Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.

Հոդվածներ

Գևորգ Էմին, Բանաստեղծություններ

21:47, հինգշաբթի, 06 մարտի, 2014 թ.

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

(1919-1998)
    
    
     Խոսիր, Հայաստան
    
     Խոսի՜ր, Հայաստան.
     Դո՛ւ, որ դարերի տանջանք ես տեսել
     Եվ տարիների խնդություն միայն,
     Ասա՛ քո պատգամն ու խոսքը վսեմ
     Աշխարհներին ու ազգերին համայն...
    
     Տե՛ս, աղավնի՜ն է
     Թառել քո նորոգ հարկի ձեղունին,
     Որին դարերով երազե՜լ ես դու...
     Վստահի՜ր խոսել քո ժողովրդի՛
     Եվ քո՛ անունից՝
     Բանաստեղծ որդո՜ւդ...
    
     Լսո՞ւմ ես,
     Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում
     Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել,
     Որ ցանել են մեր նախնիները հայ՝
     Դեռ Ուրարտույում,
     Քրտինքո՜վ ջրած հո՛ղն այս ժայռեղեն:
    
     Սակայն նո՛ւյն օրը,
     Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին,
     Գտել են նաև պղնձե նիզա՛կ՝
     Ի ցույց այն բանի՛,
     Որ ծնված օրից հայ սերմնացանը,
     Սերմը՝ մի ձեռքին,
     Մյուսով զե՛նք է բռնել,
     Որ ցանած արտը պաշտպանի...
    
     Ոչ ոք չի՜ ասի՝
     Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել,
     Ոչ ոք չի՜ ասի՝
     Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի...
     Մի բուռ ցորե՜ն են
     Կարմիր բլուրի հին բերդում պեղել,
     Եվ մի բուռ հա՜յ է
     Հասել Հարության այս առավոտին...
    
     Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա,
     Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանա՛կ.
     Եվ այս,
     Մեզ հասած մի բուռ ժողովո՛ւրդն
     Ու սե՜րմը վկա, -
     Իր կորցրածը նա ե՜տ կստանա...
    
    
    
     ԶԳՈԻՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
    
     Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում, -
     Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
     Արձագա՛նք է տալիս հզոր
     Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...
    
     Թե բարի են խոսքերը քո,
     Հայոց լեռներն ակնածանքով
     Կխոնարվե՜ն քո դեմ լռին`
     Բաշը քսած քո ձեռքերին:
    
     Իսկ թե չար են` լեռները մեր,
     Հրաբխի բնե՛րն անմեռ,
     Որ լռել են, բայց չե՛ն հանգել,
     Քեզ լավայո՛վ կարձագանքեն,
     Որ լեռնե՛ր է քշում-տանում...
    
     Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում...
    
     Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում, -
     Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
     Երկու հոգու տեղ չեն անում,
     Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ.
     Թե բարեկամ ես ու ընկեր,
     Ա՜նց կկենաք իրար գրկած,
     Թե դավով ես այստեղ ընկել,
     Կգլորվես ժայռերից ցած.
     Ո՞վ եղավ քո գալու վկան,
     Գնալըդ ո՞վ է իմանում...
    
     Նեղ են ճամփեքը լեռնական,
    
     Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում:
     Զգո՜ւյշ գործիր Հայաստանում, -
    
     Մենք գահ ու թագ չե՛նք ունեցել,
     Եվ... արքա՛ է ամեն մի հայ,
     Զորք ու բանակ չենք ունեցել,
     Եվ... սպա է ամեն մի հայ.
    
     Ամեն մի հայ` լեռան մի ծերպ,
     Ամեն մի հայ` ուրույն մի կերպ,
     Ամեն մի հայ` մի Հայաստան
     Բաժան-բաժան,
     Անմիաբան,
     Զատվա՜ծ, հատվա՜ծ,
     Եվ սակայն` մի`
     Երբ սպառնում է թշնամին
     Մեր դարավոր անմահ երթին
     Եվ այս ժայռին թառած բերդին,
     Որ Հայրենիք ենք անվանում...
    
     Զգո՜ւյշ գորցիր Հայաստանում:
    
    
    
     ՄԵՆՔ
    
     Եվ ի՞նչ էինք մենք
     Ու երկիրը մեր,
     Եթե ծուռ նստենք, բայց խոսենք շիտակ.
     Եթե նավ՝ ապա չոր ժայռի վրա,
     Եթե գավ՝ ապա արցունքով լեցուն,
     Եթե հող՝ ապա քարացած ահից,
     Եթե քար՝ ապա ճչացող ցավից,
     Հզոր մի ոգի, որ չունե՜ր մարմին,
     Եզակի որակ՝ առանց քանակի,
     Քաջարի սպա՝ առանց բանակի,
     Պաշտամունք՝ հնի ու ավերակի...
    
     Եվ ի՞նչ էինք մենք
     Ու երկիրը մեր,
     Թե շիտակ նստած՝ ծու՜ւռ խոսենք անգամ, -
     Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում,
     Հյուր՝ իր սեփական օջախ ու հարկում.
     Գետ, որի լոկ մի ափին ենք նայում,
     Լեռ, որ հեռվի՛ց է միայն երևում,
     Անժողովուրդ հո՛ղ,
     Անհող ժողովո՛ւրդ
     Եվ ցրված հուլունք,
     Որ չէր ժողովվում:
    
     Մենք խո՛ւլ ենք կիսով.
     Ամեն մի նոր ձայն թեև շուտ լսում,
     Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ.
     Մեր ականջներում
     Հայոց պատմության քաո՜սն է խշշում՝
     Փնտրելով խոսքեր դառնալու հնար:
    
     Մենք կա՛ղ ենք կիսով,
     Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
     Սուրիո ավազին,
     Փարիզի մայթին,
     Նեղոսի ափին, ...
     Մեր մյուս ոտքը
     Խրված է Մասիս լեռան ձյունի մեջ,
     Եվ մենք չե՜նք քայլում,
     Մենք տեղ չե՜նք հասնում՝
     Գծում ենք միայն
     Մեր պանդխտության շրջագիծն անել՝
     Մասիսի շո՜ւրջ ենք պտտվում անվերջ...
    
