Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայերի Ամանորը հնում և հիմա

18:56, երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2013 թ.

Նոր տարին հայերի ամենասիրելի և ամենամեծ շքեղությամբ նշվող տոնն է: Թե ինչպես է նշվում ամանորը Հայաստանում 21-րդ դարում բոլորիս քաջ հայտնի է, իսկ թե ի՞նչ գեղեցիկ սովորույթներ է ունեցել այս տոնը հնում շատերի համար գաղտնիք է: Ներկայացնենք այն գեղեցիկ սովորույթներից մի քանիսը, որ ունեցել են հին հայերը ամանորը նշելիս:

19-րդ դարում Նոր տարին նշվում էր հունվարի 1-ին և բավական կայուն արարողակարգ ուներ:

Տոնի անունները Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր էին: Հայտնի էին Ամանոր, Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար ձևերը, Նոր տարուն նախորդող գիշերն էլ հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ, Գոտեկախ անուններով:

Նոր տարվա տոնին նախապատրաստվելու ընթացքում բնակարանի մաքրությանն առանձնակի կարևորություն էր տրվում: Այս սովորույթը հիմա էլ է պահպանվում: Ոչ միայն մաքրվում էր բնակարանը, այլև դուրս էին նետում անպետք իրերը: Հանվում և մաքրվում էր ողջ ամանեղենը, լվացվում էր ողջ սպիտակեղենը: Բնակարանը հարդարվում էր, զարդարվում: Զարդարանքները ոչ միայն գեղագիտական էին, այլև չարխափան կամ բարեբեր:

Ընտանիքի բոլոր անդամները լողանում էին և հագնում տոնական հագուստ, ցանկալի էր՝ նոր հագուստ:

Բոլոր շրջաններում մեծ ուշադրություն էր դարձվում ամանորյա սեղանի առատությանը: Պատրաստվում էին յոթ տեսակ ճաշատեսակներ, աղանդերը նույնպես պետք է լիներ ամենաքիչը յոթ տեսակի: Ամանորյա ճաշացանկում բացառվում էր միսը: Պատճառը ծննդյան տոնի պասն էր, որն ընդգրկում էր նաև հունվարի 1-ը՝ ամանորի ամենակարևոր օրը:

Տոնածառը շատ շրջաններում կոչվում էր «»: Տան անդամներից յուրաքանչյուրը «» կտրում էր փոքրիկ ճյուղ և զարդարում ինքնուրույն, հիմնականում՝ ընկուզեղենով: Առավոտյան տանտերը հաստ ճյուղը տանում էր եկեղեցի, օրհնել էր տալիս, հետ բերում տուն, տան անդամներից յուրաքանչյուի մազերից մի մազ էր վերցնում, փաթաթում ճյուղին և այն ամրացնում գերանին:

Բարեբեր իմաստ ունեին հասկերից պատրաստված «» զարդարանքները, որոնց վրա կախում էին չարխափաններ:

Նու տարվա տոնական խնջույքը սկսվում էր դեկտեմբերի 31-ի ընթրիքով: Շատ տեղերում այդ օրն այցելություններ չէին լինում, բայց պարտադիր էր տոնական ընթրիքին ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը: Միայն նշանված աղջիկներն իրենց նշանածներին մետաքսյա գույնզգուն թելերով կապած խնձոր էին ուղարկում և նրանցից իբրև պատասխան խնձոր էին ստանում՝ մեջը խրած արծաթյա տասը կոպեկանոցներ:

Նոր տարվա համահայկական սովորություններից կարելի է առանձնացնել այս հետաքրքիր ավանդույթը: Ամանորի նախորդ օրն ու գիշերը 10-12 տարեկան երեխաները շրջում էին փողոցներում և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել: Երեխաները երգելուն զուգահեռ, երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ էին իջեցնում՝ ավետելով հին տարվա ավարտը և Նոր տարվա գալուստը: Տանտիկինը կախված տոպրակի մեջ դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն:

Նոր տարվա գիշերը թարմացնում էին ջրի պաշարները, անպայման հաց էին թխում: Հացի թթխմորից ուտեցնում էին երեխաներն, որ ամբողջ տարվա ընթացքում առողջ լինեն:

Տան դուռը երբեք չէր փակվում: Առավոտ շուտ սկսվում էին այցելությունները: Բոլոր հյուրերը սպասված էին: Այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևաններին, քավորին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով: Տնեցիներն ու հյուրերը տուն մտնում էին աջ ոտքը առաջինը մտցնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին:

Այս սովորութներից մի քանիսը պահպանվել են ժամանակակից հայերի մոտ, բայց որոշակի փոփոխություններով ու գեղեցիկ մանրուքների անտեսումով:

20-րդ դարակեսից այս փոփոխությունները դարձան ավելի ակնառու և հայկական ամանորը ձեռք բերեց օտարամուտ սովորույթներ:

Հասկերից պատրաստված տոնածառը փոխարինվեց եղևնիով, որպես զարդ ծառայող ընկուզողենն էլ՝ զարդերով և խաղալիքներով:

Ամանորյա սեղանն ավելի ճոխ տեսք ընդունեց, բայց, միևնուն ժամանակ, մոռացվեցին այն բոլոր գեղեցիկ սովորույթները, որ ունեին հին հայերը:

Ցավոք սրտի, մերօրյա հայկական ամանորը աչքի չի ընկնում գեղեցիկ ավանդույթներով և նմանվում է սովորական հայկական չափազանց ճոխ խրախճանքի:


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9013 | 3 | 0
Facebook