպիտակ ձիու արժեքը մի բեռ ոսկի է տվել։ Ես ի՞նչ եմ տվել…

— Էս է, սև ու սպիտակ էնտեղ կջոկվի, — ասաց դարբնի տղան և խոսակցությանը վերջ տալու համար սկսեց պատմել, թե իբրև գերմանացիք պայթեցրել են մի ահռելի պարիսպ և ծովը կապել ռուսների հազար-հազար զորքի վրա…

5

Արևը բավական բարձրացել էր, երբ ձիավորները հասան Կաթնաղբյուր և Գիլանց Մուքու առաջարկով իջան հանգստանալու։ Նրանք ձիերն արձակեցին աղբյուրից ներքև ընկած արոտներում, իսկ իրենք տեղավորվեցին աղբյուրի մոտ և բաց արին ճանապարհի պաշարը։

Այդ աղբյուրը, ուտելու պահանջը, գուցե և այն, որ ճանապարհին հոգնելու չափ խոսել էին պատերազմից, ձիերի հավաքից և օրվա չարիքներից, — այդ ամենը աղբյուրի մոտ նրանց զրույցը փոխեց խաղաղ և սովորական առօրյայի հունով։

Կարծես հունձի ժամանակն էր և ինչպես միշտ, ծփում էին լեռան լանջերի բարձր խոտերը։ Եվ ինչպես ամեն տարի, ահա նրանք ձիերով եկել են սարը։ Հիմա կզրնգան գերանդիները, լորը կթռչի խոտերի միջից և լեռնային կաքավը կկարդա կանաչ սաղմոսը։

Դարբնի տղան հանկարծ նկատեց, որ Շուղունց Աքելը շտապելուց մթնում տրեխները թարս է հագել։ Եվ այդ բուռն զվարճություն պատճառեց մյուսներին։

Նրանց զվարթ ծիծաղը լռեց, երբ Գիլանց Մուքին, որ արդեն ալեհեր ծերունի էր, բարձրացրեց օղու առաջին թասը։

— Բարի լույս բացվի մեզ վրա և մեզ նման չարքաշ մշակների վրա… Բարով տեսնենք մեր զավակների ազատությունը սրի բերանից։ Ողջություն լինի և արդար լիություն։ Դու մեր սրտովն անես, — և ալեհեր գլուխը դարձրեց դեպի ջինջ երկինքը, կարծես նրա անհուն խորքից, մի աչք քաղցր նայում էր այդ խեղճ մարդկանց։

Սիմոնը լուռ էր։ Նա թիկնել էր քարին, թրջում էր հացը պաղ ջրի մեջ և դանդաղ կրծում։ Երբեմն նայում էր արածող ձիերին, որոնք գլուխները չէին բարձրացնում ցողապատ խոտից։ Գյուղի ձիերի հետ արածում էր և Ցոլակը։

Սիմոնը մերթ աչքի տակով համեմատում էր ձիու բարձրությունը մյուս ձիերի հետ և տեսնում, որ Ցոլակը նույնիսկ Գիլանց Մուքու ձիուց էլ կարճ է, մերթ հայացքը գցում էր սարալանջի կողմը։ Եվ դժվարին մտքերը խռնվում էին ուղեղում ու ելքը չէր տեսնում։ Ահա՝ նորից դռանը կչոքի դառն աղքատությունը, վիզը կծռի ուրիշին, որ իր խուրձերը տուն բերեն, որ խոտը սարից բերեն։ Ցոլակին կտանեն, և հնձած արտում խուրձերը անձրևից կսևանան…

— Թե Գիլանց Մուքու ձին հավասարվի Ցոլակի հետ… Թե չէ՝ նրանից կարճը չկա…

— Սիմոն, հրե՜ն, — հանկարծ կանչեց դարբնի տղան և Սիմոնը ցնցվեց։

Նա գլուխը ետ դարձրեց։

Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։

Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։

Գյուղացիների զրույցը դադարեց։ Բոլորը նայում էին նրա կողմը։ Նույնիսկ ձիերից մի քանիսը բարձրացրին իրենց գլուխները և հափշտակված, անասնական ահով նայեցին սպիտակ ձիուն։