     Մենք կույր ենք կիսով.
     Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից,
     Եվ աղո՜տ ենք մենք տեսնում,
     Անկատա՛ր.
     Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,
     Ստիպել են զենք բռնել մյուսով՝
     Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:
    
     Մենք հա՛մր ենք կիսով.
     Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
     Մեր մտածածը չասելու համար, ...
    
     Որ չուրախանա՛նք մեր ուրախությամբ,
     Չհպարտանանք մեր հպարտությամբ
     Ու... չսգանք մեր զոհերն անհամար:
    
     Արայի պես ենք մենք սիրահարվում.
     Մեզ թվում է միշտ,
     Թե սիրով տարված՝մեր հողն ենք լքում
     Եվ... վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.
    
     Կես ուղեղո՛վ ենք աշխարհն ընկալում՝
     Մթագնե՜լ է կեսն
     Անեծքի՜ց,
     Ցավի՛ց...
    
     Մենք կես,
     Կես ենք մենք,
     Չլինէինք կես՝
     Հայ կը լինէինք,
     Եվ ոչ թուրքահայ,
     Կամ ֆրանսահայ.
     Կամ Արաբահայ,
     (Իսկ վաղն աստղահայ
     Եվ կամ լուսնահայ...)
    
     Կես ենք,
     Երկճեղքված,
     Կիսված,
     Երկգագաթ
     Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լերան նման...
     Բայց վկա ճեղքված Մասիս լեռը մեր,
     Վկայ մեր կեսը մորթված Տէր Զորում
     Եվ այն կեսը,
     Որ ես եմ,
     Դո՛ւ և նա՛,
     Մենք կմիանանք
     Մենք կամբողջանանք,
     Կգտնենք մի օր
     Լրիվ դառնալու հնար՛ն անհրար:
    
     Մենք փո՜քր ենք, այո՛,
     Փո՛քր,
     Լեռների ծերպից սուրացող այն քարի՛ նման,
     Որ դաշտում ընկած ժայռի ո՛ւժն ունի.
     Փո՛քր,
     Լեռնային մեր գետերի պէս,
     Որոնք վիթխարի ո՛ւժ են ամբարել,
     Անծանո՜թ՝
     Հովտի ծույլ-ծույլ գետերին:
     Մենք փո՜քր ենք, այո,
    
     Փո՛քր ենք,
     Բայց ինչպես գնդակը՝փողո՛ւմ,
     Ինչպես կաղնու սերմն՝արգավանդ հողում
    
     Ոսկու մի հատի՛կ,
     Որ վերևի՛ց է նայում
     Կապարի ու թուջի քաշին.
    
     Մենք փո՜քր ենք,
     Սակայն համեմունք ենք մենք, ...
     Ա՛ղն այն մի պտղունց,
     Որ հա՜մ է տալիս մի ամբողջ ճաշի...
    
     Մենք փո՜քր ենք, այո՛,
     Ձեզ ո՞վ էր ասում,
     Մեզ սեղմե՛ք այնքան,
     Որ մենք ստիպված... ադամա՜նդ դառնանք.
    
     Ո՞վ էր ստիպում՝
     Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անեք,
     Որ միշտ մե՛զ տեսնեք՝
     Ուր էլ որ գնաք...
    
     Մենք փոքր ենք,
     Սակայն մեր երկրի նման,
     Որի սահմանը
     Բյուրականից մինչ Լուսի՛ն է հասնում,
     Եվ Լուսավանից մինչև Ուրարտո՛ւ...
    
     Փո՛քր,
     Այն հրա՜շք ուրանի նման,
     Որ դար ու դարեր
     Փայլո՜ւմ է,
     Շողո՜ւմ,
     Սակայն չի՜ հատնում...
    
    
    
     ԵՍ ՀԱՅ ԵՄ
    
     Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
     Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
     Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
     Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:
    
     Իմ մատների հետքն է կրում կողի վրա,
     Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված,
     Եվ միացած հողին շաղախով իմ արյան,
     Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ:
    
     Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ
     Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական,
     Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ,
     Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար:
    
     Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան,
     Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ,
     Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար
     Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել:
    
    
    
     Ձյու՜ն է գալիս
    
     Ձյու՜ն է գալիս,
     Եվ մի աղջիկ, մայթում խավար,
     Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս…
    
     Ինչո՞ւ է նա այդպես լալի՜ս…
     Ու մոլորված գնում-գալի՜ս,
     Նոր տարվա օ՛րն այս խանդավառ.
    
     Գուցե նրա հե՛րթն է գալիս
     Զգալո՛ւ, որ կյանքը, ավա՜ղ,
     Հաճախ նաև… վի՜շտ է տալիս.
    
     Դրա համար էլ նա՝ լալի՜ս,
     Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս,
     Դեգերո՜ւմ է մայթում խավար.
    
     Եվ կարծում է հավանորեն,
     Թե էլ չի՜ գա բախտը նորեն
     Եվ…անցե՜լ է անդառնալի…
    
     Որտեղի՜ց այդ գիժն իմանա,
     Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման,
     Գալիս է, որ հալվի՜- գնա՜,
     Եվ զո՜ւր է նա այդպես լալիս…
     Ձյու՜ն է գալիս...
    
