Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեռուստասերիալը՝ մեր ընտանիքի լիիրավ անդամ

00:55, երեքշաբթի, 25 մարտի, 2014 թ.
Հեռուստասերիալը՝ մեր ընտանիքի լիիրավ անդամ
     Ներկայումս շատերի առօրյայի անբաժանելի մասն են կազմում սերիալները: Գրեթե բոլոր հեռուստաալիքների եթերը հագեցած է նույնիմաստ սերիալների բազմազանությամբ: «Դժվար ապրուստ», «Գեներալի աղջիկը», «Տիգրանի մոլորակը», «Եղբայրները», «Քույրը», «Անուրջներ» … անվերջ կարելի է շարունակել հասարակությանը քաջածանոթ այս ցանկը: Ի պատասխան այն հարցին, թե ինչ ազդեցություն են ունենում սերիալները մարդկանց հոգեկան աշխարհի վրա, հնչեցին շատ բացասական պատասխաններ: Շատերի կարծիքով՝ դրանք սերմանում են չարիք, նախանձ, ատելություն, անբարոյականություն և այլն: Որոշների կարծիքով էլ՝ ծանրացնում են մարդկանց՝ առանց այդ էլ հոգսաշատ առօրյան՝ ցուցադրելով լաց, սուգ, սպանություն, և բացասական ու տխուր կադրեր: Մարդիկ, կապվելով սերիալներին` ակամա նմանվում են հերոսներին, սկսում ապրել հերոսների կյանքով. նրանց հետ ուրախանում են, տառապում, մտովի մասնակից դառնում նրանց չարամտություններին, բամբասանքներին, նենգ դավադրություններին: Հեռուստադիտողի ուղեղն սկսում է ամբողջությամբ կենտրոնանալ սերիալի իրադարձությունների ու հերոսների առօրյա հոգսերի վրա՝ մոռացության մատնելով նույնիսկ իրենց սեփական խնդիրները: Փորձելով անպայման իմանալ այս կամ այն հերոսի կյանքում ծագած դժվարության վերջաբանը՝ դիտողն սկսում է անհամբերությամբ սպասել հաջորդ մասին՝ հաշվելով ժամերն ու րոպեները, հետաձգելով բոլոր գործերն ու պայմանավորվածությունները, որոնք պետք է տեղի ունենային սերիալի ժամին: Այսպիսով, հարց է ծագում. արդյոք որևէ դրական բան չի՞ կարող տալ սերիալը մարդուն: Կարելի՞ է արդյոք ինչ-որ կերպ ազատվել այդ կապվածությունից:
     Ըստ իմ զրուցակից հոգեբան Կարինե Շիրինյանի՝ սերիալները հատուկ կառուցված են այնպես, որ վերջանան ինչ-որ հետաքրքիր հատվածում` այդպիսով կապվածություն առաջացնելով հեռուստադիտողի մոտ: Եվ կամա թե ակամա, հեռուստադիտողը, մեկ անգամ նայելով, ընկնում է «թակարդը» ՝ անհամբեր սպասելով հաջորդ մասին: Ըստ հոգեբանի՝ բացի շատ ու շատ բացասական կողմերից՝ սերիալներում կարելի է նշմարել շատ չնչին դրական կետ. բոլոր տատիկների, տնային տնտեսուհիների և այն մարդկանց համար, ովքեր չունեն աշատանք, զբաղմունք, ամբողջ օրը անցկացնում են տանը. նրանք ունեն շփման կարիք, նրանց համար սերիալ դիտելը կարելի է համարել ժամանցի մի տեսակ, քանզի այդ ճանապարհով մարդիկ լրացնում են իրենց նեքին շփման պակասը: Սերիալ դիտելով՝ ականատես ենք լինում տարբեր տեսարանների, երկխոսությունների, որոնք էլ իրենց հերթին մատուցվում են շատ պրիմիտիվ ու անգրագետ: Այ սա էլ այլ խնդիր է սերիալում: Հոգեբանի խոքերով՝ շատ զարգացած երկրներում ֆիլմերի, սերիալների սյուժեի վրա աշխատում է հոգեբանների հատուկ թիմ, որպեսզի երկխոսությունների