Շուղունց Աքելի բերանում հացի պատառը սառել, մնացել էր:

— Այ ձի… Հազար մանեթ գին ունի։

— Տերն էլ պակաս փող չունի։

— Էդ ձին ինձ տան, կռիվ չգնացողը մարդու տղա չի— ասաց դարբնի տղան։

–– Նրա վրա ամենաքիչը գեներալ կնստի…

— Վրան նստողն էլ գեներալ է։

Երբ ձիավորներին հասավ, Կոստանդ աղան սանձը ձգեց և հազիվ կարողացավ պահել ձիու գլուխը։ Կապույտ քրտինքի փրփուրը նստել էր ձիու սպիտակ մորթի վրա։ Ձին կարմիր ռունգները փնչացնում էր, կանգնած տեղը ոտքերն անհանգիստ դոփում։

— Դուրս գալդ մի սհաթ կա՞, Կոստանդ աղա, — շողոքորթ կեղծությամբ հարցրեց Շուղունց Աքելը, որին շշմեցրել էր այդ տեսարանը։

— Սհաթին չեմ նայել… Մինչև դուք ձիերը նստեք, ես բազար կհասնեմ։ Չեմ կարողանում գլուխը պահեմ, ձեռքերս կոտորեց…

Դարբնի տղան կամաց վրա բերեց.

— Տուր ինձ, ես կպահեմ։

Կոստանդն ուզեց ինչ-որ բան ասի, սանձը մի քիչ թուլացրեց, սպիտակ ձին նույն վայրկյանին զգաց այդ և տիրոջ խոսքը մնաց կիսատ։

Գյուղացիները տեսան սպիտակ ձիու ամեհի ոստյունը։ Մի ակնթարթից ձին պահվեց սարի հետևը։

— Հրեղեն ձի սրան կասե՜ն…

Քիչ հետո գյուղացիները քաշեցին իրենց ձիերն ու ճանապարհ ընկան։

6

Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը, ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով և դժվար արահետներով գնում էին մարդկանց և ձիերի անընդմեջ շարքերը։

Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։ Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բաղերը գիշերում են նրա մռայլ խորաններում։


    
    

Եվ ով հայրենի ճանապարհով հասնում էր այն ծանոթ կետին, որտեղից հանկարծ բացվում էր գետահովիտը, շողշողում էին քաղաքի տների ապակեպատ պատշգամբները, թիթեղյա կտուրները, — ով հասնում էր այդ կետին, ահով էր նայում ներքև, ինչպես արջառը, որին քշում են սպանդանոց և ահա թաց ռունգներով շնչում է թարմ արյան հոտը։

Վրնջում էին ձիերը՝ մետաղաձայն և երկարածոր, ինչպես տխուր երգը, կարծես վերջի հրաժեշտն էին ուղարկում լեռնային կապույտ լճերին, որոնց ջրից խմել էին, տափաստաններին, որտեղ անցել էր նրանց մանկությունը և ամայի գոմերին։ Մեկը թավ էր վրնջում, մյուսը՝ արծաթահնչուն, և բարձրանում էր հետևի ոտքերի վրա, ինչպես գազազած ցուլ, ձգում էր սանձը և չէր ուզում իջնել այդ անվերադարձ ուղիով։

Երբ ձիավորները քաղաք հասան, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Փողոցները, արտերի միջնակները, նույնիսկ տների բակերը սևացել էին ձիերի հազարավոր խմբերից։

