Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ

18:45, չորեքշաբթի, 18 ապրիլի, 2012 թ.
ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ
    
    

Այսօր.am, 17.04.2012

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել այս տարի բուհական ընդունելության քննություններում։ Դրանք այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը և ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը։
     Գայանե Մանուկյանը նշեց, որ այս տարվա ընդունելության քննություններում փոփոխությունները շատ են և դրանք հիմնականում հօգուտ դիմորդների են։
     Փոփոխություններից մեկն այն է, որ որպես օտար լեզու դիմորդները հնարավորություն կունենան հանձնել նաև ռուսաց լեզու։
     Մյուս փոփոխությունն այն է, որ մրցույթի արդյունքները կհրապարակվեն ոչ թե օգոստոսի 5-ին, ինչպես նախորդ տարիներին էր, այլ հուլիսի 15-ին։
     Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ միասնական քննութունների 1-ին փուլում օրերի հետ կապված որևէ փոփոխություն չի լինելու. քննություններն, ինչպես միշտ եղել է, սկսվելու են հունիսի 1-ին և ավարտվելու են հունիսի 23-ին։
     «Փոփոխություններ կլինեն բանավոր և ներբուհական քննությունների ժամանակացույցում։ Եթե նախկինում 1-ին և 2-րդ միասնական փուլերի քննություններն ավարտվում էին և հետո էին սկսվում ներբուհական ու բանավոր քննությունները, ապա հիմա 2-րդ փուլին զուգահեռ անց են կացվելու բանավոր քննությունները։ Սկսելու ենք հունիսի 25-ին և ավարտելու ենք հուլիսի 8-ին»,- ասաց Կ. Նասիբյանը։
     Միասնական քննությունների երկրորդ փուլը սկսվելու է հուլիսի 2-ին, այն կավարտվի հուլիսի 8-ին։
     Սահմանափակում է մտցված բանակից զորացրվածների համար. եթե մինչ այս նրանք քննություններին մասնակցում էին առանձին մրցույթով, ապա հիմա նման հնարավորություն կունենան մինչև երեք տարի առաջ զորացրվածները, իսկ եթե երեք տարուց ավելի է, որ զորացրվել են, այդ հնարավորությունից չեն օգտվի և քննությանը կմասնակցեն ընդհանուր հիմունքներով։
     Ամենահիմնական փոփոխություններից մեկն այն է, որ դիմորդների համար կազմակերպվում է երկրորդ կամ լրացուցիչ մրցույթ։ Ըստ այդմ, եթե դիմորդը դրական միավոր է հավաքել, բայց չի ընդունվել իր հայտագրած բուհ` ընտրած մասնագիտությամբ, հուլիսի 20-25-ը լրացուցիչ մրցույթ կհայտարարվի և այդ դիմորդները հնարավորություն կունենան այլ բուհ ընդունվել՝ մասնակցելով այդ բուհերի թափուր տեղերի մրցույթին։
     Կ. Նասիբյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի նպատակային տեղեր է հատկացված նաև բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի դիմորդների համար։
     Այդ բնակավայրերում առնվազն 8 տարի մշտապես բնակված դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել նպատակային տեղերի մրցույթին։ Այդ մրցույթով չանցնելուց հետո միայն նրանք կմասնակցեն ընդհանուր մրցույթին։ Ընդունվելուց հետո, նրանք կսովորեն անվճար։
     Գայանե Մանուկյանը հավելեց, որ եթե նույնիսկ տվյալ մասնագիտությամբ, օրինակ՝ իրավաբանական, անվճար տեղեր չեն հատկացված, այդ ուսանողների համար ուսումնառությունը կլինի անվճար։ Նշվեց, որ անցողիկ շեմը, ինչպես նախորդ տարիներին էր՝ 7,5 միավորն է։
     Ըստ մասնագիտությունների հայտագրման` դիմորդները դիմումները պետք է ներկայացնեն առաջին հայտով նշվող բուհ։

17.04.2012, 15:06
     Aysor.am
     http://www.aysor.am/am/news/2012/04/17/examination/


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6416 | 0 | 0
Facebook