Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եկել էի, որ խոսեմ.... Խոսեցի ու հանգստացա». Արայիկ Համբարձումյան

01:34, երկուշաբթի, 31 մարտի, 2014 թ.
«Եկել էի, որ խոսեմ.... Խոսեցի ու հանգստացա». Արայիկ Համբարձումյան
     Մարտի 29-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ Արայիկ Համբարձումյանի «Կխոսեմ» խորագիրը կրող մենահամերգը, որին հաջորդեց ձայնասկավառակի շնորհանդես:
     Արայիկին շատերը ճանաչում են` որպես հաղորդավար, սակայն հաղորդավարի մասնագիտությունից զատ` նա նաև ունի հրաշալի բնատուր տաղանդ` երգում է: Հանդիսատեսը երկու ժամ շարունակ հիացած վայելում էր Արայիկի կենդանի կատարումները` Ժողովրդական, էստրադային, փոփ ժանրերում: Երգերի մեծամասնությունը հեղինակային էին: Հնչեցին նաև դուետներ, որոնք արդեն ծանոթ էին հանդիսատեսին: Այս համերգը շատ լավ առիթ էր նորովի բացահայտելու հաղորդավար-երգչին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույց Արայիկի հետ:
    
     -Արայի'կ, սկսենք սկզբից. ե՞րբ բացահայտեցիք Ձեր մեջ երգելու ունակությունը:
    
-Երգել սկսել եմ դեռ դպրոցական տարիներից: Մասնակցել եմ «ԴՈ ՌԵ ՄԻ» միջազգային մրցույթին, այնտեղ երգել եմ չորս տարի, ապա հայտնվել եմ հեռուստատեսությունում և ավելի շատ խորացել եմ հաղորդավարության մեջ` երկրորդ պլան մղելով երգը:
     -Ինչքա՞ն ժամանակ է, որ երգում եք:
     -
Արդեն 15 տարի:
     -Համերգի ընթացքում հնչեցին շատ գեղեցիկ, լիրիկական երգեր, որոնց հեղինակը Դուք էիք: Ինչպե՞ս են ծնվում այդ երգերը: Արդյո՞ք ոգեշնչվում եք ինչ-որ բանից, կամ ինչ-որ մեկից:
    
-Իմ ամեն մի երգն ունի իր պատմությունը. ոչ մի երգ հենց այնպես չի գրվել: Պետք է լինեն շարժառիթներ, որ ես ստեղծեմ երգ: Իմ երգերը տարբեր ոգեշնչումների ծնունդ են` և' տխուր, և' ուրախ, իրական կյանքի պատմություններ են: Իմ ամեն մի երգը հոգուցս դուրս եկած իրական խոսք է:
     - Արայի'կ, հրաշալի ձայն ու տաղանդ ունեք երգելու: Ինչո՞ւ ավելի լուրջ գործունեություն չեք ծավալում այդ ուղղությամբ:
    
-Արդեն սկսել եմ ավելի լուրջ զբաղվել երգով ու շուտով բոլորը կիմանան, որ Արայիկ Համբարձումյանը նաև երգում է: Մինչև հիմա ավելի լուրջ վերաբերվել եմ հաղորդավարությանը, իսկ այժմ երկուսն էլ կհամատեղեմ, քանի որ երկուսն էլ հարազատ են իմ հոգուն:
     -Ի՞նչ սպասելիքներ ունեիք համերգից, որ արդարացան, կամ գուցե չարդարացան:
    