Կային հազար գույնի ձիեր՝ որձ, էգ, ծանրած և ծեր, քուռակներով և դեռ անծին, թամբած ու մերկ։ Նրանց կապոտել էին՝ որին քարից, որին ծառից կամ գետնին խրած սեպից։ Կային և իրար կապած ձիերի խմբեր։ Մեկի առաջ խոտ էր, մյուսինը հարդ, երրորդը նեղվում էր քաղցից, շոգից և անսովոր միջավայրից։ Քաղցած ձիերը պոկոտում էին փողոցի չոր և հազար սմբակի տրորած խոտը։

Ձիերն իրար հետ կռվում էին. ամեն անկյունից վրնջոցի ձայն էր լսվում։ Մի տեղ, ձիերի բազմության մեջ, քուռակն իր մորն էր կորցրել և բարակ վրնջոցով կանչում էր, վազվզում, մռութը մոտեցնում ուրիշ մայրերի։ Շոգից կատաղած որձաձիերը կտրատում էին կապերը և ամեհի կրքով հալածում էգերին, իրար կրծոտում և արնոտում բաշ ու ազդրերը։

Այդ ժխորին խառնվում էր տերերի կանչն ու աղմուկը, հարայ-հրոցն ու բղավոցը։ Հայ, թուրք իրար էին խառնվել: Պետական հրամանը բոլոր գյուղերում կրկնվել էր պաշտոնական կարգադրության գորշ նմանությամբ և մարդկանց ու ձիերի այդ ահագին բազմությունր քշել քաղաք։

Հրապարակի մի անկյունում, տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, դագաղի նման նեղ սեղանի շուրջը նստել էին իշխանավորները։ Նրանցից հեռու ոտքի վրա էր ստորադաս պաշտոնյաների՝ ուրյադնիկների, տանուտերերի և գյուղական գրագիրների խումբը, իրենց պաշտոնական տարազով, շքանշաններով և պղնձյա ծանր մեդալներով։ Ավելի հեռու՝ հպատակների բազմությունն էր, որ ծովի նման ծփում էր։ Եվ բոլորի աչքերն ուղղված էխն սեղանի շուրջ նստած չինովնիկների կողմը, որովհետև նրանք էին որոշում ձիու և ձիատիրոջ բախտը։

Գյուղի տանուտերը կարդում էր ձիատիրոջ ազգանունը, բազմության միջից մեկը, ձիու սանձը բռնած, առաջ էր գալիս, ինչպես կրկեսում՝ ըմբիշը։ Ապա նրա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, տնտղում, ատամները նայում, թղթի վրա ինչ-որ նշումներ անում։ Մի վայրկյան խորհրդակցելուց հետո՝ սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան էր անում։

Ահա այդ նշանն էր, որ հայտնի էր դարձնում ամեն ինչ։

Եթե նշանը բազմության կողմն էր, ուրեմն ձին անպետք էր: Ձիու տերը սկզբում երկյուղով, ապա ուրախությունից դողացող ոտքերով քաշում էր ձին և արագ հեռանում։ Իսկ եթե նշանը տախտակների մոտ կանգնած ռուս զինվորներին էր ուղղած, ապա նրանք իսկույն մոտենում էին, նոր սանձ հագցնում ձիու գլուխը, հինը շպրտում տիրոջ կողմը, ձին հեռացնում էին, հանձնում ուրիշ զինվորների, որոնք բազմության և տիրոջ աչքի առաջ միահավասար կտրում էին ձիու պոչը, բաշը խուզում և բաշի մազերից կախում տախտակի մի փոքրիկ կտոր։

Ձիատերը փորձում էր գնալ իր ձիու հետևից, սակայն բղավում էին նրա վրա և ինչպես պարտված ըմբիշ, նա մնում էր գլուխը կախ։ Բազմությունը լուռ դիտում էր այդ տեսարանը։ Ապա տանուտերը կանչում էր նրան և շշմած մարդը սթափվում էր, հավաքում այն, ինչ հանձնում էին՝ ձիու սանձը, չվանները, համետը, — և այդ իրերը շալակած անցնում էր հրապարակով դեպի բազմությունը, ձեռքում բռնած թղթի կտորը, որի վրա նշանակված էր ձիու գինը և նրա նախկին տիրոշ ազգանունը։

Գյուղացիները երբ քաղաք իջան, ձիերը կապեցին հրապարակից հեռու։ Գիլանց Մուքին և Աքելը առաջ ընկան ամբոխի մեջ գտնելու հարևան գյուղերի մարդկանց։

Առաջին հանդիպած ծանոթին, որ նրանցից կանուխ էր եկել, իսկույն հարցրին.