    
    
     * * *
     Բարին լինե՛ր, չարը չգա՜ր…
     Բայց թե լինես միայն մի բուռ,
     Դու սի՜րտ լինես՝ չորս կողմը՝ քար,
     Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար,
     Աղո՛թք անես, թե խաչհամբո՛ւյր,
     Չարի ձեռքից պրծում չկա՜…
    
     Եվ, դեռ «գաթեք թոնիրն ի կա՜խ» ՛
     Եվ, դեռ հարբա՜ծ՝ փեսա, աներ,
     Մինչև մերիկն ասեր «հեյ վա՜խ»,
     Փեսան գոմից բերդա՛ն հաներ,
     Զուռնեն չոլում ընկած մնա՜ց,
     Դափը՝ գլոր- գլոր գնա՜ց,
     Ինչ հայո՛ց էր, դարձավ վայո՜ց,
     Գիրկն ու ծոցը՝ գերեզմանոց,
     Իսկ ով ողջ էր՝ սարերն ընկած,
     Գերանդու տեղ բերդա՛ն գրկած,
     Մեկ ապրելով, տաս մեռնելով,
     Մեկ զարկելով, տաս զարկվելով,
     Թողի՜ն Սասնա զմրուխտ սարեր,
     Դավթի ջաղացն ու իր քարեր,
     Եկա՜ն ռուսի հո՛ղը հասան,
     Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան, -
     Տեսան ավե՜ր ու կոտորա՜ծ,
     Եվ ի՜նչ մնաց… մի Սաանաշեն,
     Մի Բազմաբերդ ու Դավթաշեն,
     Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի,
     Մի բուռ Իրինդ ու Շղարշիկ
     Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ…
    
     Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր, -
     Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա.
     Հեյ վա՜խ, Սասուն զուլա՜լ ջրեր, -
     Դե՛, ձյո՛ւն հալի, որ ջո՜ւր դառնա,
     Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝
     Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա…
    
    
    
     Քո աչքերի մեջ
    
     Քո աչքերի մեջ հայացք կա ուրիշ,
     Գանգուրների մեջ մատների շոյանք,
     Շուրթերիդ՝ հուշ հին համբույրների,
     Մատիդ՝ մատանուց մնացած օղակ:
    
     Բայց դու մի ժպտա մեղավորի պես,
     Եվ մի խեղճանա,
     Քեզ չեմ նախատում,
     Դու լավ գրքի ես նմանվում այնպես,
     Իսկ գիտե՞ս:
     Լավը շատերն են կարդում:
    
     Կարդո՞ւմ:
     Այլ բան է լավ գիրքը բացել,
     Եվ այլ՝
     Հասկանալ,
     Զգալ,
     Հավատալ...
    
     Նրանք շուրթերդ են թերթել ու անցել,
     Իսկ ես ուզում եմ
     Քո սիրտը կարդալ...
    
    
    
    
     ԼՈՐԿԱՅԻ ԱՂՈԹՔԸ
    
     Մեղավո՜ր էլ չեն նրանք, տե՛ր, գուցե,
     Իմ թշնամիներն այս` ո՛չ երգեցիկ-
     Թե սոխա՜կ էիր դու ինձ ստեղծել,
     Ինչո՞ւ ագռավի երա՛մ նետեցիր.
     Թե ճերմա՜կ էիր, տե՛ր, ինձ ստեղծել,
     Ի՜նչ գործ ունեի այս սև երամում,
     Ուր ամեն սև հանք փորձեր ինձ կտցել-
     Ճերմակը կարծած գո՜ւյնը թշնամու...
    
     Եթե պիտի ինձ թողնեիր կտցել
     Եվ արյունլվա ցա՜ծ նետել վերից,
     Ինչո՞ւ կամեցար հենց այստե՛ղ գցել`
     Այս վտառի՛ մեջ իժ ու օձերի...
    
     Չ՞է որ հավքերը, գիտե՜ս, իմաստո՛ւն,
     Սողուննեի՜ց են երբեմն սերել,
     Եվ ամեն սողուն, նախանձը սրտում,
     Թռչունի ճախրը չի՜ կարող ներել.
    
     Եվ, ինչքան էլ խե՜ղճ լինի իմ առջև,
     Նրանո՛վ է հենց հզոր ինձանից,
     Որ, - անզո՜ր ինձ պես ճախրել ու թռչել, -
     Վախ չունի կյանքում նաև... անկումի՜ց..
    
     Մեզավո՜ր էլ չեն նրանք, տե՛ր, գուցե,
     Իմ թշնամիներն այս` ոչ երգեցիկ.
     Թե սոխա՜կ էիր դու ինձ ստեղծել, -
     Ինչո՞ւ ագռավի երա՛մ նետեցիր...
    
    
    
     Այս էլ քանի՜ անգամ ասեմ...
    
     Այս էլ քանի՜ անգամ ասեմ,
     Որ քո սիրո ճախրին վսեմ
     Կապույտ երկի՜նք է հարկավոր.
    
     Որ քո սիրտը երախտավոր
     Զու՜ր ես տալիս... ապերախտին.
    
     Որ քո բախտին
     Հարկավոր է ուրի՜շ ճամփա.
    
     Որ ես ամպած
     Լոկ արցո՜ւնք եմ աչքիդ բերում.
    
     Որ քո գրկում,
     Բայց գերվում եմ ես ուրիշո՜վ.
    
     Որ հին հուշով,
     Ես ուրիշի տո՜ւն եմ գնում.
    
     Բո՜ւյն եմ դնում,
     Ինչպես ծաղկած վարդենուն... բո՛ւն.
    
     Որ դու անքուն,
     Զո՜ւր ես անվերջ ինձ երազում.
    
     Որ դու սարերն ի վեր վազո՛ւմ,
     Իսկ ես` սարից ցա՜ծ եմ գնում...
    
