Երգչուհի Նարինե Դովլաթյանը մինչեւ այսօր հիշում է, թե ինչպես են իրեն քաչալացրել, որից հետո տղայի նման չարաճճի է դարձել: Այս մասին այսօր ՝ հունիսի 1-ին, NEWS.am-ին ասաց երգչուհին, որը մանկական երկաթուղում NEWS.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառքին պաղպաղակ էր վաճառում:
«Մանկությունիցս հիշում եմ, որ մեր գյուղից գալիս էինք էստեղ էքսկուրսիայի: Ու նաև հիշում եմ, որ տարբեր տարիքում տարբեր եմ եղել: Հիշում եմ՝ երբ ինձ քաչալացին, ես շատ գազան դարձա, հետո ավելի հանգիստ», -պատմեց Նարինե Դովլաթյանը:
Մանկական երկաթուղուն կից զբոսայգում պաղպաղակ էին վաճառում նաեւ «Ամարաս» պարային խմբի անդամները։ Նրանք վաճառում էին «պարային պաղպաղակներ» ։
«Երբ ասացին այս բարեգործական ակցիայի մասին միանգամից համաձայնեցինք գալ, ուզում եմ, որ բոլոր երեխաների աչուկները միշտ ուրախ լինեն։ Մարդկանց մեզ մոտ ենք կանչում, ասում ենք, որ մեզ մոտ ամենապարային պաղպաղակներն են՝ երբ ուտում են մեր վաճառած կախարդական պաղպաղակներ, սկսում են պարել», - ասաց պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացրեց բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։
Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունը ցուցաբերեցին «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր էին։ Հովանոցները տրամադրել էր «Կոկա-կոլա» ընկերությունը։ Ակցիան տեւեց ժամը 11-ից մինչեւ 18-ը։
Հովանոցները տրամադրել է «Կոկա-կոլա» ընկերությունը։