— Հը՛ շա՞տ են տանում…

— Էլ մի ասեք, զուլում ա…

Սիմոնը տեսավ իր վաղուցվա ճանաչ թուրքին և նրան մի կողմ քաշելով առանձին հարցրեց, թե ինչպիսի ձիերն են ազատվում, արդյոք կարճահասակ ձին է՞լ են տանում։

— Ձիուդ ոտքը պիտի կոտրած լինի կամ խոր վերք ունենա, որ ազատվի… Թե չէ՝ բոյը հաշիվ չի…

Սիմոնի ոտները թուլացան։

Մինչև այդ խոսակցությունը նա դեռ աղոտ մի հույս ուներ, որ այնուամենայնիվ հույս էր։ Այժմ այդ էլ ցնդեց։ Նա հուսահատ մոտեցավ ձիուն։

— Ցոլա՛կ, — և ձին վրնջաց այդ ծանոթ կանչից։ Կարծեց հիմա խոտ պիտի գցեին նրա առաջը։ Սիմոնը հարդով լի պարկը կոխեց նրա գլուխը։

— Ցոլակ… Գնում ես էլի…

Քիչ հետո Գիլանց Մուքին հոգնած վերադարձավ։ Նրա ալեհեր դեմքի վրա դառն անհուսություն կար։ Եվ հուզված, հևացող շնչով ասաց գյուղացիներին.

— Հիմա Քարագլուխն են կանչում, հետո զիլբիրեցիք են գնալու, նրանցից հետո՝ մենք…

Սիմոնը մի վայրկյան մտածեց, տոպրակը ձիու գլխից հանեց ու ձին քշեց։

— Էդ ո՞ւր, Սիմոն, — ձայն տվավ Սաքու տղան։

— Տանեմ գետը… Կաթնաղբյուրից ջուր չխմեց։

Այդպես փախչում են սարսափից։ Այդպես փախում է հոտը, երբ կայծակն ահռելի որոտով խփում է մոտակա ժայռին։ Այդպես դողահար վազում է գազանը, երբ հրդեհվում է անտառը։

Սարսափահար փախչում էր Սիմոնը, մոլորվելով քաղաքի փողոցներում, անվերջ մտրակելով ձիուն։ Կարծես նրա հետևից էին ընկել հրապարակի բոլոր զինվորները և նրանք, որոնք նստել էին դագաղի նման նեղ սեղանի շուրջը։

Ահա հասավ գետափի խուլ փողոցը։ Այնտեղ էլ ձիեր կային. Նրա նման գյուղի մարդիկ, յուրաքանչյուրն իր ձիու սանձից բռնած և ստրուկի հեզությամբ իր հերթին սպասող։ Նրանք տեսան փախչող ձիավորին և ոմանք կարծեցին, թե ահից սարսափած ձիավորը փախչում է դեպի հեռվի լեռները, ինչպես կփախչի պարտվածը դեպի փրկության բերդը։

Հոգնած ձին մտրակի հարվածից մի քիչ արագացնում էր քայլերը, ապա նորից գնում բեռան տակ մեծացած գյուղական ձիու ծանր քայլերով։

Ահա ետ մնաց վերջին տունը և բացվեց կարտոֆիլի դաշտը։ Սիմոնը դանդաղեցրեց ձիու ընթացքը և շունչ քաշեց։ Նրան քաղաքի սահմանից դուրս ավելի հեշտ թվաց։ Այն հեռվի լեռներից, որոնց լանջին իրենց գյուղն էր, մի անապական զով զարկեց նրա քրտնած դեմքին։

