Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արման և Յանա․ «Երբ տեսնում ենք, թե ինչ «դեմք» է մեր մասին մեկնաբանություն գրել, հասկանում ենք, որ մենք շատ կվիրավորվեինք, եթե նա մեզ հավաներ»։

13:47, չորեքշաբթի, 14 մայիսի, 2014 թ.
Արման և Յանա․ «Երբ տեսնում ենք, թե ինչ «դեմք» է մեր մասին մեկնաբանություն գրել, հասկանում ենք, որ մենք շատ կվիրավորվեինք, եթե նա մեզ հավաներ»։
     Արման և Յանա․ նրանց դուետը ոմանց հայտնի է, ոմանց՝ ոչ, սակայն, արդեն 14 տարի բեմում լինելով՝ իրենց երգերով բարձր տրամադրություն ու ջերմություն են հաղորդում հանդիսատեսին։
    
     -Սկսենք ամենասկզբից։ Ինպե՞ս եք ծանոթացել։
    
-Արման։ 1999 թ․-ի հունվարի տոնական օրերին, մանկատանը բարեգործական համերգ էր, որտեղ ես ու Յանան էլ էինք մասնակցում, սակայն այդ ժամանակ կապ չունեինք իրար հետ, ծանոթացանք ու այդտեղից սկսվեց մեր ընկերությունը, որը տևեց յոթ ամիս, և օգոստոսին ամուսնացանք։
     -Ո՞մ մեջ ծագեց դուետ ստեղծելու գաղափարը, և կհիշեք ձեր առաջին ելույթը, ինչպե՞ս ընդունեց հանդիսատեսը։
     -Արման։ Մենք ամուսնացանք, ու մեկ տարի անց դուետը ստեղծեցինք, ապա մասնակցեցինք Կռունկ փառատոնին։ Հանդիսատեսը մեզ շատ ջերմ ընդունեց։
     -Յանա։ Շատ օրիգինալ դուետ էր, ու նման դուետներ չկային այն ժամանակ։ Նաև մեր առավելությունն այն էր, որ ես հանդես եմ գալիս նաև ջութակով։
     - Դուք ձեզ համարո՞ւմ եք հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
     -Յանա։ Իհարկե համարում ենք։ 14 տարի է արդեն բեմում ենք, մասնակցում ենք տարբեր համերգների, նաև ուեցել ենք մենահամերգներ, այսինքն՝ եթե մինչև հիմա աշխատում ենք ու այդ ոլորտում ենք, ուրեմն կարելի է համարել մեզ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
     -Այդ դեպքում ինչո՞ւ «աստղային» համերգներին ձեզ չենք տեսնում։
     -Արման։ Գիտեք, այս ասպարեզը շատ անշնորհակալ ասպարեզ է, եթե երկար ժամանակ լռում ես, հանդիսատեսը քեզ մոռանում է։ Հենց մի պահ կանգ առար, տեսահոլովակ ու նոր երգ չթողարկեցիր, քեզ շատ շուտ կմոռանան, ինչը եղավ մեր պարագայում։ Ես դա համարում եմ մեր բացթողումը։
     -Հե՞շտ է դիմակայել մրցակցությանն այս ոլորտում։
     -Յանա
։ Հիմա արդեն չէ, քանի որ սնկի նման աճում են երգիչներն ու երգչուհիները ու նոր սերունդ է գալիս․․․թեև մենք մնում ենք մեր ստեղծած ոճում, չենք դավաճանում մեր սկզբունքներին։
     - Ձեր գրեթե բոլոր երգերը հեղինակային են, հիմնականում ձեզանից ո՞վ է գրում խոսքերը և ո՞վ՝ երաժշտությունը։
     -Արման։
Ես երբեք երգի խոսքերը չեմ գրում, այդ բեռը Յանայի ուսերին է դրված, իսկ երաժշտություն, երկուսս էլ գրում ենք։ Լինում է երգ, որի վրա երկուսով ենք աշխատում։
     -Ինպե՞ս են ծնվում ձեր երգերը՝ որևէ զգացմունքից ոգեշնչվա՞ծ, թե՞ երբ կամենաք կարող եք նստել ու գրել։
     -Արման։
Իհարկե շատ կարևոր է հոգեվիճակը, թե ինչ զգացողություն ունես, և եթե ամեն ինչ համատեղվում է, կարող է ծնվել շատ գեղեցիկ երգ։ Իսկ երգեր էլ կան, որոնք գրվում են հատուկ կոմերցիոն նպատակով։
     -Ձեր ելույթների ժամանակ երգի հետ այնքան սեր, կիրք ու ջերմություն է հորդում բեմից, որ ձեզ նայելով կարելի է մտածել, թե աշխարհի ամենակատարյալ զույգն եք, որոնց մոտ երբևէ խնդիրներ ու հակասություններ չեն լինում։ Առօրյայո՞ւմ էլ է այդպես։
     -/Երկուսը միասին/
։ Այդպես էլ կա։
     -Յանա։ Հակասություններ միայն գործնական ու ստեղծագործական աշխատանքի ժամանակ են լինում, իսկ անձնականում, փառք Աստծո, չեն լինում։
     -Ըստ Ձեզ, ո՞րն է կատարյալ երջանկության գաղտնիքը։
    