     Էլի՞ ասեմ,
     Սակայն մեկ չէ՞_ասե՜մ- չասե՜մ, _
    
     Երբ ինչքան շա՛տ եմ քեզ տանջում,
     Դու այնքան շա՜տ ես ինձ կանչում.
    
     Ինչքան սրտիդ ցա՜վ եմ բերում,
     Դու այնքան... լա՜վ ես համբուրում.
    
     Ինչքան ասո՛ւմ, _
     Այնքան շա՜տ ես ինձ երազում
    
     Ու համբույրով
     Կիսա՜տ թողնում իմ խոսքն էլի...
    
     Ինչքա՜ն ասեմ քեզ... սիրելի՛ս...
    
    
    
     ՔՈ ՁԵՌՔԵՐԸ
    
     Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը
     Որոնք, արդեն քանի՜ տարի,
     Ինձ ամենի՛ց ամուր գրկում,
     Սակայն երբեք չե՛ն... բանտարկում.
     Ինձ աշխարհի տե՛րը անում,
     Սակայն երբեք չեն տիրանում.
     Օղակի պես շուրջս պրկվում,
     Բայց չե՜ն խեղդում,
     այլ` լոկ փրկո՜ւմ,
     Ինչպես փրկում են խեղդվողի՛ն...
     Քո ձեռքե՛րը, -
     Նո՜ւրբ,
     Ասողի՜կ,
     ՈՒ երգեցի՜կ,
     Որոնց ափում,
     Ես` չո՜ր խեցի,
     Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...
     Ես սիրում եմ քո ձեռքերը...
     «Մարգարի՛տ եմ քիչ-քիչ դառնում...» -
     Իսկ Մարգարիտն այս աշխարհում
     Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի՛ն,
     Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜, -
     Երբեք պիտի չխնայե՜ս
     Եվ... միշտ... կրցք՛իդ վրա՛ պահես, -
     Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,
     (Քո սիրո՛ւց ու կրծքից հեռո՛ւ),
     Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ, -
     Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...
     Իմ սիրելի՜,
     Իմ ասողի՜կ,
     Իմ գեղեցի՜կ...
    
    
    
     ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    
     Ի՞նչ է պետք մարդուն
     Սիրո մեջ հզո՜ր լինելու համար.-
     Ավա՜ղ,
     Շա՛տ չնչին,
     Հասրա՜կ մի բան`
     Քի՛չ սիրել
     Եվ կամ... բնավ չսիրե՛լ...
    
     Աստվա՜ծ ազատի այսպիսի բախտից
     Եվ այս դրախտի՛ց,
     Որն ի՜նձ է տրվե՛լ...
    
     Երբ ե՛ս եմ սիրում`
     Փխրո՜ւն եմ այնքան,
     Թո՜ւլ,
     Անօգնակա՜ն,
     Սակայն` երջանի՜կ...
    
     Երբ ի՜նձ են սիրում,
     (Եվ ես չե՜մ սիրում) -
     Անտարբե՜ր եմ ա՛յն ծառի բնի պես,
     Որին փարվում է բաղե՜ղը կանաչ.
     Բի՛րտ, այն ժայռի պես,
     Որի մոտ ծովը կուզեր... մերկանա՜լ.
     Սա՜ռը, -
     Որմի պես այն եկեղեցու,
     Որը համբուրո՛ւմ,
     Որի մոտ մո՜մ են վառում մեր կանայք.
     Եվ ուժե՛ղ, -
     Դժբա՛խտ այն մարդու նման,
     Որը սիրվո՛ւմ է,
     Սակայն... չի՜ սիրում:
    
     Ուժե՛ղ ու դժբա՛խտ,
     Հզո՛ր ու ... դժգո՛հ,
     Քե՜զ եմ կարկառել ձեռքերըս ահա,
     Սիրո Աստվա՛ծըդ ամանակարող,
     Ո՜ւժ տուր հզորիս
     Եվ տուր քաջությո՛ւն,
     Այս... թույլ աղջկան ասել` «Չե՜մ սիրում...» .
    
     Ասել մի՜ անգամ,
     Գոնե մի՜ անգամ,
     Երբ, - քանի՜ տարի, -
     Քանի՜ անգամ եմ այս նույն շուրթերով –
     Ստե՞լ...
     Ո՛չ, ինչո՞ւ, -
     Անզո՜ր լինելով հերքել` «չե՜մ սիրում»,
     Հեգել` «Սիրո՜ւմ եմ...»
    
     Ո՜ւժ տուր հզորիս.
     Բայց ինչպե՜ս, ինչպե՜ս,
     Երբ իմ մի հատիկ
     Ջերմ շշունջից ու խոսքի՛ց սերում,
     Շողն` այս քնքշանքից թացվա՜ծ աչքրից,
     Դողն` այս բերկրանքից բացվա՜ծ շուրթերի
     Եվ լցվա՜ծ սրտի,
     Որ տրոփում է միայն ի՜նձ համար,
     Որ տրոփում է միայն ի՜մ սիրուց,
     Ի՛մ, որ... չե՜մ սիրում...
    
     Ո՜ւժ տուր հզորիս.
     Բայց ինչպե՜ս, ինչպե՜ս,
     Երբ իմ մի հատիկ
     Ջերմ շշունջից ու խոսքի՛ց է սերում,
     Շողն` այս քնքշանքից թացվա՜ծ աչքերի,
     Դողն` այս բերկրանքից բացվա՜ծ շուրթերի
     Եվ լցվա՜ծ սրտի,
     Որ տրոփում է միայն ի՜նձ համար,
     Որ տրոփում է միայն ի՜մ սիրուց,
     Ի՛մ, որ... չե՜մ սիրում...
    