Սիմոնը ծռվեց դեպի աջ, գետը տանող նեղ ճանապարհով։ Ձին զգաց գետի սառնությունը և առանց մտրակի արագացրեց քայլերը։

Գետակի հունն իջնելուց առաջ Սիմոնը երկյուղով շուրջը նայեց և տեսավ, որ ամայություն է։ Միայն ներքևը, ուռիների ստվերում, ննջում էին կովերը։ Ու երբ ծարավ ձին գլուխը կռացրեց ջրի վրա, Սիմոնը ցած թռավ, սանձն ամուր կապեց ձիու առաջին ոտքից և սկսեց հետևի ոտքերը կապոտել։

Ցոլակը կուշտ խմելուց հետո փորձեց գլուխը վեր հանել, բայց չկարողացավ։ Եվ մռութը հնազանդ ու մունջ նորից կախեց գետի կապույտ ջրերի վրա։

Սիմոնն անսովոր արագությամբ ձիու համետը հանեց։ Արևի տակ փայլփլեց ձիու ողորկ և գեր մեջքը։ Ապա նույն արագությամբ կռացավ և գետնից վերցրեց մի չեչաքար։ Երբ առաջին անգամ նա չեչաքարը Ցոլակի մեջքին քսեց, ձին հովություն զգաց, խաղացին նյարդերը և հաճելի գրգռից մեջքի մաշկը դողդողաց։

Ապա հանկարծ ձին մեջքին զգաց ծակծկոց։ Ձին փորձեց հեռանալ, բայց չկարողացավ, որովհետև ոտքերն իրար պինդ կապված էին։ Նորից փորձեց գլուխը վեր հանել, դարձյալ չկարողացավ։ Իսկ ցավը հետզհետե սաստկանում էր, որովհետև Սիմոնը հուսահատ կատաղությամբ չեչաքարը քսում էր նրա մեջքին։ Մի քանի րոպեից մաշկը պլոկվոց և արնոտեց քարը։

Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում։ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեքքի վրա և քարը հա՛ քսում էր։ Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։

Ձին այլևս չդիմացավ, շրջվեց կողքի վրա և մեջքը կիսով չափ թաղեց գետի մեջ։ Ցավից և անսովոր վիճակից Ցոլակը ցնցում էր ոտքերը, փռնչում ռունգներով, վիզն ու գլուխը քսում գետափին և փորձում ոտքի կանգնել։

Սիմոնն արնոտ չեչաքարը մի կողմ գցեց, ինչպես մարդասպանը դաշույնը և սարսափով նկատեց, որ գետի ջուրն անվերջ կարմրում է, երբ ալիքը զարկում է ձիու մեջքին։

— Չլինի՞ տամար տրաքեց…

Ցոլակի աչքերի առաջ մթնել էր։ Գլխիվայր դառնում էին քարերը, գետափը, և թվում էր, թե գետափի փափուկ մամուռը կախվել է երկնքից։ Հաճելի էր ջրի մեջ և բնազդաբար կենդանին ավելի խորն էր թաղվում լպրծուն տիղմի և ջրային խոտերի մահիճում։ Իսկ վիզն ու գլուխը չէր բարձրացնում կապույտ քարերի բարձից։

Սիմոնն արագ արձակեց կապերը, սանձը, ինքը կիսով չափ մտավ ջուրը և գոռալով, աղերսելով, հրելով ու քաշելով մի կերպ բարձրացրեց ձիուն։ Ցոլակը դողում էր։

Նրա մեջքի աջ կողմը ափսեի չափ վերք էր բացվել և երևում էր կարմիր, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած միսը։ Արյունը շարունակում էր կաթկթել, բայց մի քանի տեղ արդեն լերդանում էր։

