Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերադարձ հայրենիք

15:12, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2013 թ.
    
Միգրացիոն վերահսկողությունը եղել և մնում է Հայաստանի նորանկախ Հանրապետության գերակա խնդիրներից մեկը։ Աշխարհում ներկայումս 200 միլիոնից ավելի միգրանտ կա, և ընթացիկ միգրացիոն գործընթացների պայմաններում այդ թիվն արագորեն աճում է։ Սա նշանակում է, որ աշխարհի բնակչության 3 տոկոսը միգրանտներ են։
Միգրացիայի հիմնական պատճառը աշխատանքի փնտրտուքն է, միգրանտների մեծ մասը դիմում է ամեն քայլի` հայցող երկրում փախստականի կարգավիճակ ստանալու համար: Հայաստանից մեծ է նաև ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնողների թիվը:
«Միգրացիա և Զարգացում» ծրագրի շրջանակում վերջերս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվել էր հանդիպում քննարկում, որի նպատակը ապագա լրագրողներին միգրացիային առնչվող հիմնախնդիրների լուսաբանման առանձնահատկությունները ներկայացնելն էր:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում մարզերի ու համայնքների մշտական բնակչության թիվը 2013թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 3մլն 17 հազա ր է, 2012թ.-ի հոկտեմբերի 1-ի 3մլն 282 հազարի համեմատ: «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության հանրային կապերի օգնական Տաթևիկ Թովմասյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը օժանդակում է Եվրոպայից հետ վերադարձող մեր հայրենակիցներին` հայաստանում վերաինտեգրվելու նպատակով: Օժանդակությունը ներառում է առաջնային օգտագործման իրերի գնում, մասնագիտական վերապատրաստումների ուղղորդում, փոքր բիզնես սկսելու համար անտոկոս փոխառության տրամադրում: Օժանդակություն ստանում են կարիքավոր նոր վերադարձած ընտանիքները, ովքեր վերադարձել են կամավոր կամ արտաքսվել են: Ծրագրի բիզնես խորհրդատուները օգնում են նոր վերադարձողներին կազմել բիզնես ծրագիր և ծրագիրը հավանության արժանանալու դեպքում տրամադրվում է համապատասխան գումար մինչև երկու միլիոն դրամ` բիզնես սկսելու համար: Գումարը վերադարձվում է կազմակերպությանը ծրագիրը ընթացքի մեջ գցելուց և եկամուտ ստանալուց հետո»:
Ծրագիրն իրականացնում է Լիխտենշտեյնի կառավարության և «Ավստրիայի Կարիտասի» օժանդակությամբ:
Գնալով միգրացիայի թեմայի հետքերով` զրուցեցինք Արմավիրի մարզի բնակիչ 1987 թ ծնված Ա. Ս.-ի հետ, ով 2010թ. մեկնելով Ավստրիա` ժամանակավոր բնակվել է տեղի ճամբարում:
Երեք տարի անց նա ինքնակամ վերադառնում է Հայաստան` Ավստրիայում իր գտնվելու թույլտվությունը անվավեր ճանաչվելուց հետո:
«Մեզ սնունդ ու հագուստ էին տալիս, ուղարկում բուժզննության: Ավստրիան օրենքի երկիր է, իսկ այն խախտողը արժանանում է վատ վերաբերմունքի: Ես ինքս օրենքի մարդ եմ: Շատ կարևոր եմ համարում լեզվի իմացությունը, քանի որ առանց դրա չես կարող անել ոչինչ: 3 տարի հետո «Կարիտաս Ավստրիայի» միջոցով ինքնակամ վերադարձա հայրենիք», -նշեց Ա. Ս. –ն:
Այժմ նա աշխատում է, սովորում հայաստանյան բուհ-երից մեկում, մասնագիտությամբ լեզվաբան է: Նա նաև նշեց, որ հիմա գիտի, թե ինչ է ուզում և իր ապագան տեսնում է Հայաստանում:
Միգրացիայի հետևանքով խարխլվում են ընտանիքներ, երեխաները՝ հայտնվում հոգեբանական ծանր վիճակում: Նման ընտանիքներից է Աննա Խաչատրյանինը: Ամուսնու և երկու երեխաների հետ 2009թ մեկնելով Ֆրանսիա՝ ապաստանում է Ղուա քաղաքում, ապա տեղափոխվում՝ Էղո քաղաք: Այնտեղ ապրել է երեք տարի: Սակայն Աննայի ամուսինը Ֆրանսիայում ամուսնանում է տեղացի կնոջ հետ, ձեռք բերում Ֆրանսիայի քաղաքացիություն և լքում ընտանիքը:
Հուսահատ կինը աշխատանք և գրանցում չունենալու պատճառով ինքնակամ վերադառնում է Հայաստան:
Երեք անչափաս երեխաների հոգսն իր վրա առած մայրը հույս է հայտնում, որ գոնե սեփական տանիք կունենա:
Բնակարանի վարձը, կոմունալ ծախսերը վճարել չկարողանալու պատճառով Աննա Խաչատրյանը բնակվում է հայրական տանը: «Սակայն այնտեղ էլ երկար մնալ չեմ կարող: Ինձ պայմաններ են պետք երեխաներիս պահելու, մեծացնելու համար. մերօրյա պայմաններում դա շատ դժվար է», -ասում է նա:
«Հայկական Կարիտաս» կազմակերպությունը ուսումնասիրել է ընտանիքի կարիքները և կազմակերպության պատասխանատուները փորձում են լուծել բնակարանի վարձակալության խնդիրը և հոգալ առաջնային կարիքները:


     Գոհար Սարգսյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11365 | 0 | 0
Facebook