     Ո՜ւժ տուր, որ ասեմ և կա՛մք...
     Սակայն ո՞վ,
     Ո՞վ կարող է, սի՛րտ,
     Տրորե՜լ ոտքով կոկո` նն այս բացվող,
     Ջարդե՜լ նորատունկ այս շի՜վը դալար,
     Ցեխով փզկե՜լ այս կարակչող առո՛ւն, -
     Որ չկարկաչի՜ գուցե էլ բնավ,
     Որ գուցե բնավ էլ ծաղիկ չտա՜,
     Եվ էլ չխշշա՜ կանաչ բացատում...
    
     Տե՛ս, վազո՜ւմ է նա թևերը բացած,
     Եվ սիրուց հարբած ինձ մո՛տ է սուրում,
     Գալի՜ս է էլի...
     (Ինչո՞ւ ես լռել
     Ասա` «Չե՛մ սիրում» ...)
    
     Եվ, ի՜նչ որ ուներ,
     Եվ, ի՜նչ որ ունի,
     Ի՜նչ որ կունենա, -
     Իր բախտի ու իր կյանքի հետ միակ
     Ինձ զո՜հ է բերում...
    
     Ո՜ւժ տուր, լսո՞ւմ ես,
     Սիրո Աստվա՛ծըդ ամենակարող,
     Գեթ ա՛յս երեկո ասել` «Չե՜մ սիրում»,
     Որ չկրկնվի
     Նրա տենչա՛նքն ու
     Իմ տանջա՛նքն էլի..
    
     «-Եկա՞ր, միա՜կըս,
     Եկա՞ր, սիրելի՜ս...»
    
    
    
     * * *
     Մահը մի՛շտ հիշիր,
     Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.
     Այլ, - որ իմանաս, -
     Թե դեռ ինչքա՜ն է մնում... ծիծաղել,
     Եվ... ուրախանա՛ս.
     Մահը մի՛շտ հիշիր,
     Ո՛չ թե անիմաստ կարծելու համար
     Անելի՛քը քո,
     Այլ շտապելու՝
     Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո...
     Եվ մի՛ թրԵվի
     Անգործ ու անբան,
     Այն սենյակներում, որ... քո՜նն ես կարծում.
     Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում,
     Դո՛ւ էլ կպառկես... սեղանի վրա,
     Նոփ-նոր դագաղում, -
     Որ... Փոշի՜ դառնաս,
     Եվ հիշվես միայն
     Մահազդերի մե՛ջ,
     Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ...
     Մահը մի՛շտ հիշիր,
     Որ հիշես՝ ինչո՛ւ
     Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում...
    
    
    
     Ես ա՛յն եմ սիրում
    
     ...Ես ա՛յն եմ սիրում,
     Երբ ձմեռ-ամառ... գարո՜ւն է թվում,
     Անծանոթ մի վայր քեզ... տո՜ւն է թվում.
     Ոչ միայն նայում, այլ... տեսնո՛ւմ ես դու,
     Ոչ թե ունկնդրում, այլ... լսո՛ւմ ես դու,
     Երբ սլանո՜ւմ ես
     Եվ ոչ թե` քայլո՛ւմ,
     Երբ և այրվո՛ւմ ես, և ի՛նքըդ այրում...
    
     Ա՛յն, երբ աչքերը աչե՜ր են դառնում,
     Խոսքերը սիրո կանչե՛ր են դառնում,
     Սիրե՛րգ է դառնում ամեն մի հնչյուն,
     Եվ արտաշնչո՜ւմն անգամ` Ներշնչում...
    
     Սիրում եմ սիրո այն հրա՜շքը սուրբ,
     Երբ որ ձեռքերը դառնում են թևեր,
     Երբ թվում է, թե շարժումից մի նուրբ,
     Կարող ես մինչև աստղե՜րը թևել.
     Երբ կոշտ մատները թավի՜շ են դառնում,
     Արյունը գարնան ավի՜շ է դառնում
     Եվ ժամերն անգամ, հաշիվը խառնո՜ւմ,
     Մոռանո՜ւմ են, թե... ինչքան են տևել...
    
    
    
     ԳԱԼԻՔԻՆ
    
     Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,
     Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
     Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
     Եղածով երբեք չհանգստանալ
     Եվ չասել, թե իմ արածն արեցի:
     Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
     Չասել, թե արթեն փառքին տիրեցի,
     Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
     Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
     Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի
     Եվ վաելում եմ տունս բախտավոր:
     Չթվալ արդար՝ եղած մեղավոր,
     Մեղավոր պահին՝ հանցանքը քավել,
     Քավելու համար չըղձալ հատուցում
     Եվ հատուցումով չհպարտանալ...
     Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ.......
    
    
    
     * * *
     Քո ինչի՜ն էր պետք այս հաղթանակը.
     Ինչո՞ւ շարժեցիր հույզիդ բանա՛կը, _
     Հեծելազո՛րը հաճո խոսքերի,
     Հետախույզ գո՛ւնդը հարց ու փորձերի,
     Գորշ հետևա՛կը քո համառության,
     Ծխածածկո՜ւյթը մերժման տխրության,
     Խանդի դիրքերի ոլո՛ր-մոլո՜րը..._
     Ասա՛, ինչի՜դ էր պետք այդ բոլորը,
     Երբ դու անառիկ այս սիրտը գերել`
     Սակայն չե՜ս սիրում և չե՜ս էլ սիրել,
     Երբ անձնատո՜ւր է նա վաղուց եղել,
     Իսկ դու... ձանձրույթից արդեն սրտնեղե՛լ,
     Ե՜տ ես քաշում քո հաղթած բանակը...
    
     Քո ինչի՜ն էր պետք այս հաղթանակը:
    
    
    
     Իմ սերը
    
     Ամեն սեր իր սկի՛զբն ունի
     Եվ իր վե՛րջն ու իր անցնե՛լը.
     Իմն սկսվեց ա՛յն վայրկյանին,
     Երբ թվաց, թե ... վերջացե՜լ է:
    
    
    
     Ների՜ր դու ինձ...
    