Սիմոնը հանցագործի հապճեպությամբ արյան հետքերը լվաց ձիու կողերից, իր ձեռքերից, տիղմի բարակ շերտով ծածկեց վերքը, ջրախոտերով ծածկեց, ապա շտապ համետեց ձին և դուրս եկավ ճանապարհը։

Ձին հազիվ էր քայլերը փոխում։ Սիմոնն ինչքան էլ կանչում էր, ոտքով փորին խփում, փաղաքշական խոսքեր ասում, ձին չէր արագացնում քայլերը։

Եվ Սիմոնն ու Ցոլակը նույն փողոցներով գնացին դեպի հրապարակը։ Երկուսն էլ գլխիկոր էին։ Մարդն իր դաժան խոհի հետ էր՝ կտանե՞ն այժմ, թե ոչ, ձին հազիվ տնքում էր, պղտոր աչքերի առաջ գլխիվայր կախված մի չնաշխարհիկ արոտ…

7

Իսկ հրապարակն այդ ժամանակ ծփում էր մի արտասովոր դեպքից: Փողոցներում խռնված բազմությունից ոմանք բարձրացել էին պատերի և պատուհանների վրա, որ ավելի լավ տեսնեին, թե ի՞նչ է կատարվում մեջտեղը։ Ոմանք բարձրացել էին ձիերի վրա։ Ոտքի էին և կենտրոնում սեղանի շուրջը բոլորած մարդիկ։

Մի կապտավուն ձի՝ երկար, ծալեծալ բաշով, բոլորովին մերկ, կատաղած վազում էր հրապարակով։ Նա երամակի ձի էր, սնվել էր լեռներում, երբեք հեծվոր չէր նստել մեջքին, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել: Այդ ձին էին ուզում բռնել զինվորները, որոնք երկար պարանները թևերին փաթաթած շպրտում էին գերության օղակը, հենց որ ձին մոտենում էր նրանց։ Բայց ձին ամեհի ոստյուն էր անում, թռչում օձի նման գալարվող օղակի վրայով և փախուստի ելք փնտրում։ Զինվորների մյուս խմբերը գազանային ոռնոցով կտրում էին նրա ճանապարհը և ետ փախցնում դեպի նրանք, որոնք ոլորում էին նոր օղակ։

Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Մարդիկ մի պահ մոռացել էին իրենց ձիերը, որոնց զինվորները կապել էին փշալարի ցանկապատի հետևը, — մոռացել էին, որ ձիերի սանձերն ու չվաններր շալակած, ոտքով պիտի բարձրանային դեպի լուռ գյուղերը, որոնց դաշտերում այլևս չէին վրնջալու փշալարով անջատված ձիերը։

Հանկարծ բազմությունը հառաչեց, լսվեց խուլ գվվոց, ինչպես հողմի շառաչն անտառում։ Զինվորները վազեցին փշալարի կողմը։ Մի վայրկյան ճեղքվեց բազմությունը, ինչպես ծովի սև ալիքները, երբ երևում է մութ անդունդը, ապա նորից կլանեց ամեն ինչ։

Կապտավուն նժույգը վերջին հուսահատ ոստյունն էր արել, փորձել էր թռչել փշալարի վրայով և ընկել էր լարի երկաթյա սուր փշերի վրա… Ճեղքվել էր կուրծքը, փորը և վշշում էր արյունը լարերի վրա, մահվան հրապարակի վրա և մեռնող նժույգի ջինջ աչքերում ընդմիշտ սառչում էր հեռվի կապույտ լեռնաշխարհը…

Զինվորները ձիու սառած մարմինն իջեցրին փշալարից։ Բժիշկն արձանագրություն կազմեց և վերադարձավ սեղանի շուրջը, որպեսզի նույն գորշ տաղտկությամբ շարունակեն գործը։

Սիմոնը յուրայիններին նույն տեղը չգտավ։ Նրան ասացին, որ արդեն իրենց գյուղացիներին կանչում են։ Եվ բազմությունը հրելով, ձին հետևից՝ հասավ հրապարակը, որի մի կողմը կանգնել էին դարբնի տղան, Գիլանց Մուքին, Աքելը և մյուսները։ Գրագիրը կարդում էր անունները։

