Օրերս հանրությանը «Լա-լա-լա» երգի տեսահոլովակով ներկայացած երգչուհի Լիդուշիկը շուրջ 15 օր անմոռանալի պահեր է ապրել Էստոնիայում: Համերգային ծրագրի մասնակցելու նպատակով Տալին մեկնած երգչուհին հասցրել է լինել Էստոնիայի մի շարք տեսարժան վայրերում, հաճախել մշակութային կենտրոններ ու նոր ընկերներ ձեռք բերել: Շրջագայությունից վերադարձած Լիդուշիկը ESem.am-ին է վստահել բոլոր մանրամասները:) «Մասնակցել եմ Տալին քաղաքի օրվան նվիրված մի քանի համերգային ծրագրերի, «Կովկասյան ռիթմեր» երաժշտական փառատոնին, ինչպես նաև Տարտու քաղաքում երեխաների պաշտպանության օրվան նվիրված հրաշալի մանկական միջոցառման: «Դվին» երգչախմբի հետ հանդես եմ եկել համատեղ համերգով, որն ուղղակի հիանալի անցավ, անմիջական շփման մեջ էինք դահլիճում ներկա հանդիսատեսի հետ: Ներկա էր նաև Էստոնիայի հայ համայնքի նախագահը», - ասաց Լիդուշիկը, ով մշտապես կապի մեջ է Էստոնիայում ապրող շատ հայերի հետ: «Ինձ հրավիրել էր Էստոնիայի հայ համայնքի «Դվին» երգչախմբի և Տարտու քաղաքի «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Դիան Շահբազյանը: Մեր ու Ժաննա Շահբազյանի ընտանիքները շատ մտերիմ են: Երբ նրանք Հայաստանում են լինում, անպայման հյուրընկալվում են մեր տանը: Որոշ ժամանակ առաջ նա մեզ տեղեկացրեց Էստոնիայում կայանալիք «Կովկասյան ռիթմեր» երաժշտական մրցույթի ու քաղաքի օրվան նվիրված համերգի մասին ու ինձ նույնպես հրավիրեց մասնակցելու, չմերժելով առաջարկը՝ տատիկիս հետ մեկնեցինք Տալին, ու իսկապես անմոռանալի օրեր ունեցանք», - պատմեց երգչուհին: Լիդուշիկն առաջին անգամ էր Էստոնիայում: «Շնորհիվ Հակոբջանյանների ընտանիքի, որոնցից շատ շնորհակալ եմ, հասցրեցի մի լավ շրջել քաղաքում, լինել Ռիգայում ու Լատվիայում: Գնացել եմ Տալինի հայկական եկեղեցի: Եղել եմ Դորպատի համալսարանում, այցելել Խաչատուր Աբովյանի լսարան», - ասաց Լիդուշիկն ով տպավորված է վերադարձել շրջագայությունից, - շատ հավանեցի Էստոնիան, հուսով եմ՝ ինձ էլի կհրավիրեն»: http://esem.am/