Ժողովրդական երգիչ 4» Գրիգոր Միրզոյանը՝ ցանկալի հաղթանակի, 3-ամյա երկրպագուի և հովանավորների անհրաժեշտության մասին
Արդեն հայտնի է «Ժողովրդական երգիչ 4» նախագծի հաղթողի անունը՝ Գրիգոր Միրզոյան: Նախագծի շրջանակներում գործադրած նրա ջանքերն ու հանդիսատեսի համակրանքը դարձան երգչի հաղթանակի գրավականները: Life.panorama.am-ը Գրիգորի հետ զրուցել է սպասված հաղթանակի, ձեռքբերումների, նրա նախասիրությունների ու երկրպագուների մասին: -Ո՞րն եք համարում նախագծի շրջանակներում ունեցած ձեր ամենամեծ ձեռքբերումը: -Ինչ հարկավոր է սկսնակ երգչին՝ ստացել եմ. բեմական փորձ, պրոֆեսիոնալիզմ, ճանաչում, ինչպես նաև՝ սփյուռքին ներկայանալու հնարավորություն: -Հաղթանակը ձեզ համար սպասելի՞ էր: -Միշտ ցանկացել եմ հաղթել, սակայն դա ինձ համար առաջնային նպատակ չի եղել: Պարզապես ձգտել եմ լավ ելույթ ունենալ և վայելել հանդիսատեսի սերը: -Ո՞րն էր ձեր հաղթանակի գլխավոր գրավականը: -Բացի այն շնորհը, որ տրված է բնատուր, կարծում եմ՝ իմ հաջողության գրավականը աշխատասիրությունն էր: Երբեք չեմ տրտնջացել փորձերի ժամանակ, նպատակ եմ դրել, որ ինչ երգեմ՝ լավ երգեմ: -Եզրափակչին ի՞նչ կանխազգացում ունեիք: -Եզրափակչին ավելի հանգիստ էի, քանի որ այդ փուլ անցնելն արդեն իսկ հաղթանակ էր, բացի այդ՝ եթե Սուրեն Ավոյանն էլ հաղթեր, շատ ուրախ կլինեի: Վստահ եմ՝ ինքն էլ ուրախ է ինձ համար: -Նախագծից է՞լ ում կատարումներն էիք հավանում: -Սուրենին համարում եմ մի երգիչ, ում կարելի է վստահել ցանկացած երգ, Դավիթի ձայնն էլ շատ եմ հավանում, ինչպես նաև՝ հոգեհարազատ է Տիրուհու երգեցողությունը: -Որտեղի՞ց է ժողովրդական երգերի նկատմամբ ձեր սերը: -Հայրս երաժիշտ է, մայրս ևս լավ ձայն ունի. երգում է, բայց սիրողական մակարդակով: -Ու՞մ եք համարում այս ոլորտի ձեր ուսուցիչը: -Նախ՝ Կոնսերվատորիայի դասախոսներիս, ապա ՝ նախագծի մասնագետներին: -Դուք սովորել եք Դասական վոկալ բաժնում, սակայն երգում եք ժողովրդական երգեր. ինչպե՞ս ստացվեց անցումը: -Թեև սովորել եմ այդ բաժնում, բայց միշտ ժողովրդական արվեստն եմ սիրել. այդ մասին դասախոսներս էլ գիտեին: Ամեն դեպքում՝ դասականը որպես հիմք ունենալը շատ լավ է: Այն շատ օգնել է ժողովրդական երգերն ընկալելու և ճիշտ մատուցելու հարցում: -Մեր ժողովրդական երգիչներից ու՞մ եք համակրում: -Իհարկե, Ռուբեն Մաթևոսյանին, իսկ ավելի երիտասարդներից՝ մեր նախագծի մասնակիցներին: -Ինչ-որ տեղ աշխատու՞մ եք: -Ճիշտն ասած՝ չեմ էլ հասցրել այդ մասին մտածել: Հայոց բանակում ծառայեցի, վերադարձա, ու ընդամենը երեք ամիս անց մեկնարկեց նախագիծը: Ծառայության ժամանակ երազում էի, որ հանկարծ շուտ չմեկնարկի «Ժողովրդական երգիչը», որպեսզի հասցնեմ մասնակցել: -Կարծում եք՝ հետագայում կկարողանա՞ք ժողովրդական երգի միջոցով վաստակել: -Ամեն դեպքում, չեմ պատրաստվում այս ճանապարհից շեղվել. թող գումարը քիչ լինի, բայց ես հավատարիմ մնամ ժողովրդական երգին: -Դուք Էջմիածնի Առատաշեն գյուղից եք. պատկերացնում ենք՝ ձեր համագյուղացիներն ինչպես են ձեզ երկրպագում: -Անգամ չափից շատ է իմ հանդեպ ուշադրությունը. այնքան, որ, երբեմն, նեղվում եմ: Ընդ որում՝ այդ ուշադրությունը զգում եմ ոչ միայն մեր գյուղի ժողովրդի, այլև՝ երևանցիների, սյունեցիների կողմից. պապս սյունեցի է: -Երկրպագուների հետ կապված հետաքրքիր դեպք կհիշե՞ք: -Մի դեպք ամենաշատն է տպավորվել. Երևանում էի, հանրային տրանսպորտում, այդ ժամանակ նախագիծը նոր էր մեկնարկել, հանկարծ մոտ երեք տարեկան մի երեխա մատով ցույց տվեց ինձ ու ասաց. «Վայ, մամա ժողովրդական երգիչի տղան»: Նույնիսկ մայրը չէր ճանաչում ինձ, բայց փոքրիկը հիշել էր (ծիծաղում է): -Իսկ աղջիկ երկրպագուները շա՞տ են անհանգստացնում: -Մի քիչ (ծիծաղում է): Շատ են գրում, փորձում եմ բոլորին պատասխանել: Իհարկե, տղաների համար հաճելի է, հատկապես, աղջիկ երկրպագուներ ունենալը: -Նրանք ինձ չեն ների, եթե չհարցնեմ՝ ընկերուհի ունե՞ք: -Ոչ, ընկերուհի չունեմ, սիրահարված չեմ: -Ի՞նչ նախասիրություններ ունեք: -Շատ եմ սիրում ֆուտբոլ՝ և´ խաղալ, և´ դիտել: «Ռեալ Մադրիդի» երկրպագու եմ: -Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք՝ արդեն՝ որպես ժողովրդական երգիչ: -Այս ոլորտում դժվար է գործել՝ առանց հովանավորների: Ուրախ կլինեմ, եթե գտնվեն մարդիկ, ովքեր կաջակցեն ինձ տեսահոլովակ թողարկելու, համերգներ կազմակերպելու և այլ հարցերում: Ծրագրերը. մեծ մասամբ, կախված են դրանից: http://life.panorama.am/ |