Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անպտղություն

00:31, շաբաթ, 05 ապրիլի, 2014 թ.
Անպտղություն
     Ընտանիքն ու երեխան յուրաքանչյուր մարդու կյանքում գերագույն տարրեր են, առանց որոնց դժվար թե լինի կատարյալ երջանկություն: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ ու բազմերանգ գույներով: Յուրաքանչյուր կին իր մեջ ծնված օրվանից կրում է մայրական բնազդը, որը տարիքի հետ հասունանում ու ուղեկցում է կնոջը ողջ կյանքում: Թեև աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց ավաղ, նրանցից շատերը ունակ չեն մայրանալու...ու այստեղից էլ սկսվում է դաժան իրականությունը: Անպտղություն...Ահա այն չարաբաստիկ վճիռը, որը խորտակում է անկատար երազանքներ, ու կոտրում մայրանալ երազող հազարավոր սրտեր:
     Այս մասին կզրուցենք մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյի հետ:
    
     -Բժի՛շկ, կանոնավոր սեռական կյանքով ապրելու և չհղիանալու դեպքում, որքա՞ն ժամանակ անց է ախտորոշվում անպտղություն:
    
-Սովորաբար, եթե զույգի մոտ չկա որևէ առողջական խնդիր, ապա մեկ տարվա ընթացքում պետք է փորձեն ապրել համատեղ սեռական կյանքով: Միայն մեկ տարին լրանալուց հետո կարող է դրվել անպտղություն ախտորոշումը, որից հետո բժիշկը պետք է բազում հետազոտություններ նշանակի, որպեսզի պարզի պատճառները:
     - Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր նշած մեկ տարուց հետո էլ լինի հղիություն:
    

-Իհարկե, հնարավոր է՝ 13-րդ կամ 14-րդ ամսում էլ լինի, սակայն ըստ միջազգային առողջապահության համակարգի տվյալների` խորհուրդ է տրվում զույգին հետազոտել համատեղ կյանքի մեկ տարին լրանալուց հետո:

-Ի՞նչ եք կարծում, անպտղություն դիագնոզով կնոջը հարկավո՞ր է հարազատների աջակցությունը, թե՞ դա միայն զույգի խնդիրն է:
    
-Իհարկե դա զույգի անձնական խնդիրն է, ու ո՛չ ոք չպետք է խառնվի ու մեղադրի որևէ մեկին: Հարազատները միայն կարող են ուժ տալ՝ ուրիշ ոչինչ:
     -Անպտղությունը արդյո՞ք փոխանցվում է գեներով, թե՞ դա ձեռքբերովի հիվանդություն է:
     -Դա գենետիկ հիվանդություն չէ: Սակայն, կան որոշակի հիվանդություններ, որոնք գենետիկորեն կարող են փոխանցվել՝ հանդիսանալով անպտղության պատճառ: Օրինակ` ձվարանների պոլիկիստոզ հիվանդությունը, որը կարող է անպտղության պատճառ լինել և այլն։
     -Ըստ վիճակագրական տվյալների` այդ խնդրով հիմնականում տառապում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ:
    

-40% կանայք, 40% տղամարդիկ, իսկ մյուս 20%-ը՝ խառը ձևն է, (և՛ ամուսնու, և՛ կնոջ ֆակտոր):

-Արդյո՞ք կնոջ տարիքի հետ փոքրանում է հղիանալու հավանականությունը:
    

-Այո՛, գոյություն ունի վերատրադրողական տարիք հասկացողություն: Ինչքան կինը մեծանում է, այնքան ձվարանների ֆունկցիան իջնում է: Կա նաև ձվաբջիջների ռեզերվ հասկացությունը, այսինքն` ամեն ցիկլի ընթացքում ձվաբջիջները աճում ու պայթում են, և տարիքի հետ այդ պաշարը նվազում է, և ինչքան կինը մեծանում է, հղիանալու հավանականությունը փոքրանում է:

-Իսկ կա՞ սահմանված տարիք, որից հետո արգելված է հղիանալ:
     -Ռեպրոդուկտիվ տարիք է համարվում 18-44-ը` իսկ ամենանպատակահարմար տարիքը հղիանալու համար՝ 18-29-ն է: Իհարկե, վերոնշյալ տարիքից հետո էլ կարելի է հղիանալ, բայց արդեն մեծամասամբ՝ ոչ սեփական ձվաբջջով, այլ արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիայով։
     -Ժամանակակից բժշկության մեջ ի՞նչ մեթոդներ են կիրառվում այս խնդիրը լուծելու համար` գոնե 90% երաշխիքով:
    

-Ո՛չ բժշկության, ո՛չ էլ որևէ այլ ոլորտում 100 % երաշխիք չի կարող լինել, թեև այցելուն միշտ ցանկանում է իմանալ՝ կա երաշխիք, թե ո՛չ: Սակայն այս դեպքում երաշխիքը պայմանավորված է անպտղության բարդությունից: Եթե այն պայմանավորված է հորմոնալ համակարգով, ապա հնարավոր է կարգավորել այն ու հղիանալ։ Հնարավոր է, որ պայմանավորված լինի օրինակ` ձվարանների պոլիկիստոզով` արտահայտված կապսուլայի հաստացումով, որի դեպքում ձվազատում տեղի չի ունենում․ ապա այս դեպքում ոչ միշտ է հաջողվում դեղորայքային բուժումը և օգնության է հասնում միայն վիրահատական միջամտությունը: Եթե իհարկե ծանր ու խորացված դեպք է, վիրահատությունը զգալի բարձրացնում է հղիանալու հավանականությունը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, ում մոտ ախտորոշվել է անպտղություն. ընդունել ու համակերպվել այդ դաժան վճռի հետ, թե՞ չհուսահատվել ու ելքեր որոնել:
     -Միանշանա՛կ պայքարել մինչև վերջ: Ընդհանրապես կյանքում չարժի հուսահատվել, իսկ անպտղության հարցում` հատկապես: Այս հարցը լուծելի է, ու այսօր բժշկական տեխնոլոգիաները, բուժման մեթոդները, դեղորայքները բավականին առաջ են գնացել ու մեծ հնարավորություններ են ընձեռում բժշկին՝ բազմաթիվ ելքեր գտնելու ու տվյալ զույգին երեխա պարգևելու համար: Պետք է ձգտել: Ով շատ է ցանկանում, նա անպայման ստանում է:
    
     Ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը։ Առո՛ղջ եղեք։
    
     Հ․Գ․ Հարգելի ընթերցո՛ղ, կանանց առողջությանը վերաբերող ցանկացած հարցի պատասխան, կարող եք գտնել www.sotskiy.am կայքում։
Պավել Սոցկիյ
Պավել Սոցկիյ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7289 | 0 | 0
Facebook