-Յանա։ Դա ի վերուստ է գալիս, այսինքն՝ եթե դու ճիշտ ես ընտրում քո կեսին, ապա դու արդեն երջանիկ ես։ Իսկ հետագայում այդ երջանկությունը պահպանելու համար, նախ պետք է լինի փոխվստահություն ու հարգանք դիմացինի հանդեպ։ Իսկ վերջնականապես կատարյալ այդ երջանկությունը դարձնում են երեխաները։ Զույգերը անպայման պետք է ունենան երեխաներ։
     -Դուք ունե՞ք երեխաներ։
     -Յանա։ Այ՛ո, իհարկե, ունենք երկու հրաշք տղա։ Նրանք մեր երջանկությունն են, մեր հարստությունը, մեր ամեն ինչը։ Նրանք, թեև ապրում են նույն տանը, դաստիարակվում են նույն մեթոդներով, սակայն շատ տարբեր են բնավորությամբ։ Մեր բալիկներից յուրաքանչյուրի մեջ ես տեսնում եմ թե՛ ինձ, թե՛ Արմանին, բայց, անդուհանդերձ, նրանք կայացած անհատներ են ու շատ տարբեր։
     -Խոսենք ձեր վերջին տեսահոլովակի մասին։ Ո՞վ է նկարահանել, և որտե՞ղ են իրականացվել նկարահանումները։
     -Արման
։ Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, ում հետ համագործակցում ենք արդեն երկրորդ անգամ։ Իսկ նկարահանումները կատարվել են Աբովյան քաղաքի Զառ գյուղում։
     -Այդ տեսահոլովակը մի խումբ մարդկանց կողմից չընդունվեց և համացանցում արժանացավ քննադատական մեկնաբանությունների։ Այժմ հնարավորություն ունեք դիմելու այդ մեկնաբանությունների հեղինակներին։
     -Յանա։
Եթե այս տեսահոլովակը իրենից ինչ-որ բան չներկայացներ, այդքան խոսակցություն չեր լինի դրա շուրջ, այսինքն՝ որևէ արժեք ներկայացնում է իրենից։ Իսկ վատ և լավ մեկնաբանությունները բնականաբար պետք է լինեն, քանի որ մարդկանց ճաշակներն ու ընկալման մակարդակը շատ տարբեր են։
     -Իսկ դուք ընդունո՞ւմ եք ձեզ ուղղված քննադատությունները։
     -Յանա
։ Ընդունում ենք առողջ քննադատությունը։ Եթե պրոֆեսիոնալ մարդու կողմից քննադատվի ու պատճառը բացատրվի, այ դա շատ ընդունելի է։
     -Արման։ Բայց ինչ-որ մեկը, ով տանը նստած մեկնաբանություն է գրում, բացում նայում ենք իր էջը, ու տեսնում ենք թե ինչ «դեմք» է այդ ամենը գրել, հասկանում ենք, որ մենք շատ կվիրավորվեինք, եթե նա մեզ հավաներ։
     -Յանա։ Քոմմենթներում կային նաև անձնական բնույթի վիրավորանքներ, որոնց հեղինակները կանայք ու աղջիկներ էին, դա ես վերագրում եմ նախանձի, քանի որ ճիշտ չեմ համարում կնոջ արտաքինի մասին դատելը։ Եթե որևէ մեկին դուր չի գալիս իմ կատարած աշխատանքը, թո՛ղ չնայի, չլսի, այլ ոչ թե անձնական բնույթի վիրավորանքներ գրի։ Թո՛ղ ամեն մարդ առաջնահերթ իրեն նայի հայելու մեջ, ու բարձրաձայն արտահայտի այն բառերը, որոնք ուրիշի հասցեին է հնչեցնելու, ու այդ ժամանակ միգուցե շատ բաներ հասկանա․․․
     -Առաջիկայում նոր տեսահոլվակ նկարահանելու մտադրություն կա՞։
     -Արման։
Իհարկե, առաջիկայում կունենանք նոր տեսահոլովակ։ Եթե այս ասպարեզում ենք, ուրեմն պետք է անընդհատ դիմակայելով ցանկացած խոչընդոտի՝ հնարավորությունների սահմաններում, փորձենք քայլել ալիքին համընթաց։
     -Ձեզ հավանողները, մարդիկ ովքեր գնահատում ու սիրում են այն աշխատանքը, որը դուք եք անում, որտե՞ղ կարող են լսել ձեր երգերը և տեսնել ձեզ։
     -Յանա
։ Իհարկե հնարավորություն կա մեզ հետ շփվելու, Facebook սոցիալական ցանցի միջոցով, ունենք պաշտոնական կայք www.armanyana.com, իսկ եթե ցանկանում են լսել մեր երգերը, մենք ամեն երեկո, բացի կիրակի և երկուշաբթի օրերից, աշխատում ենք «Առագաստ» սրճարանում և սիրով հրավիրում ենք բոլորին։
     -Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին։
     -Յանա։ Հետևե՛ք մեր աշխատանքին, քանի որ մենք սիրով Ձեզ համար ենք աշխատում, նաև ցանկանում եմ սեր ու երջանկություն։ Աստված պահապան բոլորիս։
    
     Հ․Գ․ Հարգելի ընթերցո՛ղ, այս հղումով կարող եք դիտել Արմանի և Յանայի նոր տեսահոլովակը՝ «Եկ այս գիշեր» ։
     http://www.youtube.com/watch?v=pov3h4uktHc
    
     Զրուցեց՝ Լուսինե Մարկոսյանը
Յանան
Արման և Յանա
Արմանի և Յանայի տղաները՝ Կարենն ու Ալեքսը
Արման և Յանա
Արմանի և Յանայի տղաները՝ Կարենն ու Ալեքսը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
8282 | 5 | 0
Facebook