-Համերգի հետ կապված` իմ բոլոր սպասելիքներն արդարացան: Հանդիսատեսը շատ ջերմ էր. դա էին վկայում անդադար հնչող ծափերն ու բրավոները: Իմ սպասելիքներն իրոք արդարացան:
     -Համերգը` թե' կազմակերպչական առումով, թե' բեմի դեկորացիայով շատ շքեղ ու ճաշակով էր արված, ո՞ւմ հետ եք համագործակցել, ովքե՞ր են եղել Ձեր կողքին ու աջակցել Ձեզ:
     -Բեմս գեղեցիկ էր ձևավորված, երգերս` հատուկ ընտրված: Նախ, ի սկզբանե շնորհակալ եմ համերգիս կազմակերպիչներին` Մայ Անուշավանյանին և Կարինե Գևորգյանին: Իսկ բեմի դեկորացիայի և դիզայնի համար, շնորհակալ եմ «Ֆիլոմենա» սրահին` հանձին Ֆլորայի:
     - Արայիկ ջա'ն, ուզում եմ խոսենք «Կխոսեմ» երգի մասին, որի պրեմիերան կայացավ համերգին: Ո՞ւմ է նվիրված այդ գեղեցիկ երգը, և ո՞վ է հեղինակը:
    
- «Կխոսեմ» երգս վերջերս եմ գրել. թե' երաժշտության և թե' խոսքերի հեղինակը ես եմ: Մեծ ասելիք ունի այդ երգը, և ինչպես համերգի ժամանակ, այնպես էլ հիմա նշեմ` ով ինքն իրեն կգտնի այդ երգի մեջ, ուրեմն` հենց նրա մասին է:
     - Համերգի վերջում եղավ ձայնասկավարակի շնորհանդես, ու Դուք ամբողջը նվիրեցիք Ձեր հանդիսատեսին: Ինչո՞ւ չվաճառվեց, ինչպեսև ընդունված է:
    
-Ինձ հարկավոր չէ վաճառել ձայնասկավառակս իմ հավատարիմ հանդիսատեսին: Ինձ հետաքրքիր չեն վաճառքից գոյացած այդ գումարները. վաճառքը որտեղ որ պետք է, իրականացվում է: Իմ հյուրերին ես դատարկաձեռն չէի կարող ճանապարհել. նրանք հավատարիմ են ու անդավաճան:
     -Գիտեմ, որ մեկնելու եք համերգային շրջագայության: Կասե՞ք, որ երկրներում եք լինելու:
    
-Այո', մեկնելու եմ շատ շուտով: Վերջերս վերադարձա Ռոստով քաղաքից, որտեղ ունեցա երկու համերգ: Առաջիկայում կրկին վերադառնալու եմ Ռոստով` հերթական համերգներիս համար: Մեկնելու եմ նաև Բելգիա, և մեկ առաջարկ կա նաև Դոնեցկից: Սակայն մինչ այդ` համերգներ կունենամ Հայաստանի որոշ մարզերում:
     - Քանի որ Ձեր մենահամերգը նվիրված էր կանանց մեկամսյակին, վերջում ի՞նչ կմաղթեք հայ կանանց ու աղջիկներին:
    
- Մաղթում եմ հայ կանանց և աղջիկներին, որ միշտ լինեն ուրախ ու երջանիկ: Որ պահպանեն իրենց հայ կնոջ բնութագիրն ու կերպարը, որ մշտապես օրինակ լինեն այլ ազգերի համար: Եվ ուզում եմ ասել, որ մեր հայ աղջիկները շաաաատ սիրուն են: Ու նաև, շնորհակալ եմ Ձեզ, Լուսինե ջա'ն, գեղեցիկ հարցերի ու հաճելի կարծիքների համար:
     -Իսկ ես Ձեզ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, շատ-շատ մեծ բեմեր, ու անթիվ-անհամար գեղեցիկ երգեր:
    
- Անչափ շնորհակալ եմ:
    
     Հ. Գ. http://www.youtube.com/watch?v=Ued1U4-RLh8 -Այս հղումով կարող եք վայելել Արայիկի երգերից մեկը:
    
     http://www.youtube.com/watch?v=AsZeM3-ekfI#t=339- Իսկ այս հղումով կարող եք դիտել "Աստղածնունդ" հաղորդաշարի անդրադարձը Արայիկ Համբարձումյանի մենահամերգին։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6905 | 0 | 0
Facebook