     Ների՜ր դու ինձ, խենթի՛ս անհոգ,
     Ես ի՛նքս եմ ինձ արդեն դատել,
     Երբ ապրելով լոկ քեզանով,
     Հաճախ քեզ... չե՜մ էլ նկատել...
     Հիմա, երբ դու չկա՜ս արդեն,
     Երբ հեռո՜ւ եմ ես քո մոտից,
     Երբ ինչո՜վ ել ինձ կախարդեն,
     Մորմոքո՛ւմ եմ քո կարոտից.
     Նո՜ր եմ զգում ու հասկանում,
     Որ... օ՜դ էիր դու ինձ համար,
     Որ շնչելիս` չի՛ իմանում,
     Իսկ երբ չկա... խեղդվո՜ւմ է մարդ:
    
    
    
     * * *
     Ձյու՜ն է գալիս
     Եվ մի աղջիկ, մայթում խավար,
     Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս...
    
     Ինչո՞ւ է նա այդպես լալի՜ս...
     Ու մոլորված գնում-գալի՜ս,
     Նոր տարվա օ՛րն այս խանդավառ.
    
     Գուցե նրա հե՛րթն է գալիս
     Զգալո՛ւ, որ կյանքը, ավա՜ղ,
     Հաճախ նաև... վի՜շտ է տալիս.
    
     Դրա համար էլ նա՝ լալի՜ս,
     Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս,
     Դեգերո՜ւմ է մայթում խավար.
    
     Եվ կարծում է հավանորեն,
     Թե էլ չի՜ գա բախտը նորեն
     Եվ...անցե՜լ է անդառնալի...
    
     Որտեղի՜ց այդ գիժն իմանա,
     Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման,
     Գալիս է, որ հալվի՜- գնա՜,
     Եվ զո՜ւր է նա այդպես լալիս...
    
    
    
     * * *
     Դու մի՛ նայիր,
     Որ ես այսպես խե՜ղճ եմ թվում
     Եվ մոլորվա՜ծ,
     Եվ վշտահա՜ր,
     Կախա՛րդ եմ ես,
     Համելնի հին ավանդության
     Հրաշագործ սրնգահար...
    
     Ո՜ւր ուզում ես հիմա ինձ տար,
     Օտար երկի՛ր, քաղա՜ք օտար՝
     Նյու-Եորք լինի,
     Բէյրո՜ւթ,
     Փարի՛զ.
     Եվ... ո՜ւմ ուզում ես՝ հմայեմ,
     Ո՜ւր ուզենամ՝ ինձ հետ տանեմ,
     Կախարդանքով երգ ու բառիս:
    
     Կուզե՞ս կանգնած Բրոդվեյում
     Կամ Փարիզի, մեծ Բուլվարում
     «Կռո՜ւնկ» ասեմ
     Եվ կամ մի պարզ «Նուբա՛ր-Նուբա՛ր» ,
    
     Եվ այս Մարին, Մարիամ դառնա,
     Այս Պիեռը՝ Պողո՛ս-Պետրո՛ս,
     Եվ այս Ժակը՝ Հակոբ աղբա՜ր...
    
     Կուզե՞ս երգեմ «Քելե-քելե» ,
     «Ով քնած է- ասեմ՝ ելե՛ք,
     Ով արթուն է՝ ելնի՝ տեղից...»
     Եվ ինչքան հա՛յ կա տարագիր,
     Գերված ձայնով պատարագիս,
     Հայաստա՜ն գան իմ ետևից...
    
     Եվ եթե ես,
     Կախա՜րդս վես,
     Մեկ-մեկ այսպես խե՜ղճ եմ թվում,
     Այսպես վշտո՜տ, այսպես երե՜ր,
     Նրա՛ համար,
     Համելնի հին սրնգահա՛ր,
     Որ մանուկներն էին հնում
     Քո ետևից գերված գնում,
     Իմ ետևից՝ միայն ծերե՜ր
     Միայն ծերե՜ր...
    
    
    
     Ժամացույցի առջև
    
     Դու մե՜ծ ես, այո՛,
     Եվ ես` փո՜քր, այո՛.
     Բայց դու նման ես այն մեծ սլաքի՛ն,
     Որն իմ` ժամերը նշող սլաքի,
     Ամեն մի քայլին հասնելու համար,
     Վեց տասնյակ քա՜յլ է ստիպված անում.
    
     Նոր բան չե՜մ ասում,
     Ոչ էլ` քեզանից ինձ գերադասում,
     Կամ ձգտում հատուկ դիրքի ու փառքի._
     Մենք ծառայում ենք նո՛ւյն ժամանակին
     Եվ ցույց ենք տալիս ժամանա՛կը նույն.
     Ես` դարի ժա՛մը`
     Դու... րոպե՜ն դարի.
     Իսկ մնացածը` ինչպես ուզու՜մ ես._
     Մեծը դու՜ կոչվիր,
     Դու՜ փառք վաստակիր,
     Միայն, լսո՞ւմ ես,
     Գեթ հանուն դարի՛,
     Հանուն քո երդված մեծ գաղափարի՛,
     Ինձ... մի՛ խանգարի:
    
    
    
     Լռությունը ոսկի է
    
     Որ ոսկի՛ է լռությունը,
     Այդ վաղուցվա՜ հայտնություն է.
     Թեև ես միշտ զարմացե՜լ եմ,
     Թեև հաճախ զայրացե՜լ եմ,
     Սակայն հիմա հավատո՛ւմ եմ,
     Որովհետև... հասկացե՜լ եմ:
    
