Ղարաբաղի պատերազմի և սկսված շրջափակման առաջացրած պայմաններում նորանկախ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար գերխնդիր դարձավ ղարաբաղյան հակամարտության գոտում երկարաժամկետ զինադադարի և խաղաղ բանակցությունների հարցը: Լեռնային Ղարաբաղի համար առաջնային խնդիր է դառնում Ադրբեջանի կազմից անջատվելն ու անկախություն հռչակելը` միջազգային ասպարեզում հնարավորինս շատ համախոհ և օգնող պետությունների հետ հարաբերությունների հաստատելու և սերտացնելու: Հայաստանի Հանրապետության հռչակումը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի Արցախյան հակամարտության հարցի կարգավորման մեջ ներգրավվեն ԱՄՆ-ը և Եվրոպական պետությունները:
Միացյալ Նահանգները այս հարցում իր վերաբերմունքը դրսևորել է սկսում պաշտոնական պատվիրակությունների առաքելություններ կազմակերպելով դեպի Հայաստան: 1991 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ ԳԽ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀ ԳԽ նախագահի տեղակալ Գ. Հարությունյանը, ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Դ. Վարդանյանը, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ա. Նավասարդյանը և այլ պաշտոնական անձինք ընդունում են ԱՄՆ-ի պաշտոնական պատվիրակությանը (սենատոր Դ. Դեկոնչին, կոնգրեսականներ Ս. Հոյեր, Է. Ֆեյհանի, Դ. Գլիկման, Բ. Գիլման և ուրիշներ): Այս հանդիպման ժամանակ, բացի Հայաստանի արտաքին հարաբերությունների, տնտեսական առաջիկա պլանների, հարևան պետությունների հետ դիվանագիտական կապերին վերաբերվող հարցերից, քննարկվում են նաև սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեից հետո հանրապետության հետագա տնտեսական ու քաղաքական քայլերը և, որ այստեղ մեզ համար հատկապես կարևոր է` Արցախի հիմնախնդրի կարգավորման հնարավոր ուղիներին առնչվող Հայաստանի իշխանությունների պաշտոնական տեսակետը : Նշենք, որ ամերիկյան կողմը այս հարցում ավելի շատ տրամադրված էր կարծիքներ լսելու, քան արտահայտելու, քանի որ ինչպես այս, այնպես էլ նույն օրը ԳԽ-ի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ամերիկյան կողմը անպայման ցանկանում էր լսել ՀՀ-ի պաշտոնական և ոչ պաշտոնական դիրքորոշումը Արցախի հիմնադրի կարգավորման հնարավոր ուղիների հարցում: Լևոն Տեր-Պետրոսյանը և հասարակական քաղաքական կազմակերպությունների ղեկավարները (Հ. Խաչատրյան, Ա. Արշակյան, Ա. Նավասարդյան և ուրիշներ) մանրակրկիտ ներկայացնում են իրենց դիրքորոշումը և հայտարարում, որ նման պաշտոնական այցը վկայում է Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի լուրջ մտահոգության և օգնելու պատրաստակամության մասին:
Արցախի նկատմամբ հայկական իշխանությունների հստակ դիրքորոշումը (Լևոն Տեր-Պետրոսյանը, Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ա. Եղիազարյանը, ԳԽ-ի քարտուղար Ա. Սահակյանը, պատգամավորներ և այլ պաշտոնական անձինք) արտահայտում են ԱՄՆ-ի պաշտոնական պատվիրակությանը` Վ. Օուենսի գլխավորությամբ 1991 թվականի սեպտեմբերի 20-ի հանդիպման ժամանակ: Այս հանդիպման ժամանակ ևս ամերիկյան կողմը լսում է հայկական կողմին, սակայն որևէ կոնկրետ տեսակետ չարտահայտեց, այլ նշեց, որ Հայաստանի կշռադատված սահմանադրական քայլերը ըստ արժաանվույն են գնահատվում ԱՄՆ-ի պետական շրջանակներում և, որ ամերիկացիները պաշտպանում են ՀՀ-ի ձգտումը ազատության և դեմոկրատիայի : Ս. Մանը նշում է, որ ամերիկյան պետության դիրքորոշումը այս հարցում իր կարծիքով միանշանակ է եղել. ԱՄՆ-ը միշտ դատապարտել է մարդու իրավունքների ոտնահարումը, բռնությունները, և կշարունակի առաջնորդվել այս սկզբունքով: Նա համոզմունք է հայտնում, որ Ղարաբաղի խնդիրը խաղաղ լուծում պիտի ստանա երկկողմ բանակցությունների միջոցով, որից կշահեն բոլորը : Պարզ է, որ Միացյալ նահանգների ձգտումը մեծ էր տարածաշրջանում Արցախյան հակամարտության կարգավորման գործը առաջ տանել սեփական շահերին չհակասող ուղիով, սակայն միաժամանակ շատ լավ հասկանում էր, որ պետք չէ շտապել: Այս տարածաշրջանում առկա էր Ադրբեջանական նավթի և Ադրբեջանի գլխավոր հովանավոր` Թուրքիայի գործոնները: Սակայն միաժամանակ պետք չէր նաև լիարժեք ընդառաջ գնալ վերջիններիս, քանզի նման քայլերով ձեռք կբերեր թշնամական վերաբերմունք Հայաստանի կողմից, որը ԱՄՆ-ին ձեռնտու չէր այս տարածաշրջանում, քանի որ այդ ժամանակ ի հակակշիռ Ռուսաստանի Վրաստանում ազդեցություն ձեռք բերելու մասին ԱՄՆ-ը չէր կարող մտածել. Վրաստանը դեռ չափից ավելի ռուսամետ էր: Իսկ Հայաստանը լավ առիթ էր ԱՄՆ-ի համար, քանի որ հաջող աշխարհագրական դիրք ունի Կովկասում և Հայաստանի հետ տնտեսական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ ձեռնտու չէր լինի ԱՄՆ-ին:
