Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանում այսօր ներկայություններ են պետք

15:35, երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2013 թ.

Սաթենիկ Ազատյան


    

Մեր զրուցակիցն է Ֆլորենցիայում ապրող հայազգի քանդակագործ` Վիգեն Ավետիսը, որը մեզանում հայտնի է նաև իր հստակ քաղաքացիական դիրքորոշումով և սուր խոսքով: Բայց այս անգամ փորձեցինք այլ կողմից ներկայացնել ճանաչված արվեստագետին. խոսքը ծավալվեց կյանքի, կնոջ և ընդհանրապես գեղեցիկի մասին:

-Մարդիկ լույսը, պայծառությունը միշտ դրսում են փնտրում, բայց ոչ երբեք իրենց ներսում, իրենց ներսը քիչ են նայում: Ինչու՞:

-Ներս և դուրս. դա հարմոնիայի փոխհարաբերությունն է: Երբ ներսդ ավելի լուսավոր է, քան դուրսը, դա բնական է, բայց հակառակը` արդեն դեգրատացիա է: Ներսիդ լույսը միշտ ավելի շատ պետք է լինի, աշխատելով ներսիդ լույսի համար, ուղիղ օգնություն ես բերում հենց դրսին: Վախենալ սեփական լույսից, դա միգուցե ժամանակավորապես օգնում է հարցերի լուծմանը, բայց շատ կարճ ժամանակահատվածում հայտնվում ես փակուղում: Ներսի խավարում ապրելը շատ ավելի գայթակղիչ է ու հետաքրքիր, այնտեղ ոչ մեկի առջև պատասխանատու չես, քանի որ թաքնված ես, իսկ թաքնված մարդը կարող է անել ամեն ինչ, տրվել մարմնական ցանկություններին, հաճույքներին: Այո, հետաքրքիր աշխարհ է, ու հենց այդ հետաքրքրությունն է խաբկանքը…Երբ, որ բացում ես ներսիդ լույսերը, ամեն ինչ ավելի դժվարանում է, որովհետև պետք է ավելի խիստ լինես ինքդ քո հանդեբ, ավելի պահանջկոտ, այնտեղ այլևս գաղտնիք չկա, կա միայն ճշմարտություն: Ճշմարտության հետ ապրելը սկզբի համար, իհարկե, դժվար է ու բարդ: Լույսը` ամեն օրվա աշխատանք է, ընթացք, իսկ խավարը հենց ճահիճն է, որտեղ ոչինչ չի փոխվում, հակառակը` օր-օրի ամեն ինչ գորշանում է:

-Ե՞րբ է, որ կյանքը զարմանալի է թվում, և ե՞րբ, որ մարդն իրեն խաբված է զգում:

-Վերադառնում ենք առաջին հարցին, երբ ձգտում ես հեշտ կյանքի. վայելելով հեշտ կյանքը վաղ, թե ուշ հասկանում ես, որ խաբված ես և այնքան, որ արդեն հետադարձի ճանապարհ չկա: Հեշտ ու հաճելի կյանքը խաբկանք է, որը լույսիդ ճանապարհը կանգնեցնում է: Իսկ, երբ մերժում ես այդ հաճելի խաբկանքները, և ընտրում ես լույսի ճանապարհը երբեք խաբված չես զգա. գուցե կունենաս դժվար ու տանջալից ճանապարհ, բայց ո՛չ, երբեք խաբվածության զգացում: Իսկ կյանքը զարմանալի է թվում հենց որ լույսը բացվում է, (ժպտում է) վաղ առավոտյան այն պահը, երբ տեսնում ես, թե ինչպես խավարից ինչ որ երևույթներ են ծնվում: Եթե ուշադիր լինեք, դա ամենազարմանալի պահն է մարդու կյանքում, երբ սկսում են գույնները զանազանվել…դա մի անբացատրելի զգացողություն է… եթե ուզենք, ամեն օր զարմանալու բան կգտնենք:

-Թե չլիներ կինն ու գինին… Ի՞նչ տեղ ունեն նրանք ձեր կյանքում:

-Քանի, որ մենք մոտավորապես 70-80 տարի գտնվում ենք այս նյութական կյանքում, կինն ու գինին այդ նյութական կյանքի` հրաշքներն են, նվերները: Այսինքն գեղեցիկը. գեղեցիկի հետ շփվելը, զգալը, երկրագնդի վրա այս կյանքի իմաստն է կարծում եմ: Գինովցած հոգով ապրելը կարծում եմ այն փոքրիկ վայելքն է, որ կարող ես ունենալ նյութական աշխարհում: Կնոջ գեղեցկությունը ուղիղ համամատական է հրեշտակայինի հետ, տղամարդը տեսնելով գեղեցիկ կին, մտավոր շփվում է հրեշտակների հետ…դա անբացատրելի երևույթ է, ոչ ոք չի կարող ասել, թե կինը ինչու է այդքան գեղեցիկ:

