Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գնված առաքինություն. Կուսաթաղանթի վերականգնում արժե 50 հազար դրամ

20:23, հինգշաբթի, 17 ապրիլի, 2014 թ.

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում հարսանիքի հաջորդ օրը հարսին ամուսնու հարազատները գյուղի կենտրոնում ծեծել ու վերադարձել են հայրական տուն. պատճառը` կույս չէր: Այս դեպքը ոչ թե 19-րդ դարում, այլ բոլորովին վերջերս է տեղի ունեցել: Այն, որ հայաստանյան բուժհիմնարկներում հնարավոր է կուսաթաղանթը վերականգնել, երևի թե գաղտնիք չէ, գաղտնիք չէ նաև, որ այդ գործընթացը անկախ Հայաստանի ձեռքբերումներից չէ, արմատները գնում է Խորհրդային Միության ժամանակաշրջանը:

Հայաստանի մարզային հիվանդանոցներից մեկի բժշկուհի Սուսաննան Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ միշտ էլ պահանջարկ եղել է կուսաթաղանթի վերականգնման: Նրա տեղեկացմամբ, վիրահատությունը տևում է 10 րոպե, արժեքը՝ 50 հազար դրամ.: Մարզային հիվանդանոցներ սովորաբար այցելում են Երևանից, իսկ մարզերից աղջիկները կա՛մ Երևան են գնում, կա՛մ այլ մարզերի բուժհիմնարկներ: Բժշկուհիները դժկամությամբ էին խոսում թեմայից:

Բժշկական գիտությունների թեկնածու, սեքսապաթոլոգ Վրեժ ՇահրամանյանըLife.panorma.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ նվազել է տղաների առաջին սեռական հարաբերության տարիքը և միջինացված տվյալներով կազմում է 16 տարեկան՝ նախկին 18-ի փոխարեն. «Սեռական կյանքի սկզբի շարժառիթները տարբեր: Ինտիմ, մտերմիկ շփման կարիքը, հետաքրքրությունը, զուգընկերոջ թախանձը, հասակակիցների օրինակը, ինտերնետը և էրոտիկ բնույթի զանազան հեռուստահաղորդումները` ահա դրանց ոչ լրիվ թվարկումը: Ընդ որում, որքան վաղ է սկսվել սեռական կյանքը, այնքան քիչ է այն սիրով պայմանավորված եղել»:

«Հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը շատ կնճռոտ հարց է: Մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը և «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ: Վերջ ի վերջո, սիրո և ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ: «Կույս» նշանակում է, չամուսնացած աղջիկ, իսկ Սբ. Գրքում գործածվում է իբրև ածական` մաքուր, անփորձ, ողջախոհ, ինչպես նաև «կույս» բառը նշանակում է անարատ աղջիկ, որ սեռական հարաբերություն չի ունեցել տղամարդու հետ, իսկ հոգևոր տեսանկյունից նշանակում է կրոնավորուհի, որ ուխտել է միշտ կուսություն պահպանել, իր ամրոցը` մարմինը, անառիկ է պահում զորավոր թշնամուց, այդ պատճառով էլ մյուսներից ավելի մեծ պսակի է արժանանում», - ասաց Վ. Շահրամանյանը:

Իսկ ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը Life.panorama.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ փակ և ավանդական հասարակություններում պահանջներն ավելի խիստ են, սակայն քաղաքային կամ որոշ զույգերի դեպքում կուսաթաղանթի խնդիրը առարկայական չէ արդեն: Իսկ թե ինչո՞ւ է այդպես, պատասխանեց. «Մեր հասարակությունը շատ հարաբերութուններ շարունակում է կեղծ արժեքների վրա կառուցել` դրանք ներկայացնելով որպես ավանդական արժեքներ»:

«Այսօր ունենք ճգնաժամային իրավիճակում գտնվող և բազմաթիվ հիվանդություններով ունեցող հասարակություն և ռացիոնալ պատասխաներ ակնկալելը սխալ է», - ասաց ազգագրագետը: Ըստ նրա, ներկայիս հասարակությունում կնոջ հետ կապված խնդիրները գալիս են կեղծ արժեքների դոմինանտությունից և պատճառները պետք չէ փնտրել 100 կամ 500 տարի առաջ, պարզապես այսօր ձևավորվել է խմբակային, կլանային, լոկալ արժեքներով հասարակություն, որտեղ կնոջ կարգավիճակը դիտարկվում է անհասկանալի հարթությունում: «Երևանից դուրս հաճախ 19-րդ դարավերջի-20-րդ դարեսկզբի իրողություններ են», - ընդգծեց Մխիթար Գաբրիելյանը:

Աղբյուրը` Life.panorama.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6625 | 0 | 0
Facebook