Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առեղծվածային մահ ԱՄՆ-ում. մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկան

Մթնշաղ
Հեղինակ`
Մթնշաղ
14:18, շաբաթ, 22 մարտի, 2014 թ.

1in.am-ը գրում է, որ մի քանի օր առաջ ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով վկա, 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա մահացել է քաղցկեղից, բայց...:

Ստորեւ ներկայացնում ենք Ազգային անվտանության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի ասուլիսից մի հատված, որը վերջինս տվել էր 2007 թվականին, եւ որտեղ խոսում է Հոկտեմբերի 27-ի գործում Նազարյանի դերակատարության, նրա հետ կապված մի շարք անպատասխան մնացած հարցերի մասին:

***

Հոկտեմբեր 27, 2007 թվական

Հոկտեմբերի 27-ի գործով բազմաթիվ հարցականների եւ գաղտնիքների մասին միշտ սպառնում է խոսել ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:

27-ի նախօրյակին փորձեցինք ճշտել, թե ինչ փաստերի է տիրապետում Գուրգեն Եղիազարյանը. «Իմ փաստերը հիմնված են հարուցված քրեական գործի նյութերի վրա: Գարնանը իմ մտածմունքները հիմնավորեց Գորիկ Հակոբյանը` «Իրավունքին» տված հարցազրույցում»:

Գուրգեն Եղիազարյանի հարցերի եւ կասկածների մի ստվար հատվածը վերաբերում է Հանրային Հեռուստատեսության լրագրող եւ այժմ ԱՄՆ-ում ապաստանած Տիգրան Նազարյանի տված նախաքննական ցուցմունքներին.

«Նազարյանը Տիգրանը ցուցմունք է գրել իր ձեռքով, որ տանը սուրճ էր խմում, երբ իմացել է կատարվածի մասին, անմիջապես նստել է մեքենա եւ գնացել Տիգրան Նաղդալյանի մոտ, մի 10 րոպե մնացել է հեռուստատեսությունում, ապա Տիգրան Նազարյան լրագրողը նստել է մեքենա եւ իջել ԱԱԾ: Տեսել է՝ մեքենա է գնում ԱԺ, Գորիկ Հակոբյանի հետ գնացել է խորհրդարան ու մտել Նաիրի Հունանյանի հետ խոսելու: Ձեր մոտ քանի՞ հարց առաջացավ: Ինչո՞ւ գնացիր ԱԱ. հարցնող չկա՞: Ի՞նչ գործ ունեիր Գորիկի մեքենայում: Ո՞վ քեզ թույլ տվեց մտնեիր Նաիրի Հունանյանի մոտ: Եթե մտար, խոսեցիր, ո՞ւր է ձայնագրությունը: Եթե քեզ ուղարկել են, գոնե քո անվտանգությունը պե՞տք է ապահովեին: Ուրեմն նախապե՞ս են իմացել, որ Նաիրի Հունանյանի ընկերն ես: Հետո քննիչը հարցնում է.

Նազարյանին՝ դու 5 անց 24 րոպե 10 վայրկյան խոսակցություն ես ունեցել Նաիրի Հունանյանի հետ, ֆիքսված է «ԱրմենՏելում», ինչի՞ մասին եք խոսել. ասում է՝ չեմ հիշում: Ասում է, ու բաց են թողնում Տիգրան Նազարյանին, նա մեկնում է ԱՄՆ: Հետո ես հայտարարեցի՝ նրան բաց են թողել, որ դրսում սպանեն, ու հանկարծ ԱՄՆ-ից Նազարյանը խոսեց:

Ասաց՝ «Ինձ ԱՄՆ ճանապարհեց Անվտանգությունից գնդապետ Մանուկյանը: Դու 27-ով անցնող ամենաակտիվ վկան ես, դու առաջին մարդն ես, որ զրուցել է Նաիրիի հետ: Բա գնդապետ Մանուկյանը ինչի՞ քեզ ճանապարհեց ԱՄՆ, - Տիգրան Նազարյանի «անհետացումը Հայաստանից» մեկնաբանում է Գուրգեն Եղիազարյանը, - Տիգրանն ԱՄՆ-ից ասում է. «Ցանկացած լրագրող ինչ-որ կերպ հարաբերվում է անվտանգության մարմինների հետ: Ինչո՞ւ, «ինչ-որ կերպ» -ով գնում հասնում են տեռորիստի հետ զրույցի՞: Այդպես չի լինում, սրանք հարցեր են, որ պետք է պատասխաններ ստանան»:

Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ 27-ի ոճրագործությունը լրիվ բացահայտված է հենց քրեական գործի շրջանակներում. «Ամեն ինչ ասված է, ուղղակի այդ շրջանակներում պետք է լսվեն ուրիշ մարդիկ՝ գործը կարդալուց հետո, ու այն հարցերը, որ պետք է տրվեին ու մինչ օրս չեն տրվել` տրվեն»:

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, առաջիններից մեկը պետք է հարցաքննվի ԱԱԾ այժմյան պետ Գորիկ Հակոբյանը: Ինչո՞ւ հենց ինքը՝ մեր հարցին` Եղիազարյանը բացահայտում է՝ «որովհետեւ ինքը իր հարցազրույցում մի շարք հետաքրքիր բաներ է ասել. օրինակ, որ որպես անվտանգության տեղակալ, պետք է անմիջապես պարզեր, թե ով է ԱԺ մտած անձը. դրա համար որքա՞ն ժամանակ է պետք: Նաիրի Հունանյանը ցուցմունք է տվել, որ պարբերաբար կապի մեջ է եղել ԱԱ մարմինների հետ 88 թվականից հետո. կարո՞ղ ենք ասել, որ ԱԱ -ին պարզ է եղել Նաիրի Հունանյանի անձը: Գորիկն ասում է՝ «մենք պարզեցինք հորը, եւ տեսանք, որ դա այն մարդը չի, որ կարողանա որդու վրա ազդեցություն ունենալ»: Որպեսզի մարդը հոգեբանական փորձաքննություն անցկացնի եւ հասկանա, որ մարդը որդու վրա չի կարող ազդեցություն ունենալ, Զիգմունդ Ֆրեյդին անհրաժեշտ կլիներ մոտ 2 օր, նա հաշված վայրակյաններում հասկանում է, որ Հրաչյա Հունանյանը որդու վրա ազդեցություն ունենալ չի կարող, ու սկսում են մարդ որոնել նրա միջավայրից, որ կարողանա ազդեցություն ունենալ Նաիրիի վրա: Ու գտնում են Տիգրան Նազարյանին: Իսկ Նազարյանն ասում է, որ ինքն է եկել, ոչ թե իրեն գտել են: Լավ, նրանք գտան մարդուն, ով կարող է ազդել Նաիրիի վրա, նա էլ եկավ. մի քիչ հեքիաթային չեղա՞վ 27-ի պես լուրջ ահաբեկչության գործի համար: Ես կարո՞ղ եմ եզրակացություն անել, որ ամեն ինչ նախօրոք պարզ է եղել, քանի որ մամուլում արծարծվեց այն թեման, որ մի քանի անգամ ԱԱ մարմինները ստացել են ահազանգեր, որ ահաբեկություն է կազմակերպվում: Եթե հայտնի էր մի X-ը, որը մտավ ԱԺ, եւ հայտնի էր մյուս Y-ը, որ եկավ նրա հետ խոսելու, բա ի՞նչը խանգարեց, որ չկանխեցիք: Ես դեռ ասում եմ մի փոքր հատված. եթե դրան գումարենք անվտանգության մայորի զեկուցագիրը, որը նորից հրապարակվեց մամուլում, ապա ամբողջական պատկերը պարզ է դառնում: Գորիկ Հակոբյանին պետք է հարց տալ` «բա որ այսքան բանը գիտեիր ու չարեցիր, ո՞նց եղավ, որ քո ուսադիրները փոխանակ պոկեն ու դուրս շպրտեն շենքից, մի բան էլ դարձար համակարգի շեֆը»: Էդ ոնց եղավ, ասեք՝ հասկանանք», - շարունակում է իր կասկածները ներկայացնել Գուրգեն Եղիազարյանը:

«Ոչ մի նոր բան չկա, ամեն ինչ շարադրված է գործում, բավական է ուղղակի ուշադիր նայել ցուցմունքները, -կարծում է Եղիազարյանը, - եթե նեղություն տան իրենց ու տեսնեն, թե Նաիրին ում հետ է խոսել, ում է զանգել, մի պահ ետ նայեն, կտեսնեն, որ ոչ մի գաղտնի բան չի եղել այդ ամենում: Ես կասեի, «բացի մեր անվտանգության համակարգից», բոլորն իմացել են սպասվող ահաբեկչության մասին»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6898 | 0 | 0
Facebook