1992 թվականի հունվարի 7-ին Լևոն Տեր-Պետրոսյանի և սենատոր Ք. Փելի հանդիպման ժամանակ աղետի գոտու վերականգնման և տնտեսական հարցերից բացի լրջորեն քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի Հանրապետության նախագահը շեշտեց, որ նախկին միութենական կառույցները չեն կարող հանդիսանալ բնակչության անվտանգության երաշխավոր, և ներքին զորքերի հեռանալուց հետո առկա է լուրջ բախման լուրջ վտանգ: Բացի այդ, քանի որ Ալմա-Աթայում և Մինսկում միջհանրապետական խաղարարար ուժերի ստեղծման հարցը լիարժեք հավանության չէր արժանացել (հատկապես ընդդիմացել էր Ուկրաինան), մտավախություն կար, որ առաջիկայում ՄԱԿ-ի այսպես կոչված ՙԿապույտ սաղավարտների՚ մոդելով կստեղծվի միջհանրապետական ուժերի մոդել: Դրա կարևորությունը շատերի կողմից բավարար չափով չէր գիտակցվում: Այս տեսակետից Լեռնային Ղարաբաղում միջազգային խաղարարար ուժերի ներկայությունը ապահովելու անհրաժեշտություն է առաջանում: Իր հերթին Ք. Փելը հավաստիացրեց, որ կանի հնարավորը շոշափված հարցերը համապատասխան իրավասու մարմինների, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջ. Բեյքերի առջև բարձրացնելու և պատշաճ լուծում գտնելու համար: Նա նաև նշեց (հարկ է հիշատակել, որ Ք. Փելը ազգերի լիգայի ստեղծման ականատես է և ՄԱԿ-ի կանոնադրության մշակման մասնակից), որ ԽՍՀՄ փլուզումից հետո փաստորեն Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա մեծ պարտավորություն է դրված աշխարհում կայունության և խաղաղության ապահովման առումով :
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև Արցախյան հակամարտության հարցի հաջորդ քննարկումը Հայաստանում տեղի է ունենում 1992 թվականի փետրվարի 20-ին ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և ՀՀ-ում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ս. Մաննի միջև: Նախ նշենք, որ այս հանդիպման համար խնդրանքով ՀՀ նախագահին դիմել էր Ս. Մաննը, որը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի կառավարությունը շահագրգռված էր ամեն ինչին տեղյակ և մասնակից լինելու մեջ: Հանդիպման հիմնական թեման խաղաղության հաստատման ուղիների որոնումն էր :
1992 թ. մարտին Հելսինկիում տեղի ունեցած Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի հակամարտության կարգավորման ՆԽ նիստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունվում է որոշում` հրավիրել կոնֆերանս Մինսկում: Կոնֆերանսի նախագահ նշանակվեց Իտալիայի ներկայացուցիչ Մարիո Ռաֆայելին, իսկ մասնակից պետություններ էին Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Բելառուսիան, Շվեդիան, Չեխիան, Սլովակիան, Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը: Համաժողովին պետք է հրավիրվեին նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներ: Այս համաժողովը կոչված էր լուծումներ գտնել հակամարտությանը: Այն մինչև օրս իր եռանախագահությամբ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա) փորձում է գտնել հարցի խաղաղ կարգավորման բանալին:
