Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորհրդակցություն մեծատառերի գրության շուրջ հայոց լեզվի ամբիոնում

22:01, երեքշաբթի, 25 մարտի, 2014 թ.

Մայրենիի անմխիթար վիճակի մասին շատերն են խոսում, բայց քչերն են քայլ անում այն բարեկարգելու ուղղությամբ: Հենց այս խնդրի լուծմանն էր ուղղված օրերս կայացած խորհրդակցությունը: Հարադրավոր բաղադրյալ հատուկ անունների գրությունը եղել և մնում է մեր լեզվի խոցելի տեղերից մեկը, այնքանով, որ լեզվաբանների շրջանում միասնական կարծիք ու մոտեցում չկա: Բայց խնդիրը միայն լեզվաբանների մեջ չէ, քանի որ լեզվի մասին հոգալը, այն անաղարտ պահելը յուրաքանչյուրիս խնդիրն է, և ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այստեղ նույնպես անհրաժեշտ է պետական հոգածություն:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ժամանակակից հայոց լեզվի ամբիոնում ամբիոնի վարիչ Յու. Ավետիսյանի նախաձեռնությամբ մարտի 20-ից մեկնարկեց նախագծերի շարք, որի նպատակն է անդրադառնալ լեզվում առկա զուգաձևություններին և քննարկումների միջոցով հասնել միօրինականացման:

Առաջին նախագիծը վերաբերում էր հարադրավոր բաղադրյալ հատուկ անունների գրությանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դասախոսներ Լ. Թելյանը, Բ. Ներսիսյանը, Ա. Տեր-Մինասյանը, Մ. Ֆելեքյանը, Ա. Քամալյանը, Ռ. Սաղաթելյանը և ուրիշներ: Լեզվաբաններ էին հրավիրվել նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից, ինչպես նաև Վանձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտից, ինչպես` Լ. Խաչատրյանը, Թ. Շահվերդյանը, Հ. Զաքարյանը և այլք: Լեզվի տեսչության միակ ներկայացուցիչը գլխավոր մասնագետ Ա. Եսայանն էր: Նիստը նախագահում էր լեզվի ամբիոնի վարիչ Յու. Ավետիսյանը: Ներկաները նախ ողջունեցին նախագիծը, ապա յուրաքանչյուրը ներկայացրեց իր տեսակետն ու դիտողությունները: Այնուհետև բուռն քննարկում ծավալվեց նախագծի որոշ կետերի շուրջ:

Լեզվաբանները մտահոգված էին, որ Լեզվի տեսչությունը իբրև կառույց գոյություն ունի, բայց չի գործում. սա հաստատեց նաև ներկայացուցիչը` ասելով, որ մի քանի նիստ է գումարվել ստեղծման օրից: Հավելեց նաև, որ անհրաժեշտ է` վերականգնվի Բարձրագույն խորհուրդը, այլապես իրենց որոշումները կմնան թղթին: Ներկաները ուղիներ էին որոնում Լեզվի տեսչության աշխատանքը կրկին վերագործարկելու և Բարձրագույն խորհուրդը վերականգնելու ուղղությամբ: Քանի որ լեզվական ցանկացած փոփոխություն ի վերջո օրենքի ուժ է ստանում հենց այս մարմինների հաստատումից հետո:

Չնայած հնչեցրած տարբեր տեսակետերին` լեզվաբանները համակարծիք էին այն հարցում, որ նախագիծը հնարավորինս պետք է պարզեցնել` չխախտելով ավանդույթը:

Խորհրդակցության վերջում որոշվեց ստեղծել 3 հոգանոց խումբ (Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Լ. Թելյան), որը, հաշվի առնելով հնչեցրած բոլոր տեսակետերը, կաշխատի նախագծի վրա: Նախագծի պատրաստ լինելուն պես լեզվաբանները նորից խորհրդակցության կհավաքվեն ու հաստատելու դեպքում միասնական ծրագիր կներկայացնեն լեզվի տեսչությանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5651 | 0 | 0
Facebook