Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Քաղաքում» սերիալի «Մխոն» չի սիրում «քյառթուներին»

57 hg
Հեղինակ`
57 hg
20:40, չորեքշաբթի, 30 ապրիլի, 2014 թ.
     «Քաղաքում» հեռուստասերիալը հեռուստադիտողների ուշադրությանն է արժանացել, եւ այն դիտողների մեծ բանակ կա։ Հեռուստասերիալի դերասանների որոշ արտահայտություններ թեւավոր խոսքի նման են դարձել: Հովհաննես Դավթյանը, որը «Քաղաքում» հեռուստասերիալում մարմնավորում է «Մխոյին», մեզ հետ զրուցեց իր մարմնավորած կերպարի, թատրոնի եւ հեռուստատեսության, ինչպես նաեւ դրական եւ բացասական դերեր կերտելու մասին։ Թեեւ կերպարի խաղաոճն ու բառապաշարը խիստ տարբերվում են նրա կերտած այլ դերերից, սակայն հեռուստադիտողների մի շրջանակի կողմից այն ընդունված է։ Հովհաննեսը, թեպետ բազմիցս նշել է, որ կերպարն իր հետ բացարձակ կապ չունի, այն ստացված է համարում եւ փաստում, որ հեշտ է «կոնտակտի» մեջ մտնում դերի հետ: «Դերասանությունն իմ մասնագիտությունն է, որին տիրապետում եմ, կարող եմ ասել, որ հեշտ է մարմնավորել ինձանից բավական տարբեր մեկին», -ասում է մեր զրուցակիցը: Խոսելով կերպարի հետ ունեցած նմանությունների մասին՝ Հովհաննեսը նշեց հումորային գիծը, որն ունի ե՛ւ «Մխոն», ե՛ւ ինքը, նաեւ առանձնացրեց հետեւյալը. «Քյառթու» Մխոյին բարկացնում է գրեթե ամեն ինչ, ես նույնպես տաքարյուն եմ ու դյուրագրգիռ, ինձ կարող է հունից հանել անգամ շատ հասարակ մի բան»: Դերասանը փաստեց. «Ցավոք, այսօր մեր հասարակության մեջ դեռ մնացել են «Մխոյի» նման կերպարներ, ինչն, իհարկե, խրախուսելի չէ» ։ Կերպարը բավական հայտնի է ու ոմանց կողմից սիրված, սակայն Հովհաննեսին հուսահատեցնում է մեկ փաստ. «Ցավոք սրտի, հասարակությունը դեռ ինձ ճանաչում է որպես «Քաղաքում» -ի Մխո, բայց շատ կցանկանամ, որ ինձ սկսեն ճանաչել որպես դերասան Հովհաննես Դավթյան» ։ Բացի հեռուստասերիալից, Հովհաննեսը հանդես է գալիս նաեւ թատերական ներկայացումներում. «Թատրոնն ու հեռուստատեսությունը տարբեր են, յուրաքանչյուրն իր տեղն ունի իմ կյանքում։ Կարող եմ ասել, որ թատրոնն ավելի կենդանի արվեստ է, իսկ էկրանը հակառակը՝ սառը։ Կան բազմաթիվ դերեր, որոնք կցանկանամ մարմնավորել, անվանապես չեմ թվարկի, հուսամ, որ ժամանակի ընթացքում կհասցնեմ մարմնավորել։ Դրական եւ բացասական դերեր կերտելու խտրականություն չեմ դնում: Կարծում եմ՝ դերասանը պետք է կարողանա հավասարաչափ տիրապետել թե՛ մեկին, թե՛ մյուսին» ։
    
     ՝ http://www.aravot.am/
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3825 | 0 | 0
Facebook