1992 թվականի մարտի 7-ին Ամերիկայի Հայկական համագումարի հրավերով հայաստան է ժամանում ԱՄՆ-ի կոնգրեսական Վ. Օուենսը: Այս այցը արդեն որոշակի նպատակ ուներ. հստակ ծանոթանալ ԼՂ-ի իրադրությանը և համապատասխան եզրակացությունները ներկայացնել ամերիկյան կառավարությանը (չմոռանանք նշել, որ մինչ այս այցը, 1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձել էր ՄԱԿ-ի լիիրավ անդամ): ԱՄՆ-ի կողմից կազմակերպված այսպես կոչված ուսումնասիրությունների արդյունքում նույն թվականի սեպտեմբերի 24-ին Վաշինգտոնում ՀՀ-ի ու ԱՄՆ-ի կառավարությունների միջև կնքվում է համաձայնագիր Խաղաղության կորպուսի ծրագրի մասին: 9 հոդվածներից բաղկացած այս համաձայնագրում սահմանվում էր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով պետք է տրամադրի Խաղաղության կորպուսի կամավորներ, որոնք պետք է հաստատվեն Միացյալ Նահանգների կառավարության կողմից` Հայաստանում համատեղ համաձայնեցված խնդիրներ կատարելու համար : Միացյալ Նահանգների կառավարությունը կամավորներին պետք է ապահովի սարքավորումների և պաշարների անսահմանափակ քանակությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է բոլոր մաքսատուրքերից, հարկերից և այլ գանձումներից:
1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին, իսկ մի քանի օր անց` Լաչինը: Դրանով Արցախի համար մղվող ազատագրական պայքարը թևակոխեց նոր փուլ, որը ընդգրկում է 1993-1994 թվականները: Շուտով ազատագրվեցին նաև Քելբաջարը, Աղդամը, Ֆիզուլին և այլ տարածքներ:
Տարածաշրջանային հարցերն ու Արցախյան հակամարտության, դրա բերած խնդիրների ու հնարավոր լուծումների տարբերակները 1992 թվականի հոկտեմբերի 2-ին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը քննարկում է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ռ. Կաուզլարիչի հետ : Միացյալ Նահանգները չափազանց ուշադիր հետևում էր և ուսումնասիրում Հայաստանի իշխանությունների և հասարակական-քաղաքական կազմակերպությունների դիրքորոշումը Արցախյան հակամարտության նկատմամբ և ՀՀ նախագահի հետ այս պարբերական քննարկումներից բացի, տեսակետներ էր լսում նաև ՀՀ այլ պաշտոնյաներից` մասնավորապես ԳԽ նախագահի, փոխնախագահի, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների և այլն: Այսպես` 1992 թվականի հոկտեմբերի 6-ին տարածաշրջանային և հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրները քննարկվում են ԳԽ նախագահ Բ. Արարքցյանի և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ս. Օլդսը և վերջինիս տեղակալ Ռ. Ֆրենկլինը: Հյուրերը նշում են, որ իրենք Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարը տեսնում են միայն խաղաղության պայմաններում :
Մի քանի օր անց` 1992 թվականի հոկտեմբերի 13-ին ԼՂ-ի հարցի քննարկման շատ կարևոր հանդիպում է տեղի ունենում ՀՀ նախագահի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության շրջանակներում ԼՂ-ի խնդրի կարգավորմանն ուղղված Մինսկի խորհրդաժողովում ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար, դեսպան Մարեսկայի միջև : Նրանք առանձնազրույց են ունենում: Քննարկվում է ԼՂ-ի խնդրի հարցը: Ցավոք այս առանձնազրույցը ամբողջությամբ չի հրապարակվել և մենք չենք կարող այն քննարկման դնել:
1993 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը դիմում է նոր հարձակումների, որոնք դադարեցվեցին միայն 1994 թվականի մայիսին Ռուսաստանի և Մինսկի խմբի միջնորդությամբ զինադադարի կնքումով: Այս պահից հետո պատերազմը մտնում է նոր փուլ, որի ժամանակ հիմնականում ռազմական գործողությունները դադարում են և շուտով պատերազմի դադարեցմանն ուղղված գործողություններում շեշտը դրվում է բանակցային գործընթացի վրա, որին կողմ էին ինչպես գերտերությունները, այնպես էլ համաշխարհային հանրությունը: Այս առիթով ԱՄՆ-ի դեսպանը նշել է. ՙՄենք չենք կարծում, թե Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել ռազմական միջոցներով: Այն կարող է լուծվել միայն քաղաքական համաձայնության միջոցով: Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է կոչ անել հօգուտ Ղարաբաղում կրակի դադարեցման` առանց նախապայմանների: Նման դեմարշեր ներկայացված են նաև բոլոր շահագրգիռ կառավարություններին` Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային և Ռուսաստանին: ԱՄՆ-ը կողմնակից է կրակի դադարեցմանն առանց նախապայմանների՚ :