-Շատերը կնոջը հրեշտակի հակառակի հետ են համեմատում:

- Ես նկատի ունեմ կնոջ հրեշտակային գեղեցկությունը, դա ավելին է, քան բնությունն կարող էր ստեղծել այդ կատարելիությունը: Գիտեք, գեղեցկությունը անբացատրելի ներկայություն է երկրագնդի վրա: Եթե նկատել եք ամեն ինչը կատարվում է գեղեցիկի միջոցով, իսկ կինը ամենա գեղեցիկ ստեղծագործությունն է:

-Ասում են գեղեցիկն է փրկում աշխարհը. ի վերջո ի՞նչ է գեղեցիկը: Ունե՞ք գեղեցիկի ձեր սահմանը:

-Գեղեցիկը այն պարտադիր, և ոչ պատահական ներկայությունն է, առանց որի կյանք չկա: Կյանքը հենց գեղեցիկն է, նրա բացակայությունը արդեն քաոսն է:

-Համամի՞տ եք այն կարծիքին, որ արվեստագետը բարոյախոս չէ, և չի ձգտում որևէ բան ապացուցել:

-Ոչ, համամիտ չեմ, որովհետև արվեստագետն փորձում է ամեն օր ինքն իրեն ապացուցել:

-Երկար տարիներ ապրում և աշխատում եք Իտալիայում, հիմա որոշել եք վերադառնալ և բնակություն հաստատել հայրենիքում: Հոգնե՞լ եք օտարությունից:

- Դե ինչպես միշտ իմ անձնական որոշումները միայն ես չեմ կայացնում, դա պահանջ է, և ես զգում եմ այդ պհանջը, թե որտեղ առավելագույնս օգտակար կլինեմ իմ ներկայությամբ: Ես այսօր զգում եմ, որ իմ ներկայությամբ առավել օգտակար կարող եմ լինել Հայաստանում. դա սրտով եմ զգում: Շատերն ասում են դեռ ժամանակը չի, Հայաստանը էսպես է, էնպես է…Գիտեք բժիշկը հիվանդի համար է, առողջին բժիշկ պետք չէ, իսկ ես կարծում եմ, որ արվեստագետն էլ բժիշկ է: Ու րեմն ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ անելիքներ կան, և՛ հոգևոր, և՛ ֆիզիկապես: Կարող ես ոչինչ չանել, չխոսել, ցուցահանդեսներ չանել, բայց քո ներկայությունը ստեղծի իր մթնոլորտը, որը շատ կարևոր է քաղաքի համար, շենքերի, փողոցների և, իհարկե, մարդկանց համար: Եկել է այն պահը, որ ներկայությունները Հայաստանում պարտադիր են: Այն մտավորականները, արվեստագետները, որոնք, ոչ թե ուղղակի հեռվից հեռու սրտացավ են ասելով (մեր երկիրը), այլ այդ մարդիկ պետք է պատասխանատվություն զգան, որ այսօր իրենց կարիքը չափազանց մեծ է այստեղ գտնվելու: Գոնե հինգ-վեց տարի հեռանան իրենց տաքուկ ապարանքներից և գան օգնեն մեր երկիրը կայացնելու գործում: Չթողնենք շարմազանովներին, որ կարծիքներ հայտնեն, որովհետև նա և իր նմանները իրավունք չունեն կարծիքներ հայտնելու, ինչքան էլ իրենց քաղաքական գործիչներ համարեն. նրանք պետք է լուռ անեն իրենց աշխատանքը և չարտահայտվեն: Արտահայտվելու իրավունք ունեն միայն ժողովրդի կողմից ընտրվածները, այլ ոչ թե նշանակովի օգնականները կամ ազգային ժողովի մականունավորները: Ես սրտի մեծ ցավով եմ ասում, որ այսօր մեր ժողովրդի ականջներին հնչում են` անուններ, ազգանուններ, մտքեր, որոնք որ ընդհանրապես պետք է ստվերում լինեին…երիտասարդները դրանց մասին չպետք է իմանային: Դրանք այն վատ «սերիալներն» են, որ ժողովուրդը չպետք է նայի, պիտի անտեսի: Այս առումով որպեսզի իսկական հեղինակությունները օրինակ ծառայեն մեր ապագա սերնդին, դրա համար պետք է կազմակերպել, կազմակերպվել և վերադառնալ Հայաստան և ցույց տալ ամեն մեկին իր տեղը:

-Իսկ ի՞նչպես եք պատկերացնում ձեր հետագա անելիքները:

-Աստված ցույց կտա, ես վստահում եմ իմ ճակատագրին: Ես չգիտեմ ինչ կլինի, լավ թե վատ, դա արդեն ապագան կորոշի:

-Անկեղծ ասած, ես էլ եմ հավատում ձեր ճակատագրին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7974 | 0 | 0
Facebook