Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նշեցին ականավոր գիտնականի 100-ամյակը

Սեփ.լրատու
Մամուլի խոսնակ`
Սեփ.լրատու
17:58, չորեքշաբթի, 09 ապրիլի, 2014 թ.

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում նշեցին ականավոր գիտնական, ակադեմիկոս, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, «Կարմիր Աստղի» և «Աշխատանքային Կարմիր Դրոշի» շքանշանակիր, դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Գեորգիի Մաղաքյանի ծննդյան 100-ամյակը:

Հոբելյանական նիստը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ, որին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, ականավոր գիտնականներ, պետական, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի բացման խոսքով: Ակադեմիայի նախագահը ողջունեց հյուրերին` բարձր գնահատելով նմանատիպ միջոցառումների դերը գիտական և հասարակական կյանքում:

Գիտնականի կյանքի հիմնական դրվագներին անդրադարձավ ակադեմիկոս Ռ. Ջրբաշյանը: Հ. Գ. Մաղաքյանը ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է ընտրվել 1948 թվականին: Պարոն Ջրբաշյանը, խոսելով ականավոր գիտնականի մասին, հատուկ անդրադարձավ ԳԱԱ երկրաբանական գիտությունների իստիտուտի հետ համագործակցութան տարիներին, որտեղ նա հիմնել և ղեկավարել է մետաղածնության և միներալաերկրաքիմիական դպրոցը: Մաղաքյանի ղեկավարությամբ կազմվել են նաև Փոքր Կովկասի և ՀՍՍՀ մետաղածնական առաջին քարտեզները` հեռանկարային տարածքների կանխատեսումային գնահատմամբ: Հ. Մաղաքյանի հիմնարար հետազոտությունները հիմք հանդիսացան հետագայում մետաղածնության, հանքային ֆորմացիաների, մետաղային հանքավայրերի համակարգման և ծագումնաբանական դասակարգման համար: Նրա ստացած օրինաչափությունները թույլ տվեցին հայտնագործել գունավոր և հազվագյուտ մետաղների մի շարք նոր հանքավայրեր և հանքային երևակումներ:

Ականավոր երկրաբանի գիտական աշխատությունները մանրամասն ներկայացրեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռ.Լ. Մելքոնյանը:

Մաղաքյանի մանկավարժական գործունեության տարիների մասին խոսեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը և նշեց, որ համալսարանի լսարաններից մեկը կոչելու են մեծ երկրաբանի անունով: Հովհաննես Մաղաքյանը որպես պրոֆեսոր աշխատել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում, տարբեր լեզուներով հրատարակել է բազմաթիվ մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ:

Ականավոր գիտնականի մասին, որպես ուսանող, արտահայտվեց նաև ՀՀ վարչապետի խորհրդական Կարո Վարդանյանը, ով շատ բարձր էր գնահատեց Մաղաքյանի թողած ժառանգությունը հանքային հենքի, մետաղային օգտակար հանածոների ուսումնասիրման գործում:

Միջոցառումը շարունակվեց երկրաբանական թանգարնում, որտեղ աշխատակիցները ուշագրավ պատմում էին երկրաբանի, ականավոր գիտնականների և հասարակական գործիչների հետ ունեցած նրա հանդիպումների մասին: Իսկ ներկաներին անակնկալ էր սպասվում. բոլորին նվիրվեցին ակադեմիկոս Հովհաննես Գեորգիի Մաղաքյանի (1914-1982թթ.) ինքնակենսագրական գիրքը:

Միջոցառման ավարտին Երկրաբանական գիտությունների ինստիտուտի դահլիճում կազմակերպվել էր հյուրասիրություն, որի ընթացքում գիտնականի հարազատները հատուկ շնորհակալություն հայտնեցին ՀՀ ԳԱԱ ղեկավարությանը ականավոր գիտնականին հիշելու և հոբելյանական նիստը կազմակերպելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2876 | 0 | 0
Facebook