— Այ մարդ, ո՞ւր կորար, քիչ մնաց քեզ շտրաֆ անեն։ Ասացինք հրես կգա։

Ամենից առաջ Շուղունց Ալեքին կանչեցին։ Դողդողալով նա առաջ անցավ, մի անգամ էլ ետ նայեց համագյուղացիներին, կարծես նրանց ներկայությունը հուսադրում էր նրան։

Մոտեցան և զննեցին նրա ձիուն։ Ու մեկ էլ զինվորները վրա տվին, ձիու համետն արձակեցին և շպրտեցին Աքելի կողմը։ Ձեռքը վերևից հայտնեց վճիռը։ Զինվորները քաշեցին ձին։ Աքելը հրապարակում մնաց մի րոպե, նայեց ձիու հետևից և անխոս վերադարձավ, մեջքին ձիու համետը։

Դարբնի տղան սրախոսեց.

— Ափիցեր Աքել Շուղունցով, — բայց ոչ ոք չծիծաղեց։ Դարբնի տղայի ժպիտն այլանդակ կծկվեց և դեմքի վրա սառեց, որպես դառնության կնիք։

Հետո Ռուստամենց ճակատը նշան ձին տարան։ Գնաց և տերտերի ձին։ ժամհարը գլուխր կախ եկավ։

— Հիմա ես տերհորն ի՞նչ պատասխան եմ տալու…

Չորրորդ հերթը Կոստանդինն էր։ Գյուղացիները զարմացան, երբ լսեցին նրա ազգանունր, որովհետև Կոստանդը նրանց մեջ չկար։ Դարբնի տղան նկատեց, որ սեղանի շուրջը նստողների մեջ ինչ-որ փսփսոց ընկավ։

Հրապարակի մյուս կողմից երևաց Կոստանդը՝ լղար, մեջքը փոս ընկած, մոխրագույն մի ձի հետևից։ Թվաց, թե նույնիսկ չնայեցին նրա կողմը և ձեռքը վերևից նշան տվեց, որ Կոստանդն ու ձին հեռանան հրապարակից։

Այդ այնքան արագ կատարվեց, որ գյուղացիներից շատերը չհավատացին իրենց աչքերին, թե այդ «խեղճ» գյուղացին Կոստանդ աղան է։ Նրանք մնացել էին ապշած։ Իսկ Կոստանդը կեղծ ուրախությամբ ետ տարավ ձին և անհայտացավ։

Դարբնի տղան Սիմոնի ականջին շշնջաց.

— Տեսա՞ր, որ ասում էի…

Բայց Սիմոնը չլսեց։ Նրա ականջին հասավ իր ազգանունը և Ցոլակի սանձից բռնած, մտավ հրապարակը։


    
    

Երբ մոտեցավ, վերցնել տվին ձիու համետը և մի ակնոցավոր ռուս, որ անասնաբույժ էր, քիթը վեր քաշելով կռացավ վերքի վրա։

— Չտարան, — անցավ Սիմոնի մտքով։ Բայց մարդը բարկացավ և մատը թափ տվեց Սիմոնի վրա։ Նա հայհոյում էր։

Սիմոնը վախից դողաց, գունատվեց և նստեց համետի վրա: Զինվորները Ցոլակին տարան։ Սիմոնը տեսավ, թե ինչպես իր ձիու երկար պոչը սուր մկրատով կտրեցին։ Եվ իսկույն աչքին այնպես երևաց, ասես Ցոլակը մեծացավ և դարձավ ղազախի ձի։

Գյուղական գրագիրը բղավեց նրա վրա։ Նա սթափվեց և բեռը շալակին վերադարձավ յուրայինների մոտ։