Իսկ Ադրբեջանը համառորեն ԼՂՀ-ն չէր ճանաչում որպես հակամարտող կողմ: 1993 թվականի ՙՀայաստանի Հանրապետություն՚ օրաթերթի հունվարի 6-ի համարում լույս է տեսնում Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի մասին, որտեղ ասվում է. ՙՌուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները խոր մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղում, իսկ վերջին ժամանակներս նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընկած սահմանում չդադարող արյունալի ողբերգության առթիվ: Ձգձգվող կատաղի հակամարտությունը շարունակում է բազմապատկել մարդկային զոհերի թիվը (ընդ որում` ավելի ու ավելի մեծ չափով` խաղաղ բնակչության շրջանում), անհամար վնասներ պատճառել երկու պետությունների տնտեսությանը, վարկաբեկել ժողովրդավարական միտումները այն դեպքում, երբ դրանք գտնվում են զարգացման փուլում, ապակայունացնել իրավիճակը Անդրկովկասի ամբողջ տարածաշրջանում: Հայտարարության մեջ տագնապ է հայտնվում կոնֆլիկտի շարունակվելու ու սրվելու, բնակավայրերի անհամար գնդակոծումների ու ռմբակոծումների, գաղթականների հոսքի, շրջափակման, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների (ներառյալ` պատանդներ վերցնելն ու բարբարոսական վերաբերմունքը գերիների նկատմամբ) կապակցությամբ: Այս արարքները սևեռուն ուշադրության և դատապարտման կարիք ունեն քաղաքակիրթ պետությունների, ՄԱԿ-ի և միջազգային մարդասիրական կառույցների կողմից: Ռուսաստանը և ԱՄՆ-ը վճռականորեն հանդես են գալիս այն բանի օգտին, որ անհապաղ դադարեցվի արյունահեղությունը, շեշտակի շրջադարձ կատարվի դեպի կոնֆլիկտի քաղաքական լուծումը, շուտափույթ գումարվի Լեռնային Ղարաբաղին նվիրված Եվրախորհրդակցության Մինսկի Խորհրդաժողովը` բոլոր վիճելի հարցերը կարգավորելու համար: Այս են պահանջում ադրբեջանական և հայ ժողովուրդների բարձրագույն ազգային շահերը: Ռուսաստանը և ԱՄՆ-ը հայտնում են, որ իրենք դիմում են Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներին, կոնֆլիկտի բոլոր մասնակիցներին` հաստատակամորեն կոչ անելով գործնականում հաստատել կոնֆլիկտը քաղաքական մեթոդներով լուծելու, ձեռք բերված խաղաղ համաձայնությունները հարգելու ձգտման վերաբերյալ արված հայտարարությունները: Իրենց հերթին Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հավաստում են կոնֆլիկտի բոլոր մասնակիցների համար ընդունելի լուծումների որոնմանը աջակցելու համատեղ ջանքերի շարունակման պատրաստակամությունը, նախ և առաջ ` Եվրախերհրդակցության շրջանակներում :
1993 թվականի փետրվարի 12-ին ՀՀ նախագահը ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Ժոզեֆ Քենեդուն: Լ. Տեր-Պետրոսյանը պարզաբանեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ և նշում է, որ այդ հիմնախնդրի գործում չափազանց կարևոր է առաջին հերթին Արևմուտքի ակտիվ մասնակցությունը :
Այսպիսով` փաստ էր, որ ԱՄՆ-ի կառավարությունը մտահոգվածություն էր ցուցաբերում ԼՂ-ի հարցի կարգավորման նկատմամբ: Նրա կողմից կազմակերպված պատվիրակությունների այցերը Հայաստան անկասկած դրա վառ ապացույցն էին և գնալով ավելի հաճախակի բնույթ էին ստանում, որը դրական էր անդրադառնում երկու երկրների փոխհարաբերությունների ձևավորման, զարգացման և աշխարհին ԼՂ-ում տիրող իրադրությունը ավելի հստակ, դիտորդական հայացքով ներկայացնելու համար: Սակայն կարծել, որ ԼՂ-ի հարցում ԱՄՆ-ը հետաքրքրված էր միայն Հայաստանի պաշտոնական դիրքորոշումով չափազանց սխալ և անիրական կլինի, քանի որ (վերը արդեն նշել ենք) ԱՄՆ-ը ուներ բավական լուրջ ու սերտ տնտեսական ու ռազմական հարաբերություններ Թուրքիայի, և շահավետ ու հեռանկարային հարաբերություններ (ՆԱՏՕ-ի ընդարձակման) Ադրբեջանի հետ: Ուստի ԱՄՆ-ը ճկուն դիվանագիտությամբ անում էր ամեն ինչ` այս իրադրության մեջ սեփական շահերը չվնասելու համար: Այդ նպատակով ԱՄՆ-ի որոշ պատվիրակություններ, միաժամանակ ԼՂ-ի հարցի կարգավորման քննարկումների նպատակով այցելում էին Ադրբեջան և Թուրքիա: Մասնավորապես` նշենք 1993 թվականի ապրիլի 5-ին Հայաստան ժամանած ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությունը մինչև Հայաստան գալը եղել էին բաքվում, ծանոթացել էին Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը ԼՂ-ի հարցում: Այս պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Ռ. Լեհմանին, Ջ. Բիլբրեյին, Ջ. Մոբանին և հանրապետական Ալ Մակ-Քանդլեսին: Վերջիններս Լ. Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկում են Լեռնային Ղարաբաղի պատերազմին առնչվող մի շարք հարցեր: Նրանք հայտնում են, որ ԱՄՆ-ի կառավարությունը անհանգստացած է տարածաշրջանում ռազմական գործողությունների ահագնացմամբ: Այս առիթով ՀՀ նախագահը հայտնում է, որ հայկական կողմը պատրաստ է անհապաղ, առանց նախապայմանների զինադադարի կնքման, և, որ ՙգործողությունների թեժացման մեղավորը Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնք ամեն տեսակ նախապայմաններով արգելք են հանդիսանում խաղաղության հաստատմանը՚ , և որ այս փուլին պետք է հաջորդի Մինսկի կոնֆերանսը, որի ընթացքում կփնտրվեն բոլոր իրավական հարցերի լուծումները: Դրան կողմ էին Մինսկի կոնֆերանսի բոլոր մասնակից երկրները, բացի Ադրբեջանից և Թուրքիայից: ՀՀ նախագահը հույս էր հայտնում, որ այս այցը կնպաստի, որ ԱՄՆ-ի կոնգրեսը ավելի իրատեսորեն գնահատի իրադրությունը և առավել արդյունավետ ներազդի հարցի խաղաղ կարգավորմանը : Որպես հավելում նշենք, որ պատվիրակությունը Հայաստանից մեկնելու էր Անկարա:
ԼՂ-ի հարցի կարգավորման շուրջ բազմակողմանի քննարկում է տեղի ունենում 1993 թվականի ապրիլի 8-ին: Լ. Տեր-Պետրոսյանը առանձնազրույցներ է ունենում ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության, Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, ԱՄՆ-ի, Իրանի Իսլամական Հանրապետության և Գերմանիայի գործերի հավատարմատարների հետ: Առանձնազրույցը ցավոք դռնփակ է եղել և հայտնի է, որ Վ. Ստուպիչինի (Ռուսաստան), Ֆրանս դե Արթինգի (Ֆրանսիա), Չժաո Սիդի (Չինաստան), Ռ. Հարմսի (ԱՄՆ), Ա. Սոբհանիի (Իրան) և Ն. Հայնցեի (Գերմանիա) հետ ՀՀ նախագահը քննարկել է ԼՂ-ի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից արված հայտարարության շուրջ :
ՀՀ-ն պաշտոնական դիրքորոշումը ԼՂ-ի հարցի վերաբերյալ 1993 թվականի հունիսի 1-ին ԱՄՆ-ի սենատորներ Փ. Սայմոնին, Հ. Բրաունին և ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Հ. Գիլմորին ներկայացնում է նաև ՀՀ ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը: Այս հանդիպման ժամանակ կողմերը հավաստում են, որ երկու երկրների միջև զարգացող տնտեսական հարաբերությունները հնարավոր են միայն տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ, որը տարածաշրջանը կհանի ռիսկային գոտուց և կնպաստի ներդրումների ընդլայնմանը :
1993 թվականի հունիսի 21-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը Լ. Տեր-Պետրոսյանին է հանձնում ԱՄՆ-ի նախագահ Բիլլ Քլինթոնի նամակը, որը ԱՄՆ-ի կառավարական և պաշտոնական պատվիրակությունների, փոխայցերի, քննարկումների արդյունքում ձեռք բերված տվյալները ուսումնասիրելով բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը` տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում և այն, որ Հայաստանի ճանապարհները բաց են բոլոր հարևանների համար և, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների զինադադարի հաստատման (նշենք, որ այս պնդումները ՀՀ նախագահը հնչեցնում էր գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ): ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցը մի շարք այլ հարցերի հետ ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը քննարկում է Հ. Գիլմորի հետ 1993 թվականի հուլիսի 1-ին :