միջոցով հնարավորինս դրական էմոցիաներ ու հույզեր մատուցվեն դիտողին: Ինչը, սակայն, մեր երկրում բացակայում է: Հերոսները միմյանց հետ խոսում են փողոցային բառերով՝ ոչ հարիր եթերային բառապաշարին, իսկ այդ բառերն էլ լսում են երեխաները և յուրացնում: Եվ վերջապես, բոլոր այն մարդկանց, ովքեր կապված են սերիալներին, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել այդ կապվածությունից, հոգեբանը խորհուրդ է տալիս երկու օր սերիալի ժամին զբաղվել այլ բանով, կամ դուրս գալ զբոսանքի, երրորդ օրը, այլևս ցանկություն չի առաջանա դիտելու, այդպիսով իրադարձությունների «շղթան կկտրվի»: Եվ եթե իրականում ուշադիր լինենք, կնկատենք, որ սերիալներում չկան աստվածահաճո իրավիճակներ ու գործողություններ, չկան հոգևոր արժեքներ, որոնք կարող են մարդկային հոգու դատարկ անկյունները լցնել բարությամբ և սիրով միմյանց հանդեպ: Սերիալներում շատ տարածված են կռապաշտությունն ու կախարդությունները: Մարդիկ դիմում են զանազան կախարդանքների, գուշակությունների՝ այդպիսով գայթակղություն առաջացնելով դիտողի մոտ:
     Չեմ կարող չանդրադառնալ տարիներ առաջ ցուցադրվող մի սերիալի, որը բավականին մեծ մասսայականություն էր վայելում: Խոսքը «Կլոն» սերիալի մասին է: Որոշ հեռուստադիտողների չափազանց զայրացրել էր այդ սերիալի առկայությունը հայկական եթերաժամում: Շատերի կարծիքով դա մուսուլմանական մշակույթի ու սովորույթների բացահայտ գովազդ էր: Այդ սերիալը հատկապես բացասաբար ազդեց երեխաների ու պատանիների վրա. նրանք անգիտակցաբար սերիալից վերարտադրում էին արտահայտություններ, հագուկապ, շարժուձև, որոնք հակասում էին քրիստոնեավայել կենսակերպին: Հեռուստադիտողներն իրենք իսկ մատնանշում էին, որ հենց այդ նույն սերիալում ակնհայտ էր Աստծո բարկությունն այն մարդու հանդեպ, ով փորձեց համեմատվել ու իրեն հավասար դասել Արարչի հետ՝ ստեղծելով նոր մարդ: Վերջում պատժվեցին թե՛ կլոնավորողը և թե՛ կլոնը: Եվ ի վերջո, սերիալասեր հասարակությանը կոչ եմ անում գեթ մեկ պահ, մտովի սերիալները համեմատել մեր հին հայկական ֆիլմերի հետ՝ «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Հարսնացուն հյուսիսից», իսկ սերիալում դերասանական խաղը՝ Մհեր Մկրտչյանի, Բաբկեն Ներսիսյանի, Գալյա Նովենցի խաղի հետ… Կարծում եմ՝ համեմատությունը չստացվեց: Ինչևիցե, սերիալ նայողը նայում է, իսկ սցենարիստները հերթական «գլուխգործոցն» են գրում, հետևողն էլ գիտի, որ այսօր ՀՀ հեռուստաընկերություններում ամենաբարձր վարկանիշ ունեն հենց սերիալները՝ տխուր, իմաստից ու բովանդակությունից զուրկ, ժառգոնով հարուստ: Սերիլաները կարելի է նմանեցնել թթխմորի, որոնք ժամանակի ընթացքում «թթվեցնում են» մարդկանց հոգևոր ներաշխարհը: Այդ անորակ ու անիմաստ ֆիլմերն ի զորու են մարդկանց հեռացնելու աստվածահաճո կյանքից՝ տանելով դեպ աշխարահային պիղծ ցանկություններ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5302 | 0 | 0
Facebook