     Լռությունը ա՛յն ոսկին է,
     Այն հանցանքի ծա՜նր գինը,
     Որ խոհող մարդն ստանում էր,
     Երբ տեսնելով սպանումը,
     Երբ տեսնելով կեղծն ու սուտը,
     Քծնությունը, դավն ու մութը,
     Հուզվո՛ւմ, խոսո՛ւմ, կամ գրո՞ւմ էր._
     Ո՛չ,
     Տեսնո՛ւմ էր, բայց լռու՜մ էր...
     Ամուր սերտած` ո՛չ կռվելու,
     Այլ տեսնելո՛ւ և լռելո՛ւ
     Ճորտի՜ն վայել հայտնությունը,
     Թե... «Ոսկի է լռությունը»:
    
    
    
     Կյանքում հաճա՜խ է այդպես պատահում
    
     Կյանքում հաճա՜խ է այդպես պատահում._
     Ինչքա՜ն կանայք կան այս լայն աշխարհում,
     Որ քո կողքի՜ն են,
     ձեր նո՛ւյն քաղաքում.
     Հաճախ նո՛ւյն մայթում
     Կամ նո՛ւյն տան բակում,
     Բայց...
     Այնքա՜ն գիտես դու նրանց մասին,
     Ինչքան որ Սի՛սը ... Մասիսի՛ մասին...
    
     Այո՛, հաճա՜խ է այդպես պատահում._
     Բայց մի գիշեր է լինում աշխարհում,
     Որ, երբ նայում ես մեկի աչքերին,
     Սիրո կարոտից ճաքաց շուրթեին,
     Բռնում ես մեկի ձեռքը տագնապով.
     Շոյու՜մ այդ ձեռքը մատներիդ տապով,
     Մի վայրկյանի մեջ,
     կամ ակընթարթում,
     Նրա ողջ կյա՜նքն ես գրքի պես կարդում...
    
     Եվ հեռու՜- հեռու՜ մի գյուղ, կամ քաղաք,
     Լեռնային գետի մի խե՜նթ աղաղակ,
     Մի տուն` մոլորվա՜ծ օտար քաղաքում,
     Մի ծառ` խոնարհված անծանոթ մայթում.
     Այնպե՜ս են հանկարծ հարազատ դառնում,
     Որ... զարմանու՜մ ես
     ու չե՜ս հասկանում,
     Թե մինչև այսօր
     Դու առանց դրա
     Ինչպե՜ս ես ապրել այս փուչ աշխարհում...
     ...Ափսո՛ս, որ... քի՜չ է այդպես պատահում:
    
    
    
     * * *
     Պատուհանիս տակ անձրև է մաղում,
     Իսկ ես չե՜մ հուզվում անձրևից արդեն.
     Ծիածաննե՛ր են դեմից ծիծաղում,
     Բայց չե՜ն հմայում նրանք ինձ արդեն.
     Շուտով գուցե և արև՛ը ծագի,
     Բայց ես դրանից չե՜մ ուրախանում.
     Լի՞ օր է այսօր, տո՞ն, թե՞ կիրակի՝
     Մե՜կ է ինձ համար, ես չե՜մ իմանում.
     ո՞ւմ համար եմ ես այս երգը ... հինում,
     Կա՞ մեկը, որին մա պե՛տք է գալու...
     Մեր տան առաջ ճամփա՛ են շինում,
     Իսկ ես... տեղ չունե՜մ արդեն գնալու:
    
    
    
     Համերգից հետո
    
     Ինչ ուզում էի քեզ խոստովանել
     Եվ գաղտնի՜ էի պահում իմ հոգում,
     Այնքան հարազա՛տ ու այնպես անե՜ղծ,
     Դու լսում էիր երեկ... համերգում:
    
     Դո՛ւ էլ նույնն էիր ուզում ինձ ասել,
     Ինչ ես լսեցի երեկ համերգում...
     Բայց որտեղի՞ց էր ջութակն իմացել,
     Անբառ գաղտնիքը իմ ու քո հոգու...
    
     Ինչքան չքնա՜ղ ես դառնում ավելի,
     Այնքան հպա՛րտ է սիրտն իմ առնացի, -
     Իմ սիրո՛վ ես դու չքնաղ, սիրելի՛ս,
     Եվ իմ սիրու՜ց ես դառնում գեղեցիկ:
    
     Չէ՞ որ շուրթերըդ շիկնո՛ւմ են, վառվու՜մ,
     Իմ շշուկների՛ց ու համբույրների՛ց.
     Եվ քո աչքերը հմայի՜չ դառնում`
     Երբ սե՛ր են հայցում իմ խերթ աչքերից:
    
     Եվ ե՛րգն այս, որ դու երգում ես հնչեղ,
     Մի՞թե սիրո՛ւց չի ծնվում շուրթերիդ,
     Մի՞թե քո սիրո անտես թելին չեն
     Շարվում հակինթնե՜րն իմ սիրերգերի.
    
     Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ մեկեն ու հանկարծ,
     Հրաշքի՜ փոխվեց աշխարհը արար.
     Ուրիշ գաղտնիք ու հանելուկ չկա`
     Աշխարհը նո՛ւյնն է` Սիրու՜մ ենք իրար...
    
     Դու վախենու՜մ ես ինձ սիրել, անգին.
     Դու նախատում ես, թե սիրտըս մերկ է, -
     Ասում ես` սիրույդ գաղտնիքն անմեկին
     Կասի աշխարհին իմ գրած երգը.
    
     Մեր սիրո աստղը կխամրի՜ լույսից,
     Ոճի՜ր կդառնա քո վսեմ մեղքը,
     Որիշ սիրահար սրտե՛ր կհուզի,
     Սին փառքի փոխած սիրո վայելքը...
    