1994 թվականի մայիսի 14-ին խոշոր ընդունելություն է տեղի ունենում Լ. Տեր-Պետրոսյանի մոտ: Դա ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պատվիրակությունն էր` պետդեպարտամենտի նորանկախ երկրների գծով հատուկ դեսպան և խորհրդական Ջ. Քոլինզի գլխավորությամբ (մյուս անդամներն էին` ԵԱՀԽ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջ. Փրեսլը, պաշտպանության դեպարտամենտի Ռուսաստանի, Ուրաինայի և Եվրասիայի գծով փոխքարտուղար Է. Շերվուդը և ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի գործերով տնօրեն Ռ. Ֆորսայթը): Պատվիրակությանը ուղեկցում էր ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Հ. Գիլմորը: Հանդիպման ընթացքում թեման հիմնականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերի, կայուն խաղաղության հաստատման, զինադադարի ամրապնդման հարցերի շուրջ էր, և ԵԱՀԽ ու ԱՊՀ խաղաղարար միջնորդական ջանքերի համատեղման խնդիրը: Այս հանդիպումը կարևորվեց նաև նրանով, որ Ջ. Քոլինզը ՀՀ նախագահին փոխանցեց օգոստոսին ԱՄՆ այցելելու նախագահ Քլինթոնի հատուկ հրավերը :
ԼՂ-ի հակամարտության քննարկումների ինտենսիվացումը գնալով ավելանում էր և ՀՀ կառավարությունը այս խնդիրը քննարկում էր ՀՀ այցելած ամերիկյան գրեթե բոլոր ամերիկյան պատվիրակությունների հետ` լիներ դա տնտեսական, կամ այլ բնույթի այցելություն: Այն 1994 թվականի հունիսի 7-ին ՀՀ նախագահը քննարկում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և նորանկախ պետությունների հարցերով փոխտնօրեն Թ. Դայնի հետ :
ԼՂ-ի հակամարտության խնդրի լուծումը մոտ ապագայում տեսանելի չէր և ԵԱՀԿ համաժողովը գրեթե անարդյունք էր: Այս փաստը հաստատվել է նաև 1996 թվականին Լիսսաբոնում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության մեջ, որը ընդգրկված էր ԵԱՀԿ գագաթաժողովի փաստաթղթում, ափսոսանքով նշում է, որ ՙՄինսկի կարգավորման սկզբունքների վերաբերյալ կողմերի տեսակետերի հաշտեցումը հաջողությամբ չպսակվեցին՚ : Անհաջողությունների պատճառն ու հիմքը, կարծում ենք, որ Մինսկի խմբի ընդունած հիմնական սկզբունքների մեջ է: Պետք է ընդունել, որ հարցի վերջնական լուծման դեպքում երկու հանրապետություններից մեկը կրում է տարածքային կորուստ, սակայն խմբի հիմնական սկզբունքներից առաջինը հակասում է այս իրականությանը, քանզի այդտեղ ամրագրված է, որ Մինսկի խմբի սկզբունքն է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումը: Երկրորդ սկզբունքը` համաձայնագրով ամրագրված Լեռնային Ղարաբաղի այնպիսի կարգավիճակն էր, որը հիմնված կլիներ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր աստիճանի ինքնավարություն ապահովող ինքնորոշման վրա: Երրորդ` Լեռնային Ղարաբաղի և նրա ողջ բնակչության համար երաշխավորված անվտանգությունն է:
1997 թվականի դեկտեմբերին Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպմանը լսվում է Մինսկի կոնֆերանսի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, իսկ 1997 թվականին խմբում արդեն համանախագահում էին Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Զեկույցում ասվում է, որ ՙՄինսկի կոնֆերանսի համանախագահները շարունակում են հակամարտության կողմերի` կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված համաձայնության պահպանմանը` նրանց միջև զինված հակամարտության դադարեցման համաձայնագրի կնքման ուղղությամբ՚ : Սակայն նշենք, որ համանախագահները ստիպված էին փաստել, որ 1997 թվականի ապրիլին կայացած բանակցությունների հերթական փուլը հստակ ցույց է տվել, որ բանակցությունները փակուղի են մտել, ինչը բնութագրվում է բանավեճերով և անպտուղ քննարկումներով:
1997 թվականի մայիս ամսվա ընթացքում համանախագահները մշակեցին համընդգրկուն կարգավորմանը միտված միասնական մոտեցումը, որը ներառում էր երկու խումբ: Առաջին խումբը կազմում էին զինված հակամարտության ավարտի առաջնային միջոցառումները, իսկ երկրորդ խումբը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Հիմնահարցերի նման տարանջատումն ուներ մեկ նպատակ. յուրաքանչյուր հարցին յուրովի մոտենալ և բոլոր չլուծված հարցերին գտնել լուծումներ: Փաստորեն այսպիսով հակամարտության կարգավորման հարցը դրվում էր փուլային լուծման, որին իրենց համաձայնությունն են հայտնում հայկական և ադրբեջանական կողմերը 1997 թվականի հոկտեմբերին: Քանի որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն տվեցին այս հարցին, այժմ համանախագահները իրենց ջանքերը կենտրոնացնում են այն բանի վրա, որպեսզի համարժեք պատասխան ստանան նաև Լեռնային Ղարաբաղից: Սակայն հետո զեկույցում կնշվի, որ Լեռնային Ղարաբաղը ՙշարունակում էր