8

Արևն արդեն թեքվել էր, երբ գյուղացիները ճանապարհ ընկան տուն։ Ազատվել էին միայն ութ ձի, որոնց վրա բարձել էին մնացած ձիերի համետները։ Գյուղացիներից ոմանք իրենք էին շալակել ձիերի սանձերն ու չվանները։

Ազատված ձիերը, որոնցից երեքը ծուռոտ էին, մեկի մեջքն էր փոս ընկած, երկուսը քոս էին, իսկ Հաբեգանց ձիու երկու կողոսկրը չկար, — ազատված ձիերը հազիվ էին քայլում ծանր բեռան տակ։

Սիմոնը գլուխը կախ գնում էր մյուսների հետ։ Դարբնի տղան էլ լուռ էր, որովհետև ոչ ոք սիրտ չուներ նրան լսելու։ Նրանք անընդհատ բարձրանում էին լեռը, կարծես պիտի գնային մինչև մութ երկինքը։ Մայրամուտի արևը աջ կողմից նրանց ոսկեվորել էր։ Նեղ արահետով գնում էին նրանք իրար հետևից, ինչպես կռունկի երամ և թվում էր, թե բեռների տակ կքած սև ստվերները հավիտյան պիտի բարձրանային մութ լեռը, մինչև մի խավար անդունդ հանկարծ կլաներ նրանց։

Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը։

— Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ… Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես… Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց։

Եվ նա բուռը լայն բաց արեց, այն բուռը, որով բռնել էր քարը։

Բռի մեջ ստացականի կտորն էր, վրան Ցոլակի գինը և իր ազգանունը։

Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում։ Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո։

Կաթնաղբյուրից նրանք ջուր խմեցին և հացի փշրանքները թաթախեցին սառը ջրում։ Մութն ընկնում էր և ճանապարհ դեռ շատ կար։

Սիմոնը նայեց ներքև… Ա՜յ, այստեղ արածում էր Ցոլակը, նրա ատամների արանքում երևի դեռ մնում է այս դաշտերի խոտը։ Իսկ ինքը պառկել էր այս քարի տակ և մի լույս ճառագայթ խոստանում էր զվարթ վերադարձ։

Ու ետ նայեց Սիմոնը։ Այնտեղ, ներքևը, խավար էր, խավարի մեջ քաղաքը և քաղաքի փշալարյա վանդակում աղիողորմ վրնջում էր իր հույսը, իր Ցոլակը։

Հանկարծ Կաթնաղբյուրից ներքև, քարերի վրա, զրնգացին ծանր պայտերը։ Գյուղացիները ճանապարհից դուրս եկան և մի կողմ քաշեցին բեռնած ձիերը։

Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

Սպիտակ ձին մի վայրկյան ցոլաց մթնող արևի շողերում և չքացավ դեպի նարնջագույն ամպերը։ Կարծես մարմարիոնե մի արձան արշավում էր դեպի պատվանդանը, որ իր անհաս բարձունքից ահ ու սարսափ մաղի ռամիկ գյուղացիների վրա։

9

Կեսգիշեր էր, երբ տուն հասան։

Դռան մոտ կանգնել էր Շարմաղ բիբին, ճրագը ձեռքին։ Սիմոնը ներս մտավ, տոպրակն ու սանձը գցեց մի անկյուն։ Անկողնից վեր թռավ Շողերը։

— Ապի՛, բա Ցոլա՞կը։

Աղջկա միամիտ հարցին, որպես պատասխան, դուրսը, լեռնային գյուղի սառը խավարում, վրնջաց անմայր մի քուռակ։ Կարծես բազմաթիվ մանր զանգակներ երգեցին անեզրական տխրություն։

Շարմաղ բիբին սարսուռով վրա դրեց դուռը և հին դուռը մի անգամ էլ երգեց երկար ու կերկեր, արևելյան թախծոտ մի երգ։

Պառավը լալիս էր…

Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

1928-1930
    
    

Ալպիական Մանուշակ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
17291 | 0 | 0
Facebook