     Օ՜, դու չգիտե՜ս բախտը պոետի,
     Չգիտես նրան մորմոքող վերքը. -
     Ի՜նչ ցավ էլ նրա սիրտը կտրատի`
     Աշխարհի համար դա միայն... ե՜րգ է.
    
     Այդպե՛ս է եղել դարերում բոլոր -
     Մարդիկ չե՜ն տեսնում ամենից մերկը...
     Ոչ ոք չի զգա քո գաղտնիքը խոր`
     Չէ՞ որ ուրիշի համար նա ... ե՛րգ է:
    
     Եթե երա՜զ էր տեսնում քո հոգին,
     Բիրտ արթնացումի համար այս, ների՜ր,
     Թե սրբությո՛ւն էր որոնում, անգին,
     Ների՜ր այս մեղքը, որ հոգուդ բերի.
    
     Թե ցնորք - սե՛ր էր տենչում, լուսածին,
     Ների՜ր սիրո մահ բերող խոսքերիս.
     Ների՜ր այս բոցը, որից այրվեցին
     Թիթեռնե՛րը քո լուսե տենչերի...
    
     Ների՜ր
     - որ ինձ սիրի՛ր, ոչ ատիր.-
     Անե՜ղծ կա սրտին բանաստեղծների,
     Սիրո ձևերից հազարապատիկ,
     Ես խե՜նթն եմ սիրում...
     Ներիր, օ՜, ների՜ր...
    
     Դու խռովեցի՜ր, դու գնացի՜ր
     Եվ արցունքները քո աչքերի,
     Անձրևի նման ցա՜ծ մաղվեցին
     Եվ բո՛ւյր տվեցին ծաղիկներին:
    
     Դու արցունքների մեջ ժպտացիր
     Եվ քո ժպիտի հուր ցոլքերից,
     Ծիածա՜ն իջավ աղեղնածիր
     Ու գույնե՛ր բերեց ծաղիկներին...
    
     Լեռներով պատած այս ձորը խոր
     Զամբյու՜ղ է կարծես` ծաղկով լցված,
     Եվ ծիածանը` կո՛թը կլոր -
     Սուզված երկընքում կապույտ ու թաց...
    
     Ուզո՞ւմ ես` բռնած ծիածանից,
     Ծաղկաձորը քեզ նվե՜ր բերեմ,
     Միայն չգնա՛ս դու ինձանից,
     Միայն թե այսօր դու ինձ ներե՜ս...
    
    
    
     ՄԱՅՐԸ ԵՎ ՈՐԴԻՆ
    
     Սգավոր մի կին, կասկածը սրտում,
     Գնում է՝ որդու բախտը բա՜ց անի,
     Իմանա, թե ի՞նչ պատահեց որդուն. –
     Մեռա՞ծ է արդյոք,
     Կորա՞ծ,
     Կենդանի՞…
     Մի խիզախ տղա, ցասումը սրտում,
     Կռվով աշխարհի բա՜խտն է բաց անում,
     Որ էլ ո՛չ մի մայր չսգա որդուն,
     Եվ ոչ մի որդի չընկնի՛ աշխարհում…
     Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
     Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
     Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
     Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա…
     Հե՜յ, ոտքի՛ ելեք, ոսոխը վայրի,
     Իր թաթն Իլյիչի դամբանին պարզած,
     Ցրե՜լ է ուզում ուղեղն այս դարի,
     Ջարդել՝ Կրեմլի զա՛նգը սրբազան:
     Հե՜յ, ոտքի՛ ելեք, մի վերջին անգամ
     Կորու՜ստն եմ զգում ես Աբովյանի,
     Մեր հողն է խուժել տևտոնն անզգամ,
     Որ Սուրբ Մաշտոցի նշխարքը տանի:
     Որ ավերի՛ ու ջնջի՛ վերստին
     Հին երկիրը մեր՝ նորացած խանդով.
     Եվ, կիսատ երգի տողերը շուրթին,
     Ընկնե՜ն Վարուժանն ու Սիամանթոն:
     Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
     Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
     Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
     Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա…
     Գիտե՞ս, թե ո՛վ է գալիս, մայրի՛կ,
     Գիտե՞ս, թե ո՛վ է ելել մեր դեմ,
     Ո՛վ է վերստին մեր աշխարհին
     Բերում արհավի՜րք, մահ ու հրդեհ… -
     Նա՛, ով եղբորը քո նշանված,
     Տասնչորս թվին տարավ գերի,
     Նա՛, ով Էնվերին «քը՜ս- քը՜ս» տված,
     Ուզում էր հայոց հողն ավերի՛…
     Ով, յենիչարի ձեռքերով չար,
     Արյան ծո՜վ արեց հողը հայոց.
     Շիրմաքա՛ր արեց ամեն մի քար,
     «Վայոց ձո՜ր» - ամեն ձո՛րը հայոց…
     …Մոռացե՞լ ես՝ ջա՛րդն անապատում,
     Մոռացե՞լ ես դու Տեր-Զո՛րը սև…
     Էլ ինչո՞ւ, մայրի՛կ, լալի՜ս ես դու,
     Որ կռի՛վ գնաց որդիդ կըրտսեր…
    
    
    
     ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ
    
     Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս,
     Հայաստանից մի ծաղիկ է տարել.
     Ջրել արցունքով՝ ամեն լացելիս
     Եվ վերադարձի հույսով փայփաել.
     Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած,
     Ձգտում է դեպի երկինք ու արև.
     Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած,
     Նաել է դեպի երկիրն իր քարե.
     Եվ ուղել է իր գլուխը տրտում,
     Միայն հայրենի հողում քարքարոտ...
     ...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում
     Եվ կոչվում ե նա... հայրենի կարոտ:
    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
20593 | 0 | 0
Facebook
COMMENT.am