բացասական դիրքորոշում պահպանել համանախագահների առաջարկների հիման վրա բանակցություններ վարելու հարցում՚: Սակայն միջազգային հանրության աճող քաղաքական ճնշումը Հայաստանի իշխանություններին դրդեց գնալ ղարաբաղյան հարցում հնարավոր զիջումների քննարկմանը: Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ենթարկվելով այդ ճնշմանը, փաստարկեց Ղարաբաղը ՙփուլ առ փուլ՚ Ադրբեջանի կազմ վերադարձնելու անհրաժեշտությունը: Բայց պատերզմի միջով անցած հայ հասարակությունը չէր պատրաստվում նահանջել Ղարաբաղյան հարցում: Արդյունքում 1998 թվականի փետրվարի 3-ին կատարվեց իշխանափոխություն:
1998 թվականի մարտ ամսին ընտրվեց Հայաստանի Հանրապետության նոր նախագահ` Ռոբերտ Քոչարյանը: Այս իրադարձություններով սկսվում է ղարաբաղյան բանակցությունների նոր փուլ:
1998 թվականի դեկտեմբերին Օսլոյում հերթական հանդրպման ժամանակ, մասնակիցները հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման համար մշակվել են նոր ծրագրեր: Դրանցից կարևորագույններից մեկը դա Հայաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակներ բացելն էր: Ղարաբաղյան հակամարտության նոր փուլում ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվացրեց գործունեությունը: 1998 թվականին միջնորդները հանգեցին, այսպես կոչված, ՙընդհանուր պետության՚ գաղափարին: Նոր` ՙընդհանուր պետությունը՚, ըստ համանախագահների, պետք է ստեղծվեր նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում, ինչը թույլ էր տալու, ըստ նրանց, համատեղել սահմանների անձեռնմխելիությունը և ազգերի ինքնորոշման սկզբունքը: Հայաստանը և Ղարաբաղը սկզբունքորեն համաձայնվեցին ՙընդհանուր պետության՚ գաղափարն ընդունել որպես բանակցային գործընթացի հիմք, իսկ Ադրբեջանը մերժեց այն: Բանակցությունները նորից փակուղի մտան: Ըստ Մայքլ Լեմոնի` Ղարաբաղի և Կոսովոյի միջև զուգահեռներ չկան, և Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել մոտ ապագայում, եթե բանակցող կողմերը քաղաքական կամք դրսևորեն և մի փոքր պատկերացում ունենան հարցի վերաբերյալ: Նրա հավաստմամբ` ամերիկյան կառավարությունը Հայաստանը դիտում է որպես անբաժանելի գործընկեր և մեծ կարևորություն է տալիս նրա բոլոր տարածաշրջանային հարցերին: Մայքլ Լեմոնը նշեց նաև, որ ամերիկյան կառավարության երազանքն է Հայաստանը տեսնել հզորացած : Այս քեյլի հետ համատեղ շարունակվում էին ԵԱՀԿ անդամների և նախագահների այցելությունները Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ, հանդիպումները այս երկրների նախագահների հետ, քննարկումները, որոնց ժամանակ բոլոր կողմերն էլ նշում էին, որ համակարծիք են հրադադարի պահպանմանը, հարցի խաղաղ կարգավորմանը, և որ Մինսկի գործընթացը խաղաղ գործընթացը շարունակելու միակ նպատակահարմար համաժողովն է:
ԵԱՀԿ 1999 թվականիՆ Ստամբուլում տեղի ունեցած գագաթնաժողովում որոշում ընդունվեց նպաստել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկխոսությունների ինտենսիվացման գործընթացին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով 1999 թվականին սկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ուղղակի շփումները:
ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի է ունենում Վիեննայում 2000 թվականին: Այստեղ գործող նախագահը իր հայտարարության մեջ նշում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման արդի վիճակի քննարկումների արդյունքում հանդիպման մասնակից նախարարները ՙխորը մտահոգություն են հայտնում այն առումով, որ խաղաղ գործընթացի հնարավոր առաջընթացը նախկինի պես բացակայում է՚ :
Այնուամենայնիվ շարունակվում են լուրջ քայլերը` տարածաշրջանում հետկոնֆլիկտային վերականգնման և վերաբնակեցման հարցերի լուծմանը նախապատրաստվելու ուղղությամբ, որը դրական է գնահատվում նաև 2000 թվականի փետրվարին Ժնևում համանախագահների կողմից անցկացված ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի կողմից: Նշենք նաև, որ 1999 թվականի մայիսին Ժնևում ևս անց էր կացվել հանդիպում` առանցքային միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ, որը սկզբունքային որոշում էր կայացրել` այն է` ՙանհրաժեշտ պահին իրադրության գնահատման առաքելություններ գործուղել տարածաշրջան՚:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման հարցում կարևոր էր համարվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները և նրանց ներկայությամբ հարցի քննարկումը (Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն, Քի Ուեստ (ԱՄՆ), Աստանա, Ռամբույե (Ֆրանսիա) և Բուխարեստ), որոնց մասնակցում էին նաև Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպումներ են սկսվում նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախագահների միջև:
Սակայն նշենք, որ 1997 թվականից ի վեր, ինչ գործում է Մինսկի խմբի համանախագահության ընթացիկ ձևաչափը, առաջին անգամ համանախագահող երկրների ներկայացուցիչներն իրենց արտաքին գործերի փոխնախագահների մակարդակով 2006 թվականի մայիսին այցելեցին տարածաշրջան, որպեսզի երկու երկրների նախագահներին հստակորեն ցույց տան, որ 2006 թվականը Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնության գալու հնարավոր անհրաժեշտ պատուհանն է:
Փաստորեն, պատվիրակությունը, որի կազմում էին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գ. Կարասինը, ԱՄՆ փոխպետքարտուղար Դ. Ֆրիդը և բարձրաստիճան ֆրանսիացի դիվանագետ Պիեռ Մորելը (որը ներկայացնում էր Ֆրանսիայի արտգործնախարարության քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլաս Լաբուլեին) երկու երկրների նախագահներին հայտնեցին, որ համանախագահող երկրները ակնկալում են խնդրի կարգավորման սկզբունքների լուրջ համաձայնության կայացման հնարավորությունը հունիսի սկզբին Բուխարեստում կայանալիք հանդիպման ժամանակ:
Սակայն այնուամենայնիվ Մինսկի խմբի համանախագահները, գրեթե բոլոր հանդիպումների ու խորհրդակցությունների ժամանակ, նշում են, որ այնուամենայնիվ խնդրի լուծման միակ ճանապարհը երկու երկրների նախագահների ակտիվ հանդիպման մեջ է: Իսկ իրենց հիմնական սկզբունքային առաքելությունը դրանց նպաստելն է ու մասնավորապես հայկական զորախմբերի փուլային դուրսբերման կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի շրջապատող ադրբեջանական տարածքներից (ընդ որում հստակ մոտեցում է ցուցաբերվում Քելբաջարի և Լաչինի շրջաններին), դրանց ապառազմականացում, Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի հանրաքվեին կամ համընդհանուր քվեարկությանը, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը, հետկոնֆլիկտային վերականգնողական աշխատանքների ֆինանսական աջակցությունը և, վերջապես, օկուպացված ու պատերազմից տուժած տարածքներում տեղահանվածների վերաբնակեցումը: Նրանք նշում են, որ ցուցաբերելու են բացահայտ անկողմնակալություն երկու երկրների միջև:
Օգտագործված գրականության ցանկ
1.Բալայան Տիգրան, Ղարաբաղյան հիմնահարցը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994 թթ., Երևան 2004:
2.Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, Պատմությունը, Գործունեությունը և Հեռանկարները, (Organization for security and co-operation in Europe, OSCE) Երկրորդ հրատարակություն, Երևան 2006:
3.Մինասյան Սերգեյ,-ուրիշներ, Ղարաբաղյան հակամարտություն: Փախստականներ, տարածքներ, անվտանգություն: Երևան 2005:
4.Հ. Չաքրյան, Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Երևան 1998:
5.Արման Կիրակոսյան, Ակնարկներ հայկական հարցի և եղեռնի միջազգային ճանաչման պատմության, Երևան 2006:
6.Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, Պատմությունը, Գործունեությունը և Հեռանկարները, Երկրորդ հրատարակություն, Երևան 206, էջ 210-211:
7.ՀԱԱ, ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1991, 1992, 1993, 1994,:
8.ՀԱԱ, ՀՀ Ազգային ժողովի տեղեկագիր, 1995 :
9.Արխիվ ՀՀ Արտաքին գործերի նախարարության, 1992 թ. սեպտեմբերի 24: (http://www.armeniaforeignministry.com/index_arm.html)
10.Հայաստանի Հանրապետություն, 1992 թ., 1993 թ:
11.Ժամանակ, Մայքլ Լեմոնը երազում է զարգացած տեսնել Հայաստանը, 1999